Ի՞նչ է Սյունիքը, ո՞վ է սյունեցին…

Spread the love

Գեղամի որդի Սիսակից (ինչպես վկայում է Մովսես Խորենացին) և ավանդական անվանումներից առաջացած Սյունիք անունը կրող երկիրը, որ Մեծ Հայքի 9-րդ նահանգն էր (Անանիա Շիրակացի), Սևանա լճից մինչև Արաքս գետի հարավային տարածքները,  մեր օրերում փոքրացել ու ամփոփվել է Զանգեզուր երկրի սահմաններում: Այնպես որ հիմա Սյունիք ասելով հասկանում ենք Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածքները միասին վերցրած: Այլ կերպ ասած մեր օրերում խոսել Սյունիքի և սյունեցու մասին, նշանակում է խոսել Զանգեզուրի և զանգեզուրցու մասին:

Հայտնի է նաև, որ Սիսիան, կամ Սիսական անունը (Ղևոնդ Ալիշան)  կոչվել է Սյունիք- Զանգեզուր, որը ստուգաբանվել է որպես «լեռնաշխարհ», կամ «Լեռնոտ երկիր»:

Սյունիք անվան (բառի) առաջացման մասին կան բազմաթիվ, երբեմն իրարամերժ, բացատրություններ: Դրանցից մեկն այն է, որ այս երկրում ապրել են տարբեր ցեղեր ու ցեղախմբեր, որոնցից հզորն ու առավել խոշորը եղել են սյունիները: Եթե ընդունենք, որ շատ տեղանուններ ծագել են ցեղախմբերի և ժողովուրդների անուններից, ապա պիտի ընդունենք նաև, որ Սյունիքը ծագել է այստեղ ապրող սյունիներից, ինչպես Ռուսաստան ասելով հասկանում ենք ռուսների երկիր, Հայաստան ասելով` հայերի երկիր: Ուրեմն Սյունիքը եղել է սյունիների երկիրը:

Այս մի քանի տող ամփոփիչ խոսքից հետո թող այն տպավորությունը չստացվի, թե այս գրքինպատակը պատմական տվյալների ու փաստերի վկայաբերումն է ու դրանց  հաստատումը կամ ժխտումը:

Խնդիրն իր անհրաժեշտ բացատրություններով վաղուց ուսումնասիրված է: Այդ մասին բավական շատ գրականություն կա:Հրապարակի վրա  են պատմական գիտությունների դոկտոր Գ. Գրիգորյանի և Ս. Հախվերդյանի արժեքավոր աշխատությունները:

Խոսքն այստեղ բոլորովին ուրիշ բանի մասին է:

Մենք ուղղակի ուզում ենք խոսք  բացել մեր ընթերցողների հետ այն մասին, թե ո՞վ է սյունեցին, որոնք են նրա էթնիկական, ժողովրդագրական առանձնահատկությունները: Պատմությունը, աշխարհագրական միջավայրը ի՞նչ հետք ու ազդեցություն են թողել այստեղ ապրող լեռնական մարդու կենսակերպի, խառնվածքի ու հոգեբանության վրա: Որպես հայ ժողովրդի մի մաս մարդկային, անհատական ինչ յուրահատկություններ ու գծեր է պահպանել զանգեզուրցի սյունեցին, որպես սար ու ձորի բնակիչ: Նման հարցադրումներն, իհարկե, չեն կարող ունենալ գիտական հիմնավորումների արժեք: Այն, ինչ որ այստեղ ասվելու է, կարելի է միայն տեղավորել տպավորությունների և մտորումների շրջանակներում: Հնարավոր են միևնույն հարցադրման նկատմամբ տարբեր մոտեցումներ, տարբեր մեկնաբանություններ: Այնպես որ թեման բանավեճի դուռ է բացում և ընթերցողներին հրավիրում է կարծիքների փոխանակության,  լրացուցիչ մոտեցումների:

Սյունիքը բարձրաբերձ լեռների ու անդնդախոր ձորերի երկիր է: Սյունիքը նաև վեհանիստ սարերի, ալպյան մարգագետիների, արևահամ մրգերի ու բարձրավանդակներին թառած մութ ու խոնավ անտառների երկիր է: Այստեղ սարեր կան սարերի վրա, ձորեր կան իրար մեջ խճճված, գլխապտույտ վիհեր կան, ուղտերի քարավաններ հիշեցնող  լեռնաշղթաներ: Զարմանահրաշ գետեր, սառնորակ աղբյուրներ ունի Սյունիքը, ատամնավոր քերծեր, ժայռազանգվածներ` բնական բուրգերի տեսքով, լեռնագագաթներին` հավերժական ձյուն, ամպամերձ-ծոցերքում` գայլախեղդ բուք ու բորան: Կարկտաբեր ամպերի խելագար շանթերի, երկրասասան որոտ-կայծակների, մանրաշաղ քաշաթուխպերի և գետնատարած թոն ու թացի երկիր է  Սյունիքը:

Սյունիքը նաև արևի երկիր է, գագաթներին զեփյուռ ու հով, ստորոտներում` շոգ ու տապ: Գարունն այգիներում ու անտառափեշերին ծառ ու ծաղկի գորգ է հյուսում, ամառը շոգ ու տոթ է կախում դաշտերի ու հովիտների  վրա, աշունը ոսկի է մանում հանդերում, ձմեռը ցուրտ ու սառնամանիք է բերում սարերից ու լցնում ձոր ու կածան:

Աչք շոյող ու հոգիդ փառավորող զարմանալի տեսարանների, բնական հրաշքների, ծանր ու մռայլ գույների, հակադրությունների ու հակապատկերների մի վիթխարի խառնարան է Սյունյաց հինավուրց երկիրը:

Ուրիշ կերպ ավելի լավ չես ասի, քան ասել է լեռնաշխարհի մեծ բանաստեղծը` Համո Սահյանը:

 

Ինձ կանչում է երկիրն այն արևոտ,

Ուր քարակույտերի հոտն է ննջում

Խոշոր եղջերավոր ժայռերի մոտ:

 

Ինձ կանչում է երկիրն այն բարձրաբերձ,

Ուր որոտի պահին չես իմանում

Ա՞մպ է ոտքերիդ տակ, թե՞ փլվող քերծ:

 

Ինձ կանչում է երկիրն այն խորախոր,

Ուր թե երեկ քար ես նետել անդունդ,

Արձագանքը պիտի լսես այսօր:

 

Ինձ կանչում է երկիրն այն խիստ ու մեղմ,

Որ կարող ես հանգիստ ու տարվա չորս

Եղանակը տեսնել մի  ժամվա մեջ:

 

Ինձ կանչում է երկիրն այն գեղանի,

Ուր մարդը մեղմ է, խիստ, բարձր ու խոր`

Բնաշխարհի նման իր հայրենի:

 

Եվ, իսկապես, գարնան պայծառ գույների, ամռան այրող շոգերի և աշնան երգ ու բերքերի երկիր է Սյունիքը: Իր բնության պես խոժոռ, իր երկրի պես հպարտ, իր քարերի պես կարծր, իր ժայռերի պես պինդ ու իր լեռների պես բարձր մարդկանց երկիր է Սյունիքը:  Բնությունն այստեղ ամեն ինչ արել է, որ մարդն ամուր ու դիմացկուն լինի, խոր լինի իր ձորերի պես, լայն իր դաշտերի նման, իմաստասեր լինի իր պատմության պես, ստեղծարար ինչպես հայրենի հողն ու ջուրը, քաջարի ինչպես Հայկ Նահապետը:

Բնությունն այստեղ մարդ է կերտել իր նման նուրբ ու կոպիտ, իր նման վեհ ու պայծառ, իր նման սառն ու տաք, բարդ ու սովորական, իր նման հասարակ ու աստվածային:

Մովսես Խորենացու, Ստեփանոս Օրբելյանի, Վասակ Սյունեցու, Դավիթ Բեկի, Անդրանիկի ու Նժդեհի ժամանակներն ապրած սյունեցու այսօրվա զավակները իրենց քաջարի նախնիների արժանի  շարունակողներն են:

Սյունեցին ապրում է հրաշքների մեջ, բայց դժվար է հավատում հրաշքներին: Նա հեռու է սնոտի ու կույր հավատալիքներից: Իր աննման բնությամբ կախարդված` սյունեցին չի հավատում հնարովի և շինծու կախարդանքներին, նրան չես կարող զարմացնել նախապաշարումների հմայքներով: Սյունեցուն երբեք չես կարող համոզել, որ չեղած բաներից կարող են եղած բաներ առաջանալ:

Սկսենք հավատքից:

Ըստ պատմիչ Ագաթանգեղոսի քրիստոնեության տարածումը Սյունիքում կապվում է Բարդուղիմեոս առաքյալի գործունեության հետ: Այդ ժամանակներից սկսած մինչև այսօր և այսուհետև էլ, Սյունյաց երկրում ընդունել են Երկնավորի գոյությունը և հոժարակամ դավանում են Աստծո որդի Քրիստոսի գաղափարախոսությունն ու հավատքը: Նա երկյուղածությամբ կարող է մտնել եկեղեցի և ջերմեռանդորեն աղոթել առ Աստված, և միևնույն ժամանակ հասկանալ, որ հանապազօրյա հացը Աստծո ողորմածությամբ չէ, որ ստեղծվում է, այլ համառ ու տքնաջան աշխատանքով: Ընդհանարապես երևույթի սթափ ըմբռնումը միշտ էլ հատուկ է եղել սյունեցի մարդուն: Սյունեցին ճշմարիտ մտածող է, հաճախ այնքան ուղղամիտ, որ տուժելու գնով անգամ ինքն իրեն չի կեղծում: Իսկական սյունեցին իր լեռների պես է` հաճախ դիք ու կոշտ, առանց լղոզած արտահայտությունների, առանց թաքնված, դիմակավոր, արհեստական սարքած ժպիտների:

Սյունեցի տղամարդը անհողդողդ կամքի տեր, ինքնիրասածի, առնական կերպարով, կորովի, հաստատակամ ու սկզբունքային դիմագիծ ունեցող այն այրն է, որն ավանդական ընտանիքի ակսակալության կրողն է, հասարակական այնպիսի միավոր, որին հետաքրքրում են միայն դրսի գործերը: Այսպես կոչված ներսի գործերը (խոհանոց, արդուկ, լվացք, խանութ, հագ ու կապ և այլն) միշտ էլ դուրս են մնացել տղամարդու արժանապատվության շրջանակներից և մինչև օրս էլ շարունակում են դուրս մնալ: Ինչպես ասում են Եվրոպան և առհասարակ քաղաքակրթությունը դեռևս չեն կարողացել ընկճել հայ տղամարդու ու առանձնապես սյունեցի տղամարդու համառ դիմադրողականությունն այս հարցում: Աշխատանքի հասարակական բաժանման և առհասարակ սեռային հավասարության տեսակետից սյունեցի կինը դեռ չի կարողանում ընտանեկան խոհանոցը հավասարապես կիսել տղամարդու հետ: Սյունեցի տղամարդու (հայ տղամարդու)համար դեռևս խիստ անպատվաբեր է գործել ընտանեկան պատերի ներսում: Սյունեցի այրը օրինաչափ, բնական ու պատվաբեր է  համարում ընտանիքում (նաև հասարակության մեջ) կնոջ նկատմամբ տղամարդու դերի անվիճելի առավելությունը:

Սյունեցի կինը եղել և մնում է որպես առաքինության, հավատարմության, անաղարտության ու պատվախնդրության խորհրդանիշը:

Հետաքրքիր է, որ կինն այս լեռնային երկրամասում երբեք էլ երկրորդական դերում չի եղել: Ճիշտ է սյունյաց ավանդապահ ընտանիքում կինն ինքը անվերապահորեն ընդունել է տղամարդու դերի առաջնությունը և հեզորեն ենթարկվել  է նրան, սակայն ոչ մի անգամ սոցիալ-տնտեսական առումով չի ունեցել ստրկական այն վիճակը, որ գրվել ու նկարագրվել է պատմության և գեղարվեստական գրականության մեջ: Այս միտքը տասնյակ օրինակներով հաստատում է Ստ. Լիսիցյանն իր «Զանգեզուրի հայերը» հանրագիտարանային աշխատության մեջ: Սյունեցի կինը միշտ էլ դիտվել է որպես տղամարդու օգնական բոլոր հարցերում:

Այլ կերպ ասած, Սյունյաց աշխարհում կնոջ ազատագրության (էմանսիպացիայի) խնդիրն այնպիսի սրությամբ չի դրվել, ինչպես հայոց աշխարհի այլ մասերում: Կինն այստեղ ազատ գործել է ընտանեկան,  տնտեսական հարաբերությունների շրջանակներում և գերդաստանի տղամարդ առաջնորդը միշտ էլ վստահել է իր կողակցին: Ընտանիքի լուծը, ինչպես ասում են, հավասարապես դրված է եղել տղամարդու և  կնոջ ուսերին:

Ընտանիքը պահել-պահպանելու հոգսն ու պատասխանատվությունը կրել են թե՛ տղամարդը, թե՛ կինը:

Տղամարդն աշխատել-վաստակել, արդյունքը  հանդ ու դաշտից բերել է տուն, իսկ այդ վաստակի խնայողական բաշխման պարտականությունը կատարել է կինը: Կինն է տնօրինել գերդաստանի ներքին գործունեությունը: Կինը որքան հեռու է եղել հասարակական միջավայրից ու համայնքային ընդհանուր խնդիրներից, այնքան մոտ է կանգնած եղել ընտանեկաններքին խնդիրներին:Եվ շատ դեպքերում կնոջ ճիշտ ու հավասարակշռված գործունեությունից է կախված եղել ընտանեկան անդորրն ու համերաշխությունը : Այլ կերպ ասած ընտանեկան փեթակի աշխատավոր մեղուն եղել է տղամարդը, որ հանդ ու չոլերից նեկտար է բերել իր ժրաջան ու անխոջ թևերի վրա, իսկ մայր մեղուն դշխոյական տիրուհու  նման կառավարել , կարգավորել է ամբողջ փեթակի գործունեությունը:

Մեծ մայրը միշտ էլ սիրված ու հարգված է եղել ընտանիքի բոլոր անդամների կողմից: Թխսամոր նման մայր-կինը իր հովանու տակ է առել ընտանիքի ջահել աղջիկներին ու հարսներին, և նրա կամքը անառարկելիորեն հարգի է եղել բոլորի համար: Ճիշտ է, գերդաստանի պապը կամ տղամարդ  ավագը անկասելի հեղինակություն է վայելել իր շրջապատում, բայց նրանից հետ չի մնացել նաև տատ-մայրը, կամ մեծ տիկինը: Սյունյաց ընտանիքներում «մեծին, հասակավորին» հարգելու, պատկառելու անկեղծ սովորությունը սերնդից սերունդ եկել և հասել է մինչև մեր օրերը:

Բարոյական այդ բարձր ու գեղեցիկ հատկանիշը մեր օրերում մի քիչ ճաքեր է տվել, բայց ընդհանուր առմամբ դա վարվեցողության նորմա է հարյուրավոր ընտանիքներում: Սյունեցի զավակը խոնարհումով սիրում և հարգում է իր ծնողներին: Եվ դա անում է ոչ թե պարտքի մեխանիկական  ըմբռնումով, այլ երախտագիտության խոր գիտակցությամբ: Առաջներում, իսկ մեր օրերում ավելի շատ, հասարակական համակեցության ֆոնի վրա հաճախ է շոշափվում հարս-կեսուր, զոքանչ-փեսա, փեսա-աներ հարաբերությունների պրոբլեմը: Եվ դա ոչ առանց հիմքի: Քիչ չեն այն դեպքերը, երբ հարսի հայտնվելը նոր հարկի տակ, խաթարում է ընտանեկան դերաբաշխման բնականոն ընթացքը: Հանձին նորահարսի, մեծ մասամբ, տուն է մտնում նորն ու առաջադիմականը և բախվում կեսուր-կեսրարի ավանդական ու հնաբույր պատկերացումներին և համոզմունքների հետ: Տանն սկսվում է նոր ու անսովոր համակեցություն: Սովորաբար կեսուր-մայրիկը համառորեն չի ուզում իջնել ավանդական  սովորությունների բարձրունքներից: Իսկ նորի ու առաջավորի գաղափարակիր նորելուկ հարսերի  մի մասն էլ տարօրինակ ու անընդունելի համարելովավագների հնաբույր կեցվածքը` երբեմն անցնում են հեզության և ամոթխածության սահմանները և ընտանեկան բարիկադի հակառակ կողմից սկսում քարկոծել հետադիմությունն ու իր դարն ապրածը: Եվ ահա սկսվում է մի անհաշտ, շատ դեպքերում ուղղակի թշնամական պայքար հարսի ու կեսուրի, երբեմն նաև կեսուր-կեսրարի ու հարսի միջև: Ընտանիքի անդամների իրավունքների բաշխման բեմի վրա ծավալվում է հակասություններով լի մի խայտաբղետ տեսարան, որին կուլիսների տարբեր տեղերից գալիս են մասնակցելու տեգր ու տեգրակին, տալ ու քենի, աներ ու զոքանչ, քավոր ու փեսա:

Խնամիների շուրջը մարդիկ են հավաքվում, բաժանվում են երկու բանակի, դիրքավորվում իրար դեմ, ամեն մեկն իր ձին է քշում և արդյունքում տուժում է ընտանիքի միասնությունը: Կամ ամուսիններն են բաժանվում իրարից, կամ լավագույն դեպքում, հարս ու տղա ստիպված հեռանում են իրենց ծնողներից:

Ցավոք սրտի այսպիսի օրինակները դեռևս զգալի տոկոս են կազմում: Ընտանիքներ են քայքայվում երբեմն իզուր ու անտեղի և դրանով իսկ խարխլվում են հայոց ամուր ընտանիքի բարոյական հիմքերը: Եթե անհատները դժվարանում, ապա ժողովուրդը կարողանում է ջոկել ճիշտն ու սխալը և միշտ ընտրում փոխզիջողության տարբերակը: Կյանքը լի է բարդություններով և այդ կյանք կոչվածը միշտ առաջ է գնում, հանդես են գալիս կեցության նոր ըմբռումներ ու նորմեր, անցած-գնացած շատ բան ժխտվում է, դրվատվում է անցյալի շատ գեղեցիկ սովորություններ:

Այնպես որ  ժողովրդի հավաքական միտքը կարողանում է գտնել ճիշտ ճանապարհը: Ոչ ոք չի կարող ժխտել, որ անցյալի բարոյական ըմբռումների և սովորույթ-ադաթների մեջ կան կենցաղային արժեքներ, որոնք, ոչ միայն գեղեցիկ ու ընդունելի են, այլև ուսանելի ու դաստիարակչական  և նպաստում են հասարակական համակեցության շղթայի ամենաբարդ օղակի` ընտանիքի գոյությանն ու կայունությանը: Իսկ դրա կողքին այսօր կան նշավակության արժանի և հասարակականորեն ժխտելի այնպիսի երևույթներ, որոնք սահմանադրական ազատությունների և մարդու իրավունքների քողի տակ վերածվում են ընդհանուր բարոյազրկության: Օրենքներն ինչ-որ տեղ գուցե պաշտպանում, բայց ժողովուրդն արմատապես ժխտում է մարմնավաճառությունն ու պոռնոգրաֆիան: Այդ երևույթի գոյությունը սոցիալ-տնտեսական պայմանների առակայությամբ, ապրուստի միջոցներ հայթայթելու պատճառաբանությամբ արդարացնելու հակումը  ժողովուրդը  չի ընդունում:

Մանավանդ Սյունիքի ժողովուրդը: Սյունեցին արգահատանքով ժխտում է անամոթությունը, սեռական սանձարձակությունը, անթաքույց տկլորությունն ու կապույտ երեկոները: Ստրեպտիզների հմայքից ու պորտապարերի գայթակղությունից շատ հեռու է սյունեցին:

Նա իր արքայական աբուռն ու նամուսը չի վաճառի պատահական այն տարփուհիներին տիրանալու համար, որոնք գիշեր-ցերեկ որսի են դուրս գալիս տղամարդականց գրպանները դատարկելու նպատակով: Սյունեցի կինն իր ընտանիքի սրբությունը չի պղծի, կամովին հանձնվելով դոլարավոր այն պարոններին, որոնք փողի ուժով գեղեցկուհիներ են փնտրում:

Իսկական սյունեցին  ներքին հպարտությամբ արժանապատիվ այր է, ուտող-խմող, ընտանիքը պահող-պաշտող տղամարդ, նամուսն ու պատիվը իր գլխի հետ հավասար գնահատող մարդ: Իսկական սյունեցի կինը առաքինի, բարոյական, հոգին ու սիրտն իր զավակներին նվիրված, ամբողջ տունն իր նուրբ ու քնքուշ ուսերին պահող,  կինն ու մայրն է, որն ապրում է աշխարհում հանուն իր շարունակություններին:

Այս անաղարտ երկրամասում դեռևս շատ բաներ են պահպանվել անցյալից, որոնք խոր արմատներ են ձգել այստեղ ապրող մարդու և ընտանիքի կենցաղավարության մեջ: Սյունեցի ամուսնացող երիտասարդն, օրինակ, չի հանդուրժի, որ աղջիկը, ում հետ ամուսնանալու է, «տարած ետ բերած լինի»: Կուսությունը պարտադիր պայման է նոր ծլարձակող ընտանիքի համերաշխության համար: Դա մի տեսակ հաղթաթղթի դեր է կատարում աղջկա համար ընտանեկան կյանքի ողջ պատմության ընթացքում, որը հասարակական հնչեղություն ունենալուց բացի նաև կնոջ բարոյական կերպարը բնութագրող կարևոր հանգամանք է: Ծնողները, հավատարիմ այս պայմանին, ոչ միայն չեն օրհնի իրենց որդու ամուսնությունը, այլև կանիծեն իրենց զավակի տղամարդկային թուլությունն ու թուլակամությունը, եթե հանկարծ պարզվի, որ տղան ամուսանական առագաստ է մտել ոչ թե աղջկա, այլ կնոջ հետ: Եթե աղջիկը մինչև ամուսնությունը չի պահպանել իր կուսությունը, ծնողների համար երկու ջահել սրտերի միջև գոյություն ունեցող սիրո ամենավառ ձգտումն անգամ հավասարվել է զրոյի:

Չնայած կրոնը, եկեղեցին ամուսնացող զույգի առջև ապագա ընտանիքի կայունության և պահպանման երաշխիք է համարել կնոջ և տղամարդու հավատարմությունը և նրանց առջև հավասար պահանջեր դրել, այնուամենայնիվ հասարակական կարծիքը, առաջնություն տալով տղամարդուն, ներել է տիրոջը, ոչ մի անգամ չներելով տիրուհուն:

Եկեղեցին սեռական անհավատարմությունը  կամ շնանալը համարել է սրբապղծություն ու դավաճանություն ում կողմից էլ դա եղած լինի: Իսկ ահա արտամուսնական կապեր ունենալու դեպքում, միայն կինն է ենթարկվել համընդհանուր պարսավանքի: Անուշադրության մատնված միայնակ կինն անգամ հասարակության կողմից անարգանքի սյունին է գամվել, եթե անգամ  ապօրինի է եղել նրա կապը որևէ  տղամարդու հետ: Ապօրինի զավակ ունենալու փաստն ընդունվել է որպես խայտառակ արարք և ժողովրդի կողմից արձանագրվել որպես բնակավայրի աններելի ամոթ: Հասարակության հավաքական կարծիքը միշտ էլ տարբերակված մոտեցում է ցուցաբերել տղամարդու և կնոջ բարոյական կեցվածքի և պարտականությունների նկատմամբ` ինչ-որ չգրված օրենքներով ներել տղամարդուն, խստորեն դատապարտելով կնոջ սեռական անհնազանդությունը: Այս մոտեցումը պահպանվել է մինչև մեր օրերը: Այսօր էլ տղամարդիկ հաճախ են անցնում ընտանեկան հավատարմության սահմանագիծը` թաքնված հպարտությամբ իրենց իրավունք վերապահելով  նվաճել այլ կանանց սրտեր: Եթե սյունեցի շատ կանայք, հանուն ընտանիքի կայունության և հանուն երեխաների, այնուամենայնիվ հաշտվում են իրենց ճակատագրի հետ` իրենց հոգու խորքում խեղդելով վիրավորանքը, ապա արժանապատիվ շատ կանայք չհաշտվելով նմաօրինակ նվաստացումների հետ` ըմբոստանում են ընտանիքի սրբությունը պղծած հոր դեմ և նախընտրում բաժանությունը: Այսօր էլ քիչ չեն այն ընտանիքների թիվը, որոնք քայքայվում են հենց այս հողի վրա:

Հայտնի է, որ ծննդի և ամուսնության պետական նշանակության երկու այս շատ կարևոր գործառույթները գլխավորել է եկեղեցին: Եկեղեցում են հաստատվել ու գրանցվել ծնունդները, եկեղեցում են տեղի ունեցել բոլոր պսակադրություններն ու ամուսնությունները: Տեր հայրը` տերտերը. օրհնել է երիտասարդների պսակը և տղային հարցրել. «Տե՞ր ես որդյակ»: «Տեր եմ»-ասել է տղան: Այնուհետև տեր հայրը դիմել է աղջկան. «Հնազա՞նդ ես»: «Հնազանդ եմ»,- ասել է աղջիկը: Եվ վերջ: Ամուսնությունը կայացել է ոչ թե տվյալ պահի, այլ ողջ կյանքի համար: Եկեղեցին չի թույլատրել բաժանություն կամ ամուսնալուծություն: Աստծու և ճակատագրի կամոք երկու մարմին ու երկու հոգի միացել են իրար, Աստծո և ճակատագրի կամոք էլ նրանք պարտավորվեն են մինչև իրենց մահը լինել միասին: Բայց ուշադրություն դարձնում եք. տեր հայրը զույգից որևէ մեկին չի հարցրել. «Սիրու՞մ ես»: Սա նշանակում է, որ եկեղեցին ընտանիքի հիմքում դրել է պարտականությունը և ոչ թե սերը: Եկեղեցին տղամարդուն էն գլխից արտոնել է տիրոջ (տեր լինելու) պարտականությունը, իսկ կնոջը` հնազանդ ու ենթակա լինելու պարտականությունը : Սա չի՞ նշանակում, որ ի սկզբանե հենց եկեղեցին է ընտանիքում կնոջը դրել երկրորդական դերում և նրան զրկել տղամարդու հետ հավասար լինելու իրավունքներից:

Այն, որ ըստ մարդու ծագման կրոնական ուսմունքի, սկզբում եղել է Ադամը և բավական հետո Եվան, ինքնին շատ բան է ասում: Կրոնը դարեր շարունակ իր հավատացյալներին փորձել է համոզել, որ մարդ արարածի կատարելատիպը Ադամն է, իսկ Եվան հետո է ստեղծվել, այն էլ Ադամի ցանկությամբ: Իհարկե, կասկածից վեր է, որ ճշմարիտ զգացողության և բնատուր մտքի տեր սյունեցին չի ընդունում կրոնական այս վարկածի ճշմարտացիությունը: Սյունեցու ընտանիքում առօրյա կյանքում ու կենցաղում, իհարկե, շատ  բան է փոխվել, քաղաքակրթությունն  ազդել է մարդկանց մտածողության և վարվելակերպի վրա, փոխվել են փոխհարաբերությունները հօգուտ տղամարդու և կնոջ հավասարության: Սակայն բոլորովին զարմանալի չէ, որ Սյունյաց երկրի շատ ընտանիքներում, ավանդապաշտության իներցիայով հայրիշխանության հոգեբանությունը դեռ շարունակվում է:

Սյունեցի տղամարդը հարգում, սիրում, վստահում, հավատում է իր կնոջը, բայց միաժամանակ գտնում , որ ինքն է ընտանեկան նվագախմբի առաջին ջութակը: Եվ դա ոչ այնքան ինքնասիրության ու ինքնամեծարանքի միտումներից դրդված, որքան ապուպապերից եկած հնադավան սովորությունները շարունակելու պարտավորությունից ելնելով: Սյունեցի երեխան, անկախ տարիքից, սիրում, պաշտում է մորը, հենվում հոր վրա, պատկառում նրանից: Սյունեցի համեստ, առաքինի կինն ինքը տան տղամարդուն առանձին ու առանձնահատուկ տեղ է հատկացնում: Եվ դրանից հաճախ է շահում ընտանիքի համերաշխությունը:

Ամուսնական կյանքի մի առանձնահատուկ բաղադրիչ է աղջիկ փախցնելու սովորությունը, որը գալիս է դեռևս հնադարից:

Շարունաելի

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի