Նոյեմբերի 22, 2019

Աստված կերտել է, Հայը լրացրել կիսատը. Կաչաղակաբերդ

Աստված կերտել է, Հայը լրացրել կիսատը. Կաչաղակաբերդ

"«Ես՝ Հասան՝ որդի Վախթանգա, տէր Հաթերո ևՀանդաբերդո, Խաչինաբերդո և Հաւախաղացին,կացի յավագութեան ամս Խ(40)շատ պատերազմավ և յաղթեցի թշնամեաց իմոց…»(«Դիվան հայ վիմագրության. Պրակ 5, Երևան 1982թ.»)

Կաչաղակաբերդ

Արցախ

Հայոց երկրի Արցախ աշխարհի Խաչենի տարածքում՝ թավ անտառներով պատված բարձունքներից վեր է քարակերտ հրաշքը՝ Կաչաղակաբերդը՝ ձգող, հմայող: Պատարա-Քոլատակ գյուղերի մեջտեղում է 50-60 մետր բարձրություն ունեցող ուղղաձիգ ժայռեղեն կղզին՝ ծովի մակերևույթից մոտ 1650 մ բարձությամբ սարի վրա: Հնում մեր նախնիները նման դիրքերը միշտ օգտագործել են պաշտպանական նպատակներով: Կաչաղակաբերդը՝ որպես ամրոց կամ դիտակետ, ըստ պատմական տեղեկությունների, սկսել է գործել արաբական արշավանքների ժամանակ Մեծառանք գավառի իշխանների կողմից: Ամրոցի կառուցման բուն ժամանակահատվածի մասին տեղեկություններ չկան մինչև արաբական արշավանքները: Ս. Ա. Սարգսյանը տեղեկացնում է, որ Խաչիկ վարդապետ Դադյանի կողմից մասնակի պեղումներ և ուսումնասիրություններ են կատարվել Խաչենագետի ափամերձ դամբարանադաշտերում, ամրոցի մոտակայքում: Հայտնաբերված բրոնզե իրերն ու զինամթերքը, խեցեղենը հուշում են, որ Կաչաղակաբերդը դեռևս Ք. Ա. երկրորդ հազարամյակում արդեն եղել է պաշտպանական կենտրոն, հետագայում վերակառուցվել է՝ դառնալով հզոր և անմատչելի ամրոց արաբական, սելջուկական, թաթարական արշավանքների շրջանում: Որոշ պատմական աղբյուրներում[1]  այդ հնագույն պաշտպանական կենտրոնը մինչև 10-րդ դար հիշատակվել է Խաչենի ամրոց անունով։ 13-րդ դարում Կաչաղակաբերդը կոչվել է նաև «Սխսաղան Հավքախաղաց»[2]: Ամրոցի տարածքի՝ Քոլատակ, Առաջաձոր, Պատարա, Խնձիրստան և այլ բնակավայրերի բնակիչները բերդը կոչում են նաև «Սղսղան» անունով, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մարդիկ սղացել են լեռան գագաթից՝ չհասնելով պարսպին։ Հավքախաղաց անունով է կոչվել նաև մեկ այլ հզոր ու անմատչելի ամրոց տարածաշրջանում: Կիրակոս Գանձակեցին, խոսելով մոնղոլական արշավանքների մասին Խաչենի տարածքում, տեղեկացնում է՝ այդ ժամանակ Խաչենի բնակիչները պատսպարվում էին ապահով վայրերում. «… զոր վասն դժուարութեան տեղւոյն հավախաղաց կոչէին»[3]: Սա խոսում է այն մասին, որ տարածքի բնակիչներն անմատչելի վայրերը կոչել են Հավքախաղաց, այսինքն՝ բարձր տեղ, որտեղ միայն թռչուններն են խաղում: Պատահական չէ, որ տարածքում Հավքախաղաց անունով լեռնաշղթա կա: 9-րդ դարի Հայոց թագավոր Համամ Արևելցին, ով խոշոր դեր է կատարել «Արևելից Կողմանց» պատմության մեջ, կառուցել է Հավքախաղաց բերդը Տրտուի աջ ափին, տիրացել ամբողջ Արցախ-Խաչեն աշխարհին։

  • DSCN0342
  • DSCN0283
  • DSCN0159
  • DSCN0055
  • DSCN0033
  • DSCN0003

Ներքին Խաչենում՝ Կարկառ-Խաչեն ռազմավարական ճանապարհին, վաղ միջնադարում Կաչաղակաբերդն առանձնանում էր իր դիրքով: Այս ամրոցներում է գտնվել տարածքի իշխանական դղյակը, որը մեծ նշանակություն է ունեցել պաշտպանության գործում: Ամրոցը 15-րդ դարից կոչվում է Կաչաղակաբերդ: Ըստ ժողովրդական ավանդության՝ թշնամիները պաշարում են Կաչաղակաբերդը, սակայն չեն կարողանում հարձակումով գրավել այն: Որոշում են սպասել մինչ պաշարվածների ինքնակամ կհանձնվելը։ Անցնում է մի քանի ամիս, սննդի պաշարները բերդում սպառվում են, սակայն, ի զարմանս թշնամիների, պաշտպանությունից ոչ ոք դուրս չի գալիս։ Եվ ահա երբ արդեն հնչում է նահանջի հրամանը, թշնամուն զարմացնում է մի տարօրինակ երևույթ: Այդ տեղանքում շատ են կաչաղակները, որոնց հաճախ կարելի է տեսնել բերդի մոտ թռչելիս։ Սակայն այդ օրը, վաղ առավոտյան, գագաթի վրա հայտնվում է կաչաղակների և այլ գիշատիչ թռչունների մեծ բազմություն։ Տեսնելով դա՝ հրամանատարն ամրոց է ուղարկում մի քանի զինվոր, որոնք դժվարությամբ ներս են մտնում։ Պարզվում է՝ թռչունները նահատակների դիակներն են հոշոտում։ Պատսպարվելով ամրոցում և միաժամանակ պաշտպանելով այն՝ հայերը սովամահ են լինում, սակայն չեն հանձնվում։ Այսպիսով կաչաղակները իմաց են տալիս թշնամուն այն մասին, որ գագաթում այլևս կենդանի պաշտպան չկա: Այստեղից էլ ամրոցը ստանում է իր անունը՝ Կաչաղակաբերդ։ 7-15-րդ դարերի ընթացքում հաճախ են տարածքի բնակիչները պատսպարվել Կաչաղակաբերդում և պաշտպանվել թշնամու հարձակումներից: Մ. Կաղանկատվացին «Պատմութիւն Աղուանից աշխարհի» գրքում հիշատակում է 9-րդ դարում Հայոց Առանշահիկ և Պարսից Միհրական տոհմերիի ժառանգական մրցակցությունը: Ըստ հիշատակության՝ Ներսես անունով մի իշխան Դադիվանքի մոտ սպանում է Վարազ-Տրդատ իշխանին և նրա որդուն՝ Ստեփանոսին՝ ցանկանալով ոչնչացնել այդ տոհմի արու զավակներին: Կաղանկատվացին գրքում հավելում է՝ սպանվածի կինը զինվում է այրական քաջությամբ. «…առեալ զմնացեալ դուստրն իւր Սպրամ գիշերահեն տաժանելի ուղեւորմամր մտանէ ի բերդն Խաչենայ՝ բարուրս խորհեալ տան իւրում ամուսնացուցանէ զՍպրամ Ատրներսեհի՝ Սահլի որդւոյ»[4]:

Ամրոցը 3 կողմից անմատչելի է՝ շնորհիվ ուղղաձիգ ժայռերի: Հարավային կողմից է հնարավոր բարձրանալ ժայռեղեն կղզու գագաթ: Այս մասում և արևելյան կողմում հնարավոր թույլ մասերն ամրացված են պարսպապատերով: Մուտքը միայն ժայռը մագլցելով է հնարավոր: Ժամանակին ամրոցի ներսում եղել են բազմաթիվ կացարաններ, ժայռափոր գաղտնուղիներ, հրակնատներ` քար նետելու համար: Կենտրոնական մասում 5, 54-3,42մ չափերով ջրամբարը, որը հիմնականում լցվում էր ձնհալքի ժամանակ և անձրևաջրով: Ամրոցի տարածքում մեծ աղբյուր չկա: Ամենամոտը՝ «Սխսաղանի ջուր»-ը՝ գտնվում է ժայռաբլուրից մոտ 1,5 կմ հեռու: Շրջակա աղբյուրների ջրերը օգտագործել են ամրոցում պատսպարվածները՝ ցած իջնելով գաղտնի ուղիներով: Մոտ 1,5հա տարածք զբաղեցնող ամրոցը ժամանակին ունեցել է բազում շինություններ, որոնց մի մասի հետքերը դեռ կան, որոշների տեղը փոսորակներ են: Ըստ հետազոտողների՝ 20-ից ավելի շինություն է եղել ամրոցում, որոնց թվում է իշխանի դղյակը: Բոլոր շինությունների պատերն ունեցել են 1 մետրից ավելի լայնություն: Ամրոցի հարավարևելյան կողմում է ձգվում մոտ 40մ երկարությամբ պարսպապատը՝ կառուցված տեղի քարերով ու կրաշաղախով: Տարբեր մասերում պարիսպների լայնությունը 1,2-ից հասնում է 3, 25մ: Դրանք կառուցվել են ժայռերի վրա և բավականին լավ վիճակում են այժմ: Խաչենագետի այս հատվածում գտնվող բնակավայրերի, միջնադարյան վանական համալիրների (Գանձասար, Մեծիրանց վանք, Կոշիկ Անապատ, Հավապտուկ վանք, Սուրբ Հակոբա վանք և այլն) համար Կաչաղակաբերդը եղել է կարևոր ամրոց և թշնամիների ասպատակության ժամանակ պատսպարել նրանց: Վերջերս հնագետ Գագիկ Սարգսյանը Կաչաղակաբերդի մոտակայքում եկեղեցու ավերակ է գտել: Եկեղեցում չկա ո՛չ արձանագրություն, ո՛չ պարզ զարդաքանդակ: Սա, ամենայն հավանականությամբ, 9-10 րդ դարերի կառույց է՝ գտնվում է ծովի մակերևույթից 1408մ բարձրության վրա, Քոլատակից 3,1 կմ հարավ-արևելք, Կաչաղակաբերդից ուղիղ գծով 1000մ հյուսիս-արևելք: Ճարտարապետական հորինվածքով միանավ բազիլիկ է` սրահի մեջ բացվող երկու խորաններով:

Զոհրաբ Ըռքոյան

[1] Կաղանկատվացի Մ., Պատմություն Աղվանից աշխարհի (Թարգմ., առաջաբ. և ծանոթագր. ՝ Առաքելյան Վ.Դ., Խմբ.՝ Աբրահամյան Ա.Ա., Ումառյան Ս.Հ.), Երևան, 1969, էջ 340, Բարխուդարյան Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 425, Հովհաննիսյան Մ., Հայաստանի բերդերը, Վենետիկ, 1970, էջ 452, Չամչյան Մ.,  Հայոց պատմություն, Երևան, 1984, էջ 210 և այլն:

[2]  Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԳ, Երևան 1984, էջ 199, Ա. Բեկնազարյանց, Գաղտնիք Ղարաբաղի, Ս. Պետերբուրգ, 1886,. էջ 90:

[3] Գանձակեցի Կ.,  Պատմութիւն հայոց, Երևան, 1961, էջ 267:

[4] Կաղանկատվացի Մ., էջ 340:

About The Author

Related posts

Leave a Reply