Ուսումնասիրվող բարբառային դարձվածքները Գորիսի բարբառախոս միջավայրում տարածված, բարբառային բառարաններում չվկայված հետաքրքրական կառույցներ են։ Դրանցից անվանական ձևերը քանակով զիջում են բայական դարձվածքներին։ Առավել տարածված են անել բայի հարակատարով կայունացած և իմաստային յուրահատուկ նրբիմաստներ արտահայտող բայական դարձվածքները։ Նյութի ուսումնասիրությունը համեմատական քննությամբ հնարավոր դարձրեց զուգադրել և վերլուծել Գորիսի բարբառում և Արցախի բարբառ-խոսվածքներում վկայվող դարձվածային միավորների ընդհանրությունները՝ միևնույն ժամանակ ընդգծելով Գորիսի՝ որպես առանձին բարբառում կայունացած դարձվածքների իմաստաբանական ու ձևակազմական ինքնատիպ դրսևորումները։ Գորիսի բարբառի դարձվածքները քաղել, հավաքել ենք կենդանի խոսքից, դիտարկել դրանց ընկալումն ու ամրագրումը խոսքաշարում։ Ուսումնասիրել ենք հիմնականում մարդու արտաքին ու ներքին նկարագրությունը, բնավորության գծերն ու ընդհանրական հատկանիշները, կենցաղային իրողությունները բնորոշող դարձվածային միավորներ։
Մուտք
Լեզվական համակարգում դարձվածային միավորի կարևորագույն գործառույթներից են մարդու կենսագործունեությունը բնութագրող, նրա իմացական ու ճանաչողական ոլորտները բացահայտող տեղեկույթի կուտակումն ու փոխանցումը: Յուրաքանչյուր հանրության լեզվի դարձվածային համակարգը ոչ միայն լեզվական, այլև պատմամշակութային գանձարանն է։ Հիմնականում ստեղծվելով կենդանի, իրադրական խոսքի միջավայրում՝ դարձվածային միավորները կրում են մեծ պատմությունների (հեքիաթ, ավանդազրույց, ասույթ, ասացվածք և այլն) փոքր դրվագներ։ Այսպես նրանք կայունանում, իմաստաբանորեն հղկվում և դառնում են բառապաշարի՝ տարբեր երևույթներ, հասկացություններ արտահայտող բառամիջոցներ՝ կազմությամբ առանձնահատուկ, ոճական արտահայտչաձևով։
Ներածություն
Դարձվածային միավորները տվյալ լեզվակիր հանրության ոչ միայն կենսագրության, այլև մշակութային ու արժեքային համակարգերի ճանաչողության անփոխարինելի մեջոցներն են, որոնցով հարուստ է Գորիսի բարբառը։ Ցավով պետք է արձանագրենք, որ Սյունիք-Արցախի (Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան) միջբարբառախմբի բարբառներից այսօր իր բնօրրանում մնացել է միայն Գորիսի բարբառը։ Վերջինիս ուսումնասիրությունը չի սահմանափակվում Ա․ Մարգարյանի «Գորիսի բարբառը» մենագրությամբ[1] կամ որոշ նեղ հարցերի ուսումնասիրությամբ[2]։ Բազմաթիվ հարցեր կան, այդ թվում դարձվածաբանական, որոնք պահանջ ունեն ոչ միայն նորովի մեկնաբանելու, այլև բացահայտելու։ Գորիսի բարբառում առկա դարձվածքներին վերաբերող առանձին ուսումնասիրություն դեռևս բացակայում է, այնինչ, ճիշտ է նկատված, դարձվածաբանական հետազոտությունները կարևոր են ոչ միայն լեզվաբանական, այլ նաև իմացաբանական առումով, քանի որ դրանք հստակ ցույց են տալիս լեզվի և հասարակության փոխհարաբերությունները[3]: Հայերենի հնագույն բարբառներից մեկի՝ Գորիսի բարբառի չդիտարկված կամ լրացուցիչ մեկնաբանություններ պահանջող բարբառային բնույթի դարձվածքների ուսումնասիրությունը կարևոր է լեզվաբանական և ընդհանրապես հայագիտական շատ բնագավառների տեսանկյունից, քանի որ դարձվածքի գլխավոր հատկանիշը նրա ազգային բնույթն ու ազգային լեզվամտածողությունն է: Սա կարևորվում է այնքանով, որ ամեն մի դարձվածք առաջին հերթին լեզվամտածողության ու լեզվափիլիսոփայության արդյունք է և որպես հաղորդակցական երևույթ՝ կապված է բազմաթիվ լեզվական և արտալեզվական ասպեկտների հետ՝ տրամաբանական և հոգեբանական, պատմական և փիլիսոփայական[4]:
Ուսումնասիրվող բարբառային դարձվածքները Գորիսի բարբառախոս միջավայրում տարածված, անմիջական խոսքի համն ու հոտը ապահովող բաղադրիչներ են, որոնք արձանագրված չեն բարբառային բառարաններում՝ որպես կենդանի խոսքի մնայուն գոհարներ:
Ուսումնասիրության մեթոդը
Գորիսի բարբառի դարձվածքները քաղել, հավաքել ենք կենդանի խոսքից։ Դրանց դարձվածային արժեքը որոշելու համար դիտարկել ենք՝
1․ միավորների իմաստաբանական արժեքը կայուն կապակցության համատեքստում։
2․ Դարձվածքներ կազմող բառերի բառաքերականական, իմաստաբանական համակցությունը, այսինքն՝ կայուն կապակցությանը բնորոշ բառի (բառային միավորի կամ ոճի) դիրքը և ըմբռնումը խոսքաշարում։
3․ Համեմատել ենք հայերենի տարբերակներում տարածված դարձվածային միավորների հետ՝ պարզելու՝
ա․ դարձվածք կազմող բառերի և նրանց արտահայտած իմաստների առանձնահատկությունները դարձվածքի շրջանակում (լեզվական կաղապարի մեջ)։
բ․ Դարձվածքների կառուցվածքային և իմաստաբանական արժեքը և բնորոշ լինելը կենդանի-խոսակցական (բարբառային) միջավայրին։
գ․ Բարբառային բառարաններում չամրագրված կայուն արտահայտությունների (բառախումբ) կառուցվածքն ու ամրագրված իմաստը Գորիսի բարբառում։
4. Դարձվածքների ձևաբանական արժեքը՝ բայական և անվանական դարձվածային միավորներ, առանձնացրել դրանց իմաստային նշանակությունները, բաղադրիչների տարաբնույթ կազմությունները համեմատության և վերլուծական մեթոդներով։
5․ Գորիսի բարբառում և Արցախի բարբառ-խոսվածքներում վկայվող դարձվածային միավորների ընդհանրությունները (համեմատական քննություն)։
Դարձվածային միավորների քննություն
Դարձվածային միավորների ձևաբանական արժեքն ընդհանուր առմամբ բխում է նրանց իմաստային, բառաքերականական և գործառական հատկանիշներից[5]։
Ընդհանրապես յուրաքանչյուր լեզվի դարձվածապաշարում գերակշռում են բայական դարձվածքները, որոնց առանցքային բայ բաղադրիչը հանդես է գալիս կա՛մ անդեմ-դերբայական, կա՛մ դիմավոր-եղանակային ձևերով: Առաջին դեպքում բայական այդօրինակ կապակցությունները գործածվում են անվանողական արժեքով, երկրորդ դեպքում հաղորդակցական արժեք են ստանում` համատեղելով բայական արժեքն ու հաղորդակցական գործառույթը[6]։
Յուրահատուկ են հետևյալ բայական դարձվածքները: Այսպես՝ վիրա¨ն մըն շամփուր մէս չինիլ — գործածվում է «շատ նիհար, հյուծված» նշանակությամբ. «Էս խօխան հաց չի օտում, վիրա¨ն մըն շամփուր մէս չկա»[7]: «Ղարաբաղի բարբառի բառարանում» (այսուհետ՝ ՂԲԲ[8]) «նիհար, բարձրահասակ և ձիգ քայլով մարդ» իմաստով կա շամփուր կօլ տըված դարձվածային տարբերակը (էջ 565):
Նույն նշանակությամբ, սակայն առավել բացասական երանգով («չարությունից, նախանձից հյուծված, հիվանդ տեսք ունեցող») բարբառում տարածված է կըռըհա¨քի տա¨ռա¨ծ դարձվածը. «Էս հինչ ա իլա¨լ էս կընգանը, կըռըհա¨քի ա¨ տա¨ռա¨լ»: Կըռըհյաքի բացատրվում է «կեռ պոչ ունեցող, կեռ պոչով կարիճ և փխբ. խարդախ, խորամանկ». «Կըռըհա¨քի մարթիք շատ կան» (ՂԲԲ, էջ 362):
Ընդհանրապես մասնագիտական գրականության մեջ դարձվածային տարբերակներ են համարվում այն դարձվածային միավորները, որոնք տարբերվում են միմյանցից այս կամ այն բառով, ձևաբանական կառուցվածքով կամ շարադասությամբ և այլն, բայց չեն տարբերվում դարձվածքի ընդհանուր իմաստով[9]։
Շամփուր բաղադրիչով մեկ այլ դարձված ևս տարածված է Գորիսի բարբառում. Շամփուրին քաղէլ – «տանջել, նեղել, չարչարել». «Սաղ քիշէր քօն չի ինում, ինձ շամփուրին ա քաղում»: ՂԲԲ-ում հանդիպում ենք նույն իմաստով շամփուրը նի քաշիլ դարձվածը (էջ 565):
Մայադ ճո¨ւր տա¨ռնա¨ – «չպտղավորվել, երեխա չունենալ». «Մայադ ճյո¨ւր տա¨ռնա¨, խէ էս խուխիս թակում»: Պրս., թրք. māya թթխմոր բառն է՝ «մակարդ, մերան», «փխբ. 1. խառնակիչ, 2. դրամագլուխ» (ՂԲԲ, 487): Հետաքրքրական է, որ բարբառում այս բաղադրիչով տարածված են հիմնականում դրա փոխաբերական նշանակություններով դարձվածքները՝ մայան բաթմիշ ինիլ («ունեցվածքը կորցնել»), մայա տալ (մեկին մյուսի դեմ հանել), մայա տա¨ռնա¨լ («ունեցվածքի հիմք դառնալ»), մայա փըռնել («ունեցվածքի, հարստության հիմք դնել»): Իսկ բաղադրիչի առաջնային իմաստով հայտնի է փօրը մայա ինգիլ («կշտանալ») դարձվածը:
Մյուս դարձվածն է աջալ-մաջալ տալ || չըտալ — «խոսելու ընթացքում հերթ, ժամանակ տալ || չտալ դիմացինին». «Աջալ-մաջալ չէս տամ, վէր խօսամ», «Աջալ-մաջալ տօր, մէնք ալ խօսանք»:
Դարձվածքի առանցքային բաղադրիչը մա¨ջա¨լն || մըջա¨լ-ն է՝ արաբ․ macāl բառը՝ macāl «1. տարածք, ասպարեզ, 2. ուժ», որից հայերենի բարբառներում՝ «ժամանակ, պահ» իմաստներով: ՂԲԲ-ում կա մըջա¨լ տալ դարձվածքը՝ «հնարավորություն, հարմար պահ, միջոց ընձեռել» իմաստով (էջ 513): Սակայն մեր կողմից նշվածն ունի կոնկրետ գործածության իմաստ՝ հենց խոսելու ընթացքում «հերթ տալ-չտալը»: Դարձվածքը կազմությամբ կրկնավոր բարդություն է՝ մա¨ջա¨լ-մա¨ջա¨լ տալ, փոխազդեցական հնչյունափոխությամբ առաջին բաղադրիչի մ-ն ընկել է և դարձել ա¨ջա¨լ-մա¨ջա¨լ, քանի որ ա¨ջա¨լ բաղադրիչը որևէ իմաստային կապ չունի ա¨ջա¨լ (արաբ. acala «արագացում»), բարբառային տարածքում «օրհաս, վախճան, կյանքի վերջ, մահ» իմաստների հետ (ՂԲԲ, էջ 64): Այդ բառով գործածվում է ա¨ջա¨լը ծըրավէլ «պատահարից չխուսափել, իր արարքով իր օրհասը մոտեցնել» դարձվածային միավորը: Իսկ մա¨ջա¨լ բաղադրիչով առօրյա-խոսակցականում շատ է գործածվում նէղ մա¨ջա¨լ արտահայտությունը. «Էս նեղ մաջալին էս էր պակասում»:
Հըռչիպը/հըռճիպը կըլխին տալ — «խիստ զայրանալ, վրդովվել»: Ըստ երևույթին՝ դարձվածքը կազմված է հէռ/հըռ (գրբ. եռ)—1. «եռալ, եռ գալ, եռք» և 2. «ցավ, կսկիծ, մարմաջ» (ՂԲԲ, էջ 422) և ճըպի/ճիպի 1. «աչքերը արագ-արագ թարթել», 2. «ցոլալ, առկայծել» (ՂԲԲ, էջ 471) բառերի բաղադրությամբ՝ նշանակելով «զայրույթից, վրդովմունքից աչքերը ճպճպացնել», իսկ փոխաբերաբար՝ «աչքերը բնից դուրս գալ»։
Յալին վազ տալ – «շահագործել, առիթից օգտվել». «Մարթուս տիրա¨լ են շա¨շի տէղ, յալին վազ էն տամ», «Սա¨ս չէս հանում, յալիդ վազ էն տամ»: «Հայոց լեզվի բարբառային բառարանում» նշվում է 1. «ձիու պարանոցի մազափունջ, բաշ», 2. «մազեր» իմաստներով[10]: Դարձվածքի իմաստը որոշակիանում է յալ բաղադրիչի առկայությամբ, այսինքն՝ «բաշից, վզից բռնած հեծնել, քշել», ինչից էլ բխում է դարձվածային իմաստը:
Մըշալին կապէլ — «խայտառակ անել, վիրավորել». «Պա¨ն չասէս, կա¨լո¨ւ ա ինձ մըշալին կապի»: Մաշալ(լ)ա || մըշալ(լ)ա (արաբ. mešale, պարս. māšāle) բառն է, որը նշանակում է «երկար փայտի ծայրին փաթաթած և նավթով՝ բենզինով և այլն թաթախած լաթ, որ վառում են լուսավորելու համար, ջահ» («Մաշալան նի յա կըցրալ» (ՂԲԲ, էջ 490)): Բառիմաստով պայմանավորված՝ խոսակցականում լայն տարածում ունի դրօշակ սարքիլ դարձվածային միավորը՝ ավելի մեղմ իմաստային գործածությամբ:
Այդպես և՝ նյութ շինիլ դարձվածային միավորը «պատմություն սարքել, կռիվ անել, ծաղրել» իմաստով. «Մի պա¨ն ըսէցի, նյութ շինէցիր»: Ըստ էության՝ ընդհանրություն կա խոսակցության նյութ կապակցության հետ, որ տարածում ունի հայերենի տարբերակներում։
Ղընդղընդի կա¨լ — «իր ուզածին չհասնել, տեղը չգտնել, իրեն կորցնել». «Մին ա իմըս ընիլու վէմ, թօղ ղընդղընդի կա¨»: Միայն ՀԼԲԲ-ում վկայված էր ղնդղնդոց ձևը՝ 1. «կսկիծ, ցավ», 2. «խոնթխոնթալ, քթի միջից խոսել, խմխմալ» իմաստներով (3, էջ 354):
Քափը քիցիլ – «հոգնել». «Քափըս քիցած տօն էմ յէկալ, էլ կարում չէմ», «Էդ գօրծ չի վէր յէս էմ անում, քափըս քո¨ւցո¨ւմ էմ, պա¨ն չի տո¨ւս կա¨մ»: Հատկանշական է, որ բարբառում լայն գործածություն ունեցող քափ-քըրթնօնք կապակցության մեջ քափ || քաֆ (պրս. kaf — փրփուր) բաղադրիչը որոշակիորեն պահպանում է իր փրփրակալած, փրփուր դարձած քրտինք նշանակությունը: Ուստի՝ քափ-քըրթնօնքը քիցիլ հայտնի դարձվածքում իմաստն էլ է որոշակի՝ շատ աշխատելուց քրտնել, չարչարվելուց քրտնել, ջուր դառնալ: Իսկ մեր նշած դարձվածային միավորում քրտինք բաղադրիչի միտումնավոր կրճատումով քափը քիցիլ-ը գործածվում է միայն «չարչարվել, շատ աշխատել, ապարդյուն աշխատել» իմաստով:
Ղուռդիբուռդի || ղուրդիբուրդի քիցիլ – «խառնաշփոթ, իրարանցում ստեղծել». «Յէկու, ղուռդիբուռին քյիցէց, քինաց»: Այս բառաձևով օրինակներ բառարաններում չկան: Հետաքրքրական է, որ ՂԲԲ-ում ղուրդի-ղուրդի (էջ 460) բառահոդվածի տակ նշվում է ղուլյղուլյա ձևը՝ «իրարանցում, խառնաշփոթություն» իմաստով (էջ 458) և լաղլաղի-ն՝ «խառնակչությամբ զբաղվող անձ, խառնակիչ» (էջ 236): Կարծում ենք, որ դարձվածքը կրկնությամբ հնչյունափոխված ձևն է՝ ղուրդի-ղուրդի > ղուրդի-բուրդի > ղուրդիբուրդի || ղուռդիբուռդի, ուստի՝ դարձվածային իմաստը բխում է նշված բառաձևերի իմաստներից։ Առավել հնարավոր է, որ դարձվածային կազմության բաղադրիչն առնչություն ունենա բուլդի և ղըլդի բառերի հետ[11]։
Առհասարակ դարձվածաբանական գրականության մեջ դերբայ գերադաս անդամով դարձվածքների հարցում տարակարծություններ կան: Մի դեպքում այդօրինակ բոլոր դարձվածքները համարվում են բայական կապակցություններ[12], մյուս դեպքում` բայական դարձվածքների մասնավոր կիրառություններ` որոշակի վերապահումով, որ «կան մեծ թվով դերբայական կապակցություններ (մեծ մասամբ հարակատարով), որոնք էլ բուն դերբայական կապակցություն կառույցն են ներկայացնում. այս կարգի դարձվածքները բայի ձևաբանական արժեք չունեն, այլ գոյականի, վերաբերականների, մակբայի, ածականի»[13]։
Բարբառում ավելի շատ են հանդիպում անէ/իլ բայի հարադրությամբ կապակցությունները, որոնք բարբառում կայունանում են հիմնականում հարակատարի ձևով:
Դուդրախ ըրած — «որևէ գործում տեղից չշարժվող, անտեղի, պարապ կանգնած»: «Լա¨ մի պան ըրա՛, դուդրախ ըրած յէշում ես»:
Բարբառային բառարաններում տրվում է դուդրուխ ձևը-1. «շատ բարձրահասակ ու նիհար մարդ», 2. «ցցված, տնկված» իմաստներով (ՀԼԲԲ, էջ 354), նաև՝ հոմանիշ դիքյչա/դյիքճա տարբերակը՝ փխբ. «շատ բարձրահասակ և նիհար» իմաստով (ՂԲԲ, էջ 128):
Նույն նշանակությամբ է գործածվում նաև փըդըվէնդի տա¨ռա¨ծ դարձվածը. «Տո¨ւրո¨ւր յէկ, փըդըվէնդի տա¨ռա¨ծ մէրըդ էս»:
Փէդ և վէնդ բառերի բաղադրությունից կազմված բարդություն է, քանի որ կա փըդանալ (փըտանալ || փըտյանալ) տարբերակը, որը փխբ. նշանակում է «փայտի նման ցցվել, անշարժ կանգնել» («Հինչ էս փըդացալ, տո¨ւրո¨ւր յէկ»):
Բայի հարակատար դերբայը մատնանշում է և՛ բայական գործողության գաղափար, և՛ գործողության կատարման դրություն, վիճակ: Այն արտահայտում է թե՛ գոյականական, թե՛ հատկանշային` ածականական և մակբայական նշանակություններ[14]։
Տափզի ըրած – «խորամանկ, սուսիկ-փուսիկ». «Տափզի ըրած ման ա կա¨մ, տակավը կօրծէրն անում»: Նման իմաստով և կապակցությամբ այլ ձևեր Գորիսի բարբառում հիմնականում չեն հանդիպում:
Ջիլա¨վը կախ ըրած – «ամեն տեղ միասին, հետը»: «Խօխօրցը ջիլա¨վը կախ ըրած տանում ա, պո¨ւրո¨ւմ», «Շտեղ քո¨ւնո¨ւմ ա, խօխան ջիլա¨վը կախ ըրած ա»: Ջըլա¨վ || ջիլա¨վ (պրս. jelou, թրք. čælau) «սանձ, պախուրց, պարան, կապ» բառն է, որով բաղադրված դարձվածքներ բարբառում շատ կան՝ ջիլա¨վը ծէրքը տալ (իշխանությունը, իրավունքը մեկին տալ), ջիլա¨վը ծէրքումը պահէլ, ջիլա¨վը ծէրքը հըվաքէլ, ջյիլա¨վը կլխավը տալ, ջ¨իլավը կըտրած (կապը կտրած), ջիլա¨վը պաս/ց թօղնիլ և այլն: Սրանք բարբառային բառարաններում վկայված են:
Բայական դարձվածքների լրացյալ բայը, եղանակային ձևերով դրվելով, կարող է ցույց տալ ասույթի բովանդակության հարաբերությունը խոսելու պահի հետ, դրանով դարձվածքը ձեռք է բերում հաղորդակցական արժեք, արտահայտում է արդեն միտք, դատողություն[15]։
Կօնդը կախ անիլ — «մի տեղ երկար մնալ, սպասեցնել» նշանակությամբ: «Յէշի չքինա¨ս կօնդըտ կախ անէս, շո¨ւտ կիկա¨ս»: Կօնդ-ը գրաբարյան կունդ, գունդ բառն է, նաև՝ որոշ բույսերի (սոխ, սխտոր) գնդաձև արմատը, կոճղեզ[16]: ՂԲԲ-ում կա կօնդը կախ— ծղր. «տխուր, ամոթահար» իմաստով (էջ 398): Հետաքրքրական է, որ այս իմաստային նշանակությամբ բարբառում գործածական են ևս վէռը կախ անիլ, ռեխը կախ անիլ և վէնդը կախ անիլ դարձվածքները: Առաջին երկուսը գռեհկաբանական երանգ ունեն, իսկ վերջին դարձվածի չեզոք գործածությունը պայմանավորված է դրա ավելի շատ դրական խոնարհումով կիրառվելով՝ «Վէնդըտ կախ ըրա, կա¨մեմ»:
Շուխկուբուդուր անիլ — «աղմուկ-աղաղակ, իրարանցում առաջացնել, բարձրաձայն խոսել»: Տարածված դարձվածք չէ, քանի որ խոսակցական լեզվում զիջում է շուխուր || շըխուր անէլ ձևին: ՀԼԲԲ-ում տրված է բուդուր արմատը, որը գործածվում է կապակցության մեջ՝ բուդուր-բուդուր տալ՝ «ջանալ, եռանդով մի բան անել» նշանակությամբ: Իսկ առաջին բաղադրիչը, ըստ երևույթին, կապված է շուխկ/շըխկ նմանաձայնության հետ (շխկացնել, շրխկացնել):
Ցա¨քը ըսքըսիլ — «աշնանացանը, վարը սկսել». «Կարում չէմ հըսցնէմ, ցա¨քը սկսալ ա»: Կապակցության մեջ ցաքէլ բայն է, որը Ղրբ., Մկս., Մշ., բարբառներում նշանակում է ցաքանել, տափանել, փխրեցնել (ՀԼԲԲ, էջ 268):
Բարբառային դարձվածքների մեջ կան նաև այնպիսինները, որոնք ձևական կազմով նույնն են կամ գրեթե նույնը, սակայն առանձնանում են իմաստային մի նոր նշանակությամբ:
Այսպես՝ դութման փըռնիլ — «համառություն, կամակորություն անել»: «էլի դութմատ փըռնալ ա, ասում եմ՝ մի՛ ըրա, գօրծ չօնէս»: ՂԲԲ-ում կա դութման յըէր կէնալ/փըռնէլ դարձվածը՝ «ուժեղ գլխացավ» և «խիստ ջղայնանալ» իմաստներով (էջ 129):
Քօսէրը փըռնիլ – «ինչ-որ բան անելու համար տեղը չգտնել, ամեն ինչի դիմել, հիվանդագին ընդունել»: «Քօսերը փըռնալ ա, քա¨ց քաղաք»: Ըստ երևույթին՝ կապված է քոս՝ հիվանդագին, անտանելի քոր առաջացնող հիվանդության անվան հետ, որից հիվանդների մոտ առաջանում են անհանգստություն, նյարդային խանգարումներ, անքնություն: Այդ իսկ պատճառով դարձվածի իմաստային բովանդակությունն իր մեջ ևս առնում է այդ իմաստային ընդհանրությունները:
Կըռըքնին յէր թափիլ — «1․ ինչ-որ բան ուտելիս ատամները ցավել, տհաճություն զգալ, 2. մի բանը շատ ասել»: «Էս հինչ էս սարքալ, տնաշեն, կըռըքնիս յէր թափէց» (կէռիք (գրբ. կեռիք) մարդու կամ կենդանու ատամ): Բարբառում գործածվում է նաև յէր տէռնալ՝ 1. «ուժից, իշխանությունից զրկվել, ծերանալ» և 2. «մի բան ապարդյուն շատ ասել» իմաստներով (ՂԲԲ, էջ 362):
Շօրէրը նէստան կէնալ — «քրտնել, հագուստից նեղվել»: «Էսօրի էնքան գօրծ եմ ըրալ, շօրէրըս նէստա յա կըցալ, մեռնում եմ»: Առանձին գործածական և բառարաններում նշվում է նըէստա կէնալ-ը՝ 1. «կպչել, փակչել», 2. «մեկից՝ մի բանից ձեռք չքաշել՝ չհրաժարվել՝ օձիքը բաց չթողնել»: Դարձվածը գործածվում է պուք չկա¨լ դարձվածային միավորի հետ միասին, օր.՝ «Խօխան նըէստա յա կըցալ, պուք չի կա¨մ մօրը անա» (ՂԲԲ, էջ 555):
Ռա¨հիլը քաշէլ — «թողնել-հեռանալ, ստիպված գնալ»: «Մի պա¨ն տուր, ռա¨հիլս քաշէմ, քինա¨մ»: Ըստ երևույթին՝ սա ռադը քաշիլ/ռադ ինիլ /ռադ իլ գռեհկաբանական արտահայտության հնչյունափոխված, աղավաղված արտասանությամբ տարբերակն է: Արմատը ըռադ/ըռադ/ռա¨դ/ռադ (արաբ. red’ վանել, մերժել, հետ դարձնել) բառն է (ՂԲԲ, էջ 166):
Նշյալ արմատի հետ է կապվում ևս մեկ արտահայտություն՝ քինա¨ կըլխաս: Սա եղանակավորող դարձվածքի արժեք ունեցող կառույց է, քանի որ հատուկ դարձվածային իմաստ չի նշում, այլ արտահայտում է արհամարհական, դժկամական վերաբերմունք: Սրա առաջացումը հավանաբար առնչվում է կըլխան ռադ անէլ («ձանձրույթ, տհաճություն և այլն պատճառողին որևէ խնդրով իր մոտից հեռացնել») դարձվածքի՝ կրճատված տարբերակի հետ:
Ղըրի խօսալ – «անտեղի, իզուր խոսել, մեկին վատաբանել, չարախոսել»: «Ղըրի խօսա միլ, էն մարթը տէնց պա¨ն չի ասալ»:
Ղըրէ բաղադրիչը հանդիպում է ՀԼԼԲ-ում, որտեղ նշվում է գործածությունը Գորիսի, Ղարաբաղի բարբառներում՝ «մեկի հասցեին, մեկի մասին» բացատրությամբ (ՀԼԲԲ, 3, 352)։
Դինջից հանիլ – «ձանձրալի, քնեցնող վիճակից դուրս գալ». «Լա¨վ ա խուսացիր, դինջից հընէցիր, թա¨շնա¨ քօն ի նիլու» (բարբառներում տարածված դինջ «հանգիստ, հեշտ, դյուրին» բառն է:
Յէմը տեղը (ինիլ) -1. «չաղանալ, կամվածքը լավացնել, 2. գործերը հաջող ընթանալ, լավ պաշտոն զբաղեցնել». «Լա¨ պաշտօնը փոխում էն, դո¨ւզվո¨ւմ ա, չըղանում․ յէմը տեղնն ա»: Կազմված է թրք. yem (ուտելիք, կեր) բառից։ Բարբառում այդ իմաստով պակաս տարածում չունի նաև ռուսերեն փոխառությամբ կորմը տեղն ա դարձվածքը: Վերջիննս, սակայն, ավելի գործածական է ուղիղ իմաստով. «Խոզերի կորմը տեղնն ա, լա¨վ աճում էն»:
Պ. Բեդիրյանը ժամանակակից հայերենի ոչ փոխաբերական կայուն բառակապակցություններին նվիրված իր աշխատանքում առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում դարձվածային արտահայտություններին: Նա նկատում է, որ դրանք կայուն համեմատություններ են և «պարզ ցույց են տալիս, թե ինչպես են սովորական բանաձևումները ժամանակի ընթացքում դառնում դարձվածային միավորներ, պատրաստի վերարտադրելի կապակցություններ»[17]։
Բարբառային անվանական դարձվածային միավորներն ինքնատիպ են հատկապես այս կամ այն մարդուն դիպուկ բնութագրելու առումով: Ընդհանրապես դարձվածքներով ավելի ցայտուն, վառ ու պատկերավոր են արտահայտվում մարդու ներաշխարհը, հոգեբանական վիճակներն ու խառնվածքը:
Ցա¨քի փօշ — «կոպիտ, գռեհիկ մարդ»: «Ա՛, ցա¨քի փօշ, հերիք չի էդ խուխին կըտկօտէս»:
ՂԲԲ-ում ցյա¨ք բառահոդվածի տակ նշվում է «փշոտ թուփ, որով ցանկապատ են քաշում, առանձին փխբ. գործածությամբ՝ կոշտ՝ կոպիտ բնավորությամբ մարդ» («էն էլ հօ ըսկէսուր չի, ցյա¨ք ա, ցյա¨ք»)։ Սյունիք-Արցախի բարբառային տարածքում նշվում է նաև ցյա¨քո¨ւ փօշ կապակցությունը հենց բույս նշանակությամբ։
Հետաքրքրական գործածություն ու կազմություն ունի նաև դիք-դըռաբա դարձվածքը. «Դիք—դըռաբա մարթ էս, մըն նախշուն պա¨ն չէս ասիլ»: Կազմության առաջին բաղադրիչը թրք. dik բառն է՝ «զառիվեր, վեր ձգված, ցցված, բարձունք» նշանակությամբ: Երկրորդ բաղադրիչը բարբառային բառարաններում առանձին գործածություն չունի: Ըստ երևույթին՝ կապված է դըռի «լրիվ չեփած, փխբ.՝ աշխույժ, կայտառ ծերերի մասին» բառի հետ (հմմտ․՝ դըռա՝ Մշ. քուրդ կամ թուրք կին, Վն. քրդի կին):
Դուդուռը էրգա¨ն — «տգեղ դեմք ունեցող, ոչ դուրեկան մարդ». «Հա՜, դուդուռը էրգա¨ն, կէշ մարթ ա»: Արմատը դուդա/դուդու (թրք. dudak) բառն է՝ 1. «անասունների դունչ՝ քիթ-բերան» և 2. «անարգական երանգով՝ մարդու քիթ-բերան»։
Ամփոփում
Գորիսի բարբառում տարածված և առօրյա հաղորդակցության մերանը կազմող դարձվածքները աշխարհաճանաչողության և լեզվամշակույթի պահպանման կարևորագույն պատառիկներն են, որոնց անտեսումը, մոռացումը և այլ համարժեքներով փոխարինումը կհանգեցնի բարբառախոս հանրության կեցության և այդ կենսակերպով ձևավորված արժեհամակարգի խաթարմանը: Հետաքրքրական է, որ բայական դարձվածքների անվանական բաղադրիչը, կազմված լինելով ծագմամբ փոխառյալ բառերից, յուրահատուկ իմաստ է ստացել դարձվածքի կազմում. այսկերպ՝ բարբառախոս հանրությունը կարողացել է յուրացնել հասկացությունը, վերաիմաստավորել, դարձնել բարբառային՝ հարստացնելով բարբառային բառապաշարի կազմը, արտահայտման ձևերի բազմազանությունը ոճական (ոճավորման) յուրահատուկ նպատակադրումներով։
И. А. Маргарян — Фразеологизмы горисского диалекта, которых нет в диалектных словарях․-Изучаемые диалектные фразеологизмы являются интересными структурами, широко распространенными в диалектной среде Гориса и не вошедшими в диалектные словари. Среди них именные формы уступают по количеству глагольным фразам. Наиболее распространены фразеологизмы ”делать” глаголом, которие стабилизировались на результативное прошедшее форме и выражают уникальные семантические нюансы․ Изучение материала с помощью сравнительного анализа позволило сопоставить и проанализировать общность выражений, встречающихся в Горисском и Арцахском диалектах, в то же время подчеркивая уникальные смысловые и формальные проявления горисских выражений, закрепленных на отдельном диалекте․ Мы извлекли, собрали фразеологизмы Горисского диалекта из живой речи, рассмотрели их понимание и усвоение в речи․ В основном мы изучили внешний и внутренний облик человека, черты характера и общие черты, фразеологические единицы, характеризующие повседневные реалии․A. Margaryan- Phraseological units of the Goris dialect that are not found in dialect dictionaries․— The studied dialect phraseological units are interesting structures that are widespread in the dialect environment of Goris and are not included in dialect dictionaries. Among them, nominal forms are inferior in number to verbal phrases. The most common phraseological units are “to make” a verb, which have stabilized into a productive past form and express unique semantic nuances. Studying the material with the help of comparative analysis allowed us to compare and analyze the commonality of expressions found in the Goris and Artsakh dialects, at the same time emphasizing the unique semantic and formal manifestations of Goris expressions fixed in a separate dialect․ We have extracted and collected phraseological units of the Goris dialect from live speech, we examined their understanding and assimilation in speech․ Basically, we studied the external and internal appearance of a person, character traits and common features, phraseological units characterizing everyday realities․
[1] Մարգարյան Ա., Գորիսի բարբառը, Ե․, Երևանի համալսարանի հրատ., 1975, էջ 246:
[2] Ինչպես, օրինակ, Քումունց Մ., Ներսիսյան Լ., Սյունիք-Արցախ բարբառային տարածքի ռազմական բնագավառի տերմինները Գորիսի բարբառում, «Բանբեր» Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, 2017, 1(40), էջ 690-699, Քումունց Մ․, Գորիսի բարբառը հայերենի բարբառների բազմահատկանիշ դասակարգման համատեքստում, Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարեվելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ, միջազգային գիտաժողովի նյութեր, Ե․, 2022, էջ 253-270 և այլն։
[3] Norbekova R․, Teaching phraseology conducting theory and practice, Mental Enlightenment Scientific-Methodological Journal. 1, 01 (Dec. 2020, 57–65), p. 58.
[4] Zerkina N․, Kostina N․, English Phraseology in Teaching: Interrelation of Theory and Practice, Procedia — Social and Behavioral Sciences, Volume 199 (p. 143-148), 2015, p. 144.
[5] Բադիկյան Խ․, Ժամանակակից հայերենի դարձվածային միավորները, Ե․, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, 1986, էջ 91-93 (այսուհետև՝ Բադիկյան 1986)։
[6] Տե՛ս՝ Մարգարյան Ա․, Ժամանակակից հայոց լեզու, Ե․, ԵՊՀ հրատ․, 1993, էջ 325, Բադիկյան 1986, էջ 161:
[7] Դարձվածային միավորների օրինակները բերված են բարբառախոս միջավայրի առօրյա խոսքաշարից:
[8] Սարգսյան Ա., Ղարաբաղի բարբառի բառարան, առաջին հրատ., Արցախի պետական համալսարան, Ե․, 2013, երկրորդ հրատ., Ե․, «Էդիթ պրինտ» հրատ., 2019:
[9] Բադիկյան Խ․, Դարձվածային ոճաբանություն, Ե․, ԳԱԱ հրատ․, 2000, էջ 81-86։
[10] Հայոց լեզվի բարբառային բառարան, Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ (գլխ. խմբ.՝ Ա. Սարգսյան, 7 հատորով, 2001-2012), հատ․ Դ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Ե․, 2008, էջ 100։
[11] Քումունց Մ․, -ՏԻ || -ԴԻ ածանցով բարբառային մի քանի բառերի քննություն, Արցախի պետական համալսարանի գիտական գտեղեկագիր, պրակ 2, 2022, էջ 31-40։
[12] Մարգարյան Ա․, նշվ. աշխ., էջ 317։
[13] Տե՛ս Բեդիրյան Պ․, Ժամանակակից հայերենի ոչ փոխաբերական կայուն բառակապակցությունները, Ե., ՀՊՄԻ, 1990, էջ 201։
[14] Ավետիսյան Լ․, Համեմատություն-դարձվածային միավորները ժամանակակից հայերենում, Ե․, «Էդիթ Պրինտ» հրատ․, 2018, էջ 50։
[15] Բեդիրյան Պ․, Ժամանակակից հայերենի դարձվածաբանություն, Ե․, «Լույս» հրատ․, 1973, էջ 185։
[16] Այս մասին կարելի է տեսնել՝ Քումունց Մ., Սյունիք-Արցախ բարբառային տարածքի մի քանի համանունների ուսումնասիրության շուրջ, Հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածու՝ նվիրված Վ. Ա. Քոսյանի ծննդյան 90-ամյակին, Երևան, 2017, էջ 172-181:
[17] Բադիկյան Խ․, 1986, էջ 49-51:
Աղբյուրը՝ Բարբառագիտական ընթերցումներ, միջազգային գիտաժողովի նյութեր (Երևան, 2024թ․, նոյեմբերի 14-15)