Հերթական այցը հերոսի անվան դպրոց

Spread the love

Քաշաթաղի շրջանի Աղանուսի գյուղական համայնքի 2 բնակավայրերից 12 աշակերտ կրթություն են ստանում Աղանուսի հիմնական դպրոցում, որն սկսել է գործել 1996 թվականից, իսկ 2001-ից կոչվում է Երևանի Դավիթաշենի վարչական շրջանի “Սասունցի Դավիթ” հետագայում՝ “Սասնա ծռեր” ջոկատի նահատակ-ազատամարտիկ Արսեն Հակոբյանի անունով: Աղանուսը շրջանի առաջին վերաբնակեցված բնակավայրերից է, գտնվում է շրջկենտրոն Բերձորից 10կմ հարավ: Յուրաքանչյուր տարի Աղանուս են այցելում հերոսի մարտական ընկերները, եղբայրը, որդին և հնարավորինս օժանդակում կրթօջախին, նվերներ բերում աշակերտների համար: Հունիսի 30-ին կայացավ հերթական այցը: Եկել էին Դավիթաշենի վարչական շրջանի աշխատակազմի ղեկավար Արտակ Նավասարդյանը, սոցապ բաժնի վարիչ Գոհար Ավետիսյանը, ՀՀ ԵԿՄ Դավիթաշենի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Աշոտ Մանուկյանը, Արսենի եղբայրը՝ Լևոնը, և որդի Սամվել Հակոբյանները: Նրանց դիմավորեցին դպրոցի տնօրեն Խաչատրյանը, ուսուցիչներ, աշակերտներ, բնակիչներ: Գ. Ավետիսյանը տեղեկացրեց, որ եկել են իրենց վարչական շրջանի ղեկավարի հովանավորությամբ և հերթական շրջագայությունն են կատարում Արցախում: Այս անգամ Աղանուսի դպրոցի նորոգման նպատակով բերել են ներկանյութեր, իսկ աշակերտների համար՝ գրքեր, գրենական պիտույքներ, հագուստ, կոշիկներ և այլ պարագաներ: Աշխատակազմի ղեկավար Ա. Նավասարդյանը հետաքրքրվեց դպրոցի խնդիրներով, տեղեկացրեց, որ հնարավորության դեպքում կփորձեն օժանդակել: Հերոսի որդին՝ Սամվելը, հպարտությամբ է միշտ այցելում թեկուզ փոքրաքանակ աշակերտ ունեցող, սակայն իր հոր մարտական ընկերների կողմից ազատագրված ու վերստին հայացած հայոց պատմական հողում գործող դպրոց: “Սասնա ծռեր” ջոկատը մարտական հարուստ պատմություն ունի, ստեղծվել է 1991 թվականին և մինչ պատերազմի ավարտը մասնակցել ՀՀ և Արցախի տարբեր վայրերում ընթացող մարտական գործողություններին: Ջոկատը Մարտակերտի տարածքում 1993 թվականին տվել է 17 զոհ, որոնց շարքում էին հրամանատար Սամվել Գևորգյանը և Արսեն Հակոբյանը: ԵԿՄ Դավիթաշենի բաժանմունքի փոխնախագահ Ա. Մանուկյանը տեղեկացրեց, որ այդ մարտի ժամանակ Արսենն ու եղբայր Լևոնը միասին էին մարտնչում: Իմանալով, որ մարտական ընկերները ծանր դրության մեջ են ընկել, կան զոհվածներ, շտապել է օգնության և մարտիրոսվել: Աղանուսի հանդիպումից հետո դավիթաշենցիները մեկնեցին Ստեփանակերտ: Ա. Նավասարդյանն ասաց, որ իրենց վարչական շրջանը համագործակցում է Մարտակերտի շրջանի հետ: Այցի ընթացքում լինելու են նաև Մարտակերտում, քաղաքին նվիրելու են կոյուղիներ մաքրող հատուկ մեքենա: Հուլիսի 3-ին այցելելու են Ասկերանի շրջանի Խաչեն գյուղ, որտեղ կառուցված է “Սասունցի Դավիթ” ջոկատի նահատակ-ազատամարտիկներին նվիրված հուշակոթողը: Նախատեսված է նաև այցելություն զորամասեր:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի