
Հին Հակ
Այս անգամ գրում եմ Մինքենդի կոտորածի մանրամասնութիւնները: Գօրիսից մօտ 30 վերստ դէպի հիւսիս արևելք ընկած Մինքենդ գիւղը, որ ունի 80 տուն հայ և 130 տուն թուրք բնակիչ: Բացի դրանից շրջապատված է բազմաթիւ թուրք գիւղերով, ինչպէս Սէյիդլար, Մօլլա–Ահմատու, Քոսալար և այլն: Այս աննպաստ հանգամանքն աչքի առաջ ունենալով մի երկու ամիս առաջ միւս հայ գիւղացիք զգուշացնում էին մինքենդցիներին թողնել այդ գիւղը և գոնէ ժամանակաւորապէս ապաւինել միւս հայ գիւղերը: Այս էին ասում այն ժամանակ, երբ Նախիջևանի սարսափելի աղէտը իր ամբողջ հեռանկարով անգամ երում էր զանգեզուրցու աչքին: Վաղ թէ ուշ Մինքենդը կենթարկվի յարձակման. այս էր կրկնում իւրաքանչիւր բերանը: Բայց թէ երբ կը յարձակվեն և ո՞վքեր, այդ որոշում էին շատերը. «Երբ սար գնացող թուրքերը կը վերադառնան իրանց գիւղերը: Եւ այդպէս էլ եղաւ»:
Միջանկեալ պիտի ասեմ, որ սար գնացող թուրքերը անցնում են երկու ճանապարհով` Գօրիսով և Մինքենդի մօտով:
Շաբաթ, օգոստոսի 20-ի գիշերն էր, սարսափելի գիշեր մինքենդցիների համար: Նախորդ ուրբաթ օրը հեռուից հեռու լուրեր էին պտտում, որ այս գիշեր սար գնացող կամ ինչպէս անուանում են թարաքաման պիտի յարձակվի Մինքենդի վրա: Այդ երեկոյեան էր, որին պիտի յաջորդէր զարհուրելի գիշերը: Իսկոյն առաջ է գալիս հոգևորականութիւնը և աւետարանի ու ղուրանի սրբազան երդումով հաշտութիւն են կնքում գիւղացի հայերն ու թուրքերը: Իւրաքանչիւր հայ իսկոյն իր ունեցած չունեցածը պահ է տալիս իր հարևան թուրքին. «սաղ կը մնամ ապրանքս կը վերադարձնես, կը մեռնեմ քեզ հալալ», ասում է ահաբեկված հայը: Անցնում երկու ժամ, գիւղի վերևից մօտենում են թուրք ձիաւորները: Պահապանների աջող կրակը յետ է մղում յարձակումը, և յարձակվողները փախուստի են դիմում: Անցնում է մի քանի անդորր, բայց երկիւղալի ժամ, երբ յանկարծ հաւար է հասնում, որ թուրքերի մեծ բազմութիւն արշաւում է գիւղի վրա: Սարսափը պատում է հային: Նոյն ժամին գիւղացի մի քանի թուրքեր սկսում են կոտրատել հայերի խանութները: Կրակը սկսում է դրսից ու ներսից, թալանվում է ամեն ինչ, և լուսաբացին գիւղը մնում է կիսաթալան դրութեամբ: ցերեկը անցնում է խաղաղ:
Այս դրութիւնը տևում է մինչև ամսի 23-ը, երեքշաբթի օրը: Ազատվածներից շատերը ապաւինում են պրիստաւ Սադղ–բէկ Ասլանովի բակը, իսկ մի մասը ծանօթ թուրքերի տները: Հասնում է երեքշաբթին, հասնում է բարդուղիմեան գիշերը: Այս անգամ գիւղացի թուրքերը և մօտիկ Մօլլա–Ահմատու թուրք գիւղացիք, հակառակ իրանց երդման, սկսում են եղբայրասպան կոտորած ու թալանը: Թալանում են այն, ինչ պատահում է: Սպանում են նրան, որին բաղդը հրապարակ է հանում: Մինչև այդ սպանված է լինում 22 հոգի: Այդ օրը սկսում են կոտորել երեխաներին, տղամարդկանց և բռնաբարում են կանանց: Մի խօսքով անում են այն, ինչ թոյլ է տալիս մոլեռանդ ամբոխի ոգին: Կոտորում են պրիստաւի բակում ժողովածներին: Կոտորողներից մէկն է լինում և պրիստաւի որդին: Ինքը պրիստաւը կանանց մէջ ընյած ընտրում էր գեղեցիկներին: Այդ ժամանակ անցնում են Մուղանլու կոչված թարաքամաները, որոնք աւելի բարեխիղճ են քան իրանց եղբայր–կրօնակիցները. նրանք իրանց հետ պատւով տանում ազատում են մնացածներին:
Լուրը հասնում է Գօրիս: Գաւառապետն ու Ներսէս վարդապետը գնում են օգնութեան: Օգնութիւն միայն աւերակներին ու թալանվածներին: Մինչդեռ 21-ին, լուր էր հասել, որ Մինքենդը կոտորում են, գաւառապետ Աւալեանին զբաղված էր Խնձորեսկը շրջապատած թուրքերի բանակցութիւններով: Իլդրիմ բէկ Սուլթանովը մի քանի թալանչիների գլուխն անցած բանակցութիւնների մէջ է մտնում գօրիսեցիների հետ: «Ձեր դիրքերը վերցրէք, որպէս զի հաշտութիւնը կատարեալ լինի, ասում է Իլդրիմ բէկը, ապա թէ ոչ կարձակեմ արշաւող ամբոխին», այդ է պատուիրում պրիստաւ Վօսկրեսենսկու միջոցով: «Ձեր դիրքերը վերցրէք, որպէս զի գործս հեշտանայ, յարձակումը յետ չը մղվի», հասկացվում է Իլդիրիմի նամակից: Եւ այսպիսի երկար ու բարակ բանակցութիւնները ժամանակ և միջոց են տալիս Մինքենդը աւերելու: Թալանում են գիւղի եկեղեցին:
Ծանր է արձանագրել, որ կոտորածը կազմակերպել է Ասլանով պրիստաւը, որին աջակցել է Իլդիրիմ բէկի ուղարկած մարդը: Իլդիրիմի խօսքով գաւառապետ Աւալեանին գօրիսեցիներից պահանջում է վերցնել խաղաղ և անվնաս դիրքերը աւելի հեշտ յարձակւելու, որը արդարացի կերպով վկայում է դատական մասի պրիստաւ Սուլէյման բէկը: Այս կազմակերպել են Սադըղ բէկն ու Իլդիրիմ բէկը:
Բայց չը նայած այդ բոլորին, սադըղ բէկը կրկին ազատ է:
Անցեալ օրը պրինց Նապօլէոնը գաւառապետի և Ներսէս հայր սուրբի հետ գնաց Մինքենդ: Ըստ կազմած ցուցակի սպանուածների թիւն է 238, վիրաւորների 30, իսկ մնացած մօտ 400 հոգին ցրված են Գօրիս, Խոզնաւար, Խնձորեսկ և միւս հայ գիւղերում: Ինչ կը լինի վերջը, այդ էլ հարց է: Չը նայած, որ մինքենդցիներին կոզակներ է տրւում հաւաքելու իրանց ցանքսը, բայց ահաբեկված հայը գերադասում է սովից մեռնել:
Առ այժմ բռնված են մօտ 35 թուրք խռովարար և կռուին մասնակից մարդիկ: Բայց Սադըղը իր արբանեակներով ազատ է:
Ալիղուլի գիւղի ամբողջ ցանքսը կրակված է: Անասուններն ու կենդանիները տարված: Սպանված են 9 հայ: Հարար գիւղը իր ամբողջ եղածով քշել տարել են: Սպանութիւներ առ այժմ չը կան: Գիւղը դատարկ է: Բոլորին գերի են տարել:
Շարունակվում է նոյն դրութիւնը: Վիրաւորները պահվում են Գօրիսում: Ընտվել է մի կօմիսիա, որը արդէն իր դերի մէջ է մտել և սկսել է վիրաւորների ու սովեալների խնամքը:
ՆՕԷՄԻՍ [ՍԻՄԷՕՆ ՏԷՐ–ՄԻՆԱՍԵԱՆ]