Մուտք
Գիտության աննախադեպ զարգացման շրջանում եզրույթաբանության բնագավառի աշխատանքները, մասնավորապես բառարանների կազմումը առավել քան կարևոր են, և որպեսզի մի երկրի որևէ գիտական բնագավառ շարունակաբար զարգացում ապրի, լինի մրցունակ, անհրաժեշտ է ունենալ տվյալ ասպարեզը բնութագրող եզրույթների համընդհանուր պաշար, որը հնարավորություն է ստեղծում ոչ միայն նոր հայտնագործությունների ներկրման, այլ նաև ազգային գիտության ձևավորման և զարգացման համար։ Ընդ որում՝ եզրույթներն էլ գիտաճյուղերի զարգացմանը համընթաց շարժունակ պիտի լինեն, քանի որ վերաձևակերպման, նորերի ստեղծման, պատճենման կամ թարգմանության կարիք ունեն։ Որևէ բնագավառի եզրույթների համակարգի հարուստ, ճկուն կամ աղքատ, անմշակ լինելը արտացոլում է տվյալ բնագավառի զարգացվածության աստիճանը։
Հայոց լեզվին վերաբերող եզրութաբանական բնույթի բառարանները կամ աշխատանքները առանձնապես շատ չեն՝ «Հայերենագիտական բառարան»[1], «Լեզվաբանական բառարան»[2], «Հայերենագիտական տերմինների ուսումնական բառարան»[3], որոնք, անշուշտ, ամբողջությամբ չեն արտահայտում ընդհանրապես լեզվի և մասնավորապես հայերենագիտության եզրութաբանական համակարգը։ Այդուհանդերձ, արդի շրջանում մեծ հետաքրքրություն կա եզրութաբանական հարցերի արծարծման շուրջ[4]։
ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտի «Բարբառագիտության բաժինը» նախաձեռնում է «Հայերենի բարբառագիտական բառարանի» կազմումը։ Այդ առիթով քննարկման ենք դնում բարբառագիտական մի քանի եզրույթներ և հասկացություններ, որոնք տարբեր աշխատանքներում տարընթերցման տեղիք են տալիս կամ ունեն արդիականացման պահանջ։ Որոշներն էլ նոր են, որ առաջադրվում են բարբառագիտության զարգացմանը զուգընթաց։
1․ Բարբառախումբ || բարբառային խումբ — Группа говоров- Dialect group։
Երկու կամ ավելի բարբառների լեզվաբանորեն միմյանց հետ կապված լինելը և բարբառակիր հանրության ընդարձակ փոխըմբռնելիությունը կազմում են բարբառախումբ, այլ կերպ՝ հնչյունաբանական, քերականական, բառապաշարի ընդհանրությունների և նմանությունների շնորհիվ բարբառային միավորները կազմում են բարբառախումբ կամ բարբառային խումբ։
Հայ բարբառագիտության մեջ բարբառային խումբ եզրույթը տարածում է ստացել Գ․ Ջահուկյանի՝ հայերենի բարբառների բազմահատկանիշ դասակարգման շնորհիվ[5]։
Պետք է նկատել, որ բարբառային խումբ եզրույթը կարելի է նաև գործածել բարբառների տարբեր դասակարգումներում՝ աշխարհագրական, հնչյունաբանական, բառապաշարային[6], ձևաբանական (ընդհանրապես քերականական կառուցվածքի միասնությամբ[7]), այլ կերպ ասած՝ բազմահատկանիշ։ Կարող են լինել բարբառային խմբեր, որոնց մեջ ներառված բարբառները կամ խոսվածքները աշխարհագրորեն չեն միավորվում նույն խմբի բարբառների կամ խոսվածքների հետ։ Օրինակ՝ Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան բարբառային (միջբարբառային) խմբում է նաև Բուրդուրի բարբառը։ Քանի որ վարչական բաժանումները հարափոփոխ են՝ պայմանավորված աշխարհաքաղաքական տարբեր գործոններով, ուստի լինում է նաև այնպես, որ աշխարհագրորեն որոշակիացված բարբառային խմբում կա այլ խմբի բարբառ, օրինակ՝ Մեղրիի բարբառը Սյունիքում։
1960-ական թվականներից հետո հայ բարբառների բազմահատկանիշ-վիճակագրական դասակարգման արդյուքներով հայ բարբառագիտությունը առաջընթաց է ապրել, բարբառների ուսումնասիրությունը նոր որակ է ստացել, ըստ այդմ էլ՝ բարբառախումբ եզրույթը գիտության ասպարեզում որոշակի կանոնարկման է ենթարկվել։ Իսկ ի՞նչ հիմքով է բարբառախումբ եզրույթը ձևավորվել և ինչո՞ւ նախկինում գործառույթ չի ունեցել։ Այսպես՝ բազմահատկանիշ-վիճակագրական դասակարգման հիմքում դրված է 100 տարբերիչ հատկանիշ՝ 50-ը՝ հնչյունական, 50-ը՝ քերականական (ձևաբանական): 0-5-ից մինչև 22 հատկանիշ ունեցող բարբառային միավորները որակված են խոսվածքներ, 22,5-ից մինչև 44-ը՝ բարբառներ, 44,5-ից բարձրը՝ բարբառախմբեր: Այս բոլորը ամփոփված են բարբառային երկու խմբակցության մեջ՝ արևմտյան և արևելյան: Սրանցից համապատասխանաբար արևմտյանը ներառում է 3 բարբառախումբ և 4 միջբարբառախումբ, արևելյանը՝ 3 բարբառախումբ, 1 միջբարբառախումբ՝ պատմաաշխարհագրական անվանումներով: Բարբառախմբերն ու միջբարբառախմբերն էլ իրենց հերթին բաժանված են բարբառների, միջբարբառների ու խոսվածքների: Իհարկե, բազմահատկանիշ դասակարգման սկզբունքները, ընտրված բարբառային հատկանիշները բազմիցս են քննության նյութ դարձել, այդուհանդերձ, այս դասակարգմամբ բարբառախմբերի ընդհանուր թիվը հասնում է 6-ի և կազմում բարբառների բաժանման սանդղակի երկրորդ աստիճանը։ Այսինքն՝ բարբառախումբ եզրույթը առաջ է եկել բարբառների բազմահատկանիշ դասակարգման արդյունքում, որ բարբառագիտական նախկին աշխատանքներում բացակայում էր։
Նկատում ենք նաև, որ բազմահատկանիշ դասակարգման մեթոդը հիմնականում չի շրջանցել բարբառների՝ աշխարհագրորեն որոշակի տարածքում ընդգրկված լինելու հանգամանքը, այսինքն՝ պատմական շրջանում բարբառների առկայությունը և աշխարհագրական միջավայրում տեղաբաշխումը զուգորդվում են հնչյունական-քերականական հատկանիշներով, որոնք էլ լեզվաբանական գրականության մեջ մտել են պատմաաշխարհագրական անվանումներով, օրինակ՝ պատմական անվանում (Մուշ-Տիգրանակերտ) ð աշխարհագրական դիրք (Հարավ-կենտրոնական) ð հնչյունական-քերականական հատկանիշներով խմբված բարբառներ (բարբառախումբ)։ Այս ամենից կարելի է ենթադրել, որ այն բարբառները, որոնք լեզվական ուրույն հատկանիշներ ունեն, բայց աշխարհագրորեն կտրված են պատմական միջավայրից կամ այլ բարբառախմբերի հետ փոխշփման մեջ են, և դա դրսևորվում է լեզվական զուգաձևություններով (մասնավորապես քերականական), կազմում են միջբարբառախումբ[8]։ Ըստ բազմահատկանիշ դասակարգման՝ հայերենն ունի 5 միջբարբառախումբ։ Ըստ այդմ՝ հայերենի համար կարելի է արձանագրել 11 բարբառախումբ։ Իհարկե, սա պատմական շրջանի հայ բարբառների պատկերից բխող հետևություն է, այդ է պատճառը, որ բարբառախմբերի՝ միահատկանիշ սկզբունքով բաժանումը խիստ հարաբերական է, բայց սխալ չէ։ Օրինակ՝ հայոց բարբառների տարածման քարտեզում նշվում է Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ[9], որտեղ ընդգրկվում են Մեհտիշենի, Ղարաբաղի, Կռզենի, Հավարիկի, Շամախիի, Բուրդուրի բարբառներն ու Ղազախ-Կիրովաբադի միջբարբառը։ Այսինքն՝ աշխարհագրական գործոնի փոխարեն բարբառային միավորները ընտրված են մասնավորապես հնչյունական և քերականական հատկանիշներով[10]։ Ա․ Ղարիբյանը, այս նույն բարբառային տարբերակները ամբողջացնելով, անվանում է Ղարաբաղի բարբառ[11]։ Մեր օրերում Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբը ամբողջովին փոխել է իր աշխարհագրական տեսքը, իսկ խմբում ընդգրկված որոշ բարբառներ, խոսվածքներ այլ տարբերակների հետ խաչավորման մեջ են գտնվում կամ արդեն վերացել են։
2․ Սյունիք-Արցախի բարբառներ (Սյունիքի և Արցախի բարբառների խումբ) — Сюникско-арцахские диалекты — Syunik-Artsakh dialects բառակապակցությունները հիմնականում գործառույթ են ստացել 21-րդ դարի սկզբներից՝ կապված Արցախի և Հայաստանի Հանրապետությունան վարչական նոր բաժանման հետ, մինչև 2020թ․ 44-օրյա հայ-ադրբեջանական պատերազմը։ Նկատի են առնվում Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության բարբառային այն միավորները, որոնք լեզվական ընդհանուր հատկանիշներով ընդգրկվում են Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախմբի մեջ։ Աշխարհագրորեն և լեզվական տարբեր հատկանիշներով միջբարբառի և միջխոսվածքի դիրքում են Սիսիանի շրջանի խոսակցական տարբերակները, Կապանի՝ ԼԻ(Ս) ճյուղին պատկանող որոշ խոսվածքներ (Եղվարդ, Ներքին Հանդ, Սրաշեն, Կաղնուտ, Մողես)։ Նոր ժամանակներում Մեղրու և Սյունիք-Արցախի մյուս բարբառների[12] մերձեցումը խորացել է։ Մասնավորապես բառապաշարի հարցերը քննելիս այս բաժանումը պետք է համարել հարաբերական, որովհետև վերջին շրջանում հաղորդակցման լայն պայմանների առկայությամբ բարբառային մի շարք իրողություններ փոխներթափանցումներ են ունեցել, գրական հայերենի բառային կազմի փոխանցումը բարբառային տարածք նույնպես լայն ընթացք է ստանում։
Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախմբի Ղարաբաղի բարբառի բարբառային այն միավորների համար, որոնք համաժամանակյա կտրվածքով Սյունիքի և Արցախի աշխարհագրական տարածքում են, լեզվաբանական գրականության մեջ գործառվում են Սյունիք-Արցախ բարբառներ[13], Սյունիք-Արցախ բարբառախումբ[14], Սյունիք-Արցախի բարբառ, Արցախ-Սյունիքի բարբառներ[15], Ղարաբաղի և Գորիսի բարբառներ[16] եզրույթները։ Տարաժամանակյա կտրվածքով հարցերը քննելիս օգտագործվում է նաև Արցախ-Սյունիքի միջենթաբարբառ եզրույթը[17]։ Փաստորեն՝ վերևում ընդգծվածները չեն նույնացվում Ղարաբաղի բարբառ, Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ եզրույթների հետ։ Հաճախ Ղարաբաղի բարբառ ասելով՝ նկատի է առնվում բուն Լեռնային Ղարաբաղի բարբառը[18], որին համարժեք է տարածում ստացող Արցախի բարբառ եզրույթը։ Սյունիքի բարբառ եզրույթը թեև լեզվաբանական գրականությանը ծանոթ է VIII դարից (Ստեփանոս Սյունեցի)[19], սակայն լայն տարածում չի ստացել։
3․ Գորիսի բարբառ — Горисский диалект — Goris dialect։ Գորիսի բարբառը կամ ենթաբարբառը (ըստ հայերենի բարբառների բազմահատկանիշ դասակարգման) առաջին անգամ գիտական քննության է ենթարկվել Հ․ Աճառյանի կողմից Ղարաբաղի բարբառի համատեքստում՝ առանց բարբառների կամ ենթաբարբառների բաժանման[20]։ «Classification des dialectes arméniens»[21] աշխատության մեջ Հ․ Աճառյանը նշում է բարբառախմբի ընդհանուր տարածվածությունը և էական, տարբերակիչ հատկանիշները՝ առանց անդրադառնալու Ղարաբաղի բարբառի հետ նույն կամ նման հատկանիշները կրող բարբառային տարբերակներին։ «Քննութիւն Ղարաբաղի բարբառի» աշխատության մեջ նույնպես առանձնակի անդրադարձ չկա Գորիսի բարբառին։ Հետաքրքրական է, որ բառապաշարին վերաբերող աշխատանքներում Ղարաբաղի բարբառին զուգահեռ Հ․ Աճառյանը վկայում է Գորիսի բարբառի բառերը[22]։ Ա․ Ղարիբյանը 1953թ․ գրած «Հայ բարբառագիտության» մեջ ընդհանուր անունով նշում է Զանգեզուրի ենթաբարբառ՝ վերջինս համադրելով մի կողմից Երևանի, մյուս կողմից Ղարաբաղի բարբառներին[23]։ Ն․ Վարդապետյանի կողմից 1962թ․ «Սյունիքի բարբառը» վերտառությամբ թեկնածուական ատենախոսություն է պաշտպանվել ԳԱԱ Լեզվի ինստիտուտում, որտեղ Գորիսը գիտական հանրությանը ներկայացվել է որպես առանձին բարբառ[24] կրող շրջան։ Ըստ Գ․ Ջահուկյանի կազմած բազմահատկանիշ դասակարգման՝ Գորիսի բարբառը ընդգրկվում է Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախմբի Ղարաբաղի բարբառի մեջ՝ որպես ենթաբարբառ։ 1976թ․ Ա․ Մարգարյանը նորովի քննության նյութ է դարձնում Գորիսի բարբառը՝ հրապարակ հանելով «Գորիսի բարբառը» ստվարածավալ և արժեքավոր աշխատությունը[25]։ Այստեղ մանրամասն քննվում են նաև հնչյունական, քերականական և բառային առանձնահատուկ այն բոլոր ձևերը, որոնք տարբերություններ ունեն Ղարաբաղի բարբառում ընդգրկված բարբառային միավորներից։ Այս ամենը հիմք ունենալով՝ հեղինակը եզրահանգում է, որ «Գորիսի բարբառը՝ իր ընդգրկած որոշակի սահմաններով, պատմական Սյունիքի լեզվի կամ բարբառի օրգանական շարունակությունն է և, իբրև այդպիսին, ոչ թե ստորադասվում է Ղարաբաղի կամ Արարատյան բարբառին, այլ ունի տեղական բարբառներին բնորոշ իր յուրահատուկ հնչյունական համակարգը, բառային ֆոնդն ու քերականական կառուցվածքը և ամենայն իրավամբ էլ մի ինքնուրույն ու ինքնատիպ բարբառ է»[26]։ Եթե գիտական տիրույթում տարածված են Գորիսի բարբառ և Գորիսի ենթաբարբառ եզրույթները, գրքերից դուրս և՛ Արցախում, և՛ Սյունիքում Գորիսի խոսակցականը համարվում է բարբառ՝ հավանաբար նկատի առնելով ոչ այնքան հնչյունական և քերականական տարբերությունները, որքան բառապաշարի կազմը, որի հիմքով Հ․ Աճառյանը Գորիսի բարբառը դրել է Երևանի, Ղարաբաղի, Շամախիի, Ագուլիսի և մյուս բարբառների (30 բարբառների և ենթաբարբառների) շարքում[27]։ Եվ իսկապես, նախ՝ 18-րդ դարից սկսած, երբ իսլամ դավանող տարբեր ցեղեր սկսեցին տեղավորվել Սյունիք-Արցախը կամրջող Քաշաթաղի տարածքում՝ նվազեցնելով հաղորդակցման, փոխշփման պայմանները, ապա խորհրդային շրջանում, երբ Արցախը ընդգրկվեց Ադրբեջանի կազմում, ավելի է խորացել Սյունիքի և Արցախի բարբառների տարբերությունը՝ կապված նաև արևելյան լեզուներից և ռուսերենից ներթափանցած փոխառությունների հետ։ 1995-2020թթ․ ընթացքում Արցախի Քաշաթաղի շրջանում ձևավորվում էր միջբարբառային միավոր՝ Արարատյան, Սյունիքի և Ղարաբաղի բարբառների միջակայքում, այլև գրական հայերենի ազդեցությամբ ընդհանրանում էր Սյունիքի և Արցախի բարբառ-խոսվածքների բառապաշարը։ 2020 թվականից Սյունիքի և Արցախի բարբառախոս հանրության կապը դարձյալ նվազել է, Հադրութի շրջանի խոսակցական տարբերակները այժմ զրկված են բնօրրանից, իսկ Արցախի մյուս խոսվածքները տարբեր շրջաններից գաղթած բարբառախոս հանրության փոխշփման ազդեցության տակ են։ Այսինքն՝ Գորիսի և Արցախի բարբառային փոխշփումները դարձյալ փոքրանում են, որն էլ խորացնում է բարբառային միավորների միջև առկա տարբերությունները։
Որպեսզի ավելի լավ պատկերացնենք հարցը, բերենք մի քանի օրինակ՝ համեմատվող եզր վերցնելով Գ․ Ջահուկյանի բազմահատկանիշ դասակարգման համար հիմք հանդիսացած զուգաբանություններից[28]։
Ուշադրության ենք արժանացրել հատկապես այն հատկանիշները, որոնք էական են Գորիսի բարբառի համար և կարող են ազդել միավորի կարգավիճակին։
Համեմատել-քննել ենք նաև այնպիսիք, որոնք կարևոր են, բայց վիճակագրության արդյունքում (աղյուսակում) դրանցով պայմանավորված փոփոխություն չի առաջարկվում։ Բերենք երկու օրինակ՝
1․ «Խ-ի դիմաց տարնմանական հ՝ բառի մեջ հաջորդող ղ-ի առկայության դեպքում (խ>հ)» հնչյունափոխությունը[29] Գորիսի բարբառում սահմանափակ թվով բառերում է նկատվում՝ խաղ > խաղ || հաղ, խաղալ > խաղալ || հաղալ, խաղող > խաղօղ || հավուղ || հավօղ։ Եվ իսկապես, դա չի նշանակում, որ այս հատկանիշի «արդյունքը» (աղյուսակում դրված է «-» նշանով[30]) պետք է փոփոխվի, որովհետև հատկանիշը պահանջվում է «նաև ոչ-տարնմանական խ> հ․ խառնել > հառնել»[31]։
2․ Գորիսի բարբառում յու-ի (<իւ) դիմաց ոչ շրթնային ձայնավոր (յու > ի, է, ա)[32] հանդիպում է՝ ալյուր > ա[ա̈]լիր || ա̈լո̈ւր, արյուն > ա̈րին || ա̈րո̈ւն, այդպես և՝ մրջյուն > մըրչէմնը[33]։ Առավելապես տարածված է յու > ու/ո̈ւ փոփոխությունը (շրթնայինի վերածվելը՝ յուր > ո̈ւրա̈ն, հարյուր > հա̈րո̈ւր, ձյուն > ծո̈ւն[34]։ Ենթադրվում է, որ յու > ի, է փոփոխությունները առավել հաճախական երևույթի (յու > ու/ո̈ւ) համաբանությամբ մարում են:
Վերոնշյալ երկու դիտարկումից նկատում ենք, որ հատկանիշների առկայությունը էական չի եղել բարբառային միավորի տարբերակման համար և աղյուսակներում (Գորիս) գնահատվել են «-» նշանով։ Քննենք մեկ-երկու դեպք ևս։
1․ Նախ, կարծում ենք, ոչ փոխառյալ բառերում քմայնացած ետնալեզվայինների (գյ, կյ, քյ)՝ բառասկզբի, բառամիջի և բառավերջի իրողությունները, ինչպես և՝գյ, կյ, քյ > ջ, ճ, չ փոփոխությունները նույն հարթության վրա դնելը չի տրամաբանվում որպես բարբառների միավորիչ հատկանիշ Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախմբի համակարգում[35]։ Այդուհանդերձ, եթե բերված օրինակներով փորձենք փաստել քմային ետնալեզվայինների՝ Գորիսի բարբառում (բոլոր խոսվածքները ներառյալ) գործառումը, կստացվի հետևյալ պատկերը՝ երկձևությունների առկայությամբ՝ 8%, առանց երկձևությունների՝ 0%: Ահա պատկերը՝ գարի > կյա̈րի || կա̈րի, գառ(ն) > կյա̈ռնը || կա̈ռնը, գլուխ > կիլօ̈խ, քաղաք > քաղաք, քառասուն > քըռասու[օ]ն, քար > քար, թագ > թագ, հինգ > հէնգ, ձագ > ծա̈ք, աղջիկ > ախճիկ, ծաղիկ > ծաղիկ, շապիկ > շապիկ, գիրք > գիրք || կիրք, երեք > իրէք, քաղաք > քաղաք, գերան > կէրան, գինի > կինի, գիր > կիր, կերակուր > կէրակուր, կես > կէս, քեռի > քէռի, քերել > քիրէլ (-ում-ի համաբանությամբ՝ քո̈ւրո̈ւմ ա), քիթ > քէթ[36]։ Այս հացը սահմանափակենք Ա. Մարգարյանի դիտարկմամբ. «Ղարաբաղի բարբառը հարուստ է քմային գյ (օր․՝գուրգյ< գիրկ, տէգյ || տէգյ< տիկ), կյ (օր․՝կյօղ < գող, կյալ < գալ, քյ (օր․՝ըրիհյնակ < արեգակն), այլև՝ դյ (հանդյ< անդ), լյ (լյո̈ւ < լու, ծիլյի < ածելի), ծյ, (կածյակ || կա̈ծյակ < կայծակն) և այլն բաղաձայն հնչյուններով, այնինչ Գորիսի բարբառում դրանցից առկա են և իբրև ինքնուրույն հնչույթներ են ըմբռնվում միայն գյ-ն, կյ-ն, քյ-ն, որոնք գործածության նեղ ոլորտներ են ընդգրկում և բառի բոլոր դիրքերում չէ, որ հանդես են գալիս (ընդգծումները՝ Մ․Ք․)»։
2․ Գորիսի բարբառում շեշտակիր ե-ի (է-ի) դիմաց վերին շարքի (ավելի փակ) շեշտակիր ձայնավոր (ե >ի) հանդիպում է թել > թիլ || թէլ, անեծք > անիսկ || անէսկ, դեզ > տիզ || տէզ բառերում[37]։ Լայն տարածում ունի հակառակ երևույթը՝ ի > է՝ միս > մէս, ծիտ > ծէտ, սիրտ > սէրտ, միտ > մէտ, լիրբ > լէրփ, հինգ > հէնգ և այլն։
3․ Հարյուր, թեկուզ ավելի տարվա գոյակցությամբ թյուրքերենից փոխառյալ ինջի-ով դասական թվականների կազմումը բարբառային միավորների տարբերակիչ հատկանիշ (69-րդ կետ) ընտրելը այլ հարց է (հիշենք, որ ըստ էության բարբառային զուգաբանությունների համեմատական եզրը գրական հայերենն է (գրաբար, գրական արևելահայերեն և արևմտահայերեն)։ Բայց և հետաքրքրական է, մինչև թյուրքերենի հետ շփվելը հայերենի բարբառները ի՞նչ ածանց (մասնիկ կամ բառ) են գործածել դասական թվականների համար, որը և կարող էր համարվել («-» կամ «-») թվականակազմ հատկանիշ[38]։ Սա հարցի մի կողմն է և այլ քննություն է ենթադրում։ Մյուս կողմից՝ արդյոք հաշվի են առնված այլ լեզուների հետ ունեցած շփումների արդյունքում գոյացած բոլոր մնացուկները հայերենի բարբառներում (օրինակ՝ miş || mış-ով հարակատարը, siz || sız, be-ով ժխտականները և այլն)։
Անցյալ դարի 60-70-ական թվականներին -ինջի ածանցի երբեմնի գոյության և դուրսմղման, ապա -րորդ || -երորդ ածանցի գործառման վերաբերյալ արդեն արձանագրում կա «Գորիսի բարբառում»[39]։ Այսինքն՝ ընդհանրացում չստացած[40] և անկում ապրող «հատկանիշը», ընդհանուր սկզբունքի համաձայն, Գորիսի բարբառի համար տարբերակիչ չէ։
4․ Քերականական զուգաբանությունների 53-րդ կետը վերաբերում է հոգնակիի կազմությանը․ «Ան [ան-ք, ան-(ն)եր] հոգնակերտ՝ առանց նախորդող բաղադրիչի (անք-ի դեպքում՝ առանց «ազգականներ, կողմնակիցներ» լրացական իմաստի)»[41]։ Գորիսի բարբառում -անք || -ա̈նք ածանցը դեռ նախորդ դարում էլ որակական դեր չի ունեցել․ որպես բացառություն հանդիպում է ձի > ծիյանք և ձու > ծո̈ւվա̈նք բառերում[42]։
Այս դիտարկումներն ընդունելու դեպքում[43] տարբերություն է առաջանում Գորիսի բարբառային միավորին վերագրվող գնահատականում (տարաժամանակյա լեզվավիճակով)․ Գորիսի բարբառի տարբերակիչ հատկանիշների թիվը, ըստ մակարդակային ցուցչի, անցնում է 20-ը (39,5 ընդհանուր հատկանիշ, 60,5 տարբեր` ըստ 100 հատկանիշ պարունակող ցուցակի)։
4․ Բարբառային բառապաշար — Диалектная лексика — Dialect vocabulary։ Յուրաքանչյուր բարբառ ունի իր տարածքին բնորոշ բառային կազմ, որով նա տարբերվում է լեզվի մյուս տարբերակներից՝ այլ բարբառներից, գրական լեզվից։ Յուրաքանչյուր բարբառի բառային կազմի ամբողջությունը, որ «բնորոշ չէ կանոնավորված գրական լեզվին»[44], կոչվում է բարբառային բառապաշար, ինչպես՝ Սյունիք-Արցախի բարբառային բառապաշար։ Օտար[45] և հայ լեզվաբանական գրականության մեջ[46] ինչպես եզրույթի ըմբռնումները, այնպես էլ բարբառային բառապաշարի ուսումնասիրության մեթոդները տարբեր են[47]: Բարբառային բառապաշար եզրույթը ընկալվում է երկու հիմունքով՝ 1․գրական լեզվի (այդ թվում՝ որևէ հեղինակի երկի լեզվի) բառային կազմի մի շերտը, որտեղ ընդգրկված բառերի որոշակի խումբ գրական չէ, այլ նույն հանրույթի լեզվի մի տարածքի բնորոշ, հիմնական խոսակցականն է։ Այս դեպքում բարբառային բառապաշարը ածանցվում է տվյալ լեզվի բառապաշարին, կազմում նրա բառային կազմի մի մասը, որի համար սովորաբար գործածվում է բարբառային բառերի շերտ կամ բարբառային բառաշերտ կապակցությունը (եթե նշվում է բարբառի բառաշերտ, ապա պետք է հստակ նշվի, թե որ բարբառի)։ 2․ Բարբառային բառապաշար կամ բարբառի բառապաշար եզրույթը ենթադրում է բառային կազմի այն ամբողջությունը, որ գործածվում է տվյալ բարբառը և նրա միավորները կրող հանրույթի կողմից։ Այս դեպքում բարբառի բառապաշարը երկու անհավասար մասի է բաժանվում․
Ա․ Մի մասը գրական լեզվի բառապաշարի հետ ընդհանուր համարվող բառերի խումբն է, որով բարբառը պատկանում է տվյալ լեզվին և կազմում նրա խոսակցական տարբերակներից մեկը։ Օրինակ՝ հայերենում բառերի այդ խմբի կորիզը կազմում է ընդհանուրհայերենյան բառաշերտը՝ մայր, հայր, տուն, շուն և այլն։
Բ․ Մյուս մասը գրական լեզվին անհայտ կամ նրանում չպահպանված բառային կազմն է, որ հատուկ է այդ բարբառին կամ բարբառների տվյալ խմբին, այսինքն՝ ընդհանուր տարածում չունի։ Այս խմբում ընգրկվում են՝ ա․ ծագմամբ տվյալ լեզվին պատկանող, բայց գրական լեզում չպահպանված կամ բարբառային տարածքում ստեղծված բառերը, ինչպես՝ ճըղուպէր, պիլա̈կին, ծըլլըկաթ, սարասընգի, բ․ փոխառությունները, որ տվյալ բարբառը կամ բարբառախումբը ձեռք է բերել այլ լեզուների հետ ունեցած փոխշփումներից` թաքնա, խարջըլըղ և այլն։
Այս երկու խմբերի միջակայքում է գտնվում բառապաշարի բառային այն կազմը, որ գրական չէ, բայց համաժողովրդական բնույթ ունի, այսինքն՝ ծանոթ է մյուս բարբառային խմբերին և կազմում է ժողովրդախոսակցական բառապաշարի մասը, ինչպես՝ թա̈զա̈, մաշին, թաքուն և այլն։
Լայն առումով այս բոլորը կազմում են տվյալ բարբառի բառապաշարի շերտերը։
Այս հատկանիշները ի մի բերելով՝ կարող ենք եզրակացնել՝ ինչպես է տարբեր շերտերի բառերից ձևավորվում և ինչ կազմ ունի բարբառային բառապաշարը։
Ա․ Բուն բարբառային բառեր՝ տվյալ բարբառին բնորոշ, տարածվածությամբ սահմանափակ՝ այլ տարբերակներում բացակայող բառերի խումբը։
Բ․ Բարբառային կազմություններ՝ բարդ և ածանցավոր բառեր, որոնց բաղադրիչները կարող են ծանոթ լինել այլ տարբերակներին, բայց կազմությամբ հատկանշվում են բարբառային որոշակի տարածքում։
Գ․ Իմաստաբանորեն բարբառային բառեր, որ մյուս տարբերակներին ծանոթ են, բայց իմաստաբանորեն՝ ամբողջովին կամ մասնակի, առանձնանում են բարբառային տարածքում։
Դ․ Բարբառային տարբերակներ՝ ձևով և իմաստով նույն, հնչյունական մեկ և ավելի տարբերակվածությամբ բարբառային բառեր։
Ե․ Բարբառային պատկերավոր ոճեր, բառեր՝ դարձվածքներ և ոճական տարբեր միջոցներով ձևավորված կայուն կապակցություններ, որոնք իրենց հերթին բաժանվում են երկու խմբի՝ 1․ բառեր, որ ամբողջովին կամ մասնակի տարբերվում են մյուս տարբերակներում առկա զուգահեռ ձևերից, 2․ տվյալ բարբառում ստեղծված ոճեր-բառեր, որ առհասարակ բացակայում են մյուս տարբերակներում։
Мгер Кумунц — О некоторых диалектологических терминах и пониманиях — В настоящее время наблюдается большой интерес и прогресс в области терминологии. В этой статье были рассмотрены несколько терминов и понятий, используемых в области диалектологии. Таким образом, языковая связь двух и более диалектов называется диалектной группой. В армянском языкознании термин «диалектная группа» стал популярным в связи с многохарактерной классификацией армянских диалектов. Сюникско-Арцахские диалекты — словосочетание в основном получило функцию с начала 21 века, в связи с новым административным делением Арцаха и Республики Армения, вплоть до 44-дневной армяно-азербайджанской войны 2020 года. Учитываются диалектные единицы Сюникского марза и Республики Арцах, которые по общим языковым характеристикам входят в междиалектную группу Карабахско-Шамахинских. В лингвистической литературе используются термины Горисский диалект и Горисский поддиалект. Мы считаем, что разговорный язык Горисского района имеет характеристики, которые можно назвать диалектом. Каждый диалект имеет характерную для своего ареала лексику, отличающую его от других диалектов языка, от литературного языка. Группа слов каждого диалекта, которая не свойственна литературному языку, называется диалектной лексикой. Диалектная лексика принимает форму из слов разных слоев: родные диалектные слова, диалектные словообразования, семантически диалектные слова, диалектные варианты, диалектические фразы.
Mher Kumunts — About some dialectological terms and understandings — Currently, there is a lot of interest and progress in the field of terminology. Several terms and concepts used in the field of dialectology have been considered here. Thus, the linguistic connection of two or more dialects is called a dialect group. In Armenian linguistics, the term “dialect group” became popular due to the multi-characteristic classification of Armenian dialects. Syunik-Artsakh dialects — the phrase has mainly received a function from the beginning of the 21st century, in connection with the new administrative division of Artsakh and the Republic of Armenia, until the 44-day Armenian-Azerbaijani war of 2020. The dialect units of the Syunik Marz and the Republic of Artsakh are taken into account, which, according to their general linguistic characteristics, are included in the inter-dialect group of the Karabakh-Shamakhi. The terms Goris dialect and Goris sub-dialect are used in the linguistic literature. We believe that the spoken language of the Goris region has the characteristics of being called a dialect. Each dialect has a vocabulary characteristic of its area, which distinguishes it from other dialects of the language, from the literary language. A group of words of each dialect, which is not characteristic of the literary language is called dialect vocabulary. Dialect vocabulary takes shape from words of different layers: native dialect words, dialect word formations, semantically dialect words, dialect variants, dialectic phrases.
[1] Պետրոսյան Հ․Զ․, Հայերենագիտական բառարան, «Հայաստան» հրատ․, Երեւան, 1987, 716 էջ։
[2] Պետրոսյան Հ. Զ., Գալստյան Ս.Ա., Ղարագյուլյան Թ.Ա., Լեզվաբանական բառարան, Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա, Երևան, 1975, 328 էջ (այսուհետև՝ Պետրոսյան և այլք 1975)։
[3] Խաչատրյան Լ․Մ․, ՄիրումյանՄ․Վ․, Հայերենագիտական տերմինների ուսումնական բառարան, «Գիտություն» հրատ․, Երևան, 2020, 440 էջ։
[4] Հիշարժան է՝ Լեզվաբանական տերմինաբանության հարցեր, հանրապետական գիտաժողովի (Երևան, 25 հոկտեմբերի) նյութեր (ՀՊՄՀ Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիա), Երևան, 2020, 164 էջ։ Հայերենի բարբառագիտական եզրույթներ՝ մասնակի կամ ամբողջական քննված, առաջադրված են բարբառագիտական մի շարք ուսումնասիրություններում, որոնք, անշուշտ, մեկ աշխատանքում ամբողջացնելու, հանրայնացնելու և իրավություն ստանալու կարիք ունեն։
[5] Ջահուկյան Գ., Հայ բարբառագիտության ներածություն, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1972, էջ 120-142 (այսուհետև՝ ՆՀԲ)։
[6] Գ․ Ջահուկյանը այս առիթով նկատում է․ «Հետազոտողներից գրեթե ոչ մեկը նպատակ չի դնում բառային զուգաբանությունները (ընդգծումը՝ Մ․Ք․), հնչյունականների և ձևաբանականների հետ միասին, օգտագործելու բարբառների դասակարգման հարցերի լուսաբանման կամ բարբառների իրարից բաժանվելու ժամանակը որոշելու համար» (ՀԲՆ, էջ 144-145)։ Հայ բարբառագիտության զարգացման արդի փուլում, իհարկե, այս բացը լրացվում է, և բարբառների դասակարգման խնդիրը նոր փուլ է թևակոխում՝ ներառելով նաև բազմահատկանիշ դասակարգման հիմքում ընկած ճշգրտումները (այս մասին կարելի է տեսնել՝ Կատվալյան Վ․, Հայ բարբառագիտության հարցեր, «Հայաստան» հրատ․, Երևան, 2014, էջ 65 (232 էջ))։
[7] Бромлей С. В., Булатова Л. Н., Захарова К. Ф. и др., Русская диалектология (Учебник для студентов педагогических институтов), Просвещение, Москва, 1998, с. 28.
[8] «Լեզվաբանական բառարան»-ում հանդիպում ենք․ «[միջբարբառ] Որոշ հայ լեզվաբաններ այսպես [միջճյուղային բարբառ (միջխմբային)] են կոչում հայերենի այն բարբառները, որոնք ներկայի ձևերի կազմության համար օգտագործում են երկու տարբեր ճյուղերի հատուկ ձևեր» (Պետրոսյան և այլք 1975, էջ 218)։
[9] ՀԲՆ, «Հայ բարբառների տարածման քարտեզ» (կազ․և ձևավ․Գ․Թ․Շիրինյանի)։
[10] ՆՀԲ, էջ 120-131։
[11] Ղարիբյան Ա․, Հայ բարբառագիտություն (հնչյունաբանություն և ձևաբանություն), Հայկական ՍՍՌ Պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի տպ․, Երևան, 1953, էջ 230 (այսուհետև՝ Ղարիբյան 1953)։
[12] Այս հիմունքով՝ արդիական չէ Զանգեզուրի ենթաբարբառ եզրույթը։
[13] Մարտիրոսյան Հ., Սյունիք-Արցախ բարբառների ստուգաբանություն (Անշեշտ սկզբնավանկի կրճատում), Հայագիտություն. Սյունիք: Գիտական նյութերի ժողովածու, թիվ 1, «Նորտպագրիչ», 2016, էջ 26։
[14] Քումունց Մ., Պատմական Սյունիքի Բաղք գավառի Շոռնոխ բնակավայրը (ստուգաբանության փորձ), «Էջմիածին», թիվ Ժ, 2021, էջ 50-66:
[15] Հովհաննիսյան Լ., Գրաբարի և Ղարաբաղի բարբառի առնչության հարցի շուրջ, «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 1, 1977, էջ 141 (այսուհետև՝ Հովհաննիսյան 1977)։
[16] Սարգսյան Ա․, Արտասանական իրողություններ հայ ժողովրդական երգիծական մանրապատումներում և զվարճախոսություններում, Հայ բարբառագիտության հիմնախնդիրներ (միջազգային գիտաժողով), Զեկուցումների ժողովածու, 2014, էջ 204։
[17] ՀԲՆ, էջ 186։
[18] «[Այստեղ] Ղարաբաղի բարբառ անվան տակ նկատի ունենք բուն Լեռնային Ղարաբաղի բարբառը (հիմնականում ՈՒՄ ճյուղի հատվածը)։ Եվ եթե որոշ դեպքերում վկայակոչվեն պատմական Արցախ-Սյունիքի այլ բարբառներ, ապա դա սկզբունքի խախտում չպետք է համարել» (Հովհաննիսյան 1977, էջ 141)։ Մի այլ դեպքում Ղարաբաղի բարբառ եզրույթի ներքո հաշվի են առնվում Սյունիքի և Արցախի բարբառները․ «Ղարաբաղի բարբառ անվան տակ այստեղ նկատի ունենք պատմական Արցախ և Սյունիք նահանգներում գորձառող ընդհանուր բարբառը, որի մեջ մտնում են որոշ հետազոտողների կողմից վերջին ժամանակներս բարբառներ, ենթաբարբառներ կամ խոսվածքներ դիտվող միավորները» (Հովհաննիսյան Լ․, Բառային հնաբանություններ Ղարաբաղի բարբառում, «Լրաբեր հասարակական գիտությունների», թիվ 9, 1979, էջ 53)
[19] «Եւ դարձեալ զքո լեզուիդ գիտելն զբովանդակ բառսն զեզերականս, որպէս զԿորճայն և զՏայեցին և զԽութայինն և զՉորրորդ Հայեցին և զՍպերացին, և զՍիւնին և զԱրցախայինն. այլ մի միայն զՄիջերկրայսն և զՈստանիկսն, վասն զի պիտանիք այսոքիկ են ի տաղաչափութեան. այլև օգտակարք ի պատմութիւնս, զի մի վրիպեսցի անընդել գոլով լեզուացն» (ՀԲՆ, էջ 17):
[20] Աճառեան Հ․, Ուսումնասիրութիւններ հայկական բարբառախօսութեան։ Քննութիւն Ղարաբաղի բարբառին, «Արարատ» ամսագիր, տարի ԼԳ, (1899), թիվ Թ, էջ 394-399 (ամսագրի մյուս էջերում մինչև 1901թ․ նույնպես բարբառների բաժանում առկա չէ)։
[21] Adjarian H., Classification des dialects arméniens, Librairie Honoré Champion, Paris, 1909, 107 pages. 25-34 (107 p.).
[22] «Գաւառական»-ում, սակայն, 31 բարբառների ցանկում Գորիսը չի նշում՝ ո՛չ Ղարաբաղի բարբառի կազմում, ո՛չ առանձին (Աճառեան Հ., Հայերէն գաւառական բառարան, Լազարեան ճեմարան արեւելեան լեզուաց, հատ. Թ, Թիֆլիս, 1913, էջ 1 (այսուհետև՝ ՀԳԲ)), բայց բառահոդվածներում առանձին է դնում՝ Գոր․Ղրբ․ (էջ 4)։
[23] Ղարիբյան 1953, էջ 232-233։
[24] Վարդապետյան Ն․ Հ․, Սյունյաց բարբառ (ատենախոսություն), ԳԱԱ Լեզվի ինստիտուտ, Երևան, 1962։
[25] «Վերջին ժամանակներս առանձնացվել են Հադրութի, Գորիսի բարբառները»,- արձանագրում է Լ․ Հովհաննիսյանը (Հովհաննիսյան Լ., Գրաբարի և Ղարաբաղի բարբառի առնչության հարցի շուրջ, «Պատմա-բանասիրական հանդես», թիվ 1, 1977, էջ 141)։
[26] Մարգարյան Ա., Գորիսի բարբառը, Երևանի համալսարանի հրատ.,Երևան, 1975, էջ 7։
[27] Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան (4 հատորով, 2-րդ հրատարակություն), հատ․ I, Երևանի համալսարանի հրատ., Երևան (առաջին հրատարակությունը՝ 1926-1935, 7 հատորով), 1971, էջ 21։
[28] Տպավորություն թող չստեղծվի, որ հակված ենք Գորիսի տարածաշրջանի խոսակցականը պարտադիր բարբառ ներկայացնելու։ Որևէ անվանում՝ բարբառ, խոսվածք, չի նսեմացնում կամ բարձրացնում Գորիսի տարածաշրջանի խոսակցականի դերը։ Անկախ «կոչում(ներ)ից»՝ այն հայերենի հնագույն բարբառային միավորներից մեկն է, որ կրում է նախահայերենյան և հինհայերենյան լեզվական ավանդույթները՝ պատմական որևէ շրջանում էական տեղաշարժի ենթարկված չլինելու շնորհիվ։ Հարցն այն է, որ բարբառս երբևէ չի քննվել կամ թերևս վերանայվել բազմահատկանիշ դասակարգման համատեքստում։ Կարծիք է ստեղծվում, որ Ա․ Մարգարյանը այս պահանջը բավարարել է «Գորիսի բարբառը» կարևոր աշխատանքի լույսընծայումով։ Այնինչ պետք է ընդունել, որ Գ․ Ջահուկյանի «Հայ բարբառագիտության ներածությունը» «հայերենի բարբառների, ենթաբարբառների ու խոսվածքների իրար նկատմամբ ունեցած դիրքն ու փոխհարաբերությունները հնարավորին չափ օբյեկտիվ, ճշգրիտ, մաթեմատիկորեն որոշելու» (Ասատրյան Մ․, Հայ բարբառների բազմահատկանիշ դասակարգումը, «Լրաբեր հասարակական գիտությունների», թիվ 4, 1974, Էջ 85) չափանիշ է, քանի դեռ նորովի չի վերանայվել գոյություն ունեցող բարբառների և խոսվածքների կարգավիճակը։ Այս հիմունքով՝ մենք՝ որպես բարբառակիր, փորձել ենք «Գորիսի բարբառ»-ի տվյալները համեմատել հայերենի բարբառների համար առանձնացված զուգաբանությունների (հատկանիշներին) հետ ։ Մեր օրերում էականորեն փոխվել են հայերենի բարբառների հատկանիշները, ըստ այդմ՝ գոյություն ունեցող բարբառների և խոսվածքների կարգավիճակը։ Արդ՝ մեր կանխադիտարկմամբ, ըստ բազմահատկանիշ դասակարգման, Գորիսի շրջանի խոսակցականը լեզվավիճակով (համաժամանակյա կտրվածքով) բարբառ է։
[29] ՀԲՆ, էջ 47։
[30] ՀԲՆ, էջ 62։
[31] ՀԲՆ, էջ 47։
[32] ՆՀԲ, էջ 63 (28-րդ կետ)։
[33] Ա․ Մարգարյանը ենթադրում է, որ բարբառի մըրչէմնը տարբերակը առաջ է եկել ոչ թե գրաբարյան մրջիւն-ից, այլ մրջիմն ձևից (Մարգարյան 1976, էջ 71)։
[34] Ույ-ի փոփոխության մյուս իրողությունները կարելի է տեսնել՝ Մարգարյան 1976, էջ 70-71։
[35] Հայ բարբառների բաղաձայնական զուգաբանություններ (8-րդ կետ) (ՀԲՆ, էջ 46)։
[36] Մենք այս և բոլոր բարբառային նմուշները ճիշտ գրանցելու համար երեք սերնդի ներկայացուցիչների շրջանում հարցում ենք անցկացրել՝ 70-ից բարձր, 50-ից մինչև 70 և մինչև 50։
[37] Է > ի փոփոխությունը, համեմատած Գորիսի և մյուս բնակավայրերի, տարածում ունի միայն Շինուհայրի խոսվածքում՝ վեց > վից, տեղ > տիղ, ծէփ > ծիփ, սէվ > սիվ, Սէրօժ > Սիրօժ և այլն։
[38] Այս մասին տե՛ս՝ ՀԲՆ, էջ 87։
[39] Մարգարյան 1976, էջ 157-158։
[40] Այժմ ընդհանրապես բացակայում է Գորիսի շրջանում (Տեղ, Խնձորես, Շինուհայր գյուղերում տարեց մարդիկ հիշում են, որ նաև գործածում էին -ինջի ածանցը միայն միավորների համար)։
[41] ՀԲՆ, էջ 82։
[42] Ա․ Մարգարյանը արձանագրում է նաև թի > թիյանք, լու > լո̈ւվանք կազմությունները, որոնք հիմա ընդհանրապես բացակայում են (Մարգարյան 1976, էջ 123)։
[43] Նշված հատկանիշների վերաբերյալ դիտարկումները կարելի է տեսնել՝ ՀԲՆ, էջ 67, 85, 87։
[44] Плешкова Т․, Диалектная лексика, функционирующая в социуме Архангельской провинции, Studia Rossica Posnaniensia, том 33, Архангельск, 2006, с. 101 (с. 101-107).
[45] Այս մասին կարելի է տեսնել՝ Сенина И. В., Меркурьева В. Б.,Лингвистическая терминология в контексте становления и развития диалектологии немецкого языка, изд. ИГУ, Иркутск, 2020, с. 31 (159 с.).
[46] Նույնացրել կամ տարբերակել են՝ գավառական, ժողովրդախոսակցական և այլն։ Օրինակներ կարելի է տեսնել՝ ՀԳԲ, էջ 4 (1141 էջ), Աղայան Է․, Ընդհանուր և հայկական բառագիտություն, ԵՊՀ հրատ․, Երևան, 1984, էջ 296 (372 էջ), Սուքիասյան Հ․, Ժամանակակից հայոց լեզու, Երևանի համալսարանի հրատ․, Երևան, 2004, էջ 152 (352 էջ) և ուրիշներ։ Այս մասին տե՛ս նաև՝ Սաղաթելյան Ռ․Գ․, Բարբառային բառերի գործածությունը հայերենի զարգացման տարբեր փուլերում, «Բանբեր Երևանի համալսարանի», թիվ 3 (102), Երևան 2000, էջ 122-130։
[47]Որպես օրինակ կարելի է տեսնել՝ Կատվալյան Վ․, Բայազետի բարբառը և նրա լեզվական առնչությունները շրջակա բարբառների հետ, «Ասողիկ» հրատ․, Երևան, 2016, էջ 184-266։