Ճակատագրի դառը հեգնա՞նք, թե՞… (ակնարկ)

Spread the love

Տանձատափ գյուղի արևմտյան բարձրադիր թավ անտառապատ լանջերի ավելցուկ ջրերը տարին կլոր քամվում-հավաքվում են ուռենիներով պատած նեղ ձորակում և իջնելով ներքև՝ գյուղը բաժանում ուղիղ երկու կեսի: Բնակիչները այստեղ շուրջ տարին վայելում են առվի քաղցր ու հաճելի խոխոջն ու երգը, որը գարնանային հալոցքներին ու տեղատարափներին բազմապատիկ վարարուն է դառնում, ու նրա փափուկ սոպրանոն փոխվում է չափավոր բասի: Ջրային այդ ուղին գյուղաբնակները Արխ են անվանում «ջրատար», որը բնակավայրի ներսում սկսվում է մաճկալ-ռանչպարների տներից և ավարտվում ջրաղացպան Վաղարշակ Հովհաննիսյանի տան հարակից հատվածներով: Եթե առաջինները ցանող-հնձող-հավաքողներն են, ապա վերջինը ցորենը ալյուրի վերածողն է: Ինչ խոսք, սա իր մեջ աստվածային խորհուրդ ունի:

1940-ական թվականներից մինչև 1960-ական թվականի կեսերը գյուղը նման էր մրջնաբնի: Երբ օրը բացվում էր, մեծամասամբ միայն հետիոտնի համար անցանելի ուղիներով տներից դեպի բնակավայրի կենտրոն, այլ հավաքատեղիներ էին շարժվում տարբեր տարիքի, հագուստ-կապուստի տղաներ ու աղջիկներ, չափահասներ ու տարիքավորներ: Եթե ժամանակին հնարավորություն լիներ թռչնի թռիչքի բարձրությունից նկարահանել այդ պատկերը, հավատացեք, ոչնչով այն չէր տարբերվի մրջնաբնի ու դրա շրջակայքի շարժից: Բացարձակապես բոլոր ընտանիքները բազմազավակ էին, ամեն  տնից միջին հաշվով  7-10 երեխա էր դուրս գալիս: Նրանք հավաքվում էին հողածածկ կտուրներին, դպրոցամերձ ու բնակելի թաղերին հարող հրապարակներում, այլ հարմարավետ տեղերում և խաղում խմբային ու անհատական ամենբազմազան խաղեր: Նրանց ոգևորությունն ու խաղային բարձր տրամադրությունը վեր էր ածվում անչափ հաճելի մի երաժշտության, որը չէր լռում մինչև մութն ընկնելը, անգամ նաև լուսնի կաթնագույնի ներքո: Չեմ հիշում այնպիսի մի դեպք, որ գյուղում երեխաների, նաև երիտասարդների այդ ակտիվ ու տևական շարժը վերածվեր անկառավարելի աղմուկ-աղաղակի կամ էլ լուրջ վեճերի: Ծեծկռտուքի մասին ընդհանրապես ավելորդ է խոսել: Զսպվածությունը, փոխադարձ հարգանքն ու միմիանց հասկանալը ընդհանուրի պահվածքում միանշանակ հարգի էր: Այդպես էր․․․

Ներկա սերնդին քիչ հասկանալի կլինի ասվածը, բայց այդպիսի կյանք մենք տեսել և ապրել ենք:

Այսպիսի միջավայրում էին ծնվել, հարևանությամբ աշխարհ եկել ու հասակ առել տներն ու բակերը իրար հարող երկու ընկեր, որոնք, ի դեպ, նաև լավ ընդունված էին գյուղում: Նրանց բաժանողը միայն երկու տների արանքով սրընթաց հոսող գյուղամեջի Արխն էր, որը երկուսի համար էլ ամառ թե ձմեռ քաղցր մեղեդի էր հյուսում և գիշերները ոսկի երազների աշխարհ տանում նրանց: Ընկերներից յուրաքանչյուրը տեսել էր մեր հրաշք բնաշխարհի ընդամենը քսան ծաղկառատ ու բուրմունք արտաշնչող գարուն:

Ամեն-ամենը Մամիկոնի և Անդրանիկի համար դեռ առջևում էր՝ իրական և առասպելական ցանկություններով ու ձգտումներով լի: Դռկից հարևանությամբ ապրում էին նրանց ծնողները՝ իրենց բազմանդամ ընտանիքներով, ապրել էին պապերն ու ապուպապերը, քարից հաց քամել, միասին հաղթահարել ծանր ժամանակների հոգսերն ու դառնությունները, վայելել ոչ հաճախ իրենց բաժին հասած ուրախությունները, թիկունք կանգնել միմյանց: Գյուղում նույնիսկ այն կարծիքն էր շրջանառվում, որ երկու ընտանիքների հեռավոր արմատը մեկն է եղել: Սա իրական է, թէ ոչ, կարևոր չէ, բայց այն, որ երկու գերդաստաններն էլ իրար նկատմամբ մեծով ու փոքրով միշտ հարազատ են եղել, ոչ ոք չի կարող ժխտել: Այս շունչն ու ոգին էին իրենց մեջ կրում երկու ընկերները: Այդ ոգով էր նրանց խոսքն ու զրույցը, առօրյան, նաև կատակն ու հումորը: Անգամ մեկը մյուսին մականուն էր կպցրել. Անդրանիկը Մամիկոնին Զաքի էր կանչում, իսկ Մամիկոնը Անդրանիկին՝ Մաթի: Զաքին Մամիկոնենց պատկից ապրողն էր՝ իրենց տոհմակիցը, իսկ Մաթին Անդրանիկի մայրական կողմի ներկայացուցիչը: Բանը նրանում էր, որ Զաքու և Մաթու շուրջ գյուղում երբեմն հետաքրքրաշարժ և ծիծաղ առաջ բերող զրույցներ էին շրջանառվում, և դա առիթ դարձնելով երկուսն էլ օգտագործում էին իրար նկատմամբ՝ հաճախ համեմելով ընկերական առօրյան: Որպես խոստումնալից երիտասարդի՝ Մամիկոնին գյուղում արդեն պաշտոն էին տվել՝ նշանակելով ակումբավար: Անդրանիկը ավարտել էր միջնակարգը և սպասում էր բանակ զորակոչվելուն․ հիմնականում տան գործերով էր զբաղվում, մեկ-մեկ օգնում կոլտնտեսության գործերին: Նրա հոբին որսն էր, և արդեն գյուղում լավ որսորդի համբավ ուներ:

Մամիկոնը ևս սիրում էր որսի գնալ, ընկերներով նրանք հաճախ էին շրջում մեր գեղատեսիլ բնաշխարհում, երբեմն էլ տուն էին վերադառնում

որսով՝ նապաստակ, փորսուղ, կաքավ, աղվես, ոչ հաճախ նաև քարայծ, որն արդեն մեկ ուրիշ խրախճանք էր նրանց համար:

Բացի ընկերական ջերմ հարաբերություններից Մամիկոնը նվիրական

մեկ այլ կապով էր կապվել Անդրանիկենց ընտանիքի հետ․ նա սիրահարված էր ընկերոջ քրոջը՝ Նոյեմին, և ինչպես հետո պարզվեց, նրանք իրար սեր էին խոստացել ու որոշել դառնալ բախտակիցներ՝ ամուսնանալ:

1956թ․ մարտի 21-ի լույս 22-ի գիշերը ծանր ու մառախլապատ էր: Գյուղացիները առավոտը դիմավորեցին ձմռան օրվա պես: Ողջ բնաշխարհը սպիտակ էր հագել, անհետացել էր գարնան շունչը: Հուսադրողը միայն այն էր, որ օրվա բացվելու հետ սկսվել էր ձնհալը: Տեսնելով մարտյան այդ մռայլը  և այն, որ Անդրանիկը տուն կավ էր բերել, որոշեց ուրիշ գործ չձեռնարկել, շաղախ պատրաստել և ծեփել թոնրի վնասված մասերը, որի մասին մայրը բազմիցս հիշեցրել էր իրեն: Արդեն գործի էր անցել, երբ տան դարպասը բացվեց, և բակ մտավ Մամիկոնը: Ողջունելով ընկերոջը՝ նա հարցրեց․

-Հի՞նչ ես անում, ա՛յ Մաթի:

Անդրանիկը շրջվեց և ժպտալով պատասխանեց․

-Զաքի՛, այսօր որոշել եմ մեր թոնրի պատերի վնասված մասերը ծեփել-նորոգել, որ համ էլ ազատվեմ մորս նախատինքից: Հը՛, հինչ կասես: Մամիկոնը հայացքը դեպի Հաչա քար ուղղելով՝թե․

-Բան չունեմ ասելու, դա էլ կարևոր է, բայց այսօրը դրա համար չէ: Չես տեսնում՝ ինչ ձյուն է դրել, հիմա որսը վազում է, փոխանակ հետքը վերցնես ու գնաս հետևից, ասում ես, թե, թոնիր եմ ծեփում: Թո՛ղ մնա, այդ գործը հետո կանես, ես էլ խոստանում եմ օգնել քեզ: Էսօր որսի ենք գնալու, ինձ չմերժես:

Անդրանիկը ընդդիմացավ, տարբեր պատճառաբանություններ արեց, բայց Մամիկոնը պինդ էր բռնել, թե իր հրացանն էլ պատրաստ է փամփուշտներով, օրն էլ իսկական որսի է. համ լավ ման կգան, համ էլ մի բան կբերեն ու երեկոյան քեֆ կանեն:

Տևական համոզելուն Անդրանիկը տեղի տվեց, և որոշվեց թոնրի գործը թողնել հաջորդ օրերին ու պատրաստվել որսի գնալու: Երբ Մամիկոն շրջվեց դեպի դարպասի ելքը, Անդրանիկը նրան ձայն տվեց․

— Զաքի՛, առավոտ է, մինչև որսի գնալը մի բան պետք է ուտել: Տե՛ս, օջախին դրած պղնձի ղազղանում մեր կարմիր լոբին-մաշը ամբողջ գիշեր՝ շնորհիվ օջախում իմ դրած մեծ քոթուկի, մրթմրթում էր, հիմա թողնենք ու գնանք, ճիշտ չի լինի, մինչև չուտենք, որսի գնալ չկա:

Մամիկոնն էլ թե․

-Բա՜, գայլը գառան դմակից կհրաժարվի՞,- և վայելելով խմորի փափկության եփված լոբին՝ վերցրին հրացանները և Վաղարշակի ու Թանգոյի տան արանքով բոլորից աննկատ իջան դեպի Բաղի ձորը: Այստեղ էլ Կանաչ աղբյուրի զուլալ ջրով հովացրին իրենց սրտերը՝ մաշից հետո, և իջան դեպի Խմհատ՝ դեպի Տանձատափի հին այգու տարածքներին հարող քարափներ ու տարածքներ՝ դեպի Տաթևի Մեծ Անապատի հանդիպակաց վայրեր:

Կյալու կապից ներքև կաքավների փոքր մի խումբ հանկարծակիի բերեց որսորդներին, այդ մասին նրանք չէին էլ մտածել և բնականաբար չհասցրին կրակել, միայն հայացքով ուղեկցեցին կաքավներին: Երամն անհետացավ անանցանելի ժայռամասի թիկունքում: Գիշերվա տեղացած ձյունը այս հատվածներում արդեն հալվել-անհետացել էր: Գարնանային թարմ կանաչը թփերի տակ ծավալվում էր սպիտակ ու կապույտ զանգակներով և բուրավետ մանուշակով զուգված: Շիրիշը ժայռածերպերին նկատելի բարձրացել էր, թբլղու թփերի նրբագեղ տերևները բացվել: Ցաքի թփերի վրա նախորդ տարվա ծնեբեկի չորացած սաղարթների հետքերով տեսան, որ կոճղը դեռևս նոր ընձյուղներ չի տվել:

Գետինը ամենուրեք թաց էր, քայլելը ամենայն զգուշություն էր

պահանջում առանձնապես դժվարանցանելի տեղերում, թեքությունների

և լերկ ժայռամասերի հատվածներում, կապաններում, կտրուկ անցումներում և սողանքներում:

Արդեն մի քանի ժամ էր՝ Անդրանիկը և Մամիկոնը շրջում էին Որոտանի

ափերից բարձրացող քարափներին, ժայռածերպերին ու ձորերի լանջերին՝մի տեղից մյուսն անցնելով, հույս փայփայելով որսի հանդիպել: Բայց այդպես էլ դա չհաջողվեց նրանց: Միայն Մեծ ձորի, Մանու ձորի և Հարսնաձորի վիհերին պարբերաբար պտույտներ էին անում լեռնային հսկա արծիվներն ու անգղները՝ մերթընդմերթ ականջ ծակող ծղրտոցներ և զգաստացնող կռինչներ արձակելով: Դրանից զատ ամեն ինչ խաղաղ էր, բայց տիրում էր նաև մի տեսակ  անհանգստացնող անդորր:

Ընկերները իրարից բաժանվել և տեղից տեղ որոշ հեռավորության վրա որս էին փնտրում՝ տեսադաշտից չկորցնելով իրար: Մամիկոնը Մանու ձորի քարափի մի նեղ անցումով փորձում էր փոխադրվել հանդիպակաց տարածք: Սկզբում վարանեց, ապա համարձակվեց ցատկել ու անցնել հակառակ կողմը: Ցավալիորեն դա նրան չհաջողվեց, և հրացանը ձեռքին գահավիժեց քարափով ներքև՝ գլխով զարկվելով սրածայր ելուսների ու ցցվածքների: Մի հատվածում ընթացքը դանդաղեց, ապա սահելով ժայռակտորների ու մնացորդների հետ՝ զգալի բարձրությունից ընկավ ցածի հարթ մակերեսի վրա և մնաց անշարժ: Այդ ժամանակ Անդրանիկը գտնվում էր որոշակի հեռավորության վրա և տեսել էր Մամիկոնի հետ կատարվածը: Նա անմիջապես վազել ու հասել է նրա մոտ: Կանչել է՝ մտածելով որ նա ուշագնաց վիճակում է, սկսել է ցնցել նրան, շոշափել, փորձել արթնացնել, բայց Մամիկոնը կենդանության նշան ցույց չի տվել: Տեսնելով, որ ոչինչ չի ստացվում, մտածել է գուցե հրացանի կրակոցը արթնացնի նրան․․․ և մի անգամ օդ է կրակել: Դա ևս ոչնչով չի փոխել վիճակը, և Անդրանիկը վերջնականապես հասկացել է, որ անդարձ կորցրել է ընկերոջը: Նա բարձրաձայն ողբում, աղաղակում էր, օգնություն կանչում, բայց այդ ամենին արձագանքում էին միայն գիշերային ձնհալից ճակատներ և ունքեր թրջած քարափներն ու ժայռերը, խորախոր կիրճերն ու ձորերը: Հեռվում՝ Տաթևի Ցաքուտ կոչվող տարածքում, ոչխարի հոտ էր

արածում, Անդրանիկը հույս ուներ՝ գուցե հովիվը լսի և գա օգնության:

Դեպքից անցել էր բավական ժամանակ, Անդրանիկի ողբն ու կոծը չէր դադարում․ անընդհատ օգնություն էր կանչում, ով գիտե, գուցե այդ ձորերով անցնող մեկը լինի և կատարվածի մասին հայտնի գյուղին: Այդ ժամանակ Մանու քարափից բավական հեռու՝ Լաստի լանջին, գյուղից երկու հոգի ևս շրջում էին՝ որս անելու հույսով: Միայն բնության առեղծվածի շնորհիվ ձորից Անդրանիկի ձայնի մի բեկոր հասել է տանձատափցիներ Գարսևան Ավանեսյանին և Արամայիս Սաղաթելյանին: Սկզբում նրանք չեն կողմնորոշվել, թե որտեղից է գալիս ձայնը, կամ ինչ է, ով է: Քայլել են այդ ուղղությամբ՝ լարելով իրենց լսողությունը: Մոտավոր կարգով ճշտել են՝ որտեղից է լսվում այն, և հասկացել, որ դժբախտ պատահար կա, ու շարժվել այդ ուղղությամբ: Հաղթահարելով բազմաթիվ վտանգներ՝ Գարսևանն ու Արամայիսը հասել են Անդրանիկի մոտ և իմացել՝ ինչ է կատարվել: Նույնիսկ երեքով քարափի այդ հատվածից չեն կարողացել Մամիկոնի մարմինը հանել հարմար մի տեղ, որտեղից էլ հետո տեղափոխեն գյուղ: Ընկերներից մեկը գնացել և օգնություն է կանչել գյուղից: Ակտիվ լեռնագնացների ու երիտասարդների ստվար մի խումբ անմիջապես իջել են դեպքի վայր՝ իրենց հետ տանելով նաև ձիեր ու պարաններ: Դժվարությամբ Մամիկոնի մարմինը հանել են և ձիու վրա երեկոյան կողմ փոխադրել գյուղ:

Շատ լավ հիշում եմ, այդ ժամանակ ես տասը տարեկանի մոտ էի, ամբողջ գյուղը դուրս էր եկել դեպի Արեգունի տարածքին նայող կտուրներ ու այլ բարձրություններ և սպասում էին դեպքի վայր մեկնածների վերադարձին, ու իհարկե Մամիկոնին:

Ձնհալ էր: Տանձատափի կավահողային լփլփացող ցեխաջուրը ծնկների էր հասնում: Գարնանային ամպերը ծիլ տալով Որոտանի ձորից բարձրանում-փաթաթվում էին Հաչա qարին, այնտեղից էլ Կարմիր

քար քարափին: Ձորը լցվում էր ամպի սպիտակ քուլաներով, գալիս-

կանգնում գյուղի հատակի հորիզոնին, և հողածածկ տանիքով միահարկ մեր տները (երկհարկանի 2-3 խղճուկ տուն ուներ բնակավայրը) հինավուրց կիսաքանդ ամրոցի նման մնում էր ամպածովից դուրս: Առավոտյան որ ճանապարհով գնացել էին ընկերները, նույնով էլ Մամիկոնին ուղեկցող թափորը մտավ գյուղ: Զգալի թվով մեծեր ու փոքրեր ընդառաջ էին գնացել և միացել փրկարար խմբին: Ողջ գյուղը սգի մեջ էր: Անդարձ հեռացել էր կյանքից նրա լուսավոր երիտասարդներից մեկը, ով դեռ ժամեր առաջ հիանում էր մեր բնաշխարհով, վայելում նրա անզուգական հմայքը:

Իրավապահները եկան գյուղ, կատարեցին դեպքի, դրա հանգամանքների

հետ կապված անհրաժեշտ բոլոր գործողությունները, և երկու օր հետո գյուղում առաջին անգամ փողային նվագախմբի ուղեկցությամբ իրենց այգում էլ կատարվեց Մամիկոնի հուղարկավորությունը՝ իր պապ Ունանանց Սերգու կողքին: Նվագախումբը գյուղ էր բերել Գորիսի շրջխորհրդի մշակույթի բաժինը, որի աշխատակիցն էր Մամիկոնը: Դրանից հետո, ինչքան ինձ հայտնի է, փողային նվագախմբով գյուղում հուղարկավորություն չի եղել: Զարմանալի է մարդկային հանրության հոգեբանությունը. չեղածից, չտեսածից անգամ նա մի բան է ստեղծում  և օրեր ու ամիսներ այս ու այն կողմ շուռումուռ տալիս… Հիմա մարտի 22-ին կատարվածը պիտի թողներ հանգիստ անցնի՞: Չէ՛, դա չի լինի, դեռ, ինչպես ասում են, այդ խմորը շա՜տ ջուր կտանի:

Եվ սկսվում է. զրույցներ, զրույցներ՝ բացահայտ ու թաքուն, զրույցներ հարազատների ու անհարազատների մեջ, զրույցներ գյուղում և գյուղից  դուրս, զրույցներ դժբախտ պատահարից տեղյակների և ոչինչ չիմացողների միջև, մի խոսքով, այնպիսի մի բովանդակություն և ծավալ է ստանում այն, որ հանգիստ չի տալիս ոչ միայն Մամիկոնի և Անդրանիկի հարազատներին ու բարեկամներին, այլ ամբողջ գյուղին, դրանից էլ այն կողմ: Այսքանին էլ գումարվում է, ըստ հավաստի տեղեկությունների, հարևան գյուղերից մեկում բնակվող Մամիկոնի ոչ այնքան հավասարակշիռ բարեկամներից մեկի կողմից կրակին յուղ ավելացնելը․ բազմաթիվ դիմում-նամակներով շրջանի ու հանրապետության կուսակցական, պետական մարմինները, իրավապահ կառույցները ողողելը: Բանը հասնում է նրան, որ Գորիսի շրջանի դատախազը որոշում է կայացնում դիակի արտաշիրմում կատարելու մասին: Այս ծանր արարողության կատարմամբ ևս հաստատվում է դժբախտ պատահարի փաստը: Բայց մեկ է, խոսակցություններն ու շինծու զրույցները չէին դադարում:

Չեմ ասի թե երկու ընտանիքների մեջ վրեժի, թշնամության մթնոլորտ էր ստեղծվել, այնուամենայնիվ ակնհայտ հակակրանք ու սառնություն առաջացել էր: Եվ այլ կերպ չէր էլ կարող լինել: Մեկ տարի մի կերպ անցկացնելուց հետո Անդրանիկը որոշում է հեռանալ գյուղից: Ընկերոջ ողբերգական կորստից նա իր տեղը չէր կարողանում գտնել, աշխատում էր, ինչքան հնարավոր է, չերևալ Մամիկոնի ծնողների, հարազատների աչքին, որ նրանց չհիշեցնի կորստի մասին: 1957թ․՝մինչև Բաքու մեկնելը, նա գնացել և մեր Կարմիր քար քարափի լանջի հսկա ժայռամասի լերկ ճակատին յուղաներկով հիշատակի խոսք է գրել, որը սկսվում էր այսպես․ «Անբախտ որսկան Անդրանիկից թողնում եմ ես հիշատակ…»։  Շարունակությունը չհաջողվեց ճշտել, ջնջվել էր, տեքստը հիշողությամբ էլ չստացվեց վերականգնել: Ասացին, որ եղբայրը՝ Գառնիկը, մի անգամ թարմացրել էր յուղաներկը, որից հետո ուշադրություն դարձնող չի եղել: Հիշատակի խոսքը նվիրված է եղել իրեն ու Մամիկոնին: Դրանից անցել է

ավելի քան 65 տարի: Գյուղը ժայռին՝ իր հարակից տարածքով, տվել է «Անդրանիկի հիշատակ» անվանումը, երբեմն էլ «Անդոյի հիշատակ», որը, անկասկած, հիշեցնում է կատարված ողբերգականի հետ երկու ընկերներին:

Չգիտես, ճակատագրի դառը հեգնանք էր, թե մեկ այլ բան, ինչը հետո տեղի ունեցավ նաև Անդրանիկ Ալավերդիի Հարությունյանի հետ: Բաքու տեղափոխվելուց հետո նա ծառայել է խորհրդային բանակում, ապա մնացել հիմնական բնակության Ադրբեջանի մայրաքաղաքում: 1968թ. Բաքվի ծովափերից մեկում, ըստ պատմողների, նա բավական հեռու է խորացել ծովում: Չնայած լավ լողորդ լինելուն՝ հանկարծակի բարձրացած քամին այնպիսի ալիք է բերել, որ Անդրանիկը չի կարողացել ափ վերադառնալ և նահատակվել է: Նա ևս հուղարկավորվել է հայրենի գյուղում ու այդ օրվանից գրանիտակերտ կիսանդրու իր հայացքը գյուղի և այնտեղ անց ու դարձ անողների վրա է:

Ընկերների գերեզմանները իրարից ընդամենը մի քանի մետր է հեռու, և անկասկած, նրանք հիմա միասին են:

Այս աշխատանքը կատարելիս ակամա հետ նայեցի: Դեպքը տեղի է ունեցել ուղիղ 66 տարի առաջ: Ասում են 66-ը սատանայական թիվ է, այս դեպքում 56-ն էր սատանայական, ավելի ճիշտ 1956-ը:

Այդ օրվանից ծռվեց երկու փայլուն երիտասարդի կյանքի ուղին և նրանք անժառանգ ու անկատար երազանքներով հեռացան այս աշխարհից: Պարտք համարեցի՝ հարազատներից մեկի խորհրդով (ինքը գիտի),գրին հանձնել վաղուց կատարվածը՝ ի հիշատակ այդ պայծառ տղաների:

Հ.Գ.Ասում են,-Տեղի ունեցածը հեռվից է լավ երևում,-և դա ճիշտ է:

Ս. Բ.ՎԱՐԴԱՆՅԱՆ, 17.06.2022թ․ք.Գորիս

 

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի