Պատմական Բաղք գավառի Արկանիձոր || Ըրկենանց բնակավայրը

Spread the love

Պատմաազգագրական ակնարկ

Ըրկենանցը հիշատակվում է Տաթևի վանքի նոր հարկացուցակում (1781[1]), որի համաձայն՝ Բարգուշատի գավառի Ըրկենանց գյուղը վանքին որպես տասանորդ  հարկ վճարում էր երկու մարզան[2]  ցորեն:

Ստ. Օրբելյանի «Սյունիքի պատմության» մեջ Բաղք գավառի Տաթևի վանքին հարկատու գյուղերի ցուցակում նշված է Արկանիձոր[3] գյուղը՝ 10 միավոր հարկաչափով (այն գրեթե նույնությամբ մեջ է բերում Ղ. Ալիշանը[4]): Հավանական ենք համարում, որ խոսքը նույն գյուղի՝մերօրյա Ըրկենանցի մասին է: Նույն ցուցակում են նաև հանդիպակաց լեռնալանջի Եղեգն գյուղը, մոտակայքում՝ դեպի արևելք՝ Վարդավանքը: Հիշատակված մյուս գյուղերը փոքր-ինչ հեռու են, իսկ մոտակայքում Քաշունիք գավառի գյուղերն են: Կարծում ենք՝ սահմանային հստակ բաժանում չի եղել, և ցուցակը կազմվել է «ըստ հին սահմանվածի»: Արկանիձոր[5] || Ըրկենանք անվան մասին կխոսենք ավելի ուշ: Միայն հարկ ենք համարում նշել, որ ժողովրդական ստուգաբանությունը ենթադրում է, թե անունը առաջացել է բարբառի «ըրկե»՝ «երեկ» բառից:

«Նորագույն ցուցակ» — ում Ղ. Ալիշանը Բարկուշատի գյուղերը թվարկում է հաջորդաբար՝ Փակահան (Դավիթբեկ գյուղի մոտ՝ Փիգահան), Բերդիկ (Կարմրաքարից վեր՝ բարձունքում, նույնանուն զույգ եկեղեցիներով), Չափնի, Ըրկենանց, Սևաքար, Երիցվանիկ (Արծվանիկ) գյուղերը[6]:

Ըրկենանցը բավական փոքր տարածք է զբաղեցնում, այստեղ հնագիտական պեղումներ չեն կատարվել, հողաշինարարություն չի իրականացվել, որի պատճառով պատշաճորեն չեն հայտնաբերվել մշակութային արժեքներ: Մեզ հայտնի երկու գտածո պահ է  տրված Կապանի երկրագիտական թանգարանին:  Դրանք կավե փոքրիկ սափորներ են, որոնք թվագրվում են Ք.ա. 8-7-րդ դարերով: Սա խոսում է հայկական մի հին բնակավայրի՝ դեռևս հնագույն շրջանից մինչև մեր օրերը բնակեցված լինելու մասին:

Միջնադարում գյուղի շարունակական գոյության մասին վկայում են եկեղեցին, շինությունների ավերակները, խաչքարերը, տապանաքարերը:[7]  Մոտակայքում հնագետները հայտնաբերել են ձիթհան:

Ռուսների՝ երկրամասս գալուց առաջ Ըրկենանցը բնակեցված է եղել, որի մասի վկայում է «Ղարաբաղի պրովինցիայի Շուշիի գավառի Մեղրու գավառակի Մելքուչափ (Ըրկենանց) գյուղի 1832-1833 թթ. կամերալ (ծխական) նկարագրությունը»: Համաձայն նկարագրության` գյուղը բաղկացած է եղել 7 ծխից, ունեցել է 36 բնակիչ՝ 17 արական և  19 իգական[8]:

Հետագայում ծխերը, հավանաբար, համալրվել են Թուրքմենչայի պայմանագրից հետո Ղարադաղից գաղթածներով[9]:

Համեմատության համար ներկայացնենք պարսկատիրության շրջանում անկման ուղին բռնած մեր տարածքի մի քանի բնակավայրի ծխերի քանակը. Գյուտկում-1 ծուխ, Աղավուրտ (Եղվարդ)- 0, Շրվենանց- 0, Խոտանան- 6, Ներքին Հանդ – 0, Ճակատեն- 0, Կավարտ – 0, Բեխ- 0, Բարաբաթում – 0, Չափնի-13: Հետագա ծխական նկարագրությունների պատկերը (1842թ.). 12 ծուխ՝ 64 բնակիչ, որից արական՝  37, իգական՝ 27: Գյուղն ունեցել է երկու ալրաղաց, որոնք պատկանել են Մանուչար Ստեփանովին և Կյուքի (Գրիգոր) Սահակովին: 1848թ. Ըրկենանցը ընդգրկվել  է Օրդուբադի գավառի մեջ, հաշվառվել է 14 ծուխ՝ 45 շունչ, որից 10 մահացած: Մինչև 1886թ. բացակայում են կամերալ նկարագրությունները (1859, 1863, 1873, 1874): 1886թ. ծխերի քանակը այսպիսինն է՝ 23, որից 5-ը ձևավորվել է 1873թ.-ից հետո, շնչերի քանակը՝ 267: Բնական աճն ակնհայտ է: Կան 15, 18, 22 շունչ ունեցող ծխեր: Նկարագրությունից հայտնի է դառնում, որ ըրկենանցցիները արտագնա աշխատանքի են մեկնել Բաքու, Ելիզավետպոլ (Գանձակ), Միջին Ասիայի Մերվ քաղաք: Բնակչությունը գլխավորապես հողագործ էր, չեն եղել վաճառականությամբ զբաղվողներ: Գրագետների քանակը խիստ սահմանափակ էր: Նկարագրվող շրջանում գյուղի հոգևոր հովիվն էր Տեր-Մկրտիչ Միքայելյանը:

1905-1906թթ. հայ-թուրքական բախումների ժամանակ գյուղը չի տուժել. շրջապատված լինելով հայկական գյուղերով՝ բավական պաշտպանված է եղել: Պատերազմական իրադարձություններից հետո մամուլում հիշատակվում է սովի սպառնալիքի առջև կանգնած գյուղերի շարքում[10]:

Տնտեսապես ոչ զարգացած գավառում, ուր հողը արտադրության հիմնական միջոցն էր, վեճեր էին լինում հողի համար: Սակավահող Կապանում կռվում էին միմյանց դեմ ոչ միայն իր դիրքերն ամրապնդել ձգտող քոչվոր թուրքն ու տեղաբնիկ հայը, այլև թուրքը  թուրքի, հայը հայի դեմ էր կռվում: Հողի համար վիճել են նաև Արծվանիկն ու Ըրկենանցը, Սևաքարն ու Ըրկենանցը: Տուժել են ըրկենանցցիները[11]:

Ըրկենանցը սակավահող էր: Շուշիի «Ղարաբաղ» լրագրում հրատարակված, 1907թ. և մայիս-հունիս ամիսներին կազմված[12] մի աղյուսակից  պատկերացում ենք կազմում Ղափանի բնակչության հողազրկության մասին:

Ստորև ներկայացնում ենք Արծվանիկի գյուղախմբի բնակավայրերի հողերը, որոնց մեջ է նաև Ըրկենանցը[13]:

4) Արծվանիկի հասարակություն` 4 գյուղ

Գյուղեր տուն շունչ վարելահող արոտավայր անտառ ապառաժ
Երիցվանք 173 1311 500 145 500
Չափնի 65 417 110 100 80 80
Ըրկենանց 52 389 60 20 22 90
Սևաքար 130 1040 450 180 20 480

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Սյունիքում նույնպես հոգևորականների կյանքը բարդանում է. նրանց նկատմամբ հալածանքների մասին բազմաթիվ տեղեկություններ կան: Զանգեզուրի գավառում 20-ականների սկզբին փակվեց եկեղեցիների մեծ մասը, որոշները քանդվեցին ու պայթեցվեցին, բռնարարքների ենթարկվեցին հոգևորականները, գնդակահարվեց  Ղափանի Մազրա և շրջակա գյուղերը սպասարկող տեր Գրիգոր քահանան: Ծաղր ու ծանակի է ենթարկվել նաև Ըրկենանց գյուղի տեր Աբրահամ քահանան: Այս մասին հրապարակում ունի Զանգեզուրի գավառի մամուլի միակ խոսնակ, Գորիսում հրատարակվող «Կարմիր ռաշպար» թերթը:  Թղթակից «Բանվոր Դիտա»-ն խոսում է քահանայի մասին, նրան մեղադրում ձրիակերության մեջ, կոչ անում գյուղացիների հետ մաճ բռնել: Թերթը տեղեկացնում է, որ իբր մարդիկ արդեն եկեղեցի չեն մտնում[14]:

1930 — ականների քաղաքական բռնություններին Ըրկենանցից զոհ է գնացել 1 հոգի՝ Հայրապետ Սիմոնյանը: Աքսորվել է, ճակատագիրն անհայտ է: Համեմատության համար ասենք, որ շատ ավելի փոքր Ըռոտմանցից աքսորվել և գնդակահարվել է  9 հոգի, գրեթե նույն քանակով բնակչություն ունեցող  Սրաշենից բռնադատվել է 39, Ճակատենից՝ 11, Խլաթաղից՝ 11 և այլն:

Երկրորդ աշխարհամարտից հետո աքսորվել 1 հոգի՝ ռազմագերի Մուշեղ Փարսյանը (Ղափանից՝ ավելի քան 300 հոգի):

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 73 ըրկենանցցի, որից  31-ը զոհվել է: Զոհվածների հիշատակին 1974 թ. կառուցվել է հուշարձան-կոթող:

Ըրկենանցի խորհրդային շրջանի պատմության վերաբերյալ Սյունիքի մարզային արխիվում գրեթե նյութեր չկան: Համաձայն ծխամատյանի՝ 1940-1942թթ. գյուղն ունեցել է 30 ծուխ՝ բաղկացած 132 շնչից[15]:

Ըրկենանցի բնակիները[16] եղել են խոնարհ, պարկեշտ,  աչքի են ընկել աշխատասիրությամբ, միմյանց սատար են կանգնել դժվարին պահերին[17]:

(լուսանկարները՝ Աստղիկ Հակոբյանի)

 Ըրկենանց (Երկանքների գյուղ) տեղանվան ստուգաբանություն

Ըրկենանց  գյուղանվան տարբերակներ են նշվում Էրկանանց, էրկենանց, Ըռկեն, Մելքուչափնի, Մյուլկաչան, Մյուլքեչան, Մյուլքիչափ, Մուլկաչան[18]: XX դարասկզբին բավական բնակչություն է ունեցել, հետո կամաց-կամաց քչացել է և վերջապես հետագայում՝ 1859թ.,  միացվել Չափնի գյուղին: Այսօր մնացել են ավերակներ և քիչ բնակչություն:

Տեղանվան վերջին բաղադրիչը՝ -անց-ը, հավանաբար հին հայերենի հոգնակի սեռականից է, ինչպես՝ սրտանց > ի սրտաց[19]: Այսպես, հայերենում այդ ածանցով շատ բառեր են ձևավորվել՝ կողք-անց, երես-անց, շապկ-անց, ջխտ-անց, սուտ-անց, վերև-անց, տակ-անց, փոր-անց, հեռվ-անց, որ մեծ մասամբ բարբառային ձևեր են և մուտք չեն գործել գրական լեզվի մեջ: Գ. Ջահուկյանը –անց ածանցով բառեր է նշում, ինչպես՝ ածանց, դյուրանց, երդմնազանց, ուխտազանց՝ դրանք համարելով «արհեստականորեն կազմված» «անցնել» բայից[20]: Դժվար է հստակեցնել, թե ածանց և երդմնազանց, ուխտազանց բառերում նույն ձևույթն է, որովհետև վերջիններում պահպանված է «անցնել» բայի իմաստը, հմմտ.՝ զանց-անք, անց-անել, անցա-վոր, հարև-անց-ի:  Քիչ հավանական է  նաև –անց ածանցի ծագումը վերագրել ան [-ք] բայահիմքային մասնիկի սեռական ձևին՝ զարմանք, մաղթանք, որովհետև այն որպես կանոն բայանվան է կցվում[21]: Ուստի բացառում ենք, որ Ըրկենանց տեղանվան –անց բաղադրիչը «անցնել-անցանել» բայից է:

Այսպիսով պետք է կարծել, որ -անց-ը քերականական մնացուկ է հայերենի բարբառներում, որ առավելապես տարածված է՝ 1. ցեղանուններում՝ Վարդանանց, Տերտերանց, Սյունիք-Արցախ բարբառում՝ Բուդաղանց, Շընըբարանց, Բըլբուլանց և այլն, 2. տոհմանուններից առաջացած տեղանուններում, որ շատ են հանդիպում Կապանի շրջանում՝ Շըրվենանց, Քաջարանց, Խդրանց,   3. սովորական անուններում՝ դրվելով գոյականի, մակբայի վրա և կազմելով մակբայներ՝ գլխանց, դրսանց և այլն[22], 4. անորոշ դերբայի նախատիպերից կազմված խաղերի անուններում, ինչպես նշում է Ս. Գալստյանը՝ «վազելանց», «պահմտելանց», «ձի փախցնելոնց»[23], որոնք էլ, կարծում ենք, առաջացել են սովորական մակբայերից: Վերջիններում –անց ածանցը իմաստային նրբերանգ է ձեռք բերել՝ կցվելով բայանուններին՝ մատնանշելով ձև, համանշվելով –ո(օ)ցի ածանցին, հմմտ.՝ «թախկըն-օցի», «փըռն-օցի»: Ընդ որում, -անց ածանցի՝ սեռականից առաջացած լինելու և սովորական անունների վրա դրվելու տեսակետի օգտին է նաև վկայում բարբառախմբի մյուս անունների սեռական ձևերի առկայությունը՝ «ջընջըլախտ-ի», «յօթքըռնուկ-ի», «չըրչըրմանք-ի» ձևերը:

Այժմ անցնենք Ըրկենանց տեղանվան արմատին: Սյունիք-Արցախ բարբառախմբում այս արմատին արտաքին հնչյունական կազմով մոտ բառեր կան, որոնք, սակայն, տարբեր անհամաձայնությունների պատճառով չեն դրվում քննության: Հավանական է, որ Ըրկենանց տեղանվան ըրկեն բաղադրիչը հինհայերենյան երկան > երկանք «աղորիք, աղաց» բնիկ բառն է. « Ա՛ռ երկան, աղա՛ ալիւր…»[24]՝ երկան  «եր­կու տա­փակ կլո­րա­ւուն տա­շած քար, որոն­ցից մէ­կը պտտ­ւում է միւ­սի վրայ եւ ա­ղում է այն հա­տիկ­նե­րը, որ վրա­յի քա­րի կեն­տ­րո­նում բա­ցուած անց­քից լց­նում են տա­կի քա­րի վրայ. եր­կանք, ջա­ղացք: 2.եր­կան­քի քա­րե­րից իւրա­քան­չիւ­րը»[25]: Այս արմատից վկայված են՝ երկան իշոյ «մեծ եր­կանք, որ պտ­տեց­նում էին գրաստ­նե­րը», վե­րին և ներ­քին եր­կան «եր­կան­քի վրա­յի և տա­կի քա­րե­րը», եր­կա­նա­ղաց «երկան­քով աղա­ցող, ջա­ղաց­պան», եր­կա­նա­քար «1. եր­կանք, եր­կան­քի քար, 2. եր­կա­նա­քա­րի յատ­կու­թիւն ու­նե­ցող, կար­ծր»: Հատկանշական է, որ հենց այս իմաստով բազմաթիվ տեղանուններ են հանդիպում հայոց մեջ: Դրանցից որոշներում նկատվում են հենց «երկանք» իմաստը նշող կազմություններ՝ Երկան ընկուզիկ,  Երկան ընկույզ, Երկան ընկուզյաց վանք[26], այլև՝           Ջաղացաձոր[27] և այլն:

Գրաբարում երկան բառը ենթարկվել է ի, —աց հոլովումների՝ երկանի || երկանաց. «…եւ ի մի իշխան վերնագոյն քո երագընթաց հրամանիդ՝ ի վերուստ, իբրեւ հատ հաճարոյ ի մէջ երկուց երկանաց»[28]:

Երկան-ք բառը լայն տարածում ունի Սյունիք-Արցախ բարբառախմբում: Գրաբարի ընդհանրական իմաստի կողքին բարբառախմբումս նեղ իմաստ է ստացել՝ «հղկված քարից պատրաստած ձեռքի զույգ աղորիքը»: Առկա են նաև այլ կազմություններ՝ ըրկընքաքար «երկանքի քար» և այլն: Պահպանված են երկանքի մասերի անվանումներ՝ կըլխաքար «երկանքի վերևի քարը», յը/ի/ր/ն/աքար «երկանքի վերևի քարը», տըկաքար «երկան­քի տակի քարը», տուտուշ || տուտուլ «երկանքի առանցքը»[29]: Երկան և Ըրկանանց բառերի նույնական լինելու փաստը հավաստվում է նաև հնչյունական տեղաշարժով, որ կատարվել է երկու փուլով՝

  1. գրաբարի ե-ն բարբառախմբում դարձել է ա՝ երկան-ք > արկան-ք, այլև՝ երազ > արազ, երախ > ըռէխ և այլն, այստեղից ենթադրելի է, որ Ստ. Օրբելյանի հիշյալ աշխատության փարիզյան հրատարակության մեջ հենց բարբառային ձևն է նշված՝ Արկանիձոր[30]:
  2. ա-ն դարձել է ը՝ պայմանավորված՝ 1. ա հնչյունի թուլացմամբ՝ աղաջուր > ըղաճո̈ւր, ախպանոց > ըխպանօց, 2. շեշտի ազդեցությամբ նախադիր ա-ի թուլացմամբ՝ ա՛ղանձ > ըղա՛նձէլ, ա՛ղվես > ըղվէ՛սին, 3. ձայնորդներին նախորդելու դիրքում, հատկապես ր և ռ հնչյուններին՝ առավո՛տ> ըռա՛վէտ, արծա՛թ > ըրծըթէ՛ղէն, արածէ՛լ > ըրա՛ծէլ, արտասո՛ւք > ըրտա՛սօք, արարմո՛ւնք > ըրա՛րմունք, առավո՛տ > ըռա՛վէտ, այդպես և՝ երկան > արկան > ըրկան > ըրկանանց «աղացների»:

Արկան > Ըրկե(է)ն բառերի համեմատությունից նկատում ենք, որ ա > ե (է) է դարձել կամ փոխազդեցական հնչյունափոխությամբ. –անց ածանցի ա-ի ետընթաց տարնմանությամբ, հմմտ.՝ կաչաղակ > կ/ք/ըչէղակ, շաբաթական > շիփտէկան, գանգատ > կէնգատ, գազար > կէզա̈ր և այլն: Պետք է արձանագրել, որ տարածաշրջանի բարբառներում հնչյունական այս փոփոխությունը պատմական շրջանում է ձևավորվել և համընկնում է ա > ը փոփոխության շրջանին՝ երկան > արկան > արկանանց > ըրկենանց (Ըրկենանց) :

Այսպիսով՝ Ըրկենանց գյուղանունը առաջացել է բնիկ հնդեվրոպական «երկան, աղացքար, ձեռքի երկանք, աղորիք» *gurānā- || gurāuanā- բառից, որ տարածված է հայերենում: Հավանաբար տեղանունը  գյուղին կցվել է —անց մասնիկի՝ ածանցի վերածվելուց հետո՝ միջնադարում՝ 15-րդ դարից հետո, և համապատասխանում է Ս. Օրբելյանի Բաղք գավառում նշված Արկանիձոր տեղանվանը: Այս տեսակետը հավաստվում է նաև նրանով, որ գյուղը հայտնի է եղել ձիթաղացներով և հավանաբար տարածաշրջանի ձեթի մատակարարողն է եղել: Բառի կազմությունից ենթադրվում է, որ այստեղ այլ աղացներ էլ են եղել (ձիթաղացներից մեկը այսօր էլ պահպանված է), և գյուղը շրջակայքում հենց դրանցով է ճանաչվել:

 


Резюме

НАСЕЛЕННЫЙ ПУНКТ АРКАНИДЗОР || ЭРКЕНАНЦ

ИСТОРИЧЕСКОГО РЕГИОНА БАХК   

Населённый пункт Капанской округи Эркенанц впервые упоминаетса в “Истории Сюника” Ст. Орбеляна под названием Арканидзор, которое соответствует селуЭркенанцэ, отмеченному в списке налогообложения Татевского монастыря 1781 г.

Археологические объекты, найденные в Эркенанц датируются 8-7 вв. до н.э.

Последняя составляющая топонима “–анц”, судя по всему, происходит от древнеармянского множественного числа родительского падежа, а составляющая эркен – это исконное древнеармянское слово еркан > ерканк, “жернова, мельница”.

Из библиографических данных и этимологического исследования узнаем, что населённый пункт Эркенанц довольно древний, название села произошло от исконного индоевропейского слова “жёрнов, мельница, ручная мельница, жернова” *gurānā- || *gurāuanā-, а суффикс “–анц” был добавлен после 15-го века.

 


Summary

 SETTLEMENT ARKANIDZOR || ERKENANTS

OF THE HISTORICAL REGION OF BAGHK

 The settlement of Kapan Region Erkenants was first mentioned in St. Orbelian’s“History of Syunik” under the name Arkanidzor, which corresponds to the village of Erkenantse, noted in the taxation list of the Tatev monastery in 1781.

Archaeological objects found in Erkenants date back to the 8th-7th centuries BC.

The last component of the toponym “-ants” probably comes from the ancient Armenian plural of the genetive case, and the component erken is the ancient Armenian native word yerkan> yerkank, “millstone, mill”.

From the bibliographic data and etymological research we learn that the settlement of Erkenants is quite ancient, the name of the village comes from the native Indo-European word “millstone, mill, hand mill, millstones” * gurānā- || * gurāuanā-, and the suffix “-ants” was added after the 15th century.


[1] Խոսքը հայտնի «Քեոթուկ»-ի մասին է (Աբրահամյան Ա., Ստեփանոս Օրբելյանի «ժամանակագրությունը», Երևան, 1942: Ձեռագիր N6271: Ձեռագրի ժամանակի մասին կարծիքներն իրարամերժ են` 1781թ. և ԺԷ դար:  Ճիշտը, մեր կարծիքով, ԺԷ դարն է` 17-րդ դարի երկրորդ կեսը` թուրք-պարսկական պատերազմից հետո սկսված խաղաղ շրջանը, և ոչ Դավիթ-Բեկից հետո ընկած ժամանակը: Չէ՞ որ Դավիթ-Բեկից հետո Սյունիքի, մասնավորապես Ղափանի գյուղերին այնպիսի հարված էր հասցվել, որ նրանցից որոշները չէին կարող լինել 18-րդ դարի երկրորդ կեսին: Բնակչությունը զանգվածներով թողել հեռացել էր՝ վախենալով խաների վրեժխնդրությունից ու դավադրություններից:

[2] Ծանրության չափ է. 1 մարզանը կազմել է մոտ 35-40 կգ:

[3] Օրբելյան Ս., Պատմութիւն նահանգին Սիսական, Հատ. Բ, Ի գործատան Կ. Վ. Շահնազարեանց, Փարիզ, 1859, էջ 268 (այսուհետև՝ Օրբելյան, 1859):

[4] Ալիշան Ղ., Սիսական, «Հայագիտակ», հրատ., Երևան, 2009, էջ 274 (այսուհետև՝ Ալիշան 2009):

[5] Օրբելյան Բ, 1859, էջ 268:

[6] Ալիշան 2009, էջ 275:

[7] Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության տնօրեն Աստղիկ Հակոբյանը մտահոգ էր փոքրիկ այս գյուղի հուշարձանների ճակատագրով: Նրա խնդրանքով  շինարար,  Ըրկենանց գյուղից Ռազմիկ Փարսյանի օգնությամբ 2016թ. բարեկարգվել է եկեղեցու ներսը, հատվել և չորացվել են տանիքին բուսած ծառերը, տեղադրվել դռներ և ճաղավանդակով պատուհաններ:

[8] ՀԱԱ, ֆ. 93՝ ց.1, գ 49, 72, 95, 226: Ծխական նկարագրությունները հրատարակված են «Կապան» խորագրով, կազմողներ՝ Մանուկյան և Սաֆարյան, Երևան, «Արամե» հրատ., 2013թ:

[9] Կարևորում ենք բնիկ համարվող որևէ ըրկենանցցու ԴՆԹ փորձարկման ենթարկելը՝ հստակեցնելու տեղացիների  ծագումնաբանությունը և արյունակցական կապերը:

[10] Դարասկզբի մամուլում հանդիպում ենք  Ըրկենանց գյուղի մի բնակչի հետ կատարված ողբերգական միջադեպի տեղեկության: Գորիսից եկող փոստը ենթարկվում է  ավազակային հարձակման և կողոպուտի: 1910թ. Սպիտակ աղբյուրի և Կարմրաքարի միջև գտնվող անտառում հարձակման է ենթարկվում  փոստատար չափնեցի Օհանը: Ավազակները տեղյակ էին, որ փոստը  տեղափոխում էր Խոջամիրովի հանքագործների աշխատավարձը՝ ոսկե դրամով: Սպանվում է փոստատարին պատահական ընկերացած  Ըրկենանց գյուղացի Եփրեմը:

[11] Բանավոր հիշողություններից իմանում ենք, որ  արծվանիկցիներն ու սևաքարցիները  տարբեր ճանապարհներով խլել են գյուղին պատկանող հողերը:

[12] Կազմվել է Բաքվի նպաստամատույց կազմակերպության կողմից՝ գյուղերին ցորեն, իսկ թալանված Ղարաբաբա, Քաջարանց և Մողես գյուղերին նաև  լծկան գնելու համար:

[13] Տեր-Մինասյան Գ., Ղափանի իրականությունից, «Ղարաբաղ», N 18, 1912:

[14] Տերտերի պայմանագիր, «Կարմիր ռաշպար», N22, 1922:

[15] Հիմք՝ ՀԱԱ-ի Սյունիքի մարզային  արխիվ, ֆ.51, ց.1, գ. 89:

[16] Բանավոր տեղեկությունը քաղված է պատերազմի վետերան, արծվանիկցի Աշոտ Հովհաննիսյանից:

[17] Հայտնի գեղանկարիչ, լուսանկարիչ Գուրոսը (Գուրգեն Պարոնյանը, Գորիսից) 1932 թվականին եղել է Ըրկենանցում, լուսանկարել գյուղը:

[18] Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 1988, էջ 383  (այսուհետև՝ Տեղանունների բառարան):

[19] Մուրվալյան Ա., Հայոց լեզվի բառային կազմը, Հայկական ՍՍՌ հրատ., Երևան, 1955, էջ 275-276:

[20] Ջահուկյան Գ., Հին հայերենի վերջածանցների ծագումը  (Հայերեն ստուգաբանական բառարան), «Ասողիկ» հրատ., Երևան, 2010, էջ 798:

[21] Ընդունելի չէ նաև իրանական ան-ք հայրանվան վերջավորության հետ զուգահեռելը (Perōz-ān), որովհետև ցեղակցություն մատնանշող մասնիկները հիմնականում հնդեվրոպական շերտից են ավանդված կամ առնչվում են ուրարտական ենթաշերտից մնացած ձևերին:

[22] Մարգարյան Ա., Ժամանակակից հայոց լեզու, Երևանի հալասարանի հրատ., Երևան, 1990, էջ 243:

[23] Գալստյան Ս., Ածանցումը և ածանցները ժամանակակից հայերենում, Երևանի հալասարանի հրատ., Երևան, 1978, Էջ 94:

[24] Սեբերիանոս, Մատենագրութիւնք նախնեաց, Ի տպարանի Սրբոյ Ղազարու, Վենետիկ, 1830, էջ 116:

[25] Ղազարյան Ռ. Ս., Գրաբարի բառարան, Երևանի համալսարանի հրատ., հատ. 1, Երևան, 2000, էջ 413:

[26] Այս մասին մանրամասն տե՛ս՝ Տեղանունների բառարան, էջ 242-243:

[27] Օրբելյան Բ, 1859, էջ 54:

[28] Արշարունի Գր., Մեկնութիւն ընթերցուածոց (ներածութիւն` Ք. Չրաքեան), Վենետիկ, 1964 (http://digilib.aua.am/

[29] Այս մասին կարելի է տեսնել՝ Սարգսյան Ա. Յու., Ղարաբաղի բարբառի բառարան, Արցախի պետական համալսարան, Երևան, 2013, էջ 741:

[30] Օրբելյան Բ, 1859, էջ 268:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի