Միջնադարյան ամրոցը Հոչանցի ձախ ափին

Spread the love

Այս մասում՝ գետի ձախ ափին է միջնադարյան մի ամրոց, որը ծովի մակերևույթից մոտ 1300մ բարձրության վրա է[1]: Երեք կողմից եզերված է բնական ուղղձիգ ժայռերով, միայն հարավարևմտյան կողմից է հնարավոր ներս մտնել, որն էլ եզերված է բավականին ամուր կառուցված պարսպով: Զբաղեցնում է 0,16հա տարածք, հատակագծում եռանկյունի է, ուր հյուսիսային ամենաբարձր գագաթին տեղակայված է մոտ 8-10մ տրամագծով կլորավուն աշտարակ-դիտակետը: Այս կողմում ժայռեր կան, որ նույնպես բնական ամրություն են, և դրանց վրա ու հարևանությամբ են կառուցել պարիսպը։ Արտաքին՝ հիմնական պարիսպը՝ 68մ երկարությամբ, գրեթե ուղղաձիգ հետագծով միացնում են արևելյան և արևմտյան ուղղահայաց իջնող ժայռածերպերը: Այն կառուցված է ճեղքած, խորանարդի բերված մեծ, անմշակ քարերից՝ ամրացված կրաշաղախով: Պարսպից պահպանվել է մինչև 6,0մ բարձրությունը: Արտաքին պարիսպը ուժեղացված է 4 տարբեր չափերի ուղղանկյուն որմնահեծերով, որոնցից կենտրոնականի չափերն են 3,0 X 3,5մ:

Չի բացառվում, որ այս և մյուս որմնահեծերը վերևում պսակվում էին սնամեջ աշտարակներով: Հիմնական պարսպին զուգահեռ՝ 16-20մ վերև, ձգվում է երկրորդ պարսպագիծը: Այն կառուցված է նույն շինտեխնիկայով, ուղղաձիգ է, որմնահեծեր չունի և բաժանվում է ամրոցի ներսի տարածքը երկու տարբեր մակարդակներին նստած անհավասար դարավանդների: Երկու դարավանդների պարսպամերձ հատվածներում նկատվում են կառուցապատման հետքեր: 2 տեղում պարիսպն ամրացված է 2,5×2,5 մետր չափեր ունեցող հենարաններով (մեջտեղն ամենաբարձր մասն է), որից ձախակողմյանը քանդված է, իսկ մյուսը լավ է պահպանվել: Հարավարևելյան մասում սուր անկյամբ է ավարտվում պարիսպը, որտեղ հատկացված է միակ մուտքը: Ինչ-որ ժամանակ պարսպի ամենաբարձր հատվածի ներքին մասը քանդել են, և մոտ 1մ բարձրությամբ քարայր է գոյացել: 4-5մ հաստությամբ հիմքի վրա է կառուցված պարսպապատը՝ մշակված քարով ու կրաշաղախով: Ամրոցի ներսում դարձյալ պարսպաշարք կա: Աջկողմում մոտ 4մ բարձրությամբ և 8-9մ երկարությամբ պատ է, իսկ ձախ կողմում՝ ավելի ցածր, սակայն մոտ 30մ երկարություն ունի պատը, որի արտաքին մասի քարերը հանված են: Ներսում նաև շինությունների հետքեր կան, որոնց տեղերում ինչ-որ ժամանակ փոսեր են քանդել: Անառիկ այս ամրոցը միջնադարում ծառայել է տեղի բնակչության անվտանգությունը: Միակ խնդիրը, որ կարող էր խոցելի դարձնել պատսպարվածներին պաշարման ժամանակ, խմելու ջրի հարցն էր: Տարածքից գտնված կավե ամանների բեկորները, որոնց մեջ նաև ջնարակված կտորներ կան, նույնպես հուշում են, որ ամրոցը գոյություն է ունեցել միջնադարում: Ո՞ւմ է պատկանել ամրոցը, ինչպե՞ս է կոչվել, առայժմ հնարավոր չէ ճշտել: Հնագետ Գագիկ Սարգսյանի կարծիքով՝ սա Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Քաշաթաղ ամրոցն է՝ հաշվի առնելով այն, որ տարածքում վերջին մի քանի տարիների ընթացքում հայտնաբերված ամրոցները հիմնականում նախաքրիստոնեական շրջանի են, և այս մեկը, որ պայմանականորեն կոչվում է Նորաբերդ, միջնադարյան լավ պահպանվածներից է: Սակայն պատմիչը տեղեկացնում է, որ իր օրոք՝ 13-րդ դարում, Աղահեճք գավառը 2 հայտնի ամրոցների անուններով կոչվել է Քաշաթաղ և Խոժոռաբերդ: Տանձուտ և Մոշաթաղ գյուղերի սահմանում գտնվող մի հսկայական խոժոռատեսք ժայռի արևելյան մասում հայտնաբերվեց մի մեծ ամրոց, որը կարող է լինել Խոժոռաբերդը: Մեր նշած ամրոցի չափերը և տեղը բացառում են, որ այն Քաշաթաղը լինի:

[1]Աշխարհագրական կոորդինատներն են՝ 39 44 04,4 E. 46 23 12,1։

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի