Ժայռափոր սրբավայրն ու  Որոտանի հովտի այլ հուշարձանները

Spread the love

Որոտան գետի ներքին ավազանը ևս 18-20-րդ դարերում հայաթափվեց: Խորհրդային տարիներին ստեղծված Կուբաթլուի շրջանը՝ համանուն կենտրոնով, բռնակցվեց Ադրբեջանի Հանրապետությանը, և Հայոց տարածքները դարձյալ գերի մնացին: 1993թ. ընթացքում ամբողջությամբ ազատագրվեցին պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի այն գավառները /Աղահեճք-Քաշաթաղ, Կովսական-Գրհամ, Քաշունիք-Մաղանջուղ, Հաբանդ և այլն/, որոնք ընկած են Հակարի, Որոտան, Ողջի  գետերի ավազաններում և անջրպետ էին դարձել Արցախ-Մայր հայրենիք միավորման համար: Վերջերս եղանք Քաշաթաղի շրջանի հարավային մասում, եղանք նաև Որոտան գետի հովտում, որտեղ կան տասնյակի հասնող ամրոցատեղիներ, եկեղեցիներ, հայոց մասին պատմող պատմական այլ հուշարձաններ: Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ գյուղից դեպի Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաք /Նախկին Կուբաթլու/ գնացող ճանապարհի մոտ 5-րդ կիլոմետրից արտամիջյան ճանապարհը դեպի աջ է տանում և ոլոր-մոլոր իջնում Որոտան գետի հովիտ:

Զանգեզուրին հատուկ սնկաձև հսկայական ժայռերը անկրկնելի գեղեցիկ տեսարան են ստեղծել տարածքում: Նույն ժայռերի տակով հասնում ենք Ալղուլուշաղի կամ Ալղուլի-ուշաղի, այժմ՝ Դողար, Անդոկաշեն: Առաջինը մեզ դիմավորում է ձիերի խումբը, որը դուրս է գալիս գյուղի ձախակողմյան ձորից, որտեղով  հոսում է Որոտանի ձախակողմյան փոքրիկ վտակներից Խնձորեսկի գետը: Գտնում ենք դեպի ձոր գնացող արահետը, որը միանում է պատմական ճանապարհին: Զգացվում է՝ դարերի պատմություն ունի ճանապարհը: Դրա մասին են հուշում ճանապարհի եզրին պահպանված պատերը: Հավանաբար ժամանակին այս ճանապարհով են մեր նախնիները երթևեկել դեպի Խնձորեսկ ու այլ բնակավայրեր: Ճանապարհի ձախ կողմում բարձր և ուղղաձիգ ժայռեր են, որոնցում կան քարանձավներ, նաև՝ բարձր դիրքերում: Այն որ քարանձավները պաշտպանական նշանակություն են ունեցել, հուշում են դիմացի պարիսպների հետքերը: Նույն ժայռերից մեկի ներքին մասում է Հայոց սրբավայրը՝ ժայռափոր եկեղեցին, որի միակ մուտքը հարավային կողմից է: Եկեղեցու աջ ու ահյակ, վերևում, հարևան ժայռերի մեջ կան քարանձավներ, որոնք ինչ-որ ժամանակ եղել են բնակելի: Որոշներում դեռևս պահպանվել են հատուկ փայտերը, որոնցից պարան-ելարաններ էին կապել: Նույն քարայրներն ավելի վաղ հնարավոր է՝ ճգնարաններ են եղել, որոնց հարևանությամբ հիմնվել է անապատ-եկեղեցին: Միանավ բազիլիկ եկեղեցին ունի մոտ 9 մ երկարություն, 3,5 մ լայնություն և 4,5մ բարձրություն: Սուրբ խորանի կողքերին ավանդատներ չկան, սակայն ձախ պատին իր տեղում է մկրտության ավազանը: Մուտքի ձախ կողմը քանդված է, և երևի, երբ քրդերը եկեղեցին որպես փարախ են օգտագործել, քանդված մասում պատ են շարել՝ մի փոքր պատուհան թողնելով: Իսկ ժամանակին մեր պապերը եկեղեցու լուսավորության հարցը լուծել են ՝ մուտքից վերև 2 փոքր պատուհան փորելով: Նման տեսք ունի նաև Քաշաթաղի շրջանում պահպանված մեկ այլ ժայռափոր եկեղեցի՝ հյուսիսային Տանձուտ գյուղում՝ Աղավնո գետի ձախ կողմում: Ժայռերի մոտ հանդիպում ենք Ալղուլիուշաղի գյուղի բնակիչներից Մարտին Հարությունյանին, ով տեղեկացրեց, որ տեղանքը կոչվում է Թալաքի ձոր: Իսկ այն, որ քարայրը եկեղեցի է, թե ոչ, ուսումնասիրման կարիք ունի: Այստեղից մոտ 1, 5կմ հարավ՝ Որոտանի ափին, պահպանվել է /Քեյղալա/ ամրոցատեղին /9-11-րդ դարեր/: Ամրոցի հյուսիսարևելյան հարթ տարածքում և թեք լանջին պահպանվել է բնակատեղի և դամբարանադաշտ: Ամրոցի 3 կողմերում ուղղաձիգ ժայռեր են, որոնցում կան գաղտնուղիներ՝ իջնելով դեպի գետ: Հյուսիսային կողմում 3-4 շերտ պարիսպների հետքեր են պահպանվել, տեղ-տեղ դրանք շարված են հսկա քարերով: Ամրոցի մոտից՝ գետի ձախ ափով, բարձրանում ենք դեպի արևմուտք: Քիչ հեռվում է Լալազարի կամուրջը: Երկթռիչք կամարակապ սրբատաշ բազալտով կառուցված կամուրջն ունի մոտ 25 մ երկարություն, 4մ լայնություն: Ձախակողմյան խելի պատին սպիտակ գույնի կլոր քար է ագուցված, որի վրա 10 տողից հայատառ արձանագրություն է եղել: Ըստ այդ արձանագրության՝ կամուրջը կառուցվել է Խնձորեսկ գյուղի բնակիչ, մեծահարուստ Հովակիմ Լալազարյանցի կողմից 1867 թվականին: Այդ ժամանակ տարածքում արդեն բնակություն էին հաստատել մահմեդական ցեղերը: Կամուրջը ծառայում էր նաև նրանց: 20-րդ դարի սկզբին կամուրջը հիմնանորոգվում է Հովակիմի որդու՝ Սիմոնի կողմից: Ժամանակին մամուլն անդրադարձել է նորոգմանը, որը տևել է մոտ 1,5 տարի և վերահսկվել անձամբ Սիմոն Լալազարյանցի կողմից: «Մշակ»-ի 161 համարում /1902թ./ նշվել է. «…Բարգուշատ գետի վրա կառուցված քարէ կամուրջը քայքայված էր, անպէտքացած: Այժմ նա վերանորոգված է եվ արդէն համարէա պատրաստ է»: Այնուամենայնիվ՝ խորհրդային տարիներին արդեն թուրքացած քրդերը տաշել են կամրջի մասին գրված արձանագրությունը: Արդեն դար ու կես պատմություն ունեցող կամուրջն այսօր էլ է ծառայում բնակչությանը՝ իր իսկական տերերին:  Ցավոք կամրջի աջակողմյան կամարը ճաք է տվել և ունի վերականգնման խնդիր, նամանվանդ այժմ էլ բեռնատարներ են անցնում կամրջով: Այստեղից մոտ 1 կմ արևմուտք՝ գետի աջ ափին միջնադարյան մեկ այլ ամրոց է պահպանվել՝ գետից թեքությամբ բարձրացող լանջն ի վեր /ուղղաձիգ՝ մոտ 300մ/: Պահպանվել են ամրոցի մուտքը, պարիսպներ, շինությունների հիմքեր, ավերված եկեղեցի և այլն: Ամրոցի արևելյան կողմում լճակ կա, որի ջուրը մոտ 2 կմ կամ ավելի երկարությամբ ջրանցքով է բերվել: Այժմ ջրանցքը չի գործում: Լճակի մոտից գաղտնուղի է բարձրացել ամրոց: Հարավային կողմում՝ բնական ժայռի մեջ, մուտք են բացել: Արևմտյան կողմում ուղղաձիգ ժայռեր են: Դրանց վերին մասում ժամանակին անցուղի է եղել՝ բերդը հսկող զինվորների անցուդարձի համար: Շարունակում ենք ճանապարհը և հասնում Սյունիքի մարզի Որոտան գյուղ: Ճանապարհի եզրին հնադարյան բնակատեղիներ են, դամբարանադաշտեր: Տարածքում են նաև ազատագրված Մազրա կոչվող գյուղն ու նրա 17-րդ դարի բազիլիկ եկեղեցին, գյուղից ներքև՝ մեկ այլ ամրոցատեղի, որի պարիսպները կիկլոպյան հետքեր ունեն:

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի