Նորահայտ բնակատեղի Աղավնոյի ափին

Spread the love

Սա Հայաստանն է և վերջ…

Լեոնիդ Ազգալդյան

2013 թվականից Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի մոտակա ամրոցը, որն ունի մոտ 3000 տարվա պատմություն, հնագետների ուշադրության կենտրոնում է: Ամրոցի տարածքում 2017 թվականին պեղվել են 2 հատված, որոնցից մեկը՝ եղել է միջնաբերդը, մյուսը՝ զինվորական տարածք:

2018թ. ամրոցի մոտակայքում հնագետ Հարություն Խուդանյանի կողմից պեղվեց մի դամբարան, որտեղից հայտնաբերվեցին 8 խեցեղեն ամաններ՝ ամբողջական և կտորտանքներով (դամբարանը վաղուց թալանված էր):

Այս տարվա օգոստոսի սկզբից հնագետ Գագիկ Սարգսյանի ղեկավարությամբ ՀՀ Գիտությունների Ակադեմիայի հնագիտության ինստիտուտի և ԵՊՀ հնագիտության ամբիոնի համատեղ արշավախումբը (գիտ. ղեկավար՝ Հայկ Ավետիսյան, հնագետներ՝ Գ. Սարգսյան, Արտակ Գնունի, ճարտարապետ՝ Անժելա Դավթյան) շարունակեց պեղումներն ամրոցում: Զինվորական տեղամասի պեղումները, որ կիսատ էր մնացել, շարունակվեցին Գ. Սարգսյանի ղեկավարությամբ: Այստեղ ընդհանուր բացվեց մոտ 10մ երկարությամբ, 4-5մ լայնությամբ ժայռակերտ սենյակ, որտեղից գտնվեցին կոտրված խեցեղեն և պարսատիկի քարեր: Այս քարերն են հուշում, որ սենյակը եղել է զինվորական տարածք, ունեցել է երկրորդ հարկ, որից պահպանվել է մի փոքր սենյակ՝ դարձյալ բնական ժայռերից կառուցված:
Ամրոցի հարավ-արևմտյան լանջին հնագետ Արտակ Գնունու ղեկավարությամբ պեղվեց մի դամբարան, որի հիմքերը վերագրվում են Ք. Ա. I հազարամյակին: Նշված դամբարանում պեղումներն սկսվել էին դեռևս 2017թ. ամռանը՝ Գ. Սարգսյանի և ԵՊՀ հնագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանի կողմից, սակայ աշխատանքները կիսատ էին մնացել: Պեղման աշխատանքները նախկինում և այս տարի հովանավորել է «Հայրենասեր» ՀԿ համանախագահ, Քաշաթաղի շրջվարչակազմի ներկա ղեկավար Ստեփան Սարգսյանն՝ իր անձնական միջոցներով: Այս տարի ծրագրին աջակցում է նաև ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:

Ըստ Ա. Գնունու՝ նախկինում գիտական գրականության մեջ նման դամբարանները, այլև՝ կեղծ թաղով ծածկված հսկայական թաղման սրահները, անվանվում էին «Օղուզի տներ»: Անցած դարի 30-40-ական թվականներին նման դամբարաններ պեղել են Ա. Քալանթարը, Ե. Լալայանը, Մ. Հասրաթյանը:
Բավականին մեծ մակերես ունեցող դամբարանը միջնադարում վերածվել է բնակարանի: Այդ են հուշում պեղումներից գտնված խեցեղեն բեկորները, կավե և բազալտե կենցաղային իրեր՝ աղորիքներ, արձանիկներ, կրակարանների հետքերը: 2017-ին, երբ սկսեցին դամբարանի պեղումները, հնագետները քիչ սպսելիք ունեին: Քարարկղի հարավային մասը քանդվել էր խորհրդային տարիներին, երբ այս լանջով ադրբեջանցիները ճանապարհ էին անցկացրել դեպի ամրոցի մոտակա խոտհարքերը: Տասնյակ նման դամբարաններ են ավերվել այդ ժամանակ:
-Այս անգամ, երբ շարունակեցինք պեղումները, կարծում էինք՝ քիչ ժամանակ ենք ծախսելու, -ասաց Ա. Գնունին, -սակայն պարզվեց՝ գործ ունենք հետաքրքիր հուշարձանի հետ. պատը շարունակվում է՝ բացելով մեծ սրահ, որի չափերը հնարավոր չէ ճշտել դամբարանի քանդված լինելու պատճառով: Ընթացքում պարզվեց՝ հնավայրը թալանվել է 3 անգամ՝ անտիկ շրջանում, վաղ միջնադարում և ուշ միջնադարում:

Այնուամենայնիվ՝ որոշակի նյութեր պահպանվել են:
Ներկայացնելով դամբարանի ընդհանուր տեսքը՝ Ա. Գնունին տեղեկացրեց, որ նախկինում կառույցը փակված է եղել հսկայական սալաքարերով. որոշները տեղում են և որոշներն ընկած են տարածքում:

Մուտքը ՝«Մահվան ճանապարհ», հյուսիսից է, մայր հողի վրա մոտ 30սմ հաստության կավալուծույթի շերտ կա՝ հագեցված մոխրի մնացորդով և ծղոտով: Կավալուծույթի վրա ևս մեկ շերտ է բարձրացել, այս անգամ փոքր քարերով հավելված: Կառույցի առանձնահատուկ լինելը հուշում է՝ դամբարանը պատկանել է հոգևոր կամ վարչական որևէ առաջնորդի:
Չնայած Միրիկի ամրոցը համընկնում է Ուրարտական ժամանակաշրջանին, սակայն կատարված պեղումներն ու ուսումնասիրությունները վկայում են՝ այս տարածքում ուրարտական իշխանություն չի եղել: Նույն օրերին արշավախումբը Միրիկի հարևան Մոշաթաղի գյուղական համայնքի Բերդիկ գյուղի մոտ հայտնաբերեց կիկլոպյան ամրոցատեղի: Ուսումնասիրելով գյուղի հյուսիսային կողմում գտնվող ոչ բարձր բլուրը՝ պարզվեց՝ այն եղել է բավականին հզոր պարսպապատով ամրոց, որի արևմտյան և հարավային կողմով անցնում է Աղավնո գետը: Ամրոցի տարածքը և՛ միջնադարում, և՛ խորհրդային տարիներին եղել է բնակավայր, և հնագույն ու հին շրջանի կառույցներից միայն հետքեր են մնացել: Հնադարյան պարսպի մնացորդներ պահպանվել են բլրի հյուսիսարևելյան կողմում: Նույն ամրոցից մոտ 1 կմ հարավ՝ Աղավնոյի աջ ափին, պահպանվել է ևս մեկ հնավայր: Գետի աջափնյա անտառապատ լանջին գերեզմանատուն կա, որի շրջակայքում՝ մի քանի հա տարածքի վրա, հնադարյա բնակատեղի է եղել: Պահպանվել են շինությունների հիմքեր: Կառույցների բազալտե, բավականին մեծ քարերը բերվել են Աղավնոյի աջափնյա լանջերում գոյություն ունեցող քարայրներից, որոնք ժամանակին եղել են նաև քարհանքեր: Նույն քարայրներից հորդ աղբյուրներ են բխում և սնում Աղավնո գետը: Ամենամեծ քարանձավը եղել է բնակելի: Այն դարերի ընթացքում ենթարկվել է ձնհալքի ջրերի ազդեցությանը, որոնց պատճառով 2 մեծ անցքեր են առաջացել քարանձավի վերին մասում: Մոտակայքում գտնվեց նաև զոհասեղան:

Ըստ հնագետների՝ այս բնակավայրը ժամանակին մտել է Միրիկի ամրոցի համակարգ:

Հավանաան է, որ ամրոցի իշխաններին, հոգևոր ներկայացուցիչներին, զինվորներին այս գյուղի բնակիչներն են պահել:
Միրիկի ամրոցում ժամանակին գոյություն է ունեցել հեթանոսական տաճար, որի ավերակը պահպանվել է: Այն ունի մոտ 70մ երկարությամբ, 8-9մ լայնությամմբ, 1-3մ բարձրությամբ, 30-ից ավելի աստիճաներ ունեցող աստիճանավանդակ: Ամրոցի հյուսիսարևելյան կողմից անցել է ճանապարհը, հասել աստիճանավանդակին, որտեղից էլ բարձրացել են տաճար: Այս կառույցից քիչ հեռու է եղել կուռքերի հրապարակը: Ժամանակին հզոր և կարևոր դեր ունեցող ամրոցը, հնարավոր է, եղել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճ գավառի վարչական կենտրոնը, որի շուրջ են գոյատևել մի քանի բնակավայրեր, որոնք հնագետները պայմանականորեն անվանում են «Միրիկ-1», «Միրիկ-2» և այլն: Կենտրոնական ամրոցից ուղիղ գծով մոտ 2 կմ արևմուտք կա բացառիկ մեկ այլ հուշարձան՝ ժայռապատկեր, որը, ըստ հնագետ Գ. Սարգսյանի, տարածաշրջանի քարտեզն է: Միրիկ գյուղը միջնադարում ունեցել է իր եկեղեցին, որը 17-րդ դարում հիմնանորոգվել է և Սուրբ Աստվածածին անունով մեզ է հասել բավականին լավ վիճակում: Եռանավ բազիլիկ տաճարը գերության տարիներին օտարներն օգտագործել են որպես մարագ ու պահեստ, և այդ պատճառով չեն ավերել:

Նշված բնական և պատմաճարտարապետական հուշարձաններն ունեն պահպանման կարիք, և հնագետների առաջարկով տարածքում կստեղծվի հնագիտական արգելոց-թանգարան՝ ընդգրկելով մոտ 40հա տարածք: Միրիկի դպրոցն ունի 40-ից ավելի աշակերտ, և այժմ «Հայրենասեր» ՀԿ-ի կողմից շենքը հիմնակառուցվում և ընդարձակվում է: Պեղումներին մասնակից եղան նաև նույն դպրոցի աշակերտներ և միրիկցի տարեցներ: Միրիկից 2-3կմ հարավում մեկ այլ բնակատեղի կա, որի պատմական անունը պարզ չէ: Գերության շրջանում քրդաթրքերն այն անվանել են Ղուշչի: Այս գյուղի տարածքը ևս հարուստ է պատմաճարտարապետական, հնագիտական հուշարձաններով:

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի