ԳՈՐԻՍ ՏԵՂԱՆՎԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Spread the love

Գորիսը Հայաստանի Հանրապետության հին քաղաքներից է՝ տեղավորված Վարարակն գետի անկրկնելի գեղատեսիլ հովտում՝ շրջապատված և՛ անտառապատ, և՛ ժայռոտ լեռներով: 1868 թ. ռուսական իշխանությունների վարչական նոր փոփոխությունների արդյունքում Ելիզավետապոլի (Գանձակ) նահանգի Զանգեզուր ամենաընդարձակ գավառի կենտրոնի կառուցապատման աշխատանքները ժայռափոր Գորիս գյուղի դիմացի տափարակում սկսվել են 1870 թ.: Նորաստեղծ բնակավայրը կառուցվել է ռուսական քաղաքաշինության նորմերին համապատասխան հատակագծով: Նոր բնակավայր-ավանը գավառային քաղաքի կոչում է ստացել 1904 թ. մարտին. «Մինիստրների խորհրդի մարտի 4-ի Բարձրագոյն հաստատուած վճիռով Գեորիս աւանը, որ Զանգեզուրի գաւառի վարչական կենտրոնն է, վերափոխուած է գավառական քաղաքի նոյն անունով»[1]:

Հնագիտական տեղեկությունները վկայում են, որ քաղաքի հիմնադրման տեղում՝ գետահովտի տափարակում եղել է հնադարյան բնակատեղի: Որոշ շենքերի հիմքերի փորման ժամանակ բացվել են դամբարաններ, գտնվել կավե և բրոնզե իրեր[2]: Քաղաքի շրջակայքում հայտնաբերվել է նաև հնագույն դիակիզարան[3]:

Գորիս տեղանունը պարունակող թերևս հնագույն գրավոր հուշարձանը ուրարտական Ռուսա 1-ին թագավորի (735-714 թթ. Ք. ա.) Սևանի լճափին Ծովինարի սեպագիր արձանագրությունն է: Սեպագրագետ Հ. Կարագյոզյանը գտնում է, որ Ռուսա 1-ի կողմից նվաճված և արձանագրության մեջ հիշատակված Գուրիա կամ Գորիայա երկիրը Գորիսն է[4]:

Այդ կարծիքը կիսում է և Վ. Գայսերյանը[5]: Ուրարտական սեպագրի Գուրիա երկրանվան բառամիջի ու-ն հետագա հայերենում կարող է դառնալ ո ՝ ինչպես ՏուշպաՏոսպ օրինակում: Գորիսի բարբառով գրական հայերեն միավանկ բառի մեջ եղած ու-ն հաճախ է դառնում ո՝ ինչպես   մուրմոր, ծուխծոխ, կուտկոտ և այլն: Հետաքրքիր է, որ գորիսեցի տեղաբնակի կուրուսեցի ինքնանվան մեջ ուն պահպանվել է:

Գորիս կամ Կյորես (ինչպես տեղացիներն են կոչում) բնակավայրը ետուրարտական պատմական սկզբնաղբյուրներում այլևս չի հիշատակվում: Այն հիշատակվում է միայն Ք. հ. XIII դարում՝ Ստ. Օրբելյանի «Սյունիքի պատմություն» գրքին կցված հարկացուցակում: Բնակավայրի անվանումը Սյունիք նահանգի Հաբանդ գավառի մեջ հանդիպում ենք Գորայք ձևով ,միջին մեծության գյուղը Տաթևի վանքին տալիս էր 10 միավոր հարկ[6]:

Ալ. Մարգարյանի կարծիքով Գորիս տեղանունը ծագում է Գորայքից. «Այսպիսով, որ Գորիս (< Գորէս < Կորէս) տեղանունն առաջ է եկել Գորայք տեղանվան Գորայս հայցական ձևից, ոչ մի կասկած չի հարուցում»[7]:

Ավելի ուշ ժամանակներում Գորիս տեղանունը հանդիպում ենք տեղում կամ տեղացիների կողմից գրված ձեռագիր-հիշատակարաններում: Այդ ձեռագրերից ամենից հինը պատկանում է Բարսեղ երեցի գրչին և գրվել է 1625 թ.: Նրա ձեռագրած Քարոզգրքի հիշատակարանում կարդում ենք . «Գրեցաւ սայ ի երկիրս Ձագաձորու, ի գեաւղս որ կոչի Գորէս…»[8]: Իսկ Գորիս մերօրյա գրելաձևը թերևս առաջին անգամ օգտագործված է 1647 թ. գորիսեցի գրիչ Մովսեսի կողմից նորոգված ձեռագիր ավետարանի չափածո հիշատակարանում.

«… Մովսէս տրուպ զանարժանի:

Որ եմ բնական ի յերկըրի,

Ձագաձորոյն ի Գորիսի»[9]:

Գեղամա երկրի Բարկիս ավանում 1657 թ. ընդօրինակված ձեռագրի Ավետարանում գրիչ Սարգիսը նույնպես հարկ է համարել շեշտել իր ծագումը «….ի գեղջէն Գորիսոյ»[10]:

Նոր ժամանակներում Գորիս-Կյորես բնակավայրը ուսումնասիրողների կողմից տարբեր կերպ է անվանվել: Հայր Ղ. Ալիշանը բնակավայրը կոչել է Կորէս[11], Րաֆֆին նշում է Կորիս[12], համանման ձևով է նշում նաև Սարգիս արք. Ջալալյանցը[13], իսկ Մաղաքիա արք. Օրմանյանը` Կէօրէս[14]: Ռուսական պաշտոնական փաստաթղթերում քաղաքն անվանվում էր Գերյուսի (թպՐ՚րօ):

Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի հեղինակները թվարկում են Գորիս-Կյորես բնակավայրի՝ պատմական աղբյուրներում օգտագործված շուրջ երեք տասնյակ անվանումներ, իրավացիորեն նկատում, որ Գորիսի փոխարեն երբեմն օգտագործվել է Զանգեզուր տեղանունը: Այնուամենայնիվ հարկ է կատարել մի շտկում այն մասին, որ Գորիսի փոխարեն օգտագործվել է ոչ միայն Զանգեզուր-ը, այլև ավելի ճշգրիտ մի մոտեցում է ցուցաբերվել՝ օգտագործելով բուն Զանգեզուր անվանումը: Գորիսը կամ նրա շրջակայքը բուն Զանգեզուր է կոչվել այն պատճառով, որ Ձագեձոր գյուղը, որի անունից էլ հնչունափոխվել ու ծագել է Զանգեզուրը, եղել է Վարարակն գետահովտի հյուսիսային մասում, Գորիս բնակավայրի հարևանությամբ: Այդպես է վարվել, օրինակ, Գարեգին Նժդեհը՝ Սյունիքը բաժանելով 6 վարչական շրջանների, նշելով Կապանը և Սիսիանը, Գորիսի փոխարեն օգտագործելով բուն Զանգեզուր տեղանունը[15]:

Գորիս-Կյորես տեղանվան բացատրության կամ ստուգաբանության փորձեր անշուշտ եղել են: Ստ. Մելիք-Բախշյանը միանշանակ գտնում է, որ այն չի ստուգաբանված[16]: Հայկական խորհրդային հանրագիտարանը ներկայացնում է որոշ ուսումնասիրողների այն կարծիքը, ըստ որի Գորիս տեղանունը կարող էր ծագել Ստ. Օրբելյանի կողմից Սյունիքի Հաբանդ գավառում հիշատակված Գորու կամ Գորայք գյուղանուննեից կամ էլ Գորիս քաղաքից 2 կմ արևմուտք գտնվող Կյուփեր կոչված տեղավայրի անունից[17]: Արտահայտվել են նաև կարծիքներ, ըստ որոնց, Գորիս տեղանունն առաջացել է գոր-երի կամ գորաների ցեղանունից[18]: Գոր հիմքով տասնյակ տեղանուններ կան Հայկական լեռնաշխարհրում, ահա դրանցից մի քանիսը՝ Գորեք գավառ (չորրորդ Հայք), Գորենե քաղաք, գյուղական բնակավայրեր՝ Գորեթ, Գորիսի, Գորիսան, Գորան, Գորեն, Գորաթ (Արևմտյան Հայաստան): Գոր հիմքով բնակավայրեր կան նաև Վրաստանում՝ Գորի, Գորիսթավի: Եթե գոր-ը տոհմանուն է կամ ցեղանուն, ապա այդ ցեղը բավարար հետք է թողել ողջ լեռնաշխարհում և պետք է ինչ- որ կերպ հիշատակված լիներ պատմական հին աղբյուրներում: Արդեն նշեցինք, որ Ալ. Մարգարյանը, ելնելով հայոց լեզվի հնչյունափոխության օրինաչափություններից, ապացուցում է, որ Գորիս տեղանունն առաջացել է Գորայք -ի հայցական Գորայս ձևից: Լեզվական այդ հնարավոր անցումը ավելի վաղ նկատել է նաև Ս. Բարխուդարյանը[19]: Գորիսը Գորու կամ Կյուփեր տեղանունների հետ կապ չունի: Հաբանդ գավառի Գորու – Կյորու այսօր լքյալ գյուղի տեղադրությունը հայտնի է, գտնվում է Գորիս քաղաքից շուրջ երկու տասնյակ կիլոմետր հեռավորության վրա՝ հարավ-արևելքում:

Գորայք տեղանունը ստուգաբանելու համար պետք է բաժանել Գորայք մասերի: Այք վերջավորությամբ տեղանուններ մենք հանդիպում ենք Ստ. Օրբելյանի վերը հիշատակված գյուղացուցակում՝ երկու Անձկայք (Հաբանդ գավառ), Մարդակայք (Ծղուկ գավառ)[20]: Այքը տեղանվան նշանակություն ունեցող կամ էլ հոգնակիակերտ վերջածանց է: Այդ են վկայում նաև Հայք, Վայք, Տայք համահայկական հնչողության և նշանակություն ունեցող տեղանունները: Ամեն դեպքում Գորայքի հիմքում մնում է գորը կամ բարբառային կյոր-ը (Կյորես):

Գորիս բառի բացատրությունը տակավին XIX դարի կեսերին փորձել է տալ Սարգիս արք. Ջալալյանցը: Նա այցելել է Գորիս և տեղանունը հնչեցնում է Կորիս ու գրում. «Կորիսաձև գագաթք այսոցիկ լերանց ‘ի հեռուստ բերեն զնմանութիւն բազմաթիւ կաթուղիկէից. յորոց և ընկալեալ է զանուն կորիս»[21]: Սարգիս արք. Ջալալյանցը Գորիսը շրջապատող կոր, կամարաձև (կորիսաձև) լեռները կամ ժայռերը նմանեցնում է գմբեթների (կաթուղիկէից), որից և ծագեցնում է Կորիս-Գորիս տեղանունը: Անշուշտ ընդունելի է նրա մոտեցումը խնդրին՝ որ Գորիս-Կորիս տեղանունը կապված է աշխարհագրական գործոնի՝ տեղանքի հետ, այլ ոչ թե էթնիկ ծագման` ցեղանվան կամ տոհմանվան հետ:

Ամեն դեպքում Գուրիա-Գորայք-Գորիս-Կորիս կամ Կյորես տարահունչ անվանումների հիմքում ընկած է Գոր-ը, Կոր-ը կամ բարբառային Կյոր-ը: Բացառված չէ, որ տեղանվան բառահիմքը գալիս է հնդևվորպական գուեռ — gu— er, գուոռ-gu-or կամ գուռ -gu-r` «լեռ» արմատից: Ըստ Գ. Ջահուկյանի հնդեվրոպական լեզուներից ալբաներենում այն պահպանվել է gu-r՝ «ժայռ», «քար», իսկ ռուսերենում չՏՐՈ-գորա ՝ «լեռ», «սար» իմաստներում[22]:

Հայկազյան բառարանը տալիս է կոր արմատի բացատրությունը, որը, ասես Գորիսի ժայռերը պատկերելով, նշանակում է. «Կամարաձև, թեքեալ, ի վայր կոյս խոնարհեալ, թիւր, ծուռ, սապատողն, ճանկաւոր»[23]: Իսկ ահա Գորիս տեղանվան տեղանբնիկների Կյորես անվանման երկրոդ մասը՝ ես-ը կամ էս-ը «լինել», «կա» նույնպես հայտնի (ֆրանս.՝ est, ռուս.՝ պրՑՖ, պարսկ.՝ ast, գերմ.՝ ist, անգլ.՝ is) հնդեվրոպական արմատը կարող է լինել:

Այսպիսով, ենթադրելի է, որ հնդեվրոպացի հայերը, ապրելով իսկապես ժայռոտ մի տեղանքում, բնակատեղիի վաղնջական «լեռ լինել»՝ լեռնոտ, կյորես անվանումը հայերենի հեռավոր ժամանակներից եկած բարբառների մեկի միջոցով հասցրել են մինչև մեր օրերը[24]: Հակառակ տեղանվան գրականացված և ժամանակի ու բարքերի հետ փոփոխությունների ենթարկված անվանումների՝ Գուրիա, Գորայք, Գորէս, Կորիս, Գեորիս, Գերյուսի և այլն, տեղանունը բարբառում անփոփոխ ու հստակ է հնչել՝ Կյորես:


Some issues about the etimology and the mentions of the name of Goris

Goris is one of the most ancient towns of Republic of Armenia. Having been founded in the second half of the 19th century it got the status of a provincial town in 1904 by the Russian authorities.

As a settlement Goris has a history of thousands of years. The researchers beleive that the counry of Goria, mentioned in the cuneiform records of the Ararat (Urartu) king Ruza I (735-714 BC) is Goris.

Stepanos Orbelyan mentions the name of Goris in the province of Syunik region as Gorayk and later it is presented with various transcriptions.

A group of Armenian scientists have paid a special attention to the etymology of name of Goris. Some of them have ascribed an ethnic origine to it, others howe connected it with the geographical factor or just considered that it was not etymologized. In spite of the fact that the name of Goris has been mentioned through various transcriptions like Goria, Gorayk, Gores, Koris, Geryasy and so on, but it was pronounced Kyores in the local   dialect without any changes.

An attempt of etymologizing the name Goris on the basis of the local dialect has been made, supposing that one of the most ancient dialect has saved its original roots (Indo-European) of the name of the country.


[1] Մուրճ, Թիֆլիս, 1904, թիվ 4, էջ 182:

[2] Դամբարաններ են բացվել կամ հնադարյան իրեր են գտնվել «Տիգրան Մեծ» ռեստորանի տեղում, Մաշտոցի փողոցի թիվ 26 տան այգում, Ուղտաքերծի շրջակայքում, Բակունցի փողոցի հյուսիսային մասում և այլն:

[3] Տե՛ս Խնկիկյան Օ., Նորահայտ հուշարձան Գորիսում, ՊԲՀ, 1981, թիվ 4, էջ 305-307:

[4] Տե՛ս Կարագյոզյան Հ., Արևելյան Հայաստանի ուրարտական տեղանունները, ԼՀԳ, Երևան, 1978, թիվ 10, էջ 64-66:

[5] Տե՛ս Գայսերյան Վ., Արգիշթե II-ի Սիսիանի արձանագրությունը, ԼՀԳ, Երևան, 1985, թիվ 6, էջ 78: Հ. Սանտալճյանի կարծիքով ասորական Ադադնիրարի 3-րդ թագավորի (802-795թթ. Ք.ա.) Արաքսի ստորին հովտում գրաված Բաբանիսը Սյունիքի Հաբանդ գավառն է (տես Հովսեփ վ. Սանտալճեան, Ասորեստանեայ և պարսից սեպագիր արձանագրութունք, Վիեննա, 1901, էջ 45): Ասորական արքա Սարգոն 2-րդի (722-705թթ, Ք.ա.) Ք.ա. 714 թ. հայտնի արշավանքի ֆրանսիացի մեկնիչ Ֆ. Թյուրո- Դանժենի հաշվարկներից ելնելով ասորի զինվորներին կարելի է հասցնել մինչև Արաքսի ափը՝ Սյունիքի սահմանները: Դա կտրականապես չի ընդունում Ն. Ադոնցը (տես Ն. Ադոնց, Հայաստանի պատմություն, Երևան, 1972թ. էջ 357): Եթե ընդունենք, որ Սարգոնը Արաքսի կողմից իսկապես հասել է Սյունիք, ապա ասորական աղբյուրի հաղորդման համաձայն, հեռավոր լեռները քաշված թշնամուն հետապնդող Սարգոնի գրաված Գուրուսուպա քաղաքը կարելի է նույնացնել Գորիս տեղանվան հետ: Հետաքրքիր է, որ Գուրուսուպայի հետ Սարգոնի գրավել էր նաև Կաբանի (Կապան?) քաղաքը (տե՛ս Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, Երևան, 1981, էջ 28):

[6] Տե՛ս Օրբելյան Ստ., Սյունիքի պատմություն, Երևան, 1986, էջ 400:

[7] Մարգարյան Ալ., Մի քանի տեղանունների ծագման մասին, ՊԲՀ , 1988, թիվ 4, էջ 124:

[8] Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԷ դար, հ Բ, Երևան, 1978, էջ 187-188: Բարսեղ երեցը եղել է Հալիձորի հայտնի Հարանց Մեծ անապատի հիմնադիրներից մեկը և նրա անունը հիշատակվում է Առ. Դավիրժեցու գրքում (տե՛ս Դավիրժեցի Առ., Պատմություն, Երևան, 1988, էջ 209-210):

[9] Հայերեն ձեռագրերի հիշատակարարաններ, ԺԷ դար, հ Գ, Երևան, 1984, էջ 260-261:

[10] Նույն տեղում, էջ 775:

[11] Տե՛ս Ալիշան Ղ., Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ, 1893, էջ 100:

[12] Տե՛ս Րաֆֆի, ԵԺ, հ. 10, Երևան, 1964, էջ 337:

[13] Տե՛ս Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, Բ մաս, Տփղիս, 1858, էջ 309:

[14] Տե՛ս Օրմանյան Մ. Ազգապատում, հ. Գ, Երևան, 2001, էջ 4018:

[15] Տե՛ս Սիմոնյան Ա., Զանգեզուրի գոյամարտը 1920-1921թթ., Երևան, 2000, էջ 378: Գորիսը բուն Զանգեզուր է անվանվել նաև Սյունիքից հեռացող Անդրանիկին ուղղված երկրամասի գյուղացիության համագումարի շնորհակալագիր-դիմումի մեջ (տե՛ս ԲՀԱ, Երևան, 1989, թիվ 2, էջ 64): 1783 թվականին իշխան Պոտյոմկինին ուղղված նամակի տակ իր ստորագրությունն է թողել նաև Գորիսում ապրող Հովսեփ Օհանյանը`ներկայանալով որպես Զանկազորի (Ձագեձորի) մելիք (տե՛ս Ըрмяно-русское отношения в XVIII веку (сборник документов), ժՐպՉՈվ, 1990, րՑՐ. 222):

[16] Տե՛ս Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Հակոբյան Թ. Մելիք- Բախշյան Ստ., Բարսեղյան Հ., հ 1, Երևան, 1986, էջ 953:

[17] Տե՛ս Հայկական սովետական հանրագիտարան, հ 3, Երևան, 1977, էջ 166:

[18] Մարգարյան Ալ., նշվ. աշխ., էջ 125: Այդ կարծիքը կիսում էր գրող Սերո Խանզադյանը: Նա միաժամանակ տալիս է Գորիս անվան բացատրության ևս մեկ տարբերակ, որ այն կարող էր ծագել Գրիգոր Լուսավորիչի թոռ Գրիգորիսի անունից…(տե՛ս Խանզադյան Ս., Հայրենապատում, գիրք Բ, Երևան 1981, էջ 170):

[19] Տե՛ս Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության, պր.2, Երևան, 1960, էջ 79:

[20] Տե՛ս Օրբելյան, էջ 339, 394:

[21] Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս Բ, էջ 309:

[22] Տե՛ս Առաքելյան Բ., Ջահուկյան Գ., Սարգսյան Գ., Ուրարտու – Հայաստան, Երևան, 1988, էջ 154:

[23] Նոր բառգիրք Հայկազեան լեզուի, հ Ա., Երևան, 1979, էջ 1118:

[24] Հայերենի հեռավոր ժամանակներից եկող Գորիսի բարբառի մասին հավաստում է Ալ. Մարգարյանը (տե՛ս Մարգարյան Ալ., Գորիսի բարբառը, Երևան, 1975, էջ 4):

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի