Կրթական գործի սկիզբը. հոգևորականության դերը
1828 թ. Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միացումով զարգացում ապրեցին հայ դպրոցն ու մանկավարժական միտքը, վերելք ապրեց կրթությունը: «Սկսած 1830-ական թվականներից, տարբեր ժամանակներում ռուսաստանյան կայսրության սահմաններում բացվել ու գործել են շուրջ 1200 հայ դպրոցներ, այդ թվում`Երևանի թեմում՝ 550»[1]: Ելիզավետպոլի նահանգի Երևանի թեմի Տաթևի վիճակի Սիսիանի, Գորիսի, Ղափանի և Մեղրու շրջաններում բացվել և գործել է 59 դպրոց, որից 24-ը՝ Ղափանում: Թեև դպրոցները կրել են եկեղեցական ծխական անունը, սակայն ունեցել են աշխարհիկ ուղղվածություն: Դպրոցների մեծ մասը կարճատև կյանք է ունեցել և փակվել է միջոցների բացակայության պատճառով: Հայտնի են փակված դպրոցների վերաբացման դեպքեր:

Դպրոցների պատմության ուսումնասիրության գլխավոր աղբյուր պիտի հանդիսանան վիճակագրական տեղեկությունները, հաշվետվությունները, այլ վավերագրեր: Սակայն 19-րդ դարի 30-60-ականներին ընդհանրապես չի եղել վիճակագրություն, իսկ հետագայում թեև որոշ չափով կարգավորվել է գործը, բայց ամեն բան արվել է չհամակարգված, կիսատ-պռատ: Կան դպրոցներ, որոնք արխիվներ են ունեցել, սակայն դրանք կորել են անվերադարձ: Այս բոլորը վերաբերում է նաև այնպիսի մի շրջանի, ինչպիսին Կապանն է: Կապանյան դպրոցի մասին մենք խոսում ենք գրավոր ու բանավոր հիշողությունների, մամուլի հրապարակումների և արխիվային վավերագրերի հիման վրա: 1836թ.մարտի 11-ի՝ Ռուսական կառավարության ընդունած «Հայ լուսավորչական հավատի հոգևոր գործերի կառավարման կանոնադրությունը» (Положение) հնարավորություն տվեց գյուղերում ունենալ ծխական դպրոցներ: Եկեղեցական ծխական դպրոցները բացվում էին եկեղեցիներին կից, պահվում էին եկեղեցու, բնակչության, բարերարների, բարեգործական հաստատությունների միջոցներով և ուսման վարձա-վճարներով: Դրանք տարրական դպրոցներն էին՝ երկու տիպի՝ միդասյան /երկամյա/ և երկդասյան /չորսամյա/: Դպրոցները մշտապես կարիքի մեջ էին: Պետությունը, ինչպես ասում են, ձեռքերը լվացել էր դպրոցից:
Ինչպես Հայաստանի այլ շրջաններում, Ղափանում ևս կրթական գործը իր վրա էր վերցրել հոգևորականությունը: Ղափանյան հոգևոր տոհմերը խոր ազդեցություն ունեին հասարակության վրա, աչքի էին ընկնում իրենց անհատականություններով, ժողովրդին ծառայելու, նրան օգտակար լինելու բազմաթիվ օրինակներով: Արդյոք ղափանյան հոգևորականությունը կարող էր իր վրա վերցնել տարածաշրջանի կրթության գործը: Սկզբնական շրջանում՝ այո՛:
Հոգևորականների զավակները գյուղերում սովորելուց հետո մեկնում էին Տաթև, Գորիս, Շուշի, Էջմիածին, Թիֆլիս, կրթություն էին ստանում և վերադառնում էին՝ խավարից ու անգիտությունից հայրենակիցներին դուրս բերելու մտադրությամբ: 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հոգևոր այս տներից ծագող քահանայական ընտանիքի շատ ու շատ զավակներ կրթություն էին ստանում հիմնականում Շուշիում և վերադառնում էին ոչ որպես հոգևորականներ. իրենց համար նոր աշխարհիկ զբաղմունքներ էին գտնում: Մի մասը ուսուցչություն էր անում դպրոցներում:
Ղափանյան հոգևոր տոհմերը ծագում էին գյուղերից, ապրում էին գյուղերում, աչքի էին ընկնում իրենց ուսյալ զավակներով[2]:
Ձևավորվել էր ուսուցչության երկու խավ՝ ծխական դպրոցների և պետական դպրոցների: Առաջինը կապված էր եկեղեցու հետ, վարձատրվում էր նրա կողմից, երկրորդը վճարվում էր պետության կողմից: Հասարակական կյանքում առաջընթաց էր այն, որ այս երկու խմբերը համերաշխվել և համագործակցում էին միմյանց հետ:
«Ուսուցչության այս երկու հատվածները,- գրում է Ստ. Լիսիցյանը,- չնայած այն հանգամանքին, որ ենթարկվում էին տարբեր իրավասությունների, հավասարապես համերաշխ ակտիվությամբ էին մասնակցում տեղական հասարակական խնդիրների լուծմանն ու ծավալվող դասակարգային, ինչպես և ազգային պայքարին՝ հարելով այս կամ այն կուսակցական խմբավորմանը և իրենց ետևից տանելով տեղական մտավորականությանը, որը կազմված էր առավելապես պետական և հասարակական հիմնարկների, ինչպես և հանքավայրերում ծառայողներից»[3]:
Շատ են հոգևորական գործիչների այն զավակները, ովքեր հեղափոխականներ, ազգային-հասարակական-քաղաքական գործիչներ ու մտավորականներ դարձան: Բայց և չի կարելի պնդել, որ հոգևոր դասի գործունեությունը ամբողջովին նվիրվածություն էր և համաժողովրդական համակրանք էր վայելում: Եղել են և այնպիսիք, ովքեր ժողովրդի հիշողության մեջ մնացին իբրև շահագործողներ:
Գյուղական առաջին դպրոցները Ղափանում: Ոգևորությունն ու անտարբերությունը կողք կողքի
Մեզ հայտնի առաջին դպրոցի հիմնադիրն էր Տաթևի վանական դպրոցի շրջանավարտ Սողոմոն Մելիք-Աղամիրյանը /1817-1895/, որը մասնավոր դպրոց է բացել հայրենի Նորաշենիկ գյուղում: 40-ականներին նա իր տանը հավաքել է Աճանանի գավառի երեխաներին ու դասավանդել իշխանություններից գաղտնի: Հետա-պնդել են, մատնել, սակայն իր գործը համառորեն առաջ է տարել՝ չվախենալով աքսորի սպառնալիքից: Պարապմունքներին հերթապահություն էր նշանակել՝ գյուղ մտնող ճանապարհները հսկողության տակ առնել, որ չլինի թե հանկարծ ցարական իշխանավորներ մտնեն գյուղ: Պատահել է, որ նրանց գալն իմացել և դասերը դադարեցրել են: Նա մտահոգ էր իր զավակների կրթությամբ: Դըպրոցում ընդգրկել է նաև դստերը, մի բան, որ հազվագյուտ երևույթ էր այն ժամանակների համար: «Նոր դար»-ում տպագրված անստորագիր թղթակցությունը գուժում է նրա մահը, գնահատում գործերը, այդ թվում՝ կրթականը. «Ուսման գործի մեջ հանգուցյալը միակն էր այդ երկրում և մինչև վերջին տարիներս պահում էր Նորաշենիկում մասնավոր դպրոց: Յուր կրթությունը ստացել է Տաթևի վանքում Սիմոն վարդապետից և ստացել է ավագ սարկավագության աստիճան: Հանգուցյալը յուր կուռ և քրտնաջան վաստակի համար արժանացած է Եփրեմ և Ներսես կաթողիկոսների կոնդակներին»[4]:
Ղափանը նախ և առաջ գյուղաշխարհ էր: Ծանր, անասելի ծանր էր հայ գյուղացու վիճակը Ղափանի գյուղերում՝ վաշխառուներ, ուժից վեր աշխատանք, համաճարակ, անբերրիություն և սով: Գյուղացին անկարող էր մեջքն ուղղել: Բայց այսքանից հետո նա իր մեջ ուժ էր գտնում խորհելու իր զավակների կրթության մասին՝ հույսեր փայփայելով, որ իրեն թշվառությունից հանողը լինելու են ուսյալ զավակները:
Իր ընչազուրկ վիճակը մոռանալով՝ հանգանակություն էր կատարում, օգնում դպրոցական շենքերի կառուցմանը: «Նա կրահորն էր վառում, գրաստներով քար կրում, գերանների ու մարդակների համար անտառ գնում, որպես բանող ուժ մասնակցում շինարարությանը: Որպես կանոն, կառույցի պատերը շարում էին գյուղի ամենահմուտ որմնադիրները, ատաղձագործությունը վստահում էին ճանաչված հյուսներին: Շենքերի շահագործման առիթով կազմակերպում էին տոնախմբություններ»[5]:
Ղափանին բնորոշ պատկեր էր: Բայց Ղափանն առանձնահատուկ էր[6]: Երբ խորանում ենք դպրոցական շենքերի կառուցման, դպրոցների հիմնադրման պատմության մեջ, մեծ ակնածանքով ենք լցվում հայ գյուղացու նկատմամբ: Գյուղացին խնդրագրեր է ուղարկել ուր ասես, վերջին լուման է դրել դպրոցի համար, պատրաստ է եղել չարքաշ աշխատանքի, քար և փայտանյութ է քարշ տվել, վարպետ շինարարների համար հերթով հյուրասիրություն է կազմակերպել, բայց կառույցի համար հողակտորը չի զիջել… Ծառ չպիտի հատվեր, սևահողը չպիտի քերվեր: Սա գյուղացու հավատամքն էր: Չի նահանջել, չի ընկրկել, չի կաշառվել, ոսկեդրամի փայլից խելքը չի կորցրել: Գյուղացին մատնացույց է արել լերկ ու ամայի վայրը:
Ղափանի գյուղերում հողի հարցում չզիջեցին բարերարներ Մանուչար Ավագովին, Փարսադան Նուրիջանյանին, Գևորգ Եղիազարյանին, Մեսրոպ Մագիստրոս Տեր-Մովսիսյանին, Հովհաննես Ղարախանյանին և նույնիսկ Գասպար Տեր-Մարգարյանցին:
Բոլոր գյուղերում դպրոցական շենքերը քարոտ, բուսազուրկ, մացառուտներով պատած վայրերում կառուցվեցին:
Շիկահողում դպրոց կառուցելու ցանկություն ուներ Մեսրոպ Մագիստրոսը: Սրբազանի պատվիրակների խնդրանքը՝ հող հատկացնել գետափնյա այգիներից դպրոց կառուցելու համար, մերժվեց: Գյուղացիք արևկող ձորակին հարող թեք լանջը մատնացույց արին: Դպրոցը կառուցվեց այստեղ Մագիստրոսի հանգանակած միջոցներով: Հրաշալի շենք էր. ծառայեց տասնամյակներ, երկու երկրաշարժ տեսավ, բայց ճաք անգամ չտվեց: Հիասքանչ շենքն այլևս չկա, ավերիչ ձեռքերը այն քանդեցին 20-րդ դարի 80-ականներին:
Բարերար Տեր-Մարգարյանցը Բաքվից հասավ հայրենի Շրվենանց գյուղ և խնդրեց համագյուղացիներին դպրոցի կառուցման համար քիչ ծախսեր պահանջող և հարմար հողակտոր հատկացնել:
Գյուղը մերժեց բարերարին:
Դիմեց իր հարազատ եղբայրներին՝ հայրական հողերից զիջել իրեն: Նրանք ևս մերժեցին:
-Ձեր երեխաների համար եմ կառուցում: Ձեր հողերի արժեքից ավելին կտամ,- հայտարարեց Տեր-Մարգարյանցը:
-Հողն արժեք չունի,- համառեցին Շրվենանցում:
Լռեց…վիրավորված էր: Բայց դպրոցը պիտի կառուցվեր: Եվ ընտրեց քարքարոտ, լերկ ու ամայի լանջը: Մի օր՝ առավոտյան, քայլերն ուղղեց այստեղ, կանգնեց ցցված մի քարակտորի վրա և կարգադրեց. «Շրվենանց գյուղի դպրոցը այստեղ է լինելու: Փորե՛ք հիմքը»:
Փորեցին: Հիմքն իր ներկայությամբ լցնելուց հետո Տեր-Մարգարյանցը վերադարձավ Բաքու:
Առաջին բացված դպրոցներից մեկը եղել է Արծվանիկում՝ եկեղեցուն կից, 1855 թվականին, և տառաճանաչություն սովորեցնելու, պարզագույն հաշիվ սովորեցնելու նպատակ ուներ:
1870թ. Էջմիածնի թույլտվությամբ գյուղում դպրոցի հիմքերը դրվեցին, բայց դպրոցը բացվեց 1872-ին: Դպրոց սկսեցին հաճախել հարևան գյուղերից: Դասերը սկզբում անցկացվում էին խոջա Արզումանի տանը: Դպրոցի առաջին ուսուցիչն էր Մեսրոպ քահանա Տեր-Հարությունյանը՝ գյուղի քահանան, ով սովորել էր Տաթևի վանական դպրոցում, ապա Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Նա աչքի էր ընկնում բարձր կուլտուրայով, գիտելիքներով, հարգանք ուներ Ղափանում:
Դպրոցի կառուցմանը, պարապմունքների կազմակերպմանը աջակցություն է ցույց տվել հաշտարար դատավոր Մովսես Բեկ-Բեկզադյանը, որը բնակվում էր Արծվանիկում: Արծվանիկում էր գործում դատարանը: Դատավորը նաև որոշակի գումար է նվիրաբերել դպրոցի կառուցմանը:
1881-1882թթ. ուստարին սկսվեց նորակառույցում: Դպրոցի բացմանը ներկա էին նաև հարևան գյուղերի ներկայացուցիչները, Տաթևի միաբանության հոգևոր առաջնորդը: Դպրոցի բացման հանդիսությանը ներկա էր նաև վիպասան Րաֆֆին, որը շրջագայում էր Զանգեզուրում: Դպրոցի առաջին զանգը հնչեցնելու պատիվը շնորհվել է վիպասանին[7]:
Դպրոցի ավագ ուսուցիչ ընտրվեց Մեսրոպ Տեր-Հարությունյանը:
Արծվանիկի դպրոցում ավելի քան 10 տարի /1890-1901/ աշխատել է Շուշիի թեմական դպրոցի շրջանավարտ Եփրեմ Մելիք- Շահնազարյանը: Նա ամուր հիմքերի վրա դրեց ռուսերենի ուսուցումը, կարողացավ իրականացնել երկսեռ ուսուցում, օգտակար եղավ հասարակության ստորին խավերին: Ազգագրական ուսումնասիրությունների հեղինակ էր, տպագրվում էր «Кавказ» ժողովածուի համարներում:
Մելիք-Շահնազարյանը 1900թ. Արծվանիկում կազմակերպել է առաջին թատերական
ներկայացումը:
1890-ից Արծվանիկի դպրոցը ստացավ պետական /զեմստվոյական/ դպրոցի կարգավիճակ, որոշ առարկաներ սկսեցին ուսուցանվել ռուսերեն: Բազմաթիվ ուսուցիչներ աշխատեցին այս դպրոցում, սակայն առաջատարը մնաց Մեսրոպ Տեր-Հարությունյանը, ով անբասիր աշխատանքի համար արժանացավ Գանձակի նահանգական լուսավորության վարչության խրախուսանքին և պարգևա-տրվեց «Խաչ» մեդալով:
Գյուտկումի[8] դպրոցի մասին. հասարակությունն այստեղ անտարբեր էր սերնդի կրթության ու լուսավորության հարցում: 1890-ականներին այստեղ բացված միդասյան ծխական դպրոցը փակվեց, սակայն վերաբացվեց պայմանով, որ ուսուցչի և բնակարանի ծախսերը պիտի հոգային Գյուտկումի հասարակության երեք գյուղերը[9]: Բայց նրանք հրաժարվում են կատարել իրենց խոստումը և «շատ մազալու բաներ են տեղի ունենում, երբ տարին մեկ պետք էր լինում հանգանակել այդ գումարը, էլ կռիվ, հիշոց…»[10]:
1902թ.-ին մի քանի օրով Բաքվից հայրենի Գյուտկում է գալիս մեծահարուստ Մանուչար Ավագյանցը: Հայրենակիցները, մտահոգ իրենց երեխաների ուսման խնդիրներով, դիմում են մեծահարուստին՝ խնդրելով կառուցել դպրոցական շենք և դպրոցն ապահովել ուսուցիչներով:
«Մի երկու տարուց հետո կատարվում է գյուղացոց խնդիրը իհարկե ոչ լիովին, այլ մասամբ: Պարոն Ավագյանցը շինել է տալիս իր ծննդավայրում մի շենք՝ 3-4 դահլիճից բաղկացած, և դրանով վերջացրած է համարում իր՝ դեպի հայրենիքն ունեցած պարտքը: Ուսուցիչներով ապահովելու համար խոսք լինել չէր կարող, որովհետև պարոնը լսել անգամ չէր ուզում այդ մասին: Ընդամենը 7-8 տարվա կյանք ունեցավ այդ շինությունը. անուշադիր վերաբերմունքի պատճառով համարյա կիսավեր դարձավ. տանիքը կաթում էր՝ պատերը՝ ճեղքված, հիմքի քարերը՝ բացված. ահա այն պատկերը, որ ուներ մեր հարուստ հայրենակցի «արդեամբք և ծախիւք» կառուցած շենքը: Տեսնելով այդ խղճուկ և անտեր շենքը՝ ակամա մտածում ես, որ սա ոչ թե մի կարևոր բարերարություն է՝ հայրենիքի մատաղ սերնդի կրթությանը նվիրված, այլ օձիքը մուրացիկներից թոթափելու համար՝ ակամա կատարած նվիրաբերություն: Եթե այդպես չլիներ, հիմնադիրը գեթ մի անգամ կհետաքրքրվեր իր կառուցած շենքի վիճակով:
Այս դպրոցի անփառունակ վիճակի համար պակաս մեղավոր չեն նաև գյուտկումցիք, մանավանդ բանիմաց ու կարող անձինք, որոնց համար խորթ զավակ էր դպրոցը: Նպատակ չունենալով վիրավորել ոչ ոքի՝ միաժամանակ չեմ կարող թաքցնել ճշմարտությունը: Մինչդեռ մեզնից 15-20 և ավելի տարիներ առաջ մեր հայրերն իրենց սուղ միջոցներով ոչ մի ջանք չէին խնայում գեթ գրագիտություն տարածել մանուկ սերնդի մեջ, այսօր մեր երիտասարդ և ինտելիգենտ համարվածները շատ անտարբեր և սառն վերաբերմունք ունեն դեպի գյուղացու կրթության գործը», – մտորում է Գեդեոն Տեր-Մինասյանը[11]:
Եղվարդ գյուղի դպրոցը հիմնեց «Արամազդ» ընկերությունը: Եղվարդ գյուղի դպրոցի հիմնումը պառակտման, խռովությունների պատճառ դարձավ: Որոշվեց, որ Եղվարդի դպրոց պիտի հաճախեն Ուժանիսի երեխաները, բայց երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղը մերժեց իր երեխաներին հարևան գյուղ ուղարկել: Պահանջում էին դպրոց հիմնել Ուժանիսում:
Եղվարդի դպրոցի շինարարությանը մասնակցեց ամբողջ գյուղը: Բախումներից հետո էր. գյուղը տնտեսական ծանր վիճակի մեջ էր հայտնվել, բայց բնակիչները ուժ էին գտել իրենց մեջ թե՛ միջոցներ ներդնելու և թե՛ աշխատելու: Քար էին կրում, փայտ բերում, հող էին փորում..: Պիտի 1908-ին ավարտեին, բայց չհասցրին: 1908-1909 ուսումնական տարին դեռ չսկսած՝ դասերը ավարտվեցին /երեխաները դպրոց հաճախեցին 3 ամիս/: Կառույցն անավարտ էր մնացել, և «Արամազդ»-ը ուսուցիչ չուղարկեց:
1910-1911 թվականներին դպրոցը կանոնավոր գործեց, որը եռանդ հաղորդեց գյուղացիներին: Մարդիկ փող հավաքեցին, նույնիսկ իրենց նպաստ տրված 200 փութ ցորենը ներդրեցին դպրոցի շինարարության ծախսերի համար:
Դպրոց կառուցելու ծրագրեր էին կազմվում Զեյվայում. այստեղ ոգևորություն էր տիրում: Բազմիցս դիմել էին Բաքվի իրենց հայրենակիցներին, բայց ստացել անորոշ պատասխաններ:
1910թ. Հունվարին կազմակերպվեց ծխական ժողով, ուր ուսուցիչները հասարակությանը ներկայացրին դպրոցական շենքի կառուցման անհրաժեշտությունը: Ժողովականները նամակով դիմեցին Բաքվում բնակվող համագյուղացի Գևորգ Եղիազարյանին: Պատասխանը չուշացավ: Նավթահանքերում աշխատող, Բաքվում առևտրական տուն ունեցող Գևորգն իր վրա վերցրեց շենքի կառուցման ամբողջ ծախսը: Գյուղում վճռական էին, ոգևորությունը սահման չուներ: Շնորհակալական նամակ ուղարկեցին բարեգործին: Գյուղացիները փող հանգանակեցին և հողակտոր գնեցին:
Դպրոցական կառույցի հիմնադրմանը հրավիրվեց դպրոցների տեսուչ Գևորգբեկյանը, և մարտ ամսվա մի կիրակի գյուղում հնչեց զուռնան:
«Գավառը» հաղորդում է, որ առաջինը հիմքը փորելու պատիվը տրվեց Հ. Հարությունյանին, ապա հողի տերերին, հետո քլունգներն ու բահերն առան ուսուցիչները, հրավիրվածները, քահանան: Կրահորը պատրաստ էր, կիրը վառվեց…միանգամից անտառ մեկնեցին փայտանյութ բերելու: Զեյվայում առանձնապես ոգևորված էր երիտասարդությունը:
«Գյուղացիք գործում են համերաշխ սիրով և աշխույժով: Ահա մի հասարակություն, որ կարող է օրինակ լինել և մյուս գյուղերին: Թող մոտակա գյուղերն էլ վառվին բարի նախանձով և իրենք ևս շտապեն կատարել այն գեղեցիկ գործը, որը կարող է պատիվ բերել»[12]:
Շիկահողում դպրոցական շենք կառուցելու մտադրություն ունեին դեռ 1901 թվականից: 1906-ին բացված դպրոցը գործում էր մասնավոր տան մութ սենյակների մեջ, գույքի և պիտույքների խիստ պակասության պայմաններում:
«Շենքի կառուցման համար հսկայական կիր էր պատրաստվել, սակայն գյուղի մի քանի մեծատուններ, տեսնելով, որ շինարարությունը ձգձգվում է, «տարան ուսումնարանի համար ամբարած կրից և իրենց սև օթախները սպիտակեցրին: Դպրոցը մի քանի նկարներից և մի քանի համրիչից զատ գրեթե ոչ մի կանոնավոր պիտույք չուներ. բաղկացած է երեք բաժանմունքից, ուներ 60 աշակերտ աշակերտուհի: Ուսուցիչն է Ռուբեն Տեր-Հովակիմյանը՝ եռանդուն մի երիտասարդ: Ցանկություն կար ամբողջ շրջանի ուսումնարանները միացնել և Շիկահողում բացել մի կենտրոնական դպրոց,- «Գավառին» գրում է շիկահողցի Հովհաննեսը[13]:
«Կապանյան կրթատների թագն ու պսակը»
Սա կապանցի ուսուցիչ, բանահավաք, մեծ մտավորական Ռոբերտ Էջանանցու գնահատականն է՝ տրված Շրվենանցի դպրոցին:
Շրվենանցը հեռավոր և խուլ գյուղ է, բայց այստեղ դպրոցական տիպային շենք է կառուցվել, նրանում նույնիսկ ռուսական ու եվրոպական բուհերի շրջանավարտ այրեր ու օրիորդներ էին դասավանդում, հայ և թուրք երեխաներ էին կրթվում և դաստիարակվում:
Այս դպրոցի պատմությունն արժանի է լուրջ ուսումնասիրության, բայց ինչպես որ շատ հաստատությունների, այս դպրոցի արխիվը ևս անհետ կորել է:
Միայն շնորհիվ դպրոցի շրջանավարտ Աղամիր Մելիք-Աղամիրյանի՝ մոռացությունից փրկվել են որոշ դրվագներ ու անուններ[14]:
Շրվենանցի դպրոցը լուսավորյալ հեղափոխություն էր Ղափանում:
Դպրոցական շենքը կառուցողը և հետագայում բոլոր ծախսերը հոգացողը հոգևորականի զավակ էր՝ նույն գյուղի քահանա Տեր-Հովհաննեսի որդի նավթատեր Գասպար Տեր-Մարգարյանցը: Նա իր մի քանի հայրենակիցների հետ Բաքվի «Արամազդ»-ի հիմնադիրներից էր, հանդես է եկել բարեգործական լուրջ նախաձեռնություններով: 30 տարեկանում ամուսնանում է Սիսիանի Լոր գյուղացի Շուշանիկ Ավանեսյանի հետ: Միմյանց անսահման սիրով կապված հրաշալի այս զույգը երեխա չի ունենում և որպես մխիթարություն որդեգրում են իրենց հարազատների զավակներին, օգնում սովյալներին, դպրոց բացում Լոր և Շրվենանց գյուղերում:
«Մեր կառուցած դպրոցները թող մեր զավակները լինեն»,- հայտարարել են ամուսինները:
Հայրենի գյուղում դպրոց բացելու մտադրության մասին Տեր-Մարգարյանցը նամակով հայտնում է հայրենակիցներին և հարազատներին ու խնդրում հող հատկացնել դպրոցի կառուցման համար:
Շրվենանցում դպրոցի գաղափարը առանձնապես ոգևորիչ չէր գյուղացիների համար. նրանք ավելի շատ Աստծո հետ էին հույս կապում, քան դպրոցի և լուսավորության:
Ավելի լավ կլիներ գյուղում եկեղեցի կառուցել:
-Մենք եկեղեցի չունենք, իսկ դասերը միշտ էլ կարելի է մեկի տանը անցկացնել: Գասպարը քահանայի զավակ է, պիտի եկեղեցի կառուցի,- առաջարկեցին ոմանք: Դպրոցին կողմ էր Տեր-Հովհաննեսը: Նա հորդորեց որդուն դպրոց կառուցել:
Դպրոցը իրականություն էր դառնալու: Բայց նրա հիմնադրումը իշխանությունները դյուրությամբ չթույլատրեցին. պայմաններ առաջադրեցին, որոնց բարերարը համաձայնեց:
Աղամիրյանի հուշագրությունը օգնում է մեզ իմանալու, որ Տեր-Մարգարյանցը 1901թ.
հուլիսի 7-ին Զանգեզուրի հաշտարար միջնորդին ուղղված նամակում ներկայացրեց իր պարտականությունները.
ա/Դպրոցի ծախսերն ամբողջությամբ վերցնել իր վրա, վճարել մանկավարժների աշխատավարձը:
բ/Կառուցել նախագծված շենք՝ իր միջոցներով:
գ/Հոգալ դպրոցի պահպանության ծախսերը:
դ/Հանրակրթական առարկաներից բացի ուսուցանել գյուղատնտեսական գիտելիքներ, որի համար ձեռք բերել հող, գյուղատնտեսական աշխատանքային գործիքներ, ստեղծել արհեստանոց, այլ հարմարություններ:
Այս և այլ պարտավորություններից /խոստացավ, օրինակ, գրադարան բացել և օգնել չքավոր երեխաներին/ հետո բարերարը խնդրում է թույլատրել իրեն անձամբ իրականացնելու ուսուցիչների ընտրությունը:
Ձեռքի տակ ունենալով վավերագրեր, դպրոցի կառուցման վերաբերյալ նյութեր, հուշեր՝ Աղամիրյանը գրում է, որ 1901թ. օգոստոսի 23-ին Կովկասյան Ռուսական ուսումնարանների օկրուգից հայտնում են, որ լուսավորության մինիստրը գոհունակությամբ է ընդունել և թույլատրել է կառուցելու նոր շենք: Գասպար Իվանիչը ձեռնարկում է շենքի կառուցումը Սմբատ Մելիք-Ստեփանյանի կազմած հատակագծով:
Շենքը պիտի լիներ երկհարկանի՝ հինգ դասասենյակներով, ունենար թատերական դահլիճ, ուսուցիչների համար չորս սենյակ, երկու խոհանոց, գրադարան: Ներքնահարկը արհեստանոցի և այլ հարմարությունների համար էր նախատեսվում:
Արդյո՞ք Մելիք-Ստեփանյանի նախագծով է կառուցվել շենքը: Այս ընթացքում Մելիք-Ստեփանյանը ուսանում էր Ֆրայբերգի լեռնային ակադեմիայում: Գուցե նախագծերն արել ու հայրենիք է ուղարկել Գերմանիա՞յից:
Այսպես թե այնպես, հեռվից հեռու Տեր-Մարգարյանցը հե-տևում էր շինարարությանը, անհանգստացնում էր շինարարներին, անհրաժեշտ շատ նյութեր, նույնիսկ դռներն ու լուսամուտները ուղարկում էր Բաքվից: Շտապեցնում էր: Շինարարությունը, սակայն, ավարտել չհաջողվեց, և դպրոցական զանգը հնչեց կիսակառույցում:
Դասերն սկսվել էին, իսկ բարերարի եղբայր Աթան շարունակում էր անտառում փայտանյութի մշակումը:
Դպրոցի բացումը վերածվեց տոնախմբության: Ամենայն հավանականությամբ Գասպար Իվանիչը ներկա չի եղել դպրոցի բացմանը:
Դպրոցի ավագ ուսուցիչ /վարիչ/ ընտրվեց Եսայի Մելիք-Փարսադանյանը: Հետագայում ավագ ուսուցիչ նշանակվում է գորիսեցի Արշակ Ղազարյանը, ով զգալի աշխատանք է կատարել դպրոցի համար: Նրա ջանքերով բարեկարգվեց շրջապատը:
«1903թ. մարտի 10-ին գրված հաշվետվության մեջ նշվում է, որ դպրոցում սովորում է 136 մանուկ, որից աղջիկներ են 4-ը: Հետաքրքիր է երեխաների սոցիալական կազմի մասին տեղեկագիրը: Ազնվականների երեխաներ 14-ն են, հոգևորական ծագում ունեցող՝ 12-ը, հարկատու՝ 110»[15]:
1903թ. հունիսի 12-ի օրենքից հետո թե ինչ է տեղի ունեցել դպրոցում, ստույգ հայտնի չէ, բայց որ դպրոցը գործել է, վկայում է Տեր-Մարգարյանցին ուղղված մի նամակ. «1904թ. հոկտեմբերի 19-ի նամակով դպրոցի ավագ ուսուցիչ Արշակ Ղազարյանը երկյուղ է հայտնում խոլերայի վտանգի մասին և խնդրում է Ղափանի միակ բուժակ Հովհաննես Դանիելյանին /մեղրեցի/ հինգ անգամ կատարած այցելության համար ուղարկել փողը»[16]:
Վերին Խոտանանցի Արտեմ Գալստյանի և տեղացիների զրույցների համաձայն՝ մինչև 1905 թվականը պարապմունքներն անցկացվել են ռուսերեն լեզվով: Սա նշանակում է, որ դպրոցը պետական կարգավիճակ ուներ և չէր փակվել:
1905թ. հոկտեմբերից, երբ ցարական կառավարությունը վերաբացեց դպրոցները, ուսումը տարվեց հայերեն: Ռուսերեն էին անցնում՝ «Ռուսաց պատմություն», «Ռուսաստանի աշխարհագրություն» առարկաները:
1906թ.՝ հայ-թաթարական բախումների շրջանում, դպրոցը չի գործել, չեն գործել նաև Ղափանի դպրոցները, և թեև տեղ-տեղ դպրոցներ հիմնվեցին, բայց կանոնավոր դասեր չանցկացվեցին: 1907թ.-ին Շրվենանցի դպրոցը վերաբացված էր: Դպրոցում ուսուցանում էին նաև «Հողագործություն» և «Մեղվաբուծություն» առարկաները:
Ազգամիջյան բախումները ավելացրին առանց այն էլ թշվառության մեջ ընկած գյուղերի վիճակը: Դժվար վիճակում հայտնվել էր նաև դպրոցը:
1907թ. հոկտեմբերի 24-ին Շրվենանցի դպրոցի հոգաբարձուներ Սահակ Աստվածատրյանը /առաջաձորցի Սահակ Վարժապետը/, Սարգիս Քոչարյանը /Նորաշենիկ/, Բախշի Հովհաննիսյանը /Խլաթաղ/, Սահակ Տեր-Պետրոսյանը /Վերին Խոտանան/ դիմում են Տեր-Մարգարյանցին՝ խնդրանքով: Նկարագրելով ժողովրդի թշվառ վիճակը՝ նրանք խնդրում են ուսուցիչների աշխատավարձի վճարման հետ միասին հոգալ մյուս ծախսերը, երեխաներից վարձավճար չվերցնել: Որքան հայտնի է, երեխաները ուսման համար վճարել են 50 կոպեկից մինչև 3 ռուբլի:
1902թ.-ից մինչև 1917 թվականը Շրվենանցի դպրոցում կրթություն է ստացել 400 երեխա: Հայկական դպրոցում սովորել են նաև թուրքեր: Աղամիրյանը հիշում է նրանցից ոմանց անունները:
Աշխատանքային կարգապահության, մանուկների կրթությանն ու դաստիարակությանը նվիրվածության ու մանակավարժական մտքի կենտրոնը Ղափանում Շրվենանցի դպրոցն էր: Այստեղ անցկացվել են մանկավարժական քննարկումներ, կարդացվել են դասախոսություններ, կազմակերպվել են ուշագրավ հանդիպումներ, բանավեճեր, եղել է առողջ քննադատություն:
Դժբախտաբար, 1910թ. փետրվարին տեղի ունեցած մի պատահար մթագնեց դպրոցի գործունեությունը:
1910թ. հունվարի վերջին՝ Սուրբ Սարգսի օրը, երեխաները դպրոց էին շտապում տոնը նրա հարկի տակ անցկացնելու համար: Բայց տարածվեց ուսուցչի սպանության մասին լուրը: Քննությունը պարզում է, որ խանդի հողի վրա ուսուցիչ Արմենակ Աղախանյանը դանակահարել ու սպանել է ավագ ուսուցիչ Հակոբ Այվազյանին:
Աղախանյանը բանտարկվում է, ուսուցչուհին, որի համար եղել է վեճը, թողնում-փախչում է գյուղից: Դպրոցը փակվում է:
Այվազյանի սպանության առթիվ Ղափանի ուսուցիչների շրջանային հավաք-քննարկում եղավ: Եվ ի՞նչ որոշեց այդ չարաբաստիկ հավաքը… իր մահվան համար մեղավորը ինքն է`ավագ ուսուցիչ Հակոբ Այվազյանը:
Այս սպանությունը, ինչպես երևում է, փորձել են քողարկել, կոծկել: Զորավոր մի ձեռք ուղղորդում էր հավաքը, որը հանցավոր համաձայնությամբ պատվեր կատարողի դերում էր հայտնվել:
Զարմանում, հիացմունքով ու ակնածանքով ես լցվում դարասկզբի գավառական մամուլի անաչառության ու համարձակության վրա /համարձակություն Արմենակի թիկունքում կանգնած ուժերի դեմ պայքարում/:
«Գավառը» հիասթափված է բարքերից, սկզբունքի, կարծիքի նահանջից. «Տգետ հասարակությունը յուր հատուկ ակնոցով պիտի նայի այդ խնդրին և գուցե անհատական սիմպատիաները հրապարակ գալով քարշ կտան հասարակությանը և կմեռցնեն զուտ ճշմարտությունը: Ահա շրջանային ուսուցչական ժողովի եթե չասենք սխալը, գոնե անփորձությունը: Եվ դրանից հետո այդ նույն ուսուցիչների, հասարակության գիտակիցների բարոյական պարտականությունն է տեղն ու տեղը վերջ տալ այդ անպատվաբեր խնդրին և հանցավորի շուտափույթ հեռացումով վերականգնել դպրոցի խաղաղ կյանքը: Սպասում ենք, որ հանուն մատաղ սերնդի հանցավոր կողմը մի կողմ կքաշվի, իսկ եթե նա այդ բարեխղճությունը չունենա, այն ժամանակ արդեն դպրոցական վարչությունները պետք է դնեն իրենց վճռական վետոն»[17]:
«Գավառը» մեղադրանք է կազմում նաև դպրոցի ղեկավարների և իշխանությունների հասցեին:
Ղափանում ավագ ուսուցչի սպանության հետևանքների մասին քիչ բան է հայտնի: Հասարակությունը խստորեն դատապարտել է, ատելությամբ և արհամարհանքով լցվել հանցագործի նկատմամբ, բայց սա միայն Շրվենանցի և Աճանանի հովտի գյուղերի կորցրած հիշողության փշրանքներն են:
Եղած գրավոր տեղեկությունները զուսպ են ու ժլատ: Իսկ ահա Գորիսում շատ ավելի մոտ են եղել իրականությունը, դատապարտել են հանցագործին, նրա արարքը կոծկողներին ու արդարացնողներին: Տեղի ծխական հնգամյա դպրոցի կոլեկտիվը «Ի ցավ սրտի հայտնում է, որ Շրվենանցի ավագ ուսուցիչ Յակով Բ. Այվազյանի ընկերացավ մահվան մասին» և տեղեկացնում է, որ հոգեհանգիստը կլինի Սրբ. Լուսավորիչ եկեղեցում փետրվարի 21-ի կիրակի օրը՝ առավոտյան ժամը 10-ին:
«Գավառը» «Քստմնելի ոճիր» վերնագրով խմբագրականում իր, Զանգեզուրի հասարակայնության և բոլոր առողջ մտածողների մտորումներն է ներկայացնում շրվենանցյան դեպքի կապակցությամբ և ապտակ հասցնում ուսուցիչների շրջանային խորհրդին ու հանցանքը կոծկող – արդարացնողներին:
«Գազանային վայրենի բնազդները չեն հանգստանում մեր դժբախտ իրականության մեջ, նույնիսկ այն մարդկանց շրջանում, որոնք հավակնություն ունեն ինտելիգենտ անունը կրելու, որոնք կոչված են իրենց մտածողությամբ և գործունեությամբ օրինակ հանդիսանալու և տգետ ամբոխին դեպի մարդկային վեհ բարձրության տանելու:
Ինտելիգենտ, գիտակից տարրերի, հենց Շրվենանցի հասարակության բարոյական պարտականությունն է լինել արդարամիտ, հանուն զոհված ավագ ուսուցչի պահանջել արդարադատություն և ոճրագործին արժանի պատիժ:
Թող հեռու լինեն մեզնից Արմենակ Աղախանյանները իրենց արյունածարավ և ընկերացավ բնազդներով: Ժողովրդական գործի, հասարակական բարոյականության ամենամեծ թշնամիներն են: Զզվանք ու նողկանք ընկերասպան ոճրագործին: Ահա այն դատավճիռը, որն այսօր կարող է կարդալ նրա գլխին մամուլը, հասարակական գիտակցությունը[18]:
Ղափանում Հակոբ Այվազյանին[19] հիշում են, իսկ մարդասպանին մոռացել են անգամ Աղախանյանները:
1912-1913 ուսումնական տարում դպրոցում աշխատանքի են նշանակվում Լայպցիգի համալսարանի բժշկական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Բոշնաղյանը և օրիորդ Նինան: Երգի ու պարի խմբեր էին գործում, պարապում էին ետ մնացող երեխաների հետ, գրքեր էին քննարկում, նշվում էին տոնական օրերը, անցկացնում էին էքսկուրսիաներ ու արշավներ դեպի Հալիձորի բերդ, Աղջկաբերդ, Բաղաբերդ:
1911-12-ին գործում էր 4 բաժանմունք, սովորում էր 149 աշակերտ: Քիչ էր աղջիկների քանակը՝ ընդամենը՝15:
Ուշագրավ փաստ. բախումներից հետո թուրքական Օխտար, Շահարջիկ, Դովրուս գյուղերից Շրվենանցի դպրոց հաճախում էր 6 թուրք երեխա:
Ի դեպ, Ղափանում դարասկզբին գոյություն ուներ միայն մեկ թուրքական դպրոց: «Ղափանի երեսուն թուրք գյուղերից միայն Օխտարը մի դպրոց, կամ, ինչպես տեղացիներն են ասում, մակթեբխանա ունի: Դպրոցում սովորում են մոտ քսան երեխաներ՝ հարևան գյուղերից, և ուսման վարձ վճարում են ամսական երկուսից-երեք ռուբլի /ոսկու արժեքով/: Ուսուցիչը կիսագրագետ էր: Նա իր գիտելիքներով ու սովորեցնելու մեթոդներով հիշեցնում էր մեր տերթոդիկյան տիպերը: Մանուկները տարիներ ի վեր սովորում են, սովորում, բայց հեռանում են դպրոցից դարձյալ տգետ ու անգրագետ»[20]:
Շրվենանցի դպրոցում զբաղվում էի նաև երեխաների գեղագիտական դաստիարակության խնդիրներով: Մելիք-Աղամիրյանը վկայում է, որ ուուցիչ Ալեքսանդրը նոտաներ ու երգեր էր ուսուցանում:
Դպրոցն առանձնահատուկ էր նաև նրանով, որ գործում էին գիշերօթիկ խմբեր: Հեռավոր գյուղերի երեխաները գիշերում էին գյուղում:
Ղափանում առաջին տոնածառը դրվել է Շրվենանցի դպրոցում. դա 1910 թվականի Հունվարի 1-ին էր: Գասպար Տեր-Մարգարյանցը հոգացել էր ծախսերը: Տոնածառը երևույթ էր ղափանյան կյանքում, և շատերն էին շտապում այն տեսնելու:
Փառք ու պատիվ Տեր-Մարգարյանցին. նա մեծահոգաբար շարունակում էր տարեկան 2000 ռուբ. նվիրաբերել դպրոցին: Բայց մեծահարուստը հեռուն չգնաց: Երբ նա Շրվենանցում դպրոցի հիմնադրումն էր նախաձեռնում, Ներսես Մելիք-Թանգյանը խնդրում էր նրան, որ փոխանակ 30-40 հազար ռուբլի ծախսելու և գյուղում դպրոց բացելու, այդքան գումարով անհրաժեշտ է գավառում գյուղատնտեսական դպրոց բացել: Այդ նպատակով նա դիմում է Զանգեզուրի մյուս մեծահարուստներին: Վանահայրը դեմ չէր Շրվենանցում այդպիսի դպրոց բացելուն, պարզապես կարծում էր, որ այն կարելի է բացել՝ 3-4 հազար ռուբլի ծախսելով:
Միայն Տեր-Մարգարյանը չէր: Գյուղը լուսավորությամբ փրկելու առաքյալներ դարձան Ներսես Մելիք-Թանգյանը, Մեսրոպ Տեր-Մովսիսյանը, Աստվածատուր Վաչյանը, Մանուչար Ավագյանցը, Ստեփան Բալյանը, Սմբատ Մելիք-Ստեփանյանը:
Գյուղատնտեսական դպրոց ունենալու առաջարկությունների հանդիպում ենք ժամանակի մամուլում, որտեղ այն միտքն է արտահայտվում, որ երկրամասի առաջադիմության համար հարկավոր է երկրագործության, անասնապահության և մեղվաբուծության զարգացում: Վաղուց Զանգեզուրում մտորում են գյուղատնտեսությունը առաջադիմական եղանակով վարելու, նոր ճյուղեր զարգացնելու մասին: Իսկ դրա համար անհրաժեշտ է գյուղատնտեսական ուսումնարան, դպրոց ունենալ: Միջոցներ են պետք դպրոցը կառուցելու, այն պահելու համար: Որտեղի՞ց: Գավառը ցույց է տալիս միջոցներ ձեռք բերելու ուղիները. «1. Տաթևի կալվածներից հատկացնել տարեկան 1000ռ. 2. Առաքել Ապեր-Ծատուրյանի կտակած 1000ռ. Տաթևի վանքին և 1000ռ. Գորիսու եկեղեցուն հատկացնել դրան, 3. Խնդրել Զանգեզուրի հարուստներին գավառական պատգամավորների միջոցով Ավագյանին, Տ. Մարգարյանին և այլոց տարեկան որոշ գումար հատկացնել նրան: Հանգանակություն բանալ Զանգեզուրի շրջանում և դրսում հօգուտ դրան»[21]:
Ավելին են մտածել Ղափանում. Էջանանցու վկայությամբ՝ Սմբատ Մելիք-Ստեփանյանը և Ակնունին (Խաչատուր Մալումյան) մտադրություն ունեին Ղափանի և Մեղրու լեռնաշղթայի Շիշկերտ գյուղում լեռնային գործի ուսումնարան հիմնել:
Իգական կրթությունը: Դպրոցը մոգական գավազան
Սկզբնապես աղջիկների կրթություն գոյություն չուներ: Առաջինն իրենց աղջիկներին դպրոց ուղարկեցին Սողոմոն Մելիք-Աղամիրյանը, Նուրիջանյանները, Անդրեաս Մելիք-Ստեփանյանը:
Անգրագիտությունն էր պատճառը, որ կնոջ հետ վատ էին վարվում: Սովորույթ էր դառնում այն մտայնությունը, որ աղջիկ երեխաները մտավոր կրթություն չպիտի ստանան: Ծնողները ցանկություն չունեին նույնիսկ իրենց գյուղում, հարևանությամբ գործող ծխական դպրոց ուղարկել աղջիկներին: Համոզված էին, որ տղաների հետ աղջիկներին դպրոց ուղարկել չի կարելի: Օրիորդաց դպրոց ստեղծելն այդ ժամանակ անիմաստ բան կլիներ, գործը կարող էր տապալվել:
Դրական քայլ էր դպրոցներում ուսուցչուհիների երևալը: Դա փշրեց սառույցը, և ծնողները վստահեցին դպրոցին: Բայց լինում էին դեպքեր, երբ ծնողը կորցնում էր վստահությունը և աղջկան հանում էր դպրոցից: Նման օրինակ է Շրվենանցի դպրոցը: Հակոբ Այվազյանի սպանությունից հետո, երբ ուսուցչուհին հեռացավ դպրոցից, աղջիկները դպրոց չհաճախեցին:
Հեռավոր քաղաքներում աղջիկների կրթության մասին խոսք լինել չէր կարող: Ո՞վ կհամարձակվեր: Մեզ հայտնի միակ ղափանցի օրիորդը, ով կրթություն ստացավ Պետերբուրգում, Վարսենիկ Մելիք-Ստեփանյանն էր: Մելիք-Ստեփանյան գերդաստանը, ի դեպ, աջակցում էր դպրոցներին: Նույնիսկ ողբերգական 1915-ին, երբ Երևանում` գաղթականների «Քաղաքների միության» հիվանդանոցում, բծավոր տիֆից մահացավ որպես գթության քույր ծառայող Վարսենիկ Մելիք-Ստեփանյանը, նրա հիշատակին մայրը` Աբիհայաթը /ծագում է Տաթևի Օրբելյաններից/, ու եղբայրները` Սմբատ և Ղահրաման Մելիք-Ստեփանյանները, Ղափանի դպրոցներին և Զանգելանի թուրք դպրոցին նվիրեցին 100-ական ռուբլի: Չմոռացան թուրք երեխաներին[22]:
Ղափանի Առաջաձորը լուսավոր շատ զավակներ է տվել: Դրանում առանձնահատուկ դեր ունեին ուսուցիչն ու դպրոցը: Այստեղ Անդրեաս Մելիք-Ստեփանյանի ծախսերով դպրոց էր բացվել դեռևս 1883 թվականին: Բացառիկ էր այս գյուղի առաջին ուսուցչի ներդրումը, ով Անդրեաս բեկի բացած դպրոցում գրաճանաչություն էր սովորեցնում ուսումնատենչ մանուկներին:
Այդ երախտավորը Սահակ վարժապետն էր՝ Սահակ Ասծատրյանը: Սահակ Ասծատրյանն ավարտել էր Շուշու թեմական դպրոցը, աշխատում էր գավառում իբրև գրագիր:
Անդրեասի մահից հետո, երբ փակվեց դպրոցը, «Սահակ վարժապետն իր տանը մասնավոր դասեր էր տալիս գյուղի ունևոր ու չքավոր հայ և թուրք երեխաներին: Չնչին ուսման վարձ էր վերցնում, որպեսզի հնարավորին չափ շատ մանուկներ գրաճանաչ դարձնի: Տարվա ընթացքում երեխաները սովորում էին 3-4 ամիս»:
Սահակ վարժապետը միաժամանակ գրական փորձեր էր անում, ուներ «Ջանունի« գրական անունը: Նրա «Ղափանի հայ-թուրքական թշնամական հարաբերություններից առաջացած վատ հե-տևանքների ու դառն արկածների ընդարձակ վեպը» արձակ գործը իր չափածո «Տխուր նախերգանք»-ի հետ միասին կարևոր աղբյուր է Ղափանում հայ-թաթարական բախումների պատմության[23]:
Առաջաձորում զգալի հետք թողեց ուսուցիչ Աբգար Մուրադյանը /Ապարանից/: Նրա ջանքերի շնորհիվ սկսեցին դպրոց հաճախել նախ հարուստ խավի դուստրերը, հետագայում՝ նաև աղքատների: Ծայրահեղ աղքատ ընտանիքներից ուսման վարձ չէր գանձվում: Պարապմունքները սկսվում էին աշնանը, ավարտվում ապրիլ-մայիս ամիսներին՝ մինչև գարնան գյուղատնտեսական աշխատանքներն սկսելը:
Երեխաները սովորում էին գրել, կարդալ, կատարել թվաբանական պարզագույն հաշվումներ չորս գործողությունների սահմաններում: Ուսումնառության առաջին տարում կրոնական ծեսերի ու տոնակատարությունների համար սովորում էին շարականներ, տաղեր, հետագայում՝ կրոն:
1907 թվականի դպրոցն ուներ երկու բաժանմունք: Երկրորդ բաժանմունքն ավարտողը գրաճանաչ էր համարվում, գիտեր գրել ու կարդալ, առևտուր անել: Ունևորների երեխաները ուսումնառությունը շարունակում էին Շրվենանցի դպրոցում:
Ծխական դպրոց. ինչ կարող էր նա անել իր մեկ ուսուցչով, երկու-երեք դասարանով և կիսաքաղց ու ցնցոտիապատ երեխաներով: Երեխան գրաճանաչ է դառնում, կարողանում է գրել-կարդալ, ցանկություն ունի շարունակել ուսումը, բայց ո՞վ է նրա տերը, ո՞ւմ է պետք նրան սատար լինելը, գյուղացու հազար ու մի ցավերի կողքին դա ի՞նչ մի կարևոր բան է: Ու երեխան կրկին հայտնվում է փողոցում կամ էլ ծանր, ուժից վեր աշխատանքում կորցնում առողջությունը: Ի՞նչ կարող է անել ուսուցիչը, երբ մատների վրա հաշված մարդիկ են հասկանում դպրոցի և ուսման դերը: Սրան գումարվում են հասարակության մեջ խորացող քայքայումը, բարոյազրկումը, անտարբերությունը, հարստանալու տենչը, չարչիությունը, դրամի պաշտամունքը, հողի ու ունեցվածքի համար մահակակռիվը: Սրանք էին առաջնահերթությունները: Օրինակ՝ Ղափանի Բեխը՝ իր հնամենի Մելիք-Փարսադանյան գերդաստանով: Հնամենի՞… Բայց արի ու տես, որ բավական հողերի ու հարուստ Հալիձորի պղնձահանքերին տիրող 20 տնից բաղկացած այս տոհմը տառապում է անմիաբանությամբ ու նախանձով, միմյանց ոտքի տակի հողը քանդելով, ահա թե ինչու ո՛չ շահագործում են հանքերը, ո՛չ էլ թողնում, որ մեկը դրանց մոտենա:
Լավը, լուսավորը այնքա՛ն քիչ են այս գյուղում: Վկան՝ Ստեմելը[24], ով որքան դիպուկ է բնութագրել ծննդավայրն իր հրապարակումներում: Մի տեղ ունևոր, հնարավորությունների տեր մարդիկ միջոցներ չեն խնայում դպրոց բացելու, գյուղացի մանուկներին, նույնիսկ թուրք մանուկներին լուսավոր դարձնելու համար, մի այլ տեղ, ինչպիսին Բեխն է, ունևորները արհամարհում են դպրոցը, անգամ իրենց հարազատ զավակների կրթության համար գրպանները դատարկ են ձևանում: Բեխցիները հարուստ էին, բայց ինչպես հաճախ է լինում ունևորների հետ, իրենց խելքով ու մտքով հետ էին: Բեխը, որը Մելիք-Քարամյանների Տանձատափայի պես հայտնի է Մելիքների գյուղ անունով, կանոնավոր դպրոց չուներ: 1897 թվականին սրանք մի ուսուցիչ էին պահում իրենց երեխաներին տարրական կրթություն տալու համար: Առանձնապես կրթություն գնահատող չէին, իսկ դպրոցի համար հատուկ կառուցված շենքը այդպես էլ լրջորեն նպատակին չծառայեց:
Ունևորները չեն ուզում, չունևորները չեն կարող, Բեխը դպրոց չունի, որևէ մեկի մտքով դպրոց ունենալը չի անցնում, իսկ գյուղում թափառող երեխաներ` որքան ուզեք: Միայն մի քանի երեխայի կարելի է տեսնել հարևան գյուղերի ճանապարհներին դպրոց գնալիս: Բեխում գտնվել է մեկը` երիտասարդ Արսեն Գրիգորյանը, ով գյուղի համար արևելյան մասում գտնվող իր հողակտորը նվիրել է դպրոցական շենք կառուցելու, սակայն որտեղի՞ց միջոցներ: Եվ Բեխը` ազնվական ծագումով, ավանդույթներով, հերոսական անցյալով, 20-րդ դարասկզբին հոգևոր ու բարոյական անկում է ապրում[25]:
Եվ ոչ միայն Բեխը: Գյուղը կործանման ուղու վրա էր, այն փրկելու ուղիներ էին որոնվում:
«Դպրոցը, ուսուցիչը, ժողովրդի լուսավոր զավակները կարող են փրկել գյուղը,- այսպես է մտածում Գևորգյան ճեմարանի շրջանավարտ Սուլթան Տեր-Գևորգյանը՝ Արքայիկը[26], որի՝ հայրենի Շիկահողի մասին նամակը հանգիստ կարելի է տարածել գավառի դարասկզբի ուզածդ գյուղի վրա:- Քանդվում, կործանվում են գյուղերը, օրեցօր մերկանում դեռ ետ պահած բարեմասնություններից, ամեն կողմից, ամեն գյուղ եկողը նպաստում է այդ անկման, մի աքացի էլ ինքը տալիս ու մերձիմահ հիվանդին գերեզմանի դռան մոտեցնում: Ամեն ոք իր համար է, իր քսակի, իր բողոքի համար: Գյուղը շատ է սպասել ապարդյուն. նա կարոտ է սրտալի խոսքի, կարոտ` անձնվեր գործչի»:
Զանգեզուրի գյուղերում շրջող Տեր-Գևորգյանը խնդրում, աղաչում-պաղատում է օգնության հասնել՝ վերակենդանացնել մեռնող գյուղը: Կարեկից զավակների կարիք ունի գյուղը, որ «Չեն եկել, բայց պիտի գան… Ես հավատում եմ գյուղի վերակենդանության, հավատում, որ կործանվում է արդեն լուսարգել պարիսպը, ու ջերմ արևի կենսաշունչ շողերը կյանք են տանում այնտեղ… Ժողովրդի սրտում ապրող ուսումնարանն ու անձնազոհ ուսուցիչը կստեղծեն մոգական մի գավազան, որով տենչալի կերպարանափոխություն կստանան մեր թաքուն աշխարհներում հյուծվող գյուղերը»,- մարգարեանում է Արքայիկը[27]:
Արժանին պիտի մատուցել «Արամազդ», «Հայ կուլտուրական միություն», «Բարեգործական ընկերություն» հաստատություններին, որոնք լուրջ ուշադրություն էին դարձնում կրթության գործին Ղափանում: «Արամազդ» նավթարդյունաբերական ընկերության նախագահ Աստվածատուր Վաչյանը, ով դպրոցներ էր բացում Սյունիքի հեռավոր ու աղքատ գյուղերում, իմանալով, որ Կոստյա Համբարձումյանը ժողովրդի մեջ մեծ հեղինակություն ունի, նրան նշանակեց Ղափանի շրջանի լիազոր՝ դպրոցական գործը կազմակերպելու համար: Կոստյան դպրոցներ բացեց գյուղերում, հրավիրեց ուսուցիչներ, ինքն էլ դարձավ դպրոցական տեսուչ: Նույնն էր անում Կուլտուրական միությունը՝ Կոստանդին Խատիսյանի գլխավորությամբ: Ամեն ինչ ուզածի պես չէր, բայց նաև շնորհիվ «Բաքվի Հայ կուլտուրական միության» և «Արամազդ» ընկերության նպաստների էր, որ Ղափանը քիչ թե շատ մի կողմ նետեց տգիտության քողը: Կաշառքի, անբարոյականության մեջ թաղված ցարիզմը ո՛չ ցանկություն ուներ, ո՛չ էլ ի վիճակի էր փրկել գյուղը և այն տանել առաջադիմության ու զարգացման ուղիով: Ըստ քաղաքական ուժերի, անհատների, բարի կամքի ու նույնպիսի ցանկությունների տեր մարդկանց՝ գյուղը փրկելու ջանքերը ապարդյուն էին ու ձախողված, բացվող դպրոցներն ու այլ բարեգործությունները կաթիլ էին թշվառության ծովում:
[1] Ս. Խուդոյան, Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին, Ե., 1987, էջ 8:
[2] Հոգևոր տոհմերն ըստ գյուղերի՝ Տեր-Հարությունյան, Տեր-Օհանյան /Արծվանիկ/, Տեր-Ավագյան, Տեր-Էլչիբեկյան /Գյուտկում/, Տեր-Մովսիսյան /Զեյվա/, Տեր-Դավթյան, Տեր-Ստեփանյան, Տեր-Հարությունյան, Տեր-Պետրոսյան /Խոտանան/, Տեր-Մինասյան /Խլաթաղ/, Տեր-Մարգարյան /Քաջարանց և Ծավ/, Տեր-Մարտիրոսյան /Խդրանց/, Տեր-Մարտիրոսյան /Կեմանց/, Տեր-Գրիգորյան /Ներքին Հանդ/, Տեր-Ստեփանյան /Վերին Հանդ/, Տեր-Ղարախանյան / Ձակատեն/, Տեր-Խաչատրյան /Մողես/, Տեր-Մովսիսյան, Տեր-Գևորգյան, Տեր-Կարապետյան /Շիկահող/, Տեր-Գրիգորյան /Շիշկերտ/, Տեր-Մարգարյան /Շրվենանց/, Տեր-Կարապետյան /Սրաշեն/, Տեր-Գրիգորյան /Սևաքար/:
[3] Ստ. Լիսիցյան, Զանգեզուրի հայերը Ե., 1969, էջ 254:
[4] «Նոր Դար», Ե., 1895, N 118:
[5] Ա. Ադամյան, Կրթության ոսկեդար, Ե., 2000, էջ 278:
[6] Ղափանում դպրոց բացելու վերաբերյալ նույնիսկ լեգենդ է հյուսվել: Իբր իշխանություններն արգելել են Ծավ գյուղում դպրոց բացել, ու մարդիկ մեկնել են Պետերբուրգ, հանդիպել ցար Նիկոլայ 2-րդին: Ցարը համակ ուշադրությամբ լսել է Ծավի պատվիրակներին, ժպտացել և անմիջապես հրաման է արձակել դպրոցի բացման մասին հրովարտակ պատրաստել: Այս մասին տե՛ս Գ. Սմբատյան, Սյունի-քը փորձության ճանապարհին (19 և 20-րդ դարերի սահմանագծում) /տպագրության ընթացքում/:
[7] Է. Մանուչարյան, Հ. Սահակյան, Արծվանիկ, Ե., 2009, էջ 122:
[8] Գյուտկում, այժմ ՝ Գեղանուշ գյուղը:
[9] Այդ գյուղերն են Գյուտկումը, Ճակատենը և Բաղաբուրջը:
[10] «Ղարաբաղ», 1912, N 19:
[11] Նույն տեղում:
[12] «Գավառ», 1910, N 14:
[13] «Գավառ», 1910, N 7:
[14] Ա. Մելիք-Աղամիրյան, Ղափանի շրջանի Շրվենանց գյուղի դպրոցի պատմության անցյալի էջերից, պահպանվում է ժառանգների մոտ:
[15] Ա. Մելիք-Աղամիրյան, նշված հուշագրության մեջ, էջ 4:
[16] Նույն տեղում:
[17] «Գավառ», 1910, N 5, 31 հունվարի:
[18] «Գավառ», 1910, N 8:
[19] Հակոբ Այվազյանը. դպրոցի պատմությանն անդրադարձողները նշում են, որ նա Բեռլինի համալսարանի շրջանավարտ էր: Եթե այդպես լիներ, «Գավառը» կհի-շատակեր այդ մասին: Իսկ ուսուցիչ Բախշի Հովհաննիսյանի կողմից շրջանա-ռության մեջ դրված կարծիքը, թե նա ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հորեղբոր տղան էր, թյուրիմացություն է: Հակոբը Շրվենանցի դպրոցի ավագ ուսուցիչ է նշանակվել 1909 թ. և սիրով նվիրվել է երեխաների կրթության և դաստիարակության գործին: Հայտնաբերված աղբյուրների հիման վրա հնարավոր է գոնե փոքր-ինչ ճանաչել ուսուցչին: Աղբյուրներն են՝ «Գավառը», Աղամիրյանի հուշերից մի պատառիկ, Սմբատ Մելիք-Ստեփանյանի արխիվից մի քանի դժվար ընթեռնելի նամակներ ու գյուղի հիշողությունը:
Այվազյանը Էջմիածնի Ալիբեկլու /Աթարբեկյան/ գյուղացի է: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ավարտելուց հետո դիմում է Պարսկաստանում ուսուցչություն անելու խնդրանքով: Այստեղ աշխատանքի է անցնում ֆրանսիական դեսպանատանը, դառնում է դեսպանի անմիջական թարգմանը: Աշխատանքի ընթացքում արժանացել է դեսպանի և բոլոր աշխատակիցների համակրանքին: Դեսպանի առաջարկով Այվազյանը մի քանի անգամ ուղեկցել է նրան, եղել Ֆրանսիայում, որտեղ կատարելագործվել է: Վերադառնալով հայրենիք՝ աշխատել է Ապարանի և Աշտարակի դպրոցներում: Այնուհետև առաջարկություն է ստացել աշխատելու Շրվենանցի դպրոցում:
[20] Ադրբեջանական գյուղերի կուլտուրական վերելքը /առանց հեղինակի/: Պղնձի համար, 1957, N 101/:
[21] Նույն տեղում:
[22] «Գթության քույր Վարսենիկ Մելիք-Ստեփանյանի հիշատակին նրա մայրը և եղբայրը սեփական հանքի ակցիաներից նվիրել են Ղափանի բարեգործականի ճյուղին` 300 ռ., Առաջաձորի և Շրվենանցի դպրոցներին՝ 200-ական ռուբլի, իսկ Ղափանում գտնված մյուս բոլոր դպրոցներին` 100-ական ռուբլի: Այդ դպրոցները գտնվում են հետևյալ գյուղերում` Վերին Խոտանան, Սևաքար, Զեյվա, Եղվարդ, Ագարակ, Շիշկերտ, Ծավ, Շիկահող, Գյուտկում, Ճակատեն, Վաչագան, Բեխ, Բաղաբուրջ, Բարաբաթում, Կավարտ, Վերին Հանդ և Զանգիլան (թուրքի գյուղ): Առաջաձորի եկեղեցուն` մի ոսկեզօծ խաչվառ: Հ.Տ.Յ», « Արև» թերթ, Բաքու, N 223, 16 դեկտեմբերի, 1915 Ղափան, 4 դեկտեմբերի:
[23] Սևագիր ձեռագիր, վերծանված ու մեքենագրված, 18 էջ, անձնական արխիվ:
[24] Ստեփան Ղազարի Մելիք- Փարսադանյան /1888, Բեխ – 15. 12. 1964, Ֆրեզնո/, ավարտել է Շուշիի Թեմական դպրոցը, Կիևի համալսարանը: Գորիսում աշխատել է որպես ատամնաբույժ, ակտիվորեն մասնակցել է Զանգեզուրի գոյամարտին: 1927-ին ձերբակալվել է ու աքսորվել: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերվել է գերմանացիների կողմից, ապա անցել է ԱՄՆ: Հրատարակվել է «Գավառ», «Ասպարեզ» թերթերում և «Հայրենիք» ամսագրում:
[25] «Գավառ», 1910, N 18:
[26] Սուլթան Տեր-Գևորգյանց. ծնվել է 1880թ. փետրվարի 1-ին Շիկահողում, Ջումշուդ Բաբայան-Տեր Գևորգյանցի և Թագուհի Մկրտչյանի ընտանիքում: Ուսումնատենչ ընտանիքի զավակ էր (երկու եղբայրները` Շահենն ու Մուշեղը, հետագայում անվանի մարդիկ դուրս եկան. Շահենը ՀՅԴ Ղափանի կազմակերպության հայտնի դեմքերից էր, Մուշեղը` կոմունիստ, կուսակցական աշխատող, երկուսն էլ` 1937-ի զոհ): Շիկահող գյուղի հասարակությունը 1894թ. մայիսի 2-ի աղերսագրով դիմել է Ամենայն հայոց կաթողիկոսին՝ խնդրելով Սուլթանին ընդունել Գևորգյան ճեմարան: Կաթողիկոսի միջամտությամբ Սուլթանն ընդունվում է Գևորգյան ճեմարան, սովորում, վերադառնում է Ղափան: Աշխատում է Գյուտկումի և Շիկահողի դպրոցներում: Չնայած վատ առողջությանը, թղթակցում է ժամանակի հանրահայտ պարբերականներին` «Մշակ», «Ալիք», «Աշխատանք», «Արև», «Ազգագրական հան-դես» և այլն: Հանդես է եկել Արքայիկ, Չոբան, Ղափանցի Արքայիկ ծածկանուններով: Նրա նամակներում թշվառության ու տգիտության մեջ խարխափող, սոցիալական անհավասարությամբ, ցավերով ու հոգսերով, մարդկային ճակատագրերով գյուղաշ-խարհն է: Նրան հուզում են գյուղերի քայքայումը, արտագաղթը, գյուղացու դաժան շահագործումը: Ժողովուրդների բարեկամության ջատագով է: Գրում է հայ-թուրքական ընդհարումների մասին, ներկայացնում մեզ իրադարձություններ ու երևույթներ, որոնք կարող էին մեզ անհայտ մնալ: Զբաղվել է բանահավաքչությամբ, գրել է նաև բարբառով, փրկել բարբառի մասունքներ: Հայրենի չնաշխարհիկ բնու-թյան ջերմ սիրահարն է, հավերժացրել է բնության չքնաղ պատկերներ: Գրադարանն ու արխիվը հրկիզվել են 1930-ականներին: Թղթերի մի մասը անհետացել է Գորի-սում: Մահացել է 1908թ. մարտի 8-ին` 28 տարեկանում, թաղվել Շիկահողի գերեզ-մանատանը:
[27] «Աշխատանք», 1906, N 19: