Արաբական ծագմամբ փոխառյալ բառերով բայերի տեսական եւ կիրառական հարցեր

Spread the love

Ամփոփում

Օտար արմատներով կազմված բայերի ուսումնասիրության ժամանակ տարբեր հարցեր են առաջանում։ Դրանցից մեկն այն է, թե այդպիսի կազմությունները փոխառյա՞լ են, թե՞ ոչ։ Լեզվաբանական գրականության մեջ այս հարցի վերաբերյալ կարծիքները տարբեր են։ 

Հարցի քննության համար նյութ ենք վերցրել Սյունիք-Արցախի բարբառային տարածքի արաբական ծագմամբ փոխառությունները, որոնք անհրաժեշտության դեպքում զուգահեռել ենք վաղ աշխարհաբարում և միջին հայերենում գոյություն ունեցող ձևերին։

Հայերենում բայեր դարձած արաբական ծագմամբ փոխառությունները տարբերվում են մյուս փոխառություններից։ Ահա դրանցից մի քանիսը․ այդ բառերի հիմնական մասը  ունի և՛ անկախ գործածություն, և՛ դառնում է բայական հարադրության անվանական բաղադրիչ, ի տարբերություն թյուրքական և պարսկական փոխառություններից, որոնցում ինչ-որ ձևով հասկացվում են փոխատու լեզվի քերականական կամ ածանցական ձևերը, արաբական փոխառություններում դրանք չեն ընկալվում։

Բանավոր փոխառության ընթացքում քիչ ուշադրություն է դարձվում փոխատու լեզվի քերականական և բառակազմական կաղապարների նշանակությանը։ Երևույթը առավել նկատելի է արաբական այն փոխառություններում, որոնք միջնորդությամբ են անցել կամ ընդհանրապես տարածված են եղել արևելքի լեզուներում։  Միայն բառաքննական վերլուծությամբ կարելի է հայտնաբերել փոխատու լեզվի քերականական կամ ածանցական ձևերը։ Արաբական ծագմամբ որոշ փոխառություններ անցել են այլ լեզուների միջոցով։  Արաբերենից անմիջական կամ միջնորդությամբ անցած փոխառությունների մեծ մասը բայական հարադրություններ է կազմել։ Հավանաբար այդ է պատճառներից մեկը, որ այդպիսիք գիտակցվել են որպես բարբառային փոխառություններ և գրականացման ճանապարհ չեն անցել:

Մի խումբ փոխառություններ հայերենում չունեն իրենց փոխարինողները կամ ամբողջապես չեն արտահայտում հասկացությունը, բայց այդպիսիք նույնպես չեն անցել գրական լեզվին: Այդ տիպի փոխառությունները կարելի է անվանել լիակատար, որ լրացնում են հասկացության արտահայտման բացը փոխառու լեզվում, ինչպես՝ մո̈ւննաթ 1. երախտիք, 2. թախանձանք, 3. պարտքի տակ մնալը» > minna(t) منّة > manna منّ «բարերարություն, շնորհ»։ Իսկ այն փոխառությունները, որոնք փոխառու լեզվում ունեն համանիշ փոխարինողները, կարելի է համարել մասնակի, ինչպես՝ զարար անէլ«վնաս անել»,զարարլու «վնասակար» < ضَرر (zarar) «հաշմանդամ դարձնել»։

Այս ամենով հանդերձ՝ արաբական փոխառությունները վնասակար դեր չեն խաղացել մեր լեզվի մեջ, որևէ կերպ չեն ազդել հայերենի և նրա բարբառների ընդհանուր համակարգին։ Ընդհակառակը, դրանք հարստացրել են բառապաշարը անհրաժեշտ հասկացություններով։

Բանալի բառեր՝ արաբերեն փոխառություն, բարբառ, վերլուծական բայ, Սյունիք-Արցախ բարբառային տարածք, բառային փոխառություն, բառային իմաստ:

Ներածություն

Օտար արմատներով կազմված բայերի քննության ժամանակ տարաբնույթ հարցեր են առաջանում այդպիսի կազմությունները փոխառյալ համարելու կամ չհամարելու վերաբերյալ: Ա. Աբրահամյանը առանձին հոդվածով, ապա «Բայը ժամանակակից հայերենում» գրքում (Աբրահամյան Ա․, 1962) գրում է՝ ընդունել թե այդպիսի բայերը ամբողջական փոխառություններ են մեր լեզվում՝ միանգամայն սխալ կլինի (Աբրահամյան, 1962, էջ 121), քանի որ դրանք ստացել են բուն հայկական բայական մասնիկավորում՝ իբրև քերականական-բայակազմական մի ընդհանուր երևույթ հայերենի համար: Այդպիսիք առանձնացնում են «սովորական» փոխառյալներից՝ համարելով «վերակազմական փոխառություններ» կամ «լեզվական-քերականական փոխակերպում՝ փոխատու լեզվի բայական հիմնական ձևույթի օգտագործումով» (Աբրահամյան, 1962, էջ 121): Նույն հարցի քննության շուրջ Լ. Հովհաննիսյանը «Հայերենի իրանական փոխառությունները» աշխատության մեջ առաջարկում է․ «ընդհանրապես բայական փոխառությունների հարցը քննելիս անհրաժեշտ է ցուցաբերել պատմական մոտեցում, չսահմանափակվել կարճ ժամանակահատվածի ընձեռած հնարավորություններով: Պատմական մոտեցում ասելով, բնավ նկատի չունենք լեզվաբանության մեջ վաղուց և այժմ էլ շոշափվող՝ սկզբնապես անվանական կամ բայական ձևերի նախորդման ու հաջորդման հարցը» (Հովհաննիսյան,1990, էջ 116):

Այս հարցին վերջերս անդրադարձել է Հ. Զաքյանը՝ քննության համար փորձանյութ վերցնելով գրաբարի շրջանի պարսկական այն փոխառությունները, որոնցով հայերենում կազմվել են բայեր (Զաքյան, 2015, 3-14):

 Փոխառությունների վերաբերյալ պատմական մոտեցումը հեղինակների կողմից ըմբռնվում է որպես բառույթի՝ փոխատու լեզվում բայական կամ անվանական կազմության ձևը: Եթե հնագույն փոխառությունների առումով երկբայելի, ապա հին և նոր, հատկապես ժողովրդական բնույթի փոխառությունների քննության պլանում հարցը համեմատաբար դյուրին է, քանի որ հիմնականում գործ ենք ունենում կենդանի բառերի հետ, որ առկա են փոխատու և փոխառու լեզուներում: Մի կողմից էլ դժվարություններ են առաջանում միջնորդավորված փոխառությունների պարագայում։ Սրանք են հիմնական նախադրյալները, որ պահանջվում են գրական և բարբառային համարվող փոխառությունները ուսումնասիրելիս․ մի դեպքում փոխառված արմատները գրականացման ճանապարհ են անցնում, մյուս դեպքում այդպիսիք անհսկելի վիճակում են և մասամբ կամ ընդհանրապես չեն արժանանում գրական ճանաչման:

Մեթոդաբանություն

Հարցի քննության համար նյութ ենք վերցրել Սյունիք-Արցախի բարբառային տարածքի՝ արաբական ծագմամբ փոխառությունները՝ մասնակի զուգահեռներ բերելով  վաղ աշխարհաբարից՝ Խ. Աբովյանի գեղարվեստական արձակում գործածված արևելյան լեզուներից անցած բարբառային բնույթի փոխառություններից (այստեղ կքննենք միայն այն բառերը, որոնք համարվում են արաբական ծագմամբ), որոնցով կազմվել են բայեր (հարադրական և դարձվածքային կապակցությունները ներառյալ)[1]:

Բայական մասնիկավորմամբ կամ հարադրական կազմությամբ առկայացած արաբական ծագմամբ փոխառությունները մյուս փոխառություններից տարբերակման հատկանիշներ ունեն՝

1. այդ բառերի հիմնական մասը  ունի և՛ անկախ գործածություն, և՛ դառնում է բայական հարադրության անվանական բաղադրիչ,

2.  ի տարբերություն թյուրքական և պարսկական փոխառությունների, որոնցում մասամբ հասկացվում են փոխատու լեզվի բայական ցուցիչները կամ բայարմատը, արաբականներում դրանք որպես այդպիսիք չեն ընկալվում,

3. արաբական չմիջնորդավորված փոխառությունների հիմնական մասը վկայվում է միջին հայերենում:

4. վաղ աշխարհաբարին անցած արաբական փոխառությունները հիմնականում անվանական փոխառություններ են կամ ընկալվում են այդպիսին:

Բազմաթիվ փոխառությունների իմաստային և ձևակազմական հատկանիշների ուսումնասիրությունը փոխատու լեզուներում ենթադրել է տալիս, որ դրանք հայերենի խոսակցական տարբերակներում գործառական երկու փուլերով են առկայացել՝

1. նախ փոխառվել են հնչյունական ձևախմբով և իմաստով՝ մասնակի կամ ամբողջական, այսինքն՝ որպես պատրաստի և պարզ կազմություններ, ինչպես սա̈մթը քիցէլ (سمت (samt) «կողմ») «հարմարեցնել»։

2.  հաճախականություն և որոշակի տարածում ստանալուց հետո վերածվել են բայերի կամ բայական բաղադրիչների` իշտահը պահէլ (شتهاء  (shtah) «իղձ, ցանկություն») «ախորժակ պահել» և այլն:

Բանավոր փոխառման ընթացքում քիչ ուշադրություն է դարձվում փոխատու լեզվի քերականական և բառակազմական կաղապարների նշանակությանը, դրանք որպես այդպիսին գրեթե չեն ըմռնվում։ Երևույթը առավել նկատելի է արաբական այն փոխառություններում, որոնք միջնորդությամբ են անցել կամ ընդհանրապես տարածված են եղել արևելքի լեզուներում։  Միայն բառաքննական վերլուծությամբ կարելի է ի հայտ բերել փոխատու լեզվի բառակազմական և քերականական կաղապարները: Վերջիններս արաբական փոխառությունների մեծ մասում ընդհանրապես խոչընդոտ չեն եղել հայերենում բայեր ստեղծելուն, որովհետև արաբական գրեթե բոլոր փոխառությունները դիտվում են որպես պարզ արմատներ, որոնցում մթագնած են քերականական, այլև բառակազմական տարրերը: Նույնը չենք կարող ասել պարսկական և թյուրքական փոխառությունների առումով. կան բառամիավորներ, որոնցում հասկացվում են փոխատու լեզվի մասնիկները կամ ածանցները՝ դարդ>դարդլամիշ լինել, զահլա>զահլակուշտ լինել, բրիշակ(պրսկ.پريشان(parişān))«1. ցրված, 2.գզգզված, 2. խճճված, մտամոլոր») > բրշկելև այլն[2]:

Կիսում ենք փոխառյալ բաղադրիչներով կազմված բայերին վերաբերող այն տեսակետը, ըստ որի՝ «փոխառություն է ոչ թե բայն ընդհանրապես, այլ համապատասխան արմատը, որ գտնում ենք տվյալ բայաձևի մեջ» (Հովհաննիսյան, 1990, էջ 119): Այս կարծիքին հետևելիս, սակայն, նոր հարցեր են առաջանում. օրինակ՝ խաբար>խաբար տալ, խաբար բերել, խաբրել, խաբարելձևերից ո՞րն է փոխառություն, և որը՝ ոչ. խաբար բառը խոսքի մեջ կարող է քերականական տարբեր դրսևորումներ ունենալ: Ի՞նչ մոտեցում ցուցաբերել. խոսքից դուրս համարել փոխառություն, շարակարգում՝ ո՞չ:

Ընդհանրապես, կարծում ենք, փոխառյալ նման միավորների միջև որևէ սահմանազատում զերծ չէ հակափաստարկներից, և դրանց՝ մեկը մյուսից տարբերակման փորձերը կատարյալ չեն[3]:  Ըստ այդմ էլ՝ որևէ սահմանում չի կարող զանազանելի դարձնել փոխառությունը ոչ փոխառությունից: Հարցի քննության համար օգտակար չէ նաև այն փաստարկը, որ «փոխատու լեզվի բայական միավորը ձևակառուցվածքային էական տարբերություն ունի փոխատու լեզվի համապատասխան միավորի համեմատությամբ՝ իր կազմում ներառելով մայրենի լեզվի ձևույթ, հուշում է, որ բայաձևերը, չպետք է զետեղել փոխառությունների ցանկում: Եթե մենք աշխատել-ը համարենք փոխառություն՝ անտեսելով —ել— մասնիկը, ապա նույն իրավունքով փոխառյալ միավոր պետք է համարենք աշխատանք-ը, աշխատութիւն-ը, աշխատ առնել-ը» (Հովհաննիսյան, 1990, էջ 119): 

Այսպես կարող են ձևավորվել փոխառությունների տարբերակման այլևայլ տեսակետներ, բայց, կարծում ենք, բազմաթիվ հատկանիշներ (հնչյունական, իմաստաբանական, բառակազմական, քերականական և նույնիսկ ոճական), որ կրում են փոխառությունները կամ փոխառյալ բաղադրիչներով բայերը, պահանջում են քննական տարբեր մոտեցումներ: Ճիշտ է նկատված՝ «անվերապահորեն չպետք է ընդունել մեկը և մերժել մյուսը» (Հովհաննիսյան, 1990, էջ 35): Այս ասպարեզում այլ բնույթի հարցեր են առաջանում խոսակցական տարբերակներում առկայացած արաբական ծագմամբ փոխառությունների առումով: Օրինակ՝ հայերենի բառապաշարում ամրակայված հնագույն փոխառություններին հակառակ՝ հին և նոր, արևելյան լեզուներից անցած ժողովրդական համարվող փոխառությունների ստվար մասը հայերենի բայակերտ ածանցներով քիչ կազմություններ ունի: Աշխարհաբարի ձևավորման շրջանում հանդիպող փոխառությունների մեծ մասը բայեր է ստեղծել բառակազմության հարադրական եղանակով: Դա խոսում է այն մասին, որ բառը ենթագիտակցորեն ընկալվել է որպես օտար երևույթ մայրենին կրող հանրության շրջանում, մյուս կողմից՝ հարադրության եղանակը ավելի հեշտ միջոց է բայական հասկացություններ արտահայտելու համար: Այդուհանդերձ, դրանք լեզվի բառապաշարի մասն են կազմում և հարստացնում հատկապես խոսակցական տարբերակների բայական համակարգը:

Բարբառային միավորներում արաբական ծագմամբ փոխառյալ բաղադրիչներով բայերի քննության հարցը պահանջ է առաջադրում նոր մեկնաբանությունների և հարցադրումների:

Արաբերենից անմիջական կամ միջնորդությամբ անցած փոխառությունների մեծ մասը, ինչպես նշեցինք, բայական հարադրություններ է կազմել, և քիչ են այն բաղադրիչները, որոնք  բայական կազմությունից զատված կամ առանձին արմատով հանդես գալ չեն կարող: Հավանաբար այդ է պատճառներից մեկը, որ այդպիսիք գործածության իրենց շրջանում՝ վաղ[4] և ուշ միջին կամ երկճյուղ աշխարհաբարի ձևավորման ենթաշրջաններում (ըստ. Գ. Ջահուկյանի)[5], գիտակցվել են որպես գավառական կամ բարբառային փոխառություններ և գրականացման ճանապարհ չեն անցել:

Փոխառյալ բառերով հայերենի բայական մասնիկավորում ստացած բայերը վերակազմական ձևեր համարելու պարագայում, ենթադրելի է, փոխառությունների շուրջ տարվող քննությունից կարող են դուրս մնալ։ Միայն հարադրություններով կազմությունները մեծ թիվ են կազմում` ղա̈լա̈մ ածէլ «գրել»,  ղա̈լա̈մա̈վ քաշել(ած)«գեղեցիկ գծվել» > ղա̈լիմաքաշ«գծերով զարդարուն», նա̈լա̈թ անէլ«անիծել»,ազափմընալ«չամուսնանալ»,դիլա̈կ անէլ«երազել»,դիլա̈գը առնել«հասնել երազանքին»,թա̈սխր անէլ «անարգել» < թա̈սխր«պակասություն»,խիալ անէլ «կասկածել»,հազ անել«սիրել, ախորժել, հաճել»,հա̈սրա̈թ մնալ«կարոտ մնալ»,ղահր քաշէլ«հոգսը քաշել»և այլն: Բայական հարադրություններ ձևավորած այս տիպի բառերի հիմնական մասը պահպանում է փոխատու լեզվի իմաստը, հմմտ․՝ զա̈րա̈ր անէլ«վնաս անել»,զարարլու«վնասակար» < ضَرر (zarar) «հաշմանդամել», թաղադից ընկնել «ուժասպառ լինել» >  طاقة (takat) «ուժ, զորություն», իշարաթ անել «նշան տալ» < إشارة (isharat) «ցուցադրել, նշան տալ»), և տարբերվում են միջնորդությամբ անցածներից, ինչպես, օրինակ՝ փալչի > փալչի-փալչի տո̈ւս տալ «1․ գրավիչ ձևով խոսել, 2․ շատախոսելով համոզել, 3․ համոզել» <  فأل (fal) «բարի նշան» բառից, հմմտ․՝ փալչի «բախտագուշակ», թյուրք․ falcı։ Դրանց որոշ մասը իմաստի ծավալման պահանջով ունի նաև բայական հարադրությամբ այլ ձևեր՝ թա̈սիբ (հավանաբար < تعذيب (tasib) «չվիրավորել, չստորացնել» բառից)՝ «պատիվ, արժանապատվություն» > թա̈սիբ քաշել «արժանապատվությանը տեր կանգնել»,  թա̈սիբ անէլ «պաշտպանել, հավակնել», թա̈սիբին կաղնէլ «սատարել, պաշտպանել» և այլն:

Քննարկում

(Արաբական ծագմամբ բառերից ձևավորված բայերի առանձնահատկությունները)

Արաբական ծագմամբ փոխառությունների՝ բարբառային տարածքում ձևավորած առանձնահատկություններից նշենք մի քանիսը՝

1․ Արաբերենից անցած որոշ գոյականներից ստեղծված հարադրություններ ներգործական սեռի քերականական իմաստ արտահայտել են դնել բայով՝ հինա «հինա» > հինա տինիլ «1. ներկել, 2. հինայել», ղափազ «վանդակ» > ղափազ տինէլ  «բանտարկել»[6]:

2․ Բայական տարբերակների առկայություն, հմմտ․՝ թըլիսմ անել-թըլըսմէլ «կախարդել» (թալիսմանը, հավանաբար, պրսկ․ փոխառություն է), թամահ անել թըմահել «ագահել», խարաբ անէլ (ինէլ)-խըրաբէլ «փչացնել» > խըրըբանալ, նամազ անէլ-նըմազէլ «աղոթել» և այլն։

3․ Բայական լծորդիչներով ձևավորված պարզ և ածանցավոր բայերի բանավոր խոսքում ունեցած գործածությունը, ինչպես՝ նալ՝ «կոշիկի կրունկին խփելու երկաթ», գոյականից է նալել[7] «կոշիկի տակ նալ խփել», կարծում ենք, պայմանավորված է մի քանի հանգամանքներով՝ ա. այդ փոխառությունները համեմատաբար հին են (բառը արդեն գործածական էր միջին հայերենում (Ղազարյան, Ավետիսյան, 2009, էջ 561), այլև արձանագրվում է «Նոր հայկազեան բառարանում» (Աւետիքեան և այլք, 1981, էջ 384)), բ. դրանք այլ կազմություններ ունեն և ըստ էության հաճախական են ու տարածված խոսակցական տարբերակներում՝ աննալ, նալչա և այլն: Զարզանդ (ած., գ.)՝ «1. ահարկու, սարսափելի, 2. սոսկում, վախ», բառից միջին հայերենում արդեն ձևավորվել էր զարզանդել «վախենալ» բայը: Ինչպես նկատում ենք, բանավոր ճանապարհով անցած բոլոր փոխառությունները չեն, որ բնորոշ են նեղ բարբառային շրջանակին: Դրանց մի մասը ծանոթ է եղել գրաբարին հաջորդած գրական տարբերակին, բայց այսօր դրանք դիտվում են որպես բարբառային կամ գավառական տարբերակներ:

3․ Մի խումբ փոխառություններ հայերենում չունեն իրենց փոխարինողները կամ ամբողջապես չեն արտահայտում հասկացությունը, բայց այդպիսիք նույնպես չեն անցել գրական լեզվին: Այդ տիպի փոխառությունները կարելի է անվանել լիակատար, որ լրացնում են հասկացության արտահայտման բացը փոխառու լեզվում, և մասնակի, որ փոխառու լեզվում ունեն համանիշ փոխարինողները:Թամահ (գ.)՝ «1. ցանկություն, տենչ, 2. ագահություն», բառը միջին հայերենում ունի թամայտարբերակը: Խ. Աբովյանի արձակում գործածված են՝ թամահ անել, անթամահ, թամահել: Թերևս փոխարինելի են անթամահ-աչքը կուշտ, այլև՝ սակավապետ, քչասեր, թամահքար (պարսկերեն կազմությամբ) «ագահ, աչքածակ, թամահ անող», բայց սրանցից մեկը՝ անթամահ, հայերեն ածանցով է, մյուսը՝ թամահքա̈ր, պարսկերեն: Կարծում ենք, փոխարինելի չէ «Էն մեռլի կաշուն ո՞վ թամահկանի, որ նա իր գլուխը տվեց բալբալի» (Խ․ Աբովյան) նախադասության թամահ բառը, «Ա քընծա՛հէր, բա քու թամահըտ թըմամո՞ւմ չի» (Գորիսի բարբառ): Իհարկե, կարելի է թարգմանչական հմտություն ցուցաբերել, բայց այստեղ խոսքը առհասարակ հայերեն նախադասության ու իրադրությունը դիպուկ վերարտադրելու մասին է:  Թամահ բառի՝ հայերենում ունեցած նրբիմաստներից «փափագ»՝ թամահ անէլ-փափագել՝ «… ո՞վ կփափագի…» տարբերակը նույն իմաստը չի արտահայտում: Լիակատար չէ նաև թամահ բառի «մի բան ունենալու ցանկություն, տենչ» իմաստ-բացատրությունը, այդպես և՝ թամահ անել «ագահել»: Լիակատար փոխառություն կարելի է համարել մո̈ւննաթ բառը: Այս գոյականն ունի «1. երախտիք, 2. թախանձանք, 3. պարտքի տակ մնալը» իմաստները: Բառը տարածված է արաբ. պրսկ. թյուրք. (արաբ. minna(t) منّة > manna منّ «բարերարություն, շնորհ») լեզուներում: Հայերենին անմիջականորեն անցած փոխառություն է (օսմ. minen (منن), թյուրք. minnet «երախտագիտություն», պրսկ. mennet (منت) «շնորհ»): Կարծում ենք՝ մո̈ւննա̈թ անէլ, մո̈ւննա̈թ կա̈լ բայական ձևերը ևս չունեն գրական համարժեքները: Հայոց լեզվի հոմանիշների բառարանում առաջինի համար բերվում են «խնդրել», երկրորդի համար՝ «հիշեցնել» իմաստները (Սուքիասյան, 2009, էջ 803), Պ. Բեդիրյանը մուննաթ անել բառի դիմաց նշում է «աղաչել», մուննաթ գալ՝ «երեսով տալ» (Բեդիրյան, 2011, էջ 971): Է. Աղայանի բառարանում այդ բառով կազմությունները ծավալուն բացատրություններ են ստանում՝ մասնակի ընդգրկելով բառի հասկացության ճիշտ արտահայտությունը. «1. մեկին խնդրելու անախորժություն ունենալ, ստիպված լինել մեկի բարյացակամությունը հայցելու, 2. արած լավությունը երեսով տալ, երախտիքը ավելորդ կերպով հիշեցնել», որ նույնն է՝ մուննաթ գալ(Աղայան, 1976, էջ 1038): Այս բառը փոխառվել է   միջին հայերենի շրջանում և բոլորովին այլ բացատրություններով է նշվում՝ «1. «ողորմություն, բարերարություն, լավություն, շնորհ, երախտիք, 2. պարտք, պարտականություն, պարտավորվածություն» (Ղազարյան, Ավետիսյան, 2009, էջ532, 533): Խարաբ (ած., գ. > خراب(harab) «ավերվածություն»), այստեղից՝ խըրըբանալ, խըրաբէլ, խանիխարաբ «փչացած, ավերված, անպիտան», խարաբ անէլ, խարաբ ինէլ, խարաբա «ավերակ» > խարաբա անել ձևերը, կարծում ենք, տեսական շատ հարցեր կարող են հանդիպադրել, բայց, միևնույն է, դրանք խոսակցական բնույթի փոխառություններ են։  

4․ Միջին հայերենի շրջանից եկող ղայիմ (ած., մբ.)՝ «1. հաստատուն, ամուր, 2. ուժգին, ուժով, պինդ», բառից ձևավորվել են հայերենի բայակազմական օրինաչափությամբ բայաձևեր՝ ղայիմանալ, ղայիմացնել, այլև կազմություններ, որոնք, կարծում ենք, բարբառային տարածքում են ստեղծվել, ինչպես՝ ղայիմ-ղադըմի լինել  «հաստատուն լինել» (Խ․ Աբովյան) և այլն:

5․ Հալալ՝«1. արդար, օրինավոր, 2. արժանի» (> հալալացնել) ածականի բարբառային կազմությունն է հալալ կըթնակէր «բարոյական, առաքինի» դարձվածքը: Այս և որոշ կազմություններ, որ չնայած ունեն իրենց զուգահեռները միջին հայերենում, աշխարհաբարի գրականության լեզվին անցել են բարբառներից (Խ. Աբովյանի երկերում գործածվում են միայն բարբառային տարբերակներով, այդպես և հախ[8]ը (ած., գ.)՝ «1. արդար, իրավացի, 2. ճշմարիտ տեղը, ճիշտ պահին, 3. վարձ, արդյունք, աշխատավարձ» > դարդլամիշ,(-) հախլանմիշ ըլիլ, վայ հախին, վայ նհախին, հախիցը գալ, հախլանմիշ լինել«հաշտվել», «միաբանվել», հախ ու նհախ «իրավացի-անիրավացի» և այլն:

6․ Արևելյան լեզուներից անցած բանավոր փոխառությունների մեծ մասը մնացել է խոսակցական մակարդակում: Նկատելի է, որ կան բարբառային փոխառություններ, որոնց այսօրվա գործածությունը գրական հայերենում վերապահումով է ընդունվում, և առկախ է մնում դրանց կարգավիճակը հայերենի բառապաշարի շերտատման համակարգում, ինչպես՝ հարամ(ած.)՝ «1. անօրեն, անարդար, 2. փչացած», բառը հաճախ ենք հանդիպում գեղարվեստական երկերում: Բառը արձանագրվում է նաև միջին շրջանի գրական հայերենում: Ոչ միայն Սյունիք-Արցախում, այլև հայերենի մյուս բարբառախմբերում հանդես է գալիս բաղադրյալ տարբեր կազմություններով, ինչպես՝ պարսկերեն zade«որդի» բառի հետ (haramzade), որը գործածական է նաև թյուրքերենում: Բառը լայն կիրառություն ունի նաև արևելյան մի շարք լեզուներում: Հարամ-ը լայն գործածություն ունի նաև գրականության մեջ (օրինակ՝ Խ. Աբովյանի գործերում այն այլև փոխանվանաբար հանդես է գալիս բազմապիսի ձևերով` բայ` «հարամել», գոյական՝ «հարամիք», «հարամները» և այլն): Հր. Աճառյանը տալիս է հարամի «ավազակ» ձևը, որ հանդիպում է Ուռհայեցու, Տաթևացու և այլոց երկերում (Աճառյան, 1977,էջ 56): Բառը, փաստորեն, համեմատաբար հին փոխառություն է, սակայն լայն գործածություն ստացել է ուշ շրջանում և բազմապիսի դրսևորումներով տեղ գտել արդի հայերենում՝ հարամ անել, հարամություն և այլն: Արդ՝ բարբառայի՞ն են, թե՞ գրական հարամել, հարամ անել,հարամություն բառերը, և, ավելին, արդյո՞ք հարամել ու հարամ անել բայերը փոխառություններ են:

7․ Բարբառային համարվող արաբական փոխառություններից նման հարցեր են ձևավորվում նաև ջահել (ած., գ.)՝ «1. դեռահաս, անհաս, 2. երիտասարդ, 3. անկիրթ», բառի գործածության շուրջ: Այս բառը տարածված է նաև թյուրքերենում՝ (cahil || cehil [-hli]> արաբ. (jāhil) جاهل), հիմնականում «1. տգետ, 2. անգետ» իմաստներով: Հայերենի խոսակցական տարբերակներում գործածվում է «երիտասարդ» իմաստով[9]: Հին հայերենի շրջանում պարսկերենից անցած երիտասարդ (< երիտասարդանալ) հոմանիշը ընդունվում է գրական, միջին գրական հայերենից եկող ջահելը (< ջըհիլա̈նալ) և նրանով արդեն ձևավորված շատ բառեր, որ տարածված են հայերենում, համարվում են բարբառայնություններ, այդպես և խոսակցականում՝ ջահելանալ, ջահելացնել, ջահել դառնալ և այլն։

Միջին հայերենի շրջանից նաղդ (գ., ած, մբ.)՝ «կանխիկ, առձեռն», բառը հայերենի խոսակցական տարբերակների մեծ մասում գործածական է նաև նաղդել«կանխիկացնել» ձևով: Հետաքրքրական է՝ որոնք են բառի՝ գրականացման ճանապարհից հետ պահվելու տվյալները: 

8․ Արևմտահայ գրական լեզուն պահպանել է խաբար բառի կազմություններ՝ խապրել, խապրիկ(Սաքապետոյան, 2011, էջ 128). այն արևելահայ բարբառներում բավականին տարածված և հաճախականություն ունեցող բառերից է՝ խաբար(գ.)՝ «լուր» > խաբարտալ, խաբար բերել, խաբրել, խաբարել,Սյունիք-Արցախում՝խա̈բա̈րբիզա̈նև այլն: Անշուշտ, մենք նույնպես կողմ ենք նրան նույնանիշ լուր բառին գործածական լայն հնարավորություն տալուն, բայց արդյոք ճի՞շտ են ընտրված հայերենի գրական բառապաշարին անցնող բառերի շուրջ ձևավորված մոտեցումները այս և նմանատիպ փոխառյալ բաղադրիների առումով[10]: Նման փոխառությունները գրական լեզվում չյուրացնելու պատճառներից մեկն էլ (Մարության, 1997, էջ 111-118) գուցե այն է, որ այդպիսիք տարածված են նաև արևելյան լեզուներում (Վարդանյան, 2016, էջ  276): Այս կերպ առկախ է մնում նաև նման բառերի հարցը՝ շուլալ (գ.) «ձեռնակարի տեսակ» > շուլալել, շուլալվել, չաղ (ած.) «1. գեր, պարարտ, 2. հարուստ, ունևոր, 3. բարկ[11], ուժեղ, բորբ» > չըղանալ, չաղ անէլ[12] և այլն:

9․ Արաբական փոխառություններից առաջացած բայեր կան, որոնք հանդես են գալիս միայն կրավորաձև, ինչպես՝  սախաթ (գ., ած.)՝ «խեղանդամ», այստեղից՝ սըխաթվել «1. խեղվել, 2. հաշմանդամ դառնալ»[13]:

10․ Կան բառեր էլ, որոնցից բայեր համեմատաբար ուշ են ձևավորվել, և այդպիսիք չեն հանդիպում Խ. Աբովյանի արձակում, ինչպես՝ սապոն > սապօնէլ (Գոր. Արց. և այլն):

Եզրակացություն

Այսպիսով՝ հայերենին բանավոր և գրավոր ճանապարհով անցած փոխառությունների ուսումնասիրությունը տարբեր մոտեցումներ է պահանջում:

Հայերենի խոնարհիչներ ստացած, հարադրավոր բայերի անվանական բաղադրիչ կազմած  արաբական ծագմամբ փոխառությունները մյուսներից ունեն տարբերակման հատկանիշներ, որոնցից մեկն էլ այն է, որ դրանք համեմատաբար հին են, վկայվում են միջին հայերենում: Կարծում ենք, որ արաբերենից անցած փոխառությունները նախ անցել են անվանական ձևերով, ապա հետագայում բայական բաղադրիչի հետ հաճախական գործածությամբ ընդգրկվել են բայ խոսքի մասի կազմում:

Արաբերենից անցած փոխառությունների մեծ մասը հանդիպում է թյուրքերենում և պարսկերենում: Հնարավոր է, որ դրանց որոշ մասը միջնորդությամբ  է անցել հայերենին, որոնք, այնուամենայնիվ, սահմանազատվում են հնչյունական, ձևակազմական և իմաստային հատկանիշների վերլուծությամբ:

Արևելյան լեզուներից անցած ժողովրդական բնույթի փոխառությունների (այդ թվում՝ արաբական), ստվար մասը հայերենի բայակերտ ածանցներով քիչ կազմություններ ունի:

Գրականության ցանկ

Reference list

Աբովյան,  Խ. (1984): Երկեր, Երևան, «Սովետական գրող» հրատ.։

Abovyan, Kh. (1984). Yerker, Yerevan, “Sovetakan grogh” hrat.: In Armenian

Աբովյան, Խ. (1948-1956): Երկերի լիակատար ժողովածու, հատ. I — VIII, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ.։

Abovyan, Kh. (1948-1956). Erkeri liakatar joghovatsu, hat. I.-VIII, Yerevan, haykakan SSR’ GA hrat.: In Armenian

Աբովյան, Խ. (1981): Վերք Հայաստանի, Երևան, ԵՊՀ հրատ.:

Abovyan, Kh. (1981): Verk’ Hayastani, Yerevan, EPH hrat.: In Armenian

Աբրահամյան, Ա. (1962): Բայը ժամանակակից հայերենում, գիրք 1, Երևան,  Հայկական ՍՍՌ ԳԱ հրատ.։

Abrahamyan, A. (1962): Bayĕ zhamanakakits’ hayerenum, girk’ 1, Yerevan, Haykakan SSR’ GA hrat.: In Armenian

Աբրահամյան, Ա. (1962): «Փոխառությունների հետ կապված բայակազմական մի քանի երևույթներ ժամանակակից հայերենում», Երևան, ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, թիվ 7-8, 115-128:

Abrahamyan, A. (1962): “P’okhar’ut’yunneri het kapvats bayakazmakan mi k’ani erevuyt’ner zhamanakakits’ hayerenum”, Yerevan, HSSR’ GA Teghekagir hasarakakan gitut’yunneri, tiv 7-8, 115-128: In Armenian

Աղայան, Է. Բ. (1976): Արդի հայերենի բացատրական բառարան, հատ. 2, Երևան, «Հայաստան» Հրատ.։

Aghayan, E, B. (1976): Ardi hayereni bats’atrakan bar’aran, hat. 2., Yerevan, “Hayastan” hrat.: In Armenian

Աճառյան, Հ., (1977): Հայերեն արմատական բառարան, Երևան, Երևանի համալսարանի հրատ.։

Acharyan H., (1977): Hayeren armatakan bar’aran, Yerevan, Erevani hamalsarani hrat.: In Armenian

Աւետիքեան, Գ., Սիւրմէլեան, Խ., Աւգերեան, Մ. (1981): Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հատ. II, Վենետիկ, Տպարան ի Սրբոյն Ղազարու։

Avetiqean, G., Syurmelyan, Kh., Avgeryan, M. (1981): Nor bar’girk’ haykazean lezui, hat. II, Venetik, Tparan I Srboyn Ghazaru: In Armenian

Բեդիրյան, Պ. Ս. (2011): Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան, Երևան, ԵՊՀ հրատ.։

Bediryan, P. S. (2011): Hayeren dardzvatsk’neri ĕndardzak bar’aran, Yerevan, EPH hrat.: In Armenian

Զաքյան, Հ., (2015): «Ե լծորդության` պարզ բայահիմքով կրկնասեռ բայերը Աստվածաշնչում», Հայագիտական հանդես, Երևան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, թիվ 2 (30), 3-15։

Zaqyan, H., (2015): “E ltsordut’yan` parz bayakan himk’ov krknaser’ bayerĕ Astvatsashnchchum”, Hayagitakan hands, Yerevan, Kh. Abovyani anvan haykakan petakan mankavarzhakan hamalsarani, t’iv 2 (30), 3-15: In Armenian

Հովհաննիսյան, Լ. (1990): Հայերենի իրանական փոխառությունները, Հայկական ԽՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1990։

Hovhannisyan, L. (1990): Hayereni iranakan p’okhar’ut’yunnerĕ, Haykakan KhSH GA hrat.: In Armenian

Ղազարյան, Ռ. Ս., Ավետիսյան, Հ. Մ. (2009): Միջին հայերենի բառարան, Երևան, ԵՊՀ հրատ.։ Ghazaryan, R’. S., Avetisyan, H. M.  (2009): Mijin hayereni bar’aran, Yerevan, EPH hrat.: In Armenian

Մարության, Ա. (1997): «Բառային փոխառությունների և լեզվի մաքրության հարցի շուրջ», Պատմա-բանասիրական հանդես, Երևան, թիվ 2, 111-118։

Marut’yan, A., (1997): “Bar’ayin p’okhar’ut’yunneri ev lezvi mak’rut’yan harts’I shurj”, Patma-banasirakan hands, Yerevan, t’iv 2, 111-118: In Armenian

Պետրոսյան, Հ. (1987): Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան» hրատ.։

Petrosyan, H., (1987): Hayerenagitakan bar’aran, Yerevan, “Hayastan” hrat.: In Armenian

Սաքապետոյան, Ռ., Կ. (2011): Արեւմտահայերեն-արեւելահայերեն նոր բառարան, Երևան, «Տիգրան Մեծ» հրատ.։

Saqapetoyab R., K. (2011): Atewmtahayeren-arewelahayeren nor bar’aran, Yerevan, “Tigran Metts” hrat.: In Armenian

Սուքիասյան, Ա. Մ. (2009): Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, ԵՊՀ հրատ.։

Suqiasyan, A. M. (2009): Hayots’ lezvi homanishneri bats’atrakan bar’aran, Yerevan, EPH hrat.: In Armenian

Վարդանյան, Ա. (2016): «Ղարաբաղի բարբառում նոր իրանական որոշ փոխառությունների շուրջ», Արևելագիտության հարցեր (Գիտական հոդվածների պարբերական ժողովածու), Երևան, թիվ 12, 273-280։

Vardanyan, A. (2016): “Gharabaghi barbarum nor iranakan vorosh p’okhar’ut’yunneri shurj”, Arevelagitut’yan harts’er (Gitakan hodvatsneri parberakan zhoghovatsu), Yerevan, t’iv 12, 273-280: In Armenian

Резюме

О НЕКОТОРЫХ ТЕОРЕТИЧЕСКИХ И ПРИКЛАДНЫХ ПРОБЛЕМАХ ГЛАГОЛОВ С ЗАИМСТВОВАНИЯМИ АРАБСКОГО ПРОИСХОЖДЕНИЯ

При изучении глаголов с иностранными корнями возникают различные вопросы.

Один из них является, что это заимствованные слова или нет?

В лингвистической литературе существуют различные мнения по этому вопросу.

Для изучения вопроса мы взяли заимствования арабского происхождения из диалектной области Сюника-Арцаха, которые при необходимости были сопоставлены с формами, существующими в древнеармянских и среднеармянских языках.

Заимствования арабского происхождения, ставшие в армянском языке глаголами, отличаются от других заимствований. Вот некоторые из них: основная часть этих слов имеет как самостоятельное употребление, так и становится именным компонентом глагольного отношения, в отличие от тюркских и персидских заимствований, в которых грамматические или словообразовательные формы языка-заимствования каким-то образом понимаются, a в арабских заимствованиях они не понимаются.

При устном заимствовании мало внимания уделяется значению грамматических и лексических моделей заимствованного языка. Явление более заметно в тех арабских заимствованиях, которые были опосредованы или вообще были широко распространены в языках Востока. Грамматическую или словообразовательную форму заимствованного языка можно обнаружить только путем буквального анализа. Некоторые заимствования арабского происхождения перешли через другие языки. Большинство прямых или опосредованных заимствований из арабского языка имеют глагольные отношения. Вероятно, это одна из причин того, что такие слова были признаны диалектными заимствованиями и не перешли в литературный язык.

Некоторые заимствования не имеют своих заменителей в армянском языке или не полностью выражают понятие, но и в литературный язык они не перешли. Заимствования такого типа можно назвать полными, которые восполняют пробел в выражении понятия в заимствованном языке, например муннат (մո̈ւննաթ) «1. благодарность, 2. зависть, 3. Долг» > минна(т) منّة > манна منّ «милосердие, благодать». А те заимствования, которые имеют синонимичные заменители в заимствованном языке, можно считать частичными, как, например, зарар анел (զարար անէլ) «вредить», зарарлу (զարարլու) «вредный» < ضَرر (zarar) «выводить из строя».

Несмотря на это, арабские заимствования не сыграли вредной роли в нашем языке, они никак не повлияли на общий строй армянского языка и его диалектов. Напротив, они обогатили словарный запас необходимыми понятиями.

Ключевые слова:verbal meaning, диалект, аналитический глагол, Сюникско-Арцахский диалектный ареал, глагольное заимствование, глагольное значение.

Summary

ON SOME THEORETICAL AND APPLIED PROBLEMS OF VERBS WITH BORROWINGS OF ARABIC ORIGIN

MHER KUMUNZ

PhD in Philology, Associate Professor

Institute of Language after Hrachya Acharyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia

mherkumunts@gmail.com

LUSINE NERSISYAN

PhD in Philology, Associate Professor

Goris State University

lusnersraz@gmail.com

ANAHIT MKRTUMYAN

Institute of Language after Hrachya Acharyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia

mkrtumyananahit@mail.ru

When studying verbs with foreign roots, various questions arise.

One of them is that these are loanwords or not?

In the linguistic literature there are different opinions on this issue.

To study the issue, we took borrowings of Arabic origin from the Syunik-Artsakh dialect region, which, if necessary, were compared with the forms that existed in the Early World and Middle Armenian languages.

The borrowings of Arabic origin, which have become verbs in the Armenian language, differ from other borrowings. Here are some of them: the main part of these words has both an independent use and becomes a nominal component of analytical verbs, in contrast to Turkic and Persian borrowings, in which grammatical or derivational forms of the borrowing language are somehow understood, in Arabic borrowings they are not understood .

In oral borrowing, little attention is paid to the meaning of the grammatical and lexical patterns of the borrowed language. The phenomenon is more noticeable in those Arabic borrowings that were mediated or were generally widespread in the languages of the East. The grammatical or derivational form of a borrowed language can only be discovered through literal analysis. Some borrowings of Arabic origin have passed through other languages. Most direct or indirect borrowings from Arabic are formed by analytic verbs. This is probably one of the reasons why they were recognized as dialect borrowings and did not pass into the literary language.

The group of borrowings does not have its substitutes in the Armenian language or does not fully express the concept, but they did not pass into the literary language either. Borrowings of this type can be called complete if they fill a gap in the expression of a concept in a borrowed language, for example, munnat (մո̈ւննաթ) “1. gratitude, 2. envy, 3. duty” > minna(t) منّة > manna منّ “mercy, mercy”. And those borrowings that have synonymous substitutes in a borrowed language can be considered partial, such as zarar anel (զարար անէլ ) “harm”, zararlu (զարարլու) “harmful” < ضَرر (zarar) “disable”.

Despite all this, Arabic borrowings did not play a harmful role in our language, they did not affect the general structure of the Armenian language and its dialects. On the contrary, they enriched the vocabulary with the necessary concepts.

Key words: Arabic borrowing, dialect, analytical verb, Syunik-Artsakh dialect area, verbal borrowing, verbal meaning.


[1] Մեր հաշվարկներով Խ. Աբովյանի գեղարվեստական արձակի մեջ գործածված են մոտ 237 փոխառություններով կազմված բայեր, որոնցից՝ 58 պարսկական, 76 թյուրքական, 103 արաբական:

[2] Բարբառային որոշ օրինակներ, ուսումնասիրության նյութի պահանջով, հանդիպադրել ենք Խ․ Աբովյանի երկերում գործածված բարբառային ձևերին (Աբովյան, 1948-1956; Աբովյան, 1984; Աբովյան, 1981):

[3] Հստակ չէ նաև օտարաբանություն և փոխառություն հասկացությունների տարանջատումը որևէ օտար լեզվից անցած բառերի շրջակայքում: Խորհրդային շրջանի լեզվաբանության մեջ, օրինակ, Հ. Պետրոսյանի բառարանում այսպիսի սահմանման ենք հանդիպում, որ, կարծում ենք, լեզվական տրամաբանությունից դուրս է. «ԽՍՀՄ ժողովուրդների լեզուներից փոխառյալ բառերը չենք դիտում իբրև «օտար», այլ կոչում ենք «փոխառյալ», իսկ արտասահմանյան լեզուներից փոխառվածները և՛ օտար, և՛ փոխառյալ» (1987, էջ 616):

[4] 17-րդ դարից մինչ 19-րդ դարի կեսերը:

[5] 19-րդ դարի կեսերից մինչ 1920 թվականը:

[6] Արաբ. kafas (قفص), թուրք. kafes «վանդակ»:

[7] Այս բայն ունի նաև ածանցական տարբերակները՝ նալնել, նալչել:

[8] Արաբ. haqq(حَقّ):

[9] Ահա բնագրային որոշ օրինակներ Խ․ Աբովյանից՝ «…հրեշտակ սիրելի ջահել հարսները…» (Թ.Հ.Հ. 40), «ջահելություն» (Վ.Հ. 26), «…մեկ ջահել մարդ…» (Պ.Տ. 119), «…ջահել ժամանակը…» (Ֆ. 250) և այլն: «Տգետ» իմաստով գործածություն հայերենում մեզ չի հանդիպել:

[10] Եվ դա այն պարագայում, երբ հայ գրականության հեղինակների գրեթե մեծ մասը այս և նման բնույթի բառերն անկաշկանդ գործածում է գեղարվեստական խոսքում:

[11] Կրակը չաղ անէլ:

[12] Խ․ Աբովյանի արձակում նաև՝ դամաղը չաղ «գոհ», :

[13] Արաբ. sakat(سَقَط) «թույլ, տկար» բառից:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի