3․ [Թռուցիկ գրված ռուսական կարմիր բանակի կողմից Զանգեզուրի 1-ին օկուպացիայի օրերին. 1920թ. օգոստոս]
Հայրենակիցնե՛ր, եղբայրնե՛ր,
Հայոց ազգի պատմության մեջ դուք՝ զանգեզուրցիներդ և արցախցիներդ միշտ պատվավոր տեղ եք բռնել: Ամեն մի հայ ձեզանով է հպարտացել, որովհետև մեր ազգային անկախությունը ամենից երկար դուք եք պահպանել:
Երբ ձեր պապերը տեսան, որ թուրքի երեսից նրանք հանգիստ չունեն, այլևս դիմեցին քրիստոնյա Ռուսաստանին, որպեսզի նա գա և իրենց ազատություն տա: 100 տարի արցախցին ու զանգեզուրցին կռվեց թուրքի դեմ և սպասեց ռուսի գալստյան: Այդ կռվի մեջ հայը թվով նվազեց ու աղքատացավ: Եվ երբ 1805 թվականին ռուսը մտավ Արցախ, նա տեսավ հայի չքավորությունը, մոռացավ, որ հայը դժբախտացել է իր պատճառով և անխիցճ կերպով մեր պապերի երկիրը տվավ թուրքերին, կալվածատեր կարգելով մեր գլխին խաներին ու բեգերին:
Ռուս իշխանության օրոք 100 տարի շարունակ մենք տնքացինք խաների ու բեկերի լծի տակ: Այդ բավական չէր: Խաների ու բեկերի հետ թուրք խաշնարածները եկան տիրեցին մեր սարերին ու ձորերին, մեզ հողազուրկ դարձրին, իսկ իրենք վերցրեցին ձմռանը՝ տաք տեղերը, իսկ ամռանը՝ մեր հով սարերը: Թուրքը հա՛մ նստեց ջրովի, պտղաբեր հողերի վրա, հա՛մ էլ ձեռք չվերցրեց մեր արոտատեղերից:
Մեզ բաժին էր մնացել դառն պանդխտությունը: Գնում էինք մի կտոր չոր հաց վաստակելու հեռու քաղաքներում՝ Բաքվում, Անդրկասպյան երկրում: Այստեղ էլ ասպարեզ էր գալիս նույն թուրքը և մեզ հալածում որպես եկվորների: Հիշո՞ւմ եք հայրենակիցներ, ինչպես 1905թ. և 1906թ. թուրքերը հարձակվեցին անմեղ հայերի վրա, կրակի մատնեցին հայերի հանքերը, թալանեցին անխտիր բոլորին, և մեր բանվորները ստիպված եղան վերադառնալ հարնեինք՝ Արցախ ու Զանգեզուր՝ պաշտպանելու իրենց օջախն ու պատիվը: Թուրքերը այդ ժամանակ կռվում էին մեր դեմ, ասելով, թե հայերս հեղափոխական ենք, իսկ իրենք պաշտպանում են ցարի գահը, Ռուսաստանի շահը: Նրանք իրենց գույնը փոխեցին, երբ ծագեց 1917թ, հեղափոխությունը:
Մենք, հայերս, նոր հեղափոխության օրով, չէինք ուզում, որ Ռուսաստանը կործանվի: Թուրքերը այդ կործանումն էին պահանջում: Նրանք գնացին և տաճիկներին բերին մեր երկիրը, որպեսզի նրանց օգնությամբ վերջնականապես ջարդեն ու ոչնչացնեն հայերին: Բայց հայերս կուլ գնացող պտուղ չեղանք: Հարյուր հազարավոր զոհերով մենք պաշտպանեցինք մեր հայրենիքը և ստեղծեցինք սեփական պետություն՝ Անկախ, Ազատ Հայաստանը:
Շուտով տաճիկի աստղը ընկավ փոսը: Այն ջարդվեց Գերմանիայի հետ միասին: Հաղթող Անգլիան, Ֆրանսիան, Ամերիկան և Իտալիան ճանաչեցին Հայաստանի անկախությունը և պատրաստ են մեր երկիրը ընդարձակելու Թուրքա-Հայաստանի գավառներով:
Անգլիան միայն այդ չարավ: Նա ուզեց բարեկամ դառնալ նաև թուրքերին, որոնք ստեղծել էին իրենց Ադրբեջան կոչված անիծյալ պետությունը: Անգլիան կամեցավ սիրաշահել Ադրբեջանին և որոշեց Արցախն ու Զանգեզուրը տալ թուրքերին:
Եղբայրնե՜ր, դո՛ւք էիք, որ ոչնչացրիք Անգլիայի ծրագիրը, հավատարիմ մնացիք Հայաստանին և համարյա երկու տարի կռվեցիք Ադրբեջանի դեմ:
Այդ Ադրբեջան կոչված ավազականոցը, տեսնելով, որ հեշտ չի կարող մարսել Արցախն ու Զանգեզուրը, մտածեց նոր խաղ խաղաղալ: Այդ արյունախում Ադրբեջանը, որ ծունկ էր չոքել Անգլիայի առաջ, այժմ էլ գնաց և աղվեսի պես պառկեց Ռուսաստանի ոտքերի տակ:
Այդ սրիկաների և խաբեբաների որջ Ադրբեջանի միտքը սա է՝ թո՛ղ գան ռուսները, նրանց հայերը կընդունեն՝ իբրև քրիստոնեա եղբայրների, և ապա ռուսների միջոցով իրենք կտիրանան Արցախին ու Զանգեզուրին: Ո՛չ միայն այդ: Ռուսների միջոցով թուրքերը իրենց ձեռքը գցին և Նախիջևանը, և ո՞վ գիտե, գուցե նաև ուրիշ հայկական հողեր: Այդպիսով Ադրբեջանը կապ կհաստատի Տաճկաստանի հետ: Եվ մի օր, ռուսը անպատճառ պիտի գնա Անդրկովկասից, Ադրբեջանին տեր թողնելով Հայաստանի լավագույն հողերին: Նա՝ Ադրբեջանը կմաքրե այդ հողերը հայերից և իբրև ուժեղ մուսուլմանական պետություն կվայելե ուրիշի ժառանգությունը:
Ադրբեջանը մտածում է նաև, որ եթե ռուսը չգնա Անդրկովկասից, էլի ինքը ոչինչ չի կորցնի: Ռուսի օգնությամբ նա կկործանի Հայաստանը, իսկ դա նշանակում է և կփրկի Տաճկաստանը, որից ստանում է ամեն տեսակ օգնություն:
Վայը եկել է խեղճ հային: Նա մի ուրիշ տեղ իրեն ազգակից պետություն չունի, որ գոնե ապրե նրա հույսով: Նա մեն մենակ է. եթե կործանվեց այստեղ, ապա կնշանակե կործանվել ընդմիշտ:
Թուրքը ի՞նչ հոգս ունի: Թող չլինի Ադրբեջանը, դրա փոխարեն կլինեն Տաճկաստանը, Պարսկաստանը, Բուխարիան և այլն: Ադրբեջանի փորացավը միմիայն մեզ կործանելն է և դրա համար էլ նա բոլշևիկ է դարձել և ռուսներին բերել Անդրկովկաս:
Հայրենակիցնե՜ր, եղբայրնե՜ր:
Դուք գիտեք, որ թուրքը միշտ խորամանկ ու քաղաքագետ է եղել: Այդ խորամանկ թուրքը մեղրանուշ լեզվով ու փողով իր կողմն է գրավել նաև հայ երեխամիտ բոլշևիկներին: Եվ այժմ մեր հայ բոլշևիկները նզովք են կարդում Հայաստանին: Նրանք ոչ միայն անիծում են Հայաստանը, այլև միանալով ռուսների ու թուրքերի հետ, ուզում են զոռով քանդել մեր պետությունը: Այդ հայ Վասակները մտնում են գյուղացիների մեջ, զորքի շարքերը և պղտորում բոլորի միտքը՝ թե հրաժարվե՛ք ձեր ազգային անկախությունից, մոռացե՛ք Հայաստանը և նորից ծառա գրվեցեք ռուսին, եղբայրացե՛ք թուրքի հետ:
Մեր միջից դուրս եկած այդ որդերը կամ չգիտեն կամ այնքան են ազգուրաց դարձել, որ չեն երևակայում, թե ռուսին հպատակ դառնալով Արցախը և Զանգեզուրը թուրքին տալով մենք դառնում ենք ԻՆՔՆԱՍՊԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ինքներս խաչ ենք քաշում մեր գոյության վրա և յուղ քսում Տաճկաստանի արյունոտ հացին:
Հպարտ Զանգեզուրցին ու Արցախցին, եթե նա իր նամուսը չի ձգել շան առաջ, եթե նա տղամարդի գդակի տեղ կնկա լաչակով չի ծածկել իր գլուխը, իր գյուղը մտնող բոլշևիկներին մի պատասխան պիտի տա՝ կորի՛ր, դու ազգի անառակ որդին ես, քո խիղճը վաճառված է, դու կամենում ես կործանել ազատ Հայաստանը և օտարին հրամայող դնել մեր ազգի գլխին՝ լինի նա ռուսը, թե թուրքը: Դրա համա՞ր է հայը թափել արյուն, որ նորից ջարդվի Ռուսաստանի ու Տաճկաստանի՝ մուրճի ու զնդանի արանքում:
Բոլշևիկը հայ ժողովրդի ներքին ցեցն է, սրտի որդը, նա տեղ չպիտի ունենա մեր մեջ: Թուրք և ռուս բոլշևիկները մեր արտաքին թշնամիներն են. պետք է կոտրել նրանց ոտը և թույլ չտալ, որ մտնեն մեր սահմանները:
Ռուսաստանը 200 տարի մեզ խաբել է Քրիստոսի խաչով: Այժմ նա կամենում է մեզ խաբել սոցիալիզմով: Հրաժարվե՛նք այդ խաբեբա պետությունից ու ազգից: Մեր հույսը մեր վրա պիտի լինի: Լսե՛նք Հայաստանի կառավարության խորհուրդները: Մտնենք Հայաստանի զորքի մեջ և զենքով դուրս վռնդենք մեր երկրից հայ Վասակներին, թուրք աղվեսին և ռուս խաբեբաներին:
Զանգեզուրի և Արցախի ժողովուրդ.
Դու հայության պարծանքն ես եղել միշտ: Բայց քո միջից են դուրս եկել և մեր ազգի սև ամոթ բերող Վասակ Սյունին և Մելիք Շահնազարը: Հասել է ժամը, որ դու քեզանից լվանաս այդ ազգուրացների կեղտը: Եթե այսօր դու Հայաստանի հետ չլինես, այլ գնաս Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ, ապա լավ իմացի, որ հազար տարիներ բոլոր հայերը պիտի անիծեն քեզ ու քո որդիներին:
Ո՛չ, ժողովրդական անեծքն ու հավիտենական ամոթը չպիտի բաժին դառնան հպարտ զանգեզուրցիներին ու արցախցիներին: Հայը դեռ իր ամոթը չի վաճառել փողոցներում: Եվ մենք հավատում ենք, որ Զանգեզուրի ու Արցախի ժողովուրդը մի սիրտ, մի հոգի դարձած ոտքի կկանգնի, դուրս կվռնդի իր միջից խռովարար սրիկաներին, կջարդի թուրքի ու ռուսի գլուխները և պայծառ կանե հայի ու Հայաստանի երեսը ամբողջ աշխարհում՝ բոլոր ազգերի առաջ:
Ով վռնդել է հզոր Անգլիայի գեներալ Շատելորտին, նա կվռնդե, նա պարտավոր է վռնդել նաև հայ Վասակներին, աղվես թուրքերին և աշխարհե աշխարհ ընկած ավազակություն անող ռուսներին:
Ե՛լ, ոտքի կանգնի՛ր Զանգեզուրի և Արցախի ժողովուրդ:
Խոսքը այժմ քոնն է:
ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
օգոստոս, 1920թ.
ՀԱԱ 1457, ց.1, գ.173, թթ.4-6: