Ազգային մարտարվեստի նվիրյալը

Spread the love

Երևանի Խուլ-համրերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատի «Կիլիկիա» մարզադահլիճում փետրվարի 6-ին տոնական տրամադրություն էր՝ սպիտակ համազգեստով են մոտ 100 երեխա՝ 6-16 տարեկան՝ տղաներ, նաև՝ աղջիկներ, ովքեր եկել են իրենց խոնարհումը բերելու և շնարհակալությունը հայտնելու  «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի հիմնադիր Սևակ Մնացականյանին, ով փետրվարի 6-ին պետք է դառնար 34 տարեկան, սակայն իր սաների մրցմանը հետևում և հպարտանում էր Երկնքից։ Արցախյան վերջին պատերազմը մեծ արհավիրք էր մեր ազգի համար: Այժմ գերության մեջ է Արցախի մեծ մասը: Թշնամին մոտեցել է ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերի սահմաններին և չարիք է դարձել մեր բնակավայրերի համար։ Մեծ ցավ է նաև՝ նույն պատերազմը մեզանից խլեց մեր զավակներին. լավագույն տղերք՝ ժամկետային ու պահեստազորի զինծառայողներ, կամավորականներ ու աշխարհազորայիններ: 2020թ. հոկտեմբերի 19-ին Մարտակերտի Տոնաշեն գյուղի մոտ հերոսաբար նահատակվեցին  «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետախուզական ջոկատի մարտիկներից Արթուր Հարությունյանը, Դավիթ Սարուխանյանը, Տիգրան Ավագյանը, Հարություն Ստեփանյանը և Սևակ Մնացականյանը (Սևակ Խոյեցի): Մեր ժամանակների՝ ազգային ու պետական մտածողություն ունեցող երիտասարդներից մեկն էր Սևակ Բախշիի Մնացականյանը, ով կամավոր մեկնել էր առաջնագիծ և իր նահատակվելուց օրեր առաջ տեսաուղերձեր հղել մեր ժողովրդին՝ նախազգուշացնելով՝ այսօրվան կհասնենք, եթե չլինի կազմակերպված ու համախմբված պայքար ընդդեմ թշնամու, որի բանակի կազմում, բացի ադրբեջանցիներից շատ են թուրքեր ու վարձկաններ, հայոց այլ թշնամիներ։ Հազարավոր հայ նվիրված կամավորների նման Սևակն էլ, թողնելով անձնականը, ընտանիքը՝ կնոջն ու 2 զավակներին, պատերազմի հենց առաջին օրը մեկնեց առաջնագիծ։ Երբ ծանոթանում էի Սևակի կենսագրականին, ֆեսբուքյան նրա էջում Նժդեհի ծննդյան օրվա առթիվ գրածը կարդացի. «Նժդեհ ջան, ես տեսա քո թողած Աստվածային հետքերը հայրենիքիս վրա, քո մտքերը սնեցին զգացումներս, գոտեպնդեցին: Քո գոյությունը ծանր հոգս դարձավ թշնամիներիս համար, չլինեիր դու, գուցե չլիներ Հայրենիքս, որին պիտի նվիրվի իմ ողջ կյանքը… »: Զգացվում է՝ Սևակը սնվել է նաև Մեծն Նժդեհի գաղափարներով, որոնք էլ հրամցնում էր իր սաներին: Եվ հիրավի, կյանքը նվիրեց հայրենիքին: Ինչ խոսք, այս պատերազմն այլ էր, և իսկական հայրենասեր տղաների համար ծանր էր տեսնել զինակիցների, հայրենիքի կորուստ և անարդարություն։ Այսօր «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահն է Սևակի Մասիս եղբայրը, ում և նվիրյալների կողմից կազմակերպվել էր ազգային մարտարվեստի առաջնություն՝ համեմված մշակութային համարներով։ Մրցավարները նույն ֆեդերացիայի մարզիչներն էին: Նախապես նշեմ՝ Սևակը նաև ազգագրական պարերի մեջ էր տեսնում ազգային մարտարվեստը, և ժամանակին հանդիսացել է Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի անդամ ու լավագույն պարողներից։ Սկզբում սկսվեց մրցապայքարը մինչև 10 տարեկան սաների մասնակցությամբ։ Հաճելի էր տեսնել մեր փոքրիկների պայքարը: Եվ ամենակարևորը՝ հաղթողն ու պարտվողը ողջագուրվում էին:

Ընթացքում կայացավ նաև մշակութային մաս: Հնչեց ՀՀ Օրհներգը, եղավ լռության րոպե՝ ի հիշատակ Արցախյան բոլոր գոյամարտերում և ՀՀ սահմանում նահատակված հայոց քաջորդիների։ Մշակութային մասը վարեց Սևակի հարազատներից Արթուր Հարությունյանը: Ողջունելով մասնակիցներին, հյուրերին, ծնողներին՝ երկայացրեց Սևակին, ով ծնվել է Կոտայքի մարզի Քաղսի գյուղում: Հարազատների, ընկերների, ծանոթների կողմից հայտնի է իր մարզական ու ազգային մշակութային  հաջողություններով և հայրենանվեր գործունեությամբ։ Այնուհետև հնչեց հատված Սևակի տեսաուղերձից. «Գոտեպնդվե՛ք, ոչ մի լաց, ոչ մի արցունք, մենք կենաց մահու կռվի ենք, ոչ մեկի չի հուզում մեր ազգի արցունքները, սեղմեք բռունցքներն ու գործեք, ուժեղին են լսում, ուժեղինն է ամեն ինչ։ Մեր ազգի նվիրյալ տղաները գնում են մարտի, հիշեք նրանց…»։ Հնչեցին նաև Սևակի մտքերից՝ նվիրված ազգային մարտարվեստի ստեղծմանը և կարևորությանը. «Ազգային մարտարվեստի բացակայությունն անթույլատրելի է մի քանի պատճառներով. նրա չգոյությամբ երիտասարդ սերնդի ֆիզդաստիարակության կարևորագույն խնդիրը անտեսվում է: Այդ բացը լրացնելու են գալիս օտար ծագմամբ, օտար մշակույթ և գաղափարախոսություն կրող մարտարվեստի ճյուղերը, որոնք, չնայած ֆիզիկական պատրաստվածության որոշակի խնդիրներ են լուծում, այնուամենայնիվ, լուսանցքում են թողնում երեխաների գաղափարական, մտավոր և հոգևոր զարգացումը: Օտար մարտարվեստի ճյուղերը չեն կարող դաստիարակել և արդյունավետ փոխանցել իրենց դավանած աշխարհընկալումը: Նրանք ոչ միայն չեն ցանկանում իրականացնել այդ գործընթացը, այլև չեն կարող հաջողության հասնել անգամ ցանկության դեպքում, քանի որ դրա համար անհրաժեշտ է ունենալ ազգային գաղափարների, սովորույթների, հասարակության մեջ ընդունված չափանիշների, աշխարհընկալման և պատմական անցյալի հիշողության ընդհանրություններ: Մարտարվեստի գաղափարներն ու դավանած արժեքներն ընդունելու համար անհրաժեշտ է այդ ամենին հոգեհարազատ լինել: Հակառակ դեպքում բոլոր տեսակի մարտարվեստները կդառնան «կռվելու արհեստ» և ոչ միայն չեն կատարի դաստիարակչական գործընթաց, այլ նաև կվտանգեն մարդկային առողջ ու քաղաքակիրթ փոխհարաբերությունները»: Սևակի մտերիմ, երգիչ Հրայր Սուրմալեցին, ով վերջում արժանացավ շնորհակալագրի, հանդես եկավ ռազմահայրենասիրական երգերի կատարումով՝ նվիրված Սևակին ու բոլոր նահատակ հերոսներին։ «Յարխուշտա» և այլ պարեր կատարվեցին «Մասունք»ի կողմից։ Հանդես եկան նաև «Շվաք»-ի մարմնամարզուհիները, իսկ մարտարվեստի սաները ներկայացան մարտերի ցուցադրությամբ: «Կոմանդոս» ռազմամարզական ակումբի սաները ցուցադրեցին զինվորական համար։ Ռազմահայրենասիրական երգեր ներկայացրեց նաև «Վահագն» դյուցազնադպրոցի սաներից Լալա Թևոսյանը։ Այնուհետև տեղի ունեցավ շնորհակալագրերի հանձնում «Շվաք»-ի աջակիցներին, բարեկամներին՝ մոտ 20 հոգու։ Պատվավոր հյուրերի կազմում էր ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ«Արիության համար» մեդալակիր (ԼՂՀ Նախագահի և ՀՀ Նախագահի հրամանագրերով), հաշմանդամություն  ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Վանիկի Ստեփանյանը, ով «Շվաք»-ի նախագահի կողմից արժանացավ շնորհակալագրի։ Հայտնելով շնորհակալություն՝ Ս. Ստեփանյանը կարևորեց նման միջոցառումները՝ նվիրված ազգի հերոսներին։ Շնորհավորելով հերոսի ծննդյան տարեդարձի առթիվ՝ դիմեց ներկաներին՝ հորդորելով շատ կարդալ Սևակի մտքերից»։ Խոսելով Սևակի մասին՝ ասաց.

-Սևակը մեր հզոր ու հերոս մայրերից մեկի զավակն է. նվիրյալներից, իսկական մարտիկ ու ազգային գաղափարակիր…

Շնորհակալագրի արժանացավ նաև Կոտայքի «Շոտոկան կարատեի» փոխնախագահ, «Կոմանդոս» ռազմա-մարզական ակումբի հիմնադիր նախագահ, միջազգային կարգի սպորտի վարպետ, «Սև գոտի» 3-րդ դան հանրապետական կարգի մրցավար Ոսկան Մարգարյանը։ Իր խոսքում նա ասաց. «Վստահ եմ՝ այժմ Սևակը Երկնքից նայում և հպարտ է իր սաներով, որ իր սկսած գործը կիսատ չի մնացել. այն շարունակում են ընկերները, հարազատները, սաները»։ «Շվաք»-ի լավագույն բարեկամներից է Գագիկ Գինոսյանը, ով ինչ-ինչ պատճառով ներկա չէր առաջնությանը, սակայն նրան էլ շնորհվեց շնորհակալագիր։ Հասարակական-քաղաքական գործիչ Սոֆյա Հովսեփյանը ներկայացավ որպես «Շվաք»-ի հավատարիմ բարեկան։ Ստանալով շնորհակալագիրը՝ խոսեց Սևակի մասին՝ շնորհակալություն հանտնեց նրան, որ խոսել է շատերի անունից. գործել ազգանվեր, և նրա գործը շարունակվում է։ «Պարտավոր ենք կրելու Սևակի պատգամները, որովհետև մեր երկրին Սևակների նման տղաներ են պետք», -խոսքն ավարտեց Ս. Հովսեփյանը։ Շնորհակալագրի արժանացան նաև Քաղսի համայնքի ղեկավար Գևորգ Գրիգորյանը, դպրոցի տնօրեն Վաչիկ Մելքոնյանը, «Վահագն» ՌՀԲՀԿ հիմնադիր-նախագահ Կարապետ Կարապետյանը (Մորուք Կարո)։ 1989թ. Կարոյի հետ միասին Արցախի Բերդաձորում էինք՝ Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի կազմում: Զրուցում ենք: Կարևորեց այս առաջնությունը, որն անցավ բարձր մակարդակով և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին: «Հպարտություն ապրեցի հատկապես, որ արժանացա շնորհակալագրի: Դա ինձ համար ստացած բազում պարգևներից ամենանվիրականն է», -ասաց Կարոն: Նույն ՀԿ ներկայացուցիչ, մշակութային բաժնի պատասխանատու Աննա Կոստանյանը նույնպես «Շվաք»-ի բարեկամներից է և ներկայացրեց Սևակին: Շնորհակալություն հայտնեց իր խոսքերով հերոսական, ոգևորող ու հուսադրող միջոցառման կազմակերպիչներին: Ընթերցեց «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունը: Այնուհետև իրենց կառույցի Արևապտույտի խորհրդանիշներից փոխանցիկ «Իշխանի շղթա»-ն ժամանակավորապես կրելու հանձնվեց հերոսի ծնողներին՝ հորը՝ Բախշիին ու հերոսածին մորը՝ Նորա Զաքևոսյանին։ Սևակի 4-ամյա որդի Մհերի և 2-ամյա դստեր՝ Սյունեի հետ արժանացան այդ պատվին:

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվ. թիվ 11 դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանը շնորհակալագրի արժանացավ, քանի որ «Շվաք»-ի խմբակներից է գործում այդ դպրոցի շենքում, և այժմ դասարանը կրում է Սևակի անունը։ Ջրվեժի միջնակարգ դպրոցում էր աշխատում Սևակը պատերազմից առաջ։ Այս դպրոցում այժմ գործում է նրա անվան մարզադահլիճը, որտեղ կայացել է «Շվաք»-ի առաջին խմբակը։ Դպրոցի տնօրեն, շնորհակալագրի արժանացած Լիլիթ Վարդանյանի համար մեծ ցավ է Սևակի նահատակությունը։ Շնորհակալագրերի հանձնումից հետո կայացավ պատանի մարզիկների պարգևատրման արարողություն։ Պարգևները հանձնեցին պատվավոր հյուրերը, մրցույթի կազմակերպիչ մրցավարները։ Ընթացքում զրուցեցի Սևակի գաղափարակից ու մարտական ընկեր Արման Մխիթարյանի հետ, ով նաև միջոցառման կազմակերպիչներից է: Սևակի նման ընկերոջ նահատակությունը ծանր հարված է մտերիմների, ընկերների համար: Աշխատում են վառ պահել նրա հիշատակը և շարունակել կիսատ թողած գործը: Մարզադահլիճում հանդիպեցի նախկին բերձորցի Դավիթ Հակոբյանին, ով ներկայացնում էր  «School of Winners-Հաղթողների Դպրոց»-ը։ Նաև այս դպրոցի 10 սան մասնակից եղան առաջնությանը, կային մրցանակակիրներ։ Դավիթը կարևորում է համագործակցությունը «Շվաք»-ի հետ: Մրցապայքարը շարունակվեց մինչ երեկո: Զրուցեցի մասնակից-երեխաների հետ: Բոլորն էլ պատրաստ էին հաղթանակի: Սիրով են խոսում ու կարոտում Սևակին, ով իրենց համար եղել է ընկեր, հարազատ, եղբայր ու խիստ, պահանջկոտ ուսուցիչ-մարզիչ: Նրա համար մեծ ուրախություն է եղել, երբ սաները հասել են որևէ հաջողության մարտարվեստի բնագավառում, լավ են սովորել դպրոցում: Ուրախալի է, որ մրցումներին մասնակից աղջիկները նույնպես պատրաստ են դառնալ լավ մարզիկ: 8 տարեկան Մանե Օհանյանը 22 կգ քաշային կարգում արժանացել էր առաջին մրցանակի: Հպարտ է. պատրաստ է շարունակելու մարզումները: 6-ամյա Յուրին նույնպես առաջին տեղ է գրավել՝ արժանանալով մեդալի ու պատվոգրի: Մարզիչն ուրախությամբ ուսին է դրել նրան: Կազմակերպիչների կողմից գավաթներ հանձնվեցին «School of Winners-Հաղթողների Դպրոց»-ին, «Կոմանդոս» ռազմամարզական ակումբին, ինչպես նաև՝ «Շվաք»-ի 3 խմբին: 2017թ. ստեղծված «Շվաք»-ի կազմում այժմ գործում են 3 մարզախումբ՝ Ջրվեժում, Մ. Մելքոնյանի անվ. և  «Տաթև» մասնավոր դպրոցներում: Օրվա ընթացքում Սևակի հարազատները, ընկերներն այցելեցին Եռաբլուր, որտեղ ամփոփված են Սևակի և մարտական ընկերներ Արթուրի ու Տիգրանի շիրինմերը: Ծաղիկներ խոնարհվեցին հերոսների շիրիմներին, եղավ խնկարկում:

 

 

 

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի