Նոյեմբերի 18, 2017

Գինու փառատոն Տող գյուղում

Գինու փառատոն Տող գյուղում

Զոհրաբ Ըռքոյան

Սեպտեմբերի 16-ին Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի Դիզակի մելիքական ապարանքի տարածքում կայացավ արցախյան գինու 4-րդ՝ արդեն ավանդական դարձած փառատոնը, որը նախաձեռնել և իրականացրել էր ԱՀ      էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը: Փառատոնին մասնակցեցին ՀՀ-ում և ԱՀ-ում գործող գինի և ալկահոլային այլ խմիչքներ արտադրող տարբեր ձեռնարկություններ, անհատ ձեռներեցներ: Ցուցադրվեց նաև հայկական գինեգործության հնագույն ծիսակատարություն, կայացավ արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք: «Տողի Մելիքական ապարանք» պետական պատմամշակութային արգելոցում գործում էին նաև առանձին գինեգործական տաղավարներ, գինու սրճարաններ՝ երաժշտական փոքր ներկայացումներով: Փառատոնին ներկա էին ԱՀ վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ԱՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, գինեգործներ ԱՀ-ից և ՀՀ-ից, հյուրեր, օտերերկրյա զբոսաշրջիկներ:

  • Qashatax5
  • Qashatax4
  • Qashatax3
  • Qashatax2
  • Qashatax-1
  • Qashatax

 Բացման հանդիսությունը ազդարարվեց Հադրութ քաղաքի եկեղեցու քահանա Տեր Մատթեոս Դրավունցի ձեռամբ կատարված խաղողօրհնեքի արարողությամբ: Փառատոնի համար նախատեսած տաշտում կայացավ մեր հանրապետության տարբեր շրջաններից բերված խաղողի ճզմումի ծիսակատարություն: Այնուհետև շշալցվեց  նախորդ տարվա ճզմումից ստացված գինին: ԱՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը տեղեկացրել է, որ արցախյան գինու փառատոնն ամենամյա տոնախմբություն է, և այն նպատակ ունի զարգացնելու համայնքների սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքը: «Այս փառատոնը համարում եմ բացառիկ, ավելի քան 20 գինոգործական ընկերություններ են մասնակցում, որոնցում մեծ թիվ են կազմում ՀՀ-ից ժամանածները. ունենք 30 տաղավարներ: Փառատոնը նպատակ է դարձյալ հանրահռչակել Տողի մելիքական ապարանքը՝ որպես Արցախում պետական իշխանության շարունակականության խորհրդանիշ. այն ապահովում է նաև զբոսաշրջության հարավային երթուղու զարգացումը։ Բացի այդ, նպատակ ունենք Արցախում խթանել գինեգործության զարգացումը»,-ասել է Ս. Շահվերդյանը: ԱՀ վարչապետի պաշտոնակատար Ա. Հարությունյանը փառատոնի բացման հանդիսավոր արարողության բացումից հետո շրջեց տաղավարներով, ծանոթացավ ներկայացված ապրանքատեսականիներին, հետաքրքրվեց արտադրանքի իրացման, այս տարվա խաղողի բերքի ընդունման հարցերով: «Գինեգործությունն Արցախի ավանդական զարգացած ճյուղերից է եղել, և դեռևս խորհրդային տարիներին արցախյան գինին մեծ համբավ է ունեցել ամբողջ ԽՍՀՄ տարածքում: Ուրախալի է, որ անկախությունից հետո կրկին զարգանում է այդ ճյուղը, և հաշվի առնելով արտահանման աշխարհագրությունը՝ կարող ենք վստահորեն ասել, որ արցախյան գինին իր պահանջված տեղն է գտնում միջազգային շուկաներում»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ կառավարության կողմից շարունակվելու է ոլորտի զարգացմանն ուղղված հատուկ քաղաքականությունը: Փառատոնին ներկա էին Բելգիայից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվիայից, Մեծ Բրիտանիայից և Լեհաստանից պատվիրակներ, որոնք ներկայացնում են գինու վաճառքով զբաղվող տարբեր ընկերություններ: Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջազգային բաժնի պետ Լիանա Աբելյանն ասել է, որ օտարերկրյա պատվիրակներն Արցախ են ժամանել՝ տեղի կազմակերպությունների հետ համագործակցություն հաստատելու և արցախյան արտադրանքը արտահանելու համար:

Փառատոնին ամեն տարի մասնակցում է նաև Քաշաթաղի շրջանը՝ ներկայացնելով շրջանի տարածքում արտադրվող գինի, մրգեղեն, բանջարեղեն: Այս տարի նույնպես Բերձորի արվեստի դպրոցը ներկայացրեց սաների ստեղծած նկարները, ձեռքի աշխատանքներ՝ ուսուցիչ՝ Տաթև Բաբայանի ղեկավարությամբ: Ազգագրական ու ռազմահայրենասիրական երգ ու պարով հանդես եկան դպրոցի պարի խմբակի Կովսականի մասնաճյուղի «Թաթուլ» համույթի սաները /պարուսույց Կարեն Մարտիրոսյան/: Ներկաներին իրենց պարով ոգևորեցին նաև նույն դպրոցի՝ Իշխանաձորում վերջերս բացված պարի խմբակի սաները՝ Բերձորի «Բերձոր» ժողգործիքների երաժիշտների նվագակցությամբ: Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը տեղեկացրեց, որ ցուցադրվելու են մի քանի տասնյակ նկարներ, այլ աշխատանքներ: Իրենց արտադրած գինու հետ խորովածի և այլ ուտեստների հյուրասիրություն էին կազմակերպել Քաշաթաղի շրջանի Որոտանի քաղաքային և Իշխանաձորի, Տիգրանավանի, Վանի գյուղական համայնքների ղեկավարները՝ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի գլխավորությամբ: Ուռեկանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Հակոբյանը ներկայացրել էր ընտանեկան գինին, չրեղեն, պանիր, միրգ և հյուրասիրում էր ներկաներին: Ընթացքում շրջեցինք տարածքում, զրուցեցինք իրենց արտադրանքը ներկայացրած անհատ ձեռներեցների հետ: «ԱրմԱս» գործարանի վաճառքի մենեջեր Տաթև Սահակյանը տեղեկացրեց, որ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում գործող իրենց գինեգործական ընկերությունը բացվել է 2007 թվականին: Ունեն 180հա տարածք, որտեղ 113հա-ի վրա խաղող են աճեցնում: Այժմ արտադրում են միայն խաղողի գինի, որն արտահանվում է ԱՄՆ, Բելգիա, Ճապոնիա և այլ երկրներ: Ստեփանակերտում գործող Դավիթ Ասծատրյան Ա/Ձ-ն գործում է 2011 թվականից: Ձեռնարկատեր Դ. Ասծատրյանտ տեղեկացրեց, որ միայն գինի են արտադրում՝ «Խինդողնի» տեսակի, կարմիր-անապակ: Իրացնում են ՀՀ-ում և Արցախում: Տողի արվեստի դպրոցում /տնօրեն Սուսաննա Բալայան/ գործում են երաժշտական, կիրառական արվեստի մի քանի խմբակներ: Փառատոնին ներկայացրել էին աշակերտների նկարները, ձեռագործ աշխատանքները, նաև գորգեր: Համերգային մասով հանդես եկան Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» համույթը, «Շուշվա բանդ» ռոք խումբը: Վերադարձին Բերձորի պատվիրակությունը եղավ 2000-ամյա Սոսենու մոտ: Փառատոնից վերադարձած տարբեր խմբեր էին այստեղ: «Բերձոր» համույթի երաժիշտների նվագը միավորեց ներկաներին: Շվեդիայից եկած սարկավագ Գրիգոր Տեգիրմենջյանը հայտնեց շնորհակալություն երաժիշտներին, որ իրենց կատարումով բարի ու գեղեցիկ պահեր նվիրեցին իրեն ու իր հետ եկած սփյուռքահայերին:

About The Author

Related posts

Leave a Reply