Հարադիր բայը Ս. Խանզադյանի արձակում

Spread the love

File:Sero Xanzadyan.JPG

Բայը, ըստ լեզվի պատմության մեջ գրաված սահմանների, համարվում է ամենաբարդ ու ամենածավալուն խոսքի մաս: Նրա բազմաբովանդակությունը չի սահմանափակվում միայն իր լեզվական-քերականական իրողություններով, տարբեր խոսքի մասերի հետ ունեցած փոխհարաբերություններով, ժամանակի ընթացքում կրած փոփոխություններով, ձևաբանական կառուցվածքով, այլև լեզվի բառակազմական, բառաբարդման ուրույն միջոցներով ու եղանակներով: Եվ ահա այդ կարևոր եղանակներից մեկն էլ հենց հարադրությունն է՝ հայոց լեզվի բառապաշարի և բառային կազմի հարստացման նախապայմաններից մեկը: Պետք է նշել, որ լեզվաբանության հետազոտական համակարգում, մինչև Ալեքսանդր Մարգարյանը, չկար հայերենի հարադիր բայերի վերաբերյալ ամբողջական ուսումնասիրություն: Այնուամենայնիվ, առաջին անգամ դրանց գոյությունը հայոց լեզվում նկատել է Կղեմես Գալանոսը: Վերջինս, իր աշխատության մեջ նշելով հարադիր բայերի մասին, ըմբռնել է, որ, ասենք, բարի առնել, ունկն դնել, շուրջ լինել, տեղի տալ և այլ ձևեր արտահայտում են մի ընդհանուր գործողություն և յուրահատուկ բայական միավորներ են[1]: Հարադրավոր բայերին մեծ ուշադրություն է դարձրել Խ. Աբովյանը՝ առաջնահերթ կարևորելով նրանց անխուսափելի դերն ու կշիռը ժողովրդախոսակացական լեզվում: Ընդունելով իբրև որևէ հարադրից, ինչպես՝ «անց, դուրս, ներս, ետ, մեջ… և որևէ բայից, ասենք՝ կենալ, գնալ, տալ, ընկնել… կազմված՝ Խ. Աբովյանը տվել է քերականական որոշակի անուն՝ կոչելով բարդ բայերե[2]:

Հայերենի հարադրավոր բայերի գիտական խոր լուսաբանման ասպարեզում մեծ ավանդ է ներդրել Մանուկ Աբեղյանը: Իր արժեքավոր աշխատություններով գիտականորեն հիմանավորել և ցույց է տվել, որ դրանք, իրոք, բայից ու հարադրից կազմված բարդություններ են, որտեղ «բայն ու հարադիրը միասին ստանում են մեկ բառի նշանակություն և ըմբռնվում իբրև մի միություն և մեկ բառե[3]:

Իսկ ահա Արսեն Այտընյանը հարադիր բայերը մատուցում է իբրև «ոճե, «դարձվածներե կամ «ասացվածներե[4]: Հարադրավոր բայերի վերաբերյալ այս վերջին մոտեցումն ունի նաև Հրաչյա Աճառյանը՝ առաջ քաշելով այն տեսակետը, թե իբր «ոճերը կամ դարձվածները մեծ չափով ազդված են թուրքերենից: Բազմաթիվ ոճեր, որ թուրքերենն է գործածում, բառացի թարգմանված են հայերեն: Դրանցից են` ականջ կախել, ականջ դնել, ձեռք տալ, ձեռք զարնել, աչքի զարնել, երես տալ, ծեծ ուտել, շունչ քաշել և այլնե[5]:

Այսպիսով՝ բայական հարադրական բարդություններ են կոչվում որևէ հարադրից /որը կարող է լինել գոյական, ածական, դերանուն, մակբայ, ձայնարկություն, բայարմատ և այլն/ և որևէ բայից հարադրության հիմունքով կազմված բարդությունները, որոնք արտահայտում են իրենց բաղադրիչներից տարբեր մի նոր նշանակություն:

Հարադրավոր բայերը միմյանցից տարբերվում են իրենց բաղադրիչների բնույթով, ձևաբանական կառուցվածքով ու առանձնահատկություններով, արտահայտած իմաստով ու բովանդակությամբ: Ըստ այդմ էլ` Ալ. Մարգարյանը բաժանում է երեք ենթախմբի. 1. hարադիր բայեր, որոնք կազմվում են հարադրից ու բայից և գիտակցվում որպես գործողության նշանակություն արտահայտող ինքնուրույն բայական միավորներ: Սրանք, ձևաբանական կառուցվածքով հատկանշվելով, կոչվում են հարադրավոր բայեր: 2. Հարադիր բայեր, որոնք կազմվում են երկու /նաև երեք և ավելի/ անկախ բայերից և արտահայտում միմյանց հետ սերտորեն կապված գործողություններ՝ ընդհանուր նշանակությամբ: Սրանց անվանում են զուգադրական բայեր: 3. Հարադիր բայեր, որոնք հարադրվում են անորոշից և տալ բայից՝ արտահայտելով գոծողության պատճառականություն: Ելնելով գործողության բնույթից՝ այդպիսիք կոչվում են պատճառական հարադիր բայեր[6]: Նկատի ունենալով տալ-ով հարադրություններում առկա առավելապես բայական սեռի արժեքը` հարկ համարվեց այդպիսիք քննել ներգործական սեռի բայական հարադրությունների սահմանում, չնայած որ դրանք էլ բավականին շատ են և նրանցից բխած լեզվական յուրահատկությունները ենթադրում են առանձին քննություն:

Վերոնշյալները իրարից էապես տարբերվող առանձին տեսակներ են և լեզվում միանգամայն տարբեր դեր են կատարում:

Սերո Խանզադյանի արձակը հարուստ է հարադրավոր բայերով, որոնք հեղինակի խոսքը դարձնում են ավելի պատկերավոր և բազմանշանակ: Կազմության այդ ձևերի առատ գործածությունը վկայում է, որ Ս. Խանզադյանի գեղարվեստական ոճը, լեզուն կրում են Խ. Աբովյանի, Հ. Թումանյանի, Ա. Բակունցի գրական-լեզվական ավանդները և հատկապես լեզվի ժողովրդայնությունը:

ՀԱՐԱԴՐԱՎՈՐ ԲԱՅԵՐԻ ԲԱՌԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԸ ԵՎ ՁԵՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հայերենի հարադրավոր բայերի լեզվաբանական վերլուծության ու բնութագրման համար սկզբնապես պետք է նկատի ունենալ այն, թե ինչպիսի լեզվական երևույթ են հարադրով ու բայով արտահայտված ձևերը և արդյոք ինքնուրույն բառային միավորնե՞ր են, թե՞ ոչ: Սա ելակետային բարդ հարց է, որ ընդհանրանում է «բառե հասկացության որոշման խնդրի հետ: Նախապես նշենք, որ բառի՝ որպես լեզվական բարդ միավորի մասին բազմապիսի ուսումնասիրություններ են կատարել շատ քերականներ: Ելնելով վերջիններիս բազմանշանակ դատողություններից, որ եթե բառը իր արտաքին՝ հնչյունական և ներքին՝ իմաստային-իմաստաբանական միասնությամբ ու բառային և քերականական կարգերով ու իրողություններով ինքնուրույն հանդես եկող լեզվական միավոր է[7], ապա հարադիր բայերը, մեծ աղերս ունենալով մի կողմից բառակապակցության, իսկ մյուս կողմից՝ դարձվածների հետ, նույնպես համարվում են լեզվական բարդ երևույթ՝ իրենց կառուցվածքային, իմաստաոճական, բառային հատկանիշներով ու լեզվաբանական դրսևորումներով:

Ինչպես գիտենք, բայական խոսքի մասի մեջ մտնող բառերը բաժանվում են երկու խմբի՝ համադրական, ինչպես՝ գնալ, լսել, մեծանալ, թռչել, վիրահատել…և վերլուծական կամ հարադրական, ասենք՝ անց կենալ, գլուխ տալ, երես առնել, բաց ընկնել, հալումաշ լինել և այլն[8]: Այս երկու խմբերը իրարից միանգամայն տարբերվում են և՛ կազմության բնույթով, և՛ ձևով: Համադրական բայերի բառային բնույթը որոշվում է նրանց անջատ համադրությամբ և միաձևային ամբողջությամբ, իսկ ահա հարադրավոր բայերը հանդես են գալիս տարանջատ ու միմյանց անմիջապես չմիաձուլված ձևով:

Առ այսօր էլ հարադրով ու բայով արտահայտված ձևերի պարզաբանման հարցում կան երկու իրարամերժ ուղղություններ: Դրանցից մեկը հարադրով ու բայով կազմված ձևերը համարում է ոչ թե մեկ ամբողջական բառ, այլ առանձին բառեր, իհարկե, չհիմնավորելով հաստատուն ու ապացուցված փաստարկներով, ինչպես մյուս ուղղության ներկայացուցիչները, որոնք բավականին հիմնավոր փաստարկներով ու օրինակներով հաստատում են հարադրի ու բայերի մեկ բառային ու ինքնուրույն միավոր լինելը՝ գտնելով նաև, որ բայական հարադրությունները բայացվում են բայական բաղադրիչների միջոցով, բացառապես նրանց շնորհիվ: Սա հարադիր բայերի բառային առանձնահատկություններից մեկն է:

Կարևոր առանձնահատկություններից է հարադրի ու բայական բաղադրիչի ոչ միայն արտաքնապես, այլև իմաստապես միաձույլ լինելը, ինչպես՝ փուլ գալ, սպիտակին տալ, բաց լինել և այլն[9]:

Հարադրավոր բայերի բառային առանձնահատկություններից և ամբողջական բառ լինելու ապացույցներից մեկն էլ այն է, որ հարադրավոր բայերի առաջին բաղադրիչը՝ հարադիրը, միշտ գործ է ածվում պատրաստի, անփոփոխ տեսքով:

Հարադիրը /որը լինում է որևէ անուն խոսքի մաս/ առանձին վերցրած կարող է փոփոխվել՝ հոլովվել, ածանցվել և այլն, իսկ բարդության մեջ հանդես է գալիս որպես կայուն ու անփոփոխ ձև:

Հարադրով ու բայով արտահայտված ձևերի բառային բնույթի առանձնահատկություն է մի ընդհանուր բառային շեշտ ունենալը: Այդ մասին առաջին անգամ խոսելով` Մ. Աբեղյանը նշել է, որ միավանկ բաղադրիչներ ունեցող հարադրյալ բայերի մեջ շեշտվում է միշտ նախադաս հարադրյալը, ինչպես՝ ցո՛ւյց տալ, թա՛փ տալ, ե՛փ գալ և այլն: Իսկ երկուսից ավել վանկ ունեցող հարադրավոր բայերը ունեն երկու շեշտ. մեկը՝ գլխավոր կամ զորեղ շեշտ, որը ընկնում է սկզբում` հարադրի վերջին վանկի վրա, մյուսը՝ երկրորդական կամ թույլ շեշտ, որ ընկնում է վերջին վանկի վրա, ինչպես՝ ակա՛նջ դընե`լ, իմա՛ց անե`լ և այլն[10]:

Քննելով հարադրավոր բայերի ձևաբանական կառուցվածքի որոշիչ առանձնահատկությունները՝ տեսնում ենք, որ հարադիրները կարող են լինել.

  1. Բայարմատներ. ինչպես՝ «Աչերս բաց արի ու իմ առաջ տեսաե /Լ.Հ., էջ 9/, «Ափսոսանքով կանգ առան նկարի առաջե /Յ. ա., էջ 85/, «Գցեց ոտքերի տակ ու կոխ տվեցե /Մ.ձ.գ., էջ 94/, «Աչքերը ման ածեց դասարանումե /ն.տ./, «Սումբաթը պոկ եկավ տեղիցե /ն.տ., էջ 102/, «Նորից փուլ եկավ տեղըե /ն.տ., էջ 105/ և այլն:
  2. Հարադրական և բաղհյուսական բարդություններ. օրինակ՝ «Բերանները… բաց ու խուփ անումե /Մ.ձ.գ., էջ 98/, «Ուրի՜շ համ ու հոտ ուներե /ն.տ., էջ 101/, «Ա ո՛չ ու փո՛ւչ դառածե /ն.տ., էջ 105/, «Հազար պակաս-պռատ ունենքե /ն.տ., էջ 111/, «Եղբայր էին, բայց վեճ ու կռիվ ունեինե /Զ.ե.հ., էջ 605/ և այլն:
  3. Կրկնավորներ. օրինակ՝ «Քրիստը վռազ-վռազ մտավե /Կ.շ., էջ 14/, «Նա նույնիսկ ետ-ետ գնացե /Ա.ք., էջ 167/, «Մեկիկ-մեկիկ մտավ Ծավի ձորի բոլոր հիսուն տներնե /Ծ.ձ.հ., էջ 285/ և այլն:
  4. Կցականներ. օրինակ՝ «Սիրտը տակնուվրա եղավե /Մ.ձ.գ., էջ 94/, «Դեղակուր անելով մեռցրուե /Ա.ո.Ե., էջ 549/, «Գլուխկոնծի տվեց փափուկ ցելի մեջե /Մ.ձ.գ., էջ 96/, «Բերանը բացուխուփ անելիսե /Է.բ., էջ 443/, «Էշին առաջկապ անեմե /Ն.ու.ա., էջ 500/ և այլն:
  5. Իսկական բարդություններ. օրինակ՝ «Քիչ մնաց կաթվածահար լիներե /Է.բ., էջ 437/, «Մեխահան եղած տախտակներինե /Հ.ս.ա., էջ 123/, «Մի քանի անգամ ես ականատես եմ եղելե /Լ.Հ., էջ 7/ և այլն:

Ս. Խանզադյանի արձակում գերակշռող տեղ են գրավում հիմնականում բայարմատներից ու հարադրական և բաղհյուսական բարդություններից կազմված ձևերը, իսկ կրկնավորներով, կցականներով և իսկական բարդություններով կազմված հարադրավոր բայերն ունեն միջին գործածություն: Բայց, իհարկե, այս բոլորը միասին համալրում ու հարստացնում են Ս. Խանզադյանի պատմվածքների գեղարվեստական արժեքը:

ՀԱՐԱԴՐԱՎՈՐ ԲԱՅԵՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՊՆ ՈՒ ՇԱՐԱՀՅՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայերենի հարադիր բայերը, ծագելով բառերի շարահյուսական կապակցություններից և ձեռք բերելով նոր բառային նշանակություն, երևան են հանում բազմատեսակ հարաբերություններ ու իմաստային սերտ կապեր իրենց բաղադրիչների միջև՝ հատկանշվելով բազմազանությամբ:

Հարադիր բայերի բայական բաղադիրչները միատարր են, այսինքն՝ զուտ բայ են թե՛ բարդության մեջ և թե՛ բարդությունից դուրս, իսկ ահա հարադիրները, ընդհակառակը, բազմատարր են, այսինքն՝ կարող են կազմված լինել գոյական, ածական, թվական, դերանուն, մակբայ, ձայնարկություն խոսքի մասերից` իհարկե, բարդության մեջ զրկվելով իրենց բուն խոսքիմասային նշանակություններից:

Ս. Խանզադյանը վերոնշյալ ձևերի մեծամասնությունն ընդգրկել է իր գեղարվեստական արձակում:

Հարադրավոր բայերը, ելնելով իրենց բաղադիրչների ներքին կապերի ու շարահյուսական հարաբերությունների բարդ տեսանկյուններից, բաժանվում են տարբեր խմբերի, որոնք նախադասության մեջ հանդես են գալիս համապատասխան պաշտոններով: Այսպես՝

  1. Առանձին խումբ են կազմում հարադրավոր այն բայերը, որոնց առաջին մասը անկախ չի գործածվում, կամ էլ՝ գերազանցապես հարադրի դեր է կատարում: Նման հարադրավոր բայերը բաժանվում են երկու խմբի.

ա/ բայեր, որոնց հարադիրը բայարմատ կամ որևէ բայական ձևույթ է, որն արտահայտում է չկոնկրետացված գործողության իմաստ, ինչպես՝ «Քարերին շաղ տված ծաղիկներ տեսանե /Յ.ա., էջ 90/, «Ձեռքի ծաղիկները շաղ տալիս նրանց վրաե /ն.տ./, «Նա կանգ առավ միայն այն ժամանակե /Մ.ձ.գ., էջ 102/, «Մարգերը փուլ ածեցե /ն.տ., էջ 101/, «Արագ ծամելով կուլ տալիսե /ն.տ., էջ 103/ և այլն,

բ/ բայեր, որոնց հարադիրը բայարմատ կամ բայական ձևույթ չէ, ժամանակի ընթացքում զրկվել է ինքնուրույն բառային իրավունքից՝ գործածվելով հիմնականում բարդության մեջ, օրինակ՝ «Շեմքին նա շուռ էր գալիսե /Լ.Հ., էջ 4/, «Մեքենայի հետևից թրև եկող տղային հարցրեցե /ն.տ., էջ 96/, «Պիծապը ցնցվեց, կուչ եկավե /Մ.և ի.մ., էջ 29/, «Հանկարծ նա ծառս եղավ տեղըե /Մ.ձ.գ., էջ 120/ և այլն:

  1. Հարադրավոր բայերի առանձին խումբ են կազմում գոյականով արտահայտված հարադիրները, որոնց բաղադրիչները ունեն ինքնուրույն գործածություն, ինչպես՝ «Եթե մեկ էլ ես Ոսկեղենի քեֆին կպելե /Մ.ձ.գ., էջ 94/ , «Սումբաթի աչքին ընկավ սև գրատախտակըե/ն.տ./, «Սիրտը լցվում էր ատելությամբե/ն.տ., էջ 97/, «Դատողություններ էին անում հանելուկային տառերի շուրջե /ն.տ., էջ 103/, «Չէ՛ մի, լոպազություն արեցե /ն.տ., էջ 117/ և այլն:

Գոյականով հարադիրը նախադասության մեջ գործածվելիս կատարում է ենթակայի, ստորոգելիական վերադրի, խնդրի, պարագայի շարահյուսական պաշտոններ: Սրանք հիմնականում տարածված են ժողովրդախոսակցականում, այնտեղից էլ` Ս. Խանզադյանի արձակում:

  1. Առանձին խումբ են կազմում դերանվամբ կազմված հարադրով բայերը, ասենք՝ «Սարերը իրար էին գալիսե /Մ.ձ.գ., էջ 110/, «Սիրտը իրենով էր արելե /ն.տ./ և այլն:

Դերանուն հարադիրը, հոլովվելով նախադասության մեջ, արտահայտում է համապատասխան շարահյուսական նշանակություններ:

  1. Հարադրավոր բայերի մի այլ, բավական մեծ խումբ են կազմում ածական հարադրով բայերը, որոնք, գործածվելով նախադասության մեջ, արտացոլում են զանազան նշանակություններ՝ հանդես գալով որոշչի կամ ձևի պարագայի, գործողության պատճառականության, վերածման իմաստների շարահյուսական պաշտոններով, որոնցից առատորեն օգտվել է Ս. Խանզադյանը: Այսպես՝ «Պինդ կաց, որ մի բան դուրս գաե /ն.տ., էջ 97/, «Դադարգուն ընկած մի շունչ-արարած կաե /ն.տ., էջ 103/, «Կուշտ կերած ուլիկների պեսե /ն.տ., էջ 113/, «Ձիգ տվեց աղջկա քրքրված մազերիցե /Հ.ս.ա., էջ 122/, «Բարևն էլ դժվար է առնում ու տալիսե /Խ.խ., էջ 332/, «Ի՞նչ եք չաչանակ դառելե /Ձ.պ., էջ 407/ և այլն:
  2. Մի առանձին խումբ են կազմում այն հարադրավոր բայերը, որոնք հարադրված են ձայնարկությամբ կամ բնաձայնական բառերով: Ձայնարկությամբ հարադրված բայերը արտահայտում են զգացմունքայնություն, օրինակ՝ «Գյուղի աղջիկներն «ա՜խե էին անումե /Ծ.ձ.հ., էջ 285/, «Ախ ու վիշ արավ կռվում «փչացածներիե համարե /Հ.ս.ա., էջ 131/: Բնաձայնական նշանակությամբ հարադիրներով բայերը շատ քիչ են հանդիպում Ս. Խանզադյանի պատմվածքներում:

Այսպիսով՝ հարադրավոր բայերի բաղադրիչների՝ միմյանց նկատմամբ ունեցած ներքին կապի ու շարահյուսական փոխհարաբերությունների վեր հանած բազմատեսակ իրողությունները հատկանշվում են թե՛ ձևաբանական-կառուցվածքային, թե՛ իմաստային-իմաստաբանական, թե՛ լեզվական-քերականական և թե՛ խոսքիմասային առանձնահատկություններով, որոնց ամբողջությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ հարադրավոր բայերը յուրատեսակ բառային ինքնուրույն միավորներ են:

Եվ ահա հարադրավոր բայերի բազմազանությամբ էլ Ս. Խանզադյանը իր պատմվածքներին տվել է ժողովրդական շունչ ու գեղարվեստական արտահայտչականություն:

 ՀԱՐԱԴՐԱՎՈՐ ԲԱՅԵՐԻ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հարադրավոր բայերը, մտնելով բայական խոսքի մասի մեջ և լինելով նրա մեծ բաժիններից մեկը, խոնարհման, կազմության, կերպի, սեռի, խնդրառության տեսակետից, ինչպես նաև ձևաբանական կառուցվածքով, բաղադրիչների միջև ներքին կապով ու հարաբերությամբ հանդես են բերում որոշակի տարբերություններ ու քերականական հատկություններ: Նախ՝ հարադրավոր բայերի առաջին բաղադրիչը՝ հարադիրը, խոնարհման ժամանակ սովորաբար փոփոխություն չի կրում, իսկ բայական բաղադրիչը, ընդհակառակը, խոնարհվում է այնպես, ինչպես առանձին գործածվելիս, օրինակ՝ դնում և բույն դնում. «Աղավնիներն են բույն դնում նրա խորշերումե /Կ.շ., էջ 13/, չեկավ և տեղեկություն չեկավ. «Արամից ոչ մի տեղեկություն չեկավե /Յ.ա., էջ 84/ և այլն:

Քերականական առանձնահատկություններից է «եմե օժանդակ բայի կիրառությունը հարադրավոր բայերի կազմության մեջ: Եթե համադրական բայերի բաղադրյալ ժամանակաձևերի կազմության մեջ «եմե օժանադակ բայը դրվում է դերբայից հետո՝ բերում էր, գալիս էի, տվել է և այլն, ապա հարադրավոր բայերի կազմության ժամանակ դրվում է հարադրի և բայական բաղադրիչների միջև, ինչպես՝ «Քար էի նետում ներքևում փրփրացող գետի մեջե /Լ.Հ., էջ 7/, «Թույլ չեն տալիս, գոռում են վրասե /Կ.ա., էջ 216/, «Աչքերը խորն են ընկելե /Ք., էջ 349/ և այլն: Նմանապես՝ բայական եղանակիչ մասնիկները հարադիր բայերի խոնարհման ժամանակ դրվում են բայական բաղադրիչից առաջ ինչպես՝ «Մորս վրա քար կգցեմ ու ետ կգամե /Հ.ս.ա., էջ 128/, «Ամուսնուս զանգ կտամե /Զ.ե.հ., էջ 602/, «Ձեռք մի տուրե /Մ. ու կ., էջ 382/, «Էլ դես ու դեն մի ընկիր, մեր հացը մի հարամիրե /ն.տ., էջ 383/ և այլն:

Հարադրավոր բայերի քերականական կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ երևան են հանում իրենց հատուկ իրողություններ՝ տևական կամ շարունակական, պատճառական, բազմապատկական, կրավորական կերպի քերականական իմաստներն արտահայտելով այլ ձևերով ու միջոցներով:

Ս. Խանզադյանի արձակում դրանցից հատկապես շատ է տարածական կամ շարունակական կերպ համարվող քերականական կարգը, որը ցույց է տալիս տևական կամ շարունակական ընթացքի մեջ գտնվող, ինչպես և ավարտուն գործողություն կամ եղելություն: Հարադրավոր բայերի մեջ արտահայտվում է դառնալ և լինել բայերի գործածությամբ, ինչպես՝ «Մարդ լինելու հետք անգամ չեմ տեսնումե /Կ.ա., էջ 215/, «Կարծես քար է դարձելե /ն.տ., էջ 219/, «Արդեն անտանելի դարձած հուշերըե /Խ.խ., էջ 337/, «Հոգսը սև թուխպ դարձավե /Մ.ու կ., էջ 382/, «Աշխատում էր հեռու լինել նրանիցե /Խ.խ., էջ 333/, «Պետք է նաև ամենից էժանը լինիե /Ձ.պ., էջ 406/, «Կովերի լղար լինելը դեռ ոչինչե /Է.բ., էջ 442/ և այլն:

Կրավորական կերպի գործողության իմաստ արտահայտելու տեսակետից նախ նշենք, որ «կրավորական կերպի բայեր են կոչվում այն բայերը, որոնք սեռային պատկանելությունից անկախ «վե ածանց ունեն և արտահայտում են գործողության այնպիսի նշանակություն, որպիսին նրան կարող է տալ նույն այդ բայածանցն ընդհանրապեսե[11]: Այսպես՝ «Նա պատուհանից ետ քաշվեցե /Հ.ս.ա., էջ 129/,«Դեմ առ դեմ զարնվեց ձյունաբքինե /Ն.ի., էջ 180/, «Կարկուտը շուտ է կտրվումե /Կ.ա., էջ 208/ /այս օրինակում, հնարավոր է, հարադիրը կայունացած չէ/, «Ջանում էր քիչ հանդիպել մարդկանց, խոսքի չբռնվել նրանց հետե /Խ.խ., էջ 332/ և այլն:

Հարադրություններում արտահայտված մյուս կերպերը համեմատաբար քիչ են, ուստի առայժմ չեն քննվում:

Պայմանավորված ձևաբանական բարդ կառուցվածքով՝ հարադրավոր բայերը հատկանշվում են սեռային բարդ դրսևորումներով: Հարադրավոր բայերը՝ իբրև ինքնուրույն բառային միավորներ, լեզվի մեջ հանդես են գալիս իրենց սեփական սեռով, բայց նրանց սեռը ոչ թե բայական բաղադրիչի, այլ հարադրի ու այդ բայական բաղադրիչի միասնությունը կազմող բայական բարդության սեռն է, որը մարմնավորվում է միայն նրանց ամբողջության մեջ: Հարադրավոր բայերի բայական բաղադրիչ կարող են լինել ներգործական սեռի բայերը, որոնք, սակայն, հարադրության մեջ իմաստային դրսևորմամբ դառնում են չեզոք, օրինակ՝ «Ջերմեռանդությամբ խաչ էր հանում երեսինե /Լ.Հ., էջ 4/, «Ելնող ծուխը կեռմաններ էր անումե /ն.տ., էջ 5/, «Ինձ համար պանիր ու հաց էր բերումե /ն.տ., էջ 11/, «Սևահող էր վերցնում, հոտ քաշումե /Մ.ձ.գ., էջ 96/, «Սաթենին ջուր էր ցանում իր վրաե /Հ.ս.ա., էջ 122/ և այլն:

Հատկապես շատ են անել ներգործական սեռի բայով կազմված չեզոք սեռի հարադրավոր բայերը: Սա պայմանավորված է ժողովրդախոսակցականում, այդտեղից էլ Ս. Խանզադյանի լեզվին անցած հարադրվող բայերի իմաստային-իմաստաբանական բազմազանությամբ, ձևաբանական կառուցվածքով ու լեզվական բնույթով` «Մի քիչ գանգատ անիե /Հ.ս.ա., էջ 128/, «Ախ ու վիշ արավ կռվումե /ն.տ., էջ 131/, «Մայրս չանչ էր անում նրա կողմըե /Կ.ա., էջ 216/ /այս օրինակում կրկնասեռության երանգ էլ կա/ և այլն:

Ելնելով վերը նշվածից՝ չեզոք սեռի հարադրավոր բայերի երկու տեսակ պետք է տարբերել. մեկի մեջ մտնում են նրանք, որոնց բայական բաղադրիչը ի բնե ներգործական սեռի բայ է, ինչպես՝ «Խնդրեցի տեղեկություն տալ նրա մասինե /Ե.ս.ն., էջ 171/, «Շունչ քաշեց անաղմուկե /Ճ.վ., էջ 188/, «Կինս քիթը վեր քաշեցե /Ձ.պ., էջ 407/ և այլն, իսկ մյուսի մեջ՝ այն հարադրավոր բայերը, որոնց բայական բաղադրիչը ի բնե չեզոք սեռի բայ է, օրինակ՝ «Էշի բեռը փուլ էր գալիսե /Ն.ու.ա., էջ 500/, «Գրպանները լիքն էին լինում ցորենովե /ն.տ./, «Կամենում էր վեր կենալե /Ա.ո.Ե., էջ 550/, «Բայց մահը չեկավե /ն.տ., էջ 551/, «Թելերը ծրորված կախ են ընկել հենքիցե /Զ.ե.հ., էջ 603/ և այլն:

Կան հարադրավոր բայեր, որոնց բայական մասը կրավորական սեռի է` վ ածանցով, սակայն հարադրության մեջ դարձյալ արտահայտվում են չեզոք սեռի իմաստով, ասենք՝ «Քարափից ցած թափվող գետի հեռավոր խշշոցե /Լ.Հ., էջ 4/, «Մոր սիրտը քամվեցե /Մ.և ի.մ., էջ 23/, «Գլուխը պտտվեց և քիչ մնաց գլորվերե /Մ.ձ.գ., էջ 101/, «Ախր ո՞ւմ դարդն ա կտրվելե /ն.տ., էջ 103/ և այլն:

Հարադրական բայերում արտահայտված սեռային առանձնահատկությունների քննությունը վկայում է, որ Ս. Խանզադյանի լեզուն առավել մոտ է ժողովրդախոսակցականին, կան նույնիսկ այնպիսի ձևեր, որոնք գրական տարբերակում ընդունված չեն, բայց և այնպես գեղարվեստական արձակի լեզվին հաղորդում են աշխուժություն. դրանց առատ գործածությամբ հեղինակը որոշակիացրել և կենդանի է դարձրել իր պատմվածքների հերոսների գործողությունները:

Ներգործական ու կրավորական սեռով հարադրական բայեր նույնպես շատ են: Սույն աշխատանքի սահմանված ծավալի պատճառով առայժմ չեն քննվում: Առանձնակի դիտարկումները ենթադրում են, որ հարադրական մյուս բայերի ուսումնասիրությունը առավել ծավալուն կլինի ներգործական ու կրավորական սեռի շրջանակներում:

ՀԱՐԱԴՐԱՎՈՐ ԲԱՅԵՐԻ ՇԱՐԱՀՅՈՒՍԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հայերենի հարադրավոր բայերը, արտահայտելով գործողության կամ եղելության նշանակություն, երևան են հանում միայն բային հատուկ, նրա խոսքիմասային իմաստից բխող ու այդ իմաստով պայմանավորվող ինչպես հիմնական, այնպես էլ երկրորդական մի շարք շարահյուսական կիրառություններ: Բուն գործածությամբ հարադրավոր բայերը ցույց են տալիս գործողության կամ եղելության ընդհանուր գաղափար՝ լեզվի մեջ հանդես գալով որպես բայական ստորոգյալ, որը լինում է պարզ և բաղադրյալ: Այստեղ էլ պարզ են կոչվում խոնարհված ձևով արտահայտված ստորոգյալները, իսկ բաղադրյալ՝ եղանակավորիչ դիմավոր բայի ու անորոշի կապակցությամբ ստորոգյալները:

Շարահյուսական տարբեր կիրառությունների տեսակետից պետք է տարբերել ոչ միայն նրա բուն բայական և բայական-փոխանվանական, այլև դիմավոր /եղանակային/ և անդեմ /դերբայական/ ձևերով արտահայտված կիրառությունները:

Այսպես՝ դիմավոր ձևերը, իբրև եղանակային ձևեր, ոչ թե գործողության ընդհանուր գաղափար, այլ որևէ ժամանակամիջոցում կամ որևէ ժամանակակետի /ներկա, անցյալ, ապառնի/ համեմատությամբ կատարված, կատարվող կամ կատարելի գործողություններ են ցույց տալիս: Այստեղից էլ պետք է նշել, որ «բայական խոսքի մասին պատկանող բայերի դիմավոր կամ եղանակային ձևերի շարահյուսական հիմնական կիրառությունը նրանց բայական ստորոգյալ լինելն էե[12]:

Դերբայական կամ անդեմ ձևերը գործողության կամ եղելության ընդհանուր գաղափար են արտահայտում՝ հանդես գալով այլևայլ շարահյուսական կիրառություններով: Ամեն մի դերբայ, գործողության կամ եղելության յուրահատուկ ընդհանուր գաղափար արտահայտելով, նախադասության մեջ հանդես է գալիս իրեն հատուկ շարահյուսական կիրառություններով: Այսպես՝ անորոշ դերբայը հարադիր բայերի կազմության մեջ հարադրի հետ լինում է բաղադրյալ ստորոգյալ. «Սիրտ չեմ անում գոնե ավելի մոտ կանգնելե /ն.տ., էջ 210/ և այլն: Հարադրավոր բայերի կազմության մեջ անորոշ դերբայը, գործածվելով թե՛ բայական և թե՛ փոխանվանական պաշտոններով, նախադասության մեջ հանդես է գալիս ենթակայի, ստորոգելիական վերադրի, հատկացուցչի, նպատակի, ձևի, պատճառի, հիմունքի պարագաների, ուղիղ խնդրի, անջատման անուղղակի խնդրի շարահյուսական պաշտոններով՝ արտահայտելով մի բան անելու կամ լինելու ընդհանուր գաղափար:

Ում-ով անկատար դերբայը հարադրավոր բայերի մեջ գործածվելիս «եմե օժանդակ բայի խոնարհված ձևերով կազմում է տարբեր ստորոգյալներ, ինչպես՝ «Ճիգ էր անում չնայելե /Հ.ս.ա., էջ 134/, «Հուշտ եք անում, որ փախչիե /ն.տ., էջ 140/, «Չես հասկանում, ինչքան էլ վերուդիր ես անումե /Թ.ի.ի.ի.ճ., էջ 388/ և այլն:

Իս-ով անկատարը ցույց է տալիս «մի գործողություն, որ դիտվում կամ ըմբռնվում է իբրև ժամանակամիջոցե, այսինքն՝ «նրա միջոցով նշվում է այն գործողությունը, որի ընթացքում տեղի է ունենում մի բանե[13], բայց անկանոն գալ, տալ, լալ բայերի հետ գործածվելիս արտահայտում է ոչ թե գործողության պարագայություն, իհարկե, այլ շարունակական գործողություն` դառնալով բայի կազմության հարացուցային ձևերից մեկը, այսպես՝ «Ախորժագրգիռ հոտ էր գալիսե /Լ.Հ., էջ 5/, «Լակոտին ինչի՞ ես հաց տալիսե /ն.տ., էջ 7/, «Ես կուչ էի գալիս տատիս փեշի տակե /ն.տ./, «Սիրտ էր տալիս իրեն ու պառավինե /Յ.ա., էջ 83/, «Ռադիոընդունիչին է լեզու տալիսե /Ն.ու.ա., էջ 505/, «Եվ ողորմի տալիս մեծ Մորըե /Զ.ե.հ.,էջ 604/, «Հաճախ են հյուր գալիս այս տունըե /ն.տ., էջ 606/ և այլն:

Հարակատար դերբայով կազմված հարադրավոր բայերը ցույց են տալիս կատարված, բայց ոչ մնայուն արդյունքով հարատևող գործողության կամ եղելության ընդհանուր գաղափար՝ նախադասության մեջ երևան հանելով բայական ստորոգյալի, որոշչի շարահյուսական պաշտոններ, ինչպես՝ «Թոնրում թափ տված շորերի վաղուց մոռացած հոտըե /Հ.ս.ա., էջ 131/, «Մարդու ոտք չտեսած աշնան խազալե /Կ.ա., էջ 281/, «Արվեստի գաղտնիքներով լեզու առածե /Ա.ո.Ե., էջ 547/, «Նստացրեց ծալ արած կարպետի վրաե /Զ.ե., էջ 604/, «Կյանք տված մեծ բժշկապետըե /Ա.ո.Ե., էջ 546/, «Ճիշտն ասած, չէր հավատումե /Զ.ե.հ., էջ 605/ (վերջին օրինակում հարադրությունն օգտագործված է որպես մինջանկյալ արտահայտություն)և այլն:

Այսպիսով՝ հարադրավոր բայերի՝ բառային միության տեսակետից երևան հանած շարահյուսական կիրառություններն ու նշանակությունները տարբեր են՝ պայմանավորված նրանց բաղադրիչների ներքին կապով ու հարաբերություններով, որն էլ բնորոշ է իսկապես կենդանի խոսքին, իսկ Ս. Խանզադյանը նրա կրողն ու վարպետ վերապատմողն է:

ՀԱՐԱԴՐԱՎՈՐ ԲԱՅԵՐԻ ԴԱՐՁՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԻՄԱՍՏԱՈՃԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

Հայերենի հարադրավոր բայերն իրենց քերականական, շարահյուսական առանձնահատկություններից զատ՝ աչքի են ընկնում նաև դարձվածաբանական ու իմաստաոճաբանական մեծ արժեքով:

Դարձվածաբանության՝ իբրև լեզվաբանության առանձին բաժնի ուսումնասիրության վերաբերյալ կան տարակարծություններ:

Դրանց հիման վրա էլ առանձնացնում են դարձվածների երեք տեսակ՝ դարձվածաբանական միակցում, դարձվածաբանական միություն և դարձվածաբանական կապակցություն:

Դարձվածների ուսումնասիրման հարցում անմոռանալի է անվանի լեզվաբան Մանուկ Աբեղյանի ավանդը: Նա գտնում է, որ ոչ միայն առանձին բառերի նշանակությունն է փոխվում, այլև բառերի կապակցությունների: Բառերի այդպիսի նորիմաստ կապակցությունները սովորաբար կոչվում են «դարձվածներ, որոնք մի բառի նշանակություն են ստանում և կարող են մի բարդ բառ համարվելե[14]: Աբեղյանը դարձվածների երկու տեսակ է առանձնացնում.

  1. Դարձվածներ, որոնք թեև մի նշանակություն են ստանում, բայց մի բառային միավոր չեն:
  2. Դարձվածներ, որոնք մի բառային նշանակություն են արտահայտում, ունեն մի բառային միավորի արժեք և ինքնուրույն բառեր են:

Այս ուսումնասիրությունը հնարավորություն տվեց բացահայտել նաև հարադրավոր բայերի ու դարձվածների միջև եղած կապը և որոշել հարադրավոր բայերի դարձվածաբանական նշանակությունն ու արժեքը: Հարադրավոր բայերի բառային կամ ոճական արժեքը որոշելու և ըստ այդմ էլ նրանց` լեզվի ուսումնասիրության բնագավառն ընդգրկելու նպատակով այդպիսի կապակցությունները բաժանում են երկու խմբի.

  1. Նրանք, որոնց ընդհանուր նշանակությունն իր մեջ առնում է հարադրի կամ բայական բաղադրիչի բովանդակությունը, յուրահատուկ իմաստային կամ անթարգմանելի դարձվածի նշանակություն չեն արտահայտում և, հետևաբար, դարձվածային հարադրավոր բայեր չեն:
  2. Նրանք, որոնց ընդհանուր նշանակությունը չի բխում բաղադրիչների նշանակությունների գումարից և փոխաբերական բնույթ է կրում, յուրահատուկ իմաստային կամ անթարգմանելի դարձվածի նշանակություն են արտահայտում, հետևաբար, իսկական դարձվածային հարադրավոր բայեր են[15]: Վերոնշյալներից պարզ է դառնում, որ առաջին խմբի հարադրավոր բայերը դարձվածների հետ ոչ մի աղերս չունեն, իսկ երկրորդները դարձվածների մի տեսակն են կազմում:

Դարձվածային հարադրավոր բայերի մեջ մեծ տեղ են գրավում այն բայերը, որոնց հարադիրը արտահայտված է մարմնի մաս նշանակող որևէ բառով, ինչպես՝ ականջ անել, ձեռք առնել, գլուխ բերել, լեզու առնել, սիրտ դնել, աչքով անել, բերան անել և այլն:

Ս. Խանզադյանի արձակում նման բառերով հարադրավոր բայերը զանազան գործածություն ունեն: Այսպես՝ ականջ բառի հետ կապված հարադրավոր բայերը ընգծում են լսողության օրգանի դերը և այն, որ լսել կարելի է միայն ականջով կամ ականջի միջոցով, օրինակ՝ «Ականջ դնում նրա զրույցներինե /Կ.շ., էջ 13/, «Ականջ էինք անում ու չէինք հոգնումե /ն. տ./ և այլն: Ականջ բառով կազմված դարձվածային հարադրավոր բայերը, պայմանավորված նրա սահմանափակ իմաստային նշանակություններով, մեծ թիվ չեն կազմում: Իսկ ահա աչք բառով կազմված հարադրավոր բայերը բազմազան նշանակություններ են արտահայտում՝ թե՛ իմաստով մոտ, թե՛ տարբեր, բայց երկու դեպքում էլ մատնանշում են տեսողության օրգանի դերակատարությունը, ուրեմն՝ «Սումբաթի աչքին ընկավ սև գրատախտակը…ե /Մ. ձ. գ., էջ 94/, «Սաբաբի աչքը դո՛ւրս գաե /ն. տ., էջ 105/, «Քեզ համար աղջիկ աչք դիրե /ն.տ., էջ 114/, «Չի կարողանում աչքը կտրելե /Ք.ծ., էջ 267/, «Հրեցի ու նորից աչքով արիե /Չ.է.չ.մ., էջ 412/ և այլն:

Գլուխ բառով դարձվածային հարադրավոր բայերը հատկանշվում են զանազան իմաստներով.

  1. Հարադրավոր բայեր, որոնք արտահայտում են «գլխի կամ ուղեղի գործունեությանե հետ կապված իմացական հասկացություններ, օրինակ՝ «Ոսկեղենը գլխի ընկած կլինիե/Մ.ձ.գ., էջ 115/, «Գինին տղայի գլխին է տվելե /ն.տ., էջ 118/, «Ես գլխի ընկաե /Թ.ի.ի.ի.ճ., էջ 389/ և այլն:
  2. Հարադրավոր բայեր, որոնք կապվում են գլուխ բառի մարդ, անձ նշանակության հետ, օրինակ՝ «Գլխովդ ման տամ, ա՛յ գյուղխորհուրդ ջանե /Մ.ձ.գ., էջ 108/ և այլն:
  3. Բայեր, որոնք կապվում են գլուխ բառի շարժողական գործոնի հետ: Ս. Խանզադյանի պատմվածքներում մեծ թիվ են կազմում հատկապես այս հարադրավոր բայերը, այսպես՝ «Մերթ գլուխը ետ գցում ու մանրաքայլ սուրումե /ն.տ., էջ 117/, «Սաթենին գլուխը շուռ տվեցե /Մ.ս.ա., էջ 135/, «Գլուխը դրեց ձյունակոշտինե /Ն.ի., էջ 180/, «Գլուխը կախած գնում է իր բանինե /Ք., էջ 350/ և այլն:

Ձեռք բառով հարադրավոր բայերը մի դեպքում ցույց են տալիս որպես մարմնի մասի բնական գործողություն, օրինակ՝ «Ձեռքից բռնած` տնետուն ընկավե /Մ.ձ.գ., էջ 108/, «Ձեռքերը խաչ արած կանգնում նախագահի առաջե /ն.տ., էջ 108/, «Նայեց տղային ու ձեռքը ետ քաշեցե /ն.տ., էջ 93/, մյուս դեպքում` ձեռք գցելու, սեփականացնելու իմաստ. «Եղունգներովս կխեղդեմ, եթե ձեռքս ընկնի փուչըե /Մ.և ի.մ., էջ 27/, «Մուրճը ձեռքն առավե /Յ. ա., էջ 88/, «Ձեռքը մեկնեց մոշի հասած ճութերինե /Մ.ձ.գ., էջ 101/, «Նկատեց Ոսկեղենը ու ձեռքը մեկնեց մոշի ողկույզինե /ն.տ., էջ 100/ և այլն:

Օրինակներից պարզ է, որ Սերո Խանզադյանի պատմվածքներում ավելի շատ գործածություն ունեն դերային գործողություն արտահայտող դարձվածային հարադրավոր բայերը:

Լեզու բառով հարադրավոր բայերը արտահայտում են մի բան ասելու, խոսելու գաղափար. «Լռած ռադիոընդունիչն է լեզու տալիսե /Ն.ու.ա., էջ 505/, «Գաղտնիքներով լեզու առածե /Ա.ո.Ե., էջ 547/ և այլն:

Սիրտ բառով դարծվածային հարադրավոր բայերը արտահայտում են համարձակվելու, վստահելու, քաջալերելու, հուսադրելու, ինչպես նաև հուսահատվելու և նման իմաստներ, ինչպես՝ «Մոր սիրտը քամվեցե /Մ.և ի.մ., էջ 23/, «Նրա սիրտը մտավ մի մութ կասկածե /Յ.ա., էջ 83/, «Սիրտը լցվում էր ատելությամբե /Մ.ձ.գ., էջ 97/, «Սիրտ չանելով ավելի մոտենալ աղջկանե /ն.տ., էջ 99/, «Ինքը սիրտ չէր անում նայելե /ն.տ., էջ 100/, «Դրանից նրա սիրտը լցվեցե /ն.տ., էջ 111/, «Բարեկամ սիրող, հոգի ու սիրտ ունեցողե /Մ.ու կ., էջ 379/, «Ամա սիրտս կրակ է ընկելե /Մ.ձ.գ., էջ 105/ և այլն:

Ոտք բառով հարադրավոր բայերը ցույց են տալիս մարմնի մասի գործողության իմաստ, օրինակ՝ «Մարգարը ոտքի կանգնեցե /ն.տ., էջ 88/, «Ոտք չէր դրել նրա բակըե /Մ.ձ.գ., էջ 91/, «Իսկույն ոտքի ելավ, քունը հեռացավ աչքերիցե /Ն.ի., էջ 181/, «Նա ոտքերը չէր հանումե /Մ.ու կ., էջ 379/ և այլն:

Մի խումբ են կազմում այն դարձվածային հարադրավոր բայերը, որոնք կապվում են մարդու որևէ ունակության, կարողության հետ՝ արտահայտելով այնպիսի գործողություններ, որոնք անմիջապես նրանց արգասիքն են: Դրանցից են՝ խելք, միտք, ուշք, ուժ, կյանք, շունչ և այլ բառերով հարադրված բայերը, օրինակ՝ «Քարերը կյանք էին առնումե /Յ.ա., էջ 88/, «Սումբաթի խելքը թռավե /Մ.ձ.գ., էջ 101/, «Ա՛յ խելքը տանուլ տված բալաե /ն.տ., էջ 105/,«Խելքս չի կտրում, որ դրանից մարդ դուրս կգաե /ն.տ., էջ 108/, «Տեղիցս վերկենալու ուժ չունեմե /Կ.ա., էջ 217/, «Լռեց՝ շունչը ետ բերելու համարե /Ա.պ., էջ 359/, «Հազար-հազարների բուժած, կյանք տվածե /Ա.ո.Ե., էջ 546/ և այլն:

Դարձվածային հարադրավոր բայերի մի առանձին խումբ են կազմում կտրել կամ դառնալ բայական բաղադրիչ ունեցող բայերը, օրինակ՝ «Տնով-տեղով ավերակ դառնաքե /Լ.Հ., էջ 7/, «Ա՛ ոչ ու փուչ դառածե /Մ.ձ.գ., էջ 105/, «Հլա կապը կտրած մոզի աե /ն.տ., էջ 91/, «Նշանվելու աղջիկ ա դառելե /ն.տ., էջ 110/, «Գունատ այտերը վարդ են կտրելե /ն.տ., էջ 117/ և այլն:

Պետք է նշել, որ դարձվածային հարադրավոր բայերը լեզվի զարգացման ընթացքում կրել են մի շարք փոփոխություններ: Բազմաթիվ դարձվածային հարադրավոր բայեր իրենց հարադիր մասի հետ եղել են մտածողության առանձին «շուռ տված ձևեր, շրջաբանական ասույթներե[16]: Այդպիսի կապակցություններում բայն ու հարադիրը կապվում են որևէ նախդրի /ի, զ/ միջոցով՝ արտահայտելով պատկերավոր նշանակություններ: «Իե նախդիրը ցույց է տալիս բայական բաղադրիչի արտահայտած գործողության մուտքը դեպի մի բանի ներսը ու այնտեղ կատարվելը, օրինակ՝ «Զանգի ձայնը ոռնում է երկինքի երեսն ի վերե /Ա.դ., էջ 581/, «Փոշին քաշաթխփի պես սողաց ձորն ի վերե /Ա.տ., էջ 226/ /օրինակները կառուցվածքային առումով կայուն չեն, բայց դարձվածային իմաստի ուժգնությամբ կարող են համարվել բայական դարձվածային հարադրություններ/ և այլն:

Հարադրավոր բայերի միջոցով հայերենի բառապաշարի հարստացումը տեղի է ունեցել ոչ թե օտար լեզուների /թուրքերեն, պարսկերեն և այլն/ ազդեցությամբ կամ դրանց ձևերի «թարգմանությամբե ու «հայացմամբե, այլ հիմնականում ազգային հիմքի վրա՝ հայերենի բառապաշարի բազմահարուստ հնարավորությունների ու միջոցների ընձեռմամբ:

Այս ամենից հետևում է դարձվածային հարադրավոր բայերի ընդհանուր սահմանումը. դարձվածային են կոչվում այն հարադրավոր բայերը, որոնց հարադիրն ու բայական բաղադրիչը միասին առանձնահատուկ նշանակություն են արտահայտում և հանդես գալիս որպես մտքի արտահայտման պատկերավոր ձևեր, իսկ իմաստայինիմաստաբանական տեսակետից նույնանալով սովորական դարձվածներին՝ միևնույն ժամանակ տարբերվում են՝ երևան հանելով զուտ բայական խոսքի մասին հատուկ քերականական կարգեր ու իրողություններ՝ որպես ինքնուրույն բայական բառային միավորներ:

Հարադրավոր բայերը, ուրույն տեղ գրավելով հայոց լեզվի հարուստ բառագանձի մեջ, ունեն ոչ միայն դարձվածաբանական, այլև իմաստաբանական ու ոճաբանական մեծ արժեք, որը, իհարկե, պայմանավորված է նրանց ձևաբանական կառուցվածքով և որպես մեկ բառային միության արտահայտած իմաստով: Իմաստաբանական տեսակետից շատ հարադրավոր բայեր չեն ընդհանրանում ու մի ամբողջություն չեն կազմում: Այսինքն՝ կան բայեր, որոնք արտահայտում են յուրահատուկ իմաստային նշանակություն, որը չի բխում իրենց բաղադրիչների բուն նշանակությունից և, ընդհակառակը, այնպիսի նշանակություն են արտահայտում, որն այս կամ այն չափով իր մեջ է առնում նրանց բաղադրիչներից որևէ մեկի նշանակությունը: Այստեղից էլ հետևում է, որ հարադրավոր այն բայերը, որոնք յուրահատուկ իմաստային նշանակություն չեն արտահայտում, «ոճերե կամ «դարձվածներե կոչվել չեն կարող: Այդպիսի բայերը, նույնանալով դարձվածային հարադրավոր բայերին, իրենց ձևաբանական կառուցվածքով, նկարագրային բնույթով և իմաստաբանական տեսակետից տարբերվում են և մոտենում համադրական բայերին: Այսպես՝ բաց անել, մոտ գալ, անց կենալ, առաջ տանել, դուրս թռչել, վայր քաշել և այլն, օրինակ՝ «Աչքերս բաց արի ու իմ առաջ տեսաե /Լ.Հ., էջ 9/, «Քիչ էր մնում դուրս թռչեին բներիցե /Լ.Հ., էջ 10/ և այլն:

Ոչ դարձվածային հարադրավոր բայերը, միջին տեղ գրավելով դարձվածային հարադրավոր բայերի ու համադրական բայերի միջև, հատկանշվում են իմաստաոճաբանական արժեքներով:

Ոչ դարձվածային հարադրավոր բայերի մի խումբը ձուլվում է իր ընդհանուր նշանակության հետ և արտացոլում հարադրի նշանակությունը, որը կարող է ունենալ իր համադրական ձևերը, ինչպես՝ «Բա որ փաթաթանը բաց անենե /Կ.շ., էջ 14/, «Պիծապը շուռ եկավ դեպի դուռըե /Մ.և ի.մ., էջ 26/, «Եկավ քաղաքից՝ բարձրագույն ճարտարապետական կրթություն ստացածե /Յ.ա., էջ 84/, «Մեռելատիրոջն այցի եկած մտերիմներըե /ն.տ., էջ 85/, «Ափսոսանքով կանգ առան նկարի վրաե /ն.տ./, «Երբ շուռ եկավ դեպի մարդիկե /ն.տ., էջ 89/ և այլն: Սրանց համադրական ձևերն են՝ բացել, շրջվել, կրթվել, այցելել, կանգնել և այլն:

Հարադրավոր բայերի իմաստաոճաբանական մեծ արժեքը նաև այն է, որ լեզուն չի պահում դրանցից միայն մեկը` հարադրական և համադրական, չնայած երկուսն էլ արտահայտում են բայագաղափար: Ի տարբերություն համադրական բայերի, լեզվի մեջ մտցնում են իմաստային նոր նրբերանգություն, արտահայտչականություն ու զգացմունքայնություն:

Նման հարադրավոր բայերին հակառակ` կան նաև այնպիսիները, որոնց արտահայտության համար լեզուն ստեղծում է համապատասխան նշանակությամբ նույնանիշ բայեր մեկ բառով, ինչպես՝ ականջ անել, խելքի գալ, ուշքի բերել, փորսող տալ, կարմրին տալ և այլն, օրինակ՝ «Ականջ դնում ամեն ձայնիե /Խ.խ., էջ 339/, «Սիրտ չեմ անում խախտելե /Ք., էջ 349/, «Ապա ուշքի եկավե /Մ.ու կ., էջ 378/ և այլն:

Նշված բայերը մեկ բառով չենք կարող արտահայտել, ինչպես՝ ականջել, սրտանալ, խելքանալ, փորսողալ և այլն, այլ դրանց իմաստներն արտահայտվում են այլ բնույթի համադրական բայերով, ասենք՝ ականջ դնել-լսել, ունկնդրել, փորսող տալ-սողալ, ուշքի գալ-զգաստանալ և այլն:

Մեծ դեր ունեն այն հարադրավոր բայերը, որոնց մեջ բայական բաղադրիչը պահում է իր բուն նշանակությունը՝ առնելով տեղի կամ տարածական իմաստ արտահայտող հարադիր, ինչպես՝ առաջ գնալ, դեմ առնել, դուրս անել, ետ գնալ, ետ վազել, մեջ մտնել, վրա ածել և այլն[17]: Սրանց իմաստաբանական արժեքն էլ այն է, որ բայագաղափարը կարող են արտահայտել համադրական բայով, ինչպես՝ դուրս անել- արտաքսել, վեր ելնել- բարձրանալ, ներս գնալ- մտնել և այլն[18]:

Հարադրավոր բայերը լինում են մենիմաստ կամ միանշանակ և բազմիմաստ կամ բազմանշանակ:

Մենիմաստ են կոչվում, որովհետև արտահայտում են մեկ իմաստ, օրինակ՝ «Ու լաց էր լինումե /Կ.ա., էջ 216/, «Անսովոր վախ զգացե /Խ.խ., էջ 337/, « Անգամ խղճի խայթ զգաց` հիշելովե /ն.տ./ և այլն:

Իսկ մեկից ավելի իմաստ արտահայտող բայերը կոչվում են բազմիմաստ, օրինակ՝ ոտքի կանգնել. մի դեպքում տեղից վեր կենալ, մյուս դեպքում՝ ըմբոստանալ, մեկ այլ դեպքում՝ լավանալ, առողջանալ: Կամ՝ քար կտրել. մի դեպքում քարը կտրել-տաշել, մյուս դեպքում՝ ապշել և այլն: Պետք է նշել, որ Ս. Խանզադյանի պատմվածքներում վերջին օրինակը գործածվում է. առաջին իմաստով, օրինակ՝ «Քար կտրելու գործիքները շալակին նա գնացե /Հ.ս.ա., էջ 133/, «Որմնադիրները քար են կտրելե /ն.տ., էջ 134/ և այլն:

Ամենագլխավոր իմաստաբանական դերն այն է, որ հարադրավոր բայերն իրենց էությամբ խորապես ժողովրդային-ժողովրդական են: Առաջանալով և լայնորեն գործածվելով ժողովրդախոսակցական լեզվում՝ հարադրավոր բայերը նաև մուտք են գործում գրական-գեղարվեստական լեզու տարբեր գրողների ստեղծագործությունների միջոցով և դառնում նրա սեփականը, ինչպես՝ դավա անել, թամաշա անել, փիքր անել, քնահարամ անել, հարամ անել, խաբար անել, հալալ անել և այլն[19]: Կան բարբառային բնույթի հետևյալ ձևերը. «Բալիցս խաբար բերե /Մ.և ի.մ., էջ 25/, «Վիզդ թոկ կդնենե /ն.տ., էջ 27/, «Անեծք չեմ դնում վրադե /ն.տ., էջ 29/, «Անանիան ծոր էր տալիսե /Մ.ձ.գ., էջ 108/, «Ագաթ աքիրը չանչ արավ նրա ետևիցե /ն.տ., էջ 109/, «Փողերը հազիր արեքե /ն.տ., էջ 116/, «Հարյուրանոց շաբաշ տվեցե /ն.տ., էջ 117/ և այլն:

Ս. Խանզադյանի արձակում լայնորեն գործածված պատկերավոր բայերը մեկ անգամ ևս հաստատում են այն իրողությունը, թե որքան կարևոր են հարադրավոր բայերը ոչ միայն ժողովրդական խոսքում, այլև անհրաժեշտ գրավոր խոսքում:


ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Ա.դ. — «Արևը դամբարանին»

Ա.խ. — «Անիի խաչքարը»

Ա.մ. — «Արջի մորթին»

Ա.ն.ս. — «Աշխարհը նոր է ստեղծվում»

Ա.ո.Ե. — «Ամիրդովլաթ` որդի Եղիայի»

Ա.պ. — «Աստավ, պաժալուստա»

Ա.տ. — «Այրված տունը»

Ա.ք. — «Աստվածամոր քրքիջը»

Բ.Ա. — «Բախտավոր Աղավելը»

Բ.լ.Ն. — «Բարի լույս, Նվարդ»

Բ.ն. — «Բաղդասար նախագահը»

Գ.կ. — «Գոմշի կաթ»

Ե.ս.ն. — «Ես սպասում եմ նրան»

Զ.ե.հ. — «Զրույց երեկվա հետ»

Զ.պ. — «Զարմանալի պատմվածք»

Է.բ. — «Էշի բժիշկ»

Թ.ի.ի.ի.ճ. — «Թե ինչպես ինքս ինձ ճանաչեցի»

Թ.մ. — «Թթխմորի մեռոնը»

Ի.հ.մ. — «Ի՞նչ է հիշում մոխրատանձին»

Լ.Հ. — «Լալ Համազը»

Լ.հ. — «Լույսը հնձանից»

Խ.գ. — «Խրտնած գառներ»

Խ.խ. — «Խղճի խայթ»

Խ.մ.պ. — «Խոսում է մագաղաթի պատառիկը»

Ծ.ծ.ծ. — «Այ ծովակ, ծավի ծովակ»

Ծ.ձ.հ. — «Ծավի ձորի հեքիաթը»

Ծ.ջ.բ. — «Ծարավել եմ, ջուր բերեք»

Կ. — «Կամուրջը»

Կ.ա. — «Կապույտ աչքեր»

Կ.ա. — «Կորած արահետներ»

Կ.դ. — «Կանաչ դարբաս»

Կ.շ. — «Կարմիր շուշաններ»

Հ.ա. — «Հույսը անթեղված»

Հ.Ա. — «Հակոբ Արմեն»

Հ.ս.ա. — «Հոնուտա սարի աղջիկը»

Ձ.պ. — «Ձմեռային պատմվածքներ»

Ճ.վ. — «Ճերմակ վիրակապ»

Մ. — «Մախին»

Մ.ե. — «Մատյան եղելությանց»

Մ.ձ.գ. — «Մշնառա ձորի գաղտնիքը»

Մ.ու կ. — «Մարդ ու կին»

Մ.և ի.մ. — «Մարդը և իր մորթին»

Յ.ա. — «Յոթերորդ աղբյուրը»

Ն.ի. — «Ներիր ինձ»

Ն.ու.ա. — «Նա ուրիշ էր արդեն»

ն.տ. — նույն տեղում

Շ. — «Շուշի»

Շ.ա. — «Շաքար ամին»

Պ. — «Պորտաքար»

Ջ.ձ.չ — «Ջրաղացը ձայն չունի»

Ս.ա. — «Սպանված աղջիկ»

Ս.գ. — «Սպիտակ գառը»

Վ.ե. — «Վերջին եզնարածը»

Վ.Մ. — «Վարք Մաշտոցի»

Տ. — «Տունը»

Ու. — «Ուղեցույցը»

Ու.Հ. — «Ուստա Հեթումը»

Ու.պ. — «Ուրախ պատմվածք»

Փ.զ. — «Փշե զրույց»

Փ.կ.ո. — «Փչող կափույր եմ որոնում»

Ք.թ. — «Քարահերձի թզենին»

Ք.ծ. — «Քարե ծաղիկ»

Ք.պ. — «Քարտեզի պատառիկը»

Օ.հ. — «Օտար հավքը»


[1] Ալ. Մարգարյան, Հայերենի հարադրավոր բայերը, Երևան, 1966թ., էջ 22:

[2] Խ. Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հ. 5, Երևան, 1950թ., էջ 143-153:

[3] Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1931թ., էջ 172:

[4] Ա. Այտընյան, Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի, էջ 319:

[5] Հր. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, մաս 2, 1951թ., էջ 287:

[6] Ալ. Մարգարյան, Հայերենի հարադրավոր բայերը, էջ 10:

[7] Տե՛ս Ալ. Մարգարյան, նշվ. աշխ., էջ 59:

[8] Նույնը, էջ 66-67:

[9] Տե՛ս Ալ. Մարգարյան, նշվ. աշխ., էջ 70:

[10] Տե՛ս Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տաղաչափություն, Երևան, 1933թ., էջ 20:

[11] Մ. Աբեղյան, նշվ.աշխ., էջ 173:

[12] Մ. Աբեղյան, նշվ.աշխ., էջ 250:

[13] Նույնը, էջ 263:

[14] Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1931թ., էջ 154:

[15] Տե՛ս Ալ. Մարգարյան, նշվ. աշխ., էջ 207:

[16] Նույնը, էջ 220:

[17] Նույնը, էջ 231:

[18] Նույնը:

[19] Նույնը, էջ 241:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի