Հատված Զ․ Յոլյանի “Անցյալի հուշեր” գրքից, կազմողներ՝ Ա․ Սիմոնյան, Ա․ Ազիզյան (անտիպ)
Զանգեզուրի պատմութեան ողբերգական շրջանում, 1917 թւականից, ժողովուրդը թողնւած էր իր ճակատագրին: Ռուսական յեղափոխութիւնից յետոյ ստեղծւել էր աղէտաւոր կացութիւն, որից քաջալերւելով, հարեւան Ադրբեջանի տաճկական հովերով տարւած խաներն ու բէգերը հայ-թաթարական կռիւների (1905թ.) վրէժխնդրութեան ոգին էին վերազարթնեցնում թաթար ռամիկ ժողովրդի մէջ:
Մուսաւաթ կուսակցութիւնը, որ արդիւնք էր Ռուսաստանի պետական յեղաշրջման, կեանքի կոչւեց 1918 թ.՝ կենտրոն ունենալով Բաքուն, որի քարոզչական գործունէութեամբ, համատաճկական գաղափարներ էր տարածում թաթար յետամնաց բանւորա-գիւղացիական զանգւածների մէջ:
Զանգեզուրը, որ միշտ կռւածաղիկ է դարձել Ադրբեջանի համար` ենթակայ էր նրա նւաճողական ոտնձգութիւններին, նա համախորհուրդ իրենց հովանաւորող Տաճկաստանի ռազմավարութեան հետ` յայտնի եւ անյայտ ճանապարհներով ձգտում էր Զանգեզուրը միացնել Ադրբեջանին: Սա, տաճկական քաղաքական ռազմավարական հիմնական ծրագիրն էր` Ադրբեջանը Զանգեզուրի եւՆախիջեւանի վրայով, կարճ ճանապարհով միացնելու Տաճկաստանին, որով Հայաստանը հարաւից կօղակւէր տաճկական ուժերով: Զանգեզուրը խանգարում էր յիշեալ ծրագրի իրագործմանը. այն օրից, երբ (1917թ.) Տաճկաստանը թաթար ժողովրդի հետ ուխտակցական ծրագիր էր կազմել` Ադրբեջանը ազատագրելու ռուսական տիրակալութիւնից եւ միեւնոյն ժամանակ` ապահովելու իր երկրի սահմանները ռուսական յարատեւ աշխարհակալական նւաճողական քաղաքականութիւնից:
Ադրբեջանի քաղաքական ղեկավարութիւնը, յանձին մուսաւաթ կուսակցութեան, ձեռնարկեց անհաշտ ու թշնամական գործունէութեան զարգացման Լեռնահայաստանի հայութեան դէմ, հանդիսանալով Տաճկաստանի առաջապահ ուժը Անդրկովկասում:
Զանգեզուրն աշխարհագրօրէն գտնւում է արեւելքից` Ղարաբաղի, հարաւից` Նախիջեւանի, հիւսիսից` Քուրդիստանի[1] միջեւ, անջատւած լեռներով, գետերով, հովիտներով եւ կիրճերով, որոնց շնորհիւ ժողովրդի ինքնապաշտպանութեան գործը գտնւում էր ռազմապէս ապահով վիճակում: Այս անառիկ բնական ամրութիւնների դէմ Ադրբեջանի արշաւող հորդանները բախւելով ջարդւում եւ յետ էին փախչում:
Փորձագէտ զինւորականների կռահումով, Հայաստանի պաշտպանութեան տեսակէտից` Լեռնահայաստանն արեւելքից յառաջացող թշնամական ուժերի նկատմամբ, բոլոր ռազմագիտական տւեալների հիմունքներով, հանդիսանում է պաշտպանութեան անխորտակելի ողնաշարը:
Լեռնային մի փոքր, նեղ ճանապարհով ու դժւարանցանելի կածաններով՝ Զանգեզուրն իր հաղորդակցութիւնը պահպանում էր իր քաղաքական կենտրոն Երեւանի հետ, երկար ու զարտուղի ճանապարհներով: Մէկ օրւայ փոխարէն պէտք էր լինում 3-4 օր կորցնել: Չկային ոչ հեռագրական, ոչ էլ կանոնաւոր խճուղային կապ եւ հաղորդակցութիւն:
Մինչեւ 1918 թ. Զանգեզուրը գործնապէս յարաբերութիւն չունէր Երեւանի հետ` ցարական կառավարութեան բռնակալական քաղաքականութեան նախատեսութեամբ, Անդրկովկասը բաժանւած էր անարդար վարչական սահմանների, խիստ անհամապատասխան հայ ժողովրդի կենսական շահերին: Թաթար ժողովրդի հողային տարածքի նկատմամբ, հայ ժողովուրդն ենթակայ էր հողային զրկանքների. չնայած, որ Զանգեզուրի հայութիւնն իր բնակավայրում կազմում էր անհերքելի մեծամասնութիւն՝ տարածւած չորս գաւառակներում`Բուն Զանգեզուր, Սիսիան, Ղափան եւ Մեղրի: Այս գաւառակների ժողովուրդը զուրկ էր ինքնապաշտպանութեան բաւարար միջոցներից. հայ-թաթարական կռիւներից` 1905-07 թւից մնացած սակաւաթիւ զէնքերն էին, որոնցով անհնար էր կանոնաւոր կռիւների մասնակցել:
Ժողովրդի անսահման զոհաբերութեամբ, զանազան ճանապարհներով ներկայացուցիչներ էին ուղարկւում 1917-1918 թթ. կովկասեան ռազմաճակատ՝ գաղտնի եւ վտանգաւոր ճանապարհներով՝ զէնքեր ու ռազմամթերք գնելու եւ խոշոր դժւարութիւններով փոխադրելու Զանգեզուր: Մասամբ այս զէնքերով են լրացւել ինքնապաշտպանութեան տեղական խմբերի տարրական պահանջները:
Երեւանի դրութիւնը նախանձելի չէր, անկարելի էր որեւէ օգնութիւն ակնկալել: 1918 թ. ներկայացուցիչ է ուղարկւում Երեւան, Արամի մօտ` օգնութիւն խնդրելու, որի կամքին հակառակ, անհնար է լինում որեւէ կերպ օգնելուԶանգեզուրի ինքնապաշտպանութեանը:
Բաքւից եւ այլ քաղաքներից Զանգեզուրի հայրենասէր զաւակները աճապարում են՝ հասնելու իրենց ժողովրդի օգնութեանը եւ հետները տանում են զէնքեր եւ ռազմամթերք:
Այսպիսով, ժողովրդական ինքնապաշտպանութիւնը կազմակերպւում է եւ միջոցներն էլ հետզհետէ զարգանում են: Գլխաւորապէս թշնամուց գրաւած զէնքերով՝ ինքնապաշտպանութեան խմբերի թիւը ստւարանում է: Ադրբեջանի ուժերը օգտւելով պատեհ առիթներից, մերթ ընդ մերթ դիմում են գաղտնի յարձակումների հայ գիւղերի դէմ՝ տալիս են զոհեր ու փախուստի դիմում:
Երեւանի կազմակերպութիւնը քիչ առ քիչ ուժեղանում է Ազգային Խորհրդի եւ Արամի իշխանութեամբ: Թիֆլիսի Սէյմի անփառունակ լուծարքից յետոյ իւրաքանչիւր ազգ՝ վրացիներ եւ ազերիներ առանձնանում ու կազմում են իրենց ազգային կառավարութիւնը՝ հրաժարւելով Անդրկովկասի ազգերի հաւաքական քաղաքականութեան գործունէութիւնից: Թիֆլիսի Հայ Ազգային Խորհուրդը 1918 թ., հակառակ իր կամքին, հարկադրւում է կազմելու կառավարութիւն եւ տեղափոխւելու Երեւան:Կազմակերպւում է ժամանակաւոր Պետական խորհուրդ եւ սկսւում է պետականօրէն ժողովրդի կազմակերպումն ու ղեկավարութիւնը:
Յ. Քաջազնունու նախագահութեամբ ընտրւում է կառավարութիւն. ուժեղանում են երկրի պաշտպանութեան ուժերը եւ գիւղացիութիւնը տաճիկների կատարած բարբարոսութեան հետեւանքով հեռացած լինելով՝ Գեառնի-բասարի գիւղերից տաճիկների քշւելու հետեւանքով, աստիճանաբար վերադառնում են իրենց գիւղերը:
Սարդարապատի կռիւներում մայիսի 23-28-ը, 1918 թ. տաճիկները պարտւելուց յետոյ, հանգիստ չեն նստում. իրենց էմիսարների եւ գաղտնի գործակալների միջոցով, համաթրքական քարոզչութիւն են սկսում Ադրբեջանի եւՆախիջեւանի թաթար գիւղացիութեան մէջ՝ ընդդէմ հայ ժողովրդի:
1918 թ.Անդրանիկն իր զօրամասով եւ բազմաթիւ արեւմտահայ գաղթականներով ժամանում էԳորիս, ժողովուրդը խանդավառութեամբ է ընդունում ազգային հերոսին:
Նա, Գորիսում, Շրջանային Խորհրդի հետ գործակցաբար, կառավարում է ժողովրդին շուրջ մէկ եւ կէսից երկու տարի, նրա ներկայութիւնն ահ ու սարսափ է տարածում հարեւան թաթար ժողովրդի վրայ: Անդրանիկի հեռանալուց յետոյ Շրջանային Խորհրդի անդամ Ա.Շ.-ը [Արշակ Շիրինեան] մի առաքելութեամբ գնում է Երեւան ու կառավարութեան նախագահ Յ.Քաջազնունուն ներակայացնում զեկուցում՝ Զանգեզուրի հայութեան իրական վիճակի մասին: Նա խնդիր է յարուցում Զանգեզուրին օգնել զէնքով, ռազմամթերքով, դրամով եւ մի լուրջ զինւորական ուղարկել լաւագոյնս կազմակերպելու զինւորական ուժերը եւ վարելու զինւած ուժերի հրամանատարութիւնը:
Նախագահ Յ. Քաջազնունին հրաժարւում է բաւարարելու յիշեալ պահանջներին, պատճառաբանելով, որ Դաշնակիցների ներկայացուցիչները, որոնց սպայակոյտը գտնւում էր Թիֆլիսում, արգելում է խառնւելու Զանգեզուրի գործերին: Զանգեզուրի պատգամաւորը առարկում է, որ իր ներկայացրած խնդրանքը կատարել ՀՅ Դաշնակցութեան գաղտնի յեղափոխական ճանապարհով: Յ. Քաջազնունին գտնում է իր իրաւասութիւնից դուրս եւ առաջարկում է դիմել կուսակցութեան բարձր ղեկավարութեան:
Պատգամաւոր Ա.Շ.-ն [Արշակ Շիրինեան] գործին իրական ընթացք տալու համար դիմում է Արամին, որը յայտնում է, որ դժբախտաբար շատ դժւար է, գրեթէ անկարելի, լրիւ օգնութիւն տրամադրել Զանգեզուրի պաշտպանութեան համար, բայց գնդապետ Ա. Շահմազեանին կարգադրում է ճանապարհւել Զանգեզուր:
Ա. Շահմազեանը Ա.Շ.-ի [Արշակ Շիրինեան] առաջնորդութեամբ ճանապարհւում է Գորիս: Նա, գործնական խելահասութեամբ, որոշ ծրագրով կազմակերպում է տեղական ռազմական ուժերը եւ մի զեկուցագիր է առաքում Արամին[2], որի մէջ պարզում է Զանգեզուրի ինքնապաշտպանութեան անյետաձգելի պահանջները: Ա. Շահմազեանը պաշտօնական հանգամանք չի ունենում. նրա գոյութիւնը պահւում է ստւերում, որպէսզի դաշնակիցների նկատողութեանը չենթարկւի:
Երեւանում քիչ առ քիչ կայունանում է կառավարութիւնը, որ սկսում է գիտակցել Զանգեզուրի պաշտպանութեան հրամայական պահանջը եւ հնարաւորութեան սահմաններում թաքուն օգնութիւն է հասցնում Զանգեզուրին:
Դաշնակից ներկայացուցիչների եւ Հայաստանի կառավարութեան միջեւ անդադրում բանակցութիւնների առիթ է դառնում Զանգեզուրի ըմբոստ ժողովրդի փոթորկոտ պայքարը, որ Ադրբեջանի նախայարձակ ուժերին ծանրօրէն հարւածելով՝ անհանգստութիւն է պատճառում դաշնակից ներկայացուցիչներին եւ Ադրբեջանի կառավարութեանը: Գաղտնի եւ յայտնի ճանապարհով դաշնակից անգլիական ներկայացուցիչների եւ Ադրբեջանի կառավարութեան միջեւ սերտ բարեկամական կապեր էին ստեղծւել: Ադրբեջանի ստայօդ յերիւրանքներին անգլիացի ներկայացուցիչները աւելի էին արժէք տալիս, քան Զանգեզուրի իրական եւ փաստացի իրադարձութեանը:
Զօրավար Շատելվորդին Գորիսից քշելու եւ Անդրանիկի արշաւանքի (դէպի Շուշի) խանգարելու փաստերը, կասկած չեն թողնում, որ անգլիացիք առանձնայատուկ քաղաքականութիւն էին զարգացնում յօգուտ Ադրբեջանի:
Ա. Շահմազեանը շուրջ երկու տարի[3] վարեց Զանգեզուրի զինւած ուժերի հրամանատարի պաշտօնը եւ իր փառաւոր գործունէութեամբ՝ արձանագրեց յաղթանակներ՝ Ադրբեջանի նախայարձակ ուժերի դեմ:
Անգլիացիք հրաժարւեցին իրենց դիւանագիտական քաղաքականութիւնը զարգացնելուց, որի շարունակութիւնը թողեցին Ադրբեջանի կառավարութեանը՝ զէնքի ուժով լրացնելու: Այս ստոր քաղաքականութեան արդիւնքն է պատմական Շուշիի կործանումը, որի փլատակների տակ թաղւեցին բազմաթիւ անմեղ զոհեր:
Ադրբեջանի կառավարութիւնը հանգիստ ու դադար չունէր՝ հայկական Լեռնային Ղարաբաղն իր իշխանութեանը ենթարկելուց յետոյ, շարունակում էր իր դաւադրութիւնները Զանգեզուրի դէմ եւ իր սահմանապահ եւ տեղական զինւած ուժերի միջոցով յաճախադէպ դարձնում յարձակումները Զանգեզուրի գիւղերի դեմ՝ Զաբուղ գետի եւ Ղափանի արեւելեան ռազմաճակատներից: Հայ զինւած գիւղացիութիւնը քուն ու հանգիստ չունէր՝ իր ինքնապաշտպանութիւնն ապահովելու եւ նախայարձակ թշնամուն զօրաւոր պատասխան տալու պատճառով:
Յաճախ թշնամուց գերի վերցրած գիւղացիները պարզ եւ անպաճոյճ խոստովանում էին. «թաթար ժողովուրդը բնաւ ցանկութիւն չունի իր դարաւոր հարեւան հայերի դէմ կռւելու, բայց տաճիկների եւ մուսաւաթի ղեկավարները հարկադրում են բռնի միջոցներով»:
Ադրբեջանի կառավարութեան օգնութիւնը Նախիջեւանի թաթարներին՝ զէնքերով ու ռազմամթերքով կատարւում էր գիշերները, բեռնակիր ձիերի միջոցով, Սիսիանի հիւսիսում գտնւող Մուխուրթուրեան[4] հայ գիւղակի հանդով, որն ամենակարճ ճանապարհն է Նախիջեւանի հետ հաղորդակցելու համար: Սիսիանի զօրամասի հետախոյզ զինւորները գիշերով այդ ճանապարհին դարանամուտ լինելով, Նախիջեւան զէնք եւ ռազմամթերք փոխադրող կարաւանի պաշտպանների հետ կռւի էին բռնւում, որոնք զոհեր տալով փախուստի ճամբան էին բռնում՝ զէնքեր, ռազմամթերք եւ բեռնակիր անասուններ թողնելով մերոնց ձեռքում՝ որպէս աւար[5]:
Այս ճանապարհը Սիսիանի զօրամասի հսկողութեանը ենթարկւելով, դադարում է Ադրբեջանից զէնքի փոխադրութիւնը Նախիջեւան:
Զանգեզուրի հիւսիսում ապրում էր Մաչաուզի[6] փոքրաթիւ քուրդ ժողովուրդը, բաղկացած 17-18 փոքր գիւղերից, ենթակայ կալւածատէր Սուլթանովների աւատական իրաւունքին: Այս քրդութիւնն իրենց կալւածատէրով մի կատարեալ չարիք էին հայութեան համար: Այս քուրդ գիւղերըՍուլթանովների առաջնորդութեամբ հանդիսանում էին աւազակային որջեր՝Սուլթանովներին հնազանդ եւ հլու կամակատարներ: Նոքա Ադրբեջանի համար պահեստի ուժ էին եւ ի պահանջել հարկին՝ օգտագործւում էր նրանց գլխաւորապէս հեծեալ ուժը: Դոկտ. Խ. Բ. Սուլթանովը յիշեալ Սուլթանովների եղբայրն էր, որը Ադրբեջանի կառավարութեան կողմից նշանակւել էր Ղարաբաղի նահանգապետ: Շուշին կործանելու մէջ յիշեալ քրդական հեծեալ ուժը գործօն դեր է կատարել:
Հրամանատար՝ ընկ. Ա. Շահմազեանի կազմած Զանգեզուրի ինքնապաշտպանութեան ծրագրով նախատեսւած էր քրդական այդ վտանգը եւ ըստ այդմ էլ հիւսիսային սահմաններն առնւած էին պաշտպանութեան տակ:
Ինչպէս շատերը, նոյնպէս Ա. Շահմազեանը կնքեց իր մահկանացուն բոլշեւիկեան աքսորավայրՍիբիրում՝ ուր տառապում են աննման շա՜տ ընկերներ:
Ա. Շահմազեանի Զանգեզուրից հեռանալուց յետոյ, նրան փոխարինեց՝ Հայաստանի ներքին գործոց նախարարի կարգադրութեամբ, քաղաքացիական իշխանութեան գլխաւոր կոմիսարի պաշտօնով Ս. Մ. Եօլչեանը [Սերգէյ Մելիք-Եօլչեան]:
Զանգեզուրի զինւած ուժերի գլխաւոր հրամանատար էր նշանակւել Դրօն, որին ենթակայ էր քաղաքացիական իշխանութիւնը: Դրոյի եւ Ս.Մ.Եօլչեանի փոխ-յարաբերութիւնները մթագնել էին, որի հետեւանքով եւ Ս. Մ. Եօլչեանը հեռացաւ Երեւան:
Այդ օրերին երկրի հարաւային մասում՝ Կափան-Գենվազ-Գողթանի (որի կրճատ անունն էրԿափգենգողթան) ուժերի հրամանատարն էր Գ.Նժդեհը, որի հանճարեղ կազմակերպչական ընդունակութեան եւ գրաւիչ ճարտասան լեզւի շնորհիւ՝ ոգեշնչւել էին կազմակերպւած ուժերը:
Դրօն, ծանօթացաւ Զանգեզուրի իրական անձուկ պայմանների հետ եւ պարզեց, որ թշնամին օրէցօր հարաւից սեղմում է պաշարման իր օղակը, որի ռազմական գիծը գտնւում էր Գորիսից 12 կլիոմետրի վրայ, եւ այդ իրողութիւնը վտանգում էր երկրի ինքնապաշտպանութեան գործը: Ի վերջոյ, նա կարգադրում է սպայակոյտի պետին՝ կազմել ռազմական ծրագիր հարաւը թշնամի ուժերից մաքրելու համար, որպէսզի Գորիսի եւՂափանի միջեւ ընդհատւած երթևեկը վերականգնւի:
Դժբախտաբար պիտի խոստովանել, որ Դրոյի եւ Նժդեհի փոխյարաբերութիւնները լաւ չէին եւ Դրոյի կարգադրութիւնները Նժդեհի — եթէ աւելի չասենք — տհաճութեանն էին արժանանում:
Նժդեհն իր փայլուն ընդունակութիւններով հանդերձ, ունէր բացասական կողմեր. նա մոլի ինքնիշխան էր եւ չէր հանդուրժում, որ մէկը՝ հեղինակութեամբ իրենից առաւել լինէր: Նա սիրում էր իշխել անսահմանօրէն եւ իր հետ չհամաձայնւողներին քաւութեան նոխազ էր դարձնում. անգամ ժողովրդի մէջ՝ ժողովրդականութիւն վայելող գործիչներին անւանարկում եւ վարկաբեկում էր:
Դրօն որոշում է սկսել ռազմական գործողութիւն՝ Զանգեզուրի հարաւում, թաթարական անտառապատ Շուռնուխի կոչւած շրջանում, որը շրջապատւած է թաթար գիւղերով եւ որտեղով անցնում է Գորիս-Ղափան խճուղին: ճամբան երկար ժամանակ փակւած էր եւ ճանապարհի վրայ տեղի էին ունեցել հայ ճամբորդների սպանութիւններ եւ թալան: Դրոյի ռազմական գործողութեան նպատակն էր ճանապարհի բացումը եւ ապահով երթեւեկի վերահաստատումը հայ ճամբորդների համար, միաժամանակ նպատակ ունէր արտաքսել թշնամունԶանգեզուրի սահմաններից:
Շուռնուխի անտառապատ շրջանը մաքրւեց մուսաւաթական եւ տաճկական գործակալների ազդեցութեան տակ գտնւած տարրերից եւ թաթար գիւղացիութիւնը խստագոյնս պատժւեց: Թաթար գիւղացիութիւնը գաղթեց Ադրբեջան: Իրարանցման ենթարկւեցին Ղափանի շրջանի թաթարական գիւղերը, որոնք Նժդեհի զինւած ուժերի հարւածների տակ տեղահանւեցին եւ ապաւինեցին Ադրբեջանի պաշտպանութեանը:
Դրօն, իր խօսակցութեան մէջ դժգոհում էր Նժդեհի ինքնագլուխ լինելու հակումների մասին եւ ափսոսանքով խօսում նրա բացասական գծերի համար: Դրօն իր հետ բերել էր Երեւանից մի զօրամաս, բաղկացած 1000 հոգուց, նպատակ ունենալով այդ զօրամասը տանելՂարաբաղ ու տեղական ռազմական ուժերը կազմակերպելով միասնաբար վերջ տալ Ադրբեջանի յարատեւ ոտնձգութիւններին՝Ղարաբաղում:
Այդ գումարտակը տեղական ուժերի հետ միացած Շուռնուխի ռազմական գործողութիւնները կատարելուց յետոյ, սպասում էր Գորիսում՝ սպայական անձնակազմով: Սպայակոյտի պետն էր գնդապետ Վ.Մ.-ն[7]:
Ղարաբաղից օրը օրին, սուրհանդակները Արցախի Կ.Կ.-ից տեղեկութիւններ էին բերում գրաւոր՝ իրազեկ պահելու համար Դրոյին, տեղի ունեցած դէպքերի մասին: Գանգատւում էին, որ զէնք ու ռազմամթերք չունեն: Դրօն անհանգիստ էր ու մտահոգ զէնքի ու ռազմամթերքի պակասութեան պատճառով: Նա Ղարաբաղից ստացւած տեղեկութիւնները հաղորդում էր ՀՀ կառավարութեանը եւ պահանջում՝ համապատասխան քանակով զէնք եւ ռազմամթերք Ղարաբաղի համար:Նա ընդգծում էր, որ առանց զէնքի եւ ռազմամթերքի ոչինչ չի կարելի անել Ղարաբաղում:
Ի վերջոյ, 1920 թ. փետրւար ամսին, Զանգեզուրը ծածկւած էր խորը ձիւնով եւ որեւէ ռազմական գործողութիւն անհնարին էր, իսկ պարապ նստելը անյարիր՝ Դրոյի խառնւածքին: Նա, հակառակ բնութեան արհաւիրքին, որոշեց գնալ Երեւան, անձամբ զէնքի եւ ռազմամթերքի խնդիրը եւ փոխադրութիւնը կարգադրելու համար:
Այս ժամանակամիջոցում Ղարաբաղ է ուղարկւում յայտնի ռազմիկ Դալի Ղազօն[8] (որը սպանւեց Ասկերանում թշնամու զօրքերի կողմից) եւ Ա.Մ.-ն [ԱրսէնՄիքայէլեան], որին տրւած էր լիազօրագիր՝ Ռ.Տ.Մ.-ի [Ռուբէն Տէր-Մինասեան] ստորագրութեամբ՝ ըստ որում նաՂարաբաղում հանդիսանում է [ՀՅԴ] Բիւրոյի ներկայացուցիչ եւ հրահանգւում է, որ կուսակցական բոլոր մարմինները ենթարկւեն նրա կարգադրութեանը:
Արցախի Կ.Կ.-ի համար ստեղծւում է երկնտրանք. Ա.Մ.-ն [Արսէն Միքայէլեան] անծանօթ Ադրբեջանի կառավարութեան հետ վարած քաղաքականութեան վարքագծին, անկարող է համապատասխան քաղաքականութիւն զարգացնել, իսկ Կ.Կ.-ն, որ քաջածանօթ է քաղաքականութեան ներքին ծալքերին, պիտի ենթարկւի Ա.Մ.-ի [ԱրսէնՄիքայէլեան] հրամանին, համաձայն նրան տրւած լիազօրագրի:
Կ.Կ.-ի համար պարզ էր, որ այս միջոցառմամբ ժողովուրդը աղէտաւոր հեռանկարի առաջ է կանգնեցւում: Արցախի Կ.Կ.-ն ենթարկւում է տրւած կարգադրութեանը եւ ինքնալուծման ենթարկւում՝ թողնելով գալիք պատասխանատւութիւնը Ա.Մ.-ի [ԱրսէնՄիքայէլեան]վրայ:
Պարզւում է, Ա.Մ.-ի [ԱրսէնՄիքայէլեան] յանպատրաստից առաջացրած ապստամբութիւնն աղէտաւոր վախճան է ունենում:
Թէպէտ Դրոյի զօրամասը Գորիսից շարժւում է Շուշիի օգնութեան, բայց յորդառատ անձրեւների հետեւանքով, ճանապարհները վնասւած լինելով՝ ուշանում է եւ ժամանակին չի կարողանում հասնել օգնութեան:
Ա. ԱՇԽԱՏՈՒՆԻ
«Ալիք» օրաթերթ,Թեհրան, 12-14 օգոստոսի 1961,թիւ 172 (6974) — 174 (6976)
[1]Նկատի ունի Ղարաբաղի հայութեանը Զանգեզուրից բաժանող քրդաբնակ Քելբաջարի, Լաչինի և Կուբաթլուի շրջանները:
[2]Ակնյայտ թիւրիմացութիւն է. երբ 1919թ. մարտին Ա.Շահմազեանը ժամանեց Զանգեզուր, Արամն արդէն վախճանւած էր: Սակայն Ա.Շահմազեանին Զանգեզուր ուղարկելը Արամի նախնական կարգադրութեամբ է եղել, յատկապէս, որ ինչպէս Ռ.Նարինեանն է յիշում, 1918թ. աշնանը Երևանից Զանգեզուր ուղարկւած սպաների խմբի հետ պիտի լինէր նաև Ա.Շահմազեանը, որը սակայն որոշ գործերի բերումով չէր կարողացել միանալ իրենց: Իր Զանգեզուր մեկնելու յետաձգման մասին վկայում է նաև ինքը՝ Ա.Շահմազեանը՝ 1919թ. Զանգեզուրի Ազգային Խորհրդի նիստում իր ելույթում:
[3] Ակնյայտ սխալմունք է, Ա.Շահմազեանը գործել է Զանգեզուրում 1919թ. մարտի սկզբներից մինչև 1919թ. նոյեմբերի վերջերը:
[4]Մուխուրթորեան, գիւղակ Սիսիանի Սառնակունք գիւղից հիւսիս-արևմուտք, համանուն գետակի ափին: Գիւղը հիմնւել է 1910 թւին, հին աւերակ գիւղատեղի մօտ, սակաւահող կեչուտցիների (ղուշչեցիների) 10-15 ընտանիքների կողմից:
Յայտնի է գիւղի զինւած ուժերի հրամանատար Խաչօ Յարութիւնեանի թուրքերի դէմ 1917-21թթ. մղած հերոսական կռիւները, որով ապահովել է Զանգեզուրի կապը Վայոց Ձորի հետ, և միաժամանակ կտրել Քելբաջարի քրդերի կապը Նախիջևանի թրքութեան հետ: 1920-ական թթ. գիւղը ամայացել է. բնակիչները տեղափոխւել են Բազարչայ և Սառնակունք: Կա 1970-ական թթ. Խաչոյի գերեզմանի լուսանկարը, որտեղ երևում է միայն մահւան տարեթիւը՝ 1928թ.:
[5]Այդ դէպքին անդրադարձել են Երևանի «Յառաջ»-ը (04.11.1919թ., հ-4), ինչպէս նաև կեչուտցի Գուրգէն Բալեանն իր յուշերում: Տես Ա.Սիմոնյանի «Վայոց Ձոր.20-րդ քառուղիներում» գրքում, Երեւան 2011, էջ 424:)
[6] Պետք է որ լինի Մաղաւուզ, որը նախկինում Հաբանդ գաւառի հայաբնակ գիւղ էր, որտեղից հայերը տարաբնակւել էին Ղարաբաղ եւ Մարտակերտից 12կմ հիւսիս-արեւմուտք հիմնել նոյնանուն Մաղաւուզ (ներկայիս՝ Քմքաձոր գիւղը):
[7]Միրիմանով Վալենտին Իվանի (1895, Թիֆլիս – 28.07.1938 Ստալինգրադ), կապիտան, Առաջին Աշխարհամարտի մասնակից: 1915թ. աւարտել է Կոնստանտիովեան սպայական ուսումնարանը: Ծառայել է ՀՀ զինւած ուժերում, 1918թ. hայկական հրետանային բրիգադում: 27.11.1919թ. Շտաբս կապիտանի զինւորական աստիճանով նշանակւում է Զանգեզուր-Ղարաբաղեան էքսպեդիցիոն բրիգադի շտաբի պետ: 31.12.1919թ. մարտում աչքի ընկնելու կապակցութեամբ ստացել է Արտիլերիայի կապիտանի աստիճան: Հայաատանի Խորհրդայնացումից յետոյ ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել Լեռնահայաստանի դէմ կռիւներին: Զոհ է դարձել կոմունիստական բռնաճնշումների:
[8]Պէտք է լինի Դալի Ղազար: Դալի Ղազօն ուրիշ է: Միքայէլ Աստւածատուր Բադալքեոխվեանց (1886, Գանձակ — 1920): Աւարտել է Ելիզաւետպոլի քաղաքային դպրոցի 6-րդ դասարանը 1908թ.: Եղել է Գանձակում ՀՅԴ զինապահեստի հսկիչը, 10.05.1911թ. ձերբակալւել է Բաքւում: Դրոյի հրամանատարութեամբ կամաւորական ջոկատի կազմում մասնակցել է կռիւներին, հասել մինչև Սասուն, իր անվախութեան համար այդ օրերին ստացել է Դալի Ղազար մականունը: Նա է իրականացրել միհրանական պառակտիչ շարժման գլխաւոր՝ Միհրանի ահաբեկումը: Ամենաակտիւ մասնակցութիւնն է ունեցել Արցախի 1920թ. գարնան կռիւներին և այդ ժամանակ էլ զոհւել: