Գավառի զգալի մասը լեռնային է և անտառածածկ: Սևասարի տարածքի լեռները կազմում են Հայկական Տավրոսի շարունակությունը, որ Ստրաբոնի[2] կողմից անվանվում է Հայկական[3]: Կարելի է կարծել, որ սա Ստրաբոնի կողմից տրված պայմանական անվանում է, քանի որ ո՛չ տեղացիները, ո՛չ էլ հայ մատենագիրները այդ անվանումը երբևէ չեն օգտագործել: Գավառի լեռները, գտնվելով Արաքս գետի և Ուրմիա (Կապուտան) լճի միջև, կազմում են ինքնամփոփ բարձրադիր Ղարադաղի շրջանը կամ հին հայկական Արտավանյան և Ալևան գավառները: Հայկական լեռների գագաթներից հայտնի է Հաշտասարը (2954մ): Էրատոսթենես Կիրենացին[4] այս լեռներում հիշատակել է Դրունք Հայոց լեռնանցքը, որը XIV դարի պարսիկ հեղինակ Համդալլահ Ղազվինին[5] անվանել է «Արմինիյան անցք»: Այս լեռնանցքից ճանապարհը տանում է դեպի Քարավազի կամուրջը (ներկայումս՝ Խուդափերինի կամուրջը)[6], որի հյուսիսային եզրին` Արաքսի ձախ ափին` Սյունյաց աշխարհի Մյուս Բաղք կամ Քաշունիք գավառում, գտնվում էր Սյունիքի Ակորզ կամ Նակորզան քաղաքը[7]: Ղարադաղը Մարանդից բաժանվում է մի գեղեցիկ լեռնաշըղթայով, որին տեղացիներն անվանում են Սիլյանսար: Լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը, որ գտնվում է նրա կենտրոնում, նույն անունն է կրում՝ բրգաձև, ահարկու տեսքով, կարծես թե մի հզոր ձեռք այն բռնել և պտտել է: Դեռ անհիշելի ժամանակներից այդ լեռը տեղացիների համար պաշտամունքի առարկա էր[8]:
Ղարադաղի լեռնաշղթան արևելքից եզրափակում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հրաբխային բարձրավանդակը: Դիզափայտի և Սյունիքի լեռներից Ղարադաղը բաժանված է Արաքս գետի հունով, որը տեղ-տեղ բավականին նեղ է, որոշ տեղեր էլ՝ լայն ու հարթավայրային: Մինչև Սյունիքի և Ղարադաղի լեռներին հասնելը Արաքսի հունը հարթավայրային և անկայուն է: Հունի անկայունությունից է, որ երկար չէին դիմանում Արաքսի վրա հռոմեացիների կառուցած կամուրջները, և այդ պատճառով է, որ Արաքսը հռոմեական բանաստեղծության մեջ անվանված է «կամուրջի չհամբերող»[9]: Հասնելով հին Ջուղա՝ Արաքսն ուղղվում է դեպի արևելք և ճեղքում Զանգեզուրի և Ղարադաղի լեռնաշղթան, կազմում նեղ ու մռայլ կիրճ: Արաքսը, Մեղրիի մոտ խցկվելով ժայռերի մեջ, կազմում է քարավազներ և ահագին աղմուկ է հանում անձուկ ճեղքվածքների մեջ: Այս ահեղ և վայրենի տեսարանը մի ճանապարհորդ անվանել է «դժոխաձև» և ավելացրել, որ ուրիշ ոչ մի տեղ հնարավոր չէ տեսնել լեռնային արգելքների դեմ այսքան ուժգնությամբ կռվող գետ, որ փրփրած այս ու այն կողմ է զարնվում՝ նեղ կիրճը լցնելով ջրային փոշիով[10]:
Սևասարի լեռները դեռ մոտ անցյալում համարյա թե ծածկված էին կուսական անտառներով, որոնք, չնայած անդադար անտառհատումների (ողջ Ատրպատականում մեծ պահանջարկ էր վայելում ղարադաղցիների պատրաստած փայտածուխը), ներկայումս պահպանվել են բավական չափով: Տեղի անտառները մեծ մասամբ կազմված են կաղնի, թխկի, հացի և այլ լեռնային գոտիներին հատուկ ծառատեսակներից: Պտղատու ծառերից բավական տարածված են ընկուզենին, կեռասենին, նռնենին, թթենին, խնձորենին, տանձենին և այլն: Անտառային գոտիները հարուստ են հատապտղային թփերով ու ծառերով, ինչպես, օրինակ՝ մոշին, վայրի վարդենին, վայրի հաղարջը, զկեռը, սեզնը, մորին:
Սևասարի անտառները լիքն են եղել վայրի կենդանիներով, սակայն անտառները անխնայորեն հատելու և տեղացիների մոտ տարածված որսի սովորությունները կենդանական աշխարհին էական վնաս են հասցրել: Այնուամենայնիվ դեռ կարելի է հանդիպել արջ, գայլ, աղվես, շնագայլ, խոզ, նապաստակ: Ղարադաղի տարածքից է պարբերաբար Սյունիք և Արցախ անցնում տարածաշրջանի ամենախորհրդավոր և հազվագյուտ գիշատիչներից մեկը՝ բծավոր բորենին: Թռչնաշխարհը գրեթե նույնն է, ինչպես Սյունիքում և Արցախում: Բավական տարածված են լորը, կաքավը, մրրկահավը: Չնայած խիստ տարածված է կաքավի որսը, այդուհանդերձ նրանց խմբերը Ղարադաղի քարափների մշտական զարդն են կազմում:
Գավառի ջրերի մասին անկարելի է երկու տողով գրել: Լեռներն ու ձորերը բավական հարուստ են աղբյուրներով: Գետերը թափվում են Արաքս: Տարածված են նաև հանքային և տաք աղբյուրները[11], որոնց ավելի մանրամասն կանդրադառնանք գավառակներին և գյուղերին նվիրված մասում: Եղանակային պայմանները խիստ բազմազան են, և կլիմայական գոտիները իրար են հաջորդում բավական կարճ տարածության վրա՝ Արաքսի հովտի արևադարձայինից մինչև գավառի լեռների բարեխառն գոտիները: Ձմռանը կիրճերն ու ճանապարհները փակվում են, և գյուղերը կտրվում են իրարից[12]:
Սևասարի տարածաշրջանում քաղաքներ չեն հիմնվել կամ ձևավորվել: Գավառը երբեք աչքի չի ընկել տնտեսական առաջադիմությամբ: Այն հիմնականում եղել է ագրարային՝ կազմված գյուղական համայնքներից:
Պատճառն այն է, որ գավառի տարածքով չէին անցնում առևտրային նշանակության ճանապարհներ: Հնդկաստանից, Չինաստանից, Միջին Ասիայից Պարսկաստանի կենտրոնով եկող առևտրային մայրուղիները հանգուցվում էին Թավրիզում, այնուհետև ձգվելով դեպի հյուսիս-արևմուտք՝ ճյուղավորվում և անցնում էին Սեվասարին արևմուտքից սահմանակից Մարանդ գավառի համանուն քաղաքով: Մի ճյուղը գնում էր Նախիջևանով դեպի Այրարատ նահանգի քաղաքները, մյուս ճյուղը Մարանդից անցնում էր Հեր (Խոյ), Վան՝ շարունակվելով դեպի արևմուտք: Գավառին ամենամոտ գտնվող միջնադարյան նշանավոր քաղաքային բնակավայրերն էին՝ Մարանդը[13]` (գավառի տարածքից մոտ 25կմ դեպի հարավ-արևմուտք) և Թավրիզը (մոտ 42կմ դեպի հարավ):
Խորհրդահայ նշանավոր պատմաբան Ս. Երեմյանը ներկայիս Ղարադաղի տարածքը նույնացրել է Անանիա Շիրակացու հիշատակած Վասպուրականի Պարսպատունիք գավառի հետ:
Ընդ որում, նշանավոր պատմաբանի կարծիքով` Բասորոպեդա-Պարսպատունիքը ընդգրկել է 5550 կմ2 տարածություն[14]: VII դարի հայ նշանավոր գիտնական Անանիա Շիրակացին Պարսպատունիք անվամբ գավառ հիշատակել է իր «Աշխարհացույցում»՝ ընդգրկելով Վասպուրական երկրամասի գավառների շարքում`առանց տեղորոշված սահմանների[15]: Հատկանշական է, որ նախքան Շիրակացին և Շիրակացուց հետո Պարսպատունիք գավառանունը չեն օգտագործել հայ մատենագիրներից ոչ մեկը:
Ս. Երեմյանի կարծիքը չի կիսում պատմաբան Բաբկեն Հարությունյանը, որը Ղարադաղը նույնացնում է Վասպուրականի Արտավանյան և Փայտակարանի Ալևան գավառների հետ: Մասնավորապես՝ նա Արտավանյան գավառը տեղորոշում է Վասպուրականի ծայր արևելքում՝ Արաքս գետի աջ ափին՝ Գողթնի սահմաններից մինչև Ողջի և Արաքս գետերի միախառնման վայրը, որը գրեթե համընկնում է Ղարադաղի արևմտյան երկու՝ Դզմար և Հասանով գավառակների տարածքներին: Իսկ Ղարադաղի արևելյան գավառակները՝ Մեշափարա, Մինջվան (Մնջվան), Քեյվան, նշանավոր պատմաբանը նույնացնում է Փայտակարանի Ալևան գավառի հետ, որը տեղորոշում է Փայտակարանի ծայր արևմուտքում՝ Արաքսի աջ ափին՝ Ողջի գետի միախառնման վայրից մինչև Հորադիզի հանդիպակաց լեռնազանգվածները[16]:
Բ. Հարությունյանը մերժում է Բոսորոպեդան Պարսպատունիքին նույնացնելու և Ղարադաղում տեղադրելու տեսակետը: Մերժում է և այն, որ, ըստ «Զորանամակի», 50 զինվոր մարտադաշտ դուրսբերող Պարսպատունիք նախարարական տոհմը չէր կարող տիրել այդպիսի մեծ տարածքի[17]: Հակված լինելով այն տեսակետին, որ Պարսպատունիքը պետք է գտնվեր Վասպուրականի արևմուտքում, Բ. Հարությունյանը այն տեղադրել է Հերից արևմուտք՝ Կոտոր[18] գետահովտում[19]: Նա գրում է, որ, դատելով «Աշխարհացույցում» Արտավանյանին հաջորդող գավառների դիրքով, Արտավանյանն ամենայն հավանականությամբ գտնվել է Մարդպետական հատվածում[20]՝ Կոտոր կամ Կարմիր գետից արևելք ընկած շրջանում[21]: Գավառի անվան ծագումը կապվում է Պարսկաստանում պարթև Արշակունիների հարստության անկման և Սասանյանների իշխանության գլուխ անցնելու հետ: Վերջին պարթև Արշակունի Արտավանի հարազատները և շատ կողմնակիցներ, Սասանյան Արտաշիրից փրկվելով, ապաստան գտան Արշակունյաց Հայաստանում: Ըստ երևույթին՝ հայոց արքունիքը նրանց կալվածքներ է տվել Մարդպետական կողմերում՝ ստեղծելով Արտավանյան գավառը: Թե մասնավորապես որտե՞ղ էր այն տեղադրվում, հեղինակը դժվարանում է ասել, քանի որ ոչ մի հուշող տեղեկություն չի պահպանվել: Ենթադրաբար նա այն տեղորոշել է Ղարադաղում, որտեղ մի քանի տեղանուններ կարծես թե խոսում են դրա օգտին:
Ըստ հեղինակի՝ հնարավոր է, որ Արտավանյան տեղանվան հետքերը պահպանում է Վանստան գյուղը: Պարթև Արշակունիների այստեղ գտնվելու մասին կարող է վկայել Արտաշիր գյուղը[22]:
Այս դեպքում կրկին հատկանշականն այն է, որ նախքան Շիրակացին և Շիրակացուց հետո Արտավանյան և Ալևան գավառանունները չեն օգտագործել հայ մատենագիրներից ոչ մեկը:
Մեր կարծիքով՝ գավառի անվանման հարցում առավել հավաստի է Բ. Հարությունյանի տեսակետը, որի հիմքը «Աշխարհացույցն» է: Ղարադաղը նույնացվում է Վասպուրականի Արտավանյան և Փայտակարանի Ալևան գավառների հետ: Դրա օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ իրենք՝ ղարադաղցիները, և վաղ շրջանի հետազոտողներն ու մտավորականները, Ղարադաղը համարել են Փայտակարան աշխարհի մաս: Չնայած այս ամենին՝ գտնում ենք, որ այդ գավառանունները տեղացիների կողմից երբեք չեն կիրառվել, այլ, այսպես ասած, կենտրոնական իշխանությունների կամ դրսի աշխարհագիրների կողմից տվյալ տարածքներին տրված անուններ էին: Իսկ որպես ինքնանվանում՝ ծառայել է Սև սար կամ Սևասար անվանումը: Այդ մասին ակնարկ կա XIII դարի Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն տանն Սիսական» աշխատության մեջ[23], որը, կարծես, աննկատ է մնացել մեր պատմաբանների կողմից: Հետագա ժամանակաշրջանում այդ անվանումը տարածաշրջան ներթափանցած թուրքալեզու ազգությունների կողմից, իրենց սովորության համաձայն, բառացի թարգմանվել է, և պատճենված անվանումը, արդեն մեր սովորության համաձայն, տարածում է ստացել:
Կորյունի (V դար), Փավստոս Բուզանդի (V դար), Ղևոնդի (VIII դար) աշխատություններում ներկայիս Ղարադաղի տարածքը արևմուտքից սահմանակից Մարանդ գավառի հետ միասին հիշատակվել է Մարաց կողմեր անվամբ: Մատենագրական տեղեկությունների հիման վրա կարելի է եզրակացնել, որ Մարանդ տեղանունը ստեղծվել է հայկական միջավայրում: Այն, հավանական է, կազմված է մար (ցեղանունից) և հնդեվրոպական անդ «տեղ, այնտեղ» (ա նախամասնիկ +ն (նա, այն)+*t>d՝ անդ)՝ «մարերի տեղ, վայր, բնակավայր», համեմատել՝ Մարաստան: -Անդ տեղանվանական մասնիկը տարածված է եղել հայոց մեջ՝ Վանանդ, Բագրե-վանդ, Եռանդ, Զարավանդ, Հաբանդ և այլն:
Առաջին անգամ հայատառ ձեռագրերում գավառը հիշատակվել է Կորյունի «Վարք Ս. Մեսրոպ Մաշտոցի» աշխատության մեջ Մարաց կողմեր (ի կողմանս Մարաց) անվանմամբ՝ նկատի ունենալով Մարանդ գավառը և Ղարադաղի տարածաշրջանը[24]: Հիշատակումը կապված է նախքան գրերի գյուտը Մեսրոպ Մաշտոցի Գողթան գավառում քրիստոնեության քարոզման և տարածման ուղղությամբ վարած գործունեության հետ, ինչի հետևանքով Գողթանի հեթանոսական քրմերը հալածվել կամ փախչել են Արաքսի մյուս ափը՝ Մարաց կողմերը:
XIII դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, նկարագրելով գողթանցի կրոնավոր հայր Գյուտի Արաքսի ափին հիմնած վանքի[25] կալվածքների սահմանները, որոնք հատկացվել են Սյունյաց իշխանի կողմից, նշում է, որ դրանք սկսում էին Սևասարից մինչև Թզենու գետը, այնտեղից մինչև ուրկանոցի այգիները[26], այնտեղից` մինչև Աղավնո գետի պըտույտները, Նակորզանի եկեղեցու դիմաց[27]: Սյունյաց պատմիչի նշած Սևասարը, անկասկած, ներկայիս Ղարադաղն է:
Որոշ աղբյուրներում Ղարադաղ անվան ծագումը կապում են գավառի լեռների պարսկական Սիահ Կուհ՝ کوه سیاه (թարգմանաբար՝ սևսար) անվանման հետ, ինչը, կարծում ենք, նույնպես ճիշտ չէ[28]: Ավելին, այն նույնպես հայկական անվանման թարգմանությունն է: Նախ՝ հայկական անվանումը ժամանակագրական առումով ամենահին հիշատակվածն է, և երկրորդ՝ բավական է նշել այն փաստը, որ դեռ հնագույն ժամանակներից գավառի բնակչությունը կազմել են հայերը, իսկ պարսիկներ այդտեղ երբեք չեն բնակվել ո՛չ անցյալում, ո’չ էլ ներկայումս:
Գավառի Սևասար կամ Սևսար անվանումը հետագա մատենագիրներից հանդիպում ենք XVIII դարի մատենագիր Ղուկաս Սեբաստացու մոտ «Դավիթ Բեկ կամ պատմություն Ղափանցոց» աշխատությունում[29]: Ուշ միջնադարի և նոր ժամանակաշրջանի հայ մատենագիրների՝ Զաքարիա Ագուլեցու[30] (XVII դար) և Աբրահամ Կրետացու[31] (XVIII դար) երկերում մենք արդեն հանդիպում ենք Ղարադաղ անվանումը:
Այսպիսով՝ կարծում ենք՝ Սևասարի տարածաշրջանը նույնանում է Վասպուրական նահանգի Արտավանյան և Փայտակարան նահանգի Ալևան գավառներին, չնայած դրան վարչատնտեսական առումով այն ավելի շատ կապված էր Ատրպատականի, Արցախի և Սյունիքի հետ:
[1] Հայոց պատմություն, հատ. II, գիրք I, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, «Զանգակ» հրատ., Երևան, 2018 (քարտեզ՝ «Հայաստանն ըստ «Աշխարհացոյց»-ի», հեղինակ՝ Հարությունյան Բ. Հ.):
[2] Ստրաբոն (մ.թ.ա. 64(63)-մ.թ. 23(24)): Հույն պատմիչ և աշխարհագրագետ։ Ծնվել է բարձրաշխարհիկ ընտանիքում։ Սովորել է Նյուսայի և Հռոմի ճարտասանական դպրոցներում։ Ստացել է փիլիսոփայական կրթություն: Ստրաբոնը ճանապարհորդել է Հունաստանում, Փոքր Ասիայում, Հայաստանում, Իտալիայում և Եգիպտոսում։ Գրել է «Պատմական հիշատակարաններ» խորագրով աշխատությունը՝ բաղկացած 43 գրքից (https://www.encyclopedia.am):
[3] Հայ ժողովրդի պատմություն, հատ. I, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Պատմության ինստիտուտ, Երևան, 1971, էջ 17:
[4] Էրատոսթենես Կիրենացի (մ. թ. ա. 276, Կիրենա — 194, Ալեքսանդրիա): Հելլենիստական դարաշրջանի հույն աշխարհագետ, աստղագետ, մաթեմատիկոս և բանասեր։ Մուսեյոնի գրադարանի հիմնադիր, Պտղոմեոս IV Փիլոպատոր արքայի դաստիարակ:
[5] Համդալլահ Ղազվինի (1281-1350): Պարսիկ մատենագիր: Գըրել է տարբեր բնույթի ստեղծագործություններ։ 1340թ. ավարտած «Սրտերի զվարճությունը» պատմաաշխարհագրական ստվար աշխատությունը կարևոր սկզբնաղբյուր է նաև Հայաստանի XIII-XIVդդ. տնտեսության և աշխարհագրության ուսումնասիրության համար:
[6] Սյունիքի պատմական տարածքում է գտնվում Քարավազի կամ Խուդափերինի պատմական կամուրջները: Նրանք երկուսն են՝ հին և նոր: Հին կամուրջը քանդված է, իսկ նոր կամուրջը կանգուն է, բայց չի օգտագործվում: Պատմական Սյունիքի Աղահեճք գավառը, իսկ հետագայում Արցախ աշխարհի Դիզակի մելիքությունը Արաքս գետով հարևան Իրանին կապող կամուրջը դարեր շարունակ եղել է Խուդափերինը (պարսկերենից նշանակում է Աստվածաստեղծ) կամ Քարավազը, որն ունեցել է 11 թռիչք, 130մ երկարություն, 6մ լայնություն, ջրի մակարդակից բարձր է 12մ: Արաբական և պարսկական աղբյուրներում կամուրջը վկայված է Հուդաֆերին, Խուդափերին անուններով (ավելի մանրամասն տե՛ս՝ Քումունց Մ., Ըռքոյան Զ., Քարավազ (Խուդափերին). կամուրջը և պատմական տարածքը, Գիտական ընթերցումներ (հոդվածների ժողովածու) թիվ 1, Արցախի պետական համալսարան, Ստեփանակերտ, 2016):
[7] Ըստ տեղեկությունների՝ Նակորզանը IV դարի վերջին կառուցել է Անդոկ իշխանի որդի` Պապ թագավորի մորեղբայր Բաբիկ իշխանը: Այն ունեցել է այլ անուններ ևս՝ Նորակորզան, Նխկորզան (այս մասին տե՛ս՝ Dasxuranci M., The History of Caucasian Albanians, London, Oxford university press, New York-Toronto, 1961, p. 64):
[8] Հովհաննես Հ., «Ղարադաղի հայերը», Ազգագրություն, հատ. I, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, «Գիտություն» հրատ., Երևան, 2009, էջ 15:
[9] Լեո, Երկերի ժողովածու, հատ. I, «Հայաստան» հրատ., Երեվան, 1966, էջ 129:
[10] Ղեւոնդ Ալիշան, Սիսական, «Հայագիտակ» հրատ, Երևան, 2011, էջ 321:
[11] «Աղաղան», հունվար, 1912, թիվ 1, էջ 9-10 (հեղինակ՝ Բակունի Բ.):
[12] «Աղաղան», հունվար, 1912, թիվ 1, էջ 27:
[13] XX դարի սկզբին ուներ 10000 մահմեդական բնակիչ, ընդարձակ պարսպապատ շուկա, հին բերդ, մզկիթ, Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերածվել է անշուք գյուղի: Մարանդը՝ որպես քաղաք, առաջինը հիշատակել է Սեբեոսը (VII դար): Եղել է բազմամարդ հայաբնակ քաղաք: Ըստ ավանդության՝ առասպելական Նոյ Նահապետի կինը՝ Նոյեմզարը, այստեղ է թաղվել: Մարանդ քաղաքում են թաղված սելջուկյան աշխարհակալ սուլթանության մեծանուն երեք սուլթաններից երկուսը՝ Ալփասլանը (1063-1072) և Մելիքշահը (1072-1092): Որպես գավառանուն՝ Մարանդը առաջինը հիշատակվել է Մովսես Խորենացու կողմից՝ կապված այդտեղ հայոց Արտաշես Արշակունի (Խորենացու հիշատակած Արտաշեսը որոշ պատմաբանների շրջանում նույնացվում է Տրդատ Ա Արշակունու հետ) թագավորի հիվանդանալու և մահանալու հետ:
[14] ՀԺՊ I, էջ 17:
[15] Անանիա Շիրակացի, Մատենագրություն, «Սովետական գը-րող» հրատ., Երևան, 1979, էջ 295:
[16] ՀՊ 2018, հատ. II, գիրք I, քարտեզ՝ թիվ 1, հեղինակ՝ Հարութ-յունյան Բ.:
[17] Адонцъ Н., Арменiя въ эпоху Юстинiана, С.Пeтeрбургъ, 1908, с. 251.
[18] Կարմիր, Ագչայ, Ակչայ, Աղչայ, Կզլչայ, Ղզըլչայ, Քըըզլչայ, վերին հոսանքում՝ Կոտոր, գետ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի աջ վտակը։ Երկարությունը՝ մոտ 170 կիլոմետր։ Սկիզբ է առնում Կոտուրի (Վասպուրականի լեռներ) լեռնաշղթայի արևմտյան լանջից։ Հոսում է նախ դեպի արևելք, ճեղքում Կոտուրի լեռնաշղթան, ապա թեքվում հյուսիս-արևելք, ընդունում ձախից Էլենդ (Աղանդռոտ), Աղչայ, իսկ աջից՝ Մարանդ (Զիլբիրչայ) վտակները և Նախիջևանի դաշտում միախառնըվում Արաքսին։
[19] Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյցի», Երևանի համալսարանի հրատ., Երևան, 2001, էջ 370-371:
[20] Մարդպետական տիրույթները հյուսիսում սահմանակցում էին Արաքս գետին՝ Ջուղայից մինչև Ողջի և Արաքսի միախառնման վայրերը, հարավից՝ Ուրմիա լճին` ներառելով Մարանդը (ՀՊ II, գիրք I, քարտեզ N1, հեղինակ՝Բ. Հարությունյան):
[21] Հարությունյան 2001, էջ 373:
[22] Հարությունյան 2001, էջ 375:
[23] Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն (թարգմ., նե-րած. և ծանոթ. Ա. Աբրահամյանի), «Սովետական գրող» հրատ., Երևան, 1986, էջ 117:
[24] Կորյուն, Վարք Մեսրոպ Մաշտոցի, «Հայաստան» հրատ., Երևան, 1994, էջ 40 (ծան. 55):
[25] Սա այն վանքն է, որտեղ ճգնել է Երիցակ կրոնավորը, ով հետագայում այդ նույն հայր Գյուտի հրամանով և օժանդակությամբ շինեց Երիցվանքի Նոր Երուսաղեմ (Սբ. Նախավկա) եկեղեցին ու վանական համալիրը (Օրբելյան 1986, էջ 111):
[26] Խոսքը Երիցավանքի բորոտանոցի տիրույթների մասին է, որը հետագայում հայր Գյուտը հատկացրել է Երիցակ կրոնավորին:
[27] Օրբելյան 1986, էջ 117:
[29] Ղուկաս Սեբաստացի, Դավիթ Բեկ կամ պատմություն Ղափանցոց, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 1992, էջ 22, 23:
[30] Զաքարիա Ագուլեցու Օրագրությունը, ԽՍՀՄ ԳԱ Հայկական ֆիլիալ, «Արմֆանի» հրատ., Երևան, 1938, էջ 94:
[31] Կաթողիկոս Աբրահամ Կրետացին Ղարադաղը հիշատակել է 1736թ. դեպի Մուղանի դաշտավայր կատարած ճանապարհորդության դեպքերը նկարագրելիս. Մուղանի դաշտավայրում նա պետք է մասնակցեր Նադիր Շահի թագադրման արարողությանը (Աբրահամ Կրետացի, Պատմություն, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան 1973, էջ 77):