Արցախի պատմություն. Առաքել Կոստանդյանց. «Անցնենք երկրորդ տեսության …»

Spread the love

Սկիզբը այս էջում

ԱՆՑՆԵՆՔ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՅՆ ԵՐԿՐԻ, ՈՐ ՍՈՎԸ ՑԱՆ ՈՒ ՑԻՐ ԱՐԵՑ ԵՎ ՍՓՌԵՑ ՆՐԱՆՑ ԱՆԲՈՂՋ ԵՐԿՐԻ ԵՐԵՍԻՆ

Աշխարհակործան սովի անցնելուց հետո ամենակալ տերը, ըստ իր մարդասիրական խնամածության, սկսեց բանալ երկնային արգելանքի ողորմության դուռը և անհատաբար անձրև տեղալ երկրին: Զարմանալի էր հողագնդի ամրությունը. [սովը] անհագաբար սրբում էր երկիրը: Եվ բնական տեղերից առաջվանից առավել սկսեցին բխել հորդահոս աղբյուրներ, գետեր և առուներ: Արդարև հողը, կրկնակի ծննդյամբ ըստ բնական գոյացումների բխելով, զարդարեց երկրի երեսը:

Կարող եմ ասել [խոսում է հեղինակը], որ այգիները, ըստ մեռելների օրինակի, կրկին կենդանություն առան մահաբեր երաշտահարությունից, [մարդիկ] ջանում էին հայթայթել պտղաբերություն, նույնպես մնացած բույսերի [հարցում], թե՛ բանջարեղենների և թե՛ այլ կարևոր կանաչեղենների: Ինձ մնում է ասել ցորենի, գարու և կորեկի չորացած արտերի մասին. բոլոր սերմանիքները, որ սերմանել էին առանց մնացած սերմանումների, վերստին բուսել են, և անչափ քանակությաամբ բերք ստեղծեցին՝ ինքնաբերական առատություն և նախախնամական ողորմածություն:

Ըստ իրենց պահանջների՝ յուրաքանչյուր ոք, ձեռքը գործին մխելով, փութաջան վաստակասիրությամբ ժողովում է արտերի բերքը. մեկ տարվա փոխարեն հինգ և յոթ տարիների կուտակում եղավ: Մերձակա տեղերում նրանց գաղթականները վերադարձան իրենց հայրենիքը, իսկ ովքեր թափառել էին Վասպուրականում և մեր զանազան քաղաքներում, չկամեցան վերադառնալ. նրանք բոլորը խոստովանեցին իրենց մեղքերը, թե իրենց մեղքերի պատճառով եղավ. մեր մեղքերի չարագործությունները և աղաղակը ո՞վ կարող էր բերան առնել և պատմել, երբ հասավ երկինք, փոխարենը աստված ուղարկեց մեզ վրա:

Տեր աստված մեր ազգը ազատի այսպիսի բարկությունից և մեզ ամենքիս հանձնի Հիսուս Քրիստոսին, որին վայել են փառք և երկրպագություն, հավիտյանս հավիտենից, ամեն:

1880 թվականին տարին այնքան վատ էր. ոչխար և այլ չորքոտանիներ կոտորվել են, ամեն բան թանկ էր, [օրինակ]՝ մեկ չվալ ցորենը՝ քսանհինգ մանեթ, դարմանի չվալը՝ երեք մանեթ, գարու և կորեկի չվալը՝ տասնութ մանեթ, սաստիկ նեղություն էր:

Հայոց ՌՄԺԲ-1212 (1763) թվականին Իբրահիմ բռնավորի՝ Աղվանից երկրի խանությունն էր. նա իր իշխանության տակ էր նվաճել գուգարացիների երկիրը (այսինքն՝ Շաքվա): Տակավին ինքնագլուխ, ըստ իր կամքի, ինչ կամենում էր, առանց որևէ մեկի արգելքի կատարում էր: Նույն ժամանակներում նրա հետ մի մարդ է եղել, որի անունը, ըստ յուր գործի՝ հասարակության բերանում կոչվում էր աղվես Պետի, ըստ ծննդյան ավազանին՝ Պետրոս: Նա Վարանդ գավառից էր և քառասուն տարի մինչ այգաբաց և մինչև երեկո ջանում էր, թերևս մեծամեծ իշխանների առջև կարողանա շնորհք գտնել, գոնե դրանով ինչ-որ իրավունք ձեռք բերի մասնավոր հասարակության վրա, որպեսզի այդ ձևով իշխանության մեծ աստիճան ստանա: Այդ նպատակով գնաց Շուշի բերդաքաղաքը՝ մեծ Իբրահիմ խանի դուռը և բազմաթիվ օրեր կանգնեց այնտեղ: Դռան իշխանները և պահակները հարցաքննելով նրանից իմացան իսկությունը, թե ինչի համար է եկել այնտեղ և քանի օր է անցել, որ նա այդտեղ է դեռևս:

Ըստ խնդրի՝ նրան կանչեցին ներս: Խանը քննելով հարցնում էր զանազան խոսքերով, որ տեսնի, թե ինչ մարդ է: Խանը խիստ բնագետ էր, և աղվեսաբարո մարդը լռությամբ և ծանրությամբ նրա խոսքերին պատասխան էր տալիս, որսում էր խանին և կամենում էր իր գաղտնածածուկ դարանակալությամբ որոգայթի մեջ գցել, բայց տակավին չէր կամենում բերան բացել իր բնական ճարտասանությամբ: Երբ խոսելու աստիճանին հասան, խանը թույլ տվեց սանձարձակ խոսել, բայց աղվեսը, հնարն իմանալով, կանգնեց առջևը, կրկին ևս գլուխ խոնարհեց և ներողություն հայցեց իր վստահության համար, որ թերևս կարողանա ափազանց [ազատ] խոսել:

Եվ [խանը] հրամայեց ըստ իր անձի կարողության խոսել: Եվ նա սկսեց ճարտասանել, որովհետև սաստիկ լեզվագար էր, և ահա հայոց և այլազգ թագավորների ու նախարարների անցկացրած [պատմությունները] գիտեր: Նախ նրանցից քաղվածորեն սկսեց առաջ բերել ոչ թե լավագույն հազարապետերից, թագավորներից և նախարարներից, նրանց բարեպաշտ արքաներից, այլ հենց վատթարագույններից՝ գերողներից և հափշտակողներից էր պատմություններ առաջ բերում: Նրա այս ճարտարաբանության վրա բռնավորը զարմցել էր, մինչև անգամ իր մեծամեծերի առջև գովել նրան:

Երբ [աղվեսը] տեսավ, որ վստահություն ունի թաքցրած խոսքն ասելու, սկսեց խոսել վատթարագույն իշխանների, ունևորների, կալվածատերերի, բեկազն անձանց, ամենայն երևելի անձանց և վաճառականների մասին, որչափ ունակություն ուներ: Ասում է, թե նրա իշխանության օրոք բոլորը հնազանդվում են, բայց նրանք չափազանց մեծ կարողությամբ շրջում են մեր այս աշխարհում և նրանից [Իբրահիմից] չեն վախենում կամ չեն պատվում: Եվ եթե այժմ նա Աղվանից երկրում ունի մեծության գահ և աթոռ, թագավորության փոխարեն՝ իշխանություն և այժմ էլ իշխում է ու ոչ մի բանով, գործով պակաս չի երևում դատաստանում, փառքի և պատվի մեջ: Եվ ահա նրա գերագույն մեծափառության համար արժանավոր է համարում ունենալ բազմակույտ անսպասելի գանձեր՝ պատվական՝ թանկագին քարեր, ամենայն թանկագին իրեր, կերպասեղեն և ըստ այս երկրի, մեծամեծ զորավարների ու սպարապետների, թագավորների սովորության՝ պարգևներ տալ մեծարգի իշխաններին և քաջամարտ զինվորներին, որոնք արժանի են ընծաների և պատվի: Դրանից առավել, ասում է, նա արժանավորվելու մեծագույն իշխանություն և ընդունակություն ունի:

[Շարունակում է].

— Նախ մի հեծյալ գունդ ուղարկե՛ք այնպիսի անձանց և մեծատունների մոտ, ովքեր բազում հարստություն ունեն և, եթե կամենան հոժարաությամբ տալ, այնպիսի գերդաստաններին արժե մասնաբաժին տալ՝ իրենց ընտանիքները ղեկավարելու, եթե ոչ, ստանալ բռնությամբ և սաստիկ հարվածով:

Այս ամենայն հորդորական խոսքերը լցնելով բռնավորի ականջները՝ [ազդեց նրա վրա], և նա այնուհետև չկարողացավ իր ներսում դադար ունենալ, որովհետև այն աղվեսաբարո  մարդը թունավորել էր: Ուստի ներս կանչեց խորհրդակից մեծամեծ իշխաններին և տան բոլոր գործավարներին՝ խորհուրդ անելու մարդու ասածների և եղած իրողությունների վերաբերյալ, թե.

«Հավանական եմ համարում, և դուք ինքներդ ուղիղ դատեցե՛ք և գործի վախճանը ինձ հայտնեցե՛ք»:

Խորհուրդ անելով նրանք բարվոք համարեցին մարդու ասածը կատարել: Դրա համար հրովարտակներ գրեցին, կնքեցին ու հաստատեցին՝ ուղղված նրանց. կամ տալ հոժարությամբ, կամ հեռանալ իրենց կրոնից, ինչպես նաև՝ այնպիսին գլխապարտ է իրենց ատենակալների առջև:

Ըստ գործի ընթացքի՝ գունդ կազմեցին, մի հարյուրապետ դրեցին նրանց վրա և ուղարկեցին մեր երկիրը՝ Աղվանք: Պետք է իմանալ նաև, որ [գործը կատարելու համար] մարդկանցից ընտրեցին անողորմ, արյան ծարավի, նախանձախնդիր, անագորույն անձանց, [որոնք] նախապես հարցաքննում են բոլոր նահանգներում բնակված հարստագույն մեծամեծ անձանց: Երբ անցան նրանց վրա, սկսեցին չարաչար տանջել նրանց, երկաթի քերթնությամբ նրանց մարմնի մորթիները քերթում էին, շանթով կարմրացնում, խարանում, ունելիքներով քերծում և խանձում էին նրանց մարմինները. դա հայտնի է բոլոր ժամանակակիցներին, մենք ևս իսկությամբ ականատես եղանք:

Օրինակ՝ նույն հորից ծնված որդիներից մեկը անցել է մահմեդական դենին, մյուսը՝ լուսավորչական դավանության. այս բոլոր դավանափոխությունները կատարվում էին աղվեսաբարո Պետրոսի բարեխոսությամբ: Ի՞նչ ասենք այլևայլ ամոթալի և անպատկառելի արարմունքների մասին, որոնք կատարվում էին այն նենգաժոտ, բանսարկու մարդու ձեռքով: Այնուհետև գրգռելով բռնավորին՝ մեր հայոց ազգի գեղեցկագույն ուստրերից և դստրերից նախ խաբեությամբ տանում էր. ապա և պարգևներով խելքից հանում էր մեր մանուկներն, նրանցում խեղում մեր հավատը և ըստ իրենց կրոնի թլփատում նրանց: Իսկ երբ չափահասակ են դառնում, նրանց տալիս են կանանց, նաև գյուղեր, ագարակներ ու նրանց կարգում իշխաններ [պատանիների] վրա: Դրա պատճառով տգետներից և հիմարագույններից շատերը դարձան մահմեդական, որովհետև բռնավորի չարագործությունը հաջողվեց: Այնուհետև բռնությամբ քարշեց աղջիկներին և արական սեռի մանուկներին ու հավատափոխ էր անում և բաշխում այլ սիրելիներին ու հավատափոխ անձանց: Այսպիսի իշխանությամբ էր վարում իր կյանքը:

[Առաքել վարդապետը] շարունակում է իր խոսքը, թե այնուհետև այն չարագրգիռ մարդը ի՞նչ կատարեց: Կրկնապատկելով իր բանսարկությունը՝ նա նորից մտնում է Աղվանից երկիրը, շրջում, ման գալիս բոլոր գավառները, քննում էր, նաև հարցմամբ տեղեկանում մնացածների և թաքնվածների մասին, որոնք ունեցվածք և գանձեր ունեին կամ խնամված երիվարներ, պատվական որդիներ և օրիորդներ գեղեցկահասակ ու ամեն տեսակ կարևոր պետքեր. ամենը մատնում էր բռնավորին, և հափշտակում, տանում էին, որովհետև անցել էր բանսարկուի սևագունդ խմբերի կողմը և բնավ չէր կարողանում դադարել նույն ներհակաշարժ չար նախանձից: Մանավանդ Աղվանքի սովի ժամանակներում (որ մեր ՌՄԽԶ-1246 (1797) թվականին սաստիկ սով եղավ մեր երկրում) այն խավարասեր այրը ծածուկ գնում էր գավառային մեծամեծ իշխանների կամ այլ անձանց երդիկներն ու դռները, որոնք գաղտնի պահած ունեին կերակրելու ապրուստ: Երբ ողորմելիները գիշերը կամ հավախոսին կամենում էին խմորեղեն եփել՝ թխել, նա, ձայնից, հոտից կամ ուրիշներից տեղեկանալով, իսկույն հասնում էր նրանց վրա, գիտեր տանտերերի անունները, կանչում էր բարձրաձայն՝ ասելով.

«Վա՜յ մեզ, ավա՜ղ, ի՞նչ ենք անելու մեծ Իբրահիմ խանի մանուկների համար, արդարև մերձիմահ են, ապրելու հույս չունեն, այսօր դուք վայելե՛ք այն դաժան բարությամբ, և նրանք մահվամբ կկորչեն»,- ասում էր և սուտ լացում. ողորմելին մնում էր մեծ վտանգի մեջ չորացած, լեզուն կապված, բնավ չէր կարողանում խոսել սաստիկ երկյուղածությունից: Բոլորը գիտեին այդ մարդու չարագործությունը և մեծավորի բռնակալությունը՝ հույժ զրկող և սպանող, չարաչար տանջող, միանգամայն անողորմ դատաստանում: Դրա համար, այս ամենը մտաբերելով, իսկույն հասնում էին այն մարդու մոտ և բռնելով ձեռքից, բերում էին իրենց տուն: Նրանք մեծարում, պատվում էին և մեծամեծ պարգևներ խոստանում, կերակուրներ և հաց էին տալիս: Օրեր անց, նրանց կատարած բարությունները մոռանալով, վերստին մատնում էր բռնավորին: Այս չարագործությամբ շատերի տները քանդեց, ավերեց՝ արդարև օրվա պարենին թողնելով կարոտ, տնանկներին զրկելով կարողությունից, նաև իրենց ունեցվածքից միանգամայն մերկացած, դռնից դռներ մուրում էին, որդիներն ու թոռները մինչև վերջին ժամանակները տակավին կային և մնում էին և ծնողների նման նրանք ևս սովորել, պատմում էին սաստկագույն կատարվածները, քան հեղինակի գրածները:

[Այն մասին], թե այն մարդու վերջը ի՞նչ եղավ:

Ըստ Սուրբ Գրքի վկայության՝ «Մշակը ինչ սերմում է, այն էլ հնձում է», արդարև ըստ ուրացող Վասակի արարմունքի՝ սա վերջին պատիժը և պատուհասը առավ Իբրահիմ խանի սպանությունից հետո: Այն աղվեսարար այրը չկարողացավ ելք ու հնար գտնել, թերևս գործի դնել նախկին չարի որոգայթները: Իր ներսում խորհուրդ արեց շարժվել, գնալ հոնաց դուռը և Գուգարաց (այսինքն՝ Շաքվա) կողմը: Ինչպես խորհեց, այնպես էլ մի քանի օր հետո վերկացավ այնտեղ գնացող քարավանների հետ ինքը ևս անցավ գնաց Շամախի հորջորջված քաղաքը՝ իրենց բնակության մոտ: Նույն ժամանակ այդ նույն քաղաքում նստել էր Քչիկ խանը: Հեռվից լուր ունենալով՝ գնաց նրա մոտ և նրա պալատի դռան կանգնեց նախկին սովորությամբ: Երբ տեսան նրան, գնացին և քաղաքապետին հայտնեցին, թե Աղվանից երկրից մի մարդ է եկել այստեղ և կամենում է տեսնել իրեն: Նա ասում է, որ մարդուն կանչեն իր մոտ: Երբ հայտնեցին նրան, որ կանչում է իր մոտ, գնաց, կեղծավորությամբ կանգնած, հեռվից յոթ անգամ խոնարհելով գլուխը՝ երկրպագում էր նրան: Խանը սկզբից զարմացել էր նրա քաղաքավարության վրա, թե պարսկական այս իմաստությունը որտեղի՞ց ունի, և սկսեց հարցնել, թե ի՞նչ բաների համար է եկել: Հարցնելուց հետո փաստաբան այրը սկսեց զանազան շրջաբերական բաներով խոսել՝ հասնելով այն  աստիճանի, թե հարկատու և ռամիկ անձանց հավասար կենակցությունը բացառել. ի՞նչ վայել է նրանց [ռամիկների] ոտքերին կոշիկներ նետել և այլ ազնվագույն հանդերձանք հագնել, խնամքով երիվարներ պահել, գանձ ու գանձարաններ ունենալ կամ ամբարներով ցորեն: Եվ այլ բազմաթիվ բաներ ասաց հարկատու մարդկանց և գյուղերի մասին:

Երբ քաղաքապետը լսեց այս ամենը, չկարողացավ գլուխ հանել ասածներից, թե սա ո՞վ է կամ ինչերի՞ համար էր ասում: Մարդուն առանձնացրին, տարան այլ բնակություն, և խանը մանրամասն հարցաքննում էր տեղեկանալու համար: Ոմանք իսկությանը վերահասու եղան՝ այն մարդու չարագործություններին, և սկսեցին նրա գործերը պատմել, թե արդարև սա Ղարաբաղի երկիրը վերիվայր տապալել, քանդել, ավերել է Իբրահիմ խանի միջոցով: Քաղաքապետը առանց հարցաքննության կանչեց մի հազարապետի՝ իր գնդով հանդերձ, պատվիրեց քարեր հավաքել և կուտակել մի հարթագույն վայրում: Եվ բերին այդ մարդուն, կապեցին ձեռքերն ու ոտքերը և պրկեցին՝ պինդ կապեցին մի փայտի վրա: Հրամայեց զորքին, և քարկոծեցին նրան. այնտեղ կորավ որդին կորստական, որ ինքը բազում հավատացյալների կորստյան պատճառ էր: Թողեցին այնտեղ անկարգակատարությամբ ըստ հայոց եկեղեցու կանոնների՝ կուտակված քարերի տակ:

ԽԱԼԱՓԲԵԿԵՐ ԱՆՎԱՄԲ ԻՆԸ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵ ԻՆՉ ԿԱՏԱՐԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Փոքր Շահաբասի ժամանակ, որ թագավորում էր պարսից տերության, Ատրպատականի և մեծ հայաստանցիների Արարատի վրա, Երասխ գետի ափին, Դիզակի նահանգում և Մուղան կոչված դաշտավայրում բնակվում էին մի հոր ինը որդիներ՝ մահմեդական դենով, որոնց ազգաբանության անունը կոչվում էր Խալափբեկլու, որ գրված էր հետին ժամանակներում պարսկական գրով: Նրանցից մեծը, որ Խալափբեկ էր կոչվում, ըստ հարստության և մեծ ունևորության՝ վերցնելով մեծ թվով գանձեր ու պարգևներ, անցավ գնաց Շոշ քաղաքը, այսինքն՝ Իսպահան, Շահաբասի մոտ և այնտեղ ընդունեց իշխանություն Դիզակի նահանգի, նաև մահմեդականների վրա ու վերադարձավ, եկավ իր բնակությունը՝ իր հետ ունենալով արքունի հաստատված հրովարտակը, որի [իրավունքով] դաշտային և լեռնային կալվածքներին պետք է տիրեր, ինչպես նաև՝ հողագործ անձանց բալոր արդյունքներին. թե՛ հայերի և թե՛ անօրենների [բերքը] բոլորը ինքը հավաքեր, արտերի գետնահարկերը, այգեստանները ևս, երբեմն արքունիքից ընդուներ արքունական հարկերի կամ այլ կարևոր իրերի հրովարտակներ, բոլոր հրամանները կատարեր ու իր եղբայրներին բաժաներ բոլոր պահանջողական տեղերը, որպեսզի ուղիղ տանեն հանձնարարված պաշտոնները՝ ըստ իր պատվիրանների և ըստ արքունի հրամանի: Սրա կարգադրությամբ իշխանությունը վարում էին նահանգային այն ժամանակում:

Երբ տեսան, որ ամենայն փառքով ու պատվով բարձրացան, մանավանդ գանձով կամ ցորենով, ոչխարների հոտերով, այլ անասուններով և ամենայն կարողությամբ հասան հարստության ծայրին, դրա համար սակավ թվով հեծելագունդ հավաքեց, կազմեց իր համար՝ արտաքին թշնամիներից պահպանելու իրենց բնակությունը: Երբ տեսավ՝ բոլոր կողմերում անդորրություն է, եկավ, շրջեց լեռնային վայրերը, թերևս գտնել վայելուչ տեղ տոթագին ամառն այնտեղ բնակվելու՝ անցկացնելու համար:

Գտնելով տեղը՝ բարեհաճությամբ այնտեղ շինեց մի քանի սենյակներ Դիզափայտ լեռան հանդեպ՝ նրա ներքին բազուկին՝ Իրիգաթ անվանյալ տեղում, որ իր շուրջն ունի բազմաթիվ գյուղեր՝ բոլորը հայեր, առջևից անցնում է հորդահոս գետ, կան քաղցրահամ, սառնորակ աղբյուրներ, խաղողի և ամեն տեսակ պտղաբեր այգիներ: Եկավ և ամռանը բնակվում էր այնտեղ, հայերը բնական սովորությամբ մեծ հարգանք ու պատիվ էին տալիս նրան, հյուրընկալում, կանչում էին իրենց բնակությունը, մասնակից անում հարսանիքներին ու տոնական ուրախություններին : Մեր հեռավոր ազգի հետ ուտում էր և ըմպում առանց օրինապահության խտրանքի և արտաքնապես մեզ հետ միավորված՝ անկեղծ սեր էր ցույց տալիս: Չգիտեին, որ իրեն ցույց էր տալիս իբրև կծկված շուն կամ օձ՝ իր մտքի առաստի տակ թաքցնելով մահաբեր թույները:

Երբ հասավ դառն մաղձը թափելու ժամանակը, նույն ժամանակ բոլորի առջև ցցուն երևաց չարագործությունը. նրա ո՞ր պակասությունն էր մեր ազգի նկատմամբ: Մեր հայոց ազգից ո՛ր մեկը հարսանիք էր անում և պսակվում, նորապսակ հարսին բերում էր իր տունը. դեռևս առագաստում, մինչ թագը վերցնելը անօրենը գալիս է, բռնությամբ քարշում-տանում իր բնակությունը, այնտեղ պահում երկու կամ երեք օր, պղծում, ապա արձակում իր ամուսնու մոտ: Այս եղեռնագործությունը տեղի ունեցավ մի քանի տարի: Բայց նորահաս պատանիները և քաջակորով երիտասարդները [չէին ներում], ոմանք լեռնային երդմամբ, մեծ անեծքներով նզովեցին և [որոշեցին] չթողնել, որ կրկնվի նույն չարագործությունը: Այդ պատճառով բոլորը լցվեցին վրեժխնդրությամբ, զինվեցին՝ ավելի լավ համարելով այդ, քան թողնել այնպիսի անտանելի անարգանքը մեր ազգի վրա:

Դրա համար մի պատանյակի հարսանիքն արեցին, որ հույժ մեծատուն էր, և երիտասարդները պատրաստված սպասում էին նրա գալստյան: Նույն երեկոյին կանչեցին իրենց քահանային, որ կատարի թագվերացման կարգը: Մինչ կատարելը նրանք զինված մտան նրա տունը և նույն ժամին նորապսակ հարսին բռնությամբ դուրս քարշեցին և առան, գնացին. իբրև հափշտակող գայլեր՝ գառը փարախից հեռու տարան:

Երբ կազմ ու պատրաստ երիտասարդները տեսան անվայել բաները, կրկին վրեժխնդրության հոգիները վառված, փութանակի անցան-գնացին նեղագույն մի կիրճ, պաշարեցին նրան և դարան մտած՝ նայեցին և նկատեցին նրա գալուստը: Երբ լսեցին նրանց երիվարների ոտնաձայները, լուռ մնացին, մինչև բոլորը մեջտեղ անցան, ապա ելան դարանամուտքը և այստեղից-այնտեղից նրանց բոլորին սրի քաշեցին, կոտորեցին, անհետ դարձրին, երիվարներին ևս, ամենայն շնչավորներին, ինչ ձեռք էր ընկնում, պատահում, բնաջնջում էին և ծածկում քարակարկառների տակ:

Իսկ մյուս եղբայները հավաքվել էին այստեղ-այնտեղ Երասխ գետի եզրին՝ նախանձ շարժելով աստծո մեջ իշխանության և մեծության՝ հարստության համար, թե ո՞վ պետք է հաջորդի իրենց եղբորը: Սրա պատճառով սաստիկ պատերազմ ծագեց նրանց միջև. աստված խստացրեց նրանց մտքերը, մարտնչեցին միմյանց հետ և կռվելիս սուր դնելով կոտորեցին միմյանց, այնպես բնաջնջեցին, որ ոչ մեկը չմնաց, որ կրակ վառի նրանց բնակությունում: Ինչպես նրանք այրեցին ուրիշների սրտերը, աստված, նրանց արմատապես հրդեհելով, չորացրեց՝ միանգամայն ջնջելով նրանց հիշատակը:

Եվ մենք պետք է երկնչենք նրանից, որ բոլորին մի աչքով նայի, որովհետև ըստ առաքյալների՝ բոլորը մի հոգի ունեն. «չկա ու չկա խտրություն ոչ հրեայի, ոչ հեթանոսի, ոչ այլոց ևս, աստծո բարկությունը և ողորմությունը մեկն է հավատացյալների և անհավատների վրա: Թող ոչ ոք չպարծենա՝ սուրբ սիրտ ունի աստծո առջև, յուրաքանչյուրի գործը կշռադատվում և անցկացվում է տեսչության հանդեսում: Նաև՝ նախ այստեղ մարմնի մասն ենք կրում, ոչ չարիքների տանջանքները, [այլ] բարիների ուրախությունը մի առ ժամանակ»:

ՔՈՒՐԴ ԿՈՉՎՈՂ ՄԻ ԱԶԳԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԿԱՏԱՐՈՒՄ Է ՄԱՀՄԵԴԻ ԱՂԱՆԴԸ ԵՎ ՍԱՍՏԻԿ ՉԱՐԱԳՈՐԾ Է

Սրանք բնակվում էին մի կենտրոնական տեղում, որը նախկինում շեն և շեն տեղ էր՝ հայոց բազմամարդ նահանգ, Ագար գետի վրա, այնկողմի ծայրը Ագար գետն է, որ Տաթևի թեմն է, և ներքին ծայրը Սյունյաց տարածքն է, հարավային կողմը նայում է Հաբանդ գավառին (այսինքն՝ Ղափան), հյուսիսային կողմը Դիզափայտ լեռան ներքին բազուկն է, արևելյան կողմը փայտակարանն է կամ Երասխ գետը: Այս կենտրոնական տեղում է բնակվում այն բարբարոս ազգը: Ըստ նրանց վկայության՝ երևի թե սրանք գաղթել են Վասպուրական երկրից, [ծագել են] մարերից և ————— և հայոց թագավորների գոռ պատերազմից թափառել ու անցել են մեր երկիրը, չունեն իրենց առանձին բարբառն ու խոսելու լեզուն:

Սրանք հետզհետե սաստկացրին հայրենի չարագործության սովորությունները այն աստիճանի կատաղությամբ, որ մինչև անգամ չհնազանդվեցին ռուսաց կայսրին, որի առջև համայն երկիրը և բոլոր թագավորները դողում էին: Այս ազգը ինքն իրեն, ըստ իրենց կարճամտության հպարտացան և սնոտի՝ դատարկ բարձրամտությամբ փքացան, մանավանդ սաստիկ ավազակապետությամբ, գողությամբ և անթիվ արյունահեղությամբ: Ամբողջ երկրում հռչակվեց նրանց չարագործության անունը, անօրինությամբ առավել ևս սաստկանում էին նույն անօրինության և հակառակության մեջ: Երբ անցան վնասագործության վերջին ծայրին, ընդդիմացան արքունի հարկային պահանջներին: Եվ արքունից ուղարկված մարդկանց՝ թե՛ քաղաքապետ, թե՛ գավառապետ կամ այլ ինչ ազնվական իշխան և այլազգի նախարարներ, ոմանց գանակոծ անելով՝ դատարկ ուղարկեցին, ոմանց սրախողխող արին և վիրավորված առաքեցին, ուրիշներին չարաչար տանջանքների ենթարկեցին և որքա՜ն ընտիր-ընտիր մարդկանց առաքեցին, նաև անարգանք և ամոթանք [ցուցաբերելով]՝ դնելով նրա վրա՝ հետ էին դարձնում:

Մասնավոր չարություն:

Քանի որ նրանք այնպիսի չարագործությամբ բազմացան և տարածվեցին այն գավառում, նաև ծնվեցին հսկաներ և աճեցին, եղան քաջամարտիկներ ու անհաղթ, գունդ-գունդ դարձած ընտիր երիվարներով սփռվեցին, տարածվեցին բոլոր գավառներում. նրանց ոտքը ձգվեց մինչև Արարատ երկիրը, Գողթն, Արցախ գավառը, և որքան կամեցան, անսանձ երիվարները ձգեցին, արձակեցին: Եվ ում պատահեցին. թե՛ քարավանների, թե՛ ճանապարհորդների, անխնա կողոպտում էին, մերկացնում իրենց ունեցվածքից: Այս ձևով ցրվում էին դաշտային, լեռնային տեղերը, ավար խփում, ընդդիմացողներին առանց խնայելու անողորմ տանջանքներ էին տալիս, ոմանց շնչասպառ անում, ոմանց սպանում՝ դիակները թողնելով ճանապարհին, նրանց ունեցվածքը խլելով՝ դառնում էին իրենց տեղերը: Զգուշացան ճանապարհը պահպանել այն անձանց, ովքեր տանում էին արքունական հարկերը Շուշի քաղաքը: Բռնեցին նրանց և պահանջեցին արքունական գանձապահներից տալ հաշիվ և իրենց հավաքած հարկերի գումարը: Ողորմելիները, երկյուղից քարացած, հանեցին արծաթի քսակը և նրանց առջև հաշվում էին: Նրանք, ստանալով արքունի հարկերի գումարը և ստացման վերաբերյալ թուղթ ու տվեցին նրանց ձեռքը, թե այս տարի ստացվել է այսքան և այլն:

Առընթեր անօրեններին գտնվում է մի գյուղ, որի անունն է Հարար, այսինքն՝ Հայարար: Ողորմելիները չարաչար տանջվում էին նրանց ձեռքում՝ իրենց աչքի առջև տեսնելով վերջին թշվառությունները, թե որչափ պարտավոր են վշտակրությամբ անցկացնել իրենց կյանքը: Ողջ հասարակությամբ մի արժանավոր խորհուրդ արին, որ Տիփխիս քաղաքն ուղարկեն իշխան Իսրայելին, որը գյուղի կառավարն էր և վաղուց հոժար էր կատարել այն բողոքը այն անօրենների վերաբերյալ:

Ըստ նրանց որոշման՝ այն իշխանը դիմեց-գնաց նույն քաղաքը՝ փոխարքայի մոտ, և աղաչանքի թուղթը տարավ Դիզափայտ գավառից այնտեղ, սաստիկ գանգատներով բողոքեց անօրենների արարմունքի համար և աղաչանք(ներ)ի թուղթը տարավ՝ ասելով, թե կողոպտել-տարել են իրենց ամեն ինչը՝ շարժական և անշարժ իրերը, զրկվել և մերկացել են ամենայն կարողությունից, տնանկ և աղքատ են դարձել, բնավ կեցության հնար չունեն, շրջում են մուրացիկների պես, ապրում են անտանելի վշտակրությամբ:

Խորհուրդ արին և սաստկագույն հրամանաթուղթ գրեցին Շուշվա բերդի քաղաքապետի վրա, որպեսզի ծանոթացնի գավառապետերին, որ բազում զորք հավաքեն թե՛ հայ ազգից, թե՛ մահմեդականներից և բոլոր իշխաններից ու պայազատներից: Ըստ հրամանագրի օրինակի՝ քաղաքապետը եկավ և շրջեց Աղվանից բոլոր գավառները, մեծ թվով զորք հավաքեցին, նաև Սյունյաց նահանգից, մի մասը՝ հեծելազոր, մի մասը՝ հետևակամարտիկներ: Եկան գումարվեցին մի նշանավոր տեղում՝ ըստ իրենց պայմանադրության:

Վաղ առավոտյան յուրաքանչյուր մարդ վերկացավ՝ գնալու յուր հանդական գործին, և իրենց բնակիչներով տեսան զորքի անթիվ բազմություն և լռությամբ կանգնել, պահում էին նրանց ճանապարհների բոլոր անցքերը՝ ամենքի ձեռքին սուր և հրացան, որպեսզի կազմ ու պատրաստ երթան մարտնչելու: Երբ տեսան այնպիսի նորանշան իրերը, վախեցան հույժ, թե ի՞նչ կլինի, որ հանկարծակի գան, պաշարեն իրենց: Նրանք գիտակ չէին ըստ իրենց չարագործությունների, և շատերը ծանոթներից և բարեկամներից ծանոթացել էին նրանց: Նաև ըստ գործի և իրի հայտնի էր, եթե ոչ, ինչի՞ համար սկսեցին հետզհետե ամրանալ քարայրներում, ճեղքերում և անառիկ վայրերում, իսկությամբ գիտեին: Զորապետերը եկան և երբ տեսան, որ բոլորը փախել են ամուր տեղեր, պատգամավորներ և դեսպաններ ուղարկեցին, որ գան առանց վնասի և պատերազմի, հնազանդվեն տերությանը և մտնեն ծառայության ու հարկատվության լծի տակ՝ ասելով, եթե ինքնակամ հոժարությամբ կամենան հնազանդվել, բնավ վնաս չեն կրի, եթե ոչ, մեղքը իրենց գլուխը: Բայց նրանք, ըստ իրենց աններելի մեղքի և արարմունքի, բնավ հուսահատ էին, թե արդյոք կկարողանա՞ն գերությունից ներողություն գտնել, մնացել էին շվարած, մեծ վտանգի ու տարակուսանքի մեջ տրտմած: Այդ պատճառով չէին կամենում ելնել ամրոցից, որովհետև խիստ երկնչում էին: Բայց զորքը եկավ, և սկսեցին ընկնել բնակիչների թե անասունների և ոչխարների կամ տների կահ-կարասիների, շորեղենների և այլ կարևոր պետքերի վրա ու կողոպտելով մերկացրին, նրանց ամբողջ ունեցվածքը ավարի մատնեցին: Այնտեղ եկած զորքից շատերը ճանաչեցին եզները, կաթնատու կովերը և այլ անասուններ, մեկի փոխարեն յոթնապատիկ առան տարան: Բայց նախապես թանկագին իրերը, արծաթեղենը, պղնձեղենը ծածկել էին հողի տակ և կար, որ գտան, կար, որ մնաց խոր տեղում. ինչ որ ուրիշների նկատմամբ արել էին, նույնը կատարեցին նրանց հետ:

Բայց այն անօրեն ազգը երբ տեսավ, որ իրենց ամբողջ ունեցվածքը ընկավ նրանց ձեռքը և դատարկվեցին ունեցվածքից, սկսեցին կամաց-կամաց վայր սորել ամրոցը: Եկան, հավաքվեցին մեր զորապետերի առջև՝ որպես անլեզու անասուններ, նրանց բոլորին խմբեցին տներում և դռները փակեցին, մինչև բոլորին ամբողջությամբ հավաքեցին և ապա կարգադրություն արեցին նրանց ազատության համար: Այսպես խոսքը հասցրին նրանց ականջներին: Երբ մյուսները տեսան, որ մեծ մասը խոնարհվել և հնազանդվել է, նրանք ևս՝ թե՛ կանայք և մանուկները, ուստերք և դստերք, ամենքը ելան ամրոցից և եկան, դարձան մի մեծ ամբոխ: Բայց մնացին ութ գլխավոր անձինք, որոնք չարության սկիզբն էին եղել. որչափ համոզչական խոսքերով կամեցան ձեռք բերել՝ գրավել իրենց կողմը, նրանք ընդոստացած՝ անհնազանդ հետ շարժվեցին՝ իրենց թաքցնելով ամուր տեղերում: Սակայն այն սահմաններից չկամեցան հեռանալ:

Մի երեկո իջևանելով մի տավարածի գոմում՝ այնտեղ գտան մի պառավ կին և սկսեցին ծաղրել նրան, բայց այն երեկոյին որդիները գնացին իրենց բնակությունը, և նրանք միմյանց ճանաչեցին և գնում-գալիս էին իրար հետ, բերին նրանց հոտից մի ոչխար, մորթեցին և ստիպեցին բերել հաց կամ նկանակ՝ խմորեղեն: Բայց այդ երեկո հաց չուներ: Ողորմելի կինը անճարացած մի փոքր ժամանակ խնդրեց շտապ գնալ և գյուղից հաց հասցնել: Նրանք համաձայնվելով արձակեցին՝ գնա յուր բնակությունը: Կինն այստեղ քաջություն է ունենում, ընկնում է մի շավիղ [ճանաչում էր տեղի բոլոր անցքերը], որ ուղղակի գնա հասնի մեր զորապետին, պատմում է բոլորը, որ փախստական մարդիկ ահա կան իրենց անասունների գոմերում. եթե կամենում են բռնել նրանց, շատ հեշտ է բռնելը:

Երբ լսեցին, նույն ժամին պատրաստեցին հիսուն հեծյալներ և քառասուն սպառազինված հետևակ զինվորներ: Եվ կինը առաջ ընկած տարավ ուղղակի նույն տեղը, ուր անհոգությամբ ննջել էին: Հանկարծակի բռնեցին նրանց պահապանին, պատեցին բնակությունը, որտեղ նստել էին փախուցյալները: Առավոտյան պահին վերկացան, ելան դուրս, տեսան, որ իրենք շրջապատված են զինված քաջ և ընտիր մարդկանցով, բազմաթիվ հեծյալներով: Կամեցան ընդդիմանալ, բայց տեղին չէր պահանջելու մարտնչել, ուստի սկսեցին թուլանալ մահվան երկյուղից, ըմբռնել [վտանգը]: Դրա համար հասնելով նրանց վրա՝ բռնեցին, կապեցին նրանց և իբրև անասուն ցավեցնելով բերին մեր զորապետի մոտ. զորավարը տարեկան քսան մանեթ նշանակեց կնոջը (ռոճիկ արքունի գանձարանից): Նրանց տարան, խառնեցին հավաքված ժողովրդին ու բոլորին վերցրին գնացին Շուշվա բերդը, այնտեղից աքսորեցին, տարան օտար աշխարհ և այնտեղ բնակեցրին: Նրանք սկսեցին զղջալ իրենց մեղքերը և հայտնեցին տերությանը իրենց զղջումն ու ափսոսանքը, որ չեն վստահանա գործել նույն մեղքերը, եթե տերությունը կամենա իրենց արձակել յուրյանց բնակությունը:

Այս առիթով խիստ զղջում [տեսնելով]՝ կրկին արձակեցին իրենց նախկին բնակությունը: Դրանից հետո դադարեցին և հնազանդվեցին օրենքին ու պատվիրաններին և արքունի ավանդին. այն է, թե՝ գայլերը և գառները միասին են ապրելու:

Թեև այս պատմությունը այնքան ազդու չէր, սակայն չկամեցանք՝ դուրս մնան և կորչեն երկրիս պատահմունքները, այլ անցկացրի ի տեսություն հնասերների և ընթերցասեր անձանց:

1826 թվականին երբ պարսից զորքը եկավ այս երկիրը, սփռվեց, տարածվեց, և ոչ սակավ տնանկում եղավ, և անթիվ վնասներ արին: Նույն տարում երբ ամրացանք Գտիչ վանքում, մեր հանդեպ կար մի գյուղ, որի անունը կոչվում էր Դոմի [Տումի]. այն ժամանակ սակավազորք էին, թվով ոչ ավելի, քան (Փ-800) ծուխ, նույնիսկ պակաս, սակայն ամենքը որսորդներ և քաջ անտառաբնակներ էին՝ որպես վայրենիներ: Վաղուց անտի ունեին մի մեծ թշնամի՝ մի հզոր և զորավոր մահմեդական ազգ, որ ունեին ձմեռանց Երասխ գետի եզերքին, բայց գարնանը գնում էին Մուղան՝ բարձրագույն լեռների գագաթները, քանի որ ունեին այծերի և ոչխարների հոտեր և այլ անասուններ:

Թող ճառը կարկատան չլինի գիտունների աչքում:

Նույն գյուղի ծերունիները վաղ ժամանակներից պատմում են, թե նույն անօրեն ազգի նախահայրերը ըստ այս երկրի սովորության գունդ կազմած եկել են իրենց վրա, ասպատակել, ավար արել բնակությունը և անդաստանը կամ գերել իրենց կանանց և մանուկներին: Այս ամենը գիտենալով՝ մարդիկ և երիտասարդները անցել են մեծամեծ վեմերի թիկունքները, և սկսել են պատերազմել միմյանց դեմ, սակայն անօրենների կողմից մի քանի հեծյալներ ընկան, երբ տեսան, որ չեն կարող դեպի առաջ շարժվել, հետ դարձան ու հալածական եղան:

1826թ. պարսից զորքից Աղվանից երկրում խառնակ վիճակ ստեղծվեց. սրանք իրենց նախնիների սերունդն են և իրենց մտքում ունեին նախկին ոխը: Բայց բազմացել էին, քան նախնիները, և այդ ժամանակ նրանց տների թիվը ութ հարյուր ծխից պակաս չէր: Այս հանդիպման նպատակով հավաքել էին վեց հարյուր քաջ և ընտիր զորք և մի գիշեր ծածուկ եկել բնակությանն առընթեր մի բլրի մոտ, որի գագաթին գերեզմանոց է և Գագիկի թագավորության ժամանակ կառուցված հին եկեղեցի: Այնտեղ հավաքվեցին մինչև արշալույս:

Երբ արևը ծագեց, հրացանների ձայնը հասավ մեզ [Առաքել1], բնակիչների վրա թափվում էին իբրև հուր և կարկուտ: Երիտասարդները, հասակավորները, մարդիկ և պատանիները ըստ սովորության՝ հրացան ձեռքին, ելան բնակության անցքերը, ամուր է բնակության տեղը, անցան մեծամեծ վեմերի թիկունքը, աներկյուղ այնտեղ դիմացան: Երբ [անօրենները] տեսան, որ հայերը բնավ երկյուղ չունեն, գունդ-գունդ առաջ շարժվեցին դեպի կալերը՝ դարավանդի տակ՝ տափարակ տեղերը: Սկսեցին իրենց երիվարները շարժել բնակիչների մոտ, երկու կողմերի հրացանները և աղմուկը խառնվեցին միմյանց՝ սարսափեցնելով իրար: Հրացանները եռում էին միմյանց վրա: Մի երիտասարդ, որի անունը Խաչատուր էր, բնավ աներկյուղ, հմուտ որսորդ, որ միշտ կյանքը անցկացնում էր անտառում գազանների և երեների հետ, բոլորից առաջ անցավ, թե.

— Ի՞նչ եք կամենում անել, որ ահա մեր թշնամիները հասել են մեզ վրա և կամենում են մեզ բնաջինջ անել և մեր մանուկներին գերել, տանել Պարսկատուն, ժամ է արդեն քաջի անուն թողնել և մեր ընտանիքների վրա և կռվել մինչև մահվան վերջին շունչը: Այս խոսքն ասելով՝ հրացանն ուղղակի արձակեց մի սպիտակ հեծյալի վրա, որ բոլորից առաջ էր շարժվել, իսկույն գետնին ընկավ ու շնչասպառ եղավ: Մինչ այս այն մարտի մեջ մարդ չէր ընկել, մեռել: Այն տեսնելով՝ անօրենները հետ դարձան, բայց անօրենների շատ երիվարներ ընկան:

Այս ամենը կատարվեց Գտիչ վանքի ական առջև:

Երբ զորապետն ընկավ կատաղած, դարձյալ արշավեցին հայերի վրա և խրոխտ ու ահագնագոչ ձայնով աղաղակ բարձրացնելով, իրենց աչքերը փակեցին և դիմեցին մտնել, ոչ թե դառնալ: Այս տեսնելով՝ մեր  մեծամեծ իշխանները գունդ կազմեցին և առաքեցին օգնության նրանց: Երբ մեր զորքը ելավ այն դարից, ձայնեցին. «Մի՛ երկնչեք, ահա բազմաթիվ զորք է գալիս մեր հետևից», և բազում հրացաններ արձակեցին: Բայց մի կին ընկավ, և տարան, թաղեցին Գտիչ վանքոմ: Այսպես ավարտվեց, նրանք փախան, գնացին:

ՄԵԾ ՀԱՅԿԱԶՆ ՄԵԼԻՔ ՇԱՀՆԱԶԱՐԻ ՄԱՍԻՆ

1784 թվականին Մելիք Շահնազարը մեր երկրի իշխան էր: Ըստ յուր երթևեկության՝ շնորհ ունեցավ Իբրահիմ խանի առջև: Նա հացալից իշխան էր, և Ատրպատական երկրի վրա նրա նման հարստագույն իշխան չկար կամ անասուններով, կամ ցորենով, կամ գանձով, կամ այլ ամենայն ունեցվածքով: Այս ամենով անցավ, բարձրացավ իշխանության վերին աստիճանը, քան Աղվանքի բոլոր իշխանները: Իբրահիմ բռնավորը անխափան լսում էր նրա բոլոր խոսքերը և խնդիրները ու ասում.

— Արդ դուք նայեցե՛ք նրա վաստակասիրությանը վարելահողերում, վարուցանքեր էր անում…:

Ականատես անձինք վկայում էին, թե եզների լծերը հարյուրից պակաս չէին լինում: Ըստ ժամանակի հարմարության՝ մշակները միշտ աշխատում էին գարնանային և աշնանային գյուղագործության մեջ: Հնձի ժամանակ հնձվորները մեծ ուրախությամբ և ցնծությամբ՝ փողահարությամբ և այլ երգերով, վաստակում էին, կամ լինում էին խոյերի, ոչխարների և երինջների զենմունք [մորթ, մորթել], զանազան կերակրեղեններով և ըմպելիքներով ուտում էին և ըմպում: Կոտորած մարմիններից մնացածները տալիս էին անցորդներին, քաղցած մարդկանց, անօրենների ազգից հնձվորները գալիս էին, ուտում և տանում: Արդարև, բացի հնձողներից, հազարավոր անձինք հագենում, լիանում էին: Դաշտային բոլոր տեղերում ուներ հարթված մեծ կալեր, մինչև անգամ տասն եզների զույգեր շրջում էին նրանց մեջ: Ո՞վ կարող է չափ ու քանակի մեջ անցկացնել ցորենի, գարու, կորեկի և այլոց տարեկան բերքը: Անթիվ հատած հորեր ուներ դաշտերում, մի հորի մեջ այնքան լայն էր, որ նրա մեջը լցրին ու փակեցին հարյուրավոր անձինք: Սովի ժամանակ Իբրահիմ խանի խնդրանքով ցորենի հորերից մեկը բացեցին, և այնքան մեծ էր, ասում են ականատես հին ծերունի անձինք, որ Վարանդ և Դիզակ գավառների մեծ չափերով անձինք իրենց համար բեռներ տարան և չկարողացան տակավին հորի հատակին հասնել: Նույնպես խաղողի այգիներից հավաքում էր հազարավոր մարգ (բնագրում՝ մարս<մարք) քաղցու [չափ է, գուցե՝ դույլ և այլն, իսկ քաղցու=մաճառ]: Նույն բերքից առատորեն պարգևներ էր բաշխում շատերին՝ թե՛ անօրեն և թե՛ հավատացյալ աղքատներին ու կարոտյալներին:

Այսպիսի արդյունավոր իշխանությամբ անցել էր բոլոր մեծամեծ իշխանների գլուխը: Բայց հավատի կողմից սակավ ինչ թերություն ուներ մի գործի պատճառով՝ այս երկրի մահմեդադավան իշխանի՝ Իբրահիմ խանի հետ [կապված]. այն գործը անհարմար է անվանվում՝ նրանց սաստիկ սիրահարության պատճառով եղավ, որովհետև Հովնաթանի և Դավթի սիրով վառված և կապված էին միմյանց հետ. հնարավոր չէր նրանց անկեղծ բարեկամությունը բաժանել իրարից:

Այս արտաքին բարեկամությամբ Հայկազն իշխանը չբավականացավ և կամեցավ Իբրահիմ խանին փեսայացնել իր դուստր Համայիմի հետ. գովում էին նրա անզուգական գծագրված պատկերը, նրան նայող անձինք զարմանքից ապշում, հիմարանում էին մարդկային մտքից և ըղձանքից: Ըստ ունեցած խորհրդածության՝ կատարեց և փեսայացրեց: Սակայն բարեկամանալուց հետո սկզբի վրեժխնդրության ոխն ուներ գավառային մեծամեծ իշխանների և պայազատների հետ: Այս ոխակալության նպատակով Իբրահիմ խանի միջոցով մի զինված հեծելագունդ իշխանների վրա ուղարկեց և առավ վրեժը՝ կտրելով մեկի ականջները, մեկի ունչը, հանելով մեկի աչքերը և այլ բազմաթիվ վնասներ անելով՝ հետ դարձան և պատմեցին նրան նաև այլևայլ կատարածները: Ուշք դնելով խոստովանեց իր մեղքերը և նորինորո զարթնեց քնից, որ հասել էր ծերության հասակին:

Դրանից հետո ցանկանում էր ազատության հնարներ գտնել՝ հայթայթել, տեսավ, որ բեռը ծանր է, ինքն իրեն խորհուրդ արեց և դեգերելով մտածողության անդունդներում՝ հազիվհազ կամեցավ գտնել առաքինության ծայրը, որպես թե և իսկ գտավ. դիմեց գնաց Աղվանից կաթողիկոս, սուրբ Գրիգորիսի սուրբ վանքի մոտ: Եվ նկատելով ամենայն պակասությունները, տեսավ, որ շինության և ամենայն նորոգումների համար բազում և անհաշիվ ծախսեր են պետք, արդարև ուրախացավ մեծ ծախսերի համար, քան տրտմեց: Տեսավ նաև, որ ոչ մի միաբան բնակվելու տեղ չունի, ուխտավորների համար չկան ոչ սենյակ, ոչ կացարան, կամ անասունների և այլ կենդանիների [տեղեր], բնավ շրջապատը չուներ պարիսպ, հին կամ նոր հիմն:

Դրա համար ձեռքը գործի գցեց. սկսեց բանալ այն բազում տարիներին ամբարած գանձերը և հավաքել հարյուրավոր, կամ ըստ այլոց՝ ավելի, քան պակաս, և այլ անհամար մշականեր, քարահատներ, որմնադիրներ, ու սկսեցին մոտենալ գործին: Նախ կառուցում է երկհարկյան վեհարան, այսինքն՝ կաթողիկոսարան, ապա սկսեց հորինել պարիսպը և շարընթաց սենյակները՝ միացած շրջապատի որմերին, չորս անկյուններում դրեց չորս թոնիր, և միշտ հաց էին եփում՝ թխում, նաև խոհակերներ՝ կերակուր եփողների համար խոհանոցներ, երկու գոմ՝ հարյուր կանգունից ավել երկարությամբ, բազմաթիվ սենյակներ՝ բոլորը կրաշաղախ ծեփած և հոյակապ շինած, վերնաթաղերը գլխավորած, թե՛ ուսումնարան կամ սեղանատուն և գինետուն, բոլորը Էջմիածնի սուրբ Աթոռի ձևով կառուցված, պարիսպը՝ շատ բարձր, և չորս անկյուններում՝ չորս բուրգեր:

Եվ երբ ավարտեց բոլոր շինությունները, ընկավ տաճարի շինության հոգսի մեջ, որովհետև առաջին շինությունը բռնապետ Լենկթամուրը քանդել-քայքայել էր և տաշած քարերի գեղեցկության համար բոլորը տարել-թափել է Երասխ գետը: Եվ մնացածներից կառուցել էին մի անշքեղ տաճար. անհարմար էր սուրբ ուխտի վրա այնպիսի շինվածի մնալը: Դրա համար Հայկազն Մելիք Շահնազարը ցանկացավ շրջապատի նորոգ շինության համապատասխան կառուցել այնպիսի բարձրագմբեթ և գեղեցկագույն տաճար, որպես թե չնաշխարհիկ [կոթող]:

Սակայն վերնախնամ ամենակալը տեսչության աչքով նկատեց [ամենը], կարծեմ բավ համարեց շինության այնքան մեծ վաստակը՝ պահելով ապագայում այնպիսի անձանց համար, որքան ինքը փափագում և կարոտով սպասում էր տաճարի շինությանը: Բայց մեր մեծ նախարար Մելիք Շահնազարի մահը առաջ շարժվեց. իսկությամբ իմացավ իր վերջին հիվանդությունը և ապաքինվելու հույս չուներ և այլևս չէր կարող ելնել: Այդ պատճառով սերտ բարեկամների հետ կտակագիր արեց տաճարի շինության մասին. և բոլոր ծախսերը թվեց, հաշվատեսությամբ անցկացրեց և կնքեց գանձերի քսակը ու տվեց բարեկամներին: Նրանք սիրով ընդունեցին, որ անհապաղ և շտապ կկատարեն: Եվ ինքը, կնքելով իր ցանկալի կյանքը, խաղաղվեց կենցաղի ծովի ծփանքից և ավելացավ իր հայրերին:

Բայց նրա վախճանվելուց հետո պարսից զորքը շարժվեց դեպի մեր երկիրը՝ տարեցտարի չդադարելով տակնուվրա անել մեր երկիրը: Դրա պատճառով խափանվեց տաճարի շինությունը մինչև 1859 թվականը: Սույն թվականին Էջմիածնի մեր սուրբ Աթոռից Աղվանքի այս տան վիճակավոր Գևորգ եպիսկոպոսը եկավ և նահանգների ողջ հասարակությանն ու Շուշվա քաղաքացիներին սիրահորդոր խոսքերով համոզեց, և նույն քաղաքից Գևորգ անունով անզավակ և ամուլ մի մարդ վերկացավ [եկավ] և հանձն առավ շինության բոլոր ծախսերը ու ինչպես իր վրա վերցրեց, նույն ձևով կառուցեց, շինեց առանց գմբեթի:

Փա՜ռք հավիտյանս հավիտենից, ամեն…

Այստեղ ցանկություն եղավ կարգով շարադրել Աղվանից երկրի այն երևելի իշխանների անունները, կամ՝ պարսից թագավորների, թե՛ հավատացյալների և թե՛ անօրենների, ինչպես նաև նրանց մահն ու դրա հետ միասին՝ թվականները, ապա գտել եմ այն ամենը՝ գրված Մաշտոցի գրով՝ ոմն Գասպար քահանայի ձեռքով:

 

Հայոց ՌՃՀ – 1170(1721)թ., որ առաջին անգամ հոնաց զորքը եկավ Երասխ գետի այնկողմը, ծածկաբար այնտեղից անցավ Երասխ գետը, մինչև Հաբանդ գավառի սահմանը և Աղվանից վերին կողմից հասան և հմուտ հնձողների նման սկսեցին ավար առնել այս երկիրը և շատերին գերեվարել մինչև Վարանդ գավառը: Բայց նրանց ընդառաջ ելավ մելիք Բաղրը և մեծամեծ պարգևներով ու երկու սկուտեղ՝ պնակ ոսկով համոզեց նրանց գալ խաղաղության և համայն գերիներին ազատել տեղերում, և առաքեց իրենց բնակությունները:

(Թվում է, թե այս տեղեկությունը մեր պատմության առաջին հատորում գրված կլինի, գուցե թիվը մեր չգտնելու պատճառով մնացել է, իմանալ նաև, խնդրեմ, հետո գտնվեց թվականությունը. ՌՃՁ – 1180 (1731)թ. Գանձասարը գերեվարեցին, բազում վնասներ տվին և նրանց ամեն ունեցվածքը ավար առնելով՝ գնացին: Ահա այսպես գրված է կարճից կարճ). – հավելում է Առաքել վարդապետը:

Հայոց ՌՃՁԳ/Դ – 1183/4 (1734/5) թվականին եկավ գուգարացիների երկիրը (այսինքն՝ Շաքվա, Շամախու) ծանր զորքով: Այստեղ եկավ Մելիք Եգանը՝ տեսնելու դաշտային տեղում և բերում է մորթելու անասուններ ու կերակուր, հաց զորքի համար, և խաղաղությամբ բաժանվում: [Շահը] գնաց Կուր գետի այնկողմը և լսել էր, որ նրանք հրամաններին, հարկատվությանը ականջ չեն դնում: Երբ զորքով հասավ այնտեղ, հնազանդություն ցույց տվին բոլորը: Այնտեղից շարժվեց եկավ Գանձակ քաղաքը և մարտնչելով մի քանի օր, առավ քաղաքը, և նախկին նշանակված հարկերը փակեցին:

Նադիր շահը այդտեղից մեծ զորքով շարժվեց գնաց հնդկաց երկիրը, և այնտեղ՝ պարսից սահմանների վրա, պատերազմ ծագեց, և թշնամիներին հաղթելով այնտեղ՝ նրանց կորագլուխ դարձրեց, ապա վերադարձավ իր երկիրը: Ապա սկսեց հաշվառման ենթարկել ամեն ինչ՝ մարդուց մինչև անասունը, ինչ կարևոր է մարդուն՝ շարժական և անշարժ [գույքերը], բոլոր տունկերը և բոլորից ստանալ հարկեր, ինչ հարկ լինի, տուգանքի դրամ ստանալ: [Նշանակում էր], որ «ղուշն (թռչունը) ու մարդը գցում էին մի քուրձի (մազեղեն չվալի) մեջ և գանակոծ անում կամ՝ շունը և նրա տերը՝ խածատեր մարդը, և մարդը խեղդում է շանը»: Եվ այսպես չարաչար տանջելով՝ հավաքում էին…

Սա եղավ հայոց ՌՃՂԱ – 1191 (1742) թվականին:

ՌՃՂԷ – 1197 (1748) թվականին Նադիր շահին սպանեցին և նրանից հետո Ամիրասլան խանին «կոտորեցին»:

Հայոց ՌՃՂԹ – 1199 (1750) թվականին վրաց ազգը ելավ մահմեդականների իշխանների, նախարարների և զորապետերի վրա և մարտնչելով հաղթեց անօրեններին, որոնք գաղթական դարձան և փախան նրանց ձեռքից: Իսկ ՌՄԳ – 1203 (1754)թ. քաջ Հաջի չալաբին եկավ վրաց ազգի և նրանց զորքի վրա, կոտորեց և արտասահման հանեցին նրանց:

Եվ ՌՄԴ – 1204 (1755) թվականին սկսեցին Շուշի Ղալի հիմնը գցել, և այդ թվականին շատ շինություններ կառուցեցին, իր տեղն անտառ էր, և շատ մարդ իր տան փայտեղենը իր տեղից շինեց:

Հայոց ՌՄԶ – 1206 (1757)թ. Մամադհասան աղան եկավ, և ՌՄԷ – 1207 (1758)թ. պինդ կռիվ եղավ Թաղլարի բերդի վրա, որ գտնվում է Դիզափայտի սուրբ տաճարի տակ՝ միապաղաղ՝ միակտուր, պարզ քարի վրա՝ շատ ամուր և անառիկ, բայց նրանում ջուր չկար, բերդից դուրս՝ ներքևում կար ցուրտ, սառնափայլ անուշահամ ջուր: Սակայն չկարողացան այնտեղից ջուր բերել, որովհետև անօրենների զորքը պահում էր ջուրը, ուստի, բացելով բերդի անցքերը, ելան և հնազանդվեցին նրանց…

Հայոց ՌՄԹ – 1209 (1760)թ. մեզ վրա եկավ Ավշար Փաթալիխանը. շարունակ կրկնեց երեք անգամ. մեկը՝ նույն թվականին, մեկը՝ ՌՄԺ – 1210 (1761)թ. և մյուսը՝ ՌՄԺԱ – 1211 (1762) թվականին: Վերջին թվականին, ըստ թշնամիների մատնության, դիմեց գնաց սուրբ Տաթու վանքը: Այնտեղ պետք էր տեսնել մեծ նախճիրն ու դղրդյունը. տաճարը վեր ի վար տապալեցին, ամանեղենը, զգեստները, ամբողջ արծաթեղենը կողոպտեցին և տաճարը թողեցին մերկ և տխուր դեմքով: Սպանեցին և գիտնական Աբրահամ վարդապետին՝ ոչ մեծին, այլ փոքրին, և մի իշխանի ու նրա որդուն. որդուն նետեցին գետնին՝ տաճարի դռան մոտ, և դահիճը մերկացած սուրը դրել էր պարանոցին ու երբ կամեցավ գլխատել, հայրը տեսավ և չկարողացավ հանդուրժել, որովհետև շարժվել էր ծնողական գութը, անհապաղ եկավ, ընկավ որդու վրա, թե իրեն սպանեն, որդուն արձակեն, դրանից՝ դրա մահվանից հետո ոչ ոք չունի որ ժառանգի իր հայրենիքը. «Ինձնից առե՛ք դրա արյան գինը և ընծայե՛ք աստծուն»: Անագորույն գազանները երբեք չկամեցան լսել նրա աղաչանքները և աչքերի արտասուքը սրբել. անմիջապես սուրը դրեց [նրա վրա] և երկուսին մահացրին: Երկուսն էլ ամփոփված են սուրբ տաճարի դռանը: Իմ աչքով տեսա [ասում է Առաքել վարդապետը]:

Հայոց ՌՄԺԲ – 1212 (1763) թվականին Իբրահիմ խանը, նստած խանության աթոռին, սկսեց մեծ փառավորությամբ իշխանություն անել Աղվանից տանը, երկիրն իսկ և իսկ դողում էր նրա առջև: Նրա բոլոր գործողությունները գրել եմ իմ պատմագրության մի այլ հատորում [ասում է Առաքել վարդապետը]:

Սույն ՌՄԺԲ – 1212 (1763) տարում Գանձակ քաղաքում մեռնում է Ներսես կաթողիկոսը, և նույն թվականին օրհնեցին Իսրայել կաթողիկոսին՝ Աղվանից տան վրա, ընդունեց հայրապետության աստիճանը: Այս նույն թվին Հոհաննես եպիսկոպոսին օծեցին՝ որպես Էջմիածնի սուրբ Աթոռի կաթողիկոս և հայրապետության Աթոռին նստեց քսանչորս տարի, բարվոք վարդապետությամբ հովվում էր մինչև յուր վախճանը:

Հայոց ՌՄԻԴ – 1224 (1755) թվականին Մելիք Եգանյան Մելիք Եսային ինչ-որ բանի հակառակությամբ և ըստ մելիք Միրզախան և մելիք Հովսեփ իշխանների բամբասանքների՝ գաղտնի գնաց, բռնեց նրանց և երկուսին էլ սպանեց: Նույն թվին մեռավ Արցախյան երկրի մելիք Ադամը, որ անօրենների դեմ բազում քաջություններ էր արել և Վահրամ թագավորի պալատը վերանորոգեց, այնտեղ մնաց մեծ իշխանությամբ և ապրեց Տրտում (այսինքն՝ Թարթառ) գետի այսկողմում:

Հայոց ՌՄԼԷ – 1237 (1788) թվականին մելիք Մեջլումը փախավ: Նույն թվականին Փանահխանը խեղդվեց: Նույն թվին Աղամամադխանը բազում ծանր զորքով մայիսի 17-ին (իէ-ին)՝ կիրակի օրը, եկավ Շուշի գյուղը, խ (40) օր մնաց այնտեղ: Օրերն անցնելուց հետո բանակը չվեց գնաց Գանձակ, առավ այն և իրեն ենթարկեց: Այնտեղից գալիք հաջողության պատկերացումով չվեց գնաց Տփխիս քաղաքը, այն ևս առավ, հաղթեց նրանց և անցկացրեց իր տիրապետության տակ, բայց բազում մահվան վնաս հասցրեց այնտեղ, նաև լբ (32) հազար գերիներ տարավ Թավրիզ քաղաքը և պարսից տերությունը:

Մեր ՌՄԾԳ – 1253 (1804) թվականին ռուսաց զորքը եկավ, և նրանց զորավարը՝ նրանց հետ, որի անունը Շփըխտուր էր: Նախ շարժվում, գալիս է Գանձակ քաղաքը: Նույն ժամանակ այնտեղ էր գտնվում իրենց քաղաքապետ Ջավադխանը: Մի քանի օր մարտնչում են միմյանց հետ, սակայն չեն կարողանում ընկճել ռուսների հնարամտությունը: Ոսւտի հաղթեցին անօրեններին, որոնց կողմից մեծ կոտորում եղավ, և բռնելով Ջավադխանին՝ սպանեցին այնտեղ: Նույն թվականին Շփըխտուրը զորքով հանդերձ շարժվեց դեպի Արարատի երկիրը՝ Երևան քաղաքի վրա: Նույն ժամանակ նույն քաղաքում տակավին նստում էր պարսից արքա Պապախանշահը: Այնտեղ միմյանց միջև ծագում է գոռ պատերազմ, վերջին օրերին քաղաքն ընկնում է նեղ կացության մեջ: Երբ հաղթեց նրանց, կամեցավ բնաջինջ անել նրանց, բայց բազում բարեխոս միջնորդներ եղան. խնայեց հայոց ազգին: Անօրենների կողմից մեծ կոտորած եղավ, մի մասը փախուստի դիմեց, և մեջտեղից հեռու շպրտեցին՝ Հալիս գետը [՞ Հալիձոր]:

Հայոց ՌՄԾԵ – 1255 (1806)թ. Շփըխտուրը շարժվեց գնաց Բաքու քաղաքը, և անօրենները այնտեղ սպանեցին: Նույն տարում մի քանի հարյուր ռուսաց զորքով գալիս է Տայումնյարը և մտնում Շուշվա բերդը: Իբրահիմ խանը բերդից ելնում է ամբողջ ունեցվածքով, կանանցով և մանուկներով, գանձերով հանդերձ, իջևանում է բերդի տակ, որ առավոտյան չվի գնա Թավրիզ քաղաքը: Լուրը հասավ ռուսաց զորապետի ականջին: Նույն գիշերը բերդից ելան զորքով և իջան նրանց վրանների վրա, բնաջնջեցին բոլորին, նրանց հետ սպանում են և Իբրահիմ բռնավորին: Նրա տեղը կարգեցին Մեհտիղուլխանին, որ Աղվանից երկիրը կառավարի մինչև ռուսների հաստատվելը:

Սույն ՌՄԾԵ – 1255 (1806) թվին Իսրայել կաթողիկոսը օրհնեց Սիմեոն եպիսկոպոսին կաթողիկոսի աստիճանի համար և ինքը վախճանվեց նույն տարում…

ՌՄԿԱ – 1261 (1812) թվականի հոկտեմբեր ամսին ռուսաց մեծ զորապետը, որին կոչում են Պետրոս Ստեփանիչ, շարժվեց գնաց Երասխ գետի այնկողմը՝ Աստանդուզ կոչվող տեղը, որտեղ եկավ, հավաքվեց պարսից զորքը և վրաններ խփեցին, անթիվ անասուններով և վրաններով սփռվել և տարածվել էին, նրանց սպարապետը Աբբասշահզադան էր, որ առավոտյան պահին անցել էր նրանց վրա: Արդարև այնտեղ պետք էր տեսնել մի գոռ կռիվ միմյանց հետ, պատերազմը տևեց երեք ժամ. բնաջինջ արին պարսից զորքին, փախստականները այն դարից վիժում՝ գլորվում էին խստագույն վայրերը, նրանց դիակները կուտակվում էին ինչպես քարերի բերդուկներ: Սակայն նրանց սպարապետը մի քանի մարդկանց հետ փախավ, գնաց Թավրիզ քաղաքը՝ բոլոր օրերին այնտեղ ընկած մնալով:

Արդարև ամենայն հարստությամբ և ունեցվածքով լի էր՝ ոսկեղեններով և արծաթեղեններով, անհամար վրաններ, այլ ինչ ընտիր կահ-կարասիներ, անասունները հաշվել անհնար էր, անհաշիվ էր մարդկանց բազմությունը: Ամբողջ ավարը բերին լցրին սուրբ Գրիգորոսի վանքի դաշտը: Հայերը հասան ավարների վրա, առան և գնացին ձրի ու դյուրագին. մի էշը, որի գինը քսան մանեթ էր, նրան տալիս էին մեկ մանեթի, և ուրիշ բաներ այդ օրինակով վաճառում և գնում էին:

Հայոց ՌՄԿԲ – 1262 (1813)թ. ռուսաց զորապետ, գեներալ [բնագրում՝ էնարալ] Ստեփանիչը, ուշադրություն դարձնելով Լանքարանի բերդին, վերցնում է ամբողջ զորքը և շարժվում, գնում նրա վրա. այնտեղ պարսից զորքն անթիվ էր: Ականատես մարդիկ վկայում են իսկապես, թե ութ օր՝ գիշեր ու ցերեկ, սաստիկ պատերազմ է եղել: Մեր զորապետն իր հետ ուներ մի եղբոր որդին, որ այնքան գեղեցիկ էր, որպես թե անմարմին էր, լույսից կազմված: Նրանք երկաթի մեքենայով նրան քարշեցին, տարան բերդի մեջ: Դրա համար զորապետը բարկացավ և առանց երկնչելու առաջ գնաց. այս պահին զորքը իր աչքերը փակեց, և աճապարեցին բերդի վրա, թեև բազմաթիվ վնասներ եղան՝ մահվան վնասներ: Սակայն հաղթեցին բերդաբնակներին և սրտմտած ու բարկությամբ տոգորված էին: Ռուսաց զորքը ներս շարժվեց՝ տեգերը ձեռքներին, և առանց խնայելու կոտորեցին, այնտեղ անհամար դիակներ կուտակվեցին, բնաջինջ արին, քանդեցին բերդը, պարսից ունեցվածքը հետզհետե այրեցին, մնացյալը ցանուցիր արին:

Սակայն աստված մեր այս հայոց ազգին ողորմություն արեց, որովհետև մեր զորապետին երեք տեղից վիրավորեցին, և չմեռավ. եթե մեռներ, իսկույն հայոց ազգը և մեզ կարող էին լիզաջինջ անել:

Այս պատմությունը արտագրվել և օրինակվել է տաճիկների պատմագրությունից, թվականությունը դրված չէր. միմիայն շատերին ախորժալուր եղավ, ինձ ևս, ուստի ցանկացա պատմության շարքն անցկացնել:

Պատմիչը գրում է այսպես.

Մի թագավորի որդի՝ Իսմայիլ անունով, հմուտ և քաջ որսորդ էր, վարժ՝ բազեի, փասիանի և այլ թռչունների [որսալու մեջ]: Անհնար էր, որ որևէ կենդանի նրա ձեռքից փրկվեր: Մի օր պատահեց, որ միայնակ որսի գնաց մի հեռավոր և անծանոթ վայր: Սակայն և ինքը քաջահաղթ հսկա էր, հույժ գեղեցկադեմ և վայելուչ հասակով, պատկերահանի՝ նկարչի նկարած բազմազան երանգներով զարդարված: Երբ պատահեց փասիան հավին թռչելու ժամանակ, նրա հետևից արձակեց բազեն, տեղը անապատ էր և դաշտավայր, հավը ապաստանի տեղ չգտավ, որ նրանում պատսպարվի և իրեն թաքցնի, ուստի թևածեց, ճախրեց դեպի օդը, դիմադրեց, ուշք դարձրեց որքան կարողություն կար և գնաց խոյացած: Բայց հսկայազոր, քաջահաղթ պատանին երիվարով սրընթաց հետևից արագոտն՝ վազուկ գնաց:

Մինչ պատանին հեռվից նայում էր, բազմաթիվ վրաններ երևացին, տեղերը չէր ճանաչում, միայն այն տեսավ, որ փասիան հավը անճարացած մտավ մի վրան, բազեն ևս նրա հետևից մտավ այնտեղ: Նույն ժամին վրանաբնակները բռնեցին երկուսին. արքայորդին, սակայն, արագընթաց գնում էր նրա հետևից:

Երբ մոտեցավ վրաններին, մնաց երկու մղոն, մի զարմացական տեսիլ տեսավ՝ մի ծաղկանկար, գեղազարդ և վայելուչ տեղում մի խումբ աղջիկների, որոնք զբոսանքի մեջ էին և շրջում էին, բոլորը իրենց այնպես էին զարդարել, որ ասես անմարմինները մարմնի մեջ շրջում էին. ծաղկափթիթ հանդերձանքով շողշողում և զարդարված էին, որպես թե բոլորը թագավորական զարմից և զավակից էին սերված: Նրանց մեջ մեկը կար՝ երեսը ծածկած, բայց հանդերձանքի շողերը փայլում էին սիրամարգ հավերի փետուրների պես: Պատանին մնացել էր ապշած, հիացած նրանց կիրթ ու վայելուչ դեմքերով: Երբ նրանք տեսան պատանուն, իսկ և իսկ հիացան, այնքան զարմանալի էր հակով՝ վեհ ու բարձր, աննման գեղեցկությամբ, ինչպես Արա Գեղեցիկը, իսկ սրաթռիչ երիվարը ոսկուց ընտիր զարդարանք ուներ, սահում էր պարանոցին:

Երբ աղջիկները տեսան այնպիսի հիանալի կերպարանքը, որպես թե անմարմին կարծեին, գուցե թե հրանյութերի դասից է իջել: Այս ամենը տեսնելով՝ կամեցան ցույց տալ իրենց դշխոյին: Նրանք գովասանական խոսքերով պատմեցին նրան, թե այստեղ զարմանալի նշաններով մի պատանի կա կանգնած, եթե կամենա, կարող է երեսը բացել խոսքին լսելիս: Կույս աղջիկը կամեցավ տեսնել, նաև պետք է իմանար, որ ծնողները պինդ պատվիրել են աննման գեղեցկության համար երեսը չբանալ: Սակայն աղախինների գովասանական խոսքերի պատճառով վերցրեց իր երեսի ծածկույթը: Արդարև երեսի պայծառությունը անգրելի է, և շատերը, կարծեմ, չեն հավատա, կարող եմ միայն նմանություն բերել փայլուն արուսյակ մոլորակին [ասում է Առաքել վարդապետը]:

Երբ պատանին տեսավ, կամեցավ հոգու թևերով իսկ թռչել և ընկնել նրա գիրկը: Այս հիացմունքով պատանին մերձեցավ, կամենում էր աջակցությամբ համբուրել, սակայն շողշողուն դեմքի սաստիկ սիրուց և փայլունակ զվարճահայաց աչքերի արյան շիթից չկարողացավ հանդուրժել պատանին, իր երեսի վրա ընկավ գետնին: Զարմանալի կույսը, տեսնելով եղելությունը, իմանալով նրա ցավը, վազելով գնաց նրա մոտ և տեսավ ուշաթափված, ձեռքը գցեց նրա պարանոցով և կանչելով ասաց՝ ա՜յ տղա, ա՜յ տղա: Եվ նա աչքերը բացեց, տեսավ իր գլուխը նրա գրկում, և նա շփում էր իր ձեռքերն ու թիկունքը, երբ տեսավ այնպիսի դրության մեջ, հոգու քննության մեջ ընկավ:

Եվ նրան նստեցրին, այն զարմանալի կույսը ձեռքը գցեց պարանոցով և երկու անգամ համբուրեց պատանու երեսը և թանկագին մատանին հանեց իր մատներից, որ ձևված էր թանկագին քարերից, միմյանց կցված, աստղանիշ, շողշողում էր, և գցեց ցուցամատը: Եվ նրան վերկացրին, առան իրեն ու երիվարը և տարան իրենց վրանը: Աղջիկը հոգով նրա հետ էր: Քանի որ իսկությամբ համահավասար էին միմյանց գեղեցկությամբ, միմյանց հետ դաշնակցեցին, որ ամուսնանան: Բոլոր անցքերից հետո պատանին վերկացավ իր ճանապարհն ընկավ կամ տրտմությամբ, կամ երբեմն խնդությամբ: Գնաց իր բնակությունը, սակայն վառված էր աղջկա սիրով: Երբեք դադար չունեցավ, սկսեց տեսնել ծանրագին պատրաստություն ամենայն կարևոր իրերի, մանավանդ հանդերձանքի, ինչպես պատկանում էր նրա գեղեցկությանը՝ անպատմելի ոսկեղեն և արծաթեղեն զարդեր, այլ ընծաներ ու պարգևներ ծնողներին և մյուս բոլորին:

Բայց աղջկա ծնողներն իմացան, որ նրանք կապվել են հոգով, և այսուհետև անհնար է նրանց անջատել միմյանցից: Ծնողները ինչ-որ բան խորհեցին՝ աղջկան չտալ նրան, որովհետև դեռ չեն ցանկանում նրան հարս դարձնել: Կարծեմ [ասում է վարդապետը], ծնողները այս գործում բարին չէին խորհում, այլ ներհակ՝ հակառակ էին: Ինչ խորհեցին, այն էլ կատարեցին. առնել հարստությունը, ունեցվածքը, գնալ փախստական: Նրանք ունեին շատ գանձեր և անասուններ՝ այծերի և ոչխարների հոտեր, ուղտ, այլ անհամար անասուններ, բոլորը վերցրին, չվեցին գնացին այնպիսի օտարոտի երկիր՝ ամսօրյա ճանապարհով, թերևս երբեք չկարողանան գտնել իրենց: Պատանու հարսանյաց պատրաստությունը չտեսած՝ նրանք գնացին խորին Հնդկաստան:

Սակայն օրեր անց պատանին առավ իր ամենայն պատրաստությունը և մի հեծելազոր գունդ, ճանապարհ ընկավ վստահորեն, եկան մինչև այնտեղ, որտեղ պատանին պատահել էր նրանց: Տեսան այնտեղ կենդանի ոչինչ չկա. միայն տան տեղեր, կրակի տեղեր և անասունների տեղեր էին երևում: Այստեղ տղան մնում է տարակուսած, թե արդյոք իր աչքի առջև՞ են դիպվածները, ահա և երևում են տնատեղերը, տեսնում է ահա մատանին իր մատին: Այս ամենը քննելով՝ հասավ ստույգ պատմությանը, ամեն ինչը հետ տվեց, ինքը մնաց միայնակ՝ ասելով, թե գնան, ինքը շտապ կգնա նրանց հետևից, կհասնի նրանց, մերձակա տեղերը շրջելով, փութով կգնա, կհասնի:

Բայց պատանին ոտքերին դադար չէր գտնում. հանձն առավ մահը, քան թե դատարկ վերադառնալ իր տունը: Նաև՝ նրա սերը տպավորվել ու պատկերացվում էր իր մտքում, ամեն պահի հիշելով՝ իր աչքերից արտասուքի շիթեր էր քամում: Պատանին հետևներից և հոտերից հարցմամբ և քննությամբ ճանապարհ ընկավ ըստ իր խելահաս դատողության: Ուր և կամեցավ, գնաց՝ հնդիկների անմարդաբնակ աշխարհը: Արդարև կենդանիներից և շարժական ինչ-որ բան չէր երևում՝ ոչ աղավնիներ, ոչ թռչուններ, ոչ գազաններ:

Բայց մի լայնագույն ճանապարհ տեսավ և գիտեր իսկապես այնտեղով գնում են քարավաններ, սայլորդներ և այլ օտարական անցորդներ, գնում են, բայց չգիտեր՝ որտեղի՞ց է գալիս և դեպի ո՞ր վայրն է գնում: Մինչ կանգնած նշմարում էր այն երկրի բոլոր կողմերը, հեռագույն մի դաշտավայր տեղում մի մեծագույն ծառ երևաց, մտքում ասաց, որ կգնա և ծառի ստվերում մի քիչ կզովանա, ապա վեր կկենա, այնտեղ տերը կառաջնորդի և կգնա:

Երբ մոտեցավ ծառին, տեսավ, որ մի մարդ արծվի նման թռավ, նստավ իր երիվարը, հագավ պատերազմի բոլոր պարագաները՝ վահանը, տեգը և ամենը ըստ կարգի կրեց [յուր վրա], նաև սուրը պատյանից հանեց, մերկացրեց և շողշողացնում էր իր ձեռքում: Այնքան արագընթաց արշավանքով էր խաղացնում երիվարը, որ մարդու աչքը չէր հասցնում նրա ոտքերի ընթացը տեսնել: Կաքավելով գալիս էր, մերձենում պատանուն և ահաբեկ ձայնով գոչելով, հարցաքննությամբ տեղեկացնում էր.

— Ի՞նչ և ի՞նչ մարդ ես կամ որտեղի՞ց ես գալիս, ո՞ւր ես գնում, տիրոջ հրեշտակն անգամ այս ճանապարհով երբեք չէր կարող անցնել: Ինչի՞ համար ես եկել այստեղ, մի վայրկյանում գլուխդ կթռցնեմ քեզնից:

Ողորմելի պատանու գույնը երեսից թռավ, ոտքերը դողում էին: Արդարև լեզուն կապ ընկավ, չէր կարողանում խոսել: Բայց այն քաջահաղթ հեծյալը նշմարում-տեսնում էր նրա աննման գեղեցկությունը, մանավանդ գեղեցկահասակ պատանեկության տարիները և իր աչքում անմարմին էր երևում: Դրա համար խնայելով չքնաղատիպ պատկերը՝ չկամեցավ սուրը շարժել նրա վրա և սկսեց մեղմաբար խոսել տղայի հետ: Պատանին սկսեց բոլոր անցքերը նրան պատմել:

Երբ լսեց քաջ ձիավորը, ասաց. «Իմ հետևից արի՛»: Գնաց նրա հետևից մինչև նրա կացարանը: Պատանին իրեն համարում էր մեռելների հետ: Նա նրան տարավ մի երեք տեղեր և ցույց տվեց բարձր-բարձր բերդուկներ: Պատանին մոտեցավ և տեսավ՝ մարդկանց գլուխ է ամբարած, նրանց դիակները սփռվել, կորել են, մնացել են ոսկորները դաշտում թափված: Ասում է, թե հազարավոր մարդիկ եկել են իր վրա, որ իրեն բռնեն կամ սպանեն, երբեք չեն կարողացել հաղթել, այլ պարտվել են և նրանց բոլորին կոտորել է.

— Այժմ պատահել ես դու, կամեցա գլուխդ վերացնել քեզնից, խնայեցի չքնաղատիպ գեղեցկությունդ, որովհետև գիտեմ՝ իսկապես այս տոթագին երկրի ծնունդը չես, այլ օտարական կամ սերդ այնտեղ, կամ մի մեծ ազգի ծնունդ, միջերկրական ես կամ լեռնային, ինչևիցե, օդն ու ջուրը զովական են, նրանցից սնվել ես: Ես ևս երկրի ծնունդ եմ, ընկել եմ այստեղ, ի վերջո բան ունեմ հայտնելու, եթե կատարես, բազում բարություններ ունես ժառանգելու:

Պատանին ասաց.

— Դուք ինչ կամենում եք, կարող եմ կատարել:

Նախ կամենում է տեսնել նրա քաջությունը և ապա ամուսնանալ նրա հետ, թե արդյոք ըստ հասակին և գեղեցկության ունի՞ քաջություն, թե՞ միայն երևույթն է: Նախ այսպես փորձում է նրա կորովությունը՝ ուժը, քաջությունը:

 

Մի բարձր փայտ է տանում հեռու ցցում գետնի մեջ, մեջտեղը շատ հեռու չի ձգում՝ մի ասպարեզի չափ: Միմյանց հետ ամուր դաշինք են դնում, թե.

— Կամ դու առաջ մնա՛ և արագընթաց փախի՛ր փայտի մոտ, և ես գամ քո հետևից և սուրը ձեռքիս. եթե հասնեմ մինչև փայտը, գլուխդ կկտրեմ, եթե չհասնեմ, ազատվում ես մահից, ապա ես առաջ գնամ, դու ե՛կ իմ հետևից: Պատանին թե՝ դու ե՛կ իմ հետևից: Յուրաքանչյուրը կանգնել իր տեղում, սպասում էին փախուստին: Պատանին ասաց՝ ե՛կ և նրա հետ. արծվի նման թռավ և նույն վայրկյանին հասավ փայտին:

Քաջ մարդը գնաց և չկարողացավ հասնել, ուստի ձեռքը գցեց պարանոցով և համբուրեց նրա երեսը, թե.

— Ահա հաճեցա և հավանեցի այդ մի քաջությունդ, տակավին երկուսը մնում են, դրանք ևս պիտի կատարես: Պատանին թե՝ կատարում եմ:

Երկրորդ փորձություն: Այնտեղ մի վեմ էր ընկած՝ մարդաչափ, սևագույն և հույժ ծանր. եթե կարողանա վեմը բարձրացնել և անցկացնել ուսով, ապա կփրկվի նրա ձեռքից և մոտեցած մահվանից: Պատանին ասաց, որ նախ նա կատարի այն գործը, ապա ինքը: Քաջ մարդը նույն ժամին հասավ և բռնեց վեմը, բարձրացրեց, քան ասվածը, և խփեց գետնին, ու քառորդ մասը խրվեց հողը: Եվ պատանին անմիջապես եկավ, բռնեց վեմը և բարձրացրեց նրանից ավելի դյուրին ձևով և խփեց գետնին՝ կես մասը խրելով հողը: Այն քաջ ու կորովի մարդն իմացավ իսկությամբ, որ իրենից ուժեղ է:

Երրորդ փորձություն:

Մարդն ասաց. «Մնացել է մեկը, եթե կարողանաս այն ևս անել, ինչ որ ունեմ, տալու եմ քեզ»: Պատանին թե. «Արա՛, ինչ որ անելու ես»:

Մարդն առաջարկեց միմյանց հետ գոտեմարտել. եթե ինքը հաղթի, պատանու գլուխը կթռցնի, եթե պարտվի, նույնը տղան կանի:

Պատանին համաձայնվեց՝ բարվոք համարելով ըմբշամարտը: Միմյանց բռնեցին առավոտյան պահին, տևեց մինչև կեսօր և, ի վերջո, հսկայազոր պատանին հաղթեց նրան, գետնեց և սուրը վերցրեց, որ գլուխը վերացնի, որովհետև խիստ բարկացել էր:

Գետնին ընկածը խնդրեց մի փոքր համբերել, հետո ինչ պետք է, կատարել: Նույն պահին օձիքն արձակեց և ցույց տվեց ստինքը՝ ասելով, որ ինքը աղջիկ է, թող նա ձեռքը պահի, ինքը վերկենա և պատմի իր հետ պատահած բոլոր անցքերն ու դիպվածները: Պատանին զարմացավ, որ նա պիտի կանգնի և ասաց. «Լավ էր, որ ձեռքս չշաղախեցի դրա արյամբ»: Ելան եկան իրենց կացարանը և սկսեցին միմյանց պատմել:

Նախ աղջիկը սկսեց պատմել իր հետ պատահածը: Ինքը մի մեծահարուստ միամոր որդի է, ծնողները ամուլ էին, իրենից բացի այլ որդի չունեն: Երբ դեռ ամուլ էին, իր ծննդի ժամանակ հայրը գնաց աստղագետ գիտնականների և իմաստասերների մոտ, թե այսօրվա ծնունդն ի՞նչ կլինի, ի՞նչ կդառնա: Իմաստասերը նայեց գիրքը և ասաց, թե այդ մանուկը կլինի արյունահեղ, վնասարար և աշխարհավեր, մարդասպան: Եվ երբ ինքը դարձավ տասնչորս տարեկան, սկսեց չարություններ անել, գողանալ, սպանել: Հայրն ասաց, որ ինքը և մայրը ուխտ ունեն, երբ դեռ ամուլ էին, ուխտեցին մարգարեին, որ եթե իրենց որդի տա, մարգարեն կլուծի իրենց մահվան խնդիրը, և այդ ժամանակն է ուխտը կատարելու: Հայրը պատրաստվում է, որդուն դնելով իր գավակին, մի օր ուղի են ընկնում, կտրում են քսան օրվա ճանապարհ, հասնում անմարդաբնակ անապատներ և, վերջապես, այդ ծառի մոտ, որի տակ նստած են: Ինքը խիստ ծարավել էր, կուշտ ըմպեց այդ աղբյուրներից, շատ էր հոգնել և չգիտեր՝ որտեղ է:

Երբ ծագում է արեգակը, առավոտյան՝ օրվա վեցերորդ պահին հազիվ արթնանում է քնից, նայում այսկողմ-այնկողմ, չի տեսնում ոչ ոքի, ասում է, թե հայրը գնացել է ինչ-որ տեղ, կվերադառնա իր մոտ: Մի քանի օր նայեց, տեսավ՝ հայրը չկա: Նա թողել էր հաց և վերարկուն՝ իր վրա: Տխրում է, աղաչում արարչին, թե նա է ստեղծել իր արգանդում, ինչո՞ւ այսպիսի ճակատագիր պարգևեց, և խնդրում է օգնել իրեն: Նույն գիշերը մի թևավոր մարդ գալիս է իր մոտ, քաջալերում, որ չերկնչի, աստված այդպես է կամեցել, պարտավոր է առժամանակ մնալ, հետո կելնի այդտեղից, կունենա բազում քաջություններ անհաղթաբար մինչև իր այցելությունը:

Երբ այդ տեսիլքը տեսավ, նույն գիշերը կրկնապատկվեցին քաջությունն ու կորովը: Այն օրը տեսավ՝ մի քարավան է գալիս, հասավ, խլեց նրանց ունեցածը, գանձերը, ցան ու ցիր արեց, կոտորեց, բնաջինջ արեց, կրկնեց այդպես ճանապարհորդների վրա՝ բազմությունների, զորքերի, գնդերի, ամենքի վրա:

Պատմությունը վերջացրեց այս հարցմամբ.

— Ի՞նչն է արգելում ամուսնանալու միմյանց հետ: Նաև՝ իմ աչքում բանական ես երևում ամենայն կարողությամբ և քաջությամբ, գուցե ի վերուստ են ձեզ պատրաստել և եկել եք այս անմարդաբնակ վայրը ու պատահել ինձ:

Եվ այն ժամանակ պատանին սկսեց պատմել բոլորը մանրամասնորեն և ասելով, թե այդ գործով է ընկել այս օտարությունը, սակայն այժմ չգիտե նրա տեղը, թե որտեղ է բնակվում: Աղջիկն ասում է, թե բարվոք գիտե նրա տեղը, բայց շատ դժվար է ճանապարհը և նույնիսկ անհնար է գնալը: Այն ճանապարհին կան մարդակերպ այլանդակ կենդանիներ, որ ունեն բնականություն և բարբառում են, բայց չի իմացվում՝ ի՞նչ ազգ են նրանք, ունեն նաև յոթգլխանի, անխտիր ուտում են, ինչ պատահում է, հսկայազոր, քաջահաղթ և կորովի անդամներով են:

Պատանին ասում է.

— Ինձ կսպանեն, չեմ կարող հանգստանալ, մինչև մի անգամ չտեսնեմ նրա երեսը: Գիտնական աղջիկն իսկույն իմացավ նրա կաթոգին սերը և չի կարող համբերել, կրկին ասաց, որ միայնակ մահաբեր խանապարհին նրան կսպանեն, թույլ չի տա մենակ գնալ: Ասում է, որ ինքը կարող է աղջկան հանել և բերել, ուստի պետք է միասին գնալ: Եվ թողին բոլոր գանձերը, կահ-կարասիները, դիպակները, ամբողջ ունեցվածքը, ամրացրին, թողին այնտեղ, որովհետև նրա ահից և երկյուղից ոչ ոք չէր կարող անցնել նրա սահմանները:

ՏՐՎՈՒՄ Է ՀԱՄԱՌՈՏ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Երկուսով զինվեցին, հագան զրահներ, մարտի բոլոր պարագաները, հեծան դարմանված երիվարները, արդարև կաքավում էին շարժման ասպարեզում՝ հրապարակում: Երկուսով ճանապարհ ընկան միասին, զրուցում էին և երիվարները վարում սրընթաց արշավանքով: Աղջիկն ասում է, որ իրենք հանդիպելու են այլանդակ կենդանակերպների, որ դաժան դեմքերով, հաղթանդամ, կոպիտ արարածներ են, միանվագ ուտում են տասը լիտր բրինձ, չորս ոչխար և մի եզ, ահավոր են, սակայն չպետք է երկնչել:

Արագընթաց երիվարներով հասան այլանդակ կենդանակերպների սահմանը, մոտեցան նրանց բնակությանը, ասես թագավորական պալատ էր, մտան ներս, տեսան ոսկեղեն աթոռի վրա բազմել է դշխոն՝ զարդարված և մարգարտափայլ պսակը գլխին կապած, պատվական քայլերով եզերած, ինքը այնքան գեղեցիկ՝ որպես արուսյակ, առավոտյան փայլում էր աթոռի վրա:

Տիկինը հարցրեց, թե ովքե՞ր են և ո՞ւր են գնում, չգիտե՞ն, որ աշխարհավեր կենդանին իրենց ձիերի հետ կուլ կտա, նա դրսում է և գալստյան ժամն է, կգա: Դուրս ելան, տեսան գալիս է որպես մի բլուր, զարհուրելի տեսքով, ուսին բարձած ոչխարների, եզների և այլ կենդանիների միս, մի հսկայական սոսի ծառ, որ եթե մանրես, հարյուր բեռ փայտ կլինի գրաստների համար: Տեսան, արդարև սարսափելի էր: Քաջ աղջիկն ասաց, որ չվախենա, չթուլանա պատանին, խորհուրդ տվեց գոտեմարտելիս նրա կուրծքը բռնի: Հսկան բեռները ուսից դրեց գետնին, մոտեցավ նորեկ անձանց, զարմացավ, թե ինչպե՞ս վստահացյալ սրանք եկան այստեղ՝ ասելով.

— Բարև եկաք, իմ փափկասուն կերակուր:

Նրանք լսելով ասացին.

— Թեպետ կերակուր ենք, սակայն մարդասպան խորտիկներ ենք:

Նա լսեց, բարկացավ, հարձակվեց պատանու վրա, որ գետնին զարկի, սակայն հսկայազոր պատանին դիմադրեց, աղջիկը սուրը վերցրեց թիկունքի կեսը թափեց և ցանկացավ հարվածը կրկնել: Դշխոն չթողեց կրկնել՝ ասելով, թե դրանք այնպիսի ազգ են, եթե խփես, նորից կկենդանան (դշխոն նեղվում էր պատանու համար): Հսկային թողին գետնին, մնաց ու սատկեց, կորավ կորստյան որդին:

Նրանք պատվիրեցին դշխոյին՝ կալ և մնալ յուրյանց գալստյան:

Ապա անցան գնացին դեպի այն քաղաքի սահմանները, որտեղ բնակվում էին այն աղջկա ծնողները: Աղջիկն այստեղ խիստ կարևոր է համարում հնարներ գտնել աղջկան բերելու համար. համաձայնվում են, որ պատանին սպասի, քաջամիտ աղջիկը գնա քաղաքի դրսից հարցուփորձով իմանա ազջկա ծնողների բնակությունը և հանդիպի աղջկան: Նա հագնում է կանացի ազնվագին հանդերձանք, գնում, գտնում է ծնողների բնակության տեղը, ներս է մտնում, նստում են, զրույց բացում միմյանց հետ և գեղանկար աղջկան հայտնում է գաղտնի խորհուրդը, թե սիրեկան պատանին սպասում է քաղաքից դուրս, եկել է քեզ համար և սպասում է իր լուրին: Աղջիկն ասում է, թե նման դեպքեր եղել են, և խաբել են, այժմ եթե գործը ճշմարիտ է, թող պատանին գա տեսության: Աղջիկը անհանգիստ նայում է պատուհանից և անցնող հեծյալների մեջ ճանաչում է սիրեցյալ պատանուն: Երկուսն էլ հրճվանքից չեն կարողանում խոսել. աղջկա սիրտը մղձկում էր, աչքերը լցվում են արտասուքով, սպասում էին մինչև երեկո: Որոշում են հանդիպել նշանադրված տեղը, և այն քաջ աղջիկը գիշերվա երրորդ պահին գնաց նշանակված տեղը, քիչ սպասեց. տեսավ՝ աղջիկը եկավ միայնակ, ճանաչեց և հափշտակեց, վերցրեց ձիու գավակին, մտրակեց երիվարին և հասավ պատանու մոտ: Այնտեղ մեծ ուրախություն և ցնծություն ծագեց:

Միայն փախուցյալ աղջիկն ասաց.

— Շտապեցե՛ք երթալ, գիտեմ, որ հայրս բյուրավոր հեծյալներ է ուղարկելու մեր հետևից, որովհետև ինձ նշանել է թագավորի որդու հետ, բայց մեր սերը միմյանց հետ չկապեց:

Այն քաջ աղջիկն ասում է.

— … աստծո գեղեցիկդ, պինդ բռնի՛ր ինձնից, որովհետև արագ ընթանալու ժամն է, թերևս այստեղի սահմաններից ելնենք, դրանից հետո մեզ չեն կարող հաղթել:

Մտրակեցին ձիերը, երկթևյան թռչունների պես փախան, եկան. արդարև մի շաբաթվա ճանաչարհն անցան մի գիշերում: Առավոտյան հասան ճանապարհից դուրս մի բարձրագույն բլրի գագաթը՝ սակավ ինչ հանգստանալու: Հոգնած էին, խոր քուն մտան:

Քաջամարտ աղջիկը իր սովորությամբ արթնացավ, աչքերը բացեց, ելավ և նայեց դեպի այնկողմը, որտեղից աղջկան փախցրին: Եվ նկատեց, որ հենց այդ կողմից բազմաթիվ հեծյալներ են գալիս, առանց սիրահարներին արթնացնելու զենք ու զրահը կապեց, տեգը առավ և միայնակ երիվարով սլացավ կռվի դաշտը, մտավ սփռված զորքի մեջը, շրջան տվավ, կոտորեց աջ ու ահյակ: Եվ նրանք նկատեցին, որ բոլորին բնաջնջելու է, ուստի մնացյալները փախուստի դիմեցին: Վերադարձավ, տեսավ երկուսն էլ քաղցրաքուն են, չկամեցավ արթնացնել, նստեց, նրանց վրա բանաստեղծություն հորինեց և մեղմիկ ձայնով երգելով՝ արթնացրեց նրանց և պատմեց, թե ինչ տեղի ունեցավ: Գնացին և տեսան կուտակված դիակները, այն գեղեցկադեմ աղջիկը զարմացել էր, թե իգական անձը միայնակ ինչպիսի քաջություն արեց:

Եվ այդտեղից ելան եկան այնտեղ, որտեղ թողել էին այն դշխոյին, որտեղ և սպանեցին այն այլանդակ մարդակերպին: Տեսնելով միմյանց՝ հույժ ուրախացան, և հավաքելով բոլոր գանձերը, կահ-կարասիները, այդտեղից չվեցին գնացին արքայորդու բնակությունը և երեքն էլ եղան նրա կինը:

Հեղինակը նշում է, թե բանաստեղծական հոգով էր շարադրված, չգիտե, բայց, ըստ պատմության ընթացքի, հավանական է երևում, որ այս պատմությունը անկեղծ է ըստ մարդկային ազգի հնական սովորության, քանզի հին ժամանակ աշխարհում բազում պատահմունքներ են եղել և չեն անցկացրել պատմության մեջ: Այժմ աստծո շնորհիվ և ողորմածությամբ անցկացնենք մարգարտաշար գիրքը:

Ավարտվեց այս փոքրիկ ազգային պատմագիրը Աղվանից երկրի Դիզակի նահանգի Գտիչ վանքում: Եվ երբ հանդիպեք սրան, ընթերցե՛ք հայրենասեր հոգով և լցրե՛ք ձեր կարոտը, կարող եք միաբերան ողորմությամբ հիշատակել իմ հոգևոր և մարմնավոր ծնողներին՝ լավագույն Մարիամին և կրթողն իմ Հակոբ Վարդապետին, բոլորից հետո այս պատմագրության աշխատողին՝ Քրիստոսի ծառա Առաքել վարդապետ Կոստանդյանցին՝ նույն վանքի միաբանին:

Դուք որ ձեր աղոթքներում հիշեք ինձ, Տերը կհիշի ձեզ օրվա այցելության ժամանակ:

 Վերջ՝ 525 էջ ձեռագրի թարգմանության: 

Բան. գիտ. դոկտ., պրոֆ. Էդուարդ Սամսոնի Մկրտչյան

31-ին օգոստոսի, 2014թ., գ. Մայակովսկի

1 Առաքել վարդապետը իր ձեռագրի 177-182 էջերում մի ավետարանի մասին է ասում. հայոց 1300 (1851)թ. Դիզակի գավառի Դոմի [Տումի] գյուղի քահանան տանը ունի մի ավետարան՝ հորից մնացած, հայրն էլ քահանա էր ծերացած, երկուսն էլ անգրագետ էին, ուսոմ չեն ունեցել և ավետարանը չէն կարդացել: Առաքելը դրանցից վերցնում, կարդում է վերջաբանություն, առաջաբանություն, որտեղ Հոհաննես աբեղան ասում է, թե այդ ավետարանը գրել է 1059 (=1610)թ. Ղազմին քաղաքում Շահաբբասի թագավորության ժամանակ, իրենց գերդաստանը ցրվել է, բոլորը դարձել են գաղթականներ: Ավետարանի վրա աշխատել է ոմն Եփրեմ քահանա, հետո ընկել է ոմն օտարազգի Իսախանի ձեռքը, որը գերությունից ազատվել է՝ ավետարանը հանձնելով՝ վաճառելով Մելիք Շահնազարի կողակցորդ և կենակից Մալայիկ խանումին Իբրահին խանի ժամանակ, Շուշվա ամրակառույց բերդում, հետո հանձնել է Սիոն և խնդրում է օգտվել և հիշել իրենց բոլորին՝ նշելով անունները, նաև՝ դուստրը՝ Համայը…

Ավետարանից որևէ նյութ, պատմություն չկա, կենցաղային զրույց է, հարմար չգտանք թարգմանելու համար:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի