Նոր և հետաքրքիր կարծիք՝ կապված Քարահունջ գյուղի անվան հետ

Spread the love

Մենք գիտենք, որ Քարահունջ գյուղատեղի Ս. Օրբելյանը նշում է  ոչ թե Հաբանդ գավառում, այլ Ծղուկում: Բայց այսօր մեզ հստակ հայտնի չէ Ծղուկի Քարահունջ բնակավայրի տեղը: Նման բնակատեղի այսօր հայտնի է պատմական Հաբանդի՝ ներկայիս ներառյալ Գորիսի Քարահունջը: Հենց այս առիթով Ղ. Ալիշանը փորձում է ճշտում մտցնել Ս. Օրբելյանի «Պատմության» մեջ հիշատակված Քարահունջի վերաբերյալ. «Հին Ցուցակը Ծղուկի արևելյան մասին Այլախ գյուղի հետ դասում է այս Քարահունջ գյուղը, բայց եթե իսկապես կա այս տեղում, որ նշանակեցինք ըստ ընտիր աշխարհացույցի, ավելի հարմար է Հաբանդին, որին հարմար է գալիս և ճանապարհը, որ շինեց Աբրահամ կաթողիկոսը և Խնձորեսկից գնալով դեպի Տաթև…»[1]:

Կարծում ենք, որ Ս. Օրբելյանի Հաբանդում չի նշել Քարահունջ, քանի որ այս գյուղը, ամենայն հավանականությամբ, այս անունը հետագայում է ձեռք բերել: Քարահունջ անունը տրվել է գյուղին որպես բանադրական անուն՝ բանադրանք, ինչպես նոր անուններ տրվում են մկրտությունից հետո: Դա է վկայում Աբրահամ Կրետացու հուշագրությունը. «… Եւ ի ճանապարհին զաւեր գիւղ մի, որ բանադրեալ էին առաջնորդք Տաթեւու՝ Քարահունջ անուն, /ընդգծումը մերն է՝ Մ. Քումունց/ աղերսեցին զիս արձակել: Որ զտեղի առեալ ետու զարձակումն եւ օրհնութիւն գիւղոյն որում կայր պատուական եկեղեցի մի սրբատաշ քարամբք շինեալ»:[2] Այսինքն՝ «…բանադրել էին տաթևի առաջնորդները Քարահունջ անուն /անունով/ կամ Քարահունջ անուն էին բանադրել Տաթևի առաջնորդները»: Կարծում ենք, որ հատվածի թարգմանության երկու տարբերակներում էլ նույն միտքն է արտահայտվում. Քարահունջ անունը ոչ թե գյուղանունն է եղել, այլ նրա բանադրական անունը, որ մնացել է և  հետագայում չի փոխվել: Հետաքրքրական է և միևնույն ժամանակ հարցադրելի, որ բանադրանքի ետ առնելուց հետո («Որ զտեղի առեալ ետու զարձակումն…») գյուղի անվան փոխություն չի եղել: Գուցե դրա կարևորությունը չի զգացվել, կամ Ա. Կրետացու «Պատության» մեջ այլ մանրամասներ չեն հիշատակվել:

Հետևելով Ա. Կրետացու աշխատանքից կատարված մյուս հղումներին՝ պատկերը քիչ փոխվում է: Այսպես՝ Ղ. Ալիշանի «Սիսականում» ընդգրկված հատվածը այսպես է. «…Տեսաք, ասէ, գիւղ մի, զոր բանադրեալ էին առաջնորդք Տաթեւու, Քարահունչ անուն /ընդգծումը մերն է՝ Մ. Քումունց/. աղերսեցին զիս արձակել. որ և զտեղի առեալ՝ ետու զարձակումն, և օրհնութիւն գիւղոյն… »[3]: Ընդգծված հատվածի թարգմանության համար առաջարկում ենք երկու տարբերակ. 1.«Տեսանք, ասում է, ավեր մի գյուղ, որ բանադրել էին Տաթևի առաջնորդները Քարահունչ անուն», 2 «Տեսանք, ասում է, ավեր մի գյուղ՝ Քարահունջ անունով, որ բանադրել էին Տաթևի առաջնորդները»:

Այս դեպքի մասին այլ կերպ է ներկայացվում «Ազգապատումի» մեջ. «Տաթևի մէջ Քարահանջ գիւղը բանադրանքէ  կ’արձակէ /ընդգծումը մերն է՝ Մ. Քումունց/, և մարտ 16-ին, երկուշաբթի օր լուսնի խաւարումը կը տեսնէ (ԿՐԵ. 75)»:[4] Հատվածի թարգմանությունը այսպես կստացվի. «Տաթևում Քարահունջ գյուղը բանադրանքից արձակում է»: Այսքանից հետևում ենք, որ բանադրանքից ազատման համար արարողություն է կազմակերպվել ոչ թե Քարահունջ գյուղում, այլ Տաթևում:

Քարահունջ գյուղում պատմահնագիտական ուսումնասիրություններ չեն եղել: Չենք կարող ստույգ նշել նրա հիմնադրման ժամանակաշրջանը: Առավել հստակ գիտենք, որ գյուղի եկեղեցին հիմնադրվել է 1675թ.: Պահպանվել են որոշ ավանդազրույցներ: Օրինակ՝ պատմում են, որ իրենց գյուղը վերաբնակեցվել է նախիջևանցիների կողմից: Մի այլ ավանդազրույցի համաձայն՝ այստեղ գյուղը հիմնվել է շրջակա մանր գյուղերի խմբավորումից: Մատենագիտական աղբյուրներից չենք կարող հստակ եզրակացնել, թե որ գյուղն է այդտեղ կամ նրա շրջնում եղել: Հին գյուղատեղիներ պահպանված են այսօրվա Քարահունջի շրջակայքում՝ ներառյալ Վարարակնի հովիտը: Այդ հնավայր-բնակատեղիներից  են՝ Կալերը, Խանուն քրատակը, Գյավուրկալան, Հազարա կամ Հազարան փրկիչ, Խազալ կապ, Պռշնուն տակ և այլն:

Փաստորեն՝ կարելի է ենթադրել, որ Ս. Օրբելյանի նշած Քարահունջը իսկապես այս վայրում չի եղել: Հիշենք, որ նույն անվամբ բնակավայր կա նաև Արցախում: Քարահունջ գյուղի մասին առայժմ եղած առաջին հիշատակությունից կարելի է հասկանալ, որ գյուղը ուրիշ անուն է ունեցել, իսկ նրա Քարահունջ անունը բանադրումն է, բանադրական անունը, որ հետագայում էլ պահպանվել է որպես գյուղանուն: Առայժմ չենք կարող հստակեցնել, թե Քարահունջ անվան բանադրական բանաձևը որն է: Միայն կարող ենք նշել, որ այստեղ եղած աղետների մեծ մասը կապվում են քարերի հետ՝ Օխտն օրորոց կամ Օխտնորոց /հսկա ժայռաբեկոր է պոկվել, և մի ամբողջ տուն է մնացել նրա տակ, ուր եղել է յոթ օրորոց. այսօր էլ կա այդ քարը/, 1840թ. Արարատի մեծ շարժի ժամանակ ավերվեց նաև այս գյուղը, գյուղը ճեղքվել է, բացվել է երկու մեծ վիհ, 1889թ. Քարահունջի վիհերից մեկը կրկին լայնացել է ու աղետի պատճառ  դարձել,[5] 1931թ. երկրաշարժը, որից չնայած այստեղ տուժածներ չեն եղել, 1968թ. երկրաշարժից ճեղքեր են եղել և տներ են քանդվել, և վերջապես՝ մինչև օրս գործող սողանքները. գյուղի արևմտյան հատվածի տները վտանգավոր են ապրելու համար, այդ պատճառով լքված են:

Թե անցյալում քարերի հետ կապված ինչ աղետներ են եղել, վկայություններ չկան, բայց այսօր Քարահունջ գյուղը երկու հիմնական մասի է բաժանված՝ հինը կամ հիմնականը Շռանի ջրվեժի փեշերին է, նորը՝ նրա ուղղությամբ՝ Վարարակնի ափին:

Արդար, հյուրասեր, խելացի, բարի ու ազնիվ հումորով Քարահունջն ու քարահունջեցին միժամանակ խորհրդավոր են, և դեռ չենք կարողանում ազատվել նրանց նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրասիրությունից:


Եթե կան անհրաժեշտ դիտողություններ կամ լրացումներ, խնդրում ենք արձագանքել:

[1] Ղ. Ալիշան, Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ, 1893, էջ 262:

[2] Աբրահամ Կրետացի, Պատմություն, Կալկաթա, 1796թ., ԽԷ գլուխ:

[3] Ղ. Ալիշան, նշվ. աշխ., էջ 262:

[4] Մաղաքիա Օրմանեան, Ազգապատում, հ. բ․, Կոստանդնուպոլիս, 1914, էջ 812:

[5] Ղ. Ալիշան, Սիսական, նշվ. աշխ., էջ 262:

Քարահունջ գյուղի լուսանկարները կարող եք տեսնել այս հղման տակ https://gorisnews.wordpress.com/2013/10/21/%D5%A1%D6%80%D5%B7%D5%A1%D5%BE-%D5%A4%D5%A5%D5%BA%D5%AB-%D6%84%D5%A1%D6%80%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6%D5%BB/Նկարիչ՝ Գ. Հայրապետյան

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի