
Պատերազմի հավանականությունը կարելի է գնահատել բարձր կամ ցածր, անգամ անկեղծորեն հավատալ խաղաղության դարաշրջանի գաղափարին, հեռանկարին, ամեն դեպքում անհնար է վիճարկել, որ պատերազմի սպառնալիքը առնվազն տեսանելի ապագայում լինելու է իրական: Ավելին, կարծում եմ, չի գտնվի գոնե մեկ ռազմական փորձագետ, ով կարող է կասկած տակ առնել պնդումը, որ Հայաստանի Հանրապետության կամ Արցախի հանրապետության տարածքը չունի ռազմավարական խորություն և չի կարող արդյունավետորեն բացառել ռազմական գործողություների ծավալումն իր տարածքում: Այս իրողությունների համատեքստում հրամայական անհրաժեշտություն է մեր բնակավայրերի, առաջնահերթ սահմանամերձ գոտիներում, պաշտպանական համակարգի ձևավորումը, որոշակի ժամանակով ինքնաբավ արդյունավետ պաշտպանության իրականացման համար մոբիլիզացիոն պատրաստության մակարդակի բարձրացումը: Նման պաշտպանական հանգույցների կազմակերպումը երաշխավորված հնարավոր ու միանգամայն կոնկրետ հակառակորդի զորքերին կզրկի օպերատիվությունից, կստիպի թշնամուն անընդատ մեծացնել հարվածի ուժը՝ կենտրոնացնելով ավելի մեծաքանակ մարդուժ և զինտեխնիկա, հետևաբար, կաճի մեր հակահարվածի արդյունավետությունը: Սահմանամերձ գոտում, հատկապես, բայց ընդհանուր առմամբ մեր սահմանակից մարզերի բնակավայրերի գերակշիռ մեծամասնությունը փոքրաքանակ բնակչություն ունեն, այսինքն՝ փոքր բնակավայրեր են, կառուցվելիք պաշտպանական համակարգում նրանք ձևավորում են միջանկյալ պաշտպանական գծեր, ըստ որում, ինքնաբավ դիմադրության, ինքնապաշտպանության հանգույցներից կազմված: Ի դեպ, վերջին պատերազմում ադրբեջանական զորքերի համար նման պաշտպանական հանգույցներն ու գծերը փաստացի անլուծելի ռազմական խնդիրներ էին ստեղծում: Հասկանալի պատճառներով չենք ներկայացնի մոբիլիզացիոն պլաններով նախատեսվելիք միջոցառումների, այդ թվում՝ ինժիներական, համալիրը, բայց մեկ բան հաստատ է՝ յուրաքանչյուր նման բնակավայր-ամրոցի գրավման փորձ անելուց առաջ անգամ ադրբեջանական հատուկ նշանակության զորքերը երաշխավորված մեծաթիվ կարուստներ են ունենալու, ռուսներն ասում են՝ անընդունելի վնաս: Ու պետք չէ վախեցնել մեր ժողովրդին պատերազմով, պետք է անել անհրաժեշտ ամենը, որ մեզ հետ վախենան ու չցանկանան պատերազմել, իսկ դրա համար խոսելու փոխարեն պետք է ձեռքներս քշտենք ու աշխատենք: