Օփավեր տեղանվան ստուգաբանությունը

Spread the love

Օփավեր, Օփավոր-ավերակ բերդ Հայաստանի Գորիսի շրջանի Քարահունջ գյուղում՝ Գորիս քաղաքից 2 կմ հեռավորությամբ, ձորի աջ կողին՝ հսկա ժայռի վրա։ Պահպանվել են պարիսպների մնացորդները և քարայրները։[/testimonial]

  1. Գորիսից 2 կմ հեռավորության վրա` Քարահունջ տանող ճանապարհին, Վարարակ գետի աջ ափին, վեր է խոյանում մի հսկա ժայռ, որի վրա պահպանվել են բերդի պարիսպների մնացորդներ և երևում են արհեստական այրեր, որոնք ծառայել են որպես կացարան: Վայրն ու բերդը հայտնի են Օփավեր անվամբ:[1]
  2. Օփավեր տեղանվան ծագման վերաբերյալ կա երկու ավանդազրույց, որ հաղորդել է գորիսեցի Հայրապետ Մաթևոսյանը, և գրի է առել Սերո Խանզադյանը 1946 թվականին (Ղանալանյան 1969, 205): Ըստ դրանցից մեկի՝ այստեղ ապրել է մի հարուստ կին, որը կերակրել է հարյուրավոր որբերի ու անտունների: Նրան ասել են որբամեր, այսինքն՝ «որբամայր»: Այստեղից էլ ծագել է վայրի անունը՝ որբամեր > Օփավեր: Ըստ մյուս ավանդազրույցի՝ այստեղ ապրում էր աղքատներին առատ ողորմություն բաժանող մի հարուստ կին: Մի անգամ մի դերվիշ կանգնել է բերդի տակ և ձայնել. «Օ՜ փայ վեր, օ՜ փայ վեր», այսինքն՝ «Օ՜ բաժինս տուր»: Այս երկու տարբերակներն էլ հարուցում են հնչյունական խնդիրներ (մ >վ և այ>ա) և իմաստաբանական առումով խիստ անհավանական են: Ակնհայտ է, որ գործ ունենք ժողովրդական ստուգաբանությունների հետ:
  3. Արմեն Ղարագյոզյանը (1985, 62, ծնթ. 23) Օփավեր-ը մեկնաբանում է որպես *Ափավեր «ափից վեր գտնվող»: Այս մեկնությունն անհավանական է՝ մասնավորապես բառասկզբնային ձայնավորի անհամապատասխանության պատճառով: Ստուգաբանության այլ փորձ ինձ հայտնի չէ: «Տեղանունների բառարանում» (ՀայՏեղԲառ 4, 1998, 188b) միայն հիշատակվում է վերի ավանդական բացատրություններից առաջինը և գիտական ստուգաբանության որևէ տարբերակ չի ներկայացվում: Երվանդ Լալայանը (1898, 32) տեղանունը հիշատակում է Ոփաւոր տեսքով: Այս տարբերակը, Օփավեր-ին զուգահեռ, հիշատակվում է նաև ՀայՏեղԲառ 4, 1998-ում: Այս տարբերակը կարող է ենթադրել -աւոր ածանցով կազմություն՝ ձայնավորային հայտնի զարգացմամբ, հմմտ. օրինակ՝ թագաւոր > Գորիս թըքավըէր: Նկատենք, որ Գորիսի բարբառում բազմավանկ բառերի սկզբնային ո- ձայնավորից առաջ վ-ի հավելում չկա, հմմտ. ողողել>ըղօղէլ, որոճե/ալ>ըրօճէ/ալ (Մարգարյան 1975, 355-356):
  4. Եթե ելակետ ընդունենք հիշյալ ածանցը, ապա տեղանվան հիմքում ընկած *Ոփ-աւոր կազմությունը կարող է մեկնաբանվել որպես «ոփ ունեցող»: Բայց ի՞նչ կարող է լինել այս ոփ արմատը: 1Լալայեան1898, 32, Ղանալանյան1969, 457 ծնթ. 556, Ղարագյոզյան 1985, 62 և ծնթ. 23, ՀայՏեղԲառ 4, 1998, 188: – 165 – Ժայռի աչքի ընկնող առանձնահատկությունը՝ խոռոչների տեսք ունեցող այր-կացարանների առկայությունը, հուշում է, որ ժայռը բնականորեն կարող էր անվանված լինել «խոռոչավոր»: Եվ իսկապես, հայերենն ունի ոփ տեսքով արմատ, որը հայ մատենագրության մեջ վկայված է մի քանի անգամ՝ սկսած Բարսեղ Կեսարացու «Վեցօրյակ»-ի թարգմանությունից (Մուրադյան 1984, 107, տող 7, ծնթ.՝ էջ 331-332), և պահպանվել է մի քանի արևմտյան բարբառներում: Հիմնական իմաստն է` «խոռոչ կամ փոս, որի մեջ ջուր է հավաքվում» (ՀԱԲ 3, 619; 4, 659b): Սակայն ջուրը, կարծես, պարտադիր իմաստաբանական տարր չէ այստեղ, հմմտ. Ակնա բարբառի հոբ ձևը, որը վերաբերում է նռան մեծության խաղափոսերին:2 «Բառգիրք հայոց»-ում ոփ բառը մեկնաբանված է այսպես՝ գուբ կամ վիհ (Ամալյան 1975, 262): Կարող ենք արձանագրել, այսպիսով, որ արմատի բնիմաստն է «փոս, խոռոչ, ծերպ» (հմմտ. նաև ՆՀԲ 2, 561b), հետևաբար *Ոփ-աւոր-ը կնշանակի «խոռոչավոր»:
  5. Այն, որ ոփ բառը կարող էր հանդես գալ Սյունիքի մի տեղանվան կազմում՝ «քարայր-կացարան» իմաստով, հստակորեն երևում է Տաթևի վանքից մեկ կմ հյուսիս-արևելք՝ Որոտանի աջ վտակ Աղանձուգետի (այժմ՝ Տաթև գետ) կիրճի ձախ լանջին բարձրացող Ոփա քար ժայռի անունից: 190 մ բարձրության այս ուղղաձիգ ժայռի ճակատամասում կա անառիկ քարայր, որը, ամենայն հավանականությամբ, Ստեփանոս Օրբելյանի վկայած քարանձավային կացարանն է: Ակնհայտ է, որ անվան հիմքում ընկած է նույն ոփ «փոս, խոռոչ, ծերպ» բառը (այս մասին մանրամասն տես Ազիզբեկյան 1988): «Տեղանունների բառարանում» (ՀայՏեղԲառ 4, 1998, 188bc) գտնում ենք նմանահունչ մեկ այլ տեղանուն նույնպես Սյունիքում՝ Ոփյաց ձոր կամ Հոփյաց ձոր: Սակայն այս տեղանվան ձևը, կարծում եմ, թափանցիկորեն արտացոլում է ոփի / հոփի «բարդի» ծառանունը, որ հատուկ է Արցախի ու Սյունիքի բարբառային տարածքին (ՀԱԲ 3, 619-620): Տեղանունը, այսպիսով, նշանակում է «բարդիների ձոր»: Հետևաբար այն մեր քննած Օփավեր տեղանվան հետ ստուգաբանական առնչություն չունի:

Այսպիսով՝ Գորիսի մերձակայքի ժայռի Օփավեր անվանումը կազմված է ոփ «փոս, խոռոչ, ծերպ» արմատից ու -աւոր ածանցից և նշանակում է «խոռոչավոր»: Այն այդպես է կոչվել իր վրայի բազում խոռոչների՝ այրկացարանների պատճառով[2]:


ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Ազիզբեկյան Հ. Գ., 1988, Տաթևի Ոփաքարի քարայր-ապաստարանը. ՊԲՀ 1988, № 1. 138-146:
  2. Աճառեան Հ., 1971-79 (ՀԱԲ), Հայերեն արմատական բառարան, 4 հատորով (2-րդ հրատ.), Երևանի համալսարանի հրատարակչություն [1-ին հրատ. 1926-1935, 7 հատորով]:
  3. Ամալյան Հ. Մ., 1975, Բառգիրք հայոց, Երևան, ՀՍՍ ՀԳ Ա հրատարակչություն:
  4. Բդոյան Վ. Հ., 1963-83 (Հայ. Ժող. Խաղ. 1-3), Հայ ժողովրդական խաղեր, 1, 1963, 2, 1980, 3, 1983, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն:
  5. Լալայեան Ե., 1898 Զանգեզուր, Նիւթեր ապագայ ուսումնասիրութեան համար. Ազգագրական հանդէս, 3-րդ տարի, Դ գիրք, Թիֆլիս, 1898, № 2. 7-116:
  6. ՀԱԲ 1-4, 1971-79, տե′ս Աճառյան:
  7. Հայ. Տեղ. Բառ. 1-5, 1986-2001, Թ. Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հտ. 1, 1986, հտ. 2, 1988, հտ. 3, 1991, հտ. 4, 1998, հտ. 5, 2001, Երևանի համալսարանի հրատարակչություն:
  8. Ղանալանյան Արամ Տիգրանի, 1969, Ավանդապատում. Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն:
  9. Ղարագյոզյան Արմեն, 1985, Ձագաձորի տեղադրությունը. ԼՀԳ1985, № 11. 59-62:
  10. Ճանիկեան Յ. Կ., 1895, Հնութիւնք Ակնայ. Թիֆլիս. Տպարան Մ. Դ. Ռօտինեանցի (Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերութիւն, 89):
  11. Մարգարյան Ա. Ս., 1975, Գորիսի բարբառը. Երևանի համալսարանի հրատարակչություն:
  12. Մուրադյան Կիմ, 1984, ԲարսեղԿեսարացի, Յաղագս վեցաւրեայ արարչութեան. Երևան. ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն:
  13. ՆՀԲ 1-2, 1979-81, Գ. Աւետիքեան, Խ. Սիւրմէլեան, Մ. Աւգերեան, Նորբառգիրք հայկազեանլեզուի. Վենետիկ. Սուրբ Ղազար, 1836-1837. 2-րդ հրատ. Երևանի համալսարանի հրատարակչություն:

ЭТИМОЛОГИЯ ТОПОНИМА ОПАВЕР 

Ключевые слова: корень «vop-», топоним, полость, Опавер, пещерыпристанища, расщелина, яма

В статье мы приходим к выводу, что название скалы Опавер в окрестностях Гориса образовано с помощью корня «vop-» («яма», «полость», «расщелина») и флексии «-avor» и означает «имеющий углубления». Скала была названа так, потому что в ней действительно расположены многочисленные впадины, образовавшиеся от пещер-пристанищ.


THE ETYMOLOGY OF THE TOPONYM OPAVER

Key words: hollow, location, “vop-” root, cave shelter, Opaver

In this article, we conclude that the name of the rock Opaver around Goris formed by a root «vop-» («pit”, “cavity”, “cleft”) and flexion «-avor» and means “having a recess.” The rock was so named because it really are numerous depressions formed by caveshelters.


[1] 1Լալայեան1898, 32, Ղանալանյան1969, 457 ծնթ. 556, Ղարագյոզյան 1985, 62 և ծնթ. 23, ՀայՏեղԲառ 4, 1998, 188:

[2] Ճանիկեան 1895, 179-180; Բդոյան ՀայԺողԽաղ 2, 1980. 140, 232a:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի