Հացի ծաղկումին ու քաղին…

Spread the love

Ուղիղ մեկ ամիս առաջ՝ հունիսի 5-ին, Քաշաթաղի շրջանում սկսվեց հացահատիկի բերքահավաքը, որը դեռ շարունակվում է: Հուլիսի 3-5-ը այցելեցինք շրջանի հարավային Իշխանաձոր գյուղ, որտեղ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ գործում է «բերքահավաքը ժամանակին և անկորուստ իրականացնելու օպերատիվ շտաբը»: Անցած աշնանն ու այս տարվա գարնանը շրջանում կատարվել է 20081հա հացահատիկի ընդհանուր ցանքս, որը բոլոր տարիների համեմատ առավելագույն է: 1 ամսվա ընթացքում ընդհանուր կատարվել է 13770հա հունձ, ստացվել է 37899տ համախառն բերք՝ 27,5ց/հա բերքատվությամբ: Հուլիսի 5-ին հունձը հիմնականում կատարվում էր Հակարիի աջափնյա սարահարթում՝ Սարատակի, Տիգրանավանի, Մարտունաշենի, Ձորափի, Ծաղկաբերդի գյուղական համայնքների ցանքատարածքներում, ինչպես նաև Կովսակատի տարածաշրջանում, որտեղ ցանքատարածքներ ունեն Մուշի և Վանի գյուղական համայնքները: Վանի հողատարածքների մեծ մասը մշակում են սիրիահայերը: Օրվա ընթացքում ընդհանուր կատարվեց 610հա հունձ, որից ցորեն՝ 360հա/ստացվել է 1124տ բերք՝ 31,2ց/հա բերքատվությամբ/, գարի՝ 175հա/ստացվել է 397տ բերք՝ 22, 7ց/հա/ և հաճար՝ 75հա՝ 20ց/հա բերքատվությամբ/150տ/: Իշխանաձորում եղած ժամանակ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի հետ եղանք հացահատիկի արտերում, զրուցեցինք համայնքների ղեկավարների, հողօգտագործողների, կոմբայնավարների հետ, ծանոթացանք կատարվող աշխատանքներին: Հակարի գետի ձախակողմյան Թովմասարի սարահարթում բացի պետական պահուստային ֆոնդից /ՊՊՖ/, հողատարածքներ ունեն գետի նույն ափին գտնվող մի քանի համայնքներ՝ Աղաձոր, Արծվաշեն, Իշխանաձոր, Գետամեջ, Այգեկ և այլն: Այս հատվածում ընդհանուր կատարվել է մոտ 8000հա ցանքս, որի հիմնական մասն արդեն հնձվել է: Այս օրերին հունձը հիմնականում կատարվում է Կովսականի բարձրավանդակում և Հակարի գետի աջակողմյան սարահարթերում, Որոտանի ավազանում: Այժմ հակահրդեհային հենակետեր են գործում Կովսականի տարածքում, Որոտան քաղաքից հյուսիս և Թովմասարի միջին գոտում: Հուլիսի 4-ին եղանք Կովսականի բարձրավանդակում, այս հատվածում աշխատում են մոտ 20 կոմբայն: Կովսականի քաղաքային համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը տեղեկացրեց, որ հնձի հիմնական աշխատանքները կսկսվեն 2-3 օրից: Հողօգտագործող Սերոբ Քարամյանը տարածքում 30հա ցորեն է ցանել: Հունձը դեռ չի սկսել, սակայն հույս ունի, որ բարձր կլինի բերքատվությունը: Ասաց՝ պահպանել է ագրոտեխնիկական կանոնները, որն էլ տվել է ցանկալի արդյունք:

Կովսականի հարևանությամբ է Ալաշկերտի գյուղական համայնքը, որի հացահատիկի մոտ 280հա դաշտերը գտնվում են Ողջի գետի աջակողմյան սարավանդակներում: ճանապարհը դեպի ցանքատարածքներ դժվարանց ու թեք է, այնուամենայնիվ հաղատարածքներն օգտագործվում են վարձակալների և համայնքի բնակիչների կողմից: Համայնքի ղեկավար Բագրատ Նավասարդյանը, ով արտերում հետևում էր հնձի աշխատանքներին, ուրախությամբ ասաց, որ հեկտարից մոտ 5 տոննա ցուրեն է ստացվում: Հավելեց նաև, որ ցանքի ընթացքում, դրանից հետո պահպանվել են ագրոտեխնիկական կանոնները: Կոմբայնավար Անդրանիկ Հարությունյանը Սյունիքի Սիսիանի տարածաշրջանի Շաքի գյուղից է: Հունիսի 6-ից Քաշաթաղի շրջանում է աշխատում, մինչ այդ հնձել է Մարտակերտի հացի արտերը: Ընդհանրապես արդեն 6 տարի է, ինչ բերքահավաքին աշխատում է Քաշաթաղի շրջանում, գոհ է, որ ունի աշխատանք, վարձատրվում է ժամանակին: Բ. Նավասարդյանի տվյալներով՝ 2 օրից կավարտեն ցորենի բերքահավաքը: Վերադարձին Կովսականի բարձրավանդակում հանդիպեցինք հակահրդեհային հենակետի հրշեջներին: ԱՀ ԱԻՊԾ Քաշաթաղի շրջանի արտակարգ իրավիճակների բաժնի/ՇԱԻԲ/ հրշեջ փրկարարական ծառայության/ՀՓԾ/ կից Կովսականի ջոկատի հրշեջներին: Ջոկատի հրամանատար, կապիտան Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ իրականացնում են շուրջօրյա  հերթապահություն: Անցած օրը հրշեջներին հաջողվել էր մարել հարևան Ծոբաձորի տարածքում բռնկված հրդեհը: Ենթասպա Հարութ Պետրոսյանն ասաց՝ դժվարանցանելի տարածք էր, բայց հաջողվեց վերացնել վտանգը: Զրույցի պահին Երիցվանքի համայնքի ղեկավար Զարզանդ Միքայելյանը զանգահարեց, որ իրենց համայնքում՝ Հակարիի ափամերձ տարածքում, հրդեհ է բռնկվել: Հրշեջների հետ շտապում ենք հրդեհի վայր: Տեղում էր շրջվարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանը, այլ աշխատակիցներ: Մոտակա ուղեկալի զինվորների հետ սկսվեց պայքարը կրակի դեմ: Բարեբախտաբար վառվում էր չոր խոտով պատված տարածք, որը հեռու էր ցանքատարածքներից: Մոտ մեկ ժամ անց հրդեհը մարվեց: Այստեղից քիչ հեռու են Երիցվանքի գյուղական համայնքի հացահատիկի ցանքատարածքները: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ կատարել են 270հա գարու և 500հա ցորենի ցանքս: Նույն համայնքից կոմբայնավար Ռուբիկ Սարգսյանը պատրաստվում էր կոմբայնը դաշտ մտցնել: Պատրաստ էր նաև բեռնատարը, որ հացահատիկը պահեստ տեղափոխեր: Այս օրերին հացահատիկի բերքահավաքին զուգահեռ արդեն աշնանացանի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Հնձված արտերն սկսել են մաքրել, հերկել: Լ. Սիմոնյանի հետ բարձրացանք նաև Թովմասար, որտեղ մոտ 300հա արդեն հերկ է կատարվել: Շտաբում զրուցեցինք շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ՝ կապված բերքահավաքի, ինչպես նաև Իշխանաձոր գյուղում իրականացվող շինարարական աշխատանքների հետ: Ասաց՝ բերքահավաքն ընթանում է բարեհաջող, բերքատվությունը, համեմատած անցած տարիների, բարձր է: Կոմբայնների խնդիր չկա շրջանում. կա մոտ 20 միավոր տեխնիկա, պակասը՝ մոտ 70, մշտապես լրացվում է Սյունիքի մարզից: Բերքն իրացվում է հիմնականում Երևանում՝ ԱՀ կառավարության օժանդակությամբ: Վարկային պարտավորություն ունեցող հողօգտագործողները կարող են պարտքը մարել՝ հանձնելով հացահատիկ: Գարին ընդունվում է 110 դրամով՝ ներառյալ ճանապարհածախսը/1կգ-ի համար՝ 15դ/, իսկ ցորենը՝ 125 դրամով: Քիչ հող մշակողների բերքն ընդունվում է Շուշիիում: Տեղափոխումն իրականացվում է մասնավոր մեքենաներով: Անհրաժեշտության դեպքում հողօգտագործողներին այս, կոմբայնների և այլ հարցերում օժանդակում է օպերատիվ շտաբը: Ս. Խաչատրյանը հավելեց նաև, որ վերջերս ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը 2 անգամ հանդիպում ունեցավ Քաշաթաղի  շրջանի ղեկավարության, համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների հետ: Երկրի Նախագահը կարևորել է Քաշաթաղի ռազմավարական նշանակությունը Արցախի կյանքում և ասել, որ շրջանը մշտապես լինելու է հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում: Կարևորել է հացահատիկի և այլ մշակաբույսերի արտադրությունը և տվել հանձնարարական, որ 2017-2018 թվականներին ցանքատարածքները շրջանում ավելացվեն՝ հասցնելով 23500հա-ի: Այս առումով արդեն աշխատանքներ են իրականացվում հերկելու չմշակված տարածքները, նոր պայմանագրեր կնքելու վարձակալների հետ, որպեսզի վարձակալված տարածքները մշակվեն, հակառակ դեպքում պայմանագրերը կլուծարվեն: Երկրի Նախագահը կարևորել է նաև Իշխանաձոր գյուղի զարգացումը: Անցած տարի գյուղի Ազատամարտիկների թաղամասում շահագործման հանձնվեց 8 բնակարանոց մեկ շենք և 11 առանձնատուն: Այս տարի շուտով ավարտին կմոտենա ևս 11 առանձնատների կառուցումը: Այժմ իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ և տարածքների բարեկարգում: Նախատեսված է գյուղի բնակչության թիվը հասցնել 1000-ի: Թաղամասի շինարարությանը զուգահեռ՝ կատարվում է դպրոցի եռահարկ շենքի հիմնանորոգում: Նախնական տվյալներով այս տարվա սեպտեմբերի 1-ին մոտ 100 աշակերտ կհաճախի Իշխանաձորի Հովհ. Թումանյանի անվ. միջնակարգ դպրոց: Իշխանաձորի գյուղական համայնքի ղեկավար Արսեն Թելունցը տեղեկացրեց, որ այժմ գյուղից ուղևորատար ավտոբուսները կատարում են ուղերթ՝ դեպի Բերձոր և Երևան՝ շաբաթը 2 անգամ, և դեպի Գորիս՝ դարձյալ 2 անգամ: Հուլիսի 5-ին եղանք Հակարի-Որոտան գետերիի ջրբաժան սարահարթում, որտեղ հացահատիկի մոտ 6000հա ցանքս է կատարվել, և այս օրերին 20-30-կոմբայններ հավաքում են հացահատիկը: Սարատակի գյուղական համայնքը տարածքում ունի 860հա ցանքատարածք: Այստեղ հողօգտագործող Սուրեն Աբունցը մոտ 30հա աշնանացան է կատարել: Մեր այցի պահին նրա 3 կոմբայնները հնձում էին արտերը: Ս. Աբունցը գոհ էր մոտ 30ց/հա բերքատվությունից: Կոմբայնավարներից Մարտին Շահբազյանը Սարատակ գյուղի բնակիչ է: Ասաց՝ 2-րդ օրն է, ինչ աշխատում են այս տարածքում: Մինչ այդ աշխատել են Թովմասարում: Արայիկ Հակոբյանը Սյունիքի Հալիձոր գյուղից է: Գոհ է՝ թեկուզ սեզոնային, բայց աշխատանք ունի, վարձատրությունից չի դժգոհում: Բերձոր Վերադարձանք Որոտան-Խնձորեսկ ճանապարհով, որի աջ ու ահյակ կոմբայններ էին աշխատում: Հողի մշակն անում է առավելը, որ երկիրն ապահովի հացով: Աշխատանքներին խանգարող հիմնական հանգամանքը նշված ճանապարհի վիճակն է: Մոտ 30կմ ճանապարհահատված քանդված վիճակում է: Որոշ հատվածներ անանցանելի են դարձել, որի պատճառով բեռնատարների վարորդները նոր ճանապարհներ են բացել ցանքատարածքների եզրերով: Հուսանք՝ շուտով կկարգավորվի նաև այս ճանապարհը, որն ունի նաև ռազմավարական նշանակություն:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի