Ծիսա-պաշտամունքային աշտարակներում

Spread the love

Հայկական լեռնաշխարհի տարբեր վայրերում պահպանված բազում պատմաճարտարապետական հուշարձանների շարքում են նաև այսպես կոչված մեգալիթյան մշակույթի աշտարակներ՝ կառուցված Ք․ Ա․ 3-2-րդ հազարամյակներում։ Այս հետաքրքիր հուշարձանների գիտական ուսումնասիրմաբ արդեն մի քանի տարի է՝ զբաղվում է հնագետ Լևոն Մկրտչյանը, ով ասաց՝ ՀՀ տարբեր մարզերում, Արցախում նմանատիպ մոտ 200 աշտարակ է ուսումնասիրել։ Դրանց լավ պահպանված օրինակներ կան նաև Արմավիրի ու Արագածոտնի մարզերում։ Օրերս Լևոնի և հնագետ Գագիկ Սարգսյանի հետ եղանք տարածքում՝ ուսումնասիրելու այդ հուշարձաններից հիմնականում 2 մեգալիթյան մշակույթի ծիսա-պաշտամունքային աշտարակ, որոնց հարևանությամբ պահպանվել են նաև նույն, ավելի վաղ և հետագա ժամանակաշրջանի բնակատեղիներ, դամբարանադաշտեր։ Իհարկե՝ ժամանակն ու մարդկային գործոնը 4-5 և ավելի հազար տարիների ընթացքում մեծ վնաս են հասցերել  այդ դարաշրջանի՝ տեղի բնիկների կառուցած շինություններին, սակայն պահպանվածներն էլ որոշակի տեղեկություն են թողնում։ Պայմանականորեն «Արշալույս-1» և «Հայթաղ-1» անվանումներով հնավայրերը գտնվում են Արմավիրի մարզի Արշալույս և Հայթաղ բնակավայրերի վարչական տարածքներում՝ ոչ բարձր, սակայն քարերով հարուստ, թեքալանջ բլրակների վրա, որոնց հարևանությամբ այլ նմանատիպ բլուրներ ևս կան։ Ի տարբերություն «Հայթաղ-1»-ի՝ «Արշալույս-1»-ը համեմատաբար ավելի լավ է պահպանվել իր նախկին ձևով։ Այն գտնվում է մոտ 1000 մ․ բարձրությամբ և ամբողջովին քարով պատված բլրակի վրա։ «Արշալույս-1» աշտարակի հարավարևելյան հատվածում կա ավելի ցածր բլուր՝ դարձյալ քարապատ։ Այստեղից ճանապարհ է բարձրացել դեպի հիմնական պարիսպներ։ Հյուսիսարևմտյան կողմում արդեն երկարավուն ցածր բլրաշարք է ձգվում, որի վրա նույնպես կան նշված ժամանակների կառույցների ու ճանապարհի հետքեր։ Աշտարակի վերին հատվածում՝ արևմտյան կողմում, պահպանվել է հիմնական պատի մոտ 3մ բարձրությամբ հատված՝ կառուցված միջին մեծությամբ քարերով։ Արևելյան հատվածի պարսպի պահպանված հատվածներն արդեն մեծ-մեծ քարերով են՝ նման կիկլոպյան դասական շարվածքի։ Վերին հատվածում մոտ 4ք/մ մակերեսով կառույցներից մեկի մուտքը լավ երևում է, ներսում ունի մի մեծ սալաքար։ Աշտարակից մեկ այլ ճանապար, որը իջել է հյուսիսարևելյան կողմում գտնվող բշրակների կողմ։ Աշտարակի այս հատվածում՝ վերին մասում, մի մեծ ցից քար կա, համեմատաբար մշակված․ Լևոնի հետ ուսումնասիրեցինք։ Հնարավոր է՝ կուռք է, և ժամանակին աստիճաններով են բարձրացել ու երկրպագել կուռքին։ Իհարկե, սա ընդամենը վարկած է։ Աշտարակը պահող բլրի 4 կողմում շատ են արդեն դամբարանները, որոնց մի մասը ձուլվել է առհասարակ քարաշատ տարածքի մնացած քարերի հետ։ Ուշադիր նայելով՝ երևում են դամբարանների կրոմլեխները։ Սակայն ակն մի քանիսը, որ ունեն մոտ 10մ շառավղով կրոմլեղ, պարզ երևում են։ Որոշները նույնիսկ քանդված են։ Տարածքում գտնվեցին նաև խեցու բեկորներ, օբսիդյանի կտորներ։ Ուսումնասիրելով ուլուսանկարելով տարածքը՝ ցած իջանք բլրից և շարունակեցինք ճանապարհը դեպի «Հայթաղ-1» աշտարակ։ Ներկայացնելով արդեն ուսումնասիրված հուշարձանը՝ Լ․ Մկրտչյանն ասաց․ «Համալիրը գտնվում է դեռևս չուսումնասիրված մեծ բնակավայրի (պահպանվել է կղզյակներով) հյուսիսային մասում՝ շատ խիտ թաղումներով դամբարանադաշտում։ Այն Հին Հայաստանի մեգալիթյան մշակույթի և առհասարակ մոնումենտալ ճարտարապետության լավագույն օրինակներից է։ Տեսողական կապի մեջ լինելով հարակից Ծաղկալանջ և Արագած գյուղերի տարածքներում պահպանված նմանատիպ այլ աշտարակների հետ, այնուամենայնիվ գերազանցում է դրանց, նախ չափերով, ապա նաև որպես համալիր՝ ունենալով տարաբնույթ բաղադրատարրեր՝ կցկառույցներ, կուրգաններ, հարթակներ և հրապարակներ․․․»։

Ի տարբերություն «Արշալույս-1»-ի՝ «Հայթաղ-1»-ը գտնվում է ավելի ցածր, սակայն բավականին երկարավուն բլրաշարքի բենտրունական բլրակի գագաթին։ Այն ժամանակի ընթացքում շատ է վնասվել, այնուամնենայնիվ՝ զգացվում է՝ ունեցել է նույն նշանակությունը։ Բլրաշարքի արևելյան կողմում 5-4 տարի առաջ գոյություն է ունեցել ժամանակի համար բավականին մեծ բնակավայր։ Հարթ ու սպիտակավուն հողով տարածքում պահպանվել են բնակելի շինությունների հիմքեր, որոշ տեղերում նաև պատեր։ Այս հատվածում նույնպես շատ են դամբարանաթմբերը՝ քանդված ու կիսաքանդ, որոշները՝ ծածկված մեծ-մեծ քարերով։ Ըստ հնագետ Գ․ Սարգսյանի՝ հարթության մեջ պահպանված համեմատաբար մեծ մակերեսով ու մեծ քարերով կառույցները եղել են անասնափարախներ։ Վերդարձանք քարապատ դաշտամիջյան ճանապարհով, որի 2 կողմերում շատ են դամբարանաթմբերն ու շինությունների հիմքերն ու պատերը։ Լինելով ծիսական նպատակների համար՝ այս աշտարակների պատերը կառուցվել են մի քանի շերտով։ Տարածքը, իհարկե, խորհրդային տարիներին ուսումնասիրվել է հնագետների կողմից, սակայն ներկայումս տեխնիկական միջոցներն առավել հնարավորություն են տալիս լավ ուսումնասիրվեն այս հուշարձանները, կարևորները պահպանվեն։ Այս հատվածում մի քանի հազար հեկտար տարածք ամբողջությամբ պատված է քարերով ու դամբարանաթմբերով։ Որոշ հատվածներ արդեն այգիներ են դարձել․ այլ նպատակով են օգտագործվում։ Իհարկե, ճիշտ չէ այդքան հողատարածք չօգտագործելը, սակայն պետք է դա արվի գիտականորեն՝ համաձայնվեցած ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան կառույցների հետ։

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի