Ս․ Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ Արահուծից հետո (ներկայում՝ Արավուս) նշվում է Հայելեակ գյուղը՝ 6 միավոր հարկով[1]։ Մեզ չի հանդիպել Հայելեակ գյուղին վերաբերող որևէ ուսումնասիրություն[2]։ Հնագիտական որոշ ուսումնասիրություններում նշվում է, որ մ. թ. ա. II հազ. վերջում և I հազ. սկզբում տարածաշրջանում [Քաշաթաղ], արձանագրվում է տնտեսական և քաղաքական կյանքի աշխուժացում[3]։ Հ. Կարագյոզյանն էլ կարծում է, որ Աղահեջք գավառի, այլև Հայելեակ գյուղի անվանումը (Ծիծեռնավանքից 5 կմ արլ․) ծագել են Ծովինարի՝ ուրարտական շրջանի ժայռափոր արձանագրությունում վկայվող «Էլաինե»-ից[4]:
Նշենք, որ Վաղատուր գյուղը բաժանված է երկու մասի՝ Վաղատուր և Հալաք || Հա̈լա̈ք կամ Վերին թաղ։ Հալաք թաղամասում է գտնվում Հալաքի` եռանավ սրահով եկեղեցին, որ սխալմամբ վերագրում են 19-րդ դարին[5]։
Արդ՝ կարծում ենք, որ ներկայիս Հալաք || Հա̈լա̈ք թաղամասը նույն Հայելեակ գյուղն է, որի մասին նշվում է Օրբելյանի՝ Աղահեճք գավառի հարկատու գյուղերի ցանկում։ Հալաք || Հա̈լա̈ք-ը Հայելակ-ի բարբառային տարբերակն է։ Առայժմ չենք կարող հստակ ասել, թե ինչ է նշանակում Հայելակ-ը։ Ունենք կանխավարկած, ըստ որի՝ այն առաջացել է հայ (հայել «նայել» +ել+ակ) «դիտանոց» անհայտ ծագմամբ հայերեն բառից։ Հետագայում, երբ գյուղը շուրջ 74 տարի հայազրկված է եղել, Հայելակ-ը չի ըմբռնվել կամ աղավաղվել է ու դարձել Հալաք || Հա̈լա̈ք։
Այսպիսով՝ կարող են վերականգնված համարել Ս․ Օրբելյանի վկայաբերած հայկական բնակավայրերից մեկը՝ Հայելակ-ը, որ գտնվել է Հաբանդն գավառի Վաղատու գյուղին կից[6]՝ Աղահեճքի սահմանում՝ սահմանագլխին՝ «Արահուծի» և «Ծիծառնուվանքի» շրջակայքում (ըստ հին ցուցակի) [7]՝ Կադոհորինքին նախորդող[8]։
Անունը պահպանվել է տարածքում և անցել եկեղեցու վրա՝ Հալաքի [Հայելեակի] վանք։
[1] Օրբէլեան Ստեփաննոս, Պատմութիւն նահանգին Սիսական, հատ. Ա, Բ, Ի գործատան Կ.Վ. Շահնազարեանց, Փարիզ, 1859, հատ. Բ, էջ 266։
[2] Եթե կան այդպիսիք, ուրախ և շնորհակալ կլինենք մեզ տրամադրելու համար։
[3] Սարգսյան Գ․Մ., Գնունի Ա․ Վ., Հակոբյան Ա․ Հ., Սյունիքի արեւելյան սահմանների պաշտպանական համակարգի ձեւավորումը մ. թ. ա. II-I հազարամյակներում, «Վեմ համահայկական հանդես», 2014, թիվ 1, էջ 154։
[4] Կարագեոզեան Յ., Սեպագիր տեղանուններ (Այրարատում եւ յարակից նահանգներում), Երևան, 1998, էջ 142։
[5] Ըստ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ցանկի։
[6] Օրբելյան Բ, 1859, էջ 267։
[7] Օրբելյան Բ, 1859, էջ 266։
[8] Ըստ Ս․ Օրբելյանի 1861թ․ հրատարակության (Էջ 375):