Դանիել Երաժշտի հուշերը իր գերդաստանի մասին

Spread the love

«Ծնվել եմ 1946 թվականին Երևանում: Մեկ — երկու տարի անց մեր ընտանիքը տեղափոխվեց Ղափան: Մանկությանս և պատանեկության ամենավառ տպավորություններից է Խուստուփ խորհրդավոր լեռը, որը երևում էր մեր տան պատուհաններից   (հետագայում Նժդեհին նվիրված իմ երգ — բանաստեղծության մեջ գրել եմ.

Խուստուփի լանջին կանթեղ է վառած,

Հյուսիսի դժնի «վիրապից» հառնած:

Հերոսիդ անմահ մասունքն է լուսե՝ 

Գալիքի փարոս՝ Նահատակ Նժդեհ[1]):

Անմոռանալի էին նաև մեր տոհմիկ հավաքները, որոնք հաճախ տեղի էին ունենում Արամայիս հորեղբորս տանը: Մեր գերդաստանի նահապետ Սմբատ պապս, ով ուներ հինգ արու զավակ և չորս դուստր, ապրում էր Արամայիսի ընտանիքի հետ միասին,  իսկ մյուս զավակները իրենց ընտանիքներով ապրում էին մոտակայքում, և կազմում էին մի համայնք, և նշված հանդիպումներին հավաքվում էին Արամայիսենց տանը, իրենց հոր շուրջ: Հյուրասեր մի գերդաստան, որտեղ հարգի էր ստեղծագործ աշխատանքը, երգը, երաժըշտությունը, գեղանկարչությունը: Բացի այդ, Արամայիսը նաև վարսավիր էր, իսկ դա նշանակում է, որ բոլոր երեխաների և մեծերի մազերի հարդարանքը իրականացվում էր իր ձեռամբ: Հատուկ ուրախություն էր երեխաների համար հերթ կանգնելը, կարծես շտապում էին մեծանալ: Նշված հավաքներում ես ստանում էի առաջին  դասերը պատմությունից և աշխարհագրությունից, քանի որ մեծերից յուրաքանչյուրն ուներ իր սիրած թեմաները, անցյալի հուշերը, և առաջին անգամ իմ ականջին էին հասնում կցկտուր տեղեկություններ, տարբեր անուններ, իրադարձություններ: Պապս սիրում էր պատմել Նժդեհի մասին, ում հետ նա շփվել էր, հայ — ադրբեջանական բախումների, բոլշևիկների ներխուժման, ֆրանսիացի գործարարների մասին, որոնց գրավել էր Ղափանի հանքերի պղնձի փայլը, ովքեր, ի դեպ, պապիս էին նվիրել գերմանական բարձրորակ  «Բեկկեր» դաշնամուր: Քանի որ հայրս ժամանակին աշխատում էր նաև որպես կինոմեխանիկ և շրջիկ ապարատով Հայաստանի շրջաններում ցուցադրում էր ֆիլմեր, ապա նրա պատմությունների զգալի մասը վերաբերում էր կինոարվեստին:

Մայրս՝ Թամարան, որպես ինքնուս դերասանուհի, հաճախ էր հիշում Ղափանի թատրոնը, և մի առիթով նա ասել էր, որ մեծահարուստ Սմբատ Բեկը իր զգեստների զգալի մասը նվիրել էր նոր ձևավորվող թատրոնին:

Նա հիշատակում  էր հայտնի դերասաններին՝ Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Վաղարշ Վաղարշյան, որոնց մասին նա լսել էր իր ռեժիսորներից, իսկ ոմանց խաղը բախտ էր ունեցել դիտելու: Պատահական չէ, որ ավագ քույրս կրում է դերասանուհի Ժասմենի անունը:

Պարգև հորեղբորս սիրած թեման Երկրորդ աշխարհամարտն էր, որին նա մասնակցել էր:  Պատմում էր հպարտությամբ իր վիրավորվելու և Բուդապեշտի հոսպիտալում ապաքինվելու մասին: Որքան հիշում եմ, Գերմանիայից նրան, բացի այդ փամփուշտից, «ժառանգություն» էր հասել «Ֆիլիպս» մակնիշի ռադիոընդունիչ և մի լապտեր: Իսկ Արամայիս հորեղբայրս հաճախ հիշում էր աքսորի տարիները Սիբիրում: Պատմում էր սառնամանիքից, իր պես բռնադատվածներից: Ի դեպ, հետագայում ես մամուլում հրապարակեցի Գուրգեն Մահարու  պատասխան նամակը Արամայիսին, որտեղ հիշատակվում  էին աքսորի դաժան օրերը, սառնամանիքը, անմարդկային պայմանները,  և այլն:

Տեղին է հիշել Հիսուսի խոսքերը Մատթեոսի Ավետարանից. «Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, միթէ քար կը տայ նրան” (Մատթեոս. 7,9):

Պատմությունը ցույց տվեց, որ այնուամենայնիվ տիեզերքում այդպիսին մեկը եղել է: Դա բռնակալ Իոսիֆ Ստալինն էր՝ այսպես կոչված ժողովուրդների հայրը, ով միլիոնավոր իր «որդիներին» հացի փոխարեն քար տվեց: Այդ քարից բաժին հասավ նաև Արամայիսին, մի բան, որ իրենց նամակագրությունում հատուկ դառնությամբ են հիշում Մահարին և Արամայիսը,  թե ինչպես քարացած հացը կտրում էին սղոցով:

Երբ մեր ընտանիքներում որևէ մի կարևոր հարց էր լինում քննարկելու, Արամայիսը իր երեխաներից մեկին ուղարկում էր մեր տուն, որը գտնվում էր մոտակայքում՝ սարի լանջին, և այդ «սուրհանդակը» դիմում էր հորս՝ շնչակտուր ասելով. «Պապան ասում ա արի թրաշվի»: Լինում էր, որ հայրս ասում էր,  թե երեկ եմ թրաշվել: Երեխան գնում էր հետ և նորից վերադառնում մեր տուն՝ կրկին դիմելով հորս, ասում էր. «Պապան ասում ա ոչինչ, արի նորից թրաշվի»: Դա նշանակում  է, որ պիտի տեղի ունենային լուրջ քննարկումներ: Նման լուրջ քննարկումներ տեղի էին ունենում խաշի և կուրկուտի շուրջ ձմռանը, իսկ ամռանը թութ թափ տալու և, հատկապես, թթի օղի ճաշակելու առիթով: Արամայիսենց տան պատշգամբում կաղամբաթթվի մի վիթխարի տակառ կար, որի մեջ թթու էին դնում Ղափանում աճող գրեթե բոլոր բանջարեղենը: Ձմռանը տակառի միջի սառույցի կեղևը ջարդում էին և հանում թթուն:

Ղափանը հայտնի էր թթի օղիով, և յուրաքանչյուրը ձգտում էր ստանալ ավելի պարզ և թունդ օղի: Նույնիսկ գեղագիտական վերաբերմունք ունեին օղու հանդեպ, և նշում էին այն ուլունքաշարը (ժևերը), որը գոյանում էր սպիրտի բարձր աստիճանից:

Մեր այգու բոլոր սև և սպիտակ թթենիները պատվաստել էր Արամայիսը: Թութ ուտելիս ես մի դաս էլ սովորեցի՝ էթիկայի դաս: Հաճախ ուտում էինք մի մեծ թասից: Շատ բնական էր համարվում, որ յուրաքանչյուրը բնազդաբար ընտրում էր ամենալավ թութը: Մի օր հանկարծ զգացի, որ թութ ընտրելը նմանվում է «մրցույթի». չէ՞ որ «էգոիստաբար» ընտրելով լավը՝ մերձավորիցդ ես խլում: Եվ ես ինձ սանձելու, կամքս զարգացնելու նպատակով ընտրում էի միջակը՝ լավագույն թութը թողնելով մերձավորներիս: Գուցե միամտությո՞ւն է, բայց փաստ: Չէ որ հուշերիս սկզբում ասում եմ, որ տարբեր դասեր եմ ստացել մեր տոհմի հավաքներում: Սա էլ էթիկայի դասն էր: Օղի քաշելիս համտեսելու մի ավանդույթ կար, որը հաճախ վեր էր ածվում լայնամասշտաբ խնջույքի: Օղի քաշելու արարողությունը իմ առաջին դասն էր քիմիայից: Մեր ցեղում գործում էին նաև ֆիզիկայի օրենքները, հատկապես Նյուտոնի երրորդ՝ փոխադարձության օրենքը: Այդ օրենքի համաձայն՝ Արամայիսենց տան խնջույքները միշտ արձագանք էին մեր տան հերթական խնջույքով,  որի ընթացքում հնչում էին երգ, նվագ և, անշուշտ, հումոր:

***

1958 թվականին Ղափանում տեղի ունեցավ մի պատմական իրադարձություն: Երևանի գեղարվեստա — թատերական ինստիտուտի մի խումբ շրջանավարտների գործուղել էին Ղափանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական թատրոն աշխատելու՝ Երվանդ Ղազանչյան, Գալյա Նովենցը, Գուժ Մանուկյան, Ալիկ Քոչարյան և այլք: Այդ թատերախմբի ներկայացումները բախտորոշ դեր խաղացին նաև իմ կյանքում, իմ գեղագիտական դաստիարակության գործում: Հայրս աշխատում էր նաև թատրոնում որպես էլեկտրիկ — լուսարար: Ես՝ 12 — ամյա պատանիս, հորս օգնականն էի թատրոնում: Իմ պարտականության մեջ մտնում էր հետևել ներկայացումների ընթացքին և ապահովել համապատասխան գունային լուսավորություն: Հայրս կազմել էր մի տետր, որտեղ նշված էին դերասանների ռեպլիկները, որոնցից յուրաքանչյուրի ավարտից հետո ես պետք է փոխեի  լուսավորության երանգները: Արտագնա բոլոր ներկայացումները հայրս վստահում էր ինձ:

Ես այնքան պարտաճանաչ էի և կլանված ներկայացումներով, որ թատրոնի նկարիչ — ձևավորող Արտյուշա Վանյանը ասում էր, որ ապագայում ես դառնալու եմ Մոսկվայի Մեծ թատրոնի լուսարարը: Հայրս առիթը բաց չէր թողնում թատերախմբին հրավիրելու մեր տուն հատկապես  ամռանը՝ թութ թափ տալու և օղի քաշելու շրջանում: Տնեցիք մեծ պատիվ էին զգում և հափշտակված լսում էին նրանց զրույցները: Ասում են, երբ ագռավը լսում է սոխակի դայլայլները, ինքն էլ է ուզում երգել: Ահա այդպես էլ մենք. ցուցադրում էինք մեր համեստ արվեստը: Մեր ընտանիքի յոթ երեխաներից երեքս, սովորում էինք երաժշտական դպրոցում: Ես նվագում էի ջութակ, քույրս՝ Ժասմենը՝ դաշնամուր, փոքր եղբայրս՝ Միշան՝ թավջութակ, և մեր ընտանեկան տրիոն ղեկավարում էր հայրս, ով  նվագում էր դաշնամուր, մանդոլին, ակորդեոն: Կրտսեր հորեղբայրս՝ Ազատը, նվագում էր կլառնետ և դափ: Կինը լավ ձայն ուներ, և ընտանեկան հավաքներին նրանք հաճախ  հանդես էին գալիս միասին:

Մենք էլ մասնակցում էինք այդ տնային համերգներին, իսկ երբ խնջույքը տեղափոխվում էր այգի,  հայրս դերասաններին անակնկալ մատուցելու նպատակով խնդրում էր ինձ, որպեսզի ես նմանակեմ դերասաններին, և ես հերթով նմանակում էի նրանց՝ անգիր հիշելով և խաղալով դրվագներ նրանց դերերից: Այսպիսով, Ղազանչյանին նմանակելիս ես «երվանդություն» էի անում, Քոչարյանին՝ «ալիկություն», Ղազիյանին՝ «բորիսություն», և այս ամենը ավարտվում էր Մանուկյանի դերով, այսինքն՝ «գուժությամբ»:

***

Մայրս գյուղում պատմում է թատերախմբի հյուրախաղերի մասին: Նախ գյուղի հյուրասեր կատարածուն ամենաբարձր տանիքից ազդարարում էր. «Ա՜յ գյուղացիք, քաղաքից մարդ ա եկել, շորվին ջուրը ավելացրե՜ք»: Իսկ դերասանները կազմել էին մի հումորով լի կոմպոզիցիա, որը միշտ չէ, որ ծիծաղ էր առաջացնում: Վերջապես մի գյուղում այն տվեց իր արդյունքը: Ներկայացումը տեղի էր ունենում մի մեծ գոմում, որը կենդանիներից անջատված էր մեծ վարագույրով: Ներկայացման վերջում հանկարծ ծիծաղի պոռթկում թնդաց՝ դերասանները թեթև շունչ քաշեցին, բայց պարզվեց, որ վարագույրի թիկունքից մի կով գլուխը հանել էր, պոզերը ցցել ու զարմացած նայում էր իր տարածքն առանց հարցնելու ներխուժած «այլմոլորակայիններին»:

***

1959 թվականին մեր ընտանիքը տեղափոխվեց Երևան: Դպրոցը նոր էր հիմնադրվել, և օգնության կարգով պարբերաբար համերգներով Ղափան էին գալիս Երևանի կոնսերվատորիայի դասախոսները: Նրանք  հետևում էին նաև դպրոցի դասընթացին, խորհուրդներ տալիս և՛ ուսուցիչներին, և՛ սաներին: Դպրոցն էլ իր հերթին հանդես էր գալիս հաշվետու համերգներով: Նման մի համերգի ժամանակ մեր ընտանիքի եռյակին նկատել էր ջութակահար պրոֆեսոր Արամ Շամշյանը: Քանի որ Ղափանի դպրոցը յոթնամյա էր, Շամշյանը պահանջեց, որ մեզ տեղափոխեն Երևան՝ ուսումը շարունակելու Չայկովսկու անվան տասնամյա երաժշտական դպրոցում: Սա առաջին դեպքն էր Չայկովսկու դպրոցի պատմության մեջ, երբ երաժիշտները  տեղափոխվում էին շրջանից: Այս մասին գրվեց «Կոմունիստ» թերթում, որի թղթակից Կարեն Քալանթարը հարցազրույց էր վարել մայրիկիս հետ: Շուտով մշակույթի նախարարության միջնորդությամբ մեր ընտանիքին գրանցեցին մայրաքաղաքում և ապահովեցին բնակարանով:

Կոնսերվատորիային կից Չայկովսկու անվան 10 — ամյան մեկտեղում էր հանրակրթական և երաժշտական դպրոցները: Քննությունից հետո դպրոցի ուսմասվար (հետագայում՝ տնօրեն) Տատյանա Հայրապետյանը ինձ վերցրեց իր դասարան, եղբորս տվեց Ալեքսանդր Չաուշյանին,  քրոջս՝ Օֆելյա Պետրոսյանին: Առաջին իսկ օրվանից մենք ցնցված Էինք. համեմատ Ղափանի դպրոցին՝ դա մի ուրիշ աշխարհ էր, այլ «մոլորակ» էր. Ղափանի դպրոցը գտնվում էր լքված «մանկամսուր»  ի երեք սենյակում՝ խոնավ, ցուրտ, պատերին անձրևաջրերից «աշխարհի քաղաքական քարտեզն» էր գծագրված: Երեք դաշնամուր կար երեքն էլ հնացած (բացի տնօրենի սենյակի դաշնամուրից): Ի տարբերություն սրա՝ Չայկովսկում, բացի «Ստեյնվեյից», կային աշխարհի լավագույն ռոյալներից «Բեխշտեյն», «Բլյուտներ» և այլն: Դպրոցի միջանցքը զարդարում էին միջազգային մրցույթների հայ առաջին դափնեկիրների՝ հանճարեղ ջութակահար Ժան Տեր — Մերկերյանի, թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի և այլ շրջանավարտների մեծադիր լուսանկարները: Չայկովսկու անվան 10 — ամյակը մեկտեղում էր հանրակրթական և երաժշտական դպրոցները: Այս հանգամանքը նույն իդեալներով տոգորված ուսուցիչներին և սաներին միավորում էր, դարձնում մի ընտանիք, համայնք: Մեր դպրոցը ԽՍՀՄ կրթօջախների առաջատարներից էր: Դպրոցում տիրում էր ինտելեկտուալ, կիրթ մթնոլորտ: Այստեղ սովորում էին նաև անվանի մարդկանց զավակները, որոնք ապագայում դարձան հայտնի գործիչներ: Քրոջս դասարանից էին Մարտիրոս Սարյանի որդի Ռուբենը, Գոհար Գասպարյանի դուստր Սեդան, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Հովհաննես Բաղդասարյանի դուստր Անահիտը, ապագա աշխարհահռչակ ջութակահար Ռուբեն Ահարոնյանը: Մեր դասարանից էին անվանի դաշնակահար Գ. Սարաջևի որդի Սերգեյը (Կոնսերվատորիայի ապագա ռեկտոր), ջութակահար Հ. Բոգդանյանի դուստր Անահիտը: Հատկանշական է, որ Ավետիք Իսահակյանի խնդրանքով բացառությամբ  դպրոց էին ընդունել իր թոռանը՝ Ավիկին, բացառությամբ, քանի որ նա պիտի սովորեր միայն հանրակրթական բաժնում: Վարպետին գրավել էր  մեր դպրոցի ընդհանուր բարեկիրթ մթնոլորտը… Դպրոցն ավարտելուց հետո, ես և քույրս ընդունվեցինք և ավարտեցինք Կոնսերվատորիան: Քույրս մնաց Կոնսերվատորիայում դասավանդելու: Իսկ ես մի քանի տարի  Ղափանում, Լենինականում աշխատելուց հետո վերադարձա Երևան և սկսեցի դասավանդել Կոնսերվատորիայում: Դեռ ուսումնառության տարիներին (Երևանում և հետագայում՝ Մոսկվայի Կոնսերվատորիայի ասպիրանտուրայում) ծանոթանում էի, ստեղծագործական կապեր հաստատում մեծահամբավ երաժիշտների հետ, որոնք գալիս էին Հայաստան հյուրախաղերի, հանդես գալիս դասախոսություններով, վարպետաց դասերով և այլ առաքելությամբ:  Դրանք էին դաշնակահարներ  Ալեքսեյ Լյուբիմովը, Բորիս Բերմանը, կոմպոզիտոր Անդրեյ Վոլկոնսկին, երաժշտագետ Ֆիլիպ Գերշկովիչը և այլք: Որքան էլ տպավորիչ լինեին մեր հաջողությունները, միևնույն է, մեր ընտանիքը շատ էր կարոտում Ղափանը, նրա բնությունը, մեր տունը, այգին, մարդկանց, բարբառը… Միայն Խուստուփի «ավագ եղբայր» Արարատ լեռն էր, որ մեզ պահում էր իր գրկում (ի դեպ, մեկը Խարբերդում տուն էր վաճառում, հարցրեցին, թե ինչո՞ւ Երևանի տներից թանկ է, նա պատասխանել էր. «Դուրս ես գալիս բալկոն՝ Արարատը չորս կողմից երևում է: Ահա այսպես էլ ես էի տեսնում Խուստուփը): Հայրս յուրովի էր իր կարոտն առնում. նա երևանյան «սփյուռքում»  «հայտնաբերում» էր իր «բախտակից» ղափանցիներին և պարբերաբար հրավիրում տուն, հիշում իրենց խնջույքները Սմբատի, Արամայիսի և մեր օջախում: Երաժշտասեր հայրս հորդորում էր ինձ տուն հրավիրել նոր ծանոթներիս, լսել նրանց նվագը, պատվել նրանց: Ես այդպես էլ չհասկացա՝ հայրս խմո՞ւմ էր, որ նվագի, թէ՞ նվագում էր, որ խմի: Մի բանը հաստատ է՝ երկուսն էլ ոգելից են: Բացի վերը նշված գործիչներից, մեր տունը այցելել են  իմ ուսուցիչ Ժան Տեր — Մերկերյանը, գեղանկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանը, Տիգրան Մանսուրյանը, կոմիտասագետ Ռոբերտ Աթայանը, երգեհոնահարուհի Լյուբով Շիշխանովան և այլք: Թվում էր, թե հայրս նույն խանդավառությամբ էր ընդունում բոլոր հյուրերին՝ անկախ նրանց համբավից, պաշտոնից: Ասածս հիմնավորելու համար բերեմ երկու դեպք՝ մեկը կապված է Մխիթար հորեղբորս որդի Էդիկի, մյուսը՝ ժամանակին Երևան այցելած Ալեքսեյ Լյուբիմովի ընտանիքի հետ: Հորս ավագ եղբորն անվանոմ էի Մխիթար Լուսավորիչ, քանի որ մետաղագործ էր, և բացի վառարաններից, խողովակներից, նա խտացրած կաթի բանկաներից ճրագներ էր պատրաստում և լուսավորում ստալինյան խավարի թշվառ օրերը: Մի զավեշտ եմ լսել, բայց չգիտեմ որքանով է ճիշտ: Ասում են, Մխիթարը տանել չէր կարող թուրքերին և գտել էր վրեժ առնելու իր ձևը: Նա հաճախ նստում էր էշը, գնում Ղուբաթլու, թուրքերի հետ գրազով թղթախաղ խաղում, ջախջախում  և էշը բարաձած բրնձով կամ այլ ավարով՝ վերադառնում տուն: Մի օր շատ ուշացավ, հայրն արդեն անհանգստանում էր (թուրքերը գիշերով ավելի վտանգավոր են դառնում): Վերջապես, գիշերվա ժամը 3 — ի կողմերում դարպասը բացվեց, և «անառակ որդին» հայտնվեց: Հայրը երջանիկ էր, բայց երբ նկատեց, որ էշը չկա, իսկ փալանն էլ «Նյուտոնի թիկնոցի» պես սփռված է Մխիթարին ուսերին, մեղմ ձայնով հարցրեց. «Բա Մխիթարն ո՞ւր ա»:

Ահա մի օր էլ, գիշերվա նույն ժամին բախեցին մեր երևանյան բնակարանի դուռը: Հայրս բացեց, և այցելուն ընկավ իր գիրկը: Պարզվեց, որ իր եղբոր տղա Էդիկն է: Իսկ գիրկն ընկավ ոչ այնքան կարոտից, այլ նա պարզապես այնքան էր հարբած, որ ոտքերի վրա կանգնելու փոխարեն՝ հենվել էր դռանը: Հայրս բոլորիս արթնացրեց, Էդիկը քրոջս սուրճ պատվիրեց: Մայրս անմիջապես սեղան բացեց: Հայրս էլ բացեց դաշնամուրը և հայտարարեց. «Շտրաո՜ւս», ու սկսեց նվագել իր սիրած վալսը՝ «Մեծ վալս» կինոֆիլմից:  Դիմելով մեզ՝ ասաց. ձայնակցե՜ք: Եվ հետո տեղը զիջեց քրոջս, ինքը մոտեցավ սեղանին, և…սկսվեց: Ես ջութակով, Միշան և Ժաննան  թավջութակով, հարևաններն էլ «հարվածայինների» փոխարեն դղրդացնում էին պատը: Նրանք արթնացել էին ոչ թե մեր նվագից, այլ Էդիկի սուրճ խմելու «ֆռթոցներից» (մի տեղ կարդացել էի, որ այդպես ճահիճներն են չորացնում): Առավոտյան հրաժեշտին Էդիկը իր գոհունակությունը հայտնեց՝ ասելով. «Այնուամենայնիվ, «Մասիս» ռեստորանի սուրճը ավելի լավն է, բաց նվագը ձերին չի հասնի»: Հայրս ղեկավարվում էր այն գաղափարով, որ հյուրը Աստծուց է, իսկ ես բանաստեղծ Միխայիլ Սվետլովի սկզբունքով, որը նույնպես Աստծուց է: Մի օր գիշերվա նույն ժամին Սվետլովը զանգում է ընկերոջը: Քնաթաթախ ընկերը վրդովված ասում է. «Բա կարելի՞ է գիշերվա 3 — ին զանգել և արթնացնել մարդկանց»: Պոետը պատասխանել էր. «Սերը և բարեկամությունը շուրջօրյա կատեգորիա են»: Նախքան անդրադառնալը մյուս հյուրերին՝ Ալեքսեյ Լյուբիմովին և իր ընտանիքին, լավ կլինի մի փոքրիկ, բայց բառիս բուն իմաստով պատմական էքսկուրս կատարեմ:

***

Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսեյ Լյուբիմովին դեռ երիտասարդ ժամանակ համարում էին հանճարեղ դաշնակահար: Բախտ եմ ունեցել ճանաչելու նրան ուսանողական տարիներից ի վեր: Առաջին անգամ նրա անունը տեսա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հայտագրում, որտեղ նշված էր, որ նա պիտի կատարի Բրամսի 1 — ին դաշնամուրային կոնցերտը՝ Միքայել Մալունցյանի ղեկավարությամբ: Քանի որ իմ ուսուցիչը՝ մաեստրո Մալունցյանը, թույլ էր տալիս ներկա լիներ նվագախմբի փորձերին, ես անմիջապես գնացի Ֆիլհարմոնիա: Առավոտյան ժամը տասն էր, և ես նստած դահլիճում անհամբեր սպասում էի իմ սիրած Կոնցերտի կատարմանը: Ինչպես հավքերն են նախազգում երկրաշարժը, ես արդեն նախալսում էի Կոնցերտը բացող լիտավրայի որոտընդոստ դղրդյունը, բայց հանկարծ վաղորդայնի ծաղկանց  պես անշտապ սկսեցին «ծաղկել» երկու կլառնետների հեքիաթային հնչյունները, որոնք բացում են Պրոկոֆևի 3 — րդ կոնցերտը: Անբացատրելի բեկում զգացի՝ այստեղ են ասել. «հաճելի հիասթափություն»: Փորձից հետո մոտեցա դաշնակահարին և իմացա, որ մեր Ֆիլհարմոնիայի գրադարանը (Մոսկվայից)  դեռ չէր ստացել Կոնցերտի նվագախմբային ձայները: Եվ Ալյոշան, Մալունցյանի ընտրությամբ, համաձայնեց փոխել կոնցերտը: Համերգը ցնցող էր: Ինձ թվաց, որ մի այնպիսի գանձ գտա, որը «ուղեցույց աստղի» պես պիտի միշտ շողշողա և լուսավորի իմ ճանապարհը դեպի երաժշտության արքայություն: Եվ դա իրականություն դարձավ (Սակայն Բրամսի լյուբիմովյան մեկնաբանությանը սպասող իմ սրտում ինչ — որ մի «նստվածք» մնաց)…

Հերթական մի համերգից հետո Կոնսերվատորիայի ռեկտոր Ղազարոս Սարյանի հրավերով Լյուբիմովը ժամանակակից երաժշտության մասին մի դասախոսություն կարդաց, որից հետո նա հրավիրեց իր աշխատասենյակ: Տեղի ունեցավ սիմվոլիկ հյուրասիրություն, որի ժամանակ Ալյոշան բաժակ բարձրացրեց, շնորհակալություն հայտնեց Ղ. Սարյանին, բոլոր ներկաներին և նշեց, որ Արարատյան Հայաստանի  դռներն իր առջև բացել է Կոնսերվատորիայի սան Գրիշա Դանիելյանը՝ ապագա Դանիել Երաժիշտը (այն ժամանակ տանը և մտերիմների շրջապատում ինձ Գրիշա էին անվանում, անուն, որ «ժառանգել» եմ պատերազմում անհայտ կորած քեռուցս):

Չեմ համբերում, շտապում եմ պատմել ևս մի բացառիկ դեպք, որը վկայում է Ալյոշայի երախտագիտության, պարտքի զգացումի, բարձր բարոյականության մասին: Իր առաջին համերգից հետո Լյուբիմովը բազում ելույթներ է ունեցել Երևանի Ֆիլհարմոնիայի, Կամերային տան և այլ լեփ — լեցուն դահլիճներում: Մոտ հիսուն տարի անց՝ վերջին համերգից հետո, ինչպես միշտ, արտիստական ընդունարանում հավաքվել էին կոնսերվատորիայի պրոֆեսորները, ուսանողները և այլ երկրպագուներ: Լյուբիմովը մտազբաղ անցավ բոլորի կողքով, մոտեցավ ինձ՝ ժպիտը զսպելով, նայեց ուղիղ աչքերիս մեջ և ազդարարեց. «Гриша! Я для тебя сыграл Первый фортепианный концерт Брамса: Теперь ты доволен?!»…Նա չէր մոռացել, որ կես դար առաջ ինչ — որ մեկին մի բան էր «խոստացել», բայց հուսախաբ էր արել: Եվ Բրամսի օրհնությամբ, նա իր «պարտքը» ավելիով վերադարձրեց:

Մեր ստեղծագործական շփումները Լյուբիմովի հետ մեծ արդյունք տվեցին: Եվ գագաթնակետը կարելի է համարել Լենինականում, այնուհետև Ղափանում տեղի ունեցած մեր համատեղ համերգները: Ես այդ ժամանակ (1977 — 1979թթ.) Լենինականի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու նվագավարն էի, և այդ նվագախմբի հետ յուրաքանչյուր համերգին կատարեցինք դաշնամուրային երեք կոնցերտ՝ Բախ, Հայդն, Մոցարտ: Ինչպես մենք էինք հիացել Ալյոշայի նվագի անհասնելի վեհությամբ, այնպես էլ նա էր  գերվել բարձրաբերձ Խուստուփով, Ղափանի հեքիաթային բնությամբ: Ժամանակին այդպես հիացել էր նաև իմ ուսուցիչ Ժան Տեր — Մերկերյանը, ով համեմատելով Շվեյցարիայի հետ՝ նախապատվությունը տվել էր «Սյունյաց սարերին»…

Ալյոշայի հետ մեր բարեկամությունը տարածվեց նաև մեր ընտանիքների վրա: Եվ տարիներ անց՝ մի գեղեցիկ օր, նրանք ընտանիքով Մոսկվայից ճամփա ընկան դեպի Հայաստան՝ ուղիղ շիկահողցի Սմբատի տղա, «մանտոր» Արշավիրի տուն: Դա մի ուխտագնացություն էր դեպի Քաղաքակրթության «Կաստալիայի ակունքը»:

Լյուբիմովները լավ ժամանակ էին ընտրել՝ ամառվա արձակուրդներն էին: Մենք սիրով դիմավորեցինք և տեղավորեցինք մեր պատվական հյուրերին: Մերոնք ծանոթացան Ալյոշայի հոր՝ Բորիս Ալեքսեևիչի, մոր՝ Եվգենիա Միխայլովնայի, քրոջ՝ դաշնակահարուհի Լյուբայի և Ալյոշայի ուսանող դաշնակահար Սաշայի հետ: Հորս հատկապես ուրախացրել էր այն, որ ուշ երեկոյան հյուրերին ճանապարհելու խնդիր չէր լինելու, և քանի որ նրանք գիշերելու էին մեր տանը, ժամանակի սղությունը չէր խոչընդոտելու խնջույքների տևողությանը (Սվետլովը կասեր, խնջույքն էլ է «շուրջօրյա կատեգորիա»): Հանդիպման առաջին իսկ օրը ծնողներս իսկական հայկական սեղան բացեցին: Հայրս, վերհիշելով Ղափանը, մեր և Արամայիսենց տան «սիմպոզիումները», յուրօրինակ մի «վերածնունդ» էր ապրում: Արդեն կարելի է կռահել, որ հունարեն «սիմպոզիում» եզրույթը այստեղ կիրառված է իր նախաստեղծ իմաստով, այն է՝ «գինարբուք»: Դժվար է ասել, թե ինչն էր ավելի համեղ՝ ուտեստները, թե՞ հետաքրքիր պատումները, հումորը, երաժշտությունը, անցյալի հուշերը: Ինչ վերաբերվում է խմիչքներին, ապա աշխարհի ամենատարբեր խմիչքներ ճաշակած մոսկվացի հյուրերը «միաբերան» հավանեցին Ղափանի մեր տնական թթի օղին: Մենք Ալյոշայի հետ հիշեցինք մեր լավ ընկեր, կոմպոզիտոր Անդրեյ Վոլկոնսկուն: Եվ ահա թե ինչու: Նախ Անդրեյը ԽՍՀՄ  առաջին հնագույն երաժշտության «Մադրիգալ» անսամբլի հիմնադիրն էր, որ օրինակ եղավ իմ «Շարական» անսամբլի ստեղծմանը: Բացի այդ, «Մադրիգալում» երգում էին մեր հայրենակից, մեծանուն երգիչ Պավել Լիսիցյանի երեք զավակները:

Նամակներից մեկում Ալյոշան զարմացած հարցրել էր, թե ո՞րն է այն գաղտնիքը, որ Անդրեյը, ով Մոսկվայում շատերին նայում է «վերևից»՝ իր «իշխանական դիրքերից», այդքան մտերիմ է ինձ հետ (մաեստրո Անդրեյ Վոլկոնսկին հայտնի իշանական տոհմի շառավիղ էր: Այդ իշխաններից են եղել Լև Տոլստոյի պապը, որը նրա «Պատերազմ և խաղաղություն» վեպի հերոս Նիկոլայ Բոլկոնսկու նախատիպն էր, ինչպես նաև դեկաբրիստ Սերգեյ Վոլկոնսկին և այլք): Այդ հարցին ես պատասխանեցի՝ «գործնականում», երբ օղու մի քանի կում էլ արեցինք, ես պատմեցի, թե ժամանակին ինչ մեծ հարգանքով էր իր օջախում մեզ ընդունել Խորհրդային բանակի Հայաստանի զորքերի հրամանատար, գեներալ — լեյտենանտ Պյուտր Վասիլևիչ Լեբեդևը (մեր մյուս ընկերոջ՝ դաշնակահար Պավել Խազանովի աները): Միայն մի դրվագ. խնջույքի սկզբին նա ցույց տվեց մի կաշվե շքեղ «դիպլոմատ»՝ ասելով, որ այն նվիրէլ է Հունգարիայի Գյուղատնտեսության նախարարը: Գեներալը հանդիսավոր բացեց դիպլոմատը, որում զետեղված էին հունգարական լավագույն գինիներով լի շշերը: Բացեց շշերից մեկը և առաջին բաժակը առաջարկեց պատվական հյուրին: Վոլկոնսկին սիրալիր ասաց. «Շնորհակալություն, Պյոտր Վասիլևիչ, այդ էկզոտիկ գինին պահեք տոն օրվա համար, իսկ մենք Ձեզ հետ ճաշակելու համար բերել ենք Ղափանի սովորական, «անմահական» թթի օղի» (գեներալը չնեղացավ, քանի որ գիտեր, որ Վոլկոնսկին անկեղծ  է և շիտակ, ինչպես իր իշխանազուն նախնիները, որոնց մասին «Պատերազմ և խաղաղություն» վեպում գրել է Լև Տոլստոյը): Ես այնպես ներկայացրեցի հիշյալ դեպքը, որ Ալյոշան եզրակացրեց, որ մեր բարեկամության գաղտնիքը մեր թթի օղու մեջ էր: Պատմածս այնքան հետաքաքրեց Ալյոշայի ուսանողին, որ նա, որ մինչ այդ իր ուսուցչի ներկայությամբ շատ զուսպ էր ըմպում, խնդրեց ևս մի բաժակ:

Մեր օղու պաշարը այնքան շատ էր, որ մենք խմեցինք բոլոր ընտանիքների տոհմածառի կենացը՝ ընդ որում, ճյուղ առ ճյուղ: Ընտանեկան ոլորտից դուրս եկանք արտաքին աշխարհ, մաղթեցինք խաղաղություն, ինչպես Բեթհովենն էր ասում՝ խաղաղություն մարդու ներքին և արտաքին աշխարհին: Վերջում հիշեցինք Շիլլերի հայտնի կոչը համայն մարդկությանը, որ հնչում է Բեթհովենի 9 — րդ սիմֆոնիայում՝ «Գրկախառնվե՜ք, միլիոններ»…

Կենացների շարունակությունը մնաց հաջորդ օրերին՝ «ոչ ոք չէր մոռացվել, ոչինչ չէր մոռացվել»:

Խնջույքի «առաջին բաժինն» ավարտվելուց հետո ներկաներն անցան առանձնազրույցների: Ալյոշայի մայրը մորս հետ առանձնացան պատշգամբում, մեր հայրերը մնացին հյուրասենյակում, ուսանողներն անցան մեկ այլ սենյակ:  Եվ բոլորին միավորում էր իրենց տարիքին, իրենց կարիքին համապատասխան թեմաները: Բացառիկ դեպք էր, երբ օրը 10 — 11 ժամ պարապող Ալյոշան հանկարծ այսքան ազատ ժամանակ ուներ: Եվ առիթից օգտվելով` իր հետ քննարկում էինք մեզ հուզող հարցերը: Իսկ դրանք բազում էին. խոսում էինք երաժշտության ճշմարիտ մեկնաբանությունից, մրցույթների ժյուրիի անդամների անաչառությունից, էթիկայից, կրոնից, պատմությունից, Հայոց ցեղասպանությունից, գերված Արարատից, ընդհուպ մինչև մեր հետագա համերգների ծրագրից: Եվ հանկարծ պատշգամբի դուռը բացվեց,  այնտեղից սրընթաց դուրս եկավ Եվգենիա Միխայլովնան, ներխուժեց հյուրասենյակ ու սկսեց խիստ տոնով կշտամբել ամուսնուն. «Разве так можно, Борис Алексеевич, ты же обещал?!»… Բանն այն է, որ կինը պատշգամբում արդեն զգացել էր ծխախոտի հոտը և կռահել, որ ծխողը Բորիս Ալեքսեևիչն է: Պարզվեց, որ նա վաղուց թողել էր ծխելը և խոստացել, որ այլևս չի շարունակի: Եվ խստաբարո կինը ամուսնուց բացատրություն պահանջեց…

***

Թեպետ Դանթեն ասում էր, որ «Հիշողությունը այն դրախտն է, որից ոչ ոք չի կարող արտաքսել», բայց Եվգենիա Միխայլովնային հաջողվեց սթափեցնել, իրական կյանքի կոչել արդեն եղբայրացած «նախկին երիտասարդներին»: Հայրս և Բորիս Ալեքսեևիչը գրեթե հասակակիցներ էին: Նրանք վերհիշում էին  երիտասարդ տարիները, զրուցում Պատերազմի, ստալինյան բռնաճնշումների և այլ իրադարձությունների մասին:  Հիշեցին նաև համր և հնչյունային ֆիլմերի ժամանակները, Չառլ Չապլինին: Ինչպես վերը նշեցի, հայրս նաև կինոմեխանիկ էր, և երբ կինոթատրոնում դաշնամուր էր լինում, նա իր սիրողական նվագով, իմպրովիզացիաներով «նվագակցում» էր, «խոսեցնում» համր ֆիլմերը: Նրանք մտաբերեցին նաև ժամանակին տարածված երգերը, և հայրս սկսեց նվագել իտալական հայտնի երգեր: Հատկապես հուզվել էին «Երեք վարդ» — ը և «Ասացե՜ք, աղջիկներ» երգերից: Վերջինս սկսվում է ահա այսպես. «Ասացե՜ք, աղջիկներ, ձեր ընկերուհուն, որ ես գիշերները չեմ քնում և երազում եմ իր մասին»: Ո՞վ չէր հուզվի՝ հիշելով այս սրտառուչ խոսքերը: Այստեղ էր, որ Բորիս Ալեքսեևիչը չդիմացավ և սկսեց արտասվել ու ծխել: Եվ դիմելով կնոջը՝ նա սկսեց արդարանալ. «Տե՜ս, ինչ չքնաղ երգ է, տե՜ս ինչ անուշ է նվագում, ինչպե՞ս չարտասվեմ»: Եվգենիա Միխայլովնան չէր հանձնվում. նա կամ խանդում էր իտալուհիերին, ովքեր այդքան հուզեցին իր «դարավոր» ամուսնուն, կամ…Տիկինը վերջին «հարվածը» հասցրեց՝ «Ալյոշան այդքան նվագում է, բա ինչո՞ւ չես արտասվում, ծխում»: Ամուսինը այստեղ էլ ելք գտավ, ու ասաց. «Алёша так не может, это совсем другое!»:

Ահա այսպես ավարտվեց երևակայական «մրցույթը» ղափանցի կույր աշուղ Մարտիրոսի աշակերտ «մանտոր» Արշավիրի և աշխարհահռչակ պրոֆեսոր Հենրիխ Նեյհաուզի աշակերտ, հանճարեղ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի միջև: Վիրտուալ մրցույթ, որտեղ հաղթող դուրս եկան բոլորը:

Ակամա հիշեցի մեկ այլ նման իրավիճակ, որի մասին պատմել է Կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Սերգեյ Սարաջյանը: Նրա հայրը՝ դաշնակահար Գեորգի Սարաջևը, Լենինգրադում սովորելու տարիներին ոչ միայն լավագույն ուսանողներից էր, այլև Կոնսերվատորիայի շախմատի չեմպիոնը: Նրա ընկերներից էր դաշնակահար, գրոսմայստեր Մարկ Տայմանովը, նա ծանոթ էր նաև աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանին, ում հետ խաղալիս հաջողացրել էր մեկ անգամ գրանցել ոչ — ոքի արդյունքը: Սակայն դաշնակահարը միշտ «վրեժ» էր առնում, հաղթում նարդիով: Ի դեպ, ես ականատես եմ եղել չեխ գրոսմայստեր Միրոսլավ Ֆիլիպի սեանսին, որը ժամանակին տեղի է ունեցել Երևանի կոնսերվատորիայում: Ֆիլիպը բոլորին հաղթեց, բացի Սարաջևից. նրանց խաղն ավարտվեց ոչ — ոքի:

Արձակուրդի օրերին ապրելով մեր տանը՝ Ալյոշան մերթընդմերթ այցելում էր  իր մյուս արվեստակիցներին: Այդ «ասպատակությունները» ես անվանում էի «артналёт»: Այս հապավումը երկու իմաստ ունի՝ առաջինը՝ հրետանու (արտիլերիայի) գրոհը, երկրորդը՝ «արտիստների» գրոհը, այսինքն նրանց համերգները զորամասերում, խրամատներում: Ահա այսպես Լյուբիմովը  գրոհեց նաև Տիգրան Մանսուրյանին, որի հետ սերտ կապված էր նաև նորարարության և այլ խնդիրների առումով: Հաճելի է նշել, որ Մանսուրյանը Լյուբիմովին է նվիրել «Երեք պիեսները» հրաշալի շարքը, որը դաշնակահարը ձայնագրել է սկավառակի վրա: Այդ օրերին Մանսուրյանը «պատասխան այցով» եկավ մեր տուն՝ Լյուբիմովի հետ շարունակելու իրենց հույժ կարևոր երկխոսությունը: Սիրով պահպանում եմ մեր լուսանկարը, որտեղ պատկերված են Տիգրան Մանսուրյանը և մեր բոլոր հյուրերը: Շատ բան կարելի պատմել այդ անմոռանալի օրերի մասին: Ամենակարևորն այն է, որ մեր հյուրերը վերադարձան Մոսկվա՝ իրենց հետ տանելով մեր նվիրական սերը, Հայաստանի ջերմությունը, նրանք մոտիկից ճանաչեցին և սիրեցին «Երկիր դրախտավայր» Հայաստանը: Սրա լավագույն արտահայտությունն էր իր 70 — ամյակին նվիրված հոբելյանական համերգը Արամ Խաչատրան համերգասրահում. Լյուբիմովը հոբելյանական համերգը զարդարեց Կոմիտասի դաշնամուրային պիեսների «ուլունքաշարով»:

***

Որքան էլ մենք սիրեինք Երևանը, մենք երբեք չէինք դադարում կարոտել Ղափանը: Դա է պատճառը, որ հայրս հենց անցավ թոշակի, անմիջապես վերադարձավ Ղափան: Ավանդույթի համաձայն՝ նա որոշել էր իր առաջին ամսվա թոշակով մի լավ խնջույք կազմակերպել հենց Ղափանում՝ մեր այգում, որը տան հետ մեկտեղ պատրաստվում էին քանդել և տեղը հիմնել տրիկոտաժի գործարան: Բարեկամների հետ պայմանավորված օրը՝ առավոտյան, հայրս բարձրացավ Էլեկտրական սյան վրա, որպեսզի լույս անցկացնի երեկոյան կայանալիք խնջույքի համար: Նա, մետաղյա «մագիլները» ոտքերին, հատուկ գոտիով սյանը «շղթայած», ամուր կանգնել և սկսել էր աշխատանքը: Նախօրեին անձրև էր տեղացել, սյունը դեռ թաց էր: Եվ հանկարծ էլեկտրական հոսանքը «շանթահարեց» «դարավոր» էլեկտրիկին՝ Մանտոր Արշավիրին: Եվ սյունը գրկած, նա սրընթաց սահեց ու ընկավ գետնին: Պարզվեց, որ բնակիչներից մեկը գաղտնի լար էր կապել և օգտվում էր հոսանքից: Առաջինը օգնության հասավ իր եղբայր Արամայիսը և սկսեց իր արհեստական շնչառություն տալ: Սակայն ոչինչ չօգնեց: Բացի այդ, շտապօգնության մեքենան էլ չէր կարող բարձրանալ սարի լանջը: Այդպես «վերջին խնջույքը» չկայացավ: Հայրս թաղվեց Բարաբաթումի բարձունքին՝ տոհմիկ գերեզմանում:

Հորս մահից հետո միայն իր աշխատավայրում զգացին, թե ինչ մեծ գործ էր անում ու երբեք չէր դժգոհում: Բավական է նշել, որ իր գործը շարունակելու համար աշխատանքի ընդունեցին երեք մասնագետ:  Արշավիրը սիրված մարդ էր, և յուրաքանչյուրը յուրովի էր արտահայտել իր ափսոսանքը: Իմ վաղամեռիկ ընկեր, կրտսեր Արևշատ Ավագյանի  կերտած հորս դիմաքանդակը զարդարում է նրա շիրիմը: Մյուս ընկերս՝ Մոսկվայի Խմբերգային ակադեմիայի ներկայիս պրոռեկտոր Պավել Խազանովը, արձագանքեց մի ամբողջ պոեմով, որտեղ զուգահեռ է անցկացրել դիցաբանական Իկարոսի և հորս վախճանի միջև, ով արհեստական թևերով բարձրացել էր երկինք, սակայն արևը հալեցրել էր նրա թևերի մոմերը, և նա ընկել էր Էգեյան ծովը:

Արշավիրի կյանքը, նրա առաքելությունը, կապված էլեկտրականության, լուսավորության հետ, հիշեցնում է նաև մոմի խորհուրդը, որ ինքն այրվելով ջերմացնում ու լուսավորում է մերձավորներին:

 

[1]        «Հյուսիսի «վիրապ»՝ նկատի ունի Վլադիմիրի բանտը: Դրանով զուգահեռ է անցկացնում Գրիգոր Լուսավորչի «Խոր վիրապի» հետ:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի