Հաստատում են նաեւ ավանդազրույցները

Spread the love
ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ Բանասիրական գիտությունների թեկնածու
ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ Բանասիրական գիտությունների թեկնածու

Օրերս լրատվության միջոցները տեղեկացրին, որ Նախիջեւանում իբր «հայտնաբերվել է» Նոյի գերեզմանը, եւ ադրբեջանցիներն իրենց երկիր այցելած հյուրերին շտապում են ծանոթացնել «ցնցող հայտնագործությանը»։ Այնինչ, Նոյի գերեզմանը անհիշելի ժամանակներից է գոյություն ունեցել իր անվամբ համաշխարհային ջրհեղեղի իրողությունը հաստատող հինավուրց հայկական Նախիջեւան քաղաքում։
Շատերին առասպել թվացող Նոյ նահապետի՝ համաշխարհային ջրհեղեղից հետո Արարատ լեռան վրա հանգրվանելու իրողության մասին ոչ միայն Սուրբ Գրքում է հիշատակված, այլեւ հայկական (Վարդան Աշխարհագիր), հունական (Եվսեբիոս Կեսարացի), հրեական (Հովսեփոս Փլաբիոս) եւ այլ սկզբնաղբյուրներում։
Ուշագրավ է, որ ոչ միայն հայերս ենք Նախիջեւանը «առաջին իջեւան» կոչել, այլեւ հույներն են Ապվատերիոն՝ «իջեւան, իջեւանատեղի» անվանել։ Հայ պատմիչների վկայությամբ՝ հնագույն հայկական այդ քաղաքում է գտնվել Նոյի գերեզմանը, իսկ նրա կնոջ գերեզմանը՝ մերձակա Մարանդ քաղաքում, որոնք հազարամյակներ շարունակ սրբավայրեր են եղել ոչ միայն քրիստոնյա, այլեւ մահմեդական եւ հուդայական հավատացյալների համար։
Սակավ հետաքրքրական չեն նաեւ մեզ հասած ազգագրական—բանահյուսական նյութերը, ավանդությունները։ Աստվածաշնչյան հնավանդ պատմությունը հաստատում են նաեւ ժողովրդական բանավոր ավանդազրույցները, մասնավորապես՝ նախիջեւանցիների ավանդությունները։ Տարեց նախիջեւանցիների վկայությամբ նույնպես Նոյի գերեզմանը Նախիջեւանի՝ իր հիմնադրած քաղաքի հին գերեզմանատանն է եղել, որտեղ թաղված է եղել նաեւ Նոյեմզարը՝ Նոյի քույրը կամ դուստրը։ Նոյի գերեզմանի վրա անհիշելի ժամանակներից մատուռ—դամբարան է կառուցված եղել, որն ավերվել է 1930—ական թվականներին, գերեզմանի տեղը հետագայում վերածվել է քարակույտերի։
Նոյի պատմության արժանահավատությունն է հավաստում նաեւ Նախիջեւանի հնաբնակ գյուղերից մեկում՝ Ազնաբերդում (պատմական Նախճավան գավառի տարածք) պահպանված մի ավանդազրույց, ըստ որի գյուղի արեւմտյան բլուրներից դեպի հարեւան Ղարաբաղլար գյուղը տանող ճանապարհի մոտ գտնվող հինավուրց, հորդառատ աղբյուրը կառուցել է Նոյի ավագ որդի Սեմը՝ ջուրը տեղ հասցնելով լեռներից, քարաշեն խողովակներով։ Այս աղբյուրի ջրով էլ Նոյը ջրել է իր տնկած որթատունկերը, առաջին խաղողի այգին աճեցրել։ Եվ անհիշելի ժամանակներից այդ գյուղը կոչվել է Ագարակ (ինչպես հայտնի է, հայերենում ագարակ բառը առաջին հերթին ունի մշակվող հող, կալվածք նշանակությունը)։ Գյուղը հետագայում դարձել է ադրբեջանաբնակ եւ ոչ պատահաբար կրել Ղարաբաղլար անունը (բառացի՝ սեւ այգիներ)։ Ամենազարմանալին այն է, որ պահպանվել է նաեւ աղբյուրի անվան բարբառային ձեւը՝ Ասմո ախպուր կամ Ասնո ախպուր, որն ամենայն հավանականությամբ բխում է «Սեմայ աղբիւր» գրաբարյան ձեւից։ Աղբյուրի մասին հիշատակել է նաեւ Ղեւոնդ Ալիշանը իր «Սիսական» աշխատության մեջ։
Նոյ նահապետի եւ ջրհեղեղյան պատմության լուռ վկան է նաեւ Օձասարը կամ Վիշապասարը՝ նախիջեւանցիների խորհրդանիշ կարոտի լեռը, որ գտնվում է Գողթն գավառի մատույցներում, եւ որի մասին բազմաթիվ ավանդազրույցներ են մեզ հասել։ Զրույցներից մեկի համաձայն՝ Նոյ նահապետի տապանը գիշերով անցել է այս լեռան վրայով եւ, բախվելով նրա կատարի սուրսայր ժայռերին, վնասվել է։ Նահապետը սաստիկ զայրացել եւ անիծել է լեռը։ Ասում են, անեծքից է լեռան կատարը երկփեղկ դարձել, եւ այնտեղ բազմաթիվ օձեր են բնակություն հաստատել։ Այդ օրերից էլ լեռը կոչվել է Օձասար։
Այսպիսով, հնաբնակ նախիջեւանցիների սերնդեսերունդ փոխանցված հիշողությունը նույնպես վկայում է, որ Նոյ նահապետի ջրհեղեղյան պատմությունը իրողություն է։
Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցիների նորահայտ «նոյասիրությանը», այն սկիզբ է առել դեռեւս մի քանի տասնամյակ առաջ՝ 1981 թվականին, երբ ադրբեջանցիները, անշուշտ, հիմնվելով հայկական սկզբնաղբյուրների վրա, հանկարծ «գլխի ընկան», որ «իրենց» քաղաքը 5650 տարեկան է՝ Երեւանից ավելի քան երկու անգամ հին, եւ նույնիսկ հոբելյանը նշելու փորձեր արվեցին. քաղաքի տարբեր տեղերում այդ բովանդակությամբ պաստառանման անճաշակություններ հայտնվեցին, համապատասխան «պարզաբանումներ» հայտնվեցին նաեւ զբոսաշրջիկների համար նախատեսված ուղեցույց—քարտեզներում, իսկ երկարատեւ «նորոգումից» հետո վերջապես վերաբացված «պատմության» «թանգարանում» «աղվանական մշակույթի հուշարձանների» անվան տակ ցուցադրված հայկական հուշարձանների կողքին հայտնվեց նաեւ «Նոյի գերեզմանը» մակագրությամբ լուսանկարը։
Եվ այսօր բոլորովին զարմանալի չէ, որ Ջուղայի ժանեկահյուս խաչքարերը հիմնահատակ ոչնչացրած, Ագուլիսի, Աբրակունիսի, Շոռոթի եկեղեցիները եւ տասնյակ այլ վանքեր ու տաճարներ հողին հավասարեցրած ադրբեջանցիները փորձում են ադրբեջանականացնել հայկական հնագույն քաղաքի հիմնադրի գերեզմանը՝ պաշտոնական հյուրերին եւ զբոսաշրջիկներին ցուցադրելով «իրենց» պատմական հուշարձաններն ու դիտարժան վայրերը։

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի