Տղերքը ժպտադեմ, տղերքը տխրադեմ…

Spread the love

2016 թ. Ապրիլյան հերոսամարտի մարտիրոս-տղաներին նվիրված հուշ-ցերեկույթ շատ է կազմակերպվում Հայոց բոլոր դպրոցներում, բուհերուն ու այլուր: Եվ այսպես են տղաները դառնում անմահ, դառնում հավերժի ճամփորդ: 25 տարի առաջ ազատագրված ու վերստին հայացած Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգում նույնպես փառաբանվեցին տղաները, և նրանց հոգիները հանգիստ են գտնելու, իրենց սխրանքը չի մոռացվել, ընդհակառակը, դարձել է մեծ դաս, դարձել արիությոն վառ օրինակ, դարձել սերունդներին ուղեկից։ Խոսեցին հերոս-մարտիրոսների մասին բերձորցի դպրոցականները՝ ասելով՝ Հայոց հող հայրենին ևս մեկ անգամ սրբացավ, ավելի թանկ ու քաղցր դարձավ 100-ից ավելի նորօրյա մարտիրոսների թափած սուրբ արյամբ: Հերոսներ, ովքեր դարձան ասպար ու պարիսպ Հայոց սահմանին: Իսկ դպրոցականները, որ վաղը զինվոր են դառնալու, բժիշկ ու ճարտարապետ, հողագործ ու շինարար, ուսուցիչ ու տնտեսագետ, շարունակելու են մարտիրոսների կիսատ թողածը։ Տեր են մնալու այդ հողին: Դահլիճում ուսուցիչներ էին, ծնողներ, աշակերտներ, հյուրեր, ովքեր մոտ 1 ժամ հանդիսատեսն ու ունկնդիրը եղան դպրոցի 6-10-րդ դասարանների աշակերտների կազմակերպած «Հավերժի ճամփորդ» խորագիրը կրող հուշ-ցերեկույթին։ Ասմունք ու երգ, պար ու հերոսներին նվիրված խոսքեր: Յուրահատուկ արիության դաս կայացավ: Հուզմունք ու հպարտություն ապրեցինք։ Նորից հիշեցինք անցյալ տարվա այս օրերը: Ողջ ազգն էր դարձել զինվոր: Նույն աշակերտների հայրերն ու պապերը, եղբայրները կամավոր առաջնագծում էին, Ռոբերտի ու Քյարամի, մնացած մարտիրոսների փոխարեն էին Հայրենի հողը պաշտպանում: Նույն աշակերտները դիրքապահների համար քաղցրավենիք ու նամակ էին դիրքեր ուղարկում, եկեղեցում մոմ էին վառում, որ հայ զինվորն անհաղթ մնա, անվնաս: Միջոցառումը նաև Շուշիի ու Բերձորի ազատագրման 25 ամյակին էր նվիրված, Հայոց նորօրյա բոլոր հաղթանակներին, Մեծ հայրենականում մեր պապերի կերտած աշխարհի ամենամեծ հաղթանակին: Ասմունքում են երեխաները՝ նկարագրելով հերոսների սխրանքը: Էկրանին ցուցադրվում էին Արևմտյան Հայաստանում, ՀՀ-ում ու Արցախում գոյություն ունեցող պատմական հուշարձանները, հնչեց «Չքնա՛ղ իմ երկիր, Հայաստա՛ն» երգը: «Այայի երկիր Արցախ» երգը շատ գեղեցիկ կատարեց Լիլիթը, իսկ Էլենը «Հայաստան աշխարհ» երգի հնչյունների տակ հեզաճկուն պարով ոգևորեց ներկաներին: Ավարտվեց հուշ-ցերեկույթը, և բոլոր մասնակիցները ծափողջյունների տակ շարվեցին բեմի վրա՝ գեղեցիկ ու ժպտադեմ, հուզված ու ամաչկոտ։ Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպսրտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը գոհ էր աշակերտների ելույթից, միջոցառման կազմակերպիչներից, դպրոցի տնօրենությունից:

-Այս ելույթով ևս մեկ անգամ ապացուցվեց, որ մեր երեխաներն են այս հողի տերը, որ շենացնելու են այն,- ասաց Վ. Մովսիսյանը՝ հավելելով․- զուր չէր տղաների մարտիրոսը. նրանց հերոսությունը դարեդար է հիշվելու:

ՀՀ կրթության ազգային ինստիտուտի Արցախի մասնաճյուղի մասնագետ Անժելա Գրիգորյանը, ով նույնպես ներկա էր ցերեկույթին, հուզված դիմեց աշակերտներին.

-Զգացված եմ ձեր ելույթից. հայրենապաշտության ոգին էր այստեղ, որը հասնելու է սահմանին կանգնած զինվորին ու առավել հզոր դարձնելու նրան: Դուք եք տերը մեր երկրի և վաղվա պաշտպանը: Շնորհակալություն հայտնեց նաև դպրոցի անձնակազմին, որ նման աշակերտներ են դաստիարակվում ազատագրված ու շենացող Բերձորում;

Դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանն ասաց՝ հուշ-ցերեկույթը կայացավ կրթօջախի ողջ անձնակազմի միացյալ ուժերով և հավելեց՝ օրվա ընթացքում դպրոցի բարձրդասարանցիների համար կազմակերպվել է արիության դաս, որն անցկացրել է անցած ապրիլյան պատերազմական իրադարձությունների մասնակից Ազատ Սահակյանը:

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի