Որոտանի քաղաքային համայնքում

Spread the love

Աշնանային օրը Որոտանի հովտում տաք էր ու գունանախշ: «Աշունն իր ներկերն առել ու անտառներն  է մտել»,- ասաց գրող-հրապարակախոս Բակուրը՝ Բակուր Կարապետյանը: Միասին Քաշաթաղի Որոտան քաղաքում էինք՝ հնագետ Գագիկ Սարգսյանի հետ: Օրվա ընթացքում քաղաքային համայնքի ղեկավար Վրույր Ասրյանի ուղեկցությամբ շրջեցինք քաղաքում, ծանոթացք կատարված շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքներին: Որոտանը շրջանի 4-րդ քաղաքային համայնքն է, որի կազմում կա 4 գյուղական բնակավայր: Շրջանում տարածքով ամենամեծ համայնքը կարգավիճակ ստացել է 2013 թվականին: Որոտանում այժմ կա 129 տնտեսություն, որից 112-ը՝ քաղաքում: Բնակչության ընդհանուր թիվը՝ 390. 161 երեխաներից 88-ը դպրոցականներ են և հաճախում են հարևան Հայկազյանի Հ. Խաչատրյանի անվ. միջն. դպրոց: Որոտանից նույն դպրոցում աշխատում են 14 ուսուցիչ: Աշակերտների և ուսուցիչների տեղափոխությունն իրականանում է քաղաքում տեղակայված զորամասի ավտոբուսով և համայնքին հատկացված մեքենայով: Մոտ 10կմ հեռավորությամբ դպրոցն աշխատում է երկհերթ, և ավտոբուսն օրական 3 ուղերթ է կատարում: Համայնքապետարանն ու զորամասը համագործակցում են, շատ հարցեր միասին իրականացնում: Վ. Ասրյանը գոհ է գնդի հրամանատար, գնդապետ Սիմոնյանից և գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ասատրյանից, ովքեր շատ հարցերում են աջակցում քաղաքի բնակչությանը:

Համայնքն ունի 22800հա տարածք, որից 1108-ը վարելահողեր են, 113-ը՝ արոտավայր, մնացածը՝ խոտհարքեր, անտառներ: Վարելահողերից մոտ 300հա տրված է վարձակալության: 200-ից ավելի վարձակալների հիմնական մասը հարևան Սյունիքի մարզի բնակիչներ են: Բացի հողագործությունից, համայնքի բնակիչներն զբաղվում են նաև անասնապահությամբ և մեղվաբուծությամբ. ունեն 200 խոշոր, 170 մանր եղջերավոր անասուն, 300-ից ավելի խոզ, 160 թռչուն, 57 մեղվաընտանիք: Համայնքի տարածքում՝ Որոտան գետի և նրա վտակներ Քաշունիի և այլոց աջ ու ահյակ ափերին, շատ են պատմամշակութային հուշարձանները՝ եկեղեցիներ, ամրոցներ, կամուրջներ խաչքարեր, որոնք վկայում են բնակավայրերի պատմական ու Հայոց ոստան լինելը:  Նախկին զինվորական Վ. Ասրյանն ավարտել է գորիսի «Սյունիք» համալսարանը, 2011-ից բնակվում է Որոտանում, համայնքը ղեկավարում է 2015 թվականից: Ունի 3 դուստր: Տարածքը ժամանակին կազմել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Քաշունիք գավառի մի մասը: Քաղաքի համայնքապետարանը տեղակայված է հարմարեցված տնակում, ունի 4 աշխատակից: Այս տարվա ընթացքում ԱՀ կառավարության կողմից համայնքի 22 ընտանիքի անհատույց հատկացվել է շինանյութ, հիմնականում տանիքի թիթեղ ու փայտանյութ: Այժմ քաղաքի տարբեր կողմերում ընթանում են շինարարական աշխատանքներ: Նոր կառուցված երկհարկանի տունը պատկանում է Սիրուշ Գասպարյանին, ով ընտանիքով արդեն 10 տարի է՝ բնակվում է Որոտանում: Ամուսինն զբաղվում է անասնապահությամբ, դուստրերը՝ Լիանան ու Միլենան, սովորում են 3-րդ և 5-րդ դասարաններում: Ընտանիքին հատկացվել է թիթեղ ու փայտանյութ, մնացած աշխատանքներն արվում են իրենց ուժերով: Չեն դժգոհում. «Մենք պետք է կառուցենք մեր տունը»: Մեր այցի պահին վարպետները երկրորդ հարկի ներսի պատերն էին շարում: Իր համար նոր տուն է կառուցում նաև համայնքապետը: Տնամերձում պտղատու այգի է հիմնել, և ծառերն արդեն բերք են տալիս: 2011-ին Գորիսից Որոտան է տեղափոխվել Բորիս Բաղդասարյանը: Այստեղ հիմնել է 1,5հա պտղատու այգի, որտեղ նույնիսկ կիվիի ծառ է տնկել: Հիմքից նոր տուն է կառուցել, որն ամբողջությամբ պատրաստ կլինի այս տարվա վերջին: Այգին մշակելու միակ խնդիրը ոռոգման ջուրն է: Համայնքի ղեկավարը նույնպես կարևորեց այս հարցը: Բացի այդ, պետք է բարեկարգվի խմելու ջրատարը: Միջհամայնքային ճանապարհները նույնպես անբարեկարգ վիճակում են: Հատկապես Որոտան գետի ափամերձ ճանապարհը, որը քաղաքը կապում է գյուղերի և Սյունիքի մարզի հետ: Չնայած հատկացված շինանյութին՝ 1500ք/մ թիթեղ, 13,5 խ/մ փայտանյութ, 17տ ցեմենտ, շինանյութի կարիք բնակիչները դեռ շատ ունեն: Խնդիր է նաև էլեկտրական հոսանքագծերի վիճակը, որի պատճառով անջատումներ շատ են լինում: Այնուամենայնիվ՝ ամենամեծ խնդիրը Որոտանի համար դպրոց ու մանկապարտեզ ունենալն է: Համայնքապետը տեղեկացրեց, որ արդեն տեղ է հատկացվել՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով, սակայն աշխատանքներ չեն սկսվել: Դպրոցականներն առայժմ պետք է Հայկազյան հասնեն: Համայնքապետարանի մոտ դպրոցականներն ավտոբուսին էին սպասում: Առաջինդասարանցի Արմեն Ավետյանը և երկրորդցիներ Գրավիկ Հայրապետյանն ու Դավիթ Դավթյանն ասացին՝ հետաքրքիր է ավտոբուսով անցնել Որոտանի ափով: Շուտ եկավ ավտոբուսը, երեխաները տեղավորվեցին ու մեկնեցին Հայկազյան: Միշտ էլ հայ մարդու համար կարևորը իր զավակին ուսման տալն է, անկախ ցանկացած դժվարությունից: Հավատում ենք՝ մոտակա տարիներին Որոտանն էլ կունենա դպրոցի ու մանկապարտեզի նորակառույց շենք:

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի