20 Հունվարի, 2020

Արցախ Բունիաթյան-78

Արցախ Բունիաթյան-78

«Եթե չգանք, ուրեմն չկանք…», ուրեմն հավերժի ճամփորդն ենք…

1939թ. մարտի 2-ին  է ծնվել Արցախի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղի և մեր օրերի լավագույն հայերից մեկը՝ Արցախ Բունիաթյանը, ով գրեթե 5 տարի է, ինչ մեզ հետ է իր երկնային կյանքով (վախճանվել է 2012 թ. հուլիսի 18-ին): 1950 թվականին ընտանիքով տեղափոխվել են Հոկտեմբերյան քաղաք:

Մարտի 2-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի քաղաքային գրադարանում հուշ-ցերեկույթ էր՝ նվիրված բժիշկ, ՀՅԴ անդամ (1990 թվականից), հասարակական գործիչ, գրող, Արցախյան ազատամարտի նվիրյալ, Նժդեհյան ուսմունքի հետևորդ, բարի ու խորհրդատու հայի ծննդյան 78-ամյա տարեդարձին, որը իրականացավ շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի, կրթության և սպորտի բաժինների համատեղ կազմակերպմամբ: Հանդեսն սկսվեց օրվա հերոսին նվիրված ռազմահայրենասիրական երգով, որը կատարեց Բերձորի «Բերձոր» ժողգործիքների համույթի մեներգիչ, Երևանի Սայաթ-Նովայի անվան  պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Փիրուզա Արզումանյանը: Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը ներկայացրեց Արցախ Բունիաթյան-մարդուն, բանաստեղծին ու բժշկին, Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնադրին, Բերձորի պատվավոր քաղաքացուն.

 -Բարև, բժիշկ. Զինական աստծո ամիսն է… ու եկել ենք քեզ խոնարհվելու, ով մեծ զինվոր, հավերժի զինվոր… Եկել ենք մեծարելու օրհնյալ հայուհուն, երկրպագելու նրա երկունքի ճիչերի մեջ բոցկլտացող քո ծննդյան հրդեհը.. Շնորհավո՛ր ծնունդդ, սիրելի՛ Բժիշկ…

Կրթության և սպորտի բաժնի առաջատար մասնագետ, Արցախ Բունիաթյանի կուսակցական ընկեր ու մտերիմ Արին Գալստյանը խոսեց մի մարդու մասին, ով իր համեստությամբ, նվիրվածությամբ դարձել է շատ շատերի սիրելին ու բարեկամը, ընկերն ու խորհրդատուն:

-Այս ժամանակների հայրենապաշտ Հայի կենսագրականը կարդալ կնշանակի ամենուր հանդիպել Նժդեհ, Արցախյան շարժում, պատերազմ, հաղթանակ, զինվոր հասկացություններին, -ասաց Ա. Գալստյանը: Մինչ Արցախյան շարժումը Ա. Բունիաթյանն այն եզակի հայերից էր, ով մասնակից եղավ Նժդեհի շիրիմը Վլադիմիրից գաղտնի տեղափոխելուն և Սպիտակավոր եկեղեցու բակում ամփոփելուն: Ինչպես ցանկացել էր մեծ զորավարը, նրա նշխարներից ողը ամփոփել են Խուստուփ լեռան լանջին՝ դարձնելով սրբավայր: Այս մեծ գործի մասնակիցներն այդ օրը երդվել էին՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 6-7-ը այցելել իրենց հիմնած սրբավայրը: Ստեղծել էին իրենց թևավոր խոսքը. «Եթե չգանք, ուրեմն չկանք..» Այսօր արդեն նոսրացել է այդ բույլը, սակայն այցելուների թիվն ավելացել է: «Նժդեհի վերադարձը» այդպես վերնագրեց իր գիրքը Արցախ Բունիաթյանը: Արցախյան շարժումն առավել ակտիվացրեց նրան. առաջին իսկ օրվանից պայքարի կիզակետում էր: Կինը՝ Սոնա Հովեյանը, պատմեց՝ ինչպես անուսինն ստացավ Արցախ անունը՝ փոխելով օտարահունչ Դալտոն անունը: Հիշատակեց Վարագ Առաքելյանի հուշը՝ ինչպես են Էջմիածնի եկեղեցում Արցախ կնքել իրենց գաղափարակից ընկերոջը: 1992թ. սկզբներից մինչև 1995թ. նոյեմբերը Մարտակերտի շրջանի դաշտային հոսպիտալի կազմում որպես վիրաբույժ մասնակցել է մարտական գրեթե բոլոր գործողություններին: Եվ այդ ողջ շրջանը դարձել է նրա ութհատորյակի գրական հարուստ նյութը: Նրա գրական ժառանգությանն անդրադարձավ տողերիս հեղինակը: «Արյունոտ օրեր» գիրքը լույս է տեսել 8 հատորով, տարբեր վերնագրերով: Վերջին հատորը՝ «Հուշագրությունը» ներկայացնում է 1994 թվականի մայիս ամիսը: Այս և բոլոր հատորները գրվել են ըստ օրագրի: Պարզապես հիանալ կարելի է Արցախի աշխատասիրության ու նվիրվածության համար: Ներկայացնում է հարյուրավոր ազատամարտիկների, Մարտակերտի շրջանի բնակիչներին, ովքեր դիմել են բժշկական օգնության: Ընթերցելով գիրքը՝ կճանաչենք շատ շատերին, որոնց բուժել է բժիշկը, նրանց, որոնց կյանքի համր պայքարել է, սակայն ի զորու չի եղել փրկել: Եվ այս ամենը մեծ վերք են բացել Արցախի սրտում: Գիշերները մոմի ու լամպի, հաճախ լուսնի լույսի տակ է գրի առել: Գրողի համար անձնավորված կերպար են դարձել  հայրենի երկրի հողն ու ջուրը, անտառները, թռչուններն ու Սարսանգի ձկները: Ցավով է նկարագրում ռումբերից տնքացող հողը, արմատախիլ եղող ծառը, անտեր մնացած շներին ու կատուներին: Բացի գեղարվեստական գործ լինելուց, նրա գործերը հանրագիտարանի արժեք ունեն: Ընթերցողը լավ կճանաչի Մարտակերտի շրջանը, հարյուրավոր ազատամարտիկների, տարբեր օտարազգի ու Սփյուռից եկած մարդկանց, ովքեր այդ օրերին արցախցու կողքին էին, կծանոթանա ժամանակի բարքերին: Այս ամենով հանդերձ՝ Արցախի ամենամեծ գործերից եղավ 1996 թվականին Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնումը, որտեղ աշխատեց մինչև 2008 թվականը, և որն անցած տարվանից կոչվում է հիմնադրի անունով: Նույն բուժմիավորման գործավար Լուսինե Ասպատուրյանը ներկայացրեց բժշկի աշխատանքային կենսագրությունը Քաշաթաղի շրջանում: Առանձնացրեց մի պահ՝ ինչպես է բժիշկն իր արյունը տվել հիվանդին ու փրկել նրան: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը նշեց, որ Արցախն իր գիտակից կյանքն ապրեց իմաստալից և իր հետքն է թողել մեր շրջանի բոլոր ճանապարհներին:

  • «Եթե-չգանք,-ուրեմն-չկանք..»-3
  • «Եթե-չգանք,-ուրեմն-չկանք..»-2
  • «Եթե-չգանք,-ուրեմն-չկանք..»-1

-Յուրաքանչյուր ոք հերոս է դառնում նաև իր ընտանիքի շնորհիվ, -ասաց Ա. Մխիթարյանը՝ հավելելով, որ Արցախի համար զինակից ընկեր ու ոգևորիչ են եղել կինը՝ Սոնան, և 3 դուստրերը: Հոբելյարի մասին խոսեց նաև   Բերձորի գրադարանի տնօրեն Սոնա Գևորգյանը: Կինը՝ Սոնան նկարագրեց՝ ինչպես են Աբովյան քաղաքի իրենց տանը տարիներով սպասել պատերազմի դաշտից նրա վերադարձին: Այնուհետև նկարագրեց բերձորյան կյանքը: Հուշ-ցերեկույթը, որին ներկա էին Արցախի հարազատները, կուսակցական ընկերները, շրջվարչակազմի աշխատակիցներ, դպրոցականներ, ուսուցիչներ, իր անվան բուժմիավորման բժիշկներ, ավարտվեց ասմունքով ու ռազմահայրենասիրական երգերով: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Արցախ Բունիաթյանն արժանացել է կառավարական ու գերատեսչական բազում պարգևների: 1998թ. մայիսին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Հերացու» մեդալով: 2008թ. ապրիլի 22-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով արժանացել է վաստակավոր բժշկի կոչման: Սակայն այս ամենից առավել կարևորը նրան ճանաչողների կարծիքն է:

Զոհրաբ Ըռքոյան

About The Author

Related posts

Leave a Reply