Ազատամարտ․․․ԲԱԲԿԵՆԸ․ նշխարներ հերոսի կյանքից

Spread the love

 

Բաբկեն Հուսիկի Վարդանյան։ Ծնվել է 1955թ. հունվարի 5-ին, Սյունիքի մարզի Գոռհայք գյուղում։

1990թ. ակտիվությամբ մասնակցում էր իր ծննդավայր Սիսիանի շրջանում կազմակերպվող հայրենանվեր գործերին։ Սումգայիթի, Բաքվի կոտորածներից հետո 12 քաջազուն հայորդիներից ստեղծում է «Զորավար Անդրանիկ» ջոկատը եւ մեկնում է պաշտպանելու հայրենի սահմանները՝ Երասխ, Բարձրունի, Խնձորեսկ, Շահումյան, Ղարաչինար, Մեհմանա, Գյուղաթաղ, Ջանյաթաղ, Կիչան, Շուշի, Լաչին… Զոհվել է 1992-ի նոյեմբերի 22-ին, Արցախ աշխարհի Չլդրան բնակավայրի մարտերի ժամանակ։ Հետմահու պարգեւատրվել է ՀՀ Արիության մեդալով եւ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Ջերմուկ քաղաքի գրադարանի տնօրեն

Զեմֆիրա Սարգսյան

Հուշեր հերոսի կյանքից

Մեր պատանեկության տարիներին էլ դպրոցներն ունեին կազմակերպական աշխատանքներ իրականացնող մանկավարժներ, միայն թե նրանք պաշտոնապես կոչվում էին ջոկատավարներ: Պարտադիր էր, որ նրանք լինեին երիտասարդ տարիքի, եռանդուն, շփվող ու կազմակերպիչական ունակություններով օժտված: Կարևորություն տալով դպրոցականների հետ տարվող գաղափարական ու դաստիարակչական աշխատանքին՝ ջոկատավարին հատկացվում էր առանձին ու հարմարավետ աշխատասենյակ, որը անվանվում էր «Պիոներ տուն»:  Այս դպրոցում 1971-72 թվականներին  ջոկատավարը ես էի: Տարիքային նվազ տարբերությունը նպաստում էր, որ աշակերտների հետ  յուրահատուկ հարաբերություններ ձևավորվեին: Ջոկատավարը նրանց համար դասատու չէր, բայց նաև ընկեր էլ չէր: Կարելի է ասել՝ ավագ ընկեր էր ու խորհրդատու:  Հատկապես բարձր դասարանցիների համար ջոկատավարը հաճախ միջնորդ կամ դատավոր էր դառնում նրանց ընկերական միջանձնային կամ ուսուցիչների հետ բարդ հարաբերություններում: Աշխատանքային այդ կարճ ժամանակահատվածում բազմաթիվ հետաքրքիր ու տպավորիչ դիպվածներ են մնացել իմ հուշերում: Դրանցից երկուսը կապված են հետագայում արցախյան ազատամարտի նվիրյալ, ավա՜ղ, Ջերմուկից առաջին նահատակ Բաբկեն Վարդանյանի հետ:

Բաբկենը, հավանաբար, իններորդ դասարանի աշակերտ էր: Ընդունակ էր, բարեխիղճ ու պարտաճանաչ: Իմ տպավորությամբ՝ սակավախոս էր, մինչև չհարցնեին կամ չդիմեին՝ չէր ցուցադրում իր պատրաստ լինելը: Մի օր երկար դասամիջոցին շատ անտրամադիր եկավ ինձ մոտ՝ պիոներ տուն ու պատմեց, որ դժվարություններ ունի ռուսերեն առարկայի բանավորից: Դժվարանում է արտահայտվել ճիշտ առոգանությամբ, մոռանում է շեշտադրումը, այդ ամենը իրեն շփոթեցնում է՝ քիչ է, մի բան էլ ուսուցչուհին է բարդացնում՝ նախատելով, ծաղրելով ու հեգնելով իր սխալները: Նա խնդրեց ինձ, որ խոսեմ ուսուցչուհու հետ. թող դադարեցնի իրեն նախատելն ու ծաղրելը, ինքը իր վրա կաշխատի ու անպայման բավարար արդյունքի կհասնի: «Խոստանում եմ, թող մի քիչ ժամանակ տա՝ կաշխատեմ, կհասցնեմ»,- հաստատակամ կրկնեց նա ու գնաց դասի: Այդ ուսումնական տարում նրա ռուսերենի ուսուցչուհին  դպրոցի վաստակաշատ  մանկավարժ  Քսենյա  Գլազովան էր,  նա  ինձ էլ էր դասավանդել, և ես էլ էի ունեցել բանավոր ռուսերենի նույն դժվարությունները: Դասերի ավարտից հետո մոտեցա նրան, խնդրեցի լսել ինձ: Նա նախ զարմացավ, որ Բաբկենը իրեն չի դիմել:

-Ձեզանից շատ է ազդվում, տավարիշ Գլազովա, իրեն մեղավոր է զգում,- բացատրեցի ես ու փոխանցեցի Բաբկենի խնդրանքը, որ որոշ ժամանակ ներողամիտ լինի, փոխանցեցի նաև Բաբկենի խոստումը, որ անպայման իր վրա կաշխատի ու կհասցնի:

Անցավ որոշ ժամանակ:  Մանկավարժական խորհրդի նիստից հետո տավարիշ Գլազովան մոտեցավ ինձ ու անկեղծ հրճվանքով ասաց.

-Մալադեց  Բաբկենին, հիմա շատ լավ է, գոհ եմ: Երևում է՝ լավ տղա է, ես նրան այդպիսին չէի պատկերացնում:

Հաջորդ դիպվածը։ Դասարանի տղաներով ուրախ տրամադրության մեջ՝ կատակով իրար հրել-հրմշտել էին ու անզգուշաբար կպել պատուհանի ապակուն: Ապակին կոտրվել ու թափվել: Լուրը հասել էր դպրոցի տնօրեն Օնիկ Թադևոսյանին: Վերջինս խիստ և ազդեցիկ մարդ էր: Մտել էր դասարան ու հարցրել.

-Ո՞վ է կոտրել՝ ոտքի կանգնի:

Առաջինը Բաբկենն էր ոտքի կանգնել, հետո՝ նրանք, ովքեր անմիջական մեղավորներն էին: Սակայն տնօրենը, չգիտես ինչու, միայն Բաբկենին էր ասել.

-Գնա՛  և ծնողիդ բե՛ր,- և սպասել էր, մինչև Բաբկենը  դուրս գա դասարանից:

Բաբկենը ուղիղ ինձ մոտ եկավ, պատմեց եղելությունը և դառնացած ավելացրեց.

-Պապաս  շա՜տ խիստ ա, ես ո՞նց գնամ ասեմ, որ տնօրենը կանչում ա.  չգիտեմ՝ ինձ  ինչ  կանի:  Խնդրում եմ՝ տնօրենին ասեք, որ պարտավորվում եմ մինչև երեկո պատուհանի ապակին վերականգնել, միայն թե պապային  թող չկանչի, ինձ էլ թույլ տա՝ հիմա նստեմ դասի, այսօր ստուգողական ունենք:

Տնօրենը դժվարությամբ ընդառաջեց իմ խնդրանքին  ու կիսակատակ ավելացրեց.

-Առավոտյան ստուգելու եմ, եթե ապակին տեղադրված չլինի, դու ես տեղադրելու,- հետո մեղմանալով՝ շարունակեց,- ախր հարցը այդ ապակին չի, է՜, ես էլ կկարգավորեմ, բայց իրանք  պետք է իրենց կարգին պահեն, դպրոցի գույքը չփչացնեն, էսօր ապակին են կոտրել, վաղը աթոռը կկոտրեն, մյուս օրը՝ նստարանն ու գրատախտակը… Մյուս դասարաններում էլ որ այդպես վարվեն՝ բա հետո՞…

Բաբկենը վերադարձավ դասարան: Դասերից հետո ընկերներով որոնել, գտել էին համապատասխան չափսի ապակի, տնտեսվարը կարողացել էր օգնել ու այն  ճիշտ տեղադրել պատուհանի վրա:

Առավոտյան դպրոց մտնելուն պես մուտքի մոտ նկատեցի Բաբկենին: Նա ինձ էր սպասում: Մոտեցավ, բարևեց ու ասաց.

-Պատուհանի  հարցը փակված է:

Մի կարճ ժամանակ անց ես անցա այլ աշխատանքի, սակայն չդադարեցի հետաքրքրվել հարազատ դպրոցի անց ու դարձից: Դպրոցը հաջողությամբ ավարտածների և բուհեր ընդունվածների թվում էր Բաբկենը: Նա ընդունվել էր Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտ: Ես չէի կասկածում նրա առաջընթացին, քանի որ նա հաստատակամ, ազնիվ ու նպատակասլաց մարդ էր:

Բաբկեն Հուսիկի Վարդանյանի մասին կարելի է կարդալ նաև այս հղման մեջ՝ http://www.hayzinvor.am/8877.html

 

 

 

 

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի