Նորաբանությունները Վարդան Հակոբյանի ստեղծագործություններում

Spread the love

Նորաբանությունների ստեղծումը լեզվի մեջ մեծ հաշվով պայմանավորված է հասարակության կյանքում առաջացած նոր առարկաները, երևույթներն ու հատկանիշներն անվանելու, ինչպես և՝ արդեն իսկ եղած, հայտնի ու տարածված առարկաներին, երևույթներին ու հատկանիշներին նոր, թարմ անվանում տալու պահանջով: Եվ խոսքի միավոր լինելու հանգամաքով էլ նորաբանությունները լինում են լեզվական և անհատական կամ հեղինակային:

Լեզվական նորաբանություններն առաջանում են արտալեզվական գործոնների ազդեցությամբ՝ լեզվի բառապաշարը հարստացնելու, համալրելու նպատակով, և դրանց ստեղծման գործընթացում ստեղծողի հեղինակային անհատականությունը չի կարևորվում, իսկ անհատական-հեղինակային նորաբանությունները մեկուսացած են. ստեղծվում են հիմնականում ոչ թե լեզվի բառապաշարը հարստացնելու, այլ ոճական նպատակադրումով և իրենց անվանողական գործառույթով էլ առավելապես անհատական վերաբերմունքի դրսևորման արտահայտություններ են[1]:

Հեղինակային նորաբանությունների ուսումնասիրության արդիականությունը, ըստ էության, ենթադրում է քննական որոշակի մեթոդներ. Վ. Հակոբյանի երկերի բառապաշարի  մասին ընդհանուր պատկերացում, հեղինակային ինքնատիպ ոճի բացահայտում, գեղարվեստական խոսքում  գործածված հեղինակային նոր բառերի արձանագրում և հանրայնացնում: Կարևոր է նաև բառակազմական և իմաստաբանական այն կաղապարների առանձնացումը, որոնք հիմք են հեղինակի համար հայերենի բառապաշարի կազմը նոր բառերով համալրելու համար:

Վարդան Հակոբյանի ստեղծագործությունների նորաբանությունները հատկանշվում են և՛ իրենց կազմությամբ ու իմաստային խորությամբ, և՛ հեղինակի գրելաոճին բնորոշ գծերի, հույզերի, իրողությունների վառ, կտրուկ, սուր արտահայտչաձևերի ընդգծումով:

Վարդան Հակոբյանի «Նշանագրություն լուսնի վրա»[2] (այսուհետ՝ ՆԼՎ) և «Ընտրանի»[3] (այսուհետ՝ Ը) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուներից առանձնացրել ենք հիմնականում բառային նորաբանություններ, որոնք այլաբանական խտացումներ չունեն. հասկանալի են ու պարզ[4]:

Քննությունը հիմք է տալիս փաստելու, որ հեղինակային-անհատական նորաբանությունները վկայված չեն՝

  1. Մի շարք բառարաններում[5],
  2. «Նոր բառեր» գրքի 1-4 պրակներում[6],
  3. ԱՐԵՎԱԿ (Արևելահայերենի ազգային կորպուս) բաց էլեկտրոնային գրադարանում: Պետք է նշել, որ ԱՐԵՎԱԿ-ի մոտ 110 միլիոնանոց բառամթերքում վկայաբերվում են Վ. Հակոբյանի «Թևերի հեռուն» շարքի բանաստեղծություններից հետևյալ նորաբանությունները՝ անաղբյուր, անփակագիծ, բարևուն, թոնրապատ, գիժկատակ, յոթնասև[7]:

Լեզվաբանության մեջ նորաբանություն հասկացությունը միատարր չէ: Լայն առումով՝ նորաբանություն են կոչվում լեզվի զարգացման յուրաքանչյուր նոր փուլում այն բոլոր նոր բառերը, որոնք մուտք են գործում բառապաշարի մեջ: Բայց կարծում ենք, որ պետք է տարբերակել նորաբանություն, նորակազմություն և նոր բառ հասկացությունները:  Նորաբանության (տվյալ պարագայում խոսքը հեղինակային նորաբանության մասին է) նոր բառ դառնալու կամ նորի վերածվելու պայմանը հետևյալն է. «որքան հաճախ գործածվի տվյալ նորաբանությունը, որքան մեծ կարիք ու պահանջ լինի տվյալ բառի ամենօրյա գործածության, այնքան կմեծանա այդ նորաբանության նոր բառ դառնալու հավանականությունը»[8]: Նորակազմությունները ձևով և իմաստով միանգամայն նոր կազմություններն են, որոնք իրենց հերթին կարող են լինել դիպվածային, պոտենցիալ:

Վ. Հակոբյանի ժողովածուներում ուսումնասիրել ենք 160 բառային նորաբանություն, որոնցից միայն 3 են իմաստային նորաբանություն. սրանք լեզվում գոյություն ունեցող բառերի ձեռք բերած նոր, թարմ իմաստներն են: Դրանք են՝ հացեփայտ, խաչեփայտ և նախապահ: Առաջին երկու բառաձևերը «Միջին հայերենի բառարան»ում (հացի փայտ և խաչափայտ//խաչափար//խաչեփար) վկայված են որպես ծառատեսակի և բուսատեսակի նշող անվանումներ[9]: Նախապահ բառաձևը Շիրվանզադեն գործածել է որպես կոչում, որտեղ պահ բաղադրիչը նշում է պահել. « -Ինձ թվում է, պարոն նախապահ, -միջամտեց Սինոփյանը, -որ պարոն դատախազի հարցը գործին չի վերաբերում» (Շիրվ., Պատմվածքներ և վիպակներ), իսկ Վ. Հակոբյանի բանատողում նշում է պահը, ժամանակը. «….անցնող վարկյանները նախապահեր են, քանի որ / ամեն ինչ միշտ լինում է հետո….» (Ը, էջ 51):

Քննվող ժողովածուների հեղինակային նորաբանությունների մեծ մասը ձևակազմությամբ և իմաստով նոր է՝ հատուկ հեղինակի ոճին, աշխարհընկալմանը և միաժամանակ բառախաղերի կերտման ու հանգավորման պահպանման հիանալի միջոցներ: Իսկ մի որոշ մասն էլ լեզվում արդեն իսկ հայտնի կաղապարների, բառահիմքերի, արմատների հիման վրա բառակազմական ածանցում եղանակի միջոցով որոշակի փոփոխություն կրած ու նորովի արտահայտված բառաձևեր են:

Քանակական առավելություն ունեն հոդակապավոր բարդությունները, որոնք դրսևորում են կաղապարային բազմազանություն:

Անհոդակապ, կցական բարդություններից հանդիպում են ընդամենը մի քանի օրինակներ՝ «…գետի տխրեղեգ ափի վրա / Բացում է իրեն» (Ը, էջ 21), «Թե ինչպես են գիժկատակ արևները / տերևների հետ կամաց-կամաց ծրարվում» (Ը, էջ 117), «Տունկանչի զանգ, / Զանգ Էրգրի, / զանգ արդարության….» (ՆԼՎ, էջ 93), «Մեկուսացված հայացք, / տխուր խոսքեղանակ….» (ՆԼՎ, էջ 112), «Բառը միջկապ է, / չգիտեմ՝ ում և ում, / ինչի և ինչի արանքում» (ՆԼՎ, էջ 119), «Թռչնի քչամանում հազիվ թե այդքան բառերը տեղավորվեն» (ՆԼՎ, էջ 249),  «…լացում են չորաչք՝ չունեցած գրոշների համար» (Ը, էջ 263):

Առավել գործուն են գոյական+գոյական կաղապարով հոդակապավոր կազմությունները, որոնց բաղադրիչները հիմանակնում արտահայտում են ա) որոշիչ-որոշյալ հարաբերություն՝ «Գիշերաթախիծը դանդաղ սողոսկում է լեռան ճեղքերից» (Ը, էջ 87), «Ձյան փետրափաթիլները, / մինչև ոտքդ գետնից կբարձրանա, ծածկում  են / ոտնահետքերդ» (Ը, էջ 121),  «Գիշերաթուխպը չի փակում տեսինքը, որ / ես եմ հորինել» (Ը, էջ 267),   «Ամպերի առյուծաթավիշը տեղ-տեղ / աղվեսամորթով է կարկատանված» (Ը, էջ 292) և բ) հատկացուցիչ-հատկացյալ՝ «Ինչպես են որսահաճույքի համար / աղեղը լարում Չինգիզ Խանի ձեռքերը» (Ը, էջ 84), «Ուղտի լեռնասապատներով անսահման անապատների ճանապարհն է սնվում» (Ը, էջ 132), «Երբ առավոտի արծաթե լուսաթաղանթի վրա / գրառիթմերն իմաստ են ստանում» (ՆԼՎ, էջ 251), «Լուսնահամ մարմնիդ թուխ բուրմունքները փռելով չորս կողմ» (Ը, էջ 50), «Բարակաթել բռնատեղով բաժակները / մատներիս մեջ ու արյանս բջիջներում / զնգացել են աստղագրգիռ….» (ՆԼՎ, էջ 168): Այդպես և՝ արյունափրփուր (Ը, էջ 159), տողաթել (Ը, էջ 256), երամախաղ (Ը, էջ 300), աղջկածաղիկ (Ը, էջ 301), երկնածարիր (Ը, էջ 301), ողբավարս (Ը, էջ 312), ոճրապահ (Ը, էջ 133), օրամիֆ (Ը, էջ 332), պահանկար (Ը, էջ 333), լեռնամորուս  (ՆԼՎ, էջ 145), մկնածակ (ՆԼՎ, էջ 241) մտափորձ (ՆԼՎ, էջ 258), ծխագիծ (ՆԼՎ, էջ 20):

Լեզվական տարբեր հատկանիշներով մյուսներին չեն զիջում հետևյալ կաղապարները, որոնք ունեն գլխավորապես ածականական, գոյականական խոսքիմասային արժեք:

  1. Գոյական+ածական՝ «Անձրևաթանձր մառախուղների ետևում….» (Ը, էջ 291), «…սրբում են բերանները նուրբ / և պատառաքաղ-մատներն իրենց եղունգասուր» (ՆԼՎ, էջ 96), «Դու մենակ ես, հանդամոլոր / և անհեռու, անարահետ» (ՆԼՎ, էջ 155),  «Խոսքաչար / բուի / աչքերով / գիշերվա մեջ» (ՆԼՎ, էջ 278):
  2. Ածական+գոյական` «…որպես սեղմնապատկերը նրա, որ / ապրում է մեր մեջ» (Ը, էջ 29), «Առաջ անցիր խոնարհապար / խոնարհաբար մի վարագույր ևս բացիր…» (Ը, էջ 22), «Տխուր եղանակ՝ անհատակ անցյալ, / ծառերի ծանոթ մտերմաշրշյուն» (Ը, էջ 118), «Մենամեղեդի: Սիրո դիմաց սեր պահանջելը եսասիրություն է / անփոխադարձ» (Ը, էջ 225), «Ճանապարհների վրա օտարամահ, / Դեր-Զոր դարձած աշխարհի վրա…» (ՆԼՎ, էջ 93):
  3. Ածական+ածական՝ «Մի քնքշաճերմակ ամպ միանգամից / արձակեց կայծակե գոտին ու փուլ / եկաց սարի կրծքին» (Ը, էջ 313), «Իրիկուն է, տուն ես բերում / հանդում գտած մի արահետ՝ / մաքրաշիտակ իր աղբյուրով» (ՆԼՎ, էջ 155):
  4. Գոյական (ածական)+բայարմատ՝ «Գունախաբ ու անտիրական ինչպես թռչող կարապը, որը / երկնքից երևի թե երբեք չի իջնելու» (Ը, էջ 51), «Ոչ թե ժամանակներն են հիմա / ազնվահերկ դարձել ու բյուեղացել….» (ՆԼՎ, էջ 100) «Նրանք կելնեն մի օր և օդը կմաքրեն անկուշտ երկրակերներից» (ՆԼՎ, էջ 240): Այդպես և՝ կախարդաթով (Ը, էջ 23), լուսնամետ (Ը, էջ 164), երգամոռաց (Ը, էջ 220), կամրջաթող (ՆԼՎ, էջ 239), ծերունամուտ (ՆԼՎ, էջ 36), ծամաքաշ (ՆԼՎ, էջ 253):

Կազմությունների մեջ կան բաղադրիչներ, որոնք վճռորոշ դեր են կատարում ոչ միայն բարդության բաղադրության գործում, այլև տվյալ պահին հաղորդվող, ներկայացվող երևույթի տպավորիչ արտահայտման համար: Կապված թեմայով, տրամադրության ուղղվածությամբ՝ հեղինակը գործածում է առանցքային բառեր (արմատներ)՝ բանատողերում թաքնված բանաստեղծական ամենանուրբ երանգները բացահայտելու համար, Ս. Սարինյանի բնորոշմամբ. «Վ. Հակոբյանը բացառիկ գրավչությամբ է պատկերել արցախյան ոգու կանչը մարդկանց գիտակցության ու կենսաբանական զգացողություններում: Բանաստեղծը բնության և սիրո արանքում է, բնությունն իր հեքիաթներն է շռայլում, սերը շնչավորում է բնությունը, և պոետը թարգմանում է այն բանաստեղծությամբ…»[10]:

Բառակազմորեն որպես առաջնաբաղադրիչ ակտիվ են Արցախ, ժամանակ և թոնիր արմատները, որպես վերջնաբաղադրիչ՝ նյութ-ը, իսկ և՛ առաջին, և՛ վերջին բաղադրիչներ՝  մոմ, մութ, թեժ արմատները:

«Արցախադարձ երկնքից արևը բոց է թափում» (Ը, էջ 219), «… Տարոնում, Արցախատան Հին Հարարում, / Էրգրում հայոց տիրացան մեր սուրբ սարերին….» (Ը, էջ 271), «Դարերի ժամանակադաշտում / փոփոխություններ մտցնելով….» (ՆԼՎ, էջ 260),  «Աներկիր խոսքեր, / ժամանակավայր՝ / անմոլորակ» (ՆԼՎ, էջ 217),  «Իսկ խոսքս… ժամանակադարան է, / ուր բառն է գետին հոսեցնում» (ՆԼՎ, էջ 118), «Պարզ է, որ խմորահացը թոնրապատից չի բռնելու» (Ը, էջ 33), «Նման եղան թաժա հաց վերցնելուն՝ / թոնրաթեժ պողերը վրան» (ՆԼՎ, էջ 63),  «Իմ կավանյութից է իմ բառը» (ՆԼՎ, էջ 125),  «Իմ բառը իմ կռվանյութից է» (ՆԼՎ, էջ 117), «Երկու մատնամոմ հանգչում են այրվող շուրթերիս վրա» (Ը, էջ 21), «Ուրվամոմի / նման հալվում էր ճամփամերձ եզրագերանը….» (ՆԼՎ, էջ 253), «Հարսնամոմի մեջ տաք-մեղրախոսում» (Ը, էջ 301),  «Սպասումների անհունում, ամենախորքում ջրերի / մի մոմածաղիկ է վառվում» (Ը, էջ 52),  «Կնաքարշ որձերի ոհմակը հոտոտում է մթնահունց էգերին» (Ը, էջ 26), «Մենությունը դառնում է մթնաթել….» (ՆԼՎ, էջ 259),  «Ինքնամութ գիշեր:» (Ը, էջ 385),  «Ջնջված մի վայրում / մանկություն եմ կիսել՝ / տխուր ու ածխամութ» (ՆԼՎ, էջ 250),  «Շրջանցելով լուսումութային մրրիկներն ու / փորձարարական / շրջագծերը քամու» (ՆԼՎ, էջ 266),  «Թերթերի էջերը «մաղալ» են դարձնում / թեժախարույկ, / ուր խորոված են պատրաստում «գրչի դեմոկրատները»» (ՆԼՎ, էջ 95),  «Եվ մի ամբողջ գիշեր, թեժածարավ գույների մեջ թավալվելով» (Ը, էջ 293):

Ժողովրդական շունչն առավել զգալի է այն կազմություններում, որոնց կամ ձևը, կամ դրանց բաղադրիչներից մեկը կամ ածանցը բնորոշ է խոսակցականին, ինչպես՝ «…որ չորս պատերի մեջ / մնացած մինուճարատեր հարևանը / չլսի, չնեղանա» (Ը, էջ 320), «Սկսեցին արևազիլ ղողանջներ / հնչել….» (Ը, էջ 325), «Մի քիչ / լռելուց հետո՝ ինքնուինքը. «Ցավի տված գերզայունությո՞ւն»» (Ը, էջ 338),  «Համացավցիներ ենք: / Աշխարհում ոչ մի գույն ինքը չէ….» (Ը, էջ 147):

Հեղինակային խոսքում գործածության քանակով և պատկերավորման հզոր լիցքով առանձնանում են բայական կազմությունները՝ անցյալանալ (Ը, էջ 86), հարցականել (ՆԼՎ, էջ 292), ծանծաղվել (ՆԼՎ, էջ 172), թերթաթափվել (Ը, էջ 258): Նշենք մի քանիսը բնագրային օրինակով. «Ծիտը մերկ ճյուղին տերևախաբ է տալիս» (Ը, էջ 11), «Մոռացածս՝ ափի մեջ, քանի տարի է՝ քարեքարվելով» (Ը, էջ 377), «Տարրամերվել ենք՝ / դիպակներում կյանքի: / Գիծ և գույն» (ՆԼՎ, էջ 223),

Հետաքրքրական են —վ ածանցով բայերի գործածությունները: Բաղադրվելով անորոշ դերբայի ել մասնիկի հետ՝ հասարակ գոյականներից սերում է բայեր՝ «Կաթիլ-կաթիլ աշխարհվում եմ» (Ը, էջ 12), «Կոկոնվում է հոգիս՝ լույսի քո ցողունին» (Ը, էջ 62), «Մեր աստղերը վաղուց ասուպվել են» (Ը, էջ 73), «Հիմա քարեր եմ փնտրում, որ իմ նմանակը լինեն գոնե: / Արձանվեմ» (Ը, էջ 146), «Աստվածամոր երազից ծաղկունքվել ես դու խոնարհ» (Ը, էջ 181), «…բռունցքներում երկնքված հենակներ են վեր հառնում» (Ը, էջ 202), «Իմ ձեռքն է ձգվում դեպի պողերը ծոցված կրակի» (ՆԼՎ, էջ 188), «Հողն Արցախա վրեժվում, որդոց շիրմին մխում է» (Ը, էջ 202):

Այս դեպքում բաղադրյալ վել  մասնիկն ունի բառակազմական գործառույթ, ինչը հաստատում է հայերենի զարգացման վերջին շրջանում այդ մասնիկի բառակազմական գործառույթով գործածությունների ակտիվությունը: Բավական է փաստել միայն Հ. Շիրազի «Հայոց դանթեական» պոեմը, որտեղ նման կազմությունների թիվը հասնում է ութ տասնյակի[11]:

Հանդիպում են նաև գոյական+ավոր+վել կաղապարով կազմություններ: -Վ- ածանցը նման բառակազմական (բայակերտման) նշանակությամբ բնորոշ է հայերենի գեղարվեստական լեզվին և առավելապես պոեզիային, որտեղ գոյական հիմքով կազմված շատ բայեր վ ածանցով դարձել են առարկայական երևույթներից բխող գործողության պատկերավոր արտահայտություններ և ստացել ոճական յուրահատուկ արժեք[12]: «Երազավորվել է նրանց երգում ու թևերում» (Ը, էջ 40), «Ծիծաղելի եմ դառնում ինքս էլ, / Ո՞նց բառավորվել» (Ը, էջ 179):

Ինչպես արդեն նշել ենք, հեղինակը ածանցման եղանակով ստեղծել է բառաձևեր, որոնք ժողովրդական մտածողության արդյունք են:

Հաճախադեպ են՝

  1. ան ժխտական նախածանցով կազմությունները՝ անմեղվավոր (Ը, էջ 36), անմենակ (Ը, էջ 38), անկանգունակ (Ը, էջ 367), անհարադիր (ՆԼՎ, էջ 240): Նշենք մի քանիսը բնագրային օրինակով. «Ճանապարհների վրա անմեր, անաղբյուր» (ՆՎԼ, էջ 93), «Ես սա բանաստեղծություն չէ, եթե կուզեք՝ / անբանաստեղծություն է» (ՆԼՎ, էջ 98), «Անփակագիծ ժպիտների զոհյալ ասպետ Ավոն է….» (Ը, էջ 131):
  2. ածանցով՝ հավքառատ (Ը, էջ 371), տարավարք (ՆԼՎ, էջ 112), մեղքատեր (ՆԼՎ, էջ 37), մենախորք (ՆԼՎ, էջ 256)[13]: Նշենք բնագրային օրինակներով ևս. «Գույներն են արթնանում մերկության մեջ հարսի առաջին վայելքագիշերում» (Ը, էջ 132), «Ուր արևը ՝ մեր համբույրի տեսքով, / իր շրթնահետքն է թողնում ձյուների վրա» (ՆԼՎ, էջ 61), «Թերթիկներ է գլորվում արբունքագեղ ջրերի ակում» (Ը, էջ 140):
  3. Ուհի վերջածանցով՝ «Ուզում է կողքի թռչնուհուն սեր խոստովանել հավքը» (Ը, էջ 39), «Աչքերիդ մեջ լալիս էր մի կապույտ մանուշակ, / մենակ աղջիկ, / մենակուհիս…./ Եվ այնքան խորն էի / թաքցրել սիրտս՝ աշխարհից, ցավից, / այդ ինչպե՞ս / գտար, / անձրևուհիս» (Ը, էջ 44), «Տխուր օդ: Անծանոթ ստվերուհի» (Ը, էջ 144):
  4. Ապ ժխտականով՝ «Մշտապես ես եմ, / որպես վաղվա շող՝ տապանակից դուրս, / ապայժմյա ու երկնածնունդ» (ՆԼՎ, էջ 265), «Կենսարար միջակայքում / շրջագայում է ապահնչյունը» (ՆԼՎ, էջ 51), «Աչքի առաջ պահել…./ ակնհայտորեն ներփակ «նյութի երևակայությունը» / ապաթատերական» (ՆԼՎ, էջ 250):
  5. Նախա- ածանցով՝ «Նախագիշեր է լույսը: / Լսելի քար: / Խնկելի բառ» (ՆԼՎ, էջ 225), «Իսկ իմ բառերը հնչում են միայն կապույտ օդում՝ / որպես նախաթղթային բանաստեղծություն» (ՆԼՎ, էջ 111), «Մի հատիկ ծիրան ընկել է ծառից / և մինչև հիմա անվերջ, անդադար / գլորվում է հին երկրագնդի շուրջ՝ / նախաարեգակ նման» (ՆԼՎ, էջ 45):
  6. Հակա— ածանցով. «Եթե ես քո մեջ / չեմ՝ արևը չի երևում, և ամեն ձնծաղիկ հակաձյուն է» (Ը, էջ 94), «Դա ատելություն չէ, / այլ… հակասեր, / վայրկյանների ավարառու» (ՆԼՎ, էջ 217):
  7. Ոտ վերջածանցով. «Լսելի լինի լեռոտ ու ձորոտ ղողանջը նրա» (ՆԼՎ, էջ 93), «Լույսի դեմքը մի քիչ մութոտ էր, լավ եմ հիշում» (ՆԼՎ, էջ 34):
  8. Ուն վերջածանցով. «Ամուր բռնի իր Նունեի երազներից՝…. / տաք-մեղրախոսուն» (Ը, էջ 301), «Կարոտ անմեռ է միայն անհասության մեջ բարևուն» (Ը, էջ 24):
  9. Ածանցական այլ ձևեր՝ գրչանցում (ՆԼՎ, էջ 235), չանվանություն (ՆԼՎ, էջ 258), ներումնավոր (ՆԼՎ, էջ 17), բազմաքննական (ՆԼՎ, էջ 260), արմատարան (Ը, էջ 373), արտապատճառային (ՆԼՎ, էջ 247): Նշենք բնագրային օրինակներով ևս. «Մութի միտումներն անքննելի են, ծաղկախոսության / պահերից դուրս» (ՆԼՎ, էջ 242), «Վարկյանը երկու կշռաքար ունի՝ սերը և չսերը» (ՆԼՎ, էջ 236):

Անհատական-ոճական նորաբանությունների մեջ տարբերակվում են նաև դիպվածային և պոտենցիալ բառերը:

Դիպվածային բառերն առանձնանում են իրենց գոյացման հապճեպությամբ, արտառոցությամբ, այսպես ասած՝ ստեղծովի, սարքովի բնույթով և ինչպես որ հանպատրաստից ստեղծվում են բանավոր խոսքում, այնպես էլ անցնում և մոռացվում են[14]: Գեղարվեստական խոսքում դրանք հիմնականում ունեն ոճական նպատակադրում:

Վ. Հակոբյանի ստեղծած դիպվածային բառերի մեծ մասը բազմաբաղադրիչ են, երկարաշունչ, ունեն միանգամյա գործածություն: Ինչպես՝ բառարանապարտադրական (Ը, էջ 258), փեղկափակոց (Ը, էջ 68), զորաջիղ (ՆԼՎ, էջ 265), հմայաշունչ (ՆԼՎ, էջ 266), հարահույս (ՆԼՎ, էջ 274), վանքադարան (Ը, էջ 373), տարատանջ (Ը, էջ 21), բուրումնավարդ (Ը, էջ 21), յոթնասև (Ը, էջ 132): Նշենք մի քանիսը բնագրային օրինակներով՝ «Խաչքարերը թևեր են մարիամակույս ճամփեքին» (Ը, էջ 219), «Քեզ կնայեն իմ նախնիները՝ / քարերին դաջված ստորագրախաչի տեսքով»(Ը, էջ 259), «…կուսակցապետերով՝ իրարամերժ, / իրարազանց, / իրարակեր» (ՆԼՎ, էջ 274):

Դիպվածային նորաբանություններից հատկապես շատ են -ություն ածանցով կազմվածները՝ տաքորսություն (Ը, էջ 294), ինքնահայտնաբերություն (Ը, էջ 296), ձայնիմացություն (ՆԼՎ, էջ 248), հավասարատարածականություն (ՆԼՎ, էջ 256), խորթմայրություն (Ը, էջ 22): Նշենք բնագրային օրինակներով ևս. «Իսկ գետը ձայնանկարչության դասեր է տալիս մանուկ հովերին…./ իսկ վառած մոմդ լուսաերաժշտության դասեր է տալիս ծլող աստղերին» (Ը, էջ 10), «Հորս ձենը կիսատախոսություն էր միշտ՝ / հատու հստակ վերջակետերով» (ՆԼՎ, էջ 253):

Պոտենցիալ բառերի կազմությունը բխում է լեզվի բառակազմական համակարգից: Կամված լինելով լեզվի արդյունավետ բառակազմական կաղապարներով՝ դրանք, սակայն,  մնում են իբրև անհատական նորակազմություններ և խոսքային իրողություններ[15]:

Հեղինակի լեզվում նման կազմությունները նպաստում են հանգերի պահպանմանը, խոսքի թեթև, սահուն արտահայտմանը. «Անահիտ՝ իմ քույր / Դու երգ-երգենի, / դու հուր-հրենի, / Սուրբ-Չարենցենի» (Ը, էջ 233), «Կանչիրգամ աչքերով աղջիկ, / Չեմգաչեմգա շուրթերով աղջիկ» (Ը, էջ 302), «….հազար ու մի խոստումներով, / գինու լիաշուրթ բերաններով, / երդումուտումներով» (Ը, էջ 263): Նման կազմությունները, լինելով խոսքային իրադրության արդյունք, անսովոր են, այդ իսկ պատճառով հիմնականում չեն մտնում և չեն ընդունվում լեզվի բառապաշարում:

Հայտնի է, որ հեղինակային նորակազմությունները հիմնականում ստեղծվում են նմանողության (անալոգիային) սկզբունքով: Նման կազմություններն արտահայտչական ուժ են ստանում միևնույն բանատողում գործածվելիս: Ինչպես՝ «Անցած և անցնելիք՝ / չփորձարկված, / չցամաքարկված, / չջրարկված ճանապարհներ» (Ը, էջ 85), «Ամենակոշտ, ամենաքար, / ամենաժայռ մարդը անգամ / հալվում, փափկում, / մռամոշ է դառնում սիրո մի ժպիտից» (Ը, էջ 199), «Որովհետև մարդն ուժեղ է գերմարդուց, / որովհետև մարդն ուժեղ է վերմարդուց….» (Ը, էջ 256):

Խոսուն են հետևյալները. հեղինակը արդեն իսկ հայտնի խաչքարաբուռ, անցուդարձ, գրկանք և արդարակշիռ բառերի համաբանությամբ կյանքի է կոչել աստվածաբուռ՝ «….և ափիս մեջ վառվում է աստվածաբուռ մի աշխարհ» (Ը, էջ 202), անցուշարժ՝ «Արջերը քաշվել են հերվա որջերի մեջ՝ / անխոս դուրս մնալով անցուշարժերից» (Ը, էջ 187), ատելանք՝ «Ի՞նչ կա քո մեջ՝ ատելա՞նք, սե՞ր, այդ ամենը մի հաշիվ է….» (ՆԼՎ, էջ 163) և արդարանժար՝ «….մենք նրա հետ քայլենք՝ / Պապ Ֆրանցիսկոսի արդարանժար / հայացքի ներքո» (ՆԼՎ, էջ 293) բառաձևերը:

Այսպիսով՝ նորաբանությունների, նորակազմ բառերի, նոր իմաստների, բառագործածությունների քննությունը միշտ էլ գնահատվել է յուրաքանչյուր լեզվի բառապաշարի ուսումնասիրման, համալրման գործում: Ուստի և՝ այս աշխատանքով փորձ է կատարվում ևս նպաստել վերջին շրջանում նորաբանությունների, նոր բառերի՝ համակողմանի ուսումնասիրման մեծ թափ ստացած լեզվապահպան գործընթացին: Անկախ նրանից, թե Վարդան Հակոբյանի հեղինակային նորաբանությունները, նորակազմությունները կգտնեն ընթերցողների լայն շրջան, կտարածվեն ու կմտնեն բառապաշարի ակտիվ շերտ, այնուհանդերձ, դրանց գոյությունը ընդգծում ու կարևորում է գրողի ինքնատիպ ոճն ու երևույթներին ու իրողություններին սուր բնութագրումներ տալու կարողությունը:


Нововведения/неологизм/ к сборникам стихов и поэм Вардана Акопяна

В последнее время набирает обороты процесс изучения нововведений/неологизма/, новых слов, смысловых новообразований, изучение словосочетаний определения их места и роли в лексикографии. В этом плане не менее важно также изучение нововведений отдельных авторов.

В лингвистике понятие неологизм не является однородным. В широком смысле на каждом новом этапе развития языка все те новые слова, которые входят в лексику.Нужно различать понятия ” неологизм “, “новообразование” и “новое слово”. Необходимым условием для того, чтобы стать новым словом в неологии или превратить его в новое, является его частое использование.

Новообразование по форме и смыслу-совершенно новые структуры, которые, в свою очередь, могут быть эфемерными, потенциальными.

Изучение авторских нововведений /неологизма/ В. Акопяна дает возможность составить четкое представление о языке его стихов и поэм, выявить своеобразный стиль и придать важность фактору своеобразного пополнения общего лексикона языка.

Изучено 160 словарных новшеств по своим видам, составу и значению. Например: сумасшедший «գիժկատակ», прозрачный «լուսնահամ», «Արցախատուն» Родина Арцах «Արցախատուն», «արձանվել» каменеть, «ստվերուհի» тень ж. и т. д.


Neologisms in VardanHakobyan’s Verse and Poems

The  linguisticprocess ofstudying neologisms, new words, new semantic coinages has greatly sped uprecently. The need to find and understand their usage and function in the mainstream vocabulary has become urgent.

The notion of neologisms as linguistic data is not one facet. In a larger sense neologisms are all those new words that enter a language during every new period of development it undergoes. We have to differentiate between protologisms( freshly coined words, neologisms at their early stage)  and neologisms, new words. Whether or not a neologism becomes a new word, enters the active/mainstream vocabulary of a language depends on the frequency of its usage. Neologisms ,at the stage of being protologisms , are completely new in their form and meaning, which can in their turn be occasional, potential.

The study of V.Hakobyan’s neologisms (author’sneologisms) gives opportunity to form a clear understanding of the language of his verse and poems, to unveil his unique style and to stress his contribution to the enrichment of mainstream vocabulary of language.

160 lexical neologisms, including their different types, formations and meanings have been studied. For example:  «գիժկատակ» (refering to the November sun, “crazy-mocking”) , «լուսնահամ» (moon flavoured), «Արցախատուն» (Artsakhland, Artsakh-home), «արձանվել» (get statued), «ստվերուհի» (shadowess, Miss-the-shadow), etc.


[1]Ս. Էլոյան, Ժամանակակից հայերենի բառային ոճաբանություն, Ե., 1989, էջ 183 (այսուհետև՝ Էլոյան, 1989):

[2] Վ. Հակոբյան, Նշանագրություն լուսնի վրա, Ե., Անտարես, 2016:

[3] Վ. Հակոբյան, Ընտրանի, Ե., Անտարես, 2017 (այսուհետև՝ Ընտրանի):

[4] «Ընտրանի» ժողովածուի «Հուշը՝ կացարան» բանաստեղծությունների շարքում ու «Տխրության հոլովակ», «Բանաստեղծություններ՝ չորս գրչանցումով» պոեմներում գործածված նորաբանություններն ու էջերը նշում ենք վերջին ժողովածուից առնված օրինակներով, որոնք զետեղված են «Նշանագրություն լուսնի վրա» ժողովածուում:

[5] Խ. Բարսեղյան, Հայերեն ուղղագրական-ուղղախոսական, տերմինաբանական բառարան, Ե., Լույս, 1973: Էդ. Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Ե., Հայաստան, 1976: Փ. Մեյթիխանյան, Նոր բառերի բացատրական բառարան, Ե., Փյունիկ, 1996: Հայոց լեզվի բարբառային բառարան, ՀՀ ԳԱԱ, Ե., հ. 1-4, 2001-2010: Ս. Էլոյան, Արդի հայերենի նորաբանությունների բառարան, Ե., Նաիրի, 2002: Ա. Սուքիասյան, Ք. Սուքիասյան, Արդի հայերենի ուղղագրական-ձևակազմական բառարան, Ե., Մակմիլան Արմենիա, 2002: Ռ. Ղազարյան, Հ. Ավետիսյան, Միջին հայերենի բառարան, Ե., ԵՊՀ, 2009: Ռ. Սաքապետոյեան, Արեւմտահայերէն-արեւելահայերէն նոր բառարան, Ե., Տիգրան Մեծ, 2011: Ա. Սարգսյան, Ղարաբաղի բարբառի բառարան, Արցախի պետական համալսարան, Ե., 2013: Ս. Համբարձումյան, Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմի նորակազմ բառերի բառարան, Ե., Ասողիկ, 2016:

[6] Ա. Գալստյան, Ս. Գալստյան, Գ. Հովսեփյան, Ա. Սահակյան, Լ. Սահինյան, Ֆ. Հակոբյան, Նոր բառեր, 1-4 պրակ, Ե., 2015-1018:

[7]Տե՛ս  http://www.eanc.net/EANC/search/?interface_language=am:

[8] Փ. Մեյթիխանյան, Նորաբանության, նոր բառի և նոր իմաստի ըմբռնումը հայ լեզվաբանության մեջ, ՊԲՀ, Ե., 1990, 3(43), էջ 49:

[9]  Ռ. Ղազարյան, Հ. Ավետիսյան, Միջին հայերենի բառարան, Ե., ԵՊՀ, 2009, էջ 417, 308:

[10] Ընտրանի, Ե., Անտարես, 2017, էջ 4:

[11] Ս. Համբարձումյան, Բառակազմական -վ- ածանցով բայերի գործածությունը Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմում, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական գիտաժողովի զեկուցումներ, Ե., 2011, էջ 45:

[12] Վ. Առաքելյան, Ա. Խաչատրյան, Ս. Էլոյան, Ժամանակակից հայոց լեզու, Հնչյունաբանություն և բառագիտություն, Ե., 1979, հ. 1, էջ 465:

[13] Պետք է նատել, որ սրանցում ածանցը հեղինակը չի կցել բառին: Ածանցով պատրաստի կազմությունները գործածվել են նորաբանություններ ստեղծելու համար: Մյուս դեպքերում հեղինակը հիմնականում ածանցների իմաստային նրբերանգներն ու նշանակությունը հմտորեն օգտագործել է նորակազմությունները ստեղծելու համար: Սա կարևոր մեթոդ է ոչ միայն գեղարվեստական խոսքը, այլև հայերենի բառապաշարը նոր հասկացություններով հարստացնելու համար, որով էլ արժևորվում է հեղինակի բանարվեստը:

[14] Էլոյան, 1989, էջ 197:

[15] Էլոյան, 1989, էջ 184:

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի