ևասար Ղարադաղը մեզ համար առեղծվածային աշխարհ է, մի տեսակ «Թաքուն աշխարհ», որի անցյալի էջերը խամրած ու մոռացված են: Թվում էր՝ այդ երկրամասին վիճակված չէր պատմություն դառնալ, այլ կմոռացվեր ու կմնար սփռված զանազան վավերագրերում, հուշագրություններում, կմոռացվեին մարդիկ, իրադարձությունները, տեղանունները: Այս երկրամասի անցյալի պատմությունը գրելը պահանջում է գիտելիքներ, համառ աշխատանք ու անսահման նվիրվածություն: Արդյունքը կա. մեծ աշխատանք է կատարվել. գրվել է բավական բարդ, արժեքավոր, ժամանակագրական առումով ընդգրկուն, ղարադաղցիների, ղարադաղյան ծագում ունեցողների, սյունեցիների համար ցանկալի գիրք… Իմ երազած գիրքը լույս աշխարհ է բերել մեր կորուսյալ հայրենիքի անցյալը, որի համար պիտի գնահատել հեղինակին: Գիրքն արժևորել է նաև ազգագրագետ Հրանուշ Խառատյանը. «Արժեքավոր աշխատանք… Ավելի արժեքավոր է կոնկրետ տարածքի անցյալը ներկային կապող դեպքերի և երևույթների շղթան վերականգնելու իմաստով: Կարծում եմ՝ ընթերցողը այս աշխատանքով լավ կպատկերացնի հայրենազրկումը: Կան նաև առանձին շատ արժեքավոր վերականգնումներ, ինչպես, օրինակ, Աղաղան գյուղի բնակչության ջարդի մանրամասները՝ իբրև Հայոց ցեղասպանության թերևս անհայտ դրվագ, որն իր հերթին ըստ էության ներկայացնում է ոչ միայն կոնկրետ տարածքի իրավիճակը, այև Հայոց ցեղասպանության աշխարհագրությունը»:
Կապանում յուրահատուկ սեր ու ակնածանք կա Ղարադաղի հանդեպ, որ գալիս է մարդկանց մանկության ու պատանեկան շրջանից: Աչքի առաջ են Ղարադաղի լեռները, որոնք խորհրդավոր են դառնում և իրենց են ձգում, երբ լսում են տարեցներից զանազան պատմություններ ու զրույցներ: Այդպես է հավանաբար ծագումով Ղարադաղցի տ.գ.թեկնածու Սերգեյ Ջհանգիրյանի դեպքում, որի հայրենի Մողես (Մոգք) գյուղն ու լեռնաշխարհը բաժանում է Արաքսը: Ղարադաղը այստեղից ափիդ մեջ է. մտորելու, երազելու, տխրելու շատ բան կա: Հուսով ենք՝ Ղարադաղ — Սևասարի մասին պատմող գրքով Սերգեյը Ջհանգիրյանը սկիզբ է դնում երկրամասի պատմության խորությամբ ուսումնասիրությանն ու իմաստավորմանը:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պատմաբան, ազգագրագետ Գ. Սմբատյան