Փըրթօսը Խնձորեսկում (ավանդազրույց)

Spread the love

Փըրթոսը հին Խնձորեսկի թաղամասերից մեկն է: Փրթոս անվանումը կապված է հետաքրքիր մի ավանդազրույցի հետ: Իսմայիլ խանը գալիս է Խնձորեսկ, որպեսզի գրավի անառիկ բերդը, քանի որ տարածաշրջանում հայտնի էր, որ միայն այդ գյուղն է, որ օտարները չեն կարողանում իրենց ենթարկացնեն: Մինչ գյուղ գալը հարձուփորձ է անում գյուղի և գյուղացիների մասին: Իմանում է, որ  Բաղդասար անունով մեկը մի սիրուն աղջիկ ունի: Փորձելու համար գյուղի բնակիչների կամքն ու համարձակությունը, ինչպես և ցանկանալով իր հարեմ տանել գեղեցկատես աղջիկների, հրամայում է, որ գնան այդ գեղեցիկ աղջկան բերեն, հակառակ դեպքում կկոտորի գյուղացիներին: Գալիս հայտնում են Բաղդասարին: Բաղդասարը ցանկանում է գյուղն ու գյուղացիներին հեռու պահել պատուհասներից: Ասում է, որ եթե աղջիկը ցանկանում է, թող գնա: Աղջիկը ոչ մի կերպ չի ցանկանում իրեն զոհել թուրք խանին: Կանչում է գյուղացիներին ու ասում, որ եթե գյուղացիները ցանկանում են,  որ թշնամին իրեն գերի վերցնի, ուրեմն ինքը կմեկնի, իսկ եթե չեն ցանկանում, ուստի թող պաշտպանեն իրեն: Գյուղի երիտասարդները ոտքի են կանգնում, լուր ուղարկում, որ իրենց գյուղից ոչ մեկը չի լինի թուրքի ստրուկ: Իմանալով, որ թուրքերը կբարկանան ու հարձակում կկազմակերպեն, գոտեպնդվում են ու պատրաստվում դիմակայության: Գալիս դարանակալում են այդ վայրում, որ հիմա կոչվում է Փթոց: Գաղտագողի դիմավորում են թշնամուն ու սպանում զինվորներին: Փրթոց[1]՝ կոտորած է լինում, այդտեղից էլ առաջանում է ձորի անունը՝ փրթոց>փրթոս: Փրթոսը գյուղի վերևում է՝ գյուղի տանիքը, որ առանձին թաղամաս է եղել ու գյուղ մտնող առաջին մուտքը արևելքից:


[1] Փրթել, կոտորել իմաստից:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի