Պատմություն, որ կրկնվում է…

Spread the love

Համացանցում պատահաբար ընթերցեցի Արցախի Մարտունու շրջանի Ննգի գյուղի դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Սաֆարյանի շարադրությունը, որտեղ արցախցի աղջնակը գրում է. «…Այս տողերը ես գրում եմ շրջափակման չգիտեմ որերորդ օրը։ Գրում եմ՝ տխուր նստած լուսամուտին մոտ դրված բազմոցին, լուսամուտից ներս թափանցող լույսի ներքո, գրում և սպասում եմ, թե երբ են լույսերը տալու, որպեսզի ես և ինձ նման հազարավոր արցախցի երեխաներ կարողանանք պատրաստել դասերը…»։ Սա է իրականությունը, որ կրկնվեց 35 տարի անց: 1988-ին ու դրանից հետո, մինչև պատերազմի հաղթական ավարտը, արցախցի հազարավոր մանուկներ, ինչպես նաև՝ Մայր Հայաստանում, նույն վիճակում էին, ինչպիսին այսօր Մարիամն է ու ողջ արցախի երեխաները: Անցած դարի 90-ականներին էլ թշնամին շրջափակել էր Արցախը, բայց այն ժամանակ հնարավոր էր գոնե օդով Մայր Հայրենիք-Արցախ կապը պահել: Այն ժամանակ էլ խորհրդային բանակի զինվորները, ինչպես այժմ Ռուսաստանի Դաշնության զինվորականներն Արցախում խաղաղապահի դերում էին, սակայն իրագործեցին «Օղակ» ռազմագործողությունը՝ թիկունք դառնալով թուրքական ՕՄՕՆ-ին: Այն ժամանակ էլ… երկար զուգահեռներ կարելի է բերել: Բայց այն ժամանակ մեր ժողովուրդը միավորված էր, բոլորս մի ուղղությամբ էինք մտածում, գործում՝ ազատագրել Արցախը և միավորել Մայր Հայրենիքին, մաքրել մեր երկիրը թուրքական ցեղից, ստեղծել անկախ հայրենիք: Ու հասանք մեր երազանք-նպատակին՝ ի շնորհիվ միասնության, նվիրումի, հերոսացման: 1992թ. այս օրերին Շուշին դեռ թշնամու ձեռքում էր, 91-ի մայիսի կեսերից, դարձյալ «Օղակ» ռազմագործողության հետևանքով, գերության մեջ էր նաև Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանը՝ Մեծ շեն, Հին շեն, Եղցահող, Տասի վերստ(Ծաղկաձոր) և Կանաչ Թալա գյուղերով: Հայաթափ էին եղել Հադրութի շրջանի մի քանի գյուղեր: 91-ի մայիսի կեսերին Հադրութի շրջանից ու Բերդաձորից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բերել էին Գորիսի տարածք՝ Տեղ և Խնձորեսկ գյուղերի դաշտեր, թողել բաց երկնքի տակ: Այցելեցի տեղահանվածներին, զրուցեցի նրանց հետ, պատմեցին՝ ինչ անմարդկային եղանակով են «խաղաղապահներն» ու թուրք օմօնականները վերաբերվել իրենց, թալանել և հասցրել Հայաստանի տւարածք՝ ասելով՝ «Հայաստան էիք ուզում…»: Հանդիպեցի նաև բերդաձորցի տղաների, ովքեր մոտ 3 տարի անվտանգ էին պահել իրենց գյուղերը՝ շատերը վերադառնալով իրենց բնակության վայրերից՝ ՀՀ տարբեր մարզ-շրջաններից, Ստեփանակերտից, Ռուսաստանից… Նույն տղաների հետ 1988-90թթ. նաև ՀՀ-ից ու Արցախի տարբեր շրջաններից, Ստեփանակերտից շատ տղաներ էին պաշտպանում Բերդաձորը, ստեղծվել էր Բերդաձորի ինքնապաշտպանության խորհուրդ(ԲԻԽ)՝ իր մեջ ընդգրկելով տարբեր ռազմական ջոկատներ, անհատներ: Նույն ԲԻԽ-ի ՀՀ Մարտունու շրջանի ջոկատի կազմում էի նաև ես: Ու լավ եմ հիշում թուրք-խաղաղապահ համագործակցությունը, մեր տղաների ձերբակալությունները, սպանությունները: Նույն համագործակցության հետևանքով Բաքվի բանտերում տանջամահ արվեցին ԲԻԽ-ի փոխնախագահ, Բերդաձորի Հին շեն գյուղի բնակիչ, մեծ հայրենասեր Առնո Մկրտչյանը, եղցահողցի Հրաչը՝ Բերդաձորի անկումից հետո: Բայց բերդաձորցի շատ տղաներ, ովքեր մինչ իրենց հայրենի երկրամասի անկումը, եկել էին ու դարձել հայրենիքի պաշտպան, նորից միավորվեցին, ստեղծեցին ջոկատներ, որ մասնակցեն Շուշիի և հայրենի Բերդաձորի ազատագրմանը: Ջոկատներից մեկի կազմում 1992թ. մարտի 14-ին Երևանից ինքնաթիռով հասանք Ստեփանակերտի օդանավակայան: Մեծ հմտություն ու քաջություն էին դրսևորում մեր օդաչուները՝ օդանավերը վարելով այնպիսի բարձրությումբ ու տեղերով, որ թշնամու կողմից չհրթիռակոծվեին: Այլ էր օդանավակայանում. 88-ի փետրվարից սկսած՝ այստեղ հսկում էին թուրք օմօնականները և «Օղակ» ձեռնարկող «խաղաղապահները»: Ստուգում էին բոլոր ուղևորների փաստաթղթերը, ուղեբեռները, շատ իրեր բռնագրովում էին, ձերբակալում կամ արգելում էին Ստեփանակերտ քաղաք մտնել անցանկալի համարվող անձանց: 1990թ. ամռանը, երբ ՀԱԲ-ի ջոկատներից մեկի 4 ընկերներով՝ ես, Արթուրը, Արսեն-Երեմը և Ստեփանը, պետք է Բերդաձոր հասնեինք, նույն «խաղաղապահ» զինվորները մեզ արգելեցին դուրս գալ օդանավակայանից՝ պահանջելով հետ վերադառնալ Երևան, հակառակ դեպքում կձերբակալեին որպես ահաբեկիչ: Նրանց համար նույնիսկ արգելված համարվեց Սուրբ Գիրքը, որն իր հետ էր վերցրել Արթուրը։ Մեկ շաբաթ անց արդեն ուղղաթիռով հասանք Բերդաձոր և մինչև նոյեմբերի վերջը մնացինք այնտեղ: Ծանոթացանք ու ընկերացանք շատ հայրենասեր տղաների հետ: Եվ նույն տղաներից Շիրակ Չոբանյանի, Գագիկի և այլոց հետ նորից Արցախ մեկնեցի: Մինչ այդ, 1992թ. հունվարի 26-ին տեղի էր ունեցել Քարինտակի հերոսամարտը: Չնայաշ բազմապատիկ անգամ ավելի ուժերին՝ թշնամին տվել էր մեծ կորուստներ ու նահանջել: Իհարկե, Քարինտակի պաշտպաններից 20-ից ավելի քաջորդի մարտիրոսվեցին, սակայն անառիկ մնաց հերոսական գյուղը՝ Շուշվա ժայռի տակ: Մարտիրոս քաջորտդիների թվում էին Քարինտակի ջոկատի հրամանատար Վաղարշակ Առուշանյանը, ում որդին՝ Մխիթարը, որ 2020-ին գյուղի համայնքի ղեկավարն էր, նահատակվեց 44-օրյա պատերազմում: Ռուսաստանից հայրենի գյուղ վերադարձած ու ծննդավայրի պաշտպանների շարքերը համալրած Ալյոշա Վարդանյանը, ում նվիրումի ու հերոսացման մասին շատ էին խոսում և կոչում էին Ռեմբո, այդ մարտի ընթացքում նույնպես մարտնչեց հերոսաբար, մարտը շարունակեց նաև ծանր վիրավոր վիճակում և անմահացավ: Զոհվեցին նաև ԲԻԽ-ի անդամներ Նորայրն ու Անուշավանը: Օդանավակայանից մեր ջոկատով հասանք Ստեփանակերտի այն ժամանակ ավտոբազա կոչվող վայր, որը վերածվել էր ռազմական շտաբի: Այստեղ ներկայացանք գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանին՝ մեր Կոմանդոսին: Որոշվեց՝ տեղակայվելու ենք Ավետարանոց գյուղում՝ պատրաստվելու Շուշվա ազատագրմանը: Գիշերը պետք է մնայինք Ստեփանակերտում, որ առավոտյան շարժվեինք Ավետարանոց: Մի բեռնատար «ՄԱԶ» մեքենայով հասանք քաղաքի ներքևի շրջադարձ, որտեղ է փոստի շենքը: Շուշիի կողմից սկսվեց Ստեփանակերտի ռմբակոծությունը: Մոտ էին պայթում արկերը: Քաղաքի բնակիչները, որ արդեն սովոր էին այս չարիքին, պատսպարվել էին պատերի տակ: Մենք էլ իջանք մեքենայի թափքից ու միացանք բնակիչներին: Մոտ կես ժամ տևեց ռմբակոծությունը՝ իր հետ բերելով ավեր ու նաև զոհեր: Մի քանի հոգով գիշերեցինք Շիրակի քրոջ տանը, որը «Հարյուր բնակարաններ» կոչվող թաղամասում է։ Քրոջ ամուսինը՝ Սերժիկը, գնացել էր մոտակա գյուղերից սնունդ հայթայթելու, տանը նրանց պատանի որդին էր, ով տխրությամբ պատմեց, որ ոստիկանությունում ծառայող հորեղբայր նույն ռմբակոծության ժամանակ զոհվել է հերթապահության վայրում: Արդեն մթնել էր, որ տուն եկավ Սերժիկը, իմացավ եղբոր նահատակության մասին, և միասին գնացինք Ստեփանակերտի կենտրոն, որտեղ էր զոհված ոստիկանի տունը: Գիշերվա մթության մեջ դարձյալ ոռնում էին Շուշիից արձակած ռումբները, դարձյալ տներ էին ավերվում մեր քաղաքում: Մի քանի հոգի էին հանգուցյալի դիակի մոտ. վտանգավոր էր… Այս շենքի բակում ամիսներ առաջ ռմբակոծությունից զոհվել էին 8 բնակիչ, այդ թվում նաև՝ հանգուցյալի 18-ամյա որդին: Քիչ մնացինք այնտեղ, հետ վերադարձանք. Սերժիկն իր մեջ խեղդում էր վիշտը, պատերազմ է, ռմբակոծություն, ավեր: Ինչ խոսք դժվար անցկացրեցինք գիշերը, առավոտյան շուտ հասանք շտաբ և զինվորական «ՈւՐԱԼ» մեքենայով շարժվեցւնք դեպի Ավետարանոց։ Հիմնական ճանապարհը տեսանելի էր Շուշիից և մշտապես ռմբակոծվում էր։ Այդ պատճառով նեքենան անցնում էր անտառապատ նոր բացված դժվարանց ճանապարհով։ Ամեն դեպքում թշնամին նկատեց, ու սկսվեց հրետակքծությունը։ Բարեբախտաբար արդեն մտել էինք սարի հետև։ Նույն ճանապարհն ու մեքենան սպասարկում էին նաև տարածքի բնակչությանը։ Ապրիլի կեսերին մեքենան շուռ եկավ, եղան զոհեր ու վիրավորներ։ Իրիկնամոտին հասանք Պատմական Մեծ հայքի Արցախ աշխարհի Ավետարանոց գյուղ, որը Խամսայի մելիքություններից հզոր Վարանդայի երբեմնի մելիքանիստ-ամրոցն էր՝ Մելիք Շահնազարյանների նստավայրը։ Առաջինը, որ աչքի ընկավ, բարձունքի եկեղեցին էր՝ Գայանեի մենաստանը՝ Կուսանաց անապատը։ Ավետարանոցում է ծնվել ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ Վալերիան Մադաթովը՝ Ռոստոմ Գրիգորի Մադաթյանը, (մայիսի 18 (29)1782սեպտեմբերի 4 (16)1829Շումեն,  Օսմանյան կայսրություն)։ Տեղավորվեցինք գյուղի առաջին դպրոցի շենքում, որը մոտ 120 տարվա պատմություն ուներ և այդ ժամանակ ծառայում էր որպես զորանոց ու ապաստարան մոտակա վտանգված բնակավայրերից տեղափոխված երեխաների ու կանանց համար։ Այդտեղ էին ապաստանել նաև Ալյոշա Վարդանյանի մայրը, կինը, զավակները։ Այստեղ նաև այլ ջոկատների ազատամարտիկներ կային։ ծանոթացանք նաև գյուղի մարտական ջոկատի տղաների հետ։ Չնայած պատերազմ էր, բայց դպրոցը գործում էր։ Խորհրդային Միության վաստակավոր ուսուցիչ, ֆիզիկոս Իվան Աթայանը պատմեց՝ դպրոցում տեղակայված են եղել խորհրդային բանակի զինվորները, և նրանց հեռանալուց հետո սկսել են ուսումնական գործընթացը։ Յուրաքանչյուր օր զբաղվում էինք հիմնականում ռազմավարժանքներով և անհամբեր սպասում հրամանի, որն ուշանում էր։ Այդ օրերին մեր զորանոց եկավ Սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ։ Վստահեցրեց՝ Շուշին մերն է լինելու շուտով, ու եղավ․․․ Այսօր մեծ ցավով եմ հիշում շատ տղաների, ովքեր այդ օրերին Ավետարանոցում էին, մտերմացել էինք, սակայն հետագայում տարբեր մարտադաշտերում նահատակվեցին՝ չտեսնելով երազած հաղթանակը։ Բերդաձորի Մեծ Շեն գյուղից Կարեն Բաբայանի հետ էինք այցելում դպրոց, ծանոթանում գյուղի տեսարժան վայրերին, պատմական հուշարձաններին, շփվում բնակչության հետ։ Անհամբեր էր Կարենը, օր առաջ ազատագրված էր ուզում տեսնել Շուշին ու հայրենի գյուղը։ Չտեսավ լիովին ազատագրված Արցախը և ռազմի ճամփաներին անմահացավ Կարենը։ Գյուղի ազատամարտիկներից Արմեն Բորիսի Առաքելյանը ծննդավայր էր վերադարձել կապանի Ագարակ բնակավայրից, որտեղ ամուսնացել էր և ուներ դուստր։ Զոհվեց Կուսապատի ազատագրման ժամանակ 1993-ի մարտի 6-ին։ Հետագայում Ավետարանոցի ջոկատը մտավ Վարանդայի գումարտակի կազմի մեջ և Արշավիր Ղարամյանի հրամանատարությամբ այս գումարտակն ամնցավ հերոսական ճանապարհ։ Այդ մարտերում Ավետարանոցի հերոսաբար մարտնչող տղաներից  ավելի քան 20 ազատամարտիկ մարտիրոսվեցին։  Նրանց մասին 2009թ․ Ստեփանակերտում ԱՀ գրողների միության աջակցությամբ լույս տեսավ իմ հեղինակած «Արծիվներն ամպերի մեջ» գիրքը։ Այսպիսին էր այն ժամանակ մեր ազգը՝ միասնական ու պատրաստ կյանքը հայրենի երկրի փրկությանը, ազատագրմանը տալու։ Արցախը հայ ժողովրդի հերթական Սարդարապատն էր։ Արցախի ազատագրումով աշխարհը ճանաչեց մեզ ու հարգեց։ Արցախի հաղթանակով հպարտ էինք բոլորս՝ գլուխներս բարձր։ Այսօր այլ է վիճակը, գերության մեջ է Արցախի մեծ մասը՝ Դիզակ աշխարհն ամբողջությամբ, Վարանդայի կեսը, Գյուլիստանն ու Խաչենի կեսը։ Ամենամեծ ցավը՝ Շուշին կրկին մնաց թշնամու ձեռքին, ու այսօր այնտեղից են փակել մի բուռ մնացած մեր հայրենի Արցախի միակ ճանապարհը։ Կրկին միավորվել է պետք, համախմբվել, տեր կանգնել Արցախին, ինչպես արեցինք 1988-94 թվականներին ու հաղթեցւնք։ 44-օրյա պատերազմը կործանարար էր ճիշտ է, բայց ոչ վերջնական։ Արցախյան առաջին և վերջին պատերազմներում, այլ պատճառներով սահմանում նահատակված մեր հազարավոր քաջորդիները մեզ չեն ների, նրանց հոգիները մշտապես կհետապնդեն ողջերին։ Ոտքի կանգնել, մեջքն ուղղել է պետք։ Մեզ չեն ների նաև մեր երեխաները, որոնց ուսերին շատ մեծ ծանրություն ենք թողնում․․․ իսկ ննգեցի Մարիամը դեռ սպասում է՝ երբ է բացվելու կյանքի ճանապարհը, երբ են ինքն ու իր հասակակիցները կրկին դպրոց հաճախում՝ դասերը սերտած։ Նա իր խոսքն ավարտել է․ «Ես վստահ եմ, որ հայն ամեն ինչ կհաղթահարի, կպայքարի, կհասնի խաղաղության։ Հպարտ եմ, որ հայ եմ, ավելի հպարտ եմ, որ արցախցի եմ, ուրախ եմ, որ իմ տանն եմ։ Ոչ մի ադրբեջանցի թող չմտածի, որ մենք կկոտրվենք, մենք ամուր ենք, հզոր ենք՝ մեր սարերի պես…»։

 

 

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի