Հին հայերենյան շերտի բուսանունները Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարում

Spread the love

Սյունիք — Արցախ պատմաաշխարհագրական վայրի առատ բուսականության առկայությունը ենթադրում է բազմաթիվ բուսանուններ, որոնք, կարծում ենք, պատշաճ ձևով հավաքագրված չեն: Հայերենի բուսանունների իմաստային խումբը բավականին համալրվել է բարբառային բառերով, որոնց մեջ, սակայն, քիչ չեն բառային տարբերակները, որ հանդիպում են գրաբարի շրջանի մատենագրության մեջ[1]: Բուսանունների մի մասն էլ ընդհանուր է հայերենի տարբերակների համար, բայց և կան «փոխ առուած ի մերձավւորաց եւ հեռաորեաց»[2] և գրաբարի միջոցով Սյունիք — Արցախ բարբառային բառապաշարին անցած անուններ:

Մասնագիտական բառարաններում[3] արձանագրված են բազմաթիվ բուսանուններ՝ «բառիմաստների ճշգրիտ և մանրամասն ներկայացմամբ»[4], բայց այստեղ առանձնացրել ենք Սյունիք-Արցախ բարբառային տարածքի բառապաշարում հանդիպող բույսերի անունները և դրանցից քննել այնպիսինները, որոնք մատենագիտական աղբյուրներում արձանագրված ձևերի հետ և նրանց համեմատությամբ որոշակի առանձնահատկություններով են ներկայանում:

Ինչպես նշեցինք, հին հայերենի բուսանունների ստվար մասը բարբառներում ժողովրդական անվանում-տարբերակներ է ստացել: Որոշները այնքան են հեռացել գրաբարում արձանագրված ձևից, որ դժվար է որոշակիացնել, նրանց՝ հենց գրաբարից բարբառներին անցած լինելը: Խնդրահարույց է նաև հնագույն և հին բուսանուն փոխառությունների, հնդեվրոպական անվանումների հարցը: Օրինակ՝ արդյոք հնարավոր չէ, որ գրաբարն ու բարբառները միաժամանակ ունեցած լինեն այն բուսանունները, որ տարածված են հայերենի բարբառներում: Կամ ինչպես վերաբերվել այն հարցին, որ հնդեվրոպական որոշ անվանումներ պահպանվել են բարբառներում, բայց գրաբարում այդպիսիք կամ տարածված չեն, կամ էլ հանդիպում են բաղադրություններում: Այս և նման հարցեր առաջանում են ոչ միայն հին հայերենից Սյունիք — Արցախ բարբառախմբին անցած բուսանվանումների քննության մեջ, այլև ընդհանրապես պատմական բառագիտության հարցեր ուսումնասիրելիս: Այս ամենով հանդերձ, այնուամենայնիվ, գրաբարին բնորոշ հատկանիշները թերևս տարբերակում են բարբառային և գրական շերտերը բուսանունների բառաիմաստային — գործառական, հնչյունական, բառակազմական ձևերի մասնավորմամբ:

Հին հայերենից բարբառախմբին առավելապես փոխանցվել են համեմունքների, ուտելու բույսերի (մարդկանց և կենդանիների համար) անվանումները, ինչպես՝ ռահան – ռէհան || ըռէհան, չաման և այլն: Անանուխ — նանուխ – նանա (պրսկ. [5] nanā /نعنا/) տարբերակներից բարբառախմբում առավելապես տարածված է նանա || նա̈նա̈, որ, հնարավոր է նաև, սեմական լեզուների (արաբ. nanā /نعناع/) միջնորդությամբ է անցել հայերենի բարբառներին և թյուրք.` nane:

Հին հայերենի ավէլ արմատից Սյունիք — Արցախն ունի բառային մի քանի տարբերակներ և բառեր:  Դրանցից ավելուկ — ը՝ իվո̈ւլո̈ւկ, վո̈ւլո̈ւկ, ո̈ւվո̈ւլո̈ւկ, ըվո̈ւլո̈ւկ, հիվո̈ւլո̈ւկ, մյուս բարբառների և գրաբարի համեմատությամբ, որ հիմնականում ունi «ընդհանրապես բանջար կամ ուտելու բույսերի ամբողջություն»` «բանջար ինչ ուտելի»[6], իմաստը, ինչպես և «ավել պատրաստելու բույս», բարբառախմբում մենիմաստ է՝ «մատիտեղազգիների պատկանող բույս, որ հյուսում են, չորացնում՝ ձմռանն օգտագործելու համար»: Հ. Աճառյանը այն նույնացնում է ավել «ավլելու գործիք» բառի հետ[7], որից բարբառախումբն ունի՝ էվիլ || էվո̈ւլ այլև՝ Արց. իվիլ || օ̈վո̈ւլ՝ «1. ավլելու գործիք, որ պատրաստվում է բույսերից, 2. թելուկազգի բույս»: Այս արմատից առաջ են եկել այլ բառեր ու դարձույթներ՝ էվլիլ, ցըխէվի/ո̈ւ/լ, ճըխէվի/ո̈ւ/լ, ծըղէվի/ո̈ւ/լ, ծըղկէվի/ո̈ւ/լ, կընըչէվի/ո̈ւ/լ, վընդէվիլ/վըննէվո̈ւլ, փընջէվիլ և այլն: Եվ ինչպես նկատում ենք, այս բոլոր կազմությունները խմբավորվում են ավել — ավլել բառերի շուրջ, իսկ վո̈ւլո̈ւկ բառը և նրա տարբերակները հնչյունական փոփոխությունների և  — ո̈ւկ ածանցի միջոցով նոր հասկացություն են առաջ բերել: Ավել արմատի համար նշվում է հ. — ե. *obhel — նախաձևը[8], որ զուգահեռվում է հուն. ὀφέλλω «ավլել», ὄφελμα «սրբել» բառերին[9]: Պետք է նկատել, որ *obhel — բառի ձայնավորների միջև ընկած *bh — ն դարձել է ւ (վ): Հնդեվրոպական *bh շնչեղ թրթռունի այս փոփոխությունը տարածված չէ և առկա է այնպիսի բառերում, որոնք ա > ա̈, ա > է, ա > ի[10] հնչյունափոխական յուրահատուկ դեպք են արձանագրում՝ ավէլ > ա̈վիլ, ավէլ > էվէլ, ավէլ > իվիլ: Օրինակներից կարելի է փաստել, որ նշվածներից բացի՝ գրաբարից անցած որոշ բառերում բառասկզբի ա — ն ր, լ, ւ ձայնորդներից առաջ թուլացել է՝ վերածվելով ա̈- ի[11], որն էլ բարբառում առկա պատմական հնչյունափոխության հետևանքով վերածվել է ի — ի, օրինակ՝ արդարանալ > իրթիրա̈նա̈լ || ըրթիրա̈նա̈լ, արեգակն > իրիքնա̈կ || իրէքնակ || ըրէքնակ || իրիթնա̈կ, ալարել > իլա̈րիլ, ալյուրուտ > իլլէրուտ, արբուցանել > հիրփիցընէլ, ալեւոր > հիլիվէր || հո̈ւլիվէր, արձակել > հիրզա̈կէլ: Հավանաբար այս հիմունքով առաջ է եկել ավելուկ բառի առաջին տարբերակը՝ իվէ/ի/լո̈ւկ, որ հետագայում փոփոխությունների է ենթարկվել՝ առաջ բերելով մյուս տարբերակները ըստ բարբառ — խոսվածքների՝ իվէլո̈ւկ, իվո̈ւլո̈ւկ, հիվէլո̈ւկ, հիվո̈ւլո̈ւկ, վո̈ւլո̈ւկ, ո̈ւվո̈ւլո̈ւկ, ըվո̈ւլո̈ւկ:

Փաստորեն, ինչպես նկատում ենք, ա > ա̈> ի փոփոխության արդյունքում Սյունիք — Արցախ բարբառային տարածքում առաջ են եկել բառային և իմաստային նոր ձևեր, որ առկա չեն գրաբարում և հայերենի բարբառների մեծ մասում:

Բանջար — պէ/ա̈/նջա̈ր բառը գրաբարում ունի «կանաչեղեն, խոտեղեն», «դալարի ի կերակուր մարդոյ և անասնոյ, բանջար խոտոյ»[12] իմաստները: Այն հայերենից թյուրքերենին անցած բառերից է՝ pancar || pançar[13], չնայած նշվում է նաև պարսկերենից թյուրքերենին անցած[14] լինելը: Հ. Աճառյանը առկախ է թողնում ծագումը, բայց տալիս է բառին վերաբերող մեկնությունները, բարբառային տարբերակները և թե որ լեզուներին է անցել բառը[15]: Հետաքրքրականն այն է, որ Սյունիք — Արցախ բարբառախմբում բանջար — պէ/ա̈/նջա̈ր անվանվում է հայերենում տարածված եղինջը[16], որի ծագումը, ինչպես նշում են, նույնպես անհայտ է[17]:

Այս խմբում քիչ չեն այն բառերը, որոնք գրաբարի համեմատությամբ, ինչպես մյուս բարբառներում, այնպես էլ Սյունիք — Արցախում, որևէ փոփոխություն չեն կրել ձևիմաստային առումով՝ դաղձնտա̈խծը || տա̈խցը || տա̈խսը || տա̈խծնը, թրթնջուկ — թա̈րթա̈նջ/ձ/ո̈ւկ, խոռ — խօռ/ն/ը, խոտ — խօտ, ծնեբեկ — ծը/ինէփակ, կոտեմ — կօտէմ || կօ/ու/տէմնը, կորնգան — կոր/ռ/ընգա, մամուռ — մամուռնը, շրէշ — շ/ս/իրի/է/ջ/շ/ժ/[18], սամիթ — սամէ/ի/ը/թ, սիպեղ — սիբէղնը || սիվեղ, սունկն – սօնգնը || սօնգուն: Ինչպես նկատելի է, փոփոխությունները հիմնականում պայմանավորված են հնչյունների բարբառային արտասանությամբ, իսկ որոշ անվանումներ բարբառային տարբերակին զուգահեռ գործածվում են նաև գրաբարյան ձևով:

Կան բուսանուններ, որ հնչյունական կազմով մասամբ կամ ամբողջական հեռացել են գրավոր վկայված ձևերից, ինչպես՝ գաղտիկուր — տըխտըկօռնը, երնջակիռէշնո̈ւկ || կօռինգյա̈ և այլն: Ստորև ներկայացնում ենք միայն գրբ. գաղտիկուռ և բրբ. կըխտըկօռնը || տըխտըկօռնը բառերի ծագումն ու առնչությունները:

Գաղտիկուրը և տըխտըկօռնը տարբերակները չնայած արտաքնապես նույնական չեն, բայց ծագումնաբանական աղերսներ ունեն: Գրաբարի գաղտիկուր(ռ) (գաղտիկազգիների ընտանիքին պատկանող խոտաբույս՝ գաղտիկ, գաղտրիկ, գաղտկուր, տխրիկոտ, գառնալեզու, ջղախոտ, թարթիկ, կուրա, եզան լեզու, գառնալեզու, օտար անուններն են՝ լատ. borage, անգլ. bubula, lingua bubula, հուն. βογλωσσον , ρνγλωσσον, ռուս. oгуречная трава, бурачник) բառը կազմված է գաղ — տ(նի) և կուր(ռ) արմատներից[19], որոնք անցել են նաև Սյունիք — Արցախ բարբառային բառապաշարին: Բարբառախումբն ունի կյա̈ղ || կյըղ — էլ «թաքցնել» բայը, որ բացակայում է հայերենի տարբերակների մեծ մասում: Այս արմատի նախաձևը համարվում է հ. — ե. *u̯el — [20], որը, ըստ Հ. Աճառյանի, կապված է գաղել «ծածկել, թաքցնել, պահել»[21] և գեղել «ծածկել, թաքցնել» բառերի հետ, որ հայերենում ձայնդարձով առաջ են բերել գող, գեղ, գաղ հիմքերը[22]: Սյունիք — Արցախ բարբառախմբի բառապաշարում բնիկ բայանուն *u̯el — (կյա̈ղ) — ը (այն հայերենի գրական — խոսակցական տարբերակներում հիմնականում գործառվել է տ աճականով)[23] պահպանվել է ոչ միայն բարբառային կյա̈ղէլ, կյըկյըղօրէլ, կյա̈ղլու || կյօ̈ղլո̈ւ, կյա̈ղվասկ բառերում, այլև գրաբարից անցած գաղտակուռ բառում, որից առաջացել են այս բույսի բարբառային տարբերակները՝ կըխտըկօռնը, տըխտըկօռնը, կըռթնըկյօ̈ռնը: Մեր կարծիքով՝ գաղտակուռ բառը կազմված է գաղ «ծածուկ, ծածկված» արմատից և կուռն արմատի «պինդ» իմաստից, որ դարձյալ գործածական է Սյունիք — Արցախում՝ կըռօ || կուռօ «1. պինդ, 2. ասվում է կեղևը պինդ ընկույզին, 3. փոխ.՝ համառ, անկոտրում»: Նկատվում է, որ բույսերի բազմաթիվ անուններ առաջացել են նաև կենդանիների և նրանց հետ կապված երևույթների նմանությամբ, ինչպես՝ գառան դմակ, եզան լեզու, առյուծագի, բարբառախմբում՝ իծի կօթ, կատվի մօրի, էշի տէռտէռ, կո̈ւլի թէս, ծըտի պա̈րց, կյո̈ւլը ծաղէ/իգ և այլն[24]: Հենց այդ հիմունքով՝ գրաբարում առկա գաղտակուր ( — կրի, — րաց) «խեցեմորթ ծովային» բառից առաջ է եկել գաղտիկուռ ( — կռի) «ջղախոտ»[25] բուսանունը, որի տերևները նման են ծովախեցու:

Փաստորեն՝ գրաբարի համանուններից միայն մեկն է պահպանվել բարբառախմբում: Բարբառային երեք տարբերակների (կըխտըկօռնը || տըխտըկօռնը || կըռթնըկյօ̈ռնը) արտաքին կազմից պարզ է դառնում նաև, որ նախապես գործածվել է կըխտըկօռնը, որից էլ առաջացել և տարածվել են մյուս տարբերակները: Տըխտըկօռնը ձևավորվել է կըխտըկօռնը բառի տ աճականի ետընթաց ազդեցությամբ՝ կ > տ, իսկ կըռթնըկյöռնը, որ ավելի քիչ է տարածված, ժողովրդական ստուգաբանությամբ է ձևավորվել՝ կըխտ արմատի անհասկանալի լինելու հիմունքով:

Բուսանունների մյուս խմբում ընդգրկվում են ծառեր և թփեր՝ իրենց բար ու պտուղով, որոնք մեծ մասամբ ընդhանուրհայերենյան բառապաշարի մասն են կազմում, ինչպես՝ բամբակ — պէ/ա̈/մբա̈կ, բողկ — պէ/ի/խկը, գազար — կյա̈/է/զա̈ր, գելաս — կյա̈լա̈ս || գիլա̈ս, գերմաստ/ի/ — գի/ը/ր/ը/իմասրի || գիլիմաստրի || գիլըմըհասրի, գի/գիհի — կէնի, դամոն — տա̈մբո̈ւլ, զկեռզըկըէռ || զըկէռնը, թուզ — թօզ || թօզնը, թութթօթ, լիմոն — լի/է/մու/օ/ն, խիար — խի/ըյա̈ր, խնձոր — խը/ո̈ւ/նձօ̈ր, խստոր — խըստօր || սըխտօր, ծառ — ծառ, ծիրան — ծէրան, կաղնի, հոյ/ու/ո/ն — հո̈ւն, ձմերուկ — ծմէրուկ, մասուր — մըհասուր, յունապ — աննապ || ունաբ, նարինջ — նարի/է/նջ, նուռն — նօռնը, շլոր — շ/̈ւ/ի/ը/լօ̈ր, պատինճան – բադումջան || բադըր/մ/ջան, սալոր — շո̈ւլօ̈ր — շի/ը/լօ̈ր, սնձենի — սըզնի, սերկեւիլ — սըլկըհէվիլ, || սըլկըհէվլի || սըլկէվլի, սինձ (պտուղ) — սէզնը, տանձ, ցրդի — չըրթնի և այլն: Ծագումնաբանական տեսանկյունից սրանց մի մասը հնագույն կամ հին փոխառություն է՝ անցած հայերենին և նրա բարբառների մեծ մասին: Ահա բուսանունների այս խմբի ծագումնաբանական պատկերը՝

Իրանական լեզուներից են անցել՝ պէ/ա̈/մբա̈կ, կյա̈/է/զա̈ր, խի/ըյա̈ր, նարի/է/նջ:

Սեմական լեզուներից՝ թօթ, աննապ || ունաբ, սըլկըհէվիլ, || սըլկըհէվլի || սըլկէվլի:

Հունական կամ միջերկրածովյան կամ փոքրասիական լեզուներից՝ կեռաս` հուն. κέρασος, հմմտ.՝ թյուրք. kiraz, գերմ. kirschen, ֆր. cerise, անգլ. cherries,  լատ. cerasia, որ Սյունիք-Արցախ բարբառախմբում գործածվում է գիլաս, այդպես և՝ պրսկ.՝ gilas /گیلاس/, թօզ || թօզնը, լի/է/մու/օ/ն:

Բնիկ հնդեվրոպական՝ բաղկ՝ բող արմատից՝ կ աճականով[26], գերմաստ || գերմաստի, թերևս՝ *ger — ՝«ճկուն, կոր», և մաստ՝ «հաստ, ամուր, պինդ» բառերից, խստոր — խըստօր || սըխտօր, ծառ, ծէրան, կաղնի, ծմէրուկ:

Անհայտ ծագմամբ՝ կէնի, տա̈մբո̈ւլ, զըկըէռ || զըկէռնը, խը/ո̈ւ/նձօ̈ր, հո̈ւն, մըհասուր, նօռնը, շո̈ւ/ի/ը/լօ̈ր, սըզնի, սէզնը, տանձ, ցրդի – չըրթնի(՞):

Վիճակագրական այս փորձից, որ, ճիշտ է, չի կարող որոշիչ լինել բուսանունների բառիմաստային խմբի, այլև բառապաշարի պատկերը ընդհանրացնելու համար, պարզ երևում է, որ Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարը շարունակաբար եղել է հայերենի և նրա տարբերակների զարգացման ողջ ընթացքում՝ սկսած ամենահին ժամանակներից մինչև մեր օրերը: Ասվածը հավաստվում է նաև բույսերի հետ կապված այլ անվանումների և հասկացությունների առատությամբ՝ անպտուղ — ամպըտուղ, դալարտա̈լա̈ր || դիլա̈ր, այստեղից՝ դալարել — դիլա̈րէլ || տիլա̈րի/էլ, դարման — տա̈րմա̈ն, խիժ — խէժ,  խուրձ(ն) — խօր/ռ/թնը || խօրցը, խոզան – խօզան, ծլել — ծիլէ/իլ, կանաչութիւն — կընընչօթուն, այստեղից՝ կանաչիլ — կընանչէ/իլ, կունդն — կօնդ[27], հասկ — հասկ/ը/, հատիկ , ճիմ — ճում, ճու/օ/մբուլ || ճու/օ/մբ, ճիպոտ — ճըպատ, ճիւղ — ճօղնը || ճօղ, շամբ, այստեղից՝ շամբուտ , շիւ — շէվ, ոստ — վօստ («թելի հյուսվածք»), պատ(իճ) — պաճ, պճեղն — պըճէղնը || պըճէղ, պտկիլ – պ/փըտկէլ, պտղիլ — պըտըղէլ || պըտղըվէլ, ջոլորել – ճըլօրէլ || ճիլօ̈րէլ || ճո̈ւլօ̈րէլ, սերմանել — սէրմէլ, սերմանիք — սըրմարանք, սերմանք(մունք), սերմն – սէրմը, կորիզ — կօրի/է/նձ, տակռի — տը/ակռի/է/, ցախ – ճախ, ցաքի — ցա̈քի, ցօղուն — ցուղուն, փարթամ և այլն:

Բարբառախմբում պահպանված է նաև  ճիղմ՝ «դալար» բառը, որ չնայած ինքնուրույն գործածություն չունի, բայց, կարծում ենք, որ կազմավորել է երկու բաղադրություններ՝ ճըղմաղի(ն)ք «1. աղիք, 2. բարակ աղիքը», ճըղմակ «ճյուղերով վանդակ կամ հյուղակ», որ նույնիմաստ է ծըղաղակ կամ ծըղար/լակ տարբերակների հետ: Բառը ստուգաբանված չլինելու և մատենագիտական եզակի վկայության մասին նշում է Լ. Հովհաննիսյանը[28]: Բարբառում եղած ձևերը և իմաստները ենթադրել են տալիս, որ այն, հնարավոր է, ճիլ «եղեգն» բառից է, որ Հ. Աճառյանը ընդգրկում է վրացերենից փոխառյալ բառերի շարքում և նշում, որ արևելյան լեզուներին հայերենի միջնորդությամբ է անցել[29]: Չենք կարող այս տեսակետը հաստատապես կիսել, քանի դեռ առկախ է մնում ճիղմ բառի վերջին մ-ն, նամանավանդ, որ բարբառախումբն առանձին գործածությամբ ունի ճիլ > կըռաճիլ «մկան», որ նույնացվում է ջիղ բառի հետ:

Այսպիսով՝ Սյունիք-Արցախ բարբառային տարածքի բառապաշարը առատ է բույսեր մատնանշող բազմաթիվ անուններով, որոնք բարբառախմբին անցել են հին հայերենից, և որոնց մի մասը բարբառախմբում ենթարկվել է տարաբնույթ փոփոխությունների, մասնավորապես՝ իմաստային և հնչյունական:

 Հին հայերենից Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարին անցած բույսերի անվանումների հիմնական մասը պահպանել է գրաբարում վկայվող ձևերը և իմաստները: Բայց կան բառեր, որ բարբառախմբում ենթարկվել են իմաստային և հնչյունական փոփոխությունների, ինչպես՝ գըլըմաստրի «helianthus tuberosus»,, վիլուկ «rumex», գաղտիկուռ «lingua bubula» և այլն:

Տարբեր բառերի շուրջ կատարված ուսումնասիրությունները հավաստում են, որ բույսերի անվանումների բառիմաստային խմբի բառերը ըստ ծագման տարբեր են՝ հիմնականում իրանական, սեմական, հունական և հնդեվրոպական: Քիչ չեն նաև այն բառերը, որ կարոտ են հանգամանալից ուսումնասիրության և ընդգրկվում են ծագմամբ անհայտ բառերի շարքում:


 [1] Այս մասին կարելի է տեսնել՝ Հովհաննիսյան Լ., Գրաբարի բառապաշարի իմաստային խմբերի քննություն, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2012, մաս II, էջ 130:

[2] Ալիշան Ղ., Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն, Վենետիկ, Ս. Ղազար, 1895, էջ Ե:

[3] Գրաբարից բարբառախմբին անցած բուսանունները համեմատել ենք բուսանունների նշված բառարանի հետ՝ Ղազարյան Ռ. Ս., Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան, Երևան, Երևանի համալսարանի հրատ., 1981:

[4] Հովհաննիսյան Լ., Մի քանի բուսանունների շուրջ, «Ջահուկյանական ընթերցումներ» (գիտական հոդվածների ժողովածու), Երևան, «Ասողիկ» հրատ., 2018, էջ 172:

[5] Հովհաննիսյան Լ. Շ., Հայերենի իրանական փոխառությունները, Երևան, Հայկական ԽՍՀ ԳԱ հրատ., 1989, էջ 90:

[6]  Աւետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Վենետիկ, Տպարան ի Սրբոյն Ղազարու, 1836-1837, 2-րդ հրատ. (2 հատորով), Երևան, Երևանի համալսարանի հրատ., հատ. I, 1979-1981, էջ 394 (այսուհետև՝ ՆՀԲ):

[7] Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան (4 հատորով, 2-րդ հրատարակություն),  Երևան, Երևանի համալսարանի հրատ. (առաջինին հրատարակությունը՝ 1926-1935, 7 հատորով), 1971-1979, հատ. 1, էջ 356 (այսուհետև՝ ՀԱԲ):

[8] Pokorny J., Indogermanisches Etymologisches Wörterbuch, vol. I, Bern, Francke, 1959, p. 178 (այսուհետև՝ Pokorny 1959), ՀԱԲ 1, էջ 356:

[9]  Pokorny 1959, I, p. 772.

[10] Այս մասին տե՛ս նաև՝ Դավթյան Կ. Ս., Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզը, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ., 1966, էջ 27:

[11] Մարգարյան Ալ., Գորիսի բարբառը, Երևան, Երևանի համալսարանի հրատ., 1976, էջ 29:

[12] ՆՀԲ 1, Էջ 437:

[13] www.nisanyansozluk.com (այցը՝ 20.08.2019):

[14] Eyuboğlu İ., Türk dilinin etimoloji sözlüğü, ikinci baskı, Istanbul, Sosyal yayinlar, 1988, s. 546.

[15] ՀԱԲ 1, Էջ 409:

[16] Եղինջազգիների ընտանիքի միամյա և բազմամյա միատուն բույս, որ հայերենում ունի տարբեր անվանումներ՝ յէղիճ, դաղդըղան, կծան խօտ, կճան մըրմըռուկ, աղինջ, դարդահան:

[17] Նիկողոսյան Գ., Հայերենի և հնդեվրոպական մի շարք լեզուների տիպաբանական համեմատության ուրվագծեր, Պատմա-բանասիրական հանդես, թիվ 1, Երևան, 2008, էջ 266:

[18] Գորիսի Քարահունջ գյուղում է գտնվում Շիրիջի || Սիրիջի քերծը:

[19] ՀԱԲ 1,  Էջ 506:

[20] Pokorny I, 1959, p. 302:

[21] ՀԱԲ 1, Էջ 505:

[22] ՀԱԲ 1, Էջ 573:

[23] Երվանդյան Զ., Հնագույն բառարմատները Ղարաբաղի բարբառում, Լրաբեր հասարակական գիտությունների, թիվ 1, Երևան, 2004, էջ 112:

[24] Հայերենում, ինչպես նշում են, 3450 բուսանունից 400-ի կազմության մեջ առկա են վայրի և ընտանի տարատեսակ կենդանիների, թռչունների, սողունների ու միջատների անվանումներ (Դավթյան Ս., Կենդանիների անվանումներով կազմված բուսանունները հայերենում և պարսկերենում, Բանբեր Երևանի համալսարանի (հայագիտություն), թիվ 2 (26), Երևան, 2018, էջ 71:

[25] ՆՀԲ 1, Էջ 525:

[26] Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, Երևան, «Ասողիկ» հրատ., 2010, էջ 134:

[27] Այս մասին կարելի է տեսնել՝ Քումունց Մ., Սյունիք-Արցախ բարբառային տարածքի մի քանի համանունների ուսումնասիրության շուրջ, Հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու՝ նվիրված Վ. Ա. Քոսյանի ծննդյան 90-ամյակին, Երևան, 2017,  էջ 172-181:

[28] Հովհաննիսյան Լ. Շ.,  Մարդու տարիքային անվանումները գրաբարում, Լեզու և լեզվաբանություն, թիվ 1-2, Երևան, 2004, էջ 12:

[29] ՀԱԲ 3, էջ 199:


НАЗВАНИЯ РАСТЕНИЙ СЛОЯ ДРЕВНЕАРМЯНСКОГО ЯЗЫКА В ЛЕКСИКЕ ДИАЛЕКТОВ СЮНИК-АРЦАХ  Основная часть названий растений, которые перешли в лексику диалектов Сюник-Арцах из древнеармянского, сохранила формы и значения грабара. Однако есть слова, которые в диалекте подверглись смысловым и звуковым изменениям, такие как гылымастри «helianthus tuberosus», вилук «rumex», гагтикур «lingua bubula» (գըլըմաստրի, վիլուկ, գաղտիկուռ), и т.д. Изучения разных слов свидетельствуют о том, что слова смысловых групп растительных названий разные по происхождению: в основномперсидские, семитские, греческие и индоевропейские. Есть также немало слов, нуждающихся в детальном изучении и включенные в ряд слов неизвестного происхождения. Ключевые слова: территория диалектов Сюник-Арцах,название растений, этимология, индоевропейский, корень, значение слова, древнеармянский, заимствование, чередование, лексика. [/testimonial]


PLANT NAMES OF OLD ARMENIAN IN SYUNIK-ARTSAKH DIALECTICAL VOCABULARY Most of the plant names that passed from the Old Armenian to the Syunik-Artsakh dialectical vocabulary have maintained the forms and meanings evidenced in Grabar.  But there are words which were changed semantically and phonetically in dialectical group, such as potato, gǝlǝmastri «helianthus tuberosus», viluk «rumex», gaghtikur «lingua bubula» (գըլըմաստրի, վիլուկ, գաղտիկուռ) etc. Studies about different words confirm that the words of the word group of plant names differ in origin, mainly Iranian, Semitic, Greek, and Indo-European. There are words that need to be studied and are included in the list of unknown words in origin.  Key words: Syunik-Artsakh dialectical area, plant name, etymology, Indo-European, root, word meaning, Old Armenian, loan, vocabulary.[/testimonial]

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի