Հոկտեմբերի 7-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցում կայացավ Բռեյն-ռինգ ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ հյուրընկալող կրթօջախի, Քարեգահի ու Ներքին Սուսի Սերոբ Հանեյանի անվ. միջն. դպրոցների բարձրդասարանցիների մասնակցությամբ: Թիմերը համապատասխանաբար անվանակոչված էին «ԱՍԱԼԱ», «ԲԵԿՈՐ» և «ԴՐՈ»: Մրցույթը կազմակերպվել էր Արցախի պետական համալսարանի ուսանողական գիտական կենտրոնի և ուսանողական խորհրդի կողմից: ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի գլխավորությամբ Բերձոր էին ժամանել բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Մինչ դպրոց այցելելը համալսարականները ծաղիկներ խոնարհեցին Բերձորի՝ Արցախյան գոյամարտի նահատակներին նվիրված հուշահամալիրի խոնարհված պատերին, հարգեցին մարտիրոս-քաջորդիների հիշատակը: Վ. Յարամիշյանը, բացելով մրցույթը, ողջունեց ներկաներին՝ տեղեկացնելով, որ խաղը կայանում է «Աշակերտ-ուսանող-զինվոր» կարգախոսով: Նպատակն այն է, որ նշված 3 սերունդն է այսօր մեր երկրի տերը, և այս համագործակցությունը պետք է լինի ամուր ու հաստատ: Բերձորի թիվ 1 միջնակարգի տնօրեն Անահիտ Քոսակյանը ողջունեց ներկաներին, Արցախի մայր բուհի ներկայացուցիչներին հայտնեց շնորհակալություն՝ նման հետաքրքիր ու կարևոր միջոցառում կազմակերպելու համար: ԱրՊՀ ուսանողական գիտական կենտրոնի/ՈՒԳՏ/ նախագահ Լուիզա Ներսիսյանը մասնակիցներին ներկայացրեց մրցույթի կարգը՝ տեղեկացնելով, որ հարցերն ընտրված են տարբեր ոլորտներից և անցկացրեց խաղը, որը կայացավ 3 փուլով՝ յուրաքանչյուրը 10 հարցով, որից 1-ը՝ երաժշտական: Ընդմիջումների ընթացքում ուսանողուհիների կողմից հնչեցին երգեր: Խաղի առաջին փուլն ավարտվեց հետևյալ արդյունքավ՝ «ԱՍԱԼԱ»-5, «ԴՐՈ»-4, «ԲԵԿՈՐ»-4: Երկրորդ փուլում 6 հարցի ճիշտ պատասխանեցին Ներքին Սուսի դպրոցականները, 5 հարցի՝ բերձորցիները, իսկ 3-ի՝ քարեգահցիները: Վերջնական արդյունքում 14 միավորով հաղթող ճանաչվեց Բերձորի թիվ 1 միջնակարգի թիմը, 12 միավորով երկրորդ տեղում հայտնվեց «ԲԵԿՈՐ»-ը, իսկ «ԴՐՈ» թիմը հավաքեց 9 միավոր: Թիմերը ԱրՊՀ կողմից պարգևատրվեցին պատվոգրով, գեղարվեստական գրքերով և նվերներով: Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Սիրվարդ Թամազյանը շնորհավորեց աշակերտներին, շնորհակալություն հայտնեց մրցույթը կազմակերպողներին: ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը տեղեկացրեց, որ մրցույթը կայանալու է Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում, և առաջին խաղն անցկացվեց Բերձորում:
Հանրապետական եզրափակիչը, որը նվիրված է Արցախյան շարժման 30 ամյակին, տեղի կունենա Ստեփանակերտում: Խաղի ընթացքին ներկա էին նշված դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ: Մրցույթից հետո համալսարականներն այցելեցին Բերձորի երեխաների խնամքի թիվ 2 հաստատություն, ծանոթացան պայմաններին, զրուցեցին սաների հետ: