Ռուբեն Վարդանյան,Նուբար Աֆեյան, Վարդան Գրեգորյան եռյակի նախաձեռնած ծրագիրն ավելին, շատ ավելին է, քան մրցանակաբաշխություն ասածը: Սա մեր ազգային ամենախոշոր բրենդներից է`ուղղված աշխարհին: Նաև, սա է այն ճանապարհը, որ մեզ կհասցնի դարերով երազած այն հանգրվանին: Սա հաղթանակների ճանապարհն է: Սա խեղճության, թույլի, ուզողի, վերջապես պարտվածի հոգեբանություն-խառնվածքի հաղթահարման ուղին է, որից դուրս գալու համար դարեր շարունակ գլուխ էին կոտրում մեր ազգի նվիրյալները: Այս ծրագրով մենք տալիս ենք: Երիցս սխալ են նրանք, ովքեր ասում են. -Մենք ի՞նչ ունենք, որ տարեկան մեկ միլիոն դոլար` դեռ մի քիչ էլ ավելի, ուրիշի տանք: Սա կարճամիտ դատողություն է, ճահճի մեջ վերջնականապես թաղվելու մերժելի արահետ: Տալը, ուրիշին օգնելը հպարտություն է, հզորություն, գնահատվելու հնարավորություն: Ավրորան պետք է դիտել միմիայն այս տեսանկյունից, այնպես, ինչպես հրաշալի եռյակն է տեսնում: Դա ուրիշների համար չէ, այն, նախ և առաջ, և հազարապատիկ ավելի մեզ, ապա դիմացինի համար է: Նա մեզ տանում է դեպի հաղթանակներ, դեպի բարձր արժանապատվություն, դեպի կողքինիդ հետ ունեցածդ շռայլորեն կիսելու պատվաբեր ճանաչում: Ուրիշ կերպ չի կարող լինել: Այս ճանապարհի սկիզբն առատ ունենալուց չի սկսվում, ընդհակառակը: Մինչև քչից կարիքավորին, խեղճին բաժին չհանես, հարուստ ավարից նրան ոչինչ չես տա: Այսպես է ասում նաև ժողովրդական ասածվածքը. ,,Չաղ հավը ձու չի ածում”: Ավրորայով հայտնելով մեր խորին շնորհակալությունը`այն դժնդակ օրերին և ժամանակներում մեր նկատմամբ աշխարհի ցուցաբերած օգնության ու օժանդակության համար, փորձ ենք անում լուծել հայ ժողովրդի համար մի շատ կարևոր, կենսական, հոգեբանական խնդիր: Տալը, նվիրելը, օգնելը, օժանդակելը`մարդասիրաբար, և նման մյուս դրսե վորումները դրական զգացողություններ են առաջացնում մարդու մեջ, ուրիշից ուզելը, վերցնելը, խնդրելը`անգամ ամենահարազատից, իր մեջ նվաստացում է պարունակում: Իսկ դա անդունդի ուղինէ, հատկապես, եթե այն տևական է լինում: Մենք պետք է աշխատենք ավելի շատ տալ և գնալով պակասեցնենք ուզելը, որպեսզի մի երջանիկ օր միայն շռայլորեն բաշխողը լինենք`իհարկե մեր երկրի ու նրա բնակչության չափանիշներով: Միան թե հասնենք: Դա կլինի մեր ժողովրդի աստեղային,երջանիկ երազանքի իրականացման պահ: Սրանով չեմ ասում, որ մենք թոթափենք նվաստացումը, ուրիշները հայտընվեն այնտեղ: Ոչ և հազար անգամ ոչ: Նախ, միտքս այն է, որ մեր երկիրը, ժողովուրդը այնքան ժրաջան,արդյունավետ գործի, որ մեր ունեցածը բազմապատկվի և կողքիններիս` կարիքա վորներին օր օրի ավելի շատ բան ունենանք տալու: Աշխարհում դառնությունները, սովը, կարիքը մեղմելու ճանապարհը սա է: Մյուս կողմից, եթե ասենք, որ աշխարհի բոլոր երկրները, ժողովուրդները կարճ ժամանակում թող հաղթահարեն և դուրս գան զարգացման լայն ուղի, ուտոպիա կլինի: Երբ նայում ենք աշխարհում ներկայումս ընթացող զարգացումներին, դրանց մեջ հետընթացը ավելի շատ է: Հզորները, որոնք ամեն կերպ ձգտում են և ի ցույց են դնում,որ աշխարհը իրենք են կառավարում,վերջնական արդյունքում միայն տեսնում են իրենց բարգավաճումը, իրենց ,,երազանքի” իրականացումը: Թե աշխարհի այլ անկյուններում ինչ է կատարվում, դա նրանց բոլորովին չի հետաքրքրում: Ոչ վաղ անցյալում Լիբիայում նյութական ապահովությունը համեմատվում էր սկանդինավյան բարգավաճ երկրների հետ մի բան էլ ավելին էր, հինավուրց Եգիպտոսը ծաղկուն ու ապահով էր, Սիրիան ոչ միայն չէր վերցնում,այլ ուրիշներին էր տալիս և այլն: Հիմա այս և դրանց հարևան բազմաթիվ երկրների բնակչության մի զգալի մասը այն վիճակում են, ինչ մենք էինք հարյուր և ավելի տարիներ առաջ: Նրանք օգնության խիստ կարիք են զգում, ո՞վ է ասել, որ այն թեթևացնելու մեջ անհրաժեշտ մեր բաժինը չունենք: Պակիստանին հարող Միամիայի տարածքում, Իրաքի լեռներում աշխխարհի ուժեղների, միջազգային, անունով ,,հզոր”, կազմակերպությունների աչքի առաջ հարյուր հազարներով սպանություններ, բացահայտ եղեռն է իրականացվում, խմբակային դիակիզումներ են արվում: Այս դժբախտների մազապուրծ բեկորներին պետք է օգնե՞նք թե ոչ: Ցավալի է, բայց գնալով այդպիսիների թիվը աշխարհում շատանում է: Չէ՛,Ավրորան հսկա մարդասիրական նախագիծ է, հզոր: Արդեն ունենք երկու հողթող` Մարգարիտա Բարանկիցեն և սուդանցի Թոմ Քաթինան: Վերջին օրերին մի հրապարակման մեջ կարդացի, որ Ավրորայով Բարանկիցեն արդեն օգնություն է արել ավելի քան 300 կարիքավորի: Որ այսպես գնա /իհարկե կասկած չկա/, պատկերացնու՞մ եք, ինչպիսի չափեր է ընդգրկելու մարդասիրական այդ ծրագիրը: Տեսե՛ք, աշխարհի բոլոր ծագերից,արդեն համաշխարհային քանի ճանաչված դեմքեր`գիտության,արվեստի գործիչներ,հասարակական-քաղաքական դեմքեր, բարերարներ են միանում այս հրաշալի մրցանակաբաշխությանը`իրենց նպաստը բերելով նրա էլ ավելի բարձր ու խորը ծավալմանը: Ընդամենը մոտ երեք տարի, և միլիոնավոր մարդիք պարզ տեսնում են աշխարհի դեմքին Ավրորայի անջնջելի հետքը: Ինչևէ, մեզ նման սահմանափակ տարածքի և հնարավորությունների երկիրն էլ շատ բան կարող է անել:Կարևորը բարի կամքն ու ցանկությունն է: Չմոռանանք, Ավրորան նախագիծ է,որ մեզ համար տեղ կբացի հզորների,հաղթողների, շռայլ բաշխողների շարքերում,և որ ամենակարևորն է, մոռացության գիրկը կուղարկի մեր մեջի ուզողին ու նվաստացողին,անընդհատ ուրիշից սպասողին,խնդրողին,խեղճին: Սա մեր հաղթանակի նախագիծն է: Թող երիցս օրհնվի Ռուբեն Վարդանյաններ, Նուբար Աֆեյաններ և Վարդան Գրեգորյաններ ծնող Հայոց սրբազան արգանդը:
Սուրեն Վարդանյան 02.02.2018թ.