Դղդղնածակ և Որեն. Հարժիսի հրաշքները

Spread the love
Զարմանալի է, բայց փաստ է. Հարժիսը տարածաշրջանում հայտնի է ոչ միայն պատմահնագիտական վաղնջական շերտերով, այլև բառամթերքով: Այստեղ պահպանվել են ոչ միայն բազմաթիվ հուշարձաններ՝ ամրոց, մենհիրներ (նախնադարյան պաշտամունքային հուշակոթողներ), դամբարանադաշտ[1], այլև այնպիսի բառեր, որ ընդհանրապես չեն վկայվում կամ նվազ տարածում ունեն այլ վայրերում:
📖1. Որե (վօրէ) «քարայր, անձավ, որջ» իմաստով բառը մեզ չի հանդիպում այլ բարբառներում: Բայց վօրէ է կոչվում Հարժիսի հնագույն քարանձավներից մեկը: Հավանաբար այս արմատից է Գոր. պահպանված վօրէլ || վէրէլ «փորել, քանդել, հորել, հորատել, թաղել»: Ենթադրում ենք՝ վօրէ «քարայր» բառը ծագում է հնդեվրոպական *u̯er- «շրջել, ոլորել, հյուսել; կորություն, կամար; թեքում» նախաձևից`(հնդեվրոպական u̯ հայերենում տալիս է գ, կամ ւ, ինչպես՝ *u̯er- > որա «խուրձ», *uert- > որդ)[2]: Այս հիմքից են բխեցվում հին իսլ. vrā «անկյուն, մեկուսացած վայր, շրջան, տեղ», ինչպես և՝ frōg «քարանձավ, ճահիճ, թաքստոց»[3], հմմտ. պրսկ. ğary (یغار) «քարանձավ, քարայր, խոռոչ», ğar (غار || ğal لغا ( հնդիրանական լեզուներում բառասկզբի u̯ մերթ տալիս է g||ğ, մերթ՝ b[4], իսկ r > l անցումը սովորական է) «քարայր, որջ», հնդ. պալի լեզվում bila «քարայր, քարանձավ»[5] (հնդ.-եվր. u̯ > v(b) և r >l):
📖2. Հարժիսում հնադարյան մի քարանձավ կա, որ կոչվում է Դղդղնածակ (դըղդըղնածակ): Մեր բարբառներից ոչ մեկը չունի այս բառը: Կարծում ենք՝ Հարժիսի խոսվածքում պահպանվել է հնագույն շրջանից եկող պրսկ. մի փոխառություն՝ dāğdāğe (دغدغه) «1. վախ, երկյուղ, 2. խախուտ», որից էլ՝ դըղդըղ+ն+ծակ, այսինքն՝ «ահարկու քարայր»:
📎3. Այստեղից հետևություն. Հարժիսում հին են (սկսած Ք. Ա. II հզր.) ոչ միայն պատմամշակութային նյութական արժեքները, այլև խոսվածքը և այն կրող բնիկ ժողովուրդը: Այս երկու բառերի մեկնությունից կարելի է նաև եզրակացնել, որ տարածաշրջանի արխաիկ մշակույթի կրողները այսօրվա հարժիսցիներն են, որ առանձնապես շփումներ են ունեցել հարևան իրանական ժողովուրդների հետ: Դա համաշխարհային պատմության մի երանելի անցյալն էր, երբ քոչվորները գոնե գալիս ու գնում էին:
✒[1] Այս ամենի մասին կարելի է մանրամասն տեսնել՝ Ավետիսյան Հ., Գնունի Ա., Բոբոխյան Ա., Սարգսյան Գ., Բրոնզ-երկաթեդարյան Սյունիքի սրբազան լանդշաֆտը, ԵՊՀ հրատ., Երևան, 2015, 230 էջ:
[2] Այստեղ մենք չենք անդրադառնա որե և որջ բառերի ծագումնաբանական և քերականական ընդհանրություններին:
[3] Pokorny J., Indogermanisches etymologisches Wörterbuch, Bern, 1959, f. 1155.
[4] Աճառյան Հ., Հայոց լեզվի լիակատար քերականություն, հատ. VI, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1971, էջ 487:
[5] The Pali text society’s Pali-English dictionary, London, 1921-1925, p. 487 (https://dsal.uchicago.edu/).
[images_grid auto_slide=”no” auto_duration=”1″ cols=”four” lightbox=”yes” source=”media: 11651,11649,11648,11650″][/images_grid]

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի