Ավանդույթներ. Գինին ու գինեկռիվը Գորիսում

Spread the love

 

Սու­րեն Վար­դա­նյան
Սու­րեն Վար­դա­նյան

Կենցաղային ավանդույթը ազգային մշակույթի անբաժան մաս է:

 

Այս աշխատանքով փորձ է արվել ներկայացնել Գորիսում ձևավորված ավանդականից այն թանկը, որն առանձնահատուկ գույն և տեսք է հաղորդում նրա հաճելի դիմագծին:

Ու՞մ հայտնի չէ, որ Գորիսն առանձնահատուկ կոլորիտով և ավանդույթ-ավանդություններով հարուստ քաղաք է: Առանձնահատուկ մի սովորույթի մասին եմ ցանկանում պատմել, որն, իսկապես, ավելի գունեղ ու հաճելի է դարձնում գորիսյանը:

Եթե գորիսեցիները հնուց թթի լավ այգիներ են ունեցել և օղի թորել, ապա խաղողի այգիներ հիմնականում չեն ունեցել՝ բացառությամբ Վարարակն գետի հարավային հոսանքի կիրճերում ծվարած փոքրատարածք այգեմասերի: Բայց գինի միշտ էլ պատրաստել են կամ, ինչպես իրենք են ասում, գինի են քաշել: Քաղաքի բնակչության զգալի մասը, կարելի է ասել` ում ոտը բռնում էր, տնային պայմաններում գինի էր պատրաստում իր տան արարողությունների համար: Հասարակության այն մասը, որը գինի չէր քաշում, մի տեսակ խեղճ էր, իսկ, գինի ունեցողները հպարտորեն էին քաղաք դուրս գալիս և ձմեռային արևկող անողների ակտիվ զրուցակիցներ էին: Հիմա էլ նմանները շատ են:

Այս մշակույթը Գորիսում արմատավորվել է դարեր առաջ: Բավական է նշել մի քանի այգեմասերի անվանում, և դուք լիովին կհամոզվեք դրանում. «Շամխալ բեյի բաղ», «Յոլուն բաղ» /հայտնի Յոլյանների տոհմի/, «Լալազարի խաղողի այգիներ» /19-րդ դարում Որոտան գետի վրա իր կառուցած կամրջին հարող տարածքում/ և այլն: Դա են հաստատում նաև մեր ժայռերի մեջ և ձորերում այսօր էլ նիրհող մի քանի տասնյակ հնձանները:

Եթե Գորիսում խաղողը քիչ էր, ապա քաղաքի բնակիչները որտեղի՞ց էին այն ձեռք բերում:

«Ադորը հնձանը» Քարահունջի ձորում
«Ադորը հնձանը» Քարահունջի ձորում

Նախ, մեր շրջանի տարածքով անցնող Որոտան և Զաբուխ /այժմ` Աղավնո/ լեռնային գետերի հովիտներում /Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարթաշեն, Խնձորեսկ, Կոռնիձոր, Տեղ/ որոշ քանակի խաղող էր արտադրվում, գորիսեցիները դրանից էլ էին օգտվում: Սակայն հիմնականում խաղող գնում էին Լեռնային Ղարաբաղից և Վայոց Ձորի տարածաշրջանի գյուղերից: Նշված վայրերի խաղողները բարձր որակի էին․ լավ գինի էր ստացվում, միաժամանակ օղի էին թորում:

Գինի պատրաստելը Գորիսում նման էր ձմեռվա համար մթերք պահեստավորելուն, ասենք՝ մոթալ դնելուն, ղաուրմա պատրատելուն և այլն: Գորիսեցին գինի չի պատրաստում վաճառելու համար, այլ, ինչպես իրենք են ասում, խմելու համար: Կարծես եթե վաճառեին, չպիտի խմվեր:

Այնուհանդերձ կային որոշ գինի պատրաստողներ, որոնք քաշած գինու մի մասը բաց վիճակում վաճառում էին: Իհարկե նրանց թիվը շատ փոքր էր, այնպես որ մատների վրա կհաշվեիր, և քաղաքի խմողները նրանց տեղը լավ գիտեին:

Այս վերջին 30-40 տարիներին գորիսեցիներն իրենց այգիներում մշակում են ցրտադիմացկուն մուսկատ տեսակի խաղող: Այն, իհարկե, բարձր որակ չունի, ցածր շաքարայնությամբ է, յուրահատուկ հոտ ու համով, որը ոչ բոլորին է դուր գալիս, սակայն սրանից էլ հիմա գինի քաշողներ շատ կան: Հիմնականում ստացվում է թթվաշ, ցածր թնդության գինի: Սրա պատրաստման համար, հմտության հետ միասին, ավելի շատ ջանք ու հետևողականություն է պահանջվում, հակառակ դեպքում, ինչպես մեր քաղաքացիներն են ասում, «զկռաջուր» կստացվի և հնարավոր չի լինի խմել:

[images_grid type=”carousel” auto_slide=”yes” auto_duration=”700″ cols=”three” lightbox=”yes” source=”media: 7616,7615,7607,7604,7598,7599,7600,7601,7602,7603″][/images_grid]

Գինի վայելում են հինմականում ձմռանը: Բոլորովին չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ ձմեռվա լավ արևային օրերին /նման օրեր Գորիսում միշտ էլ լինում են/ պատերի անկյուններում, քաղաքի հրապարակներում, մարդաշատ այլ վայրերում հաճելիորեն արևկող անողների զրույցների կարևոր թեմաներից մեկը գինին է լինում: Սկզբում յուրաքանչյուրը ներկայացնում է, թե որտեղից է խաղող բերել, ում հետ, ինչքան, ինչ որակ է ունեցել այն, պատրաստման տեխնոլոգիայում ինչ նորություն է կիրառել և այլն: Ի դեպ, զրույցի այս մասը խաղաղ է անցնում: Սակայն երբ բանը հասնում է գինին գնահատելուն, այստեղ զրույցը թեժանում է․ յուրաքանչյուրն իր գինին է գովում, ապացույցներ ներկայացնում` վկայակոչելով իր գինին խմած քաղաքի այս կամ այն նշանավոր պաշտոնավորին, լավ գինին ճանաչողին, երբեմն էլ` ճանաչված խմողներին և այլն:

Հիմա էլ Գորիսում կան լավ գինի խմողներ: Մի ժամանակ Գորիսի շուկայում բաց գինի էին վաճառում Հալիձորի, Շինուհայրի, Խոտի, Քարահունջի, Խնձորեսկի, Կորնիձորի կոլտնտեսությունները: Խմողները հաճախակի շրջում էին շուկայում և գինի «համտես» անում: Շուրջ տարի շուկայում Խոտ գյուղի գինին էր վաճառում համանուն գյուղացի, բոլորին լայնորեն հայտնի Ասրի դային: Զբոսաշրջիկ ռուս երիտասարդը վաղ առավոտյան մոտեցել է նրան` խումհարի հագեցնելու համար ասելով, որ գումար չունի, երբ վերադառնա իր երկիր, անպայման փողը կուղարկի: Ասրի դային սիրով հյուրասիրել է: Ամիսներ անց ռուս զբոսաշրջիկից ստացել է մի ծրար` 3 ռուբլի գումարով և փոքրիկ նամակով, որում նա գրել էր, -Գորիսում ամենալավ մարդը Ասրի դային է, խմելու բան և փողով է տալիս և առանց փողի:

Պատմում են, որ քաղաքում հայտնի Բագրատ Գաբրիելյանը գինու որակը փորձելու նպատակով մի շնչով մեկ դույլ գինի է խմել և դատարկ ամանը վերադարձնելով վաճառողին` ասել, -Գինիդ լավն է երևում: Վաղը անպայման կգամ, մի անգամ էլ կփորձեմ և տան համար կտանեմ: Բագրատ Գաբրիելյանն ինձ պատմել է, որ իր տանը գինի է կռվեցրել հայ հանճարեղ դերասան Հրաչյա Ներսիսյանի հետ:

Բառացի մեջ եմ բերում նրա ասածը․«Տեսնելով փոքրամարմին, նիհարավուն դերասանին` ասացի՝ սա ո՞վ է, որ ինձ հետ հավասար խմի /ինքը, իրոք, աժդահա էր/: Ես վերցրի մեծ բաժակը, նրան տվի փոքրը: Մի դույլ գինի և մի դույլ էլ թթի օղի էինք դրել մեր սեղանի մոտ: Որոշ ժամանակ անց տեսա, որ էս գործը հեռուն գնացող է: Բաժակս փոքրացրի: Ինքը սկսած տեմպավ շարունակում էր խմել: Մի որոշ ժամանակ հետո չիմացա՝ ինչ եղավ, հաջորդ օրն արթնացա մեր բազմոցին:

Կինս ասաց, որ ինձ տապալելուց հետո Հրաչյան մի քանի բաժակ էլ մենակ է խմել ու շնորհակալություն հայտնելով հանգիստ հեռացել:

Էդ մարդը յաման բաժակ շարժող էր, ինձ պարան տվավ…»:

Լավ խմելու հետ մեկտեղ Բ. Գաբրիելյանը նաև «ձիգ» ուտող էր: Նա մորթել էր իր դանան /մեծ հորթը/, որ հանձնի մսի խանութ՝ վաճառելու:

Երբ դիմում է, գործակատարը նրան ասում է, որ հենց նոր մեծ քանակությամբ միս է ստացել, չի կարող վերցնել: Ստիպված կնոջը հանձնարարում է, որ միսը եփեն և ղավուրմա անեն: Եփելուց հետո միսը լցնում են երկու մեծ աման, դնում թախտի մոտ սառելու, որ հետո ոսկորը հեռացնեն:

Կինը գնում է խանութ՝ ղավուրմայի համար կարագ բերելու, իսկ Բագրատը թախտին թիկն է տալիս: Երբ մսի հոտը քիթն է ընկնում, մի կտոր վերցնում է, որպեսզի փորձի նաև, թե ինչպես է ոսկրահան լինում: Կինը, ճանապարհին ծանոթների հանդիպելով, ոտը կախ է անում և գնումը կատարելուց հետո վերադառնալով տուն՝ տեսնում է ամաններում միայն ոսկորներ են մնացել: Այդ օրվանից Բագրատին կնքում են Դանա Ուտող Բագրատ մականունը:

Հակառակորդի գինին թերագնահատվում էր` ընդհուպ դրա նվաստացնելը, վիրավորելը` անվանելով «զկռաջուր», «արխի ճուր», «արխը լցնելու բան», «ըռխա երինգիլի», «քացախ» և այլն: Նման զրույց-վիճաբանությունները, երբեմն, ավարտվում էին գինի պատրաստողներից մեկի տանը, որտեղ գինետիրոջ հրավերով՝ ընկերներով գնում և գինի էին խմում` գնահատելու պատրվակով:

Լինում էր նաև այնպես, որ երբ վկայակոչում էին մեկի բարձր կարծիքը, ընդդիմադիր գինեգործը այսպես էր արձագանքում.

-Արա՛, նա հինչա գյո̈ւդում լա̈վ կինին վէ՞րն ա, էն արխի ճո̈ւրն էլ տաս, կխմի, համ էլ փահ՜-փահ՜ կանի:

Մեկ ուրիշն էլ զարմացած հայացքով դիմացինին կասեր․

-Հո̈՞ւր կինան ես է՜ խոսում: Էնօրը ինձանա մի քանի լիտր կինի էր օզում՝ տանի խառնի, վէր կարա խմի իրենը:

Մարդ էլ կա, որ ամեն տեսակի գինի էլ խմում է: Այդպիսի երկու հարգարժան ընկեր կա Գորիսում, մեր քաղաքացիները նրանց լավ գիտեն: Ըստ էության՝ նրանք մեր քաղաքի հայտնի գինի ըմպող, Գորիսի շրջխորհրդի գործկոմի մի ժամանակվա հողբաժնի վարիչ, ծագումով քարահունջեցի Երվանդ Գալստյանի հետևորդներն են:

Գինու հարգը բարձր պահելու համար մարդիկ դիմում են ամենատարբեր միջոցների: Քիչ չեն այն գինի պատրաստողները, ովքեր իրենց տանը առատ սեղան են բացում` խորովածով, քյուֆթայով և հարգված այլ ուտեստներով, և հրավիրում քաղաքի հարգված ու հեղինակավոր մարդկանց գինի խմելու, ասել է թե` գինին գնահատելու:

Դե եկ ու այս պայմաններում գինուն անկողմնակալ գնահատական տուր:

Դրանից հետո մի քանի օր քաղաքում այդ «անմահական» գինու մասին են պատմում, գինեգործն էլ հպարտ ու «համեստորեն» ինքնագոհ լսում է:

Գինի ըմպելու սեղանը երբեմն էլ զարդարում է պանիր-հացը, խաշած կարտոֆիլը, մեր անզուգական ճախաթթուն /ճըխթըթոն/ և գորիսյան հայտնի լոբին:

Աննահանջ և կրքոտ գինի կռվեցնողները քաղաքում քիչ չեն: Բայց նրանցից ոչ ոք չէր հասնի հայտնի սնխչի Առաքելի որդուն` Գորիսում լայն ճանաչում ունեցող Ալբերտ (Արբեն) Սահակյանին: Անհնար էր դիմակայել նրան կամ էլ դիմանալ նրա ճնշմանը: Դա մի ուրիշ բան էր, հատկապես, եթե հակառակորդը նրան չէր ճանաչում ու շարունակում էր վիճել: Միայն կողքից նայեիր․ իսկական ներկայացում, այն էլ փափազյանական մակարդակի: Ալբերտ Առաքելիչը, առատ կերուխում կազմակերպողներից լինելով, ուներ նաև մի առանձնահատկություն: Այն համախոհը, ով կրքոտ գինեվեճի ժամանակ պաշտպանում էր նրա «շահը», հաջորդ օրը Ալբերտից հաստատ նվեր էր ստանում մի չեթվեր գինի և վրան էլ 1-2 լիտր թթի օղի: Բա ի՞նչ եք կարծում, պատվի հարց էր:

Գորիսում ճանաչված գինի կռվեցնող էր ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, վաստակաշատ մարզիչ, մեր տարածաշրջանի սպորտի պատմության տարեգիր, հարգված մանկավարժ Խերունց Իվանը /Իվանյան/: Երիտասարդ տարիներից մինչև խոր ծերություն նա պատրաստել է գինի և օղի, ուներ լավ մառան: Սրա հետ միասին նա առանձնանում էր գինի կռվեցնելու իր յուրօրինակ ձևով: Ավելորդ է ասել, թե նա լավ կերուխում կազմակերպող էր` հիմնականում իր տանը: Բացառվում էր․ դա անելու ամենափոքր առիթն անգամ նա բաց չէր թողնում: Հակառակը ոչ ոք չի կարող հիշել: Եթե մեկն ու մեկը փորձում էր նրան համոզել, որ այս ինչ մարդու գինին նրա գինուն չի զիջում, անհապաղ մի երկու-երեք լիտր իր գինուց կառանձնացներ և կասեր․

-Տա՛ր կըռվըցրո՛ւ /համեմատիր/, կտ՝սնաս, վէր իմ կինուն ոչ մի կինի հասնիլ չի:

Բայց այս արվեստում Իվանյանի մոտ առանձնահատուկը ևս մեկ ուրիշ բանում էր: Մեծ տարողություններից բացի նա գինին պահում էր նաև ապակյա շշերում, այսինքն՝ շշալցում էր անում: Դրանք հիմնականում մեկ լիտրանոց, հաստ պատերով ծանր շշեր էին /իմ սերնդի մարդիկ լավ են հիշում/: Հարյուրավոր լցրած շշեր նա թաղում էր իր մառանում` հողի տակ, որոշ քանակի էլ պառկեցրած պահում էր մառանի այս կամ այն անկյունում: Թաքստոցների տեղի, քանակի, պահվող գինու որակի մասին իրենից բացի ոչ ոք չգիտեր, իրավունք էլ չուներ իմանալու: Երբ հյուր էր ունենում տանը, հանում էր թաղած շշերից և հողոտ վիճակով բերում սեղանին կամ էլ սեղանին էր դնում մանդիլներում /սարդոստայն/ փաթաթված շիշը:

Բնականաբար, ներկա գտնվողների մոտ առանց գինի վայելելու էլ՝ բարձր տրամադրություն էր ստեղծվում, և դրական կարծիքը Իվանյանի գինու մասին պատրաստ էր: Չնայած արդեն շուրջ տասը տարի է՝ թավ բեղերով, ներկայանալի արտաքինով ու պարթև հասակի, հարուստ կոլորիտով այս այրը հրաժեշտ է տվել երկրային կյանքին, բայց գորիսեցիները հաստատ համոզված են, որ դեռևս նրա մառանում թաղած գինիներ կան:

Գինի կռվեցնելու իր առանձնահատուկ ձևն ուներ Գորիսում հայտնի գինեգործ, հարգված քաղաքացի Ժորա Ասատրյանը: Նրա պատրաստած գինին բացի իր տնից ոչ մի տեղ չէր խմվում` արգելված էր այն դուրս տանելը: Սա չի նշանակում, թե նա մենակ էր խմում: Այս գինին խմում էին Գորիսի հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները` ունի հյուրընկալ օջախ:

Հիմա «գործը» շարունակում է որդին` Արամը, ով իր պատրաստած գինուց լցրած գավաթը դատարկելուց հետո չպպացնելով լեզուն ասում է․ «Տեսնաս էս կինին հուվա քաշալ» և ժպիտը դեմքին` խորհրդավոր նայում շուրջը: Պատմում են, որ հերթական անգամ Ժ. Ասատրյանը ընկերներին հրավիրել է գինի խմելու: Որպեսզի ծրագիրը լիարժեք արած լինեն, որոշել են խմբով բացել կուպրած երեսուն լիտրանոց կարասը: Բնականաբար, հրամայական էր մառանում մեկական գավաթ փորձելը: Փորձը «փորձանք» դառավ: Նախ թթուները, պանիրը, լավաշը, ապա տանը պատրաստած խորտիկները մաս-մաս եկան մառան, սուփրա բացվեց կարասի շուրջ: Երեկոյան արդեն կարասը դատարկ էր: Այդ օրվա արձագանքը մինչև հիմա էլ հնչում է քաղաքի ականջին:

Հատկանշական է, որ երբեմն էլ կարասի մոգական ուժն է գինուն գինի դարձնում: Ժ. Ասատրյանը արտահայտում էր թևավոր այսպիսի մի միտք․ «Հինչքան էլ փիսը ինի կինին, վէր նի մըտի մէր կարասը, ընտիր կինի կտա̈ռնա̈»:

Իր կյանքի վերջին 20 տարին տաղանդաշատ Գուսան Աշոտը /Դադալյան/ մշտապես բնակվել և ստեղծագերծել է հայրենի Գորիսում:

Բոլորին հայտնի է, որ Գուսանը լայն շփումների մեջ էր մեր քաղաքի ողջ բնակչության հետ, այդ թվում նաև շրջանի ղեկավար աշխատողների:

Հաճախակի նա գալիս էր կուսշրջկոմ,  ոչ թե անձնական որևէ հարցով, այլ ուղղակի զրուցելու, հարցնելու, իր նոր ստեղծած գործը ներկայացնելու կամ էլ դրա յուրօրինակ քննարկումը անելու և այլն: Քանի որ առիթը ներկայացավ, ասեմ, որ հղանալով որևէ ստեղծագործություն` լիներ դա երգի մեղեդին, թե խոսքը, դուրս էր գալիս քաղաք և սկսում ներկայացնել ժողովրդին: Հատկապես, արմուկը հենած ուսուցչի հին տան պատուհանի գոգին, ձեռքի ափը այտին, փողոցի մայթով անցնող-դարձողներին` լինեին նրանք մտավորական, թե շինական, բանվոր, թե գյուղացի, երիտասարդ, թե ծեր, ով պատահեր, նույնիսկ անծանոթների կարդում էր բանաստեղծությունը, երգում մեղեդին և կարծիք հարցնում:

Բնականաբար, լինում էին մարդիկ, ովքեր իրենց կարծիքը հայտնելու հետ անում էին նաև արժեքավոր առաջարկություններ: Դրանք մեծ գուսանը ուշադրությամբ լսում էր և օգտագործում: Ահա այսպես` ժողովրդի հոգու և սրտի միջով նա հղկում էր յուրաքանչյուր գործ, որի համար էլ երգերը միշտ ջերմորեն են ընդունվել և ընդունվում: Սա Գուսանի ստեղծագործելու ձևի առանձնահատկությունն էր, որը պետք է բոլորն իմանան, հատկապես մեր նորօրյա երգահանները:

Հայտնի բան է, որ գուսանները կին, սեր, հայրենիք, աշխատանք երգելու հետ նաև գինու գովքն են արել: Բացառություն չէր Գուսան Աշոտը:

Սակայն բացառություն էր այն, որ նա նաև լավ գինի պատրաստող էր ու կռվեցնող: Ամեն աշնան մեր միջնորդությամբ Կոռնիձորի կոլտնտեսության երջանկահիշատակ նախագահ Անդրանիկ Սրապյանը 350-400 կգ խաղող էր ուղարկում Գուսանին: Նա դրանից պատրաստում էր անմահական գինի: Երանի նրանց, ովքեր բախտ են ունեցել վայելել: Սա ասում եմ ամենայն լրջությամբ: Գինի պատրաստելուց հետո Գուսանը գալիս էր շրջկոմ, շնորհակալություն էր հայտնում ուշադրության համար և միաժամանակ ասում, որ մի տոճ գինի է առանձնացրել` պահում է մեզ հյուրասիրելու համար: Բնականաբար, հանգստացնելով նրան, ասում էինք, որ դրա կարիքը չկա: Բայց նա մնում էր իր կարծիքին և բազմիցս հիշեցնում այդ մասին:

1989թ. գարնանամուտին` իր մահկանացուն կնքելուց 5-6 օր առաջ, վերջապես նրան հաջողվել էր կուսշրջկոմի ղեկավար աշխատողների մի փոքր խմբի իր տուն հրավիրել: Գինին իսկապես անմահական էր, հանդիպումը անմոռանալի: Այդ օրը վերջին անգամ ձեռքն առավ անդավաճան քյամանչան, իսկ նրա շնորհաշատ սիրունատես տիկին Արաքսյան կատարեց Գուսանի հոգեզմայլ երգերը: Լիովին տեղին է ասել մեծ Թումանյանի «Գինին հոսում էր գետի նման» պատկերավոր տողը:

Գինի էր վայելում նաև Գուսանը, շառագունել, գինեգույնի էին փոխվել նրա այտերը: Քանի որ երկար տարիներ նա սիրտ-թոքային անբավարարություն ուներ, մենք նրան նախազգուշացրիք, որ գինին կարող է խնդիրներ առաջացնել: Գուսանը այսպես արձագանքեց․ «Չէ՛, խմում չէմ, ուղղակի տո̈ւնո̈ւմ եմ  պըռշիս»: Որոշ ժամանակ անց Գուսանը նորից սիրով գինի է խմում: Երբ կրկին հիշեցրինք նրան, այսպես պատասխանեց, «Ախր ըշտա̈հս տամ ա, հո՞ւնց չըխմ՝մ»:

Ի՜նչ լավ էր, որ Գուսանն այդ օրը իր սրտի քեֆին չդիպավ, մեզ էլ պատվեց այդ անմոռանալի, բայց ցավալիորեն վերջին հանդիպումով:

Գինի կռվեցնելու գործում շրջանցել գորիսեցի հայտնի արձակագիր, ճանաչված գրող Սերո Խանզադյանին, ուղղակի հնարավոր չէ:

Սերոն գինի չէր քաշում /չգիտեմ, գուցե Երևանում ինչ-որ բան արել է/, բայց փոխարենը հինգ մատի պես գիտեր Գորիսի բոլոր գինի պատրաստողներին և յուրաքանչյուրի տեղը դասակարգման մեջ: Նման եզրակացության նա գալիս էր միայն գինին «փորձելով»:

Ավելորդ է ասել, որ Ս. Խանզադյանը ցանկացած գորիսեցու օջախում սպասված հյուր էր: Հեղինակավոր գինի «փորձողը» առանձնանում էր նաև նրանով, որ ոչ մեկի հրավերը չէր մերժում, ու գինեկռվի սկիզբը հայտնի լինելով՝ անհայտ էր մնում դրա վերջը:

Թունդ մասնակիցների մի մասին ուղղակի տանում էին:

Անվանի գրողի 60-ամյակը 1975թ. մայրաքաղաքում նշելուց հետո մեծ շուքով տոնվել է նաև Գորիսում` նրա ծննդավայրում:

Հանդիսավոր մասից հետո խնջույքի ճոխ սեղան էր պատրաստվել, որի կազմակերպումը հանձնարարված էր շրջկոմի աշխատողներ Արտուշ Հովսեփյանին, Աշոտ Գրիգորյանին և մեքենամելիորատիվ կայանի պետ Ժորա Ասատրյանին: Ասում էին, որ գինին բերելու են Ադրբեջանի Մադրասա տեսակից: Այդ օրերին առատ ձյուն էր տեղացել, և պատվիրված գինին ճանապարհների անանցանելիության պատճառով չէր ստացվել: Օգնության է հասել Ժ. Ասատրյան գինեգործի սահմաններ չճանաչող երևակայությունը:

 

Խանութներից գնելով տարբեր տեսակների գինիներ` նա փնջել է մի «Մադրասա», որի նմանը երբևէ չէր եղել:

Երեկոյին գինին արժանացել է բոլորի հավանությանը և բարձր քննություն բռնել: Բանը հասել է նրան, որ միջոցառման հաջորդ օրը շրջկոմի առաջին քարտուղար, երջանկահիշատակ Արամ Հարությունյանը կանչել է Ա.Գրիգորյանին ու հարցրել, թե երեկվա Մադրասայից հնարավո»ր է՝ մնացած լինի: Վերջինս պատասխանել է, որ ամբողջությամբ խմել են, բայց եթե ինքը ուզում է, կարող են «բերել» տալ:  

Գորիսեցիները գինին կռվեցնում են նաև վաղ գարնանը: Այստեղ լայնորեն ընդունված է այդ օրերին խմբերով բանջար /եղինջ/ ուտելու գնալը: Ընկերներով հիմնականում իջնում են քաղաքի հարավում գտնվող Գորիսի և Քարահունջի այգիները, որտեղ արևկող մասերում բանջարը առաջինն է գլուխը հանում: Մի քանի ցողուն հավաքելուց հետո խորովածի կրակն է բորբոքվում, ու սկսվում է գինեկռիվը:

Կարելի է ասել, որ այստեղ միայն անունն է «բանջար ուտել», իրականում ընկերներով ակտիվ զբոսանք և ուրախ ժամանց են անցկացնում, կերուխում անում:

Քաղաքում շրջանառվող է նաև այսպիսի մի արտահայտություն, որը ևս ընդգծում է հարգանքը գինու նկատմամբ: Երբ մեկին հարցնում են, թե որտեղ էիր, հաճախ պատասխանում է, որ գնացել էր այսինչի տուն՝ գինի խմելու, չէր ասի ուտել-խմելու:

Գորիսում համբավավոր գինի քաշողներ էին Ժորա Ասատրյանը, Իվան Խերունցը /Իվանյան/, Սամսոն Միրաքյանը, Գուրգեն Հարությունյանը և Նապոլեոն Մկրտչյանը /ծագումով Շինուհայրից/, նկարիչ Սեդրակը /Գրիգորյան/, Հայկ Տատինցյանը, Ձոնիկ Միրաքյանը, Արտավազդ Յոլյանը, ատամնաբույժ Բակոն /Միրումյան/, Սանամի Գուրգենը /Գրիգորյան/, Ալբերտ Սահակյանը, Լենո Բակունցը և ուրիշներ:

Ամփոփելով ասենք, որ գինի քաշելու և գինեկռվի գործում բարձր համբավ ձեռք բերելու համար պարտադիր և վճռորոշ պայման է մնում լավ և առատ հյուրասիրությունը, այլապես բան չի ստացվի:

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի