Դարերի խորքից եկած սրբատուն․ Մաքենավանք

Spread the love

              Մաքենիս գյուղը գտնվում է Սևանա լճի հարավային կողմում՝ Վարդենիսի լեռնաշղթայի ստորոտում՝ ծովի մակերևույթից 2200մ բարձրության վրա։ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Սոթք գավառի պատմական այս գյուղի մասին առաջին անգամ հիշատակվում է  «Աղուանից աշխարհի պատմութիւն» գրքում, որի առաջին շարադրողը 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացին է՝ ներկայցնելով այդ ժամանակին հայտնի հոգևորական ու գիտնական Սողոմոն Մաքենացուն: 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Տաթևի վանքի հարկատու բնակավայրերի ցանկում՝ 15 միավոր հարկաչափով է տեղեկացնում Մաքենիսի մասին։ Պատմիչի օրոք Սոթք գավառն ունեցել է 75 բնակավայր, և ըստ հին սահմանվածի՝ միայն 8 գյուղ, այդ թվում նաև Մաքենոցը, որ 15 միավոր հարկաչափ է վճարել եկեղեցուն, մնացածը վճարել են ավելի քիչ, բացառությամբ՝ Սոթքի՝ 20, և Արմնալի՝ 17 միավոր։ Առահասարակ՝ նահանգի 14 գավառներն ընդհանուր ուեցել են մոտ 700 բնակավայր, և 15 ու ավելի միավոր վճարել են ընդամենը 48-ը, մնացածը՝ ավելի քիչ։ Սա խոսում է այն մասին, որ Մաքենոցը գոյություն է ունեցել վաղ ժամանակներից, իսկ 13-րդ դարում եղել է ողջ նահանգի շեն ու հարուստ գյուղերից մեկը։ Հետաքրքիր է՝ Ստ․ Օրբելյանը Մաքենիսը նշում է և՛ Սոթք, և՛ Գեղարքունիք գավառների կազմում։ Այժմ արդեն սահմանամերձ Մաքենոց-Մաքենիս գյուղը ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի կազմում է՝ Վարդենիսից 7կմ հարավ-արևմուտք, իսկ մարզկենտրոն Գավառից՝ 67 կմ հարավ-արևելք։ Մաքենոցը միջնադարում առավել հայտնի է եղել իր սրբավայրով-ուխտով՝ Մաքենյաց վանքով, որը կանգուն է ցայսօր։ Մատենագրական աղբյուրներում և վիմական արձանագրություններում Մաքենոց, Մաքենեաց, Մաքենացոց, Մաքեստանից և այլ ձևերով հիշատակված Մաքենավանքը կանգուն է Կարճաղբյուր գետի՝ Վարդենիսի լեռնաշղթայից սկիզբ առնող  Երփնաձոր վտակի աջ ափին՝ ժայռակերտ ձորակի պռնկին։ 7-րդ դարի վերջերին և 8-րդի առաջին կեսերին հայ հոգևոր մշակույթի նշանավոր գործիչներից է եղել Սողոմոն Մաքենացին, ով հիմնադրել է Մաքենյաց դպրոցը և դասավանդել է այնտեղ։ Նրա շնորհիվ թարգմանվել են եկեղեցական տոնակատարությունների մեծ մասը։ Նշանավոր այս հոգևորականը, ըստ Մովսես Կաղանկատվացու, «Այդ ժամանակ Աղվանքի կաթողիկոս Միքայելն իրեն ենթակա եկեղեցու ուխտով ժողով է անում և իր մոտ է կանչում հռչակավոր Սողոմոնին, որ Մաքենացիների Սուրբ ուխտի առաջնորդն էր, իսկ այդ ուխտն իր ժամանակին Հայաստանի պարծանքն էր…»։ Նույն առիթով Ստեփանոս Օրբելյանը գրում է. «…մեզ իսկությունը ցույց է տալիս Սողոմոնը՝ Մաքենոցաց Սուրբ միաբանության հայրերի հայրն ու առաջնորդը…» (էջ՝ 127): Սա արդեն վկայում է, որ Մաքենյաց վանքի տեղում վաղ միջնադարում արդեն սրբավայր ու կարևոր հոգևոր դպրոց է գոյություն ունեցել, որտեղ էլ իր գործունեությամբ հայտնի է եղել Սողոմոն Մաքենցին։ Արաբական արշավանքների ժամանակ ավերվել է նաև Մաքենոցաց ուխտը: Այս մասին Ս. Օրբելհանը գրում է. «․․․իսկ հաջորդ տարում (728թ.՝ Զ․ Ը․):  Բաբանը գնաց Գեղարքունիքի գավառը և սրածեց բնակչությանը՝ մոտ տասնհինգ հազար հոգու: Մաքենոցաց շատ ծաղկուն մենաստանի՝ հռչակավոր վանքի ամբողջ հարստությունն ավարեց, բոլոր շինություններն այրեց ու քանդեց: Բայց կրոնավորները, նախապես տեղեկանալով [վտանգի մասին], երկու մասի բաժանվեցին, որոնց մի մասը Սողոմոն վանահոր հետ, ոչ հայրերի հայր կոչված առաջին Սողոմոնի, այլ նրա աշակերտի հետ գնաց Շիրակ գավառը, Ջրեսկ սուրբ վանքը… Իսկ մյուս մասը… գնաց Աղվանք, բնակվեց Միհրներսեսի, այսինքն՝ Ջրվշտիկ վանքում: Իսկ Մաքենոցաց վանքի տեղն ավերակ մնաց… Հետո Սուփան կոչված Գրիգորի Սյունիքի տիրոջ օրոք վերստին նորոգվեց, շինվեց մեծ եկեղեցին, [վանքն] առավելապես փայլեց…» (էջ՝ 166): Մինչ Գրիգոր Սուփանի կողմից Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը, արաբների կողմից ավերված վանքը 788 թվականին վերականգնել է Սողոմոն Գառնեցին, ով Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրվել ծեր տարիքում՝ 791թ., և վախճանվել է մեկ տարի անց՝ 792-ին։ Այս մասին իր գրքում հիշատակում է նաև Կիրակոս Գանձակեցին․ «․․․Սրանից հետո մի տարի կաթողիկոս եղավ Տեր Սողոմոնը, որ Մաքենացիների վանքից էր և խիստ ծերացած» («Հայոց պատմություն»․ Երևան․ «Սովետական գրող» հրատարակչություն, 1982թ․, էջ՝ 65) Սողոմոն Ա Գառնեցին ժամանակին ուսանել է Մաքենյաց վանքում՝ Սողոմոն Մաքենացու մոտ։ 855 թվականին Մաքենյաց վանքում է թաղվել Հովհաննես Դ Ովայեցի կաթողիկոսը, ով վախճանվել էր Գեղարքունիքում հովվական այցելության ժամանակ։ Սյունիքի մեծ սեպուհ-իշխան Վասակ Գաբուռի և Հայոց թագավոր Աշոտ Ա Բագրատունու աղջկա՝ Մարիամի ավագ որդի Գրիգորը, ում փաղաքշաբար կոչել են Սուփան, երիտասարդ հասակում վախճանված հորը փոխարինելով, «Իր ողջ հարստությունն ու կյանքը գլխավորապես ծախսեց աստվածապաշտական գործի և պայծառակերտ տաճարների շինարարության համար, որ դեռ գոյություն ունեն ու վկայում են այդ իրողության մասին»,- գրում է Ս․ Օրբելյանը (էջ՝ 175):  9-րդ դարի վերջին Սուփանը Մաքենյաց վանքի միանավ բազիլիկ եկեղեցուն հյուսիս-արևելքից կից սրբատաշ տուֆով կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, վանքը շրջապատել բարձր պարիսպով։ Մաքենյաց վանքին նվիրել է այգիներ՝ Գառնիում, Երևանում, Եղեգիսում, 5 կրպակ՝ Անիում, նախիրներ և այլն։ Այս մասին հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը (էջ՝ 179)։ Մաքենավանքում կառուցելով Սուրբ Աստվածածին եռախորան կենտրոնագմբեթ եկեղեցին՝ Գրիգոր Սուփանը եկեղեցու արևելյան պատին թողել է արձանագրություն, որը, ըստ պատմիչի, ունի հետևյալ տեքստը․ «Աստծու կամքով ես՝ Սուփան Սյունյաց իշխանս, շինեցի Մաքենոցաց այս եկեղեցին և անխնայաբար զարդարեցի պատվական սպասքներով ու աստվածային Կտակարաններով։ Մեր սեփական տեղն էլ որ եկեղեցուս անունով Աստվածածին է կոչվում, սրան տվեցի իր բոլոր սահմաններով, լեռնով ու դաշտով։ Տվեցի ձկների որս՝ Բողաշեն սեղանից, Չ (յոթ հարյուր) դրամ Կաթիկից, ՅԾ (երեք հարյուր հիսուն)՝ Անմեռից, որ լինում է ՌՄԾ (հազար երկու հարյուր հիսուն) դրամ։ Տվեցի Ե (հինգ) կրպակ Անիում, Ե (հինգ) այգի Երևանում, Շ (հինգ հարյուր) առու այգի Գառնի գյուղաքաղաքում, Բ (երկու) այգի Եղեգիսում։ Եվ Սուրբ միաբանության բոլոր կարիքները բավարարեցի առատապես, փարթամացրի ներքուստ և արտաքուստ։ Տվեցի եզների ու արջառների խմբեր, նախիրներ ու ոչխարների հոտեր։ Եվ արդ խնդրում ենք բոլոր սպասավորներիդ աստվածացած այդ Սուրբ ուխտի, որին Աստված է միջնորդ, մեղավոր հոգուս համար Բ (երկու) քառասունք տերունի պատարագ և անխափան երգել երեկոյան սաղմոսը՝ նեղության կանոնը, և առավոտյան սաղմոսը, որ սահմանել եմ բոլոր եկեղեցիներում։ Հայոց կաթողիկոս Տեր-Հովհաննեսը թող իրավունք չվերապահի այս տան նկատմամբ դատ կամ վիճաբանություն բանալ, ոչ էլ իմ որդիներից կամ վանականներից որևէ մեկի նկատմամբ, այլ ով նվիրատվությանս հակառակվի կամ ձգտի հափշտակել՝ կեղծ անվանակոչությամբ, թող չարաչար նզովվի Աստծու և Սուրբ Գրիգորի բոլոր աթոռակալների կողմից և մատնիչ Հուդայի հետ բաժին ունենա։ Դարձյալ ձեզ հետ եմ խոսում, այս վանքի առաջնորդներ ու կրոնավորներ, հաստատուն կացեք մինչև Քրիստոսի գալուստը։ Եվ ինձ համար քարոզելն ու սաղմոսելն անխափան թող լինի։ Իսկ եթե որևէ մեկը ծուլանա տարեցտարի քառասնօրյա մեղսաքավիչ Սուրբ խորհուրդը կադալուց՝ այս կյանքից իմ հեռանալուց հետո, Քրիստոսից բաժանված լինի, կախարդ Սիմոնի հետ բաժին ընդունի և սուրբ ժողովներից նզովված լինի։ Շինեցի նաև եկեղեցին Կոթ գյուղաքաղաքում, այնտեղ էլ՝ Ը (ութ) սենյակ նվիրաբերելով Տիրոջ տանը, որը շինեցինք։ Եվ Աստվածածնի քահանաներին ազատեցինք արքունի ամեն հարկից, նրանց հետ էլ՝ եկեղեցու ուրիշ սպասավորների, որոնք քահանայական դասից են»։ Պատմիչը նշում է նաև․ «․․․Սակայն հնացած և քարերը կախված լինելու պատճառով չկարողացանք ամբողջն իմանալ․ իշխանների գործերի ու նվիրատվությունների մասին շատ բան է պակասում։ Այս ամենը կատարվեց Յ (երեք հարյուր) թվականից մինչև ԺԾ (երեք հարյուր հիսունը) (300+ 551=851-350+551=901 թթ)․»։ Գեղարքունի գավառում դարձյալ հայտնի Կոթավանքը գտնվում է Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղում։ Սեդրակ Բարխուդարյանը, ով «Դիվան հայ վիմագրության» աշխատության, բացառությամբ առաջինի, մնացած պրակների կազմողն է, տեղեկացնում է՝ այս արձանագրությունը հետագայում խախտվել է, և եկեղեցու հետագա հիմնանորոգումների ընթացքում արձանագիր որոշ քարեր տեղափոխվել են նաև արևմտյան պատի մեջ («Դիվան հայ վիմագրության», պրակ 4, էջ՝ 291. Երևան, 1973թ.): Գիտնականը տեղեկացնում է նաև՝ «Հուշարձանների այս խմբից (Մաքենյաց վանքից՝ Զ. Ը.) մեր ժողովածուն ունի 13 արձանագրություն՝ որոնցից 5-ն է նախկինում հրատարակվել»։ Ներկայացնելով Դվինի ավագ քահանայի որդուն՝ Ստեփանոսին՝ Օրբելյանը գրում է. «Ստեփանոսը սյունն էր երկնքի և խարիսխը հավատքի… դաստիարակվում և ուսմամբ զարգանում էր հայոց կաթողիկոսարանում: Լրիվ հասունանալուց հետո այդ ջահը չէր կամենում թաքնվել մարմնավոր ծածկոցի տակ, այլ հրաժարվելով բազմամարդ քաղաքից՝ գնում է մեծահամբավ և հիասքանչ հանդիսարանը՝ հրեշտակերամ Սուրբ կրոնատունը՝ Մաքենոցաց աստվածաբնակ առաքինարանը, աստվածակիր և սերովբեատիպ հայրերի հայր Սողոմոնի մոտ, որը մեծ ուխտի կառավարիչն էր և այդ ժամանակ փայլում էր մեծ ճգնություններով ու սաստիկ խստակեցությամբ: Այնտեղ Ստեփանոսը կազմեց տերունական տոների լուսաբանիչը և նահատակների հիշատակարանը՝ «Տոնական»-ը, Հայոց ՃԾ (հարյուր հիսուն) թվականին(150+551=702թ.)»: «Այս աշխարհում եղած վանքերը, եկեղեցական միաբանությունները և նրանց քանակը» (ԿՊ) գլխում-էջ՝ 181-182, Ս․ Օրբելյանը գրում է․ «Իսկ Գեղամում Մաքենյաց մեծ մենաստան Վանաց վանքը և մյուս Վանեվանը, Շողվագա վանքը…»։ Այսինքն՝ 13-րդ դարում էլ Մաքենյացը եղել է Գեղարքունիք գավառի առաջին հոգևոր կենտրոնը՝ անկախ Սյունյաց մետրոպոլիտությունից։ Սակայն 1513 թվականին ընդունել է Տաթևի վանքի գերակայությունը։

Վերջերս այցելեցի Մաքենիսի վանական համալիր, որտեղ կանգուն են Սուրբ Աստվածածին եկեղեցին, գավիթը, երկու թաղածածկ եկեղեցիները, մեկ միանավ եկեղեցին` առանց տանիքի։ Վանքի գլխավոր եկեղեցու մուտքն արևմտյան կողմից է: Ներկայիս մուտքի ձախ կողմում պատի մեջ մի մեծ խաչքար է ագուցված, որից ձախ կամարակապ խորան է՝ մոմ վառելու համար: Հնարավոր է՝ ժամանակին դա է եղել հիմնական մուտքը: Ներկայիս մուտքի աջ կողմում նույնպես մեծ խաչքար կա՝ ագուցված պատի մեջ: Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան պատի վերին հատվածում՝ փոքր պատուհանի շուրջ, կա արձանագրություն, որը Սեդրակ Բարխուդարյանը «Դիվան հայ վիմագրության» աշխատության 4-րդ պրակում ներկայացնում է հետևյալ տեքստով. «ՇՆՈՐՀՈՔՆ ԱԾ, ԵՍ ՄԷԼԻՔ ՄԵԼԻՔԲԵԿՍ, ՈՐԴԻ ՄԵԾԻ ՊԱՐՈՒՆ ԱԾԱՊՈՒԻՆ ԻՇԽՕՂ ՏԱՆՍ ԳԵՂԱՄՔ, ՎԵՐՍՏԻՆ ՆՈՐՈԳԵՑԱՔ ՍԲ. ԵԿԵՂԵՑԻՍ ԻՇԱՏԱԿ ԻՄ լԵՒյԶլԻյՄՈՅՆ. ԱՍԷլՆյ. ՅԻՇԵՑԷՔ ՆՒԱԶՆ ՎԵՐԱԿԱՑՈՒՆ» (էջ՝ 291): Իսկ հարավային կողմից արևմտյան վերին հատվածում՝ հետագայում հարմարեցված ավանդատան պատին, կա 11 տողանոց հետևյալ արձանագրությունը. «ԿԱՄԱԾՆ ԱԾ. ՈՐ ՍԻՒՆԵԱ8 ՍՈԻՓԱՆ ԻՇԽԱՆ ՇԻՆԵՑ ՄԱՔԷՆՈԻ8 ԵԿԵՂԵ8ԻՍ Ի :ԳՃ: (300)| ԹՎԻՆ: ՄԻՆՁԻ :ՌՃԺԵ: (1115+551=1666) ԹԻՎՆ ԵՍ ԱՌԱՋՆՈՐԴ ՍԲ. ՈԻԽՏԻՍ ՋՈԻՂԱԵ8Ի ԽԱՉԱՏՈՒՐ ՎԱՐԴԱՊԵՏՍ, ՈՐԴԻ ԳՈԼՈՎ ՅԱԿՈԲԱ, ՎԵՐՍՏԻՆ ՆՈՐՈԳԵՑԻ ԵԻ ՊԱՅԾԱՌԱՑՈԻՑԻ, Ի ԺԱՄԱՆԱԿՍ | ՍՐՐԱԶԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՈԻԹԵ. ՜ՏՆ. ՅԱԿՈԲԱ, ԵԻ ԱԻԱԲԱՆլՔ, ՍԲ. ՎԱՆԱՑՍ ԶՏՐ-| ՊԱՐՍ ԱՍՄՆ, ԶՏՐ.| ԳՐԻԳՈՐՆ ԵԻ ՍԱՐԿԱՎԱԳՈԻՆլՔլ ԶԳՐԻԴՈՐՆ, ՂԱԶԱՐՆ ԵԻ ՍՏԷՓԱՆՈՍՆ, ՏՆՏԵՍ ՍԱ|ՐՈԻԽԱՆ  ՅԻՇ|ԵՑԷՔ Ի ՔՍ.| ԱԾ. ԵԻ ՈՐՔ ՅԻյՇԱՏԱԿԷ ԶՄ|ԵԶ՝ ՑլԻյՇԱՏԱԿ ՆլՈյՑլԱյ| ԽԱՂԱՂՈԻԹԲ. ՊԱՀ|ԵՍՑԷ ԱՄԵՆլԵՑՈԻՆ, ՀԱ8Ր» (էջ՝ 292): Պարսպի ներսում է նաև միջնադարյան հանգստարանը՝ գեղաքանդակ մի քանի տասնյակ խաչքարերով ու տապանաքարերով։ Ձորը, որի ափին է վանքը, ժայռեղեն է, և ժայռերն ունեն քարանձավներ։ Զգացվում է՝ ժամանակին դրանք եղել են բնակելի, հնարավոր է՝ ճգնարաններ։ Ձորի մեջ նույնպես խաչքարեր կան: Այս ժայռերի վրա հասարակ խաչեր են քանդակված։ Նման պատկերներ շատ կային Քաշաթաղի շրջանում։ Եկեղեցու հյուսիսարևմտյան կողմում՝ ներսի կողմից, պարսպին հենված միջնադարյան մի քանի գեղաքանդակ խաչքարեր կան, որոնց մեջ են Վարդ Քահանայի կողմից իր ծնողների հիշատակին ԹՎ. ՋԿԴ (964+551=1515թ). քանդակված խաչքարը, որն ունի 16 տողանոց արձանագրություն՝ քարի բարձրությամբ մեկ. «ԿԱՄԱՒՆ ԱՅ ԵՍ ՎԱՐԴ ՔԱՀԱՆԱՅ ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽԱՉՍ ՓՐԿՈՒԹԻ ՀԱՒՐ ԻՄՈՅ ԻՆՈՔԻՆ ԵՒ ՄԱԻՐՆ ԻՄ ԿՈՒԼՋՀԱՆԻ, ԴԱՍՏԱՅԿՈՒԼԻՆ,  ՄԻԼԻԹՈՒԽՏԻՆ. ԹՎ. ՋԿԴ»: Այս խաչքարի հարևանությամբ է Հայոց ՋԿԴ (964+551=1515) թվին ոմն Պեհնամի կողմից իր մայր Շահմալամին նվիրված, 3 տողանոց «ԱՍՏՈՒԾՈՎ ԵՍ ՊԷՀՆԱՄՍ ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽԱՉՆ ՄԱՒՐՆ ԻՄ ՇԱՀԱԼԱՄԻՆ ԹՎ ՋԿԴ» արձանագրությամբ խաչքարը: Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից բազիլիկի հարավային և արևմտյան պատերի անկյունում կա մի տապանաքար, որն ունի 12 տողանոց հետևյալ արձանագրությունը․ «ԵՍ՝ ԱՎԵՏԻՍ ՎԱՐԴԱՊԵՏՍ ԱՌԱՋՆՈՐԴ ՍԲ ԱԾԱԾՆԻՍ ՀԱՆԳՈՒՑԻ ՏԱՊԱՆՍ ՀՕՐՆ ԻՄ ՊԱՐՈՒՆ ՆԻԱԶԻՆ ՈՐԴԻ ԻՍԱՅՊԵԿԻՆ, ԹՈՌՆ ՊԱՐՕՆ ՄԷԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐԻՆ-ԹՎ․ ՌՃԽԲ (1142+551=16932.)»: Վանքի տարածքում կան նաև կենցաղային պատկերներ կրող միջնադարյան մի քանի տապանաքարեր։ Սբ․ Աստվածածին կեղեցու մուտքի բարավորին ներքուստ ձի է քանդակված։ Նույն պատկերը կա նաև հարավային պատին։ Վանական համալիրի հիմնական մուտքն արևելյան կողմից է, սակայն մեկ այլ մուտք կա հյուսիսից: Պարիսպը ձորի կողմից ունի ոչ մեծ չափերով բացվածք՝ հնարավոր է՝ եղել է գաղտնի մուտք կամ դիտակետ: 18-րդ դարում Մեքենյաց վանքի թեմում եղել են Գեղարքունիքի 50 գյուղ և 5 անապատ։ Վանքում պահվել է Եդեսիայից 11-րդ դարում բերված «Մաքենյաց Սբ․ Նշան» Խաչը՝ Կենաց փայտի մասունքով («Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան»․ Երևան 2002թ․)։ Մաքենյաց վանքն այսօր էլ գործող հոգևոր վայր է։ Կարևոր է նաև որպես զբոսաշրջային տարածք։ Վանքի անվան ծագումը ավանդաբար կապված է մաքի բառի հետ: Ենթադրվում է, որ վանքը ունեցել է շատ մաքիներ։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ անունը կապված է այն բանի հետ, որ տեղի վանականները միշտ հագնում էին ոչխարի բուրդից պատրաստված հագուստ:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի