Դեկտեմբերի 13, 2019

Քաշաթաղյան ձմեռ

Քաշաթաղյան ձմեռ

Զոհրաբ Ըռքոյան

Քաշաթաղի շրջանի մայր գետ Հակարիի Շալուա վտակի ավազանը, որտեղ շատ վաղուց մեր պապերն էին բնակվում և այստեղից հեռացան 18-րդ դարակեսից հետո, ազատագրվեց 1993թ. գարնանը: Տարածքը պատված է դարավոր անտառներով, տեղ-տեղ գետը խոր կիրճեր է փորել: Բազում փոքր գետակներ Շալուայի աջ ու ահյակ կողմերից նույնպես կիրճեր ու ձորեր են ստեղծել և միացել մայր գետին:

Եվ այս ամենը փետրվարի 12-ին պատվել էր ձյան սպիակ ու փափուկ քուլաներով: Համատարած մաքրություն էր, ու ճերմակ-ճերմակ էին ծառ ու սար: Արտուշ Մխիթարյանի ու Հակոբ Սայամյանի հետ դուրս ենք գալիս Բերձորից և գնում դեպի հյուսիս: Քաղաքը նույնպես սպիտակ է ամբողջությամբ: Նույնիսկ հոսանքալարերի վրա ձյունե շերտ կա՝ փշերի նման: Մառախլապատ երկնքում հազիվ նշմարվում է արևը: Ձյունապատ է ճանապարհը, սակայն մեր վարորդը՝ Հունանը, վարպետորեն է ղեկավարում ամենագնաց Նիվան: Ձախում Հոչանցասարն է իշխում տարածի վրա: Բացի ժայռերից, որոնց վրա արևի շողերն արդեն իրենց գործն արել էին, հալվել էր ձյունը. մնացածը սպիտակի մեջ էր թաղված: Ոլորապտույտ ճանապարհը մերթ իջնում է գետակների վրա և մերթ բարձրանում լանջն ի վեր: Բարձրանում ենք նաև ամենաթեք լանջն ու հասնում Բազմատուս գյուղ: Այստեղից դարձյալ վայրեջք է մինչև Գողթանիկ և աջափնյա մյուս բնակավայրերը աշխարհին կապող կամուրջը: Դարեր առաջ այստեղ քարե կամարակապ կամուրջն է ծառայել մեր պապերին՝ Արցախ աշխարհը մերձեցնելով Մեծ Սյունիքին: Այժմ անցնում ենք 20 տարի առաջ կառուցված կամրջով: Գետի մյուս ափին նորատունկ այգի կա՝ նվիրված Մեծ Հայրենականում մեր պապերի կերտած հաղթանակի 70 ամյակին: Գնում ենք դեպի Դրախտաձոր գյուղ: Ճանապարհը բարձրանում է վեր ու վեր, որտեղ ծառերն ավելի շատ են ու ավելի սպիտակապատ: Վերջապես հասնում ենք Հոչանց գետի ձախ ափ: Գետը հոսում է կիրճով. հազիվ է նշմարվում: Աջ ափին Մշենի գյուղն է՝ բլրակներից իջնելով դեպի ձոր: Փոքր գետակները, որոնք տարվա մնացած եղանակներին թռչում են ժայռերից և ջրվեժներ են դառնում, այժմ սառցակալել են. սառցե ջրվեժներ: Ձորի մեջ է նաև մի հնադարյան ամրոցատեղի: Ամբողջովին ժայռից կերտված բլրակն սկսվում է գետից ու թեքությամբ բարձրանում դեպի հյուսիսային կողմ: Եվ այս բլրակի վրա միջնադարում մեր պապերն ամրոց են հիմնել: Մի անգամ ամռանը փորձեցինք բարձրանալ ամրոցի տարածքը, բայց պարզվեց՝ հեշտ չէ: Միակ մուտքը եղել է գետի ափից: Իսկ հյուսիսային կողմում եղած գազտնուղին փակ է: Հետքրքիրն այն է, որ տարածքի ողջ ճերմակության մեջ բլրակը պատված է չոր դեղնավուն խոտով: Հնարավոր է, որ բլրակի ժայռն իր մեջ ջերմություն է պահում, և այս երևույթը նույնպես հաշվի առնելով՝ մեր պապերը հենց այստեղ են ամրոց հիմնել: Այստեղից մինչև Դրախտաձոր ճանապարհն անցնում է ձորապռնկով: Իրավմամբ, չքնաղ է այստեղ բնությունը տարվա ցանկացած ժամանակ: Ուղղաձիգ ժայռերը բարձրանում են ձորից ու հմայում իրենց էությամբ: Դիմացը՝ աջափում, անտառապատ լանջերն են: Ավելի հեռվում՝ հյուսիս-արևմուտքում իր ողջ գեղեցկությամբ երևում է Սպիտակաջրի ջրվեժը, որի ակունքը մի քանի կմ արևմուտքում է: Դրախտաձոր գյուղը փռված է Հոչանց գետի ձախափնյա սարալանջին, որը հասնում է դեպի կիրճ ու կախվում գետի վրա:

Նախատեսած էր հանդիպում գյուղի բնակչության հետ: Վերջացնելով մեր աշխատանգը՝ հետ ենք վերադառնում: Չնայած փետրվարն է, սակայ արդեն կապույտ երկնքում փայլող արևն իր ջերմությամբ հալոցք էր սկսել: Առավոտյան սպիտակությունը մի տեսակ խամրել էր, բայց շատ տեղերում դեռ նույն ձմեռային սարսուռն էր: Ու այս ամենի մեջ հանկարծ թեք լանջով, իրարից մի քանի մետր հեռավորությամբ սուրում են չորս եղնիկ: Մի պահ տևեց կենդանի բնության հրաշքը: Կարծես հեքիաթում լինեինք: Չհասցրեցի լուսանակարել: Արագ անցան բնության զավակներն ու անէացան անտառի խորության մեջ: Վերադարձին ճանապարհի ձյունը հալվել էր, ու անցնում ենք արդեն ցեխապատ ճանապարհով: Նորից իջնում ենք Շալուա գետի վրա՝ Գանձա գյուղ: Այս մասում ևս մի քարե կամուրջ կա՝ կիսակամար: Պահպանվել է միջնադարյան կառույցը՝ չնայած դարերի փորձությանը: Սա ավելի հին է, քան քանդվածը:

Հաջորդ հանդիպումները Գողթանիկ և Ղազարապատ գյուղերի բնակչության հետ էր: Պատմական անցյալ ունեցող այց բնակավայրերը վերստին հայացել են 1994-96 թվականներից: Բոլոր գյուղերում պահպանվել են միջնադարյան եկեղեցիների հիմքեր, որոշներում՝ կիսաքանդ սրբատներ, խաչքարեր, տապանաքար: Ղազարապատը՝ նախկին Ալիղուլին, տարածքի եզակի բնակավայրերից է, որտեղ մինչև 1918 թվականը հայեր են բնակվել: Շալուայի, Հոչանցի, Աղավնոյի վրա դարեր շարունակ կանգուն քարե կամարակապ կամուրջներ են եղել, և մատչելի է եղել բնակչության փոխշփումը: Գողթանիկ գյուղի արևմտյան կողմում անտառապատ սարալանջն է՝ ամբողջությամբ սպիտակ, իսկ հյուսիսային կողմում հարթություն է, որով ճանապարհը ձգվում է դեպի Ղազարապատ: Պատմական ու հերոսական անցյալ ունեցող այս գյուղում այժմ կա 12 ընտանիք, որից 3-ը՝ բազմազավակ: Բնակչության ընդհանուր թիվը՝ 80: Հիմնական դպրոցում սովորում են 16 աշակերտներ: Թեք ձորակի մեջ է 4 կողմից անտառներով պատված գյուղը: Վերադարձին կանգ առանք ճանապարհի մի հատվածում, որտեղ՝ ներքևում, իրար են միանում Շալուան ու Հոչանցը՝ ծնելով Հակարին: Արևի շողքերը ճեղքել էին բարակ ամպե շերտը և ողողել գետը, որի աջափնյա ժայռերի վրա մի քանի արծիվ էին ճախրում:

 

About The Author

Related posts

Leave a Reply