Խոտանանի Ավետարանը
Մատենադարան 290
Ավետարան: 1635թ., 1640թ.: Խոտանան գյուղ (ի յերկիրն Էճանան, ի գեաւղն, որ կոչի Խոտանան), Տիգրանակերտ: Գրիչ՝ Հովհաննես, ծաղկող՝ Եղիազար Համթեցի (տիգրանակերտցի), ստացող՝ Արիստակես վարդապետ, ապա՝ Փիլիպոս կաթողիկոս:
Թերթ՝ 326, նյութ՝ թուղթ, 22×16սմ, գիր՝ երկսյուն բոլորգիր, տող՝ 21, կազմ՝ դրոշմազարդ շագանակագույն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ:
Մանրանկարչություն՝ Երկրպագություն մոգուց՝ 20բ, Մկըրտություն՝ 23բ, Այլակերպություն՝ 62ա, Մուտք Երուսաղէմ՝ 72բ, Քրիստոս՝ յաղօթս 9բ, Զինվորների ծաղրելը՝ 96բ, Յուղաբեր կանայք՝ 99բ, 100բ, Մատնություն՝ 150բ, Խաչելություն՝ 150ա, Հայտնություն՝ 164բ, Ընծայումը՝ 169բ, Ժողովրդի կերակրումը ձկնով՝ 144բ, Աղքատ Ղազարոսը Աբրահամի գրկում՝ 220ա, Համբարձումը՝ 249բ, Ղազարի հարությունը՝ 240, Ոտնլվա՝ 296ա, Հոգեգալուստ՝ 300ա։ Մատթէոս՝ 16բ, Մարկոս՝ 103բ, Ղուկաս՝ 161բ, Հովհաննէս՝ 251բ։ Խորաններ՝ 8 հատ։ Կիսախորաններ՝ 4 հատ։ Լուսանցազարդեր՝ բուսական, կենդանական, տաճար, խաչ, հրեշտակ։ Զարդագիր՝ հանգուցագիր, կենդանագիր, թռչնագիր։ Գույներ՝ կարմիր, կանաչ, կապույտ, դեղին, վարդագույն, մանուշակագույն, ոսկի: Վիճակը՝ բավարար:
Հիշատակարան
322 բ |
Արդ, զայս լուր բանի տէրունական հրամանին ի միտ առեալ տէր Արիստակէս քաջ րաբունին և ետ գրել զքառաջահեան և զմշտաբուխ տառս քրիստոսեան, որ և կոչի Աւետարան։ Արդ, գրեցաւ սա ի թվականութեանս Հայոց Ռ և ՁԴ (1635) ամի, ձեռամբ ումեմն գրչի Յովանէսի, ի յերկիրն Էճանան, ի գեաւղն, որ կոչի Խոտանան, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնին՝ յիշատակ անձին իւրոյ և ծընաւղացն՝ մահդասի Մարտիրոցին և Մէհրշին, և ամենայն արեանառու ազգականաց նորին, որ և աղաչեմ զհանդիպողքդ, որ լի բերանով Աստուած ողորմի ասէք տէր Արիստակէս վարդապետին և իւր ծնաւղացն, և գծագրողի սորին՝ Յովանէսի, այլ և ծնաւղաց նորին և ազգականացն, և դուք յիշողքդ՝ յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։ |
323ա |
Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս և Աստուած ողորմի ասացէք Յամթեցի մահդասի խոճայ Երեմիային, որ ծաղկել զսուրբ Աւետարանս, զի այս ինչ եղև պատճառ և պատահումն գրոցս, քանզի մինչդեռ ի մարմնի էր վարդապետն Աւիստակէս, ետ գրել զսուրբ Աւետարանս, նաև զչորեսին աւետարանչացն զպատկերսն՝ խորանաւն հանդերձ, ոսկենկար անկուածով, և զբովանդակ թփերոյն զքաշուածսն՝ միայն լոքով արարեալ։ Եւ յետ փոխելոյն նորա յաստեացս՝ մնացեալ ամայի և անկատար սուրբ Աւետարանս, զոր առեալ սուրբ հաւրս մեր տեառն տէր Փիլիպոս կաթուղիկոսի Ամենայն Հայոց, և ետ բերել զսա ի քաղաքս Յամիթ առ բարեմիտ և պատուական, հաւատարիմ և քրիստոսասէր իշխանն մահդասի խոճայ Երեմիայն՝ վասն կատարման սորին։ Եւ նա յաւժար կամաւք և եռափափագ սիրով յանձն էառ կատարել զխնդրուածս հաւրն մեր հոգևորի։ Վասն որոյ ետ աւարտել զսուրբ Աւետարանս ոսկենկար անկուածով և երկնագոյն լազվարդով //(323բ) զհամբարբառսն, և զտնաւրինականսն՝ ըստ վկայելոյն յիւրաքանչիւր տեղիս. նաև՝ զթփերոյն և զգրին և զտէրունական անուանց զոսկին և զերակս լիով կատարել։ Եւ եղև աւարտ լրման սորան ըստ աբեթական Հայկազեան տումարիս ի շրջագայութեան ամանակաց թուաբերութեան Ռ-որդի Ձ-երորդի Թ-երորդի (1640), յաշխարհս Միջագետաց Ասորոց նահանգի, ի Տիգրանակերտ մայրաքաղաքիս, որ և Յամիթ [յ]որջորջի, ընդ հովանեաւ Սրբոյն Կիրակոսի և մաւրն նորա Յուղատիայի և այլ բազմահաւաք սրբոցս, որ աստ կան ի պահպանութիւն քաղաքիս, մանաւանդ քրիստոնեայ ազգիս, ձեռամբ յոքնամեղ, եռաթշուառ, զառածեալ անձին՝ անարհեստ սուտ և փուտ գրչի Եղիազարի, ի հայրապետութեան Սուրբ Էջմիածնայ տէր Փիլիպոս սրբասնեալ կաթողիկոսի, զոր Տէր Աստուած պահեսցէ զսա յախոյեան յաղթող ընդդէմ ներհակաց, ի վանումն հերետիկոսաց և ի հերքումն չարափառաց՝ ի պայծառութիւն նորոյս //(324ա) Սիոնի և ի պարծանս ազգիս Հայոց, ամէն։ |
Ծանոթագրություն
Համաձայն հետագայի հիշատակարանի՝ ավետարանը արտագրվելուց հինգ տարի հետո՝ 1640 թվականին, Ամենայն հայոց կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցու[1] միջոցով տարվել է Տիգրանակերտ (Համիդ, Դիարբեքիր)՝ նշանավոր Սբ. Կիրակոս եկեղեցի[2]: Հետագայում այն հայտնվել է Էջմիածնի գրատան հին հավաքածուում, որի հետ 1921 թվականին հանձնվել է Մատենադարանին:
Այս ավետարանի պատվիրատուն, ինչպես և Խոտանանի 1629 թվականի ձեռագիր սաղմոսինը, կրկին Տանձափարախի նշանավոր Արիստակես վարդապետն է, ով այստեղ անվանվում է «րաբուն»՝ ուսուցչապետ, և ով, ինչպես երևում է հետագայի հիշատակարանից, մահացել է 1635-1640թթ․ ժամանակահատվածում՝ «…քանզի մինչդեռ ի մարմնի էր վարդապետն Աւիստակէս»:
Տիգրանակերտում այս ավետարանը տրամադրվում է Եղիազար Համթեցուն՝ ժամանակի նշանավոր ծաղկողներից մեկին, ով մահտեսի խոջա Երեմիայի հովանավորությամբ նկարազարդում է Խոտանանցի գրիչ Հովհաննեսի կողմից նախապես դատարկ թողնված էջերը, շրջանակները, ինչպես նաև գունազարդում ու ոսկեպատում է Հովհաննեսի կողմից անավարտ թողած մի քանի նկարներ: Նկարներում առատորեն կիրառված ոսկու քանակից կարելի է եզրակացնել ոչ միայն նկարազարդման վրա ծախսված միջոցների, այլև խոջա Երեմիայի մեծ կարողությունների մասին:
Մանրանկարիչ Եղիազարը ծագումով Տիգրանակերտից էր՝ Տեր Մինասի և Պաղչայի որդին: Հիշատակվում է նաև որպես գրիչ: Աշակերտել է գրիչ և մանրանկարիչ Մինաս Համթեցուն: 1640 թվականին Տիգրանակերտում նկարազարդել է երկու ձեռագիր: Վայելել է լայն ճանաչում: 1646 թվականին Եղիազարը եղել է Կ. Պոլսում, որտեղ նույն թվականին ընդօրինակել է երկու ավետարան: 1651 թվականին Եղիազարը նորից իր հայրենիքում էր՝ որտեղ նկարազարդեց ևս մի ավետարան: Այս պահին Մատենադարանում պահպանվում են նրա ծաղկած երեք ձեռագրերը (187, 274, 290)՝ ընդօրինակված 1635-1651թթ․: Եղիազարի եղբայրը՝ Հովհաննեսը, նույնպես գրիչ էր ում հետ միասին ընդօրինակել են ձեռագրեր[3]:
Հիրավի, ուշադրության արժանի գործ է: Այն աչքի է ընկնում գեղարվեստական հարդարանքի բազմազանությամբ, բավական արտահայտիչ և ճոխ գունապնակով, ոսկու շռայլ գործածությամբ: Նրա հարուստ գույների շարքում գերակշռում են կապույտի երանգները, որոնք շատ տպավորիչ են ոսկու հետ համադրվելիս:
Խորանները բավական հագեցած են ինչպես զարդանախշերով, այնպես էլ կենդանիների պատկերներով, և չնայած այստեղ գույները ավելի մեղմ են, քան տերունական նկարներում, մոտիվների բազմազանությունը դրանց տալիս է բավական փառահեղ տեսք: Նկարչի հարուստ երևակայությունը և զարդանկարչական վարպետությունը խորաններին տվել են մեծ շարժունակություն և ճոխություն, որով նա տարբերվում է մեր կողմից ուսումնասիրած շատ այլ ավետարանների ծանր ու կոթողային խորաններից:
Խորանների սյուները բարակ են, թողնում են դեկորատիվ տպավորություն և զարդարված են երկրաչափական նախշերով կամ միևնույն գույնի տարբեր երանգներով: Սյուների դեկորատիվ բնույթ կրող խարիսխներն ու խոյակները իրենցից ներկայացնում են ավետարանիչների խորհրդանիշ-կենդանիներից՝ առյուծ, ցուլ, արծիվ, կազմված հորինվածքներ կամ զարդանախշային գունավոր կոմպոզիցիաներ: Կառուցվածքով նույնաբնույթ, սակայն ծածկույթով չկրկնվող են խորանների գլխազարդերը՝ կազմված բուսական պարուրազարդերից և երկրաչափական զարդանախշերից: Գլխազարդերի ներքին կամարները սովորական ուրվագծով են՝ ծածկված զարդանկարներով, կամ եռախորշ կամարի տեսքով են՝ յուրաքանչյուր խորշում պատկերված կենդանիներով՝ նապաստակ, եղնիկ, ընձառյուծ, առյուծ, որոնք էլ ավելի են մեծացնում խորանների զարդանկարային նշանակությունը: Պատկերված կենդանիները աչքի են ընկնում ճիշտ համամասնություններով, թեթև շարժումներով և նուրբ գույներով:
Չնայած պատկերները որոշակի ոճավորում ունեն, սակայն թռչունների և բույսերի տեսակները գրեթե միշտ ճանաչելի են: Առանձնահատուկ նրբագեղությամբ են պատկերված խորանների սյուների կողքի ծառերը՝ արմավենիներ, նռնենիներ, թզենիներ և էլի այլ տեսակի ծառեր, որոնք նկարչի երևակայական կամ գիտակցված կատարման արդյունքում արդեն անհնար են դարձել հստակորեն բացահայտել: Մանրանկարիչ Եղիազարի արհեստավարժությունը երևում է հատկապես խորանների բուսականությունը և գլխազարդերը զարդարող թռչունների պատկերներից՝ աքլորներ, ագռավներ, աղավնիներ, կաքավներ, ճայեր, բվեր, սիրամարգեր, արծիվներ և էլի շատ ու շատ չբացահայտված տեսակներ: Գլխազարդերի վրա պատկերված են հակընդդեմ զույգ հավքեր, որոնք տեղադրված են խաչի երկու կողմում․ կա՛մ աղբյուրից ջուր են խմում, կա՛մ կտուցներում ձուկ են պահում, իսկ խորաններից մեկում պատկերված են պարանոցներով իրար փաթաթված արագիլներ: Հիմնվելով քրիստոնեական նշանաբանությանը նվիրված աշխատությունների, ինչպես նաև Ս. Տեր-Ներսեսյանի[4] և Վ. Ղազարյանի[5] ուսումնասիրությունների վրա՝ այստեղ տեղին է բերել մեկնություններում առկա պատկերների բացատրությունների մի քանի օրինակ․ աղբյուրի մոտ պատկերված թռչունները խորհրդանշում են ավետարանիչներին, որոնք Սուրբ հոգու աղբյուրից հագեցնում են իրենց հոգևոր ծարավը: Փաթաթվող պարանոցներով թռչունները՝ Հին և Նոր կտակարանների միասնությունն են: Նռնենիների մասին ասվում է, որ նրանց պտուղների քաղցրությունը թաքնված է կեղևի տակ, ինչպես մարգարեների իմաստությունը՝ առակների մեջ: Արմավենիների ճյուղերը վեր են ձգվում՝ խորհրդանշելով «ճշմարտութիւնը որը կբուսնի երկրից, արդարութիւնը, որը վայր կնայի երկնքից» (Սաղմ. ՁԵ, 11): Ձուկ որսացող թռչունները խորհըրդանշում են առաքյալներին՝ մարդկային հոգիների ձկնորսներին: Աքաղաղները խորհրդանշում են Հարությունը, որին մարդիկ պետք է արժանանան սուրբ խաչի զորությամբ[6]:
Խոտանան-Տիգրանակերտի ավետարանը աչքի է ընկնում սյուժետային մանրանկարների զգալի քանակով. դրանք տասնութն են: Վերջիններս հիմնականում տեղավորված են գրվածքի էջերում՝ զբաղեցնելով էջի կեսը կամ մեկ երրորդ մասը, սակայն դրանց փոքր չափը չի նսեմացնում ո՛չ նկարների արտակարգ ճոխությունը, ո՛չ դրանց կատարման բարձր վարպետությունը: Դրանք ասվածաշնչյան կոնկրետ դրվագներ են՝ կոնկրետ անձանցով: Պատկերված անձինք աչքի են ընկնում արևելյան կամ հայկական դիմագծերով, ծիրանագույն և ոսկեգույն լուսապսակներով՝ մուգ կապույտ կամ դեղին երկընքի ֆոնին: Առանձնապես ուշագրավ գծերից մեկը կապույտ ու ոսկի ֆոնի գերակշռությամբ խոր և հյութեղ գույների ընտրությունն է: Ընդհանրապես սյուժետային մանրանկարների գույների բազմազանությունը և լավ պահպանվածությունը ապշեցնում է: Ինչպես կեցվածքների ու շարժումների պատկերումը, այնպես էլ զգեստների ծալքերը իրենց կատարումով հավաստում են ծաղկողի նկարչական ձիրքը: Նկարիչը մեծ վարպետությամբ է պատկերել այդ ծալքերը՝ հմտորեն զուգորդելով նույն գույնի տարբեր երանգները:
Առանձնահատուկ կոթողային տեսք ունեն չորս ավետարանիչների պատկերները, որոնց շքեղությունը ընդգծվում է երկրաչափական զարդանախշով և հորինվածքով կրկնակի շրջանակներն ու ամբողջական ոսկե ֆոնը: Ամբողջական հորինվածքների առանցքը կազմում են ավետարանիչների կերպարները: Վերջիններս պատկերված են բավական խոշորամարմին, ինչով նկարիչը կարծես թե ցանկացել է ընդգծել դրանց կերպարների վեհությունը: Շատ արտահայտիչ են դեմքերը՝ շարժուն մեծ աչքերով, որոնք արտահայտում են նրանց ազգային դիմագիծը: Մանրանկարի գեղարվեստական կերտվածքի մեջ մեծ դեր ունեն ավետարանիչների հանդերձանքների ծալազարդերը: Եղիազար Համթեցին մեծ սիրով ու վարպետությամբ է պատկերել ավետարանիչների հագուստների լայն ու ազատ թափվող ծալքերը:
Մեծաշուք տեսք ունեն նաև չորս ավետարանների սկզբի անվանաթերթերը: Անվանաթերթի գլխազարդերի հորինվածքներն աչքի են ընկնում հարուստ զարդարանքով և արտահայտիչ գունային երանգներով՝ ամփոփված հիմնականում մուգ կապույտ կամ ոսկե ֆոնով: Զարդանախշերը հիմնականում բուսական պարուրազարդեր են, որոնք զուգորդվում են կենդանիների ու բույսերի մոտիվներով: Սրանցում նույնպես, ինչպես և այդ ժամանակաշրջանի այլ ձեռագիր ավետարանների անվանաթերթերում, տեքստը սկսվում է ավետարանիչներին խորհրդանշող կենդանական զարդագրերով, իսկ առաջին տողերը գրված են երկաթագիր տառատեսակով, ինչը նպաստում է դրանց ոճական որոշակի կոթողայնությանը:
[1] Փիլիպոս Ա Աղբակեցի․ Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ 1633-1655թթ․, հաջորդել է Մովսես Խոտանանցի կաթողիկոսին՝ վերջինիս կտակի համաձայն:
[2] Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի, հայկական եկեղեցի Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում։ Ս. Կիրակոս եկեղեցու անունն առաջին անգամ հանդիպում ենք 1610-1615թթ․ Սիմեոն Լեհացու «Ճանապարհորդություն» աշխատության մեջ։ Այն բանից հետո, երբ 1515թ. կամ 1518թ. ենթադրաբար Ֆաթիհ Փաշա մզկիթի հարևանությամբ գտնվող Ս. Թեոդորոս եկեղեցին վերածվեց մզկիթի, եկեղեցուն պատկանող գերեզմանոցում կառուցվեց Ս. Կիրակոս եկեղեցին։ 7 խորան ունեցող եկեղեցու կառուցման կոնկրետ տարեթիվը հայտնի չէ։ Հայ ժողովրդին սպասարկող Ս. Կիրակոս եկեղեցին քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարներից մեկն է։ 1950-1960-ական թվականներին այստեղ հազարի հասնող հայերը իրենց կրոնական արարողությունները կատարում էին կանգուն մընացած խորանում։ Վերջին տարիներին այն վերանորոգվել է և գործում է:
[3] Գէորգեան Ա․, Հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն, IX-XIX դդ., Մ. Մաշտոցի անուան հին ձեռագրերի ինստիտուտ, Գահիրէ, 1998, էջ 172:
[4] Տեր-Ներսեսյան Ս., Հայ արվեստը միջնադարում, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1975:
[5] Ղազարյան Վ., Խորանների մեկնություններ, Սարգիս Խաչենց «ԱՅԲԵՆԳԻՄ» հրատ., Երևան, 1995:
[6] Կորխմազյան Է., Բարձր հայքի մանրանկարչությունը, ԺԱ.-ԺԴ. դդ., Մատենադարան, Երևան, 2015, էջ 26: