Categories: Հիմնական

-Տի || -դի ածանցով բարբառային մի քանի բառերի քննություն (ըստ Սյունիք-Արցախի բարբառների)

Spread the love

Մուտք

Սյունիք-Արցախ բարբառային տարածքում առկա են բառեր, որոնք բնորոշ են միայն այս տարածաշրջանին ածանցական տարբեր յուրահատկությունների շնորհիվ: Նշված հատկանիշով են դրսևորվում բուլդի, շըլդի, ղըլդի բառերը, որոնցում, կարծում ենք, դի-ն ածանց է: Փորձենք նշված բառերի ստուգաբանությամբ պարզել նաև վերջադիր հնչյունախմբի նշանակությունը:

Բուլդի։ Վկայություններ

Բուլ[դ]ի > բուլդիի || բուլդու բառը Սյունիք-Արցախ բարբառախմբում[1] գործածվում է հիմնականում երկու իմաստով՝ «1. հոլի տեսակ, 2. փոխ.՝ շարժուն մարդ, երեխա»: Նրանով կազմված հարադրություններն են՝ բուլդիբուլդի անէլ, բուլդի կյա̈լ, բուլդի ինէլ «1. արագ շարժվել, 2. թպրտալ, 3. անհանգիստ լինել, 4. դեսուդեն ընկնել, 5. պոչը խոյաձև պտտել», բուլդի կըտըրէլ, բուլդի տալ «1. անընդհատ շարժ­ման մեջ լինել, 2. փոխ.՝ ցավից գալարվել», բուլդի կըտըրցընէլ «անհանգիստ պահել», բուլդի քյիցէլ «հոլ խաղալ», տարածված է նաև մականուններում՝ Բուլդի «շարժուն լինելուց առաջացած մականուն», Բուլդի Ղազար «անհանգիստ, անընդհատ շարժման մեջ եղող մարդ»[2], «Ինչ անուններ ասես չկան՝ Բուլդի, Սենալ ու Չամանով»[3], հավանական է նաև «շարժուն» իմաստով՝ «Գարադա-բուլդի Մուխանի ձեռքով միսն ուղարկեցինք Հաստ Ներսես բեյի տունը ոչ այն դիտումով»[4], «Ես հիշում եմ մեջքը գոտիկ- / Նանագուլենց Սապետ Աքոր․/ Հարևան էր նա մեզ մոտիկ, / Մարդու անունն՝ «Բուլդի Յագոր»[5]:  Համադրական ձևերում կան՝ ղըլդիբուլդի «իրարանցում» ղըլդիբուլդի անէլ (անէլ) «իրարանցում (գցել)» և այլն: Կարծում ենք՝ այս արմատի ձևերից բարբառախումբն ունի նաև կապակցության մեջ գործածվող բօլթա (բօլթա տալ) «1. տեղում անընդհատ շարժվել, 2. փոխ.՝ թրիվ գալ»:

«Հոլի նման խաղալիք՝ առանց թելի, որ պտտեցնում են բթամատով և ցուցամատով» իմաստով բուլդի բառը վկայվում է հիմնականում Սյունիք-Արցախում: Հայերենի մյուս բարբառներում՝ Ար. Ուրմ. Մղր. Հվր. Ղրդ. և այլն, գործածական է նաև հարադրությամբ՝ բուլդի-բուլդի «1. պոչ, 2. պոչի այս ու այն կողմ շարժելը»: Այս հիմնական իմաստից որոշ բարբառներում նրբերանգներ են ձևավորվել՝ «փոխ.՝ շողոքորթել», Հվր. «ձկների՝ ջրում ճարպիկ շարժվելը»[6] և այլն:  Հայերենի գրական տարբերակներում բառը չի հանդիպում: Գեղարվեստական գրականության մեջ հիմնականում երկու իմաստով է հանդիպում. Սյունիք-Արցախ բարբառակիր հեղինակները գործածում են «հոլի պես պտտվել», ինչպես՝ «-Ա՛յ Աշիկ, բավական չի՞ քեզ, ի՞նչ ես բուլդի կտրել,- ասաց նա ու հանկարծ զարմացած նայեք ձեռքերը օդի մեջ խաղացնող որդուն»[7], «Գիշերը քունը չտարավ, աչքերը բաց, բուլդի կտրեց անկողնում»[8], և «պտտել, խոյաձև շարժել»՝ «-Մի խոսքով` ասա մեր Սամսոնի շունն է, որ լավ հագնվածների առաջ պոչը բուլդիբուլդի է անում, իսկ մուրացկանների և խեղճ հագնվածների երեսներն է ուզում ծվատել»[9] իմաստներով: Ս. Ամատունին «Բուլդի» բառահոդվածի ներքո բառը վկայում է Կապանում՝ տալով նշված խաղալիքի տարբերակները բարբառներում՝ «պժժան,  պիլիլիկ, վզզան, վժժան, Ֆռռիկ, շռնչան»[10]:

Մատենագիտական տեղեկություններ չեն հանդիպում, բառարանային տվյալները սահմանափակվում են վերոնշյալներով[11]:

Բառը աղերսվում է հ.-ե. *bhel-||*bho/ō/l- արմատի հետ, որը, ինչպես նկատել են հեղինակները, հայերենում իմաստային և հնչյունական տարբեր զարգացումներ է ունեցել[12]: Բուլդի արմատի ծագումը որոշելու նպատակադրումով քննենք հ.-ե. *bhel- || bho/ō/l- նախաձևի դրսևորումները հայերենում և նրա հնարավոր ընդհանրությունները բուլդի բառի հետ:

Ստուգաբանական աղերսներ և կանխավարկածներ

Բուլ || պո̈ւլ արմատով Սյունիք-Արցախում հանդիպում են «1. խմորի գունդ, 2. թումբ» բառը և նրանով ձևավորված բազմաթիվ կազմություններ: Հ. Աճառյանը նշում է, որ *bhōl- ձևից հայերենն ունի բուլ, որ արտահայտված է բոլոր, այլև բող, բողբոջ՝ «ուռչել» իմաստով[13]: Է. Աղայանը այս արմատից ածանցված է համարում բեղուն, բեղմն, բեղմնավոր, բոլ-որ, բլուր, բուլ, ինպես և՝ պալար, պղպջակ[14]՝ հետևելով Հ. Աճառյանի և Գ. Ջահուկյանի ստուգաբանություններին: Գ. Ջահուկյանը բառային որոշ տարբերակների ստուգաբանության առնչությամբ ենթադրում է *bhēldhio-, *bhōldhio-, *bhuldhio-,*bhildhio- տիպի մի նախաձև[15]: Ընդ որում՝ *bhel- || *bhol- արմատի համար նոստրատիկ հիմք են համարվում «փայլուն, պսպղուն»[16] իմաստները, որոնց դիմաց Սյունիք-Արցախ բարբառախումբն ունի պօղ «կրակից թռած կտոր, մարմրող մոխիր» բառը[17]: Եթե բուլ-դի բառի հիմքում նույնպես ընկած լիներ հ.-ե. *bhōl- արմատը, ապա թերևս պետք է արձանագրվեր բ > պ փոփոխությամբ, ինչպես բուլ || պո̈ւլ բառում, և բուլդի իմաստին հարող տարբերակներում: Կարող է կարծիք լինել, որ *bhōl- արմատը բարբառախմբում իմաստային ընդլայնմամբ բառային տարբերակներ է առաջ բերել. ա/ բառեր, որոնք բառասկզբում ունեն և՛ խուլ, և՛ ձայնեղ տարբերակները՝ բոլոր-պիլöր, բոլորել-պիլöրէլ, բլուր-պիլո̈ւր, բողկ-պէխկը[18], բ/ բառեր, որոնք գրաբարի դիմաց ունեն հնչյունական տարբերություններ՝ բողկուկ-բըխկուկ, բողբոջ-բօղբօջ || բըղբօջ: Բարբառախմբում, կարծում ենք, այս արմատից ղ>խ փոփոխությամբ պահպանվել է բօխ || պöխ բառը[19]՝ «բողբոջապատ շիվը, որ կեր են օգտագործում անասունների համար», այստեղից՝ բօխէլ || պöխէլ «բողբոջել, ծլապտկել», որին զուգահեռ գրաբարն ունի բուղխ «պտղի բողբոջը կամ ազոխը»[20]: Ինչպես նկատվում է *bhōl- արմատի քննությունից, բուլդի «1. հոլի տեսակ, 2. փոխ.՝ շարժուն մարդ, երեխա» բառը քիչ հավանական է՝ բխի նրանից (բօխ || պöխ), առավել ևս, որ բուլդի բառը չի գալիս հայերենի հիմնական շերտի միջոցով և չի ենթարկվում հայերենի ընդհանուր օրինաչափություններին[21], ինչպես բողջ արմատի դեպքում[22], այլ արձանագրվում է սահմանափակ բարբառներում:

Փաստորեն՝ հնչյունական և իմաստային առումով բուլ արմատը, որը գրաբարում վկայված չէ, քիչ հավանական է բխեցնել *bhel-, *bhlē- «փչել, ուռչել, բխել» նախաձևից: Բարբառախմբին անցած այս արմատի տարբերակները հավաստում են, որ բուլդի բառը կարող է նույնանշական աղերսներ ունենալ հ.-ե. *bhōl- «կլոր, շրջանակաձև» արմատի հետ, բայց նրանից բխել չի կարող[23]: Բացի այդ՝ իմաստային նրբերանգով բուլդի-ն  հարանվանական կապ ունի հօլ բառի հետ. բուլդի անվանվում է ձեռքով պտտեցվող իրը, հոլը՝ թելով: Արցախն ունի զըկըռբուլդի «զկեռից պատ­րաստած հոլ»:

Բուլդի և հօլ «հոլ խաղալիքը» բառերը նախ և առաջ  ընդհանրանում են «պտտվել» գործողության իմաստներով:  Սյունիք-Արցախ բարբառախմբում հոլ արմատից են՝ անըմը հօլօվէլ «մեկի մասին շատ խոսել, բամբասել», հուլուլ || հօլօլ «1. գլանաձև անիվ, որով լծկանները հաճար են կալսում, 2. բեռնակիր սայլակ հատկապես գոմաղբը տեղափոխելու համար, 3. խաղալիք, որ պատրաստվում էր փայտից կամ մետաղալարից»[24]: Կարելի է ենթադրել նաև, որ բուլդի բառի իմաստը կարող է բխել պոչ բառիմաստից, քանի որ այդ խաղալիքը այսպես ասած «պոչ» ունի, որից բռնում և պտտեցնում են:

Հայերենի լեզվաբանական բնույթի ուսումնասիրություններում բուլ արմատով «հոլ» նշանակությամբ բառ ուսումնասիրված չէ[25]: Հետևելով հօլ>հօլօվ[26] արմատի ստուգաբանությանը՝ նկատում ենք, որ բառի հիմքում ընկած  հ.-ե. *kwol[27]: Գ. Ջահուկյանը չի կիսում այս տեսակետը և հոլ-ով բառի համար հիմք է համարում հ.-ե. *pol-[28]  արմատը՝ «հրելով կամ խփելով շարժման մեջ դնելը»[29]: *kwol > հօլ, այլև՝ հօլ-բուլ, բառերը իմաստային ընդհանրությունների դիմաց, սակայն, ունեն հնչյունական ոչ հարթ ձևեր: Հ. Աճառյանը  *kwol > հօլ բացատրում է հ.-ե. *kw > հ վերածվելու, ապա ընկնելու երևույթներով՝ *kwo>ո՞, ո՞վ, *kwi > ո՞ւր, այլև՝ հոլով, «որոնց մեջ *kw նախ դարձել է հ և ապա բոլորովին ընկել»[30]: Եթե *kwol— > հօլ անցման հնչյունական տեղաշարժերը այս ձևակերպմամբ հասկանալի են դառնում, ապա հարց է մնում հ > բ փոփոխությունը: Կարծում ենք՝ այստեղ գործ ունենք ոչ թե ընդհանուրհայերենյան հնչյունափոխական երևույթի հետ, որովհետև բառը առկա է արևելյան բարբառային տարածքներում, այլ բարբառային: Այստեղից պարզ  է դառնում, որ բուլ արմատը անմիջական չի բխում հ.-ե. ձևից, բայց և չի զատվում հոլ արմատի իմաստային և հնչյունական համապատասխանությունից:

Ստուգաբանական փորձ

Հնդեվրոպական ցեղակից լեզուներում *kwol — արմատից են սանս. kár-i-tave «շարժել, քայլել», ավես. čaraiti «դառնալ», čaĥra «ճախարակ», չեխ. kolo, հրսլ. kolo «անիվ», հուն. πόλος, հին բալկ. bolti «շրջանաձև շարժում», անգլ. wheel «անիվ», լատ. colus/-ūs, colus/-ī «անիվ, պտտվող անիվ» և այլն:

Հավանական է, որ հ.-ե. *kwol — արմատի հունական πόλος ձևից անցած հին փոխառություն է բուլ բառը, որ պահպանվել է բարբառային տարածքում: Եթե հ.-ե. *kw հայերենում մեծամասամբ տվել է ք, ապա հունարենում տվել է π: Հ.-ե. *kwol բառից հուն. առկա են πέλω (>πέλον, έπελον, έπλόμην) «շարժվելը, արագ սլանալը, ուղղվելը, ձգտելը, 2. հայտնվել» իմաստներով[31] բառերը: Այս տարբերակներից հայերենին անցած է πόλοςπε՛λομαι[32] բառը՝ «1. եզր, ծայր, 2. շրջանաձև շարժում, շրջապտույտ»[33] իմաստներով, որ հնչյունական և իմաստային առումով համապատասխանում է բարբառախմբի բուլ-ի > բուլ-դի ձևերին: Հնարավոր է, որ հունարեն բառի π-ն բարբառախմբում բ է դարձել ձայնեղացված դ (<տ) ետընթաց ազդեցությամբ: Թերևս պարզ է դառնում, որ Ար. Հվր. Ղրդ. Ուր. բարբառներում առկա բուլի, որ Սյունիք-Արցախում նշանակում է «պոչ», բառի հիմքում նույնպես ընկած է բուլ արմատը, այստեղից՝ բուլ/դ/ի— բուլ/դ/ի անէլ գործածվում է «պոչը շրջանակաձև շարժել» իմաստով, ինչպես և՝ «2. խլրտալ, վխտալ, 3. շողոքորթել»: Դժվար է որոշել πόλος-ωδης ածանցված տարբերակով անցած լինելը, քանի որ հունարենի -ω՛δης (<հ.-ե. *-od-es) հայերենում առանձնակի դրսևորումներ է ունեցել՝ -ուտ, -ուտիկ[34]: Այնուամենայնիվ, ամրապնդվում է այն տեսակետը, որ բուլդի բառում դին ածանց է:

Շլդի

Բարբառախմբում շիլ և շեղ (շաղվէլ || շեղվել) արմատական տարբերաները առկա են՝ շիլ «1. շեղված, ծուռ, 2. ծուռ աչք ունեցող», այստեղից՝ շշիլ ըղնէլ/ինէլ «1. սխալվել, շփոթվել», շիլ ը/ինգա̈ծ «պատահաբար, սխալ­մամբ», շիլ քիցիլ «շփոթել, շփոփեցնել», շիլդի «ծուռ աչք ունեցող», դարձույթներ՝ շիլդին քօռան լյավ ա «պակա­սավոր, թերի բան ունենալը գերադա­սելի է չունենալուց»[35], շիլդի շը/իլօր «ծաղր.՝ ծուռ աչք ունեցող», շիլդի շըփօթ «շիլաշփոթ», շիլդի/ըբուղի[36] «իրարանցում, խառնակություն»:

Բնիկ հայերեն այս բառը՝ *skhel- || *skel- հ.ե. արմատից[37], փաստորեն, նույնպես կրում է դի ածանցը, որից առաջ է եկել ՝ շըլդըբըլդը/ի (կըտըրէլ) «1. անկանոն, անհանգիստ, 2. անընդհատ անկանոն» (անհանգիստ ու անընդհատ պտտվել, շարժումներ անել):

Ղլդի

Ըստ բարբառային տվյալների, կարծում ենք, նույն ածանցը դրսևորվել է խտիղ բառի բարբառային տարբերակում՝ ղըլ-դի «խուտուտ»[38], այստեղից՝ ղըլդի-ղուլդի անէլ «1. անընդհատ խտղտացնել, 2. շարժման մեջ պահել», ղըրդըբըրդը քիցիլ, ղըլդըբուլդի քիցէլ «իրարանցում ստեղծել»։ Գ․ Ջահուկյանը ենթադրում է, որ խտիղ բառի հնդեվրոպական նախաձևը *kued- «խայթել, ծակել, սրել, մղել»[39] արմատն է, որտեղ, ինչպես նկատում ենք, դ[ի]ն արմատի մաս է։ Սակայն կարծում ենք՝ խտիղ — ղըլդի բառերի նույն հիմքից առաջացած լինելու և նրանցում —տի || -դի ածանցի առկայության օգտին է հայերենի բարբառներում վկայվող խըլվըլալ «անդադար շարժվել» բառը՝ խըլ-խըլ-ալ > խըլ-վըլ-ալ։ Այս ամենը ի մի բերելով՝ կարելի է եզրակացնել՝ ա․ խտիղ – ղըլդի տարբերակներից մեկը կրել է դրափոխական հնչյունափոխություն՝ հավանական է՝ խտիղ > խղտի՝ «մարմաջ, ցանկության գրգիռ», այլև «խտուտ», հմմտ․՝ «Գեղեցկութիւն սպիտակութեան նորա խտղտէ զաչս»[40], բ․ խտիղ – ղըլդի բառերի ընդհանուր հիմքը *kil- «մղել, քշել,  շարժման մեջ դնել» արմատն է, որից հ․-ե․ լեզուներում վկայվում են՝ լատ․ celer «արագ» և այլն[41]։

Ավարտ

Եվ այսքանից կարելի է եզրակացնել, որ -դի ածանցը առաջ է եկել բարբառամբում տարածում գտած -օտ||-ուտ+ի ածանցից՝ —օտի||-ուտի > -տի || -դի՝ «1. մի բան կրելու, 2. մի բանով օժտված լինելու» իմաստներով, որ պահպանվել է բարբառային հնաբանություններում: Նույն ածանցի գործածությանն ենք հանդիպում կըլտի || կյիլտի «թլվատ, կակազող, բառը դժվարությամբ արտաբերող» բառում, որտեղ, սակայն, տ-ն չի հնչյունափոխվել: -Ուտի ||-ու > 0 > դ+ի տարբերակվածությունը, կարծում ենք, ոչ թե հնչյունական ազդեցության արդյունք է, այլ գործ ունենք նախահայերենյան շրջանում առկա բարբառային արխաիկ ձևի հետ[42]: Օրինաչափություն չէ լ-ի ազդեցությամբ տ-ի ձայնեղացումը, բայց երևույթը, ինչպես նատեցինք, հանդիպում է նաև ղըլդի, շըլդի բառերում:

 

[1] Նկատի ունենք Սյունիքի և Արցախի բարբառային միավորները։

[2] Սարգսյան Ա., Ղարաբաղի բարբառի բառարան, Արցախի պետական համալսարան, Երևան, 2013, էջ 97 (այսուհետև՝ ՂԲԲ):

[3] Սահյան Հ.,  Բանաստեղծություններ, մաս 1 (օգտվել ենք http://eanc.net կայքից. այսուհետև՝ ԱՐԵՎԱԿ):

[4] Բակունց Ա., Երկեր, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1986, էջ 376:

[5] Հակոբյան Հ., ՍապետԱքիրը (ԱՐԵՎԱԿ):

[6] Հայոց լեզվի բարբառային բառարան, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, հատ. I, Երևան, 2010, Էջ 219:

[7] Բես Գ., Նովելներ, մաս 1 (ԱՐԵՎԱԿ):

[8] Բես Գ.,  Նովելներ, մաս 2 (ԱՐԵՎԱԿ):

[9] Պռոշյան Պ.,  Պատմվածքներ (ԱՐԵՎԱԿ):

[10] Ամատունի Ս., Հայոց բառ ու բան, Տպարան Մայր Աթոռոյ Ս. Էջմիածնի, Վաղարշապատ, 1912, էջ 116:

[11] Սյունիք-Արցախ բարբառներին վերաբերող բառարաններում բառը ընդգրկվում է բարբառայինների շարքում (օրինակ՝ տե՛ս՝ Մարգարյան Ա., Գորիսի բարբառը, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 1975, էջ 378): Այնուամենայնիվ, բառարմատի ընդհանրությունները ստուգեցինք արևելյան լեզուներում, մասնավորապես թյուրքական. այս բառին մոտ բոլոր արմատները առանձնացնենք թյուրքական բառային և բառարանային պաշարներից: Այսպես՝ ձևով մոտ են՝ bulamak «փլցնել, քանդել, 2. շուրջը պատել, 3. քսուքել, բոլորածեփել», bulanmak «պղտորվել, 2. քսվելով կեղտոտել», bulmak «1. գտնել, 2. հայտնագործել, 3. հասնել, 4. հանդիպել» և այլն (oգտվել ենք հետևյալ բառարաններից՝ Турецко-Русский словарь, Государственное издательство иностранных и национальных словорей, Москва, 1945, Türkçe-Rusça sözlük, Академия наук СССП Институт востоковедения, Москва, Издательство «Русский язык» 1977, Ղազարյան Ս. Ղ., Թուրքերենհայերեն բառարան, «Միտք» հրատ., Երևան, 2003, Պօհճալեան Ա., Թրքերէնէ-Հայերէն առձեռն բառարան, Ուսուցչաց հիմնարկի «Յակոբ Աբէլեան» տպարան, Իսթանպուլ, 1981, Կարապետեան Պ. Զ., Մեծ բառարան օսմաներէնէ հայերէն,  Տպագրութիւն Արշակ Կարօեան, Կ. Պոլիս, 1912): Մենք ստուգեցինք նաև այլ բառարաններ նման արմատ-բառ գտնելու ակնկալիքով, ինչպես՝ տեղանունների բառարանում նման արմատներ գտանք Բուլդախեթ, Բուլդուլօլան, Բուլդուր (Հակոբյան Թ. Խ., ՄելիքԲախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 1986, հատ. 1, էջ 752), «Բուլդյան» բառահոդվածի տակ նշվում է երկու բացատրություն՝ 1. պուլտի, բուլդի թուրք. «շարժուն, աշխույժ» բառից, 2. բուլղանդար (Բուլղադարյան)>Բուլդո>Բուլդոյան>Բուլդյան (Ավետիսյան Տ., Հայոց ազգանունների բառարան, հեղինակային հրատ., Երևան, 2010, էջ 62):

[12] Աղայան Է., Բառաքննական և ստուգաբանական հետազոտություններ, ԳԱ հրատ., Երևան, 1974, էջ 47-48:

[13] Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, Երևանի համալսարանի հրատ., հատ. I, Երևան, 1926, էջ 455 (այսուհետև՝ ՀԱԲ):

[14] Աղայան Է., Բառաքննական և ստուգաբանական հետազոտություններ, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1974, էջ 48:

[15] Ջահուկյան Գ., Ստուգաբանություններ, Պատմա-բանասիրական հանդես, թիվ 1, Երևան, 1965, էջ 252:

[16] Bomhard A., Kerns J., The Nostratic Macrofamily, Berlin-New York, 1994, pp. 205, 207, 210.

[17] Այս մասին կարելի է տեսնել՝ Աղայան Է., Բառաքննական և ստուգաբանական հետազոտություններ, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1974, էջ 130-131:

[18] Հավանաբար գրական ձևի նմանությամբ են տարածվել ձայնեղներով տարբերակները:

[19] «Նոր բառգիրք հայկազեան լեզուի»-ն նույն արմատով նշում է բույս՝ բողիկ, որից Սյունիք-Արցախն ունի պէքի (Աւետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հատ. I, Տպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1836, էջ 168-169):

[20] Գ. Ջահուկյանը գրաբարում չվկայված հնդեվրոպական արմատների կամ արմատական ձևերի մեջ է ընդգրկում քննվող բառին աղերսվող «հ.-ե. b(h)(e)u փչել, ուռչել» իմաստով արմատը և այս շարքում «թերևս» դնում Սյունիք-Արցախում գործածվող պուպու բառը (Ջահուկյան Գ., Հայ բարբառագիտության ներածություն, ՀԽՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1972, էջ 283 (այսուհետև՝ Ջահուկյան 1972)):

[21] Ջահուկյան 1972, էջ 283:

[22] Սեբ. բուլդ /*bhlō-dh-/ «բղուղ», այլև՝ քղի բլտիկ *bhl-ōd- «մի տեսակ մեծ կճուճ», Չրս. բղբունջ *bhel-/bhōl- «ուռածություն», ՆԲզ. բխբուճ «ուռած-բարձրացած», Վան բղող *bhōl- «խունկի մեծ կտոր», Տիգր. բողջոց *bholdhįo- «վերք», Գաբ. բռ. բոյթ *bheu-t- «դռան վրայի գնդաձև բռնակ», Եր. Ղզ. բութ bhu-t- «կուզ, սապատ», Ագուլ. Ջուղ. Արց.-Սյուն. բուլ *bhu-l- «խմորի գունդ» (այս մասին տե՛ս՝ Ջահուկյան 1972, էջ 283-284):

[23] Քիչ հավանական ենք համարում նաև այդ բառի նոր փոխառյալ լինելը ռուսերենից կամ մի այլ լեզվից. *bultas>*bheld- արմատը ռուսերենին և նրան շրջակա լեզուներին հավանաբար ուշ շրջանում անցել է գերմ.  bolt(e) կամ իռլ. bout ձևից՝ հին անգլ. bolt անգլ. bolt, գերմ. bolzen, հին բալկ. bolti,  հուն. βίδα, լատ. fulmen, իտալ. bullone, bolt (բոլորում էլ առկա է «պտտել>պտուտակ» իմաստը): Այս մասին կարելի է տեսնել՝ Фасмер М.,  Этимологический словарь русского языка, том I (перевод с немецкого О.Н. Трубачева, с дополнениями. Под ред. и с предисловием проф. Б. А. Ларина), “Прогресс”, Москва, 1986, с. 190:

[24] Կալ, -ոյ, «կալսելը» և հօլ առնչություններ է արձանագրում Գ. Ջահուկյանը: Այս մասին կարելի է  տեսնել՝ Джаукян Г. Б., Очерки по истории дописьменного периода армянского языка, «Издательство академии наук», Ер., 1967, с. 137 (ասյուհետև՝ Джаукян 1967): Կըհուկ || կըհօլ || կօհօլ || կուհօլ տարբերակներով Սյունիք-Արցախում գործածվում են «1. հողի տակ կառուցված ամբար, 2. խուց, 3. խրճիթ, 4. փոս» իմաստները: Այս գոյականից է կազմված կըհօլ տալ, կըհօլ անէլ «1. շրջանը քերելով փոս փորել, 2. գետնափոր խուց պատրաստել»: Կարծում ենք՝ բառը կազմված է համանիշ կալ և հօլ բառերի բաղարկությունից՝ կալհօլ > կըհօլ, որտեղ ետընթաց լ-ի ազդեցությամբ դուրս է ընկել առաջին լ-ն, իսկ ա-ն շեշտակորույս դիրքում վերածվել է ը-ի (նաև ա̈) կամ բարեհնչունությամբ՝ օ կամ ու հնչյունների:

[25] «Բուլ» բառահոդվածով նշվում է երկու բառ, որ դժվար թե ուղիղ կապ ունենան այս արմատի հետ՝ 1. «պապական կոնդակ», որ ծագում է լատ. bulla «կնիք, կնքեալ վաւերագիր, վկայագիր» 2. «եբրայական ութերորդ ամիսը» (ՀԱԲ, էջ 197):

[26] Այն իմաստային առնչություններ չունի հոլ «հոլանի, մերկ» բառի հետ:

[27] ՀԱԲ, էջ 109-110:

[28] Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» հրատ․, Երևան, 2010, էջ 464 (այսուհետև՝ ՀՍԲ):

[29] «Очерки по истории дописьменного периода армянского языка» աշխատության մեջ Գ. Ջահուկյանը նշում է  *kwol — արմատը՝ հղելով Հ. Պեդերսենին (Джаукян 1967, с. 107): Այս արմատին են զուգահեռվում նաև հայերենի եղանիմ > լինել, եղանակ բառերը:

[30] Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի: Համեմատությամբ 562 լեզուների, հատ. VI, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1971, էջ 528:

[31] Древнегреческорусский словарь (Составил  Дворецкий И. X.), том II, Москва, 1958, с. 1278.

[32] Frisk Hjalmar, Griechisches etymologisches Wörterbuch, band 2,  Carl Winter,  Heidelberg, 1970, s. 577.

[33] Հունարենում առկա են նաև «առանցք, երկնակամար, հերկված դաշտ» իմաստները (Древнегреческо-русский словарь (Составил Дворецкий И. X.), том II, м-ft, Mосква, 1958, с. 1342):

[34] ՀՍԲ, էջ 813:

[35] ՂԲԲ, էջ 577:

[36] Կարծում ենք՝ շիլդըբուղի բառի բուղի արմատը նույն բուլ-դի բառն է. հմմտ.՝ շիլդըբալդի կըտրէլ և բուլդի կտրել հարադրությունները՝ «տեղում պտտվել»:

[37] ՀԱԲ, էջ 516-517, ՀՍԲ էջ 587:

[38] Խտիղ-ղլդի բառերի նույն հիմքից լինելու մասին տե՛ս՝ ՀԱԲ II, էջ 428։

[39] ՀՍԲ, էջ 353։

[40] Աստվածաշունչ Սր 4320։

[41] Հ․-ե․ լեզուներում առկա զուգահեռները կարելի է տեսնել՝ Pokorny J., Indogermanisches etymologisches Wörterbuch, I, II bend (II Auflage), München: Francke Verlag, Bern, 1959, f. 548.

[42] Հնարավոր է կարծել, որ արմատական ձայնեղի նախընթաց ազդեցությունից է տ-ն դարձել դ, սակայն նույն դեպքը չի գործում շըլդի բառում:


STUDY OF SEVERAL DİALECT WORDS WİTH SUFFİX -TI || -DI

The dialectic area of Syunik-Artsakh vocabulary is quite rich and mainly reflects the word structure of general Armenian. However, there are words that have ancient origins and are mostly found in the dialects and speeches in this area. Among these words are buldi, shldi, ghldi (բուլդի, շըլդի, ղըլդի) in which we think “-di” (-դի) is a suffix.

It is possible that “bul” (“բուլ”) is an old loanword from the Indo-European root *kwol — Greek πόλος “circular motion” that survived in the dialect area. If the phonetic shifts of *kwol- > hol (հօլ) transition become understandable with this wording, then the change h > b (հ > բ) remains a question. We think that here we have a deal not with a common Armenian phonetic phenomenon, but with dialect, because the word exists in eastern dialect areas. From this it becomes clear that the root “bul” (“բուլ“) does not directly derive from h.-e. form, but does not differ from the semantic and phonetic correspondence of the root “hol” («հոլ»).

The root “shil” շիլ») from dialect also has the suffix “-di” («-դի»): shl-di (շիլդի) «1. grooked, 2. having crooked eye», the prototype of which is *skhel- || *skel-.

According to the dialectal data, we think that the same derivation was manifested in the dialectal version of the word khtigh (խտիղ) ” tickling, titillation: delectation” ghl-di (ղըլդի).

And from this it can be concluded that the suffix -di (-դի) came from the suffix -ot || -ut+i (օտ||-ուտ+ի) which is widespread in the dialect: -oti || -uti > -ti || -di (-օտի || ուտի > —տի || —դի) with the meanings” 1. to carry something, 2. to be endowed with something” preserved in dialectal archeology.

Key words։ Syunik-Artsakh dialect area, vocabulary, Indo-European root, old borrowing, buldi “1. holi type, 2. mobile person, child”, schildi “deviant, crooked, 2. having a slanting eye”, gldi “armful, ticklish”.


ИЗУЧЕНИЕ НЕСКОЛЬКИХ ДИАЛЕКТНЫХ СЛОВ С СУФФИКСОМ -ТИ И -ДИ

Лексика Сюникско-Арцахского диалектного ареала достаточно богата и в основном отражает лексику армянского языка в целом. Но есть слова которые являются старыми по происхождению и встречаются в диалектах и ​​разговорных выражениях этой области. Среди этих слов булди, плди, глди (բուլդի, շըլդի, ղըլդի), в которых, как нам кажется, -ди (-դի) является суффиксом. Вероятно, что бул (“բուլ”) – это старое заимствование от индоевропейского корня *kwol- греческого πόλος «круговое движение», которое сохранилось в диалектной области. Если фонетические сдвиги перехода *kwol- > хол (հօլ) становятся понятными с этой формулировкой, тогда остается вопрос о замене хол-бул (խոլ-բուլ) корней из той же базы х > б (հ > բ). Нам кажется, что здесь мы имеем дело не с общеармянским фонетическим явлением, поскольку слово существует в восточных диалектных ареалах

, а с диалектом. Отсюда становится ясно, что корень бул (բուլ) не происходит непосредственно от индоевропейской формы, но и не отделяется от семантического и фонетического соответствия всего корня.

Диалектный корень “шил” («շիլ») также имеет суффикс -ди (-դի): шил-ди (շիլ-դի) “1. криво, криво, 2. кривоглазо”, чей образец *skhel- || *skel-.

По диалектным данным, мы думаем, такое же происхождение появилось в диалектной версии слова хтиг (խտիղ): “охапка, щекотка” гл-ди (ղըլ-դի).”

И из этого можно сделать вывод, что суффикс -ди предшествовал распространенному в диалектной группе суффиксу -от ||-ут + и (-օտ||-ուտ+ի): -оти| | -ути > -ти || -ди (-օտի || -ուտի > -տի || -դի): «1. нести что-то, 2. быть чем-то наделенным» в значениях, сохранившихся в диалектной археологии.

Ключевые слова: Сюникско-арцахский диалектный ареал, запас слов, индоевропейский корень, старое заимствование, булди “1. тип холи, 2. подвижный человек, ребенок”, шилди “отклонившийся, кривой, 2. имеющий косой глаз, глди охапка, щекотка.

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի