Համագործակցության ծրագրով

Spread the love

Քաշաթաղի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ու Շուշիի քաղաքային մշակույթի և երիտասարդության կենտրոնի համագործակցության շրջանակում հունիսի 16-ին Բերձոր էին հյուրընկալվել շուշեցիները: Բերձորի պետ. մանկապարտեզի դահլիճում ազգագրական, գուսանական, ժողովրդական երգերի ու պարերի կատարումներով հանդես եկավ Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի ժողգործիքների համույթը: Մոտ մեկ ժամ տևած համերգի ընթացքում ներկաները մեծ ոգևորությամբ ու ծափողջյուններով ըմբոշխնեցին համույթի երգիչների, նվագախմբի ու պարուհիների կատարումերը: Գուսանական ու ազգագրական երգերի հրաշալի կատարմամբ բոլորին ոգևորեց երգիչ Մարատ Հարությունյանը՝ երգելով Գուսան Աշոտի “Սերս վանքում Տաթևի” և այլ երգեր: Ազգագրական երգերը հաջողված հնչեցին երգչուհի Գայանե Պողոսյանի կատարմամբ, և պատահական չէր հանդիսատեսների ոգևորությունը, անմիջական մասնակցությունը երգի կատարմանը: Դավիթ Մարգարյանի՝ “Ջան, Ղարաբաղ” երգի կատարումը, նրա ու Նունե Դավթյանի զուգերգերը՝ պարուհիների պարերին զուգահեռ, նույնպես դրական մեծ արձագանք ստացան հանդիսատեսի կողմից: Իսկ հանդիսատեսների մեծ մասը Բերձորի արվեստի դպրոցի, “Բերձոր” ժողգործիքների համույթի ուսուցիչներն ու երգիչ-երաժիշտներն էին, ուսուցիչներ, շրջվարչակազմի աշխատակիցներ…

Համերգի ավարտին շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց շուշեցիներին այցի և նման հաճելի պահեր հաղորդելու համար, և հավելեց, որ այցերը լինելու են փոխադարձ, համագործակցությունը՝ շարունակական: Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Լաուրա Հովսեփյանը տեղեկացրեց, որ տարիների ընթացքում լավ համույթ է ձևավորվել, և գոհունակությամբ նշեց՝ այժմ արհեստավարժ երաժիշտ, դիրիժոր ու թառահար Լևոն Սարդարյանն է այն ղեկավարում: Արմատներով արցախցի Լ. Սարդարյանն ասաց՝ եկել է Երևանից և արդեն 2 տարի է, ինչ Արցախի ազգային նվագարանների նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է ու դիրիժորը. համատեղությամբ ղեկավարում է նաև այս համույթը: Կենտրոնում կարևորվում է ազգային նվագարանների ու երգերի, պարերի պահպանման խնդիրը, ժողովրդին մատուցելը: Համույթն առաջին անգամ հանդես եկավ Բերձորում, սակայն կարևորը հիմքը դրվեց, և այսուհետ հանդիպումները հաճախակի կլինեն:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի