Նոր տարին Սյունիքում. հետադարձ հայացք

Հին ժամանակներում սյունեցիների մեծ մասը Նոր տարին սկսում էր նշել ոչ թե քաղաքացիական Նոր տարվա հետ` հունվարի մեկին, այլ Նավասարդի տոնով, որը սովորաբար նշվում էր նոյեմբերի երկրորդ տասնօրյակի կիրակի օրը` ՆԱԽՐԱԹՕՂԻՆ: Այս տոնի հետ էր կապված սյունեցիների այն ավանդույթը, ըստ որի նախրապանը և, առհասարակ, տան ծառայողները վարձվում էին մինչև այդ օրը: Ընդունված էր, որ այդ օրը նախրապանը պիտի անպայման տանը մնար և հագներ իր ամենամաքուր« տոնական շորերը, մինչդեռ մյուս տոներին նախրապանի տանը լինելը բոլորովին էլ պարտադիր չէր. նա կարող էր նույնիսկ դաշտում մնալ: Նոր տարվա օրը նախրապանների տանը մնալը խորհրդանշում էր նրանց աշխատանքի մի շրջանի ավարտը: Կար նաև մի գեղեցիկ ավանդույթ ևս. մինչև Նոր տարին սկսելը վերջ էր դրվում բոլոր գժտություններին, անձնական խռովություններին, և տարին բոլորի համար պետք է սկսվեր հաշտությամբ և հին հաշիվների մոռացությամբ, որը խորհրդանշում էր խաղաղություն ամբողջ տարվա համար: Լեզվաբանների բնորոշմամբ Նավասարդը իրանական ծագում ունի, որ կազմված է nava-նոր և sard-տարի արմատներից, որը նշանակում է ոչ միայն տարվա վերսկսում, այլև բոլոր հարաբերությունների վերանայում, հին ու վատ երևույթների ավարտ, նորի հաստատում: Շատերն էի սպասում այդ օրվան, որովհետև գալու էր թշնամանքի վերջը, բարեկամության ու խաղաղության հաստատումը, չարի ավարտը, բարության մուտքը աշխարհք:

Նոր տարին սկսելուց մի շաբաթ առաջ սյունեցիները պաս էին պահում, որն ավարտվում էր կիրակնամուտին, բայց տոնական խնջույքը սկսվում էր կեսգիշերից հետո` լուսաբացից առաջ:

Որպես տոնական սեղանի պարտադիր ուտեստ` ամեն տան մեջ եփվում էր մսով կերակուր-կճըճախաշ, կրճախաշ կամ կուրկուտավ ճաշ՝ կճուճում եփված ճաշ: Այս ճաշի առանձնահատկությունն այն էր, որ եփելիս այն չպիտի խառնեին, շերեփ չպիտի կպչեր` ի նշան այն բանի, որ նոր գալիք տարին էլ խառնաշփոթ չանցնի: Տանտիկինները, հարսներն ու աղջիկները մաքրում էին լոբին, սիսեռը, ոսպը, բրինձը, ձավարեղենը, որոնք տարբեր կերակրատեսակների ձեւով պիտի զարդարեին տոնական սեղանը: Զանգեզուրում, Սյունիքում պատրաստում էին մսով դոլմա

Նոր տարուն ընդեղեն եփելը պարտադիր էր՝ լոբին, սիսեռը, ոսպը, բրինձը, ձավարեղենը: Պարտադիր էր նաև տեղական չրեղենի օգտագործումը. ամենուր եփում էին ծեծած ցորենով, չամիչով, չոր ծիրանով, դոշաբով անուշապուր (Մայրամապուր) եւ հարիսա, որպեսզի նոր տարում հանդն ու դաշտը, տունն ու աշխատանքը բերեբեր լինեին:  Ըստ սովորության Սյունիքում Նավասարդի օրը մինչև լույսը բացվելը մարդիկ այցելում էին իրենց այն բարեկամների տները, որոնց տանն այդ տարի ննջեցյալ է եղել և տանտերերի հետ վօղօրմաթաս էին խմում: Մինչ օրս էլ սա գորիսեցիների մոտ ընդունված երևույթ է:

Նոր տարվա առավոտյան մարդիկ միմյանց տները լուսեր էին ուղարկում-մէժմահու վրա ջուռա-ջուռա ¥զանազան¤, խօշկաբար, եփած հավ, միրգ, կորկոտ գեղեցիկ շարած և մեջտեղն ու ափերին մոմեր վառած, որը հետո միասին էինք ուտում: Յուրաքանչյուր ընտանիք իր քավորի համար առանձնահատուկ լույս էր պատրաստում, եթե այդ տարի իրենց օջախում քավորը երեխա էր խտտել: Ի պատասխան սրան՝ քավորն էլ մէժմահին վերադարձնում էր որևէ նվերով` ինչպես գորիսեցին կասեր` խալաթով-յայլուխ, Շամախու շալ, կուլա և այլն: Բացի այդ, քավօրը՝ որպես ամուսնական կապեր հաստատող և մանկածնությունը խրախուսող կախարդական ուժ ունեցող անձնավորություն, իր կողմից իր այդ տարվա ամուսնացրած նորապսակներին խօնչա էր ուղարկում որևէ մեկի միջոցով, որն էլ իր հերթին խօնչայի հասցեատերերից նվեր էր ստանում:

Նավասարդի օրը տան մեծերը, մի-մի խնձոր` մեջը մանր դրամ խրած, մի շիշ օղի և այլ նվերներ նվիրաբերելով, շնորհավորում են իրենց քօխվային:

Հնում, թերևս այսօր էլ, Նոր տարին բոլորը աշխատում էին դիմավորել նոր հագուստով: Սա պարտադիր պայման էր հատկապես երեխաների և երիտասարդների համար: Դեռ ավելին, նույնիսկ անասունների համար տոնական տրամադրություն էին ստեղծում` գոմերը լավ մաքրում էին, հարդի վրա գարի ցանում, իսկ պոչերին կարմիր ժապավեն էին կապում: Եվ այս ամենն արվում էր` ի նշան սկսվելիք տարվա հաջողության, առատության և ուրախության:

Հունվարի 4-ը Սյունիքում տոնական օր էր համարվում, և սյունեցիները այն կոչում էին Կրկենու կամ Դօվլաթ կրկենու օր: Ասում են` այդ օրը արևի մայր մտնելուց հետո ձեթով կամ ճղօպուրի` ընկույզի հէղէպով խմոր էին հունցում` նախապես խմորի մեջ դնելով հոնի կորիզ, մետաղադրամ կամ լոբու հատիկ: Այնուհետև խմորին բաղարջի ձև տալով` օջախի կրակի վրա` մեծ մասամբ մոխրի մեջ, թխում էին, որից հետո հաշվում էին տան անդամներին, նաև կովերից կամ ձիերից մեկին, և ըստ ստացված թվի, բաղարջը մասերի էին բաժանում: Օրվա խորհուրդը հետևյալն էր. ով իր բաժնի մեջ գտներ իրը, ուրեմն դովլաթն իրենն էր, և այն ամենը, ինչ այդ տարի սպասվում էր այդ ընտանիքին, նախ և առաջ կկատարվեր դօվլաթի տիրոջ հետ: Իսկ եթե բաղարջը կտրելիս դանակը հանդիպում էր դօվլաթին` կորիզին, նախանշում էր այդ տարի տան ծերերից մեկի մահը: Այդ պատճառով բաղարջը կիսվում էր ձեռքով, ձեռքով էր կտրվում նաև օջախի հացը, որ Նոր տարվա ուտելիքը «չնեղանա»:

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Տեղ գիւղի պատմական յուշարձանները եւ նորայայտ վիմագրերը

Սաթենիկ Խուրշուդյան See author's posts Ընթերցված է՝ 68

Ութուքըշէր (արցախյան ավանդույթ)

Ութուքըշէրը Զատէգյան մի օր առաջ տօն օրա իլա̈լ քյօ̈հնա վըխտէն։ Ա̈զափ տըղէքյը, մընէլ ըխչիգյէքյը տո̈ւսըն…

Սույն թվականի Նոյեմբերի 1-ին «Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնը» ամփոփեց «Մեր բանն ու գործը» ծրագրի շրջանակում…

Տեղանվան պատմական զարգացումը հայերենում («Հարժիս» սրբազան տարածքի ստուգաբանություն)

Մուտք Հարժիս[1], Հարժիք, Յաջի, Յայճի անվանումներով բնակավայրը հայ մատենագրության մեջ առաջին անգամ վկայվում է Ս.…