Ղարադաղի ամենանշանավոր գերդաստանը կարելի է համարել Մեշափարա գավառակի Ողան գյուղից ծագած Թումանյանց (կամ Թումանյան) գերդաստանը: XIX դարի վերջին և XX դարի սկզբին նրանց անունը հայտնի էր ոչ միայն ողջ Իրանում, այլև Ռուսաստանի և Եվրոպայի առևտրաֆինանսական համապատասխան շրջանակներում:
Այդ տոհմի մասին տեղեկություններ ունենք 1735 թվականից՝ մելիք Սարգսից, ով ապրել է Մեշափարա գավառակի Ողան գյուղում, եղել է դարբին, ունեցել է սեփական արհեստանոց, պատրաստել է գյուղատնտեսական բազմազան գործիքներ՝ խոփ, կացին, ցաքհատ, թոխուր, պայտեր, գամեր և այլն: Երկաթագործությունը Թումանյանցների տոհմական արհեստն էր, որով զբաղվել են մի քանի սերունդ՝ մելիք Սարգիսը, այնուհետև նրա որդի Թումանը, ապա թոռը՝ Հարությունը[1]:
Հարությունը, ով իր անվան կողքին կրում էր «Մահտեսի»[2] մակդիրը, հիմնեց Թումանյանց առևտրային տունը: Նա ունեցել է չորս տղա՝ Սիմոն, Սարգիս, Խաչատուր և Զաքարիա:
Սիմոնի (նա նույնպես կրում էր «Մահտեսի» մակդիրը) զավակներն էին Համբարձումը և Իսկուհին (ամուսնու ազգանվամբ՝ Հակովբեան): Վերջինս Թավրիզի «Հայ կանանց բարեգործական միության» հիմնադիրներից էր: Նրա հուշերը 1970-ականների սկզբներին հրատարակվեցին «Ալիք» օրաթերթում և Բոստոնի «Հայրենիք» ամսագրում: Իսկուհին մահացավ 1973թ. Համբուրգում 102 տարեկան հասակում:
Սարգիսի զավակներն էին Վարդանը, Միքայելը և Եղիսաբեթը: Խաչատուրի որդիներն էին Ստեփանը և Լևոնը: Զաքարիայի որդիներն էին Գրիգորը և Արտաշեսը[3]:
«Եղբ. Թումանյանց առևտրային տունը» իրավաբանորեն գրանցվել է Թավրիզում 1880-ականների սկզբներին: Սակայն Մահտեսի Հարությունը առևտրային գործունեությունը սկսել էր դեռ 1840 թվականից: Նույն ժամանակաշրջանից Հարությունը Ղարադաղից երկաթե պայտեր և գյուղատնտեսական գործիքներ էր փոխադրում Թավրիզ, որտեղ դրանք մեծ պահանջարկ էին վայելում: Նա շահագործում էր Ղարադաղի Խանագահ գյուղի մերձակայքում առկա երկաթի հանքավայրերը: 1870թ. նրանք կառավարության հետ Իրանի բանակի հեծելազորին պայտեր ու գամեր մատակարարելու պայմանագիր են կնքում՝ օգտագործելով Խանագահի երկաթահանքի հումքը[4]: Չնայած կարծիքներ կան, որ նա այդ երկաթը ստանում էր Ռուսաստանից՝ Խուդափերինի կամրջով[5]: 1880թ. առևտրային տունը հիմնել են կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ իրավաբանորեն գրանցել են Հարությունի չորս տղաները՝ գործակցությամբ իրենց մորաքրոջ որդիների՝ Հակոբ և Ղազար Հակոբյանների: Նախնական շրջանում եռանդուն գործունեություն են ցուցաբերել Մահտեսի Սիմոնը՝ Մոսկվայում, Սարգիսը՝ Բաքվում և նրանց մորաքրոջ որդի Հակոբը՝ Թավրիզում: Վերջինս վաղաժամ մահանում է, և նրան փոխարինում է Բաղդասար Մելիք-Սարգըսյանը, ով նույնպես Թումանյանցների ազգականն էր: Բաղդասարը հետագայում Մոզաֆեր Էդ Դին շահի կողմից արժանանում է շքանշանի: Իշխան Հովսեփ Արղությանն ու Նիկոլ Դումանը մտերիմ էին Բաղդասարի և նրա եղբոր Համբարձում Մելիք-Սարգսյանի հետ: Խանասորի արշավանքի խորհրդակցությունն ու նախնական աշխատանքները Բաղդասարի տանն էին տեղի ունենում: Համբարձում ՄելիքՍարգսյանը մասնակցեց Խանասորի արշավանքին, և այդտեղից մտերմություն հաստատվեց նրա ու Եփրեմի միջև: Նա նաև գործուն մասնակցություն ունեցավ սահմանադրական հեղափոխությանը[6]:
Դեռ 1889 թվականին Սարգիսը մեկնում է Ստոկհոլմ, պատվիրում է երկու բեռնատար շոգենավ՝ իրենց ապրանքը Պարսկաստանից Ռուսաստանի շուկաներ և ռուսական ապրանքներն էլ Պարսկաստանի շուկաներ տեղափոխելու համար: Ընդ որում, նա արժանանում է շվեդական կառավարության շքանշանի[7]: Այդ շոգենավերի անուններն էին «Մուխսաղա» և «Վահան»: Մեկ շոգենավ էլ գնում են Բաքվից: Եղբայրները Բաքվի ամենաաչքի ընկնող թաղամասում կառուցում են չորս մեծ տուն:
Թումանյանց չորս եղբայրները հայրենի Ողանում կառուցում են երկհարկանի ընդարձակ առևտրի տուն՝ 3մ բարձրությամբ պարիսպով: Այստեղ Թավրիզից զանազան ապրանքներ են բերվում ու վաճառվում շրջակա գյուղերի բնակչությանը:
Նման մի երկհարկանի ընդարձակ, պարսպապատ առևտրային տուն էլ 1907թ. հիմնում են Մինջվան գավառակի Վինա գյուղում, որը գործել էր մինչև 1937թ.[8]: Այս շինությունը Թումանյանցների համար ծառայել է նաև որպես տուն-ամառանոց: Այդ շրջանում նրանք հաճախ էին ենթարկվում տեղական իշխանությունների կամայականություններին: Գավառի ավազակ խաները հաճախ կողոպտում էին Թումանյանցների ունեցվածքը:
«Եղբ. Թումանյանց առևտրային տան» շրջանառության մասին պատկերացում կազմելու համար բավական է նշել, որ 1876թ. եղբայրներից մեկը՝ Սիմոն Թումանյանցը, Ռուսաստան էր արտահանել 90098 ռուբլու և Իրան ներմուծել 12450 ռուբլու ապրանք: Հաջորդ տարի նրա առևտրային շրջանառությունը կազմել է 88901 ռուբլի արտահանման և 19427 ռուբլի՝ ներմուծման գծով[9]:
«Եղբ. Թումանյանց առևտրային տունը» XIX դարի վերջին և XX դարի սկզբին խոշորագույնն էր Իրանի հայկական առևտրային տներից: Այն բացառիկ կարևոր դեր ուներ Իրանի տնտեսական կյանքի ամենատարբեր բնագավառներում: Կարճ ժամանակում դարձավ Իրանի խոշորագույն առևտրաֆինանսական հաստատություններից մեկը: Թումանյանցները բաժանմունքներ ունեին հյուսիսային Իրանի բոլոր խոշոր քաղաքներում՝ Թավրիզում, Ուրմիայում, Ղազվինում, Թեհրանում, Ռաշտում, Էնզելիում, Բարֆռուշում, Շահրուդում, Սաբզևարում, Մաշհադում և արդեն XIX դարի վերջին միլիոնանոց առևտուր էին վարում Ռուսաստանի և արևմտյան Եվրոպայի հետ: Առևտրային տունը մասնագիտացել էր չոր մրգի, բամբակի, մետաքսաբոժոժի արտահանման բնագավառում: Այդ ապրանքների մի մասը Մոսկվայի, Բաքվի, Աստրախանի բաժանմունքների միջոցով արտահանվում էր Ռուսաստան և Արևմտյան Եվրոպա: «Նրա առևտրական շրջանառությունն այնքան է աճել, որ Իրանի այսպես կոչված «ռուսական ազդեցության գոտում», առանց նրա գրասենյակի համաձայնության առևտրական ոչ մի գործարք չի կարող կնքվել…»,- նշում էր գնդապետ Ցիսը 1916թ.:
XX դարի առաջին տասնամյակը կարելի է համարել «Թումանյանց առևտրային տան» ծաղկման և փառքի գագաթնակետը:
Ռուսաստանի հետ առևտրային գործարքները հեշտացնելու և տեղական իշխանությունների կամայականություններից իրենց ապահովագրելու համար Թումանյանց չորս եղբայրներից երկուսը ռուսական հպատակություն են ընդունում և հաստատվում Բաքվում: Առևտրական տան հետագա ողջ գործունեությունը սերտորեն կապվում է ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի հետ: Այստեղ նրանք դառնում են Նոբելի, Լիանոզովների բաժնետիրական ընկերությունների, ինչպես նաև «Դինամոի» և Բաքվի նավթային ընկերության բաժնետերեր[10]:
Թումանյանց եղբայրները զբաղվում էին նաև բամբակի արտահանմամբ: Արտահանումը իրականացվում էր Բանդար Գյազից: XX դարի սկզբին նրանք Բանդար Գյազում հիմնեցին և գործարկեցին բամբակազտիչ գործարան[11]: Թումանյանցները որոշակի հետաքրքրություն էին ցուցաբերում իրենց առևտրական գործարքների հետ սերտորեն կապված վերամշակող ձեռնարկությունների շինարարության նկատմամբ:
Մարաղայի, Բինաբի, Միանդաբի շրջաններից Ռուսաստան էր արտահանվում տարեկան 500000 փութ չոր միրգ, ինչպես նաև՝ 120000 փութ նուշ և ընկույզ: Այդ ծավալի մեջ ամենամեծ բաժինը պատկանում էր Թումանյանց եղբայրներին: Թումանյանց եղբայրները XIX դարի վերջին Ռուսաստան էին արտահանում տարեկան ավելի քան 1 մլն. ռուբլու ապրանք, որից շուրջ 300000 ռուբլին կազմում էր չոր մրգի արտահանումը:
«Եղբ. Թումանյանց առևտրային տունը» համարվում էր նաև Իրանի խոշորագույն մետաքս և մետաքսաբոժոժ գնող և արտահանողը: 1905թ. նրանք հույն Խալիկաոսի հետ միասին Գիլանում գնել են 27000 բաթման մետաքսաբոժոժ, որն այդ տարվա խոշորագույն գործարքներից էր: Մետաքսաբոժոժը Կասպից ծովով, Ռուսաստանով արտահանվում էր Ֆրանսիա:
«Եղբ. Թումանյանց առևտրային տունը» Ռուսաստանից Իրան էր ներմուծում շաքար: Այդ նպատակով ընկերությունը Էնզելիում կառուցեց մի պահեստ, որտեղ տեղավորվում էր մինչև 100 վագոն շաքար[12]:
Առևտրային տունը XX դարի սկզբից սկսեց զբաղվել նաև թորած նավթի ներմուծմամբ՝ Ռուսաստանից Իրան: 1905թ. Սարգիս Թումանյանցը դիմել էր Ռուսաստանի ֆինանսների նախարար Վիտտեին՝ խնդրելով Բաթումի վրայով առանց մաքսի Իրան ներմուծել թերթավոր երկաթ, որն անհրաժեշտ էր նավթի համար թիթեղամաններ պատրաստելու համար[13]:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին առևտրային տան կապիտալն Իրանում կազմում էր 3 մլն. թուման և ևս 1,5 մլն թուման՝ պարտքի հանձնառության ձևով: Հոկտեմբերյան բոլշևիկյան հեղափոխությունից հետո Ռուսաստանում Թումանյանցների առևտրային տան ողջ ունեցվածքը՝ շուրջ 17 մլն. ռուբլի, բռնագրավվեց բոլշևիկների կողմից:
Թումանյանց եղբայրների առևտրի զգալի մասը իրականացվում էր Կասպից ծովով, որտեղ նրանք ունեին 2 նավ՝ 1269,5 տոննա տարողությամբ: Միայն ամենախոշոր առևտրային ընկերությունները կարող էին իրենց թույլ տալ սեփական բեռնատար նավեր պահելը: 1902թ. Թումանյանցները այդ նավերով Բանդար Գյազ նավահանգստով ներմուծել են 69339 փութ և արտահանել են 42910 փութ ապրանք[14], ինչը ավելի շատ էր, քան հայկական մնացած առևտրային տների՝ նույն նավահանգստով իրականացված ծովային առևտրաշրջանառությունները միասին վերցրած:
Դեռ XIX դարի վերջից Թումանյանց եղբայրների գործունեության մեջ սկսեց գերակշռել ֆինանսաբանկային գործարքները[15]: Առևտրական շրջանառության արագ աճը և այն հանգամանքը, որ նրանք՝ որպես արտահանողներ, գործ էին ունենում տարբեր դրամական միավորների հետ, Հարություն Թումանյանցի որդիներին ստիպեցին զբաղվել նաև դրամական գործառնությամբ: Եթե մինչև 1890-ական թվականները նրանց գործունեության հիմքը կազմում էին առևտրական գործարքները, ապա դրանից հետո առաջին պլան մղվեց ֆինանսական գործարքները: Իրականացնելով խոշոր առևտրային շրջանառություն և մշտապես կանխիկ դրամի անհրաժեշտություն զգալով՝ Թումանյանցները Ռուսաստանից ձուլածո արծաթ էին ներմուծում և մատակարարում էին դրամահատարանին՝ դրա դիմաց ստանալով որոշակի քանակությամբ արծաթե դրամ: Այդ ժամանակ ընդամենը մի քանի ընկերության էր թույլատրված դրամահատարանին արծաթ մատակարարել: Թումանյանցները դրամահատարանին տարեկան 4000 փութ արծաթ էին մատակարարում, իսկ 1894 թվականից՝ 6000 փութ: Թումանյանցները իրենց հաճախորդների համար ընթացիկ հաշիվներ էին բացում, ընդունում ավանդներ և տրամադրում վարկեր, ինչպես նաև զբաղվում էին պարտամուրհակների հաշվառմամբ և դրամի փոխադրմամբ: Իրանում ռուսական գործերի հավատարմատար Ա. Սոմովի վկայությամբ Շահրուդում բոլոր բանկային գործարքները գտնվում էին Թումանյանց ընկերության ներկայացուցչի ձեռքում: Ռաշտում պարտամուրհակների հաշվառմամբ զբաղվում էին Հաշվարկային և Շահնշահական բանկերի բաժանմունքները և Թումանյանցների գրասենյակը: Ղազվինում հիմնական վարկային հաստատությունները Հաշվարկային բանկի գործակալությունը, Թումանյանց եղբայրները և բանկիր Հաջի Մուհամեդ Ալի Աղան էին: Թումանյանցների առևտրաֆինանսական գործարքները հյուսիսային Իրանում այնքան էին ընդլայնվել, որ գնդապետ Ցիսի խոսքերով՝ Իրանում արմատավորված կարծիքի համաձայն, ռուսական ռուբլու կուրսը հաստատվում է Թումանյանց գրասենյակի կողմից: Սակայն առևտրային տան ֆինանսական գործունեությունը չէր սահմանափակվում Իրանի հյուսիսային շրջաններով: Ընկերությունը բաժանմունքներ ուներ նաև Բաքվում, Աստրախանում, Մոսկվայում, Վիեննայում, Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում, Կ. Պոլսում և ֆինանսական գործառնություններ էր կատարում նաև Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի խոշորագույն առևտրաֆինանսական կենտրոններում:
Թումանյանցները զգալի կապիտալ ունեին, որը հնարավորություն էր տալիս նշանակալի վարկեր տրամադրել: Նրանց վարկերը նկատելիորեն գերազանցում էին իրանական մյուս հաստատությունների վարկային գործարքները՝ չնայած կազմում էին առևտրային տան եկամուտների ընդամենը 26 տոկոսը: Հարկ է նշել, որ Թումանյանցները վարկեր էին տալիս ոչ միայն մասնավոր անձանց, այլև իրանական կառավարությանը: Օրինակ՝ Մոզաֆեր Էդ Դին շահի իշխանության տարիներին կառավարության պարտքը Թումանյանցներին կազմում էր 500000 ղռան: Իրանական կառավարության պարտքը Թումանյանցներին հատկապես արագ էր աճում 1905-1911 թվականների իրանական հեղափոխության շրջանում, երբ կառավարությունը մշտապես դրամի կարիք էր զգում: 1906թ. հեղափոխական իրադարձությունների շրջանում, երբ պետական գանձարանը դատարկ էր, Թումանյանցները պետության կարիքների համար կառավարությանը տալիս էին օրական 10, 20, երբեմն էլ մի քանի հարյուր հազար թուման: Հետագա տարիներին ևս իրանական կառավարությունը մեկ անգամ չէ, որ դիմել էր Թումանյանցների ֆինանսական օգնությանը: 1912թ. կառավարության պարտքը Թումանյանցների առևտրային տանը կազմում էր 1500000 ղռան: Առևտրային տունը իրանական մյուս բանկային հաստատությունների հետ պայքարում այնքան ամրապնդվեց, որ սկսեց մրցակցել նաև Շահնշահական բանկի հետ: Շահնշահական բանկի և մյուս բանկային հաստատությունների հետ Թումանյանցների մրցակցությունը կանխորոշեց նրանց դաշինքը Հաշվարկային բանկի հետ:
Թումանյանց եղբայրների առևտրական տան ֆինանսական և բանկային գործունեությունը եզակի երևույթ էր Իրանի տնտեսական կյանքում: Միևնույն ժամանակ, կարելի է վստահությամբ նշել, որ առևտրական ու ֆինանսական գործարքների սերտաճումն Իրանում հայ վաճառականության գործունեության բնորոշ գծերից էր: Խորասանում, Աստրաբադում և Մազանդարանում բամբակի արտադրության դիմաց նրանք զգալի վարկեր էին տրամադրում[16]:
1906թ. Իրանում որոշում էր կայացվել ազգային բանկի հիմնադրման վերաբերյալ, որի համար անհրաժեշտ գումարը պետք է հավաքվեր բաժանորդագրության միջոցով: Առաջին հինգ բաժանորդներից մեկը հենց Թումանյանցներն էին[17]: Նըրանք Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին ձեռք էին բերել նաև Իրանի որոշ առևտրային ճանապարհների շահագործման իրավունքները, մասնավորապես՝ Էնզելի-Ռաշտ-Թեհրան, Մաշադիսեր-Թեհրան[18]:
Նրանք երբեմն համագործակցում էին պարսիկ վաճառականների հետ: Օրինակ` 1899թ. Թումանյանց եղբայրները համաձայնության եկան Հաջի Մուհամեդ Հուսեին Էմին Էս-Զարբի, Աղա Աբդուլ Բաղի Արբաբիի, Հաջի Աբդուլ Ռաջապ Օսկուլիի և Հաջի Մուհամեդ Ալի Քաշիի հետ: Նրանք պայմանագիր կնքեցին Հաշվարկային բանկի հետ, որի համաձայն՝ բանկը պարտավորվում էր վերոհիշյալ վաճառականների համար Բաքվում գնել և Թեհրան ուղարկել 100000 փութ ցորեն: Ապրանքը ժամանակին գնվել և մատակարարվել էր[19]: Սակայն սա հազվադեպ երևույթ էր: Սովորաբար հայ վաճառականները համագործակցում էին միմյանց հետ:
1916թ. Կապանի տարածաշրջանում տիրող սաստիկ սովն ու պարենային պակասը որոշ չափով մեղմելու նպատակով Թումանյանց առևտրային տունը Ղարադաղից 6000 փուտ ցորեն է փոխադրում Կապանի Սևաքար, Չափնի, Ըրկենաց, Արծվանիկ գյուղի ժողովրդին մատչելի գներով վաճառելու համար[20]: Այդ տարիներին Կապանի տարածաշրջանի բնակավայրերը հաճախակի էին Ղարադաղից ցորեն ներմուծում: Ի դեպ, Լեռնհայաստանի անկումից և դեպի Պարսկաստան իրականացված գաղթից հետո Թումանյանցների մոտ որպես կառավարիչ աշխատել է[21] խլաթաղցի Գեդեոն Տեր-Մինասյանը[22]:
1919թ. Թումանյանցները Իրանի կառավարության հետ պայմանագիր են կնքում Կասպից ծովի հարավային ափերի ձկնորսարանները վարձակալելու և շահագործելու համար: Ձեռնարկը, սակայն, մեկ տարուց ավել չտևեց արտահանման շուկայի բացակայության պատճառով[23] (բոլշևիկյան Ռուսաստանը այլևս Իրանից ձկնամթերք չէր ներմուծում):
Թումանյանցները մասնակցում էին նաև հյուսիսային Իրանի անտառային ռեսուրսների շահագործմանը: Նրանք զգալի անտառային տարածքներ էին վարձակալել Մազանդարանում: Ֆրանսիացի մասնագետների կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տալիս, որ այդ տարածքում կար 285-300 հազար հասուն կաղնի ծառ: Օտարերկրյա կազմակերպությունները հետաքրքրություն էին ցուցաբերում այդ փայտանյութի գնման և արտահանման գործում: Ֆրանսիական ընկերություններից մեկը Թումանյանցներին առաջարկում էր յուրաքանչյուր քառակուսի մետր կաղնեփայտի համար վճարել 10 ռուբլի, ընդ որում, հատումը և առաքումը ընկերության հաշվին: Նախատեսվում էր վարձակալական պայմանագիրը կնքել 24 տարով[24]:
Թումանյանցների առևտրային տան մեծ բաժանմունքներից մեկը Մազանդարանում էր՝ 7 մասնաճյուղով, 2 բամբակի գործարանով և ընդարձակ կալվածքներով: Կենտրոնական գրասենյակը գտնվում էր Քիաքոլա գյուղում, որտեղ կար բամբակի գործարան, բոժոժ չորացնելու արտադրամաս և նորակառույց բնակարաններ՝ գրասենյակի և գործարանի պաշտոնյաների համար: Այդտեղ անց էր կացված էլեկտրական լուսավորություն, կային տեղափոխության միջոցներ, իսկ գործարանին կից կար շուկա: Մազանդարանի կառավարիչն էր Գալուստ Սահակյանը:
«Եղբ. Թումանյանց առևտրային տունը» իր մասնակցությունն է ունեցել պարսկական սահմանադրական շարժումներին` նյութական աջակցություն և փոխառություններ տալով Եփրեմ Դավթյանին և հայ հեղափոխականներին: Հատկանշական է, որ Մոզաֆեր Էդ Դին շահը ճամփորդելիս Բաքվում իջևանում էր հենց Թումանյանցների տանը: Թումանյանցների առևտրային տան զինանշանի վերևում պարսից կառավարության հատուկ շնորհումով դրվում էր «Շիր-օ-Խորշիդ» (թուրով առյուծ, ետևը՝ արև, վերևը՝ թագ) պետական խորհրդանշանը[25]:
XIX դարի վերջից առևտրական կապիտալը ներթափանցեց գյուղ: Խոշոր ձեռնարկատերերը հետաքրքրություն էին ցուցաբերում հողի նկատմամբ և սկսում են գնել ինչպես հողեր, այնպես էլ ամբողջական գյուղեր: Թումանյանները Ղարադաղում, Մազանդարանում, Գիլանում, Ղազվինում վիթխարի հողային տարածություններ են ձեռք բերում[26]: 1915թ. նրանք 3000 դեսյատին հող գնեցին Սալավաթի շրջանում, չնայած շահսևանների ռազմատենչ ցեղերը մշտապես հարձակումներ էին գործում այդ շրջանի գյուղերի վրա: Առևտրական տան ներկայացուցիչ Թովմաս Թումանյանցը Թավրիզի մոտ գտնվող Գյունեյ-Արզանակի շրջանում ձեռք էր բերել 12 գյուղ, որոնց ընդհանուր արժեքը մոտ 100000 թուման էր: Հետաքրքրական է, որ Թումանյանցները վարձակալում էին նաև պետական հողեր: Օրինակ՝ իրանական կառավարությունը տարեկան 45000 թուման վճարի դիմաց նրանց երկարատև ժամկետով վարձակալության էր տվել Մազանդարանի պետական հողերը: Ռուսական հյուպատոսական գործակալի վկայությամբ դեպքեր էին լինում, երբ Թումանյանցները գյուղեր էին գնում ոչ թե դրամով, այլ մի քանի հարյուր փամփուշտի դիմաց[27]:
1910-ական թվականներին Թումանյանցների առևտրային տունը պատրաստվում էր թևակոխելու մի նոր շրջան: Ստեղծված պայմանները նրանց ստիպում էին մղվել դեպի համաշխարհային շուկա: Երրորդ սերնդի ներկայացուցիչները (գլխավորապես Վարդանն ու Արտաշեսը) աշխատում էին կապ հաստատել եվրոպական առևտրական և արդյունաբերական հաստատությունների հետ: Ծրագրում էին անտառների, հանքերի շահագործման միջոցներ ստեղծել, ոմանք էլ գերադասում էին մասնակցություն ունենալ Ռուսաստանի արդյունաբերական ձեռնարկություններում՝ նավթային, բեռնափոխադրումների և այլ ոլորտներում: Ռուսաստանի բոլշևիկյան հեղափոխության հետևանքով Թումանյանցների ամբողջ շարժական և անշարժ գույքը Ռուսաստանում բռնազավթվեց. մոտ 4000 տոննա բամբակ, շուրջ այդքան բրինձ, չոր մրգեր, այլև՝ տներ, նավթահորեր, գործարաններ, չորս բեռնափոխադրող նավ, բանկերում ունեցած դրամական միջոցներ և արժեթղթեր: Ռուբլու աղբյուրը ցամաքեց, այլևս անհնար էր Ռուսաստանից այդ ամենը ետ ստանալ: Արդյունքում Իրանում պահ առնված դրամները վերադարձնելը դժվարացավ, և ընկերությունը սնանկացավ: Իրանում գտնվող ձեռնարկությունները պարտատերերի պահանջով կալանքի տակ առնվեցին: Ուժեղ և ազդեցիկ պարտատերերը իրենց պահանջները ետ ստացան, իսկ թույլերը մնացին ձեռնունայն: Առաջին համաշխարհային պատերազմը և ցարական Ռուսաստանի անկումը պատճառ հանդիսացան Թումանյանների նյութական քայքայման և անկման համար: Եղբայրներ Թումանյանցների առևտրային տան լուծարման գործընթացը սկսվեց մեծ ուշացումով՝ 1935թ.[28]:
Հետագայում՝ երկրորդ աշխարհամարտից հետո ընկած ժամանակաշրջանում, սնանկության գործընթացի շրջանակներում Թումանյանցների կալվածքների վաճառքից որոշ գումարներ հատկացվեցին ժառանգներին: Խաչատուրի որդի Լևոնին այդ գումարը բավականացրեց մի տուն գնելու համար: Իսկ Զաքարիայի որդի Գրիգորի կինը՝ Շուշանիկը, մերժեց ընդունել որոշված գումարը և երկար տարիներ դատավարության մեջ էր:
Ահա այսպես մայր մտավ Թումանյանց գերդաստանի աստղը, որ մեկ դար առաջ ծագել էր լեռնոտ Ղարադաղում և հետզհետե բարձրանալով ու պայծառանալով՝ միառժամանակ փայլեց երկնակամարում, բայց հանկարծակի թեքվեց ու անհետացավ համաշխարհային իրադարձությունների փոթորկոտ ծովում:
Թումանյանցները անչափ հայրենասեր ու ժողովրդասեր էին, նրանց բարերարությամբ հազարավոր հայեր ընտանիքի ու ապրուստի տեր դարձան: Թումանյանց եղբայրները երբեք չէին մոռանում իրենց ծննդավայրը: Նրանք ղարադաղահայության փրկությունը կապում էին խաների լծից ազատման հետ և այդ նպատակով իրականացնում էին Ղարադաղի հայաբնակ գյուղերի սեփականության իրավունքով ձեռբերումը: Նրանք Ղարադաղում գնեցին 19 գյուղ, որոնցից գանձում էին չնչին հարկ: Թումանյանցների՝ Ղարադաղում ունեցած հայաբնակ գյուղերն էին՝ Ողան, Վինա, Քարագլուխ, Ամրադուլ, Գինդիմնան, Նեփեշտ, Մըզգիթ, թրքաբնակ՝ Բալան, Բեհրուզ, Բըզվեր, Չալանդարա, Քելեյբար, Շեխհուսենլու, Ահմադլու, Մաջիդլու, Սութան, Ղարաղոչ, Դաշարասի, Քեշիշքյանդի[29]:
Հայկազյան դպրոցը 1885թ. Թավրիզի Լիլավա թաղամասում՝ Սբ. Սարգիս եկեղեցու բակում, հիմնում են Զաքարիա, Խաչատուր, Սարգիս և Սիմոն Թումանյանցները, որոնք այդ ժամանակ Թավրիզի մեծահարուստներից էին: 1887թ. մահանում է Զաքարիայի դուստր Թամարան, ով այդ դպրոցի սաներից էր և, ի հիշատակ վերջինիս, կառուցվում է «Թամարյան» մասնաշենքը, որից հետո դպրոցը ստանում է Հայկազյան-Թամարյան անվանումը[30]: Այդ դպրոցի մեծ ու փառավոր շենքը, որը կառուցվել է Թումանյանցների կողմից, դեռ 1930-ականների դրությամբ իր նմանը չուներ ողջ Պարսկաստանում[31]: 1962-1963 ուսումնական տարում այս դպրոցը ուներ 742, 1981-82թթ.՝ 334 աշակերտ[32]: Դպրոցը գործում է նաև մեր օրերում: «Աննայան» դպրոցի հիմնադիրները նույնպես Թումանյանցներն էին[33]:
1898թ. Վարդան Թումանյանցի կողմից կառուցվում է Ղարադաղի Մեշափարա գավառակի առաջին դպրոցը՝ Ողան գյուղի Հռիփսիմյան դպրոցը՝ ի հիշատակ իր հանգուցյալ մոր՝ Հռիփսիմեի[34]: Դպրոցը երկսեռ էր, ուներ չորս դասասենյակ: «Մենք այդ դպրոցին հանդիպեցինք 1905-1907թթ.,- գրում է ժամանակի հոդվածագիրը,- թվում էր, թե որևէ քաղաքային դպրոցի աշակերտության առաջ ենք կանգնած. աշակերտ-աշակերտուհիները հագնվել էին միատեսակ, մաքուր համազգեստ, կարգապահությունն էլ օրինակելի էր»: Ողանի դպրոցի գրենական բոլոր պիտույքների մատակարարումը և, ընդհանրապես, դպրոցի բոլոր ծախսերը իրենց վրա էին վերցրել Թումանյանցները:
1911թ. Մինջվան գավառակի՝ Թումանյանցներին պատկանող Վինա գյուղում վերջիններիս կողմից բացվում է «Սարգսյան» դպրոցը: Դպրոցի ծախսերը ամբողջությամբ հոգում էին Թումանյանցները:
Այդ տոհմի անսահման հայրենասիրությունը դրսևորվեց նաև հետագա սերունդներից որոշների մեջ. Սիմոն Մահտեսու որդին՝ Վարդան աղան, 1930թ. (Թումանյանց չորս եղբայրներն արդեն մահացած էին) վերադարձավ Ղարադաղ՝ իրենց սեփական Վարդանաշեն գյուղը, և ապրեց այնտեղ մինչև խոր ծերություն: Նա ուներ Ռուբեն անունով որդի և մի աղջիկ, որոնք ապրում էին ԱՄՆ-ում[35]:
Շատ հայեր, հատկապես՝ ղարադաղցիներ, Թումանյանցների առևտրային հաստատություններում աշխատել և հարստացել էին:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տիկին Շուշանիկ Թումանյանը՝ Զաքարիայի հարսը, սկսեց զբաղվել Թումանյանցների պարտքի ու պահանջի հարցերով: Նրան հաջողվեց նույնիսկ 200000 թուման գանձել, սակայն շուտով տիկին Շուշանիկը կնքեց իր մահկանացուն: Ասում են՝ նա ուներ հարուստ արխիվ[36]:
1976թ. դրությամբ՝ Թումանյանց գերդաստանից Թեհրանում ապրում էին Լևոնի աղջիկը՝ Լիլյա Հովսեփյանը, և Իսկուհի Թումանյանի որդի՝ բժիշկ Գալուստ Հակոբյանը[37]:
[1] Հովսեփյան 2009, հատ I, էջ 118-119:
[2] «Մահտեսի» էին անվանում Երուսաղեմ ուխտի գնացած քրիստոնյաներին:
[3] «Ալիք», 1976, 3 ապրիլի, թիվ 72:
[4] Հովսեփյան 2009, հատ. I, էջ 118-119:
[5] «Ալիք», 1976, 3 ապրիլի, թիվ 72:
[6] «Ալիք», 1976, 3 ապրիլի, թիվ 72:
[7] «Հայրենիք», Բոստոն, 1934, թիվ 10, էջ 137:
[8] «Ալիք», 1970, 19 հունվարի, թիվ 13:
[9] Ստեփանյան Ս. Խ., Հայ առևտրական բուրժուազիան Իրանի տնտեսական կյանքում, Հայաստանի ԳԱ հրատ., Երևան, 1992, էջ 72:
[10] Ստեփանյան 1992, էջ 101:
[11] Ստեփանյան 1992, էջ 121:
[12] Ստեփանյան 1992, էջ 87-91:
[13] Ստեփանյան 1992, էջ 98:
[14] Ստեփանյան 1992, էջ 101:
[15] Ստեփանյան 1992, էջ 18:
[16] Ստեփանյան 1992, էջ 131-139:
[17] Ստեփանյան 1992, էջ 140-141:
[18] Ստեփանյան 1992, էջ 144:
[19] Ստեփանյան 1992, էջ 105:
[20] «Մշակ», 1916, 14 դեկտեմբերի, թիվ 278:
[21] Գեդեոն Տեր-Մինասյան (1865-1937): Հասարակական-քաղաքական գործիչ: Ծնվել Է Կապանի տարածաշրջանի Խըլաթաղ գյուղում: Զանգեզուրի 1918-1921 թվականների գոյամարտի կազմակերպիչներից է: Լեռնահայաստանի կառավարության անդամ: Զոհ է գնացել ստալինյան բռնաճընշումներին:
[22] Հարությունյան Ա., Գարեգին Նժդեհի 1921թ. դատավարությունը, «Ազգայնական ակումբ» հրատ., Երևան, 2001, էջ 19-20:
[23] Ստեփանյան 1992, էջ 118:
[24] Ստեփանյան 1992, էջ 121:
[25] «Ալիք», 1976, 3 ապրիլի, թիվ 72:
[26] Ստեփանյան 1992, էջ 23, 148:
[27] Ստեփանյան 1992, էջ 148-149:
[28] «Ալիք», 1935, 6 հունիսի, թիվ 44:
[29] Հովսեփյան 2009, հատ. I, էջ 118-119:
[30] «Ալիք», 1969, 8 մայիսի, թիվ 97:
[31] «Ալիք», 1931, 11 հունիսի, թիվ 12:
[32] «Ալիք», 1962, 4 դեկտեմբերի, թիվ 263:
[33] «Ալիք», 1931, 11 հունիսի, թիվ 12:
[34] «Ալիք», 1933, 12 հոկտեմբերի, թիվ 27:
[35] Հովսեփյան 2009, էջ 118-119:
[36] «Ալիք», 1976, 3 ապրիլի, թիվ 72:
[37] «Ալիք», 1976, 21 ապրիլ, թիվ 87: