
1962թ. Օգոստոսի 30-ին Բեռլինում իր մահկանացուն կնքեց Վ. Խանզադյանը, ուր գնացել էր բժշկվելու սրտի հիվանդությունից:
Վանո Խանզադյանը ծնվել է Գորիսում (Զանգեզուր) 1901թ.: Նա սովորել է տարրական դպրոցում, ապա մտել է Թիֆլիսի յունկերական[1] դպրոցը, զինվորական ուսում ստանալու համար :
1917-ին սկսվում է Ռուսաստանի հեղափոխական ալեկոծումը, տապալվում է ցարը, հեղափոխության ալիքների մակընթացությունը հասնում է Զանգեզուր: Ստեղծվում է անապահով վիճակ, որից օգտվելով հարևան թաթար ժողովրդի ղեկավարները, ռամիկ և տգիտության մեջ խարխափող գյուղացիության գլուխն անցած դիմում են զենքի՝ լուծելու հայ ժողովրդից 1905-7 թթ. հայ-թաթարական կռիվների վրեժը: Այդ պահին, Զանգեզուրի հայ ժողովուրդը զուրկ էր ինքնապաշտպանության միջոցներից և թողնված էր իր բախտին, չուներ օգնության հույս որևէ տեղից:
Հանգուցեալ Վանոն, թողնելով իր ուսումը, զինվորական համազգեստով անցնում է Կովկասյան ռազմաճակատ ու հարաբերության մէջ մտնում զանգեզուրցիների հետ, որոնք հատուկ առաքելութեամբ գնացել էին ռազմաճակատ, զենքեր և ռազմամթերք գնելու, ժողովրդի ինքնապաշտպանության համար: Վանոյի գործուն աջակցութեամբ զենքեր են գնվում, բոլշևիկյան հեղափոխության հետևանքով անիշխանության մատնված, բարոյալքված զինվորներից: Գաղտնի ճանապարհով զենքերը տեղափոխվում են Հին Նախիջևան, ուր մատնվում են և գրավվում ցարական թաթար աստիճանաւորների կողմից: Վանոն իր զինվորական հանգամանքով և դրամի զորութեամբ փրկում է զենքերը և տեղափոխում Գորիս: Այս զենքերը հիմք են ծառայում ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպման գործին:
1918թ. հարևան թաթարների թշնամական ոտնձգությունների հետևանքով, ծագում է ազգամիջյան կռիվ: Վանոն, ՀՅԴ մարմնի հրահանգները կատարելով՝ որպես պարտաճանաչ դաշնակցական, մասնակցում է կռիվներին:
1919թ. նոյեմբերի 4-7, նա մեծ խիզախութեամբ պայքարում է զորավար Շիխլինսկու 15-16 հազարանոց բանակի դեմ, որը նպատակ ուներ Ադրբեջանի մուսավաթ կառավարության որոշմամբ նվաճել Զանգեզուրը և Նախիջևանի վրայով, աշխարհագրականօրէն միանալ Տաճկաստանին, որն իր հերթին ձգտում էր շրջափակել ազատագրված Հայաստանը: Այս բանակը ջախջախիչ պարտութեամբ քայքայվեց և գլխիկոր փախուստի մատնվեց:
1920թ. հուլիսին բոլշևիկների Ղարաբաղից Գորիս ներխուժման հետևանքով՝ Վանոն շատերի հետ նահանջում է Չիմանքենդ՝ Ջղինի ձորերը: Նույն թվի նոյեմբերին, Զանգեզուրի ձմռան ահավոր բուք ու բորանին, իր հորեղբոր՝ Արտեմի խմբի հետ, վերադառնում է Սիսիան և միանում քաջակորով Պ. Տէր-Դավթյանի զորամասին: Այս զորամասը դիմում է հարձակման բոլշևիկների դէմ և քշում նրանց մինչև Զաբուղի կիրճը: Այս կռիվներին համընթաց, Դրօն իր զորամասով մտնում է Գորիս: Պարզվում է, որ բանտում բոլշևիկները գնդակահարել են Հայաստանի խորհրդարանի անդամներ Ա. Շիրինյանին և Վ. Խորենուն:
Նժդեհն իր զորամասով Ղափանից է մտնում Գորիս: Մի կռվում, թշնամի զորավարից գրաված ոսկեզոծ սուրը, որի դաստակի վրայ փորագրւած էր ձիու, օձի ու մի կնոջ գլուխ, մարտնչող ժողովրդի կողմից նվիրվում է Նժդեհին: Նժդեհն իր զորամասով վերադառնում է Ղափան, որին միանում է Վանոն ու մասնակցում Նժդեհի վարած կռիվներին:
1921թ. հուլիսին, ռուսների կողմից Զանգեզուրը բռնագրավելուց հետո, Վանոն Նժդեհի հետ նահանջում է Թաւրիզ:
Զանգեզուրի հեղկոմի նախագահ Բագրատ Հարությունյանից՝ ծանօթ մի թաթարի միջոցով նամակ է ստացվում հանգուցեալի հորեղբոր՝ Արտեմի հասցեով: Նամակի մեջ նշված էր հինգ զանգեզուրցիների անունները, որոնք հրավիրված էին վերադառնալ Զանգեզուր և ազատորէն մասնակցել երկրի շինարարությանը: Նամակը ստորագրել էին ժողովրդի հարգանքը վայելող բժիշկ Միքայել Պարոնյանը, Մ. Խանզադյանը (Արտեմի հորեղբոր որդին) և հեղկոմի նախագահ Բագրատ Հարությունյանը: Այդ հինգ հոգու մեջն էր և Վանոն:
Հինգ հոգին Թավրիզից գիշերով և զարտուղի ճանապարհով, ինն օրվա ընթացքում հասնում են Գորիս: Հաջորդ օրը նրանք ներկայանում են բոլշևիկյան պատասխանատու քարտուղար (իշխանավոր) Թավաքալյանին (որին հետագայում գնդակահարեցին Երևանում) և ներկայացնում իրենց գրված նամակ-հրավերը: Երեք օրից հետո հրավիրված հինգ հոգին էլ բանտարկված էին:
Ժողովուրդը զայրանում է, մի խումբ մարդիկ, բարեհամբավ Ղ. Բ. –ի [Սա թերևս լինի Ղարագյոզյան Բագրատը] գլխավորութեամբ դիմում են Հեղկոմի նախագահ Բ. Հարությունյանին և բողոքում այդ հինգ հոգու բանտարկության առթիվ: Ղ. Բ.-ն հայտարարում է. «Բագրատ, քէ՜ մատաղ, դուք ժողովրդի շատ արժեքավոր զավակներին գնդակահարեցիք, բանտարկեցիք և աքսորեցիք, մենք մնացինք լուռ: Այժմ այս բանտարկված հինգ հոգուն, որ դուք եք հրավիրել Պարսկաստանից ու հանդիսավոր գրութեամբ խոստացել, որ չէք վնասի և կարող են ազատորեն մասնակցել երկրի շինարարության գործին, ինչո՞ւ էք բանտարկել: Այս բանտարկվածները ժողովրդի օրհասական օրերին եղել են նրա պաշտպանները. եթէ դրանց էլ բանտարկել էք, ապա մեզ մի ելք է մնում՝ ժողովուրդը համախումբ գաղթե այս երկրից»:
Այդ ժամանակ բոլշևիկյան իշխանության դրությունը անհաստատ էր. Հեղկոմի նախագահ Բագրատը հայտարարում է՝ եթէ այդպես է, երաշխավորեցեք, ձեր ստորագրութեամբ, որ դրանք բանտից ազատվելուց հետո չեն փախչի, այլապես դուք պատասխանատու էք: Ժողովրդի ներկայացուցիչները երաշխավորում են: Բանտարկվածները բանտից ազատվում են: Մի քանի օր անցնելուց հետո, հինգ հոգուն չէկիստ Եր. Տատյանի առաջնորդութեամբ, Ղարաբաղի ճանապարհով ճամբում են Երևան, հանձնելու կենտրոնական չէկայի տնօրինությանը:
Չէկայի բանտում պահվում են ութ ամիս. Վանոյին դատապարտում են աքսորի Անդրուրալյան Շերտինի շրջանը՝ չորս տարի ժամանակով, իսկ հորեղբորը՝ Արտեմին՝ Սալավկի՝ հինգ տարով: Ժամանակը լրանալուն, երկուսն էլ վերադառնում են Մոսկվա և հանդիպում իրար: Մոսկվայից հեռանում են Անդրկասպյան երկիր (Միջին Ասիա)՝ ապաստան գտնելու նպատակով:
Նորից չէկան հետապնդում ու հալածում է սրանց. փորձում են գաղտնի ճանապարհով անցնել Իրան, սակայն հնարավոր չի լինում Արաքսն անցնել: Նորից վերադառնում են Անդրկասպյան երկիր, որտեղից Ասխաբադի վրայով 1933 թ. անցնում են հյուրընկալ Իրան ու ապաստան գտնում:
Սեպտեմբերի 6-ին [1962 թ.] հանգուցեալի դին Բեռլինից տեղափոխվեց Թեհրան և հաջորդ օրը՝ Ս. Աստւածածին եկեղեցում կատարվեց Ս. պատարագ: Եկեղեցու գավթում հայրենակից Վազգեն Միրզաբեկյանը[2] խորը զգացումով հարգանքի ու դրվատանքի խոսք ասաց հանգուցեալի դագաղի առջև, բնութագրելով նրան որպես հայրենիքի և ժողովրդի պաշտպանությանը նվիրված մարտիկ:
Այնուհետև, բազմաթիվ հուղարկավորների մասնակցութեամբ դին փոխադրվեց Դուլաբի ազգային գերեզմանատուն, ուր թաղման արարողությունից հետոյ ամփոփվեց Հ Յ Դաշնակցության պանթեոնում: Հայրենակից Զաքար Եոլյանը ներկայացրեց հանգուցեալի կենսագրականը և նրա մատուցած ծառայությունը Զանգեզուրի հայ ժողովրդին՝ նրա կյանքի ողբերգական պահերին՝ 1918-1921թթ.:
Այս տողերը թող լինեն հայրենիքի լեռներից և հովիտներից քաղւած ծաղիկների մի փունջ՝ ձոնված հանգուցեալի հայրենակարոտ հիշատակին:
[1]Յունկեր, ռազմական դպրոցի սան: Ծանօթ. հեղինակի:
[2]Միրզաբէկյան Վազգէն Յովհաննէսի (1897,Շուշի–4.10.1987,Թեհրան). նշանավոր հայդուկ Մածուն Խեչոյի եղբոր տղան: Սովորել է Ալեքսանդրապոլի զինվորական դպրոցում, մասնակցել է 1918-1920թթ. հայ–թուրքական պատերազմներին, 1921թ. Փետրւարյան ապստամբությանը: 1921թ.անցելէԻրան: «Ալիք»և այլ օրաթերթերում հրապարակել է իր արժէքաւոր յուշագրութիւնները Արցախի և Սիւնիքի իրադարձութիւնների վերաբերեալ: